Մեկնաբանություններ

Դ. Թրամփի իրանական երկընտրանքը. «հարվածե՞լ, թե՞ չհարվածել»

Иранская дилемма Д. Трампа

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.02.2026 թ. [1]

  1. Չինական գործոն. Պակիստանում ռազմական ներկայություն և ՉՊՏՄ միջանցք

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի լրատվական աղբյուրների տեղեկությունների դիտարկումը թույլ է տալիս արձանագրել Չինաստանի աննախադեպ ակտիվացումն Իրանի շուրջ տեղի ունեցող լարվածության համատեքստում։ Պակիստանյան աղբյուրների տեղեկատվությամբ՝ Իրանի շուրջ լարվածության աճին զուգահեռ Պեկինն իր ռազմական ներկայությունն ընդլայնելու գործողություն է նախաձեռնել Պակիստանում և, մասնավորապես, Գիլգիթ–Բալթիստան լեռնային գավառում, որտեղ լայնածավալ աշխատանքներ են տարվում Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (ՉՊՏՄ) կառուցման ուղղությամբ: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակն (ՉԺԱԲ) այստեղ արդեն կենտրոնացրել է 10.000 զինծառայողից բաղկացած խմբավորում, և Պեկինը մտադիր է այն ուժեղացնել լրացուցիչ ուժերով:

Պաշտոնական մակարդակով Չինաստանն ու Պակիստանը հերքում են Գիլգիթ–Բալթիստանում չինական նոր ստորաբաժանումների տեղակայման փաստը, սակայն արբանյակային լուսանկարները վկայում են, որ նման գործողությունն իրականացվում է մեծ ծավալներով և բարձր թափով: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՉԺՀ-ն դրանով նպատակ է հետապնդում ոչ միայն ուժեղացնել անվտանգության միջոցառումները կառուցվող ՉՊՏՄ միջանցքի ենթակառուցվածքի շուրջ, այլև այստեղ ռազմավարական հենակետ ստեղծել Աֆղանստանում ռազմաքաղաքական իրադրության բարդացման դեպքում, որն անմիջականորեն կապված է իրանական լարվածության հետ:

  1. Հորմուզի նեղուցը և «հրթիռային հումքի» մատակարարումը

2026 թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Պեկինը Հորմուզի նեղուց է ուղարկել «052Դ տիպ»-ի և «055 տիպ»-ի բազմաթիրախային ականակիր նավեր (կառավարվող հրթիռային զենքով)։ Նավերի տեղափոխման պաշտոնական վարկածը Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային զորավարժություններին մասնակցությունն է Օմանի ծոցում: Մինչդեռ կասկած չի հարուցում, որ ծովային արշավի նպատակը ԻԻՀ-ն պաշտպանելու պատրաստակամության ցուցադրումն է և Արաբական ծովում կենտրոնացող ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբավորման զորավարժությունների մասին հետախուզական տվյալներ հավաքելու և Թեհրանին փոխանցելու գործնական միջոցառումները:

Բացի այդ, ակնհայտ է, որ ԶԺԱԲ-ի ռազմածովային ուժերի ականակիրները պետք է ապահովեն չինական ռազմական նշանակության բեռների անարգել առաքումն իրանական Բանդար–Աբաս նավահանգիստ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նատրիումի պերքլորատին՝ պինդ վառելիքային հրթիռների արտադրության բազային բաղադրիչին։ Իսրայելական հետախուզության տվյալներով՝ 2025 թ. հուլիսից մինչև 2026 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Չինաստանն արդեն հասցրել է 10-12 ծովային երթերով Իրան ուղարկել շուրջ 2 հազար տոննա նշված քիմիական խառնուրդ։ 2025 թ. նոյեմբերին ամերիկացիներին հաջողվել է ձերբակալել նատրիումի պերքլորատով բեռնված և դեպի Իրան ուղևորվող չինական նավերից մեկն ու առգրավել ամբողջ բեռը, սակայն մատակարարումները չեն դադարել: Արաբական ծովում ԱՄՆ ավիակիր խմբավորումների կենտրոնացման հետ մեկտեղ իրանական նավահանգիստները շրջափակելու ամերիկացիների հնարավորություններն ավելացել են, և չինական կործանիչներն ակնհայտորեն պետք է պայմաններ ապահովեն նոյեմբերյան դիպվածի կրկնությունը թույլ չտալու համար։ Այսպիսով, Չինաստանն առավելագույն ջանքեր է գործադրում իրանական հրթիռային զինանոցների վերականգնման համար, ինչում, ըստ ամերիկա-իսրայելական աղբյուրների, արդեն շոշափելի հաջողությունների է հասել:

  1. ՌԴ-ի և ՉԺՀ-ի մատակարարումների բազմազանացումը և «օդային կամուրջը»

Պեկինը հաջողությամբ բազմազանացրել է Թեհրանին ռազմական մատակարարումների եղանակները՝ ռազմական նշանակության այլ բեռների փոխադրում իրականացնելով նաև օդով ու ցամաքով (Պակիստանի տարածքով): Այդ մատակարարումների անվանացանկի մասին տեղեկատվությունը խիստ գաղտնի է պահվում, սակայն փորձագետները կարծում են, որ խոսքը հիմնականում վերաբերում է ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներին և ՀՕՊ առաջավոր համալիրներին: Օդային թռիչքների դիտարկման միջազգային կենտրոնների տվյալներով՝ 2026 թ. հունվարից սկսած զգալիորեն աճել է դեպի Իրան և հակառակ ուղղությամբ ՉԺԱԲ-ի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքների դինամիկան։

Նմանապես, նկատվում է Կասպից երկնքով դեպի Իրան ռուսական ռազմական տրանսպորտային չվերթների թվի կտրուկ աճ։ Դիտարկման կենտրոնները վկայում են մի քանի ԱՆ-124-100 և ԻԼ-76ՏԴ տրանսպորտային ինքնաթիռների պարբերական թռիչքների մասին։ Ռուս ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել Իրանի դաշնակիցներին «կրիտիկական տեխնոլոգիաների կամ ծանր սպառազինության» մատակարարմանը: Ռուս փորձագետները կարծում են, որ Մոսկվան և Պեկինն իրենց մատակարարումներով ձգտում են առաջին և երկրորդ էշելոնի հակաօդային «գմբեթ» ապահովել Իրանի օդային տարածքում և փաստորեն «ոչ թռիչքային գոտի կազմակերպել տարածաշրջանում»:

  1. ԻԻՀ. նախապատրաստություն ձգձգվող պատերազմին

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Իրանի շուրջ լարվածության նոր փուլը ենթադրաբար կարող է վերածվել ավելի ծավալուն և ձգձգվող պատերազմի, քան 2025 թ. հուլիսյան նախադեպն էր։ Չնայած ամառային արշավի համեմատությամբ տարածաշրջանում կենտրոնացած ԱՄՆ-ի ուժերի՝ կրակային հզորության աճին, այս պահին Թեհրանն ավելի պատրաստ է թվում գրոհները հետ մղելու և պատասխան գործողություններ իրականացնելու համար: Դա պայմանավորված է, բացի պաշտպանական ռազմավարության մեջ իրանական հրամանատարության ձեռնարկած ճշգրտումներից, նաև Չինաստանի և Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերվող առավել վճռական ռազմաքաղաքական աջակցությամբ։

Պեկինը, ըստ էության, ամրապնդում է իրանական թիկունքը Պակիստանում և Աֆղանստանում՝ ընդլայնելով այնտեղ տեղակայված իր ռազմական զորակազմը, ինչպես նաև ԻԻՀ-ին ապահովում է այդ երկրի պաշտպանական ներուժի համար կրիտիկական նշանակություն ունեցող սպառազինությամբ և հումքային տարրերով: Մոսկվան, իր հերթին, նույնպես զգալիորեն մեծացնում է ռազմական նշանակության մատակարարումներն Իրանին ինչպես նախկինում ստորագրված պաշտպանական շփումների շրջանակներում, այնպես էլ անհատույց օգնության ձևաչափով՝ Իսլամական Հանրապետության շուրջ լարվածության համապատկերում: Եվ, վերջապես, ՉԺՀ-ն և ՌԴ-ն համատեղ իրականացնում են իրենց անմիջական ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցի շրջանում՝ զգալիորեն սահմանափակելով ամերիկա-իսրայելական երկյակի օպերատիվ գործողությունների ազատությունը, քանի որ ռուս-չինական նավային խմբավորման հետ կրակային շփման ցանկացած, նույնիսկ պատահական, նախադեպ հղի է համաշխարհային պատերազմի բռնկման վտանգով։

  1. ԻԻՀ ռազմավարությունը. անընդունելի վնաս և տնտեսության տապալում

Իրավիճակին հետևող գրեթե բոլոր փորձագետները համակարծիք են, որ Ռուսաստանի և Չինաստանի անթաքույց աջակցությունը վայելող Իրանն ամերիկա-իսրայելական հարձակման դեպքում չի սահմանափակվի հրեական պետությանը հասցվող հարվածներով և կընդլայնի պատասխան պարտության գոտին: Թեհրանի հրթիռային և դրոնային հարվածների հնարավոր թիրախները կդառնան, բացի իսրայելական թիրախներից, նախ և առաջ ԱՄՆ-ի Abraham Lincoln ավիակիրը, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գրեթե բոլոր ռազմակայանները, ներառյալ Կատարում խոշորագույն Ալ-Ուդեյդը և, հնարավոր է, Հնդկական օվկիանոսում Դիեգո–Գարսիա ռազմակայանը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Կատարի և Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները:

Հարձակման կարող է ենթարկվել նույնիսկ ԱՄԷ-ն, չնայած Էմիրությունների կտրական հրաժարմանը՝ իր օդային տարածքը տրամադրել ամերիկա-իսրայելական երկյակին՝ ԻԻՀ-ին հարվածելու համար: Թեհրանի համար կարևոր է, որպես իր տարածքի վրա հարձակման պատասխան, ֆինանսատնտեսական անկում հրահրել աշխարհում, ուստի համաշխարհային ֆինանսական համակարգի համար առանցքային նշանակություն ունեցող Աբու Դաբիի անվանական չեզոքությունը չի կանխի Իրանի ռազմաքաղաքական իշխանությունների մտադրությունները: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ՝ 01.02.2026 թ. հայտարարությունն առ այն, թե Իրանի վրա հարձակումն «այս անգամ» աշխարհում կարձագանքվի տարածաշրջանային մեծ պատերազմով, արվել է հենց այն հանգամանքի ակնարկումով, որ Իրանը նահանջելու տեղ չունի։ Հետևաբար, գոյութենական ռիսկերը նրան կխրախուսեն «հրդեհի մատնել» ամբողջ տարածաշրջանը։

  1. ԻԻՀ-ն որպես ուժերի Եվրասիական հավասարակշռության երաշխավոր

Սա միանգամայն առարկայական և ուշադրության արժանի թեզ է, քանի որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում փխրուն հավասարակշռության վերջնական ոչնչացումը կարող է գլոբալ անկման հանգեցնել էներգետիկ, առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում։ Այս համատեքստում Խամենեիի ուղերձը պետք է մեկնաբանվի ոչ միայն որպես սպառնալիք հավաքական Արևմուտքին, այլև որպես նախազգուշացում իր դաշնակիցներին, ինչը պետք է խրախուսի նրանց ավելի վճռականորեն զսպել ԱՄՆ-ի ագրեսիվ պահվածքն ու նրա ռազմատենչ նկրտումները:

Իրանն իր ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությամբ առանցքային երկիր է, որը հավասարակշռության մեջ է պահում ուժերի հարաբերակցությունը մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, մյուս կողմից՝ ռուս-չինական աշխարհաքաղաքական երկյակի միջև։ Իրանի ներկայիս իշխանության համակարգի անկումը, սիրիական օրինակով այդ երկրի փլուզումը կամ արևմտյան պատկերացումների ոգով նրա աշխարհիկացումը կհանգեցնեն ասիական մայրցամաքի սրտում Չինաստանի և Ռուսաստանի անվտանգության հենարանի փլուզմանը։

Պեկինի համար Իրանի անկումը կվերածվի առանցքային նշանակություն ունեցող նավթային մատակարարումների գլխավոր ինքնիշխան աղբյուրի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայով և, մասնավորապես, իրանական տարածքով դեպի Եվրոպա «Մեծ Մետաքսի ճանապարհի» երթուղիների գլոբալ անվտանգությունն ապահովող կարևորագույն կայունացնող գործոնի կորստյան:

Ի թիվս այլ հանգամանքների, ամբողջական և ինքնիշխան Իրանը ՉԺՀ-ի համար հուսալի աշխարհառազմավարական բուֆեր է, որը զսպում է մերձավորարևելյան քաոսի ընդլայնումը և խոչընդոտում Կենտրոնական Ասիա իսլամական և արմատական-ազգայնական ծայրահեղականության լայնածավալ ներթափանցմանը։ «Ույղուրական անջատողականության» խնդրի լույսի ներքո սա չափազանց կարևոր հանգամանք է, որը Պեկինին դրդում է համակողմանի աջակցություն ցուցաբերել Թեհրանին։ Ընդհանուր առմամբ, կայուն և կանխատեսվող Իրանը ներկայացնում է Չինաստանի մայրցամաքային թիկունքի ամրության հիմնական գործոնը: Թայվանի շուրջ լարվածության աճի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանում ամերիկա-չինական լարվածության համապատկերում Պեկինը գործադրում է բոլոր ջանքերը՝ ամրապնդելու իրանական ինքնիշխանությունը։

  1. ՌԴ շահերը և ԻԻՀ դերը հարավային ուղղությամբ

Իրանի շուրջ լարվածությունը հավասարապես անհանգստացնում է նաև Մոսկվային։ Իրանը Ռուսաստանի գրեթե միակ «պատուհանն» է դեպի հարավ՝ Հնդկական օվկիանոս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ Ռուսաստանի համար Իրանի հաղորդակցական դերն զգալիորեն աճել է Արևմուտքի հետ առճակատման լույսի ներքո՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի փաստացի մեկուսացման հետ։ Մոսկվայի համար անփոխարինելի է նաև Իրանի՝ որպես Կենտրոնական Ասիայում անվտանգության համակարգի հավասարակշռողի, դերը, որտեղ համառորեն փորձում են ներթափանցել արևմտյան ավանդական մրցակիցները, այդ թվում՝ համաթյուրքական միասնության հայեցակարգի և Թուրքիայից արտահանվող քաղաքական իսլամի հաշվին։ Իրանը ներկայումս Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես հարավից Ռուսաստանին հարող բնական պատնեշ, որն օգնում է զսպել Արևմուտքի ընդլայնումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ռազմավարական պատասխանատվության գոտում։ Այդ կապակցությամբ Ռուսաստանն զգալիորեն մեծացրել է Իրանի նկատմամբ ուշադրությունը թուրքական ուղղությամբ փաստացի քաղաքական-դիվանագիտական ձախողումից հետո, որտեղ ժամանակին փորձում էր ուրվագծել ԱՄՆ-ին և նրա եվրոպական դաշնակիցներին զսպելու առանցքային աշխարհառազմավարական ուղին։

Վերոնշյալի լույսի ներքո ԻԻՀ-ում գործող իշխանության կայունության պահպանումը և սիրիական իրադարձությունների նմանությամբ քաոսի կանխումը հավասարապես համապատասխանում են ՉԺՀ-ի և ՌԴ-ի գոյութենական շահերին, ինչը նպաստում է նրանց դաշինքի հետագա ամրապնդմանը:

  1. Ներքին կայունությունը և ԱՄՆ-ի հաշվարկները

Որոշ արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ չնայած Իրանի բացառիկ նշանակությանը, Չինաստանն ու Ռուսաստանը «հանուն Թեհրանի փրկության» ուղղակի ռազմական հակամարտության մեջ չեն մտնի Արևմուտքի հետ: Այս կանխատեսումը մոտ է իրականությանը, ինչի մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում են պատերազմին ուղղակիորեն մասնակցելու Պեկինի և Մոսկվայի լայնածավալ նախապատրաստությունների բացակայության մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հարձակման դեպքում հակամարտության մեջ իրենց դաշնակիցներին և գործընկերներին ուղղակիորեն ներգրավելու անհրաժեշտություն Թեհրանում չեն տեսնում՝ բավարար համարելով նրանց կողմից ռազմական տեխնիկայի և արբանյակային տվյալների տրամադրումը: Իսլամական Հանրապետությունն ունի ինքնուրույն պաշտպանություն կազմակերպելու ունակություն՝ ինքնաբավ լինելով մարդկային պաշարների և իր տարածքի նկատմամբ ներքին վերահսկողություն իրականացնելու առումով:

Իրանի պաշտպանական համակարգում, որպես կրիտիկական խոցելի օղակ, ավանդաբար հանդես է գալիս ներքին անկայունությունը։ Այն պայմանավորված է հասարակության խորը պառակտմամբ՝ ըստ էթնիկական, գաղափարական և մշակութային-քաղաքակրթական հատկանիշների, ինչպես նաև ձգձգված սոցիալ-տնտեսական ճգնաժամով, ինչը պարբերաբար լայնածավալ հակակառավարական ելույթներ է հրահրում վերջին տասնամյակներում։ Այս համատեքստում բնական է համարել, որ Իրանի վրա հերթական հարձակման նախապատրաստման մասին Դ. Թրամփի որոշումն ընդունվել է այդ երկրում ազգային արժույթի գերարժեզրկման հետ կապված զանգվածային անկարգությունների համապատկերում, այլ ոչ թե արտաքին քաղաքական պատճառներով: Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին նոր հարձակման չի դրդել, և, հետևաբար, դրա համար առիթ են դարձել երկրում սոցիալական բողոքների բռնաճնշման փաստերը: Ակնհայտ է, որ պատճառները, որոնք դրդեցին ԱՄՆ-ին նախապատրաստվել Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածելուն, թելադրված էին համապատասխան ծառայությունների զեկույցներով՝ Իրանում ներքին ապակայունացման հասունացած գագաթնակետի մասին։ Տպավորություն էր ստեղծվել, թե այդ իրավիճակը կարելի է վերածել քաղաքական համակարգի փլուզման գործընթացի՝ թիրախավորելով ռազմաքաղաքական վերնախավը և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները: Պատահական չէ, որ նոր պատերազմի վերաբերյալ իր հայտարարություններում նախագահ Դ. Թրամփը բազմիցս անդրադարձել է իրանական իշխանությունների «դաժանության ծավալները» գնահատելու անհրաժեշտությանը՝ հարձակման վերաբերյալ վերջնական որոշումը կախման մեջ դնելով բողոքական զանգվածների դիմադրությունը շարունակելու պատրաստակամությունից:

  1. Դ. Թրամփի թիմի սխալները և ԻԻՀ-ի համախմբումը

Արևմտյան փորձագետները կարծում են, որ Թրամփի դանդաղկոտությունը պայմանավորված էր Թեհրանի՝ երկրում անկարգությունները օպերատիվ ու կոշտ կերպով ճնշելու և իր ամբողջ տարածքում արագ վերահսկողություն հաստատելու ունակությամբ: Վաշինգտոնում և Թել Ավիվում ԻՀՊԿ-ի նման արդյունավետություն չէին սպասում, ինչպես նաև իշխանության համախմբում, որն իր պահպանողական և բարեփոխիչ խմբակցությունների միջև պառակտման նշաններ չցուցաբերեց: Իսրայելցի վերլուծաբանների կարծիքով, Թրամփի թիմը բաց է թողել հարձակման պահը՝ սխալ հաշվարկելով իրանական զանգվածների բողոքական ներուժը և չկարողանալով սոցիալական հուզումները ձևակերպել կառուցվածքային քաղաքական գործընթացի մեջ: Այս իմաստով բողոքի ձեռնարկները համախմբող քաղաքական գործչի (օրինակ, արքայազն Ռեզա Փահլավիի) առաջադրումն ավելի արդյունավետ կլիներ, քան Abraham Lincoln ավիակիր խմբավորման մուտքն Արաբական ծով։

«Վարչախմբի փոփոխության» ռազմական բաղադրիչի նախապատրաստման վրա ԱՄՆ-ի և Իսրայելի սևեռումը երկրորդ պլան մղեց Իրանում տեղի ունեցող իրադարձությունների գաղափարական-քաղաքական համապատկերը՝ բողոքի ցույցերը թողնելով ինքնաբուխ ձեռնարկների փուլում, որոնք հեշտությամբ ճնշվում են իշխանությունների կողմից: Իսկ հիմա Իրանին հարվածելը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել և իրանական հասարակությանը համախմբել «իշխող վարչախմբի» շուրջ։ Իրանում տեղի ունեցած բողոքի ձեռնարկները քաղաքական առաջնորդ չեն ծնել և անմասն են թողել այդ երկրում առկա անջատողական շարժումներին։ Քրդերը, հիասթափված սիրիական Ռոժավան Անկարային և Դամասկոսին հանձնելուց, ըստ էության, հրաժարվել են Թեհրանի դեմ ակտիվ գործողություններից, իրանցի ադրբեջանցիները մերժել են արքայազն Ռ. Փահլավիի գլխավորությամբ իրանցի միապետականների՝ ջանքերը միավորելու կոչերը, բելուջներն ի սկզբանե ընտրել են զգուշավոր, սպասողական դիրքորոշում:

  1. Անկանխատեսելիության գործոնը և «Էփշթեյնի գործը»

Ստեղծված պայմաններում Իրանին ուշացած հարվածը կարող է վնաս հասցնել երկրի ռազմական ենթակառուցվածքին կամ նույնիսկ հանգեցնել նրա ռազմաքաղաքական վերնախավի մի շարք առանցքային դեմքերի ֆիզիկական վերացմանը, սակայն չի հանգեցնի իշխանական համակարգի փլուզմանը՝ պատասխան գործողություններ հրահրելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմա-ռազմավարական, քաղաքական և տնտեսական շահերի դեմ: Նման սցենարը Թրամփի վարչակազմի մեծ պարտությունը կլինի ոչ այնքան Իրանի, որքան ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեմ նրա պայքարի համատեքստում։

Համաշխարհային փորձագիտական հանրության կարծիքով, Դ. Թրամփը մինչ այժմ չի կարողանում կողմնորոշվել Իրանի վերաբերյալ հետագա որոշման հարցում: Հենց դրա հետ է կապված Abraham Lincoln հարվածային ավիակիր խմբավորման հեռացումն իրանական հականավային հրթիռների հասանելիության գոտուց անդին։ Եվ, այնուամենայնիվ, ինչպես թվում է վերլուծաբաններին, ԱՄՆ գործող ղեկավարը սակավ կանխատեսելի է, և Իրանի վրա հարձակումը հավասարապես կարող է և կայանալ, և հետաձգվել։

Վաշինգտոնի անկանխատեսելիությունը թելադրված է Դ. Թրամփի անձնական հատկանիշներով՝ պոռթկումնայնությամբ և խնդիրները հետևողականորեն լուծելու դժկամությամբ։ Մարտավարության վրա և դիվանագիտության մեջ առավելապաշտության վրա «ուժային ճեղքման» նրա խաղադրույքն ԱՄՆ գլոբալ նախաձեռնությունների կառավարման ճգնաժամ առաջացրեց՝ ստեղծելով հակասությունների խճճվածք աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Ուկրաինայում անորոշության մեջ կախված խաղաղ բանակցություններ, վենեսուելական լղոզված օրակարգ, Գրենլանդիայի և ՆԱՏՕ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ ամերիկա-եվրոպական և ամերիկա-կանադական հարաբերությունների ճգնաժամ, Կուբայի նոր շրջափակման նախաձեռնում, իրանական լարվածություն և, վերջապես, աշխարհի խոշորագույն տնտեսությունների հետ սակագնային և «պատժամիջոցային պատերազմներ». այս ամենը պայմանավորված է ԱՄՆ առաջնորդի և նրա թիմի ձգտմամբ. հաստատել ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանություն՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և նման բեռին դիմանալու սեփական երկրի հնարավորությունները։

Փորձագիտական համայնքում և Դ. Թրամփի ընդդիմախոսների շրջանակներում գերակշռում է այն կարծիքը, որ նրա արտաքին քաղաքական ոճը ոչ այնքան վճռականությունն է, որքան որ համակարգային անկայունությունն ու անհավասարակշռությունն անձնական հավակնությունների և պետության իրական պաշարների միջև: Կրիտիկական ռիսկերի կառավարման հմտությունները, որոնք Դ. Թրամփին հաջողություն են բերել սեփական ձեռնարկատիրության զարգացման մեջ, ապակառուցողական են միջազգային քաղաքականության ասպարեզում, որը պրագմատիզմ և զգուշավորություն է պահանջում: Վաշինգտոնի գլոբալ մրցակիցները նախընտրում են սպասել, որ միջազգային ասպարեզում Դ. Թրամփի առաջացրած «հողմն» անցնի՝ հույս ունենալով, որ արտաքին քաղաքականության մշտական հանդուգն նախաձեռնությունների և վտանգավոր մտահղացումների հետևանքով հոգնածության նշաններ ցուցաբերող ամերիկյան վերնախավերի և հասարակության համբերությունը կսպառվի։

ԱՄՆ-ում սպասվող արմատական քաղաքական փոփոխությունների նշաններից մեկը կարելի է համարել հանրային դաշտում կրկին հայտնված «Ջեֆրի Էփշթեյնի գործը», որում, ի թիվս այլոց, գաղտնազերծվել են Դ. Թրամփի անցյալին վերաբերող աղմկահարույց փաստերը։ Ինչպես կարծում են վերլուծաբանները, դա կարող է հավասարապես նպաստել ինչպես Թրամփի թիմի ագրեսիվացմանն Իրանի նկատմամբ՝ փորձելով ամերիկյան հասարակության ուշադրությունը շեղել նոր պատերազմի վրա, այնպես էլ «երկար ժամանակով թաղել» Իրանի դիվայնացման միտումը, որը, իր դաշնակիցների՝ ՉԺՀ-ի և ՌԴ-ի մատուցմամբ, իբր սպառնում է ամբողջ Ասիայի կարգուկանոնին և անվտանգությանը:

Իրանական հիմնախնդրի կարգավորման հեռանկարներն այսօր ավելի շատ որոշվում են Միացյալ Նահանգների ներքաղաքական իրադրությամբ, քան Օմանի դիվանագիտական գործընթացով: Չնայած Թեհրանի միջուկային ծրագիրը մնում է երկխոսության պաշտոնական առարկա, որոշիչ գործոն է դառնում Դոնալդ Թրամփի քաղաքական հետագիծը և նրա վարչակազմի կայունությունը:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 05.02.2026 թ.: