ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 30.11.2024 թ.(1)
Մերձավորարևելյան արաբական մի շարք աղբյուրներ պնդում են, որ Ադրբեջանի կողմից սկսված «ֆրանսիական նեոգաղութային քաղաքականության բացահայտման» արշավը նախաձեռնվել է Մեծ Բրիտանիայի կողմից և համակարգվում է Լոնդոնից։ ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն գրել է այն մասին, որ Լոնդոնի չբարձրաձայնվող քայլերը կարելի է դիտարկել Աֆրիկայում, Կարիբյան ավազանում և Օվկիանիայում ռեսուրսների և ազդեցության համար բրիտանա-ֆրանսիական հակամարտության հերթական փուլի համատեքստում։ Բաքվի ներգրավումը այս գործընթացում, ակնհայտորեն, կապված է Լոնդոնի փորձի հետ՝ չեզոքացնելու Փարիզի տեսանելի հաջողությունները Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ՝ ավանդաբար Ֆրանսիային հավատարիմ Հայաստանի հետ ռազմաքաղաքական կապերի խորացման միջոցով։
Արդյունքում, Ադրբեջանի իշխող ընտանիքը ակտիվորեն ներգրավվեց բրիտանական նախագծում, և ոչ միայն «Հինգերորդ հանրապետության նեոգաղութականության» դեմ քարոզչական արշավի միջոցով, այլև, ըստ ֆրանսիական պաշտոնյաների, իր ձեռքն ու ֆինանսները ներդնելով 2024 թ. մայիս-հունիս ամիսներին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեջ։
Նշենք, որ Ադրբեջանը չի նվազեցնում հակաֆրանսիական հարձակումների ինտենսիվությունը և արդեն օգտագործել է COP29 հարթակը՝ հակաֆրանսիական հռետորաբանությունը սրելու համար։ Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը նշանավորվեց ֆրանս-ադրբեջանական մի շարք սկանդալներով, որոնց պատճառով Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն ընդհատեց այցն ադրբեջանական մայրաքաղաք և վերադարձավ Փարիզ։ Ինքը՝ Ի. Ալիևը, համաժողովի շրջանակներում իր ելույթներից մեկի ժամանակ ուղղակիորեն մեղադրեց Ֆրանսիային՝ Նոր Կալեդոնիայում և Կարիբյան ավազանում գաղութացված ժողովուրդների «խաղաղ բողոքները» դաժանորեն ճնշելու մեջ՝ անուղղակիորեն մեղադրելով Եվրոպական խորհրդարանին և ԵԽԽՎ-ին՝ այս «հանցագործությունները» լռության մատնելու մեջ։
Ի. Ալիևի «հակագաղութային քայլերը» նկատվել են բրիտանական կողմից։ Պատահական չէ, որ COP29-ին այցելած բրիտանացի քաղաքական գործիչների շարքում, «Ազգերի համագործակցության» միջկառավարական կազմակերպության (Անգլիայից կախված և նախկինում անգլիական գաղութներ հանդիսացող պետություններ) գլխավոր քարտուղար Պատրիսիա Սքոթլանդը հատուկ հիացմունք է հայտնել Ի. Ալիևի «կառուցողականության և հումանիզմի» նկատմամբ։
Նշանակալի է, որ բրիտանա-ադրբեջանական պայքարը ֆրանսիական արտասահմանյան տարածքների բնիկ ժողովուրդների իրավունքների համար ծավալվել է Մեծ Բրիտանիայի «գաղութային գործերում» իրավիճակի սրման ֆոնին։ Հոկտեմբերի կեսերին Կարիբյան ավազանի 15 երկրների խումբը, բաղկացած նախկին բրիտանական գաղութներից, հայտնել է Լոնդոնից փոխհատուցում պահանջելու մտադրության մասին։ Նախկին կախյալ տարածքները գնահատել են բրիտանական տիրապետության դարերը 206 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Մի փոքր անց Ավստրալիայում սկանդալ բռնկվեց՝ կապված բրիտանական միապետ Չարլզ III-ի այցի հետ, որը պաշտոնապես համարվում է նաև այս երկրի ղեկավարը։ Ավստրալիայի Սենատի անդամ Լիդիա Թորփը, որը ներկայացնում է երկրի բնիկ ժողովուրդների շահերը, մեղադրանքներ է հնչեցրել Բրիտանական թագի հասցեին և կոչ արել «վտարել» միապետին երկրից՝ այն բանի համար, որ Լոնդոնը դարեր շարունակ «թալանել է մայրցամաքը» և «գրեթե ոչնչացրել» դրա տեղաբնիկներին։
Ի պատասխան տեղի ունեցածի՝ բրիտանական կառավարությունը փորձել է սառնասրտություն և անսասանություն դրսևորել, և 2024 թ. հոկտեմբերի 21-ին վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է լրատվամիջոցներին, որ՝ «Մեծ Բրիտանիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել կամ ներողություն խնդրել ստրկավաճառության համար»։
Ադրբեջանը, որը հավակնում է հակագաղութային պայքարի դրոշակակրի և ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանի դերին, կանխատեսելիորեն չի արձագանքում նախկին բրիտանական գաղութների պահանջներին և Լոնդոնի կոշտ պատասխանին։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 27.11.2024 թ.: