Սահմանակից երկրներ

Բուդապեշտյան հուշագրերից դուրս․ Բալթյան հանրապետություններ ու Վրաստան

ЗА ПРЕДЕЛАМИ БУДАПЕШТСКИХ МЕМОРАНДУМОВ:
БАЛТИЙСКИЕ СТРАНЫ И ГРУЗИЯ

Mарджанян A. A.

Аннотация

Статья относится к циклу исследований влияния ядерного оружия, преимущественно тактического ядерного оружия (ТЯО), на процессы, формирующие наш регион в постсоветскую эру. Рассматриваются «обменные стратегии» советского ядерного наследия Балтийских республик и Грузии, находящихся вне механизма Будапештских меморандумов. Приводятся подробности, которые не освещались в армянской специальной литературе.

 

 

OUTSIDE BUDAPEST MEMORANDA:
THE BALTIC STATES AND GEORGIA

Marjanyan A. H.

Summary

The article joins a series of studies examining the influence of nuclear weapons, mainly tactical nuclear weapons (TNWs), on the processes shaping our region in the post-Soviet era. It considers the “exchange strategies” of the Soviet nuclear legacy of the Baltic republics and Georgia, which are outside the mechanism of the Budapest Memorandums. The article presents details on a subject, never covered in Armenian specialized literature.

Արա Հ. Մարջանյան[1]

ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐԻՑ ԴՈՒՐՍ.
ԲԱԼԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎՐԱՍՏԱՆ[2]

Հոդվածը համալրում է մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի, հատկապես` տակտիկական միջուկային զենքի (ՏՄԶ) ազդեցության ուսումնասիրությունների շարքը [1-3], որին հարում են Իրանի միջուկային ծրագրին [4], և 2025 թ. Իսրայել–Իրան «12-օրյա պատերազմի» հետևանքներին նվիրված հոդվածները [5]։

Նյութի բնականոն շարադրման տեսանկյունից տրամաբանական կլիներ նախ դիտարկել Բուդապեշտյան հուշագրերի անմիջական կողմեր հանդիսացող Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի՝ ԽՍՀՄ միջուկային զենքի ժառանգությանն առնչվող «փոխանակման ռազմավարությունները», ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի 1991 թ. դեկտեմբերի 26-ի ուղերձում հնչեցրած «մեր առջև ստանձնված պարտավորությունների» լույսի ներքո [2]։

Սակայն, նպատակահարմար է սկսել Բուդապեշտյան հուշագրերի մեխանիզմից դուրս գտնվող երկրներից՝ Բալթյան հանրապետություններից ու Վրաստանից։ Ի պաշտպանություն այսպիսի ընտրության նշենք, որ Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի տարածքներից խորհրդային միջուկային զենքի տարհանման ու դրա հետ կապված մանրամասներին նվիրված է հարուստ գրականություն, առկա են անգամ որոշ հայերեն հոդվածներ։ Մինչդեռ մեր անմիջական հարևան Վրաստանին և երբեմնի խորհրդային հարևաններ Բալթյան երկրներին այս առումով նվիրված գրականությունը սակավաթիվ է, իսկ հայերեն վերլուծական հրապարակումները՝ պարզապես բացակայում են։

  1. Բալթյան հանրապետություններ

«Ես մաղթում եմ Էստոնիայի Հանրապետությանը ամենայն բարիք և կոչ եմ անում միջազգային հանրությանը ճանաչել Էստոնիայի անկախությունը»։

Բ. Ելցին, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահ,

24 օգոստոսի, 1991 թ. [6, հ. 1., էջ 879-880]:

«ԱՄՆ-ի համար Բալթյան երկրները միշտ եղել են, և շարունակում են լինել, հատուկ և իսկապես առանձին դեպք: Մեզ համար նրանք երբեք չեն եղել սովետական հանրապետություններ, այլ [եղել են] առանձին պետություններ, որոնց համար մենք մշտապես վառ ենք պահել անկախության խոստումը և դիվանագիտական խորհրդանիշները»։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքեր, 4 սեպտեմբերի, 1991 թ.[3]:

Նախկին ԽՍՀՄ Բալթյան հանրապետությունների անկախության հարցը անցած դարի կեսերից հավաքական Արևմուտքը միշտ դիտարկել միասնականորեն և, հիմնականում, «Մոլոտով–Ռիբենտրոպ» պակտի ու դրա գաղտնի հավելվածների լեգիտիմության տիրույթում[4]: Ուստի զարմանալի չէ, որ ԽՍՀՄ փլուզման իրողություններում ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախության ճանաչումը դիտարկվում էր առավելապես հենց այս տեսանկյունից, այլ ոչ պայմանավորված Բալթյան երկրների տարածքից խորհրդային ՏՄԶ հեռացման գործընթացի առանձնահատկություններով։

Այսպիսի ընկալումը բնորոշ էր նաև Բալթյան հանրապետությունների բնակչության ամենատարբեր շրջանակներին, ինչն, օրինակ, արտահայտվեց միջազգային լայն արձագանք ստացած զանգվածային մի շարք միջոցառումներում: Հատկապես տպավորիչ էր «Մարդկային շղթա» 1989 թ. օգոստոսյան արարը, երբ «Մոլոտով–Ռիբենտրոպ» պակտի ստորագրման 50-ամյակի օրը Բալթյան հանրապետությունների մոտ 2 մլն քաղաքացիներ կազմեցին Տալլինից՝ Վիլնյուս ձգվող 676 կմ երկարությամբ «մարդկային շղթան»՝ ընդդեմ ԽՍՀՄ կողմից Բալթյան հանրապետությունների «օկուպացիայի» (տե՛ս` Նկ. 1


Նկ. 1. Բալթյան «մարդկային շղթան», 1989 թ. օգոստոսի 23: Աղբյուրը՝ reddit.com

Բալթյան բոլոր երեք հանրապետություններում անկախացման նպատակի շուրջ հասարակությունների այսպիսի տպավորիչ համախմբման պայմաններում պարզապես կարիք չկար այլ հիմնավորումների փնտրել, կամ այլ գործիքներ կիրառել։ Զարմանալի չէ, որ այդ երկրներից ԽՍՀՄ ՏՄԶ հեռացման 1989-92 թթ. ծածուկ գործընթացը երբևէ չի խոչընդոտվել ո՛չ այս երկրների Ազգային ճակատների և ո՛չ էլ ազգայնական ուժերի կողմից։ Ո՛չ էլ Բալթյան երկրների իշխանական օղակների ու վերնախավի, կամ տարատեսակ կրիմինալ տարրերի կողմից։

Հիշեցնենք, որ 1980-ականների վերջի դրությամբ ԽՍՀՄ 18.020 միավոր ՏՄԶ-ից` 780 միավորը (կամ 4.3%-ը), տեղակայված էր Բալթյան հանրապետություններում (տե՛ս` [3], Աղ. 1): Մինչդեռ խորհրդային ՏՄԶ 88% (կամ 15.845 միավորը) տեղակայված էր նախկին ԽՍՀՄ սլավոնական հանրապետություններում, հիմնականում՝ ՌԽՖՍՀ-ում (12.320 միավոր)։

Ընդ որում, Բալթյան (ինչպես նաև Անդրկովկասյան) հանրապետություններում խորհրդային ռազմավարական նշանակության միջուկային զինատեսակներ բացազատված չէին, դրանք գտնվում էին միայն ԽՍՀՄ երեք սլավոնական հանրապետություններում և Ղազախստանում։ Ինչն էլ պայմանավորեց նախկին ԽՍՀՄ հանրապետությունների երկու խմբի գոյացումը. «1-ին խումբ», որոնք արժանացան Բուդապեշտյան հուշագրերին (Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս)[5], և «2-րդ խումբ»՝ նախկին ԽՍՀՄ մնացած բոլոր հանրապետությունները: Կենտրոնական իշխանությունների կողմից դրանք չարժանացան խորհրդային ռազմավարական նշանակության միջուկային զենք «հյուրընկալելու պատվին», և ԽՍՀՄ փլուզման իրողություններում ստիպված էին իրենց ազգային անվտանգային համակարգերը կառուցել Բուդապեշտյան հուշագրերի մեխանիզմներից դուրս և այլ հիմքերով։

Բալթյան երկրների տարածքից խորհրդային ՏՄԶ-ի անխոչընդոտ, աննկատ ու սահուն դուրսբերումը բավականին արտառոց մի երևույթ էր ԽՍՀՄ այլ հանրապետությունների ֆոնին, ինչը հակված ենք պայմանավորել անկախացման գործընթացում «Մոլոտով–Ռիբենտրոպ» պակտի գործոնով, իբրև դրա առաջնայնության ընկալման շուրջ իշխանական, ընդդիմադիր ու ազգայնական ուժերի միջև ձևավորված կոնսենսուսի արդյունք։ Ի հայտ եկած այս միակարծության արդյունքում, Բալթյան երկրները հետևողականորեն հեռու մնացին փլուզվող ԽՍՀՄ պահպանմանը միտված բոլոր տեսակի գործընթացներից՝ «Նովո-Օգարյովյան գործընթացից», Միութենական նոր պայմանագրի շուրջ սակարկություններից, և, ամենակարևորը՝ Ալմա-Աթայի հռչակագրի նախապատրաստումից ու կնքումից։

Այս հանգամանքը հստակորեն տարանջատում է Բալթյան հանրապետությունների ենթախումբը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների «2-րդ խմբի» կազմում, գոյացնելով Բալթյան երկրների «փոխանակման ռազմավարությունների» ուրույն միօրինակությունը՝ հիմնված անկախացման հարցում «Մոլոտով–Ռիբենտրոպ» պակտի գործոնի առաջնայնության միասնական ընկալման վրա։ Թե ինչքան էր ջղաձգում Բալթյան հանրապետությունների այս կուռ միասնականությունը միութենական «Կենտրոնին», կարելի է տեսնել ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության «Բալթյան երկրների խորհրդի հայտարարության վերաբերյալ որոշումը» գաղտնի փաստաթղթից[6], թվագրված 1990 թ. օգոստոսի 9-ով։ Դրա ներածական հատվածում նշվում էր, որ.

«Բալթյան պետությունների խորհուրդը՝ ի դեմս Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Գերագույն խորհուրդների նախագահների, 1990 թվականի հուլիսի 28-ին հայտարարեց, որ «երեք բալթյան երկրների լիազոր ներկայացուցիչները չեն մասնակցել ԽՍՀՄ Միութենական պայմանագրի մշակմանը և այսուհետ հնարավոր չեն համարում մասնակցել այդ գործընթացին։ Երեք բալթյան երկրների կողմից ԽՍՀՄ-ի, նրա միութենական հանրապետությունների և այլ պետությունների հետ կնքված ցանկացած պայմանագիր կարող է կնքվել միայն մեր պետությունների Գերագույն խորհուրդների անկախության վերականգնման մասին ակտերի դրույթների հիման վրա։ ԽՍՀՄ-ի հետ բանակցությունները նպատակահարմար է վարել «3+1» սկզբունքով»:

Այնուհետ, այս որոշման եզրակացությունների բաժնում նշվում է, որ.

«Այդ կապակցությամբ հնարավոր կհամարեինք, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնի իր վերաբերմունքը Բալթյան պետությունների խորհրդի հայտարարության վերաբերյալ, որում կարող էր բացահայտվել «3+1» բանաձևի անհիմն լինելը»:

Դրանից հետո որոշումը թվարկում է Բալթյան հանրապետությունների միասնական այս դիրքորոշումը հերքող 6 հիմնական փաստարկ։ Նպատակահարմար չենք համարում այստեղ մեր վրա վերցնել փաստարկների ու հակափաստարկների վերլուծության, առավել ևս՝ դրանց իսկության գնահատման գործը։ Հոդվածի նպատակների համար բավարար է փաստել միայն, որ հիշյալ միասնական մոտեցումը տարանջատում է Բալթյան հանրապետությունների «փոխանակման ռազմավարությունը» նախկին ԽՍՀՄ «2-րդ խմբի» մնացած հանրապետություններից։

Վարպետորեն օգտվելով «ԱԴՊԿ»-ի (Արտակարգ դրության պետական կոմիտե, «ГКЧП») խռովությամբ (1991 թ. օգոստոսի 18-21) ընձեռնված իրավիճակից, նախ Էստոնիան[7], այնուհետև, օրերի տարբերությամբ, մյուս Բալթյան հանրապետությունները, կարողացան ՌԽՖՍՀ-ից ու անձամբ Բ. Ելցինից «կորզել» իրենց պետությունների անկախության ճանաչման մասին փաստաթղթերը (տե՛ս՝ բնաբանում)։

Ըստ էության, նրանք օգտվեցին Ելցին–Գորբաչով մրցակցությունից և, հակադրելով «դեմոկրատական» ՌԽՖՍՀ-ն «կայսերական» ԽՍՀՄ-ին՝ Բալթյան երկրները մի կողմից կարողացան զերծ պահել իրենց երկրների անկախության ճանաչման հարցը ԽՍՀՄ լուծարման խութերից, իսկ մյուս կողմից՝ ստիպեցին Արևմուտքին արագացնել իրենց անկախության ճանաչումը, «ակտիվին» ավելացնելով.

  1. իրենց տարածքներից խորհրդային ՏՄԶ-ի անխոչընդոտ հեռացման ավարտված (կամ ավարտվող) սահուն գործընթացը,
  2. և դրսևորելով ժողովրդավարության ու շուկայական մեխանիզմների հաստատման իրենց հստակ մտադրությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի 1991 թ. ուղերձում նշված «մեր առջև ստանձնված հատուկ պարտավորություններին» համահունչ [2, 7]։

Արդյունքում, ԱՄՆ-ը Բալթյան պետությունների անկախությունը ճանաչեց 1991 թ. սեպտեմբերի 2-ին[8]: Այսինքն, ՌԽՖՍՀ անկախության ճանաչումից մեկ շաբաթ հետո, և ԽՍՀՄ լուծարումից (1991 թ. դեկտեմբերի 8) երկու ամիս առաջ։ ՄԶՉՊ[9]-ին Էստոնիան միացավ արդեն 1992 թ. հունվարի 7-ին [9], կատարելով Բուշ ավագի և ԱՄՆ առջև ստանձնված «հատուկ պարտավորությունների» կենտրոնական պահանջը [2]։ ՄԶՉՊ-ին Էստոնիայի միացման փաստաթուղթը՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) ներկայացմամբ, ՄԱԿ-ում գրանցվեց 1992 թ. հոկտեմբերի 10-ին։ Փաստաթղթի պահնորդ (Depositary) դարձավ ՄԹ կառավարությունը: 1992 թ. հունվարի 31-ին նմանօրինակ փաստաթուղթ Էստոնիան տրամադրեց նաև ԱՄՆ-ին՝ որպես պահնորդի [10]։ Էստոնիան ՄԶՉՊ-ն վավերացրեց 1992 թ. հունվարի 31-ին, վավերացման փաստաթուղթը՝ ԱՄՆ-ի ներկայացմամբ, ՄԱԿ-ում գրանցվել է 1992 թ. հոկտեմբերի 14-ին։ Փաստաթղթի պահնորդը ԱՄՆ-ի կառավարությունն է[10]:

Լատվիան ՄԶՉՊ-ին միացել է 1992 թ. հունվարի 31-ին [9]։ ՄԹ ներկայացմամբ միացման փաստաթուղթը ՄԱԿ-ում գրանցվել է 1992 թ. հոկտեմբերի 28-ին, իսկ պահնորդը ՄԹ կառավարությունն է[11]: Լիտվան ՄԶՉՊ-ին է միացել 1991 թ. սեպտեմբերի 23-ին, սակայն միացման փաստաթուղթը ՄԹ ներկայացմամբ ՄԱԿ-ում գրանցվել է շատ ավելի ուշ՝ միայն 1999 թ. հոկտեմբերի 13-ին, և պահնորդ է դարձել նույն ՄԹ կառավարությունը[12]: Ըստ ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գրասենյակի[13] գրադարանի [10], նույն օրը Լիտվան ՄԶՉՊ-ին իր միացման փաստաթուղթը տրամադրել է նաև ԱՄՆ-ին՝ որպես պահնորդի։ Լիտվայի և Լատվիայի կողմից պայմանագրի վավերացման մասին տվյալները ՄԱԿ-ի գրադարանում բացակայում են։

ԱԷՄԳ-ի[14] հետ «Լրացուցիչ Արձանագրությունը» Էստոնիան ստորագրել է 2005 թ. դեկտեմբերի 1-ին, Լիտվան՝ 2008 թ. հունվարի 1-ին, Լատվիան՝ 2008 թ. հոկտեմբերի 1-ին [11]։

ՆԱՏՕ-ին Բալթյան երկրները միացան 2004 թ. մարտի 29-ին, երբ ընդլայնման 2-րդ ալիքի շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքին միացան նաև Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան[15]: Ուշագրավ է, որ կանխազգալով Բալթյան երկրների՝ Դաշինքին միանալու անխուսափելիությունը, ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին հասցեագրված իր անձնական նամակում՝ թվագրված 1997 թ. փետրվարի 28-ով, ՌԴ նախագահ Բ. Ելցինը գրում էր․

«Թանկագի՛ն Բիլ… 2000 թվականին իմ իրավահաջորդի ընտրություններում կարելի է ակնկալել ազգայնական, հակաարևմտյան, մեկուսացողական ավանդույթի ուժեղացում։ Հենց այդ փուլում Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի՝ ՆԱՏՕ մտնելը կարող է իրականություն դառնալ, իսկ տարածաշրջանի այլ երկրների անդամակցության հարցը կհայտնվի օրակարգում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին այսօր ընդունվող որոշումը կուրվագծի 2000 թվականին Ռուսաստանում քաղաքական առճակատման թեմաներից մեկը։ Շատ հնարավոր է, որ այն կկանխորոշի նաև դրա ելքը։ Ընդ որում, ընդլայնման գործընթացի իներցիոն ուժը, այն գործարկվելուց հետո, ապագայում կուրսի փոփոխության կամ ճշգրտման հնարավորությունն էլ ավելի քիչ հավանական կդարձնի, քան հիմա։

Ամփոփելով՝ ես լիովին համաձայն եմ պարոն Քեննանի[16] կարծիքի հետ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ի հեճուկս Ռուսաստանի կարծիքին, Արևմուտքի ճակատագրական սխալն է, որը աղետալի հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար։ Բիլ, ես կիսում եմ Ձեր երազանքն այն մասին, որ 30 տարի հետո Եվրոպան, իր պատմության մեջ առաջին անգամ, դառնա միավորված, ժողովրդավարական և ազատ, սակայն կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականությունն աշխատում է հենց այդ երազանքին հակառակ արդյունքի վրա»[17]։

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ անսաց Բ. Ելցինի խնդրանքին, և Բալթյան երկրները ՆԱՏՕ-ին միացան միայն 3 տարի անց։

Հետևություններ

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է եզրակացնել, որ.

  1. Դրսևորելով միասնական մոտեցում, Բալթյան երկրները հաջողությամբ իրագործեցին իրենց «Փոխանակման ռազմավարությունները».
  • Մի կողմից՝ հետևողականորեն առաջ մղելով իրենց անկախացման գործընթացը՝ հիմնված «Մոլոտով–Ռիբենտրոպ» պակտի ու դրա գաղտնի հավելվածների ոչ լեգիտիմ լինելու մասին Արևմուտքի ընդհանրական դիրքորոշման վրա։ Ինչպես նաև հաջողությամբ օգտվելով իշխանության համար Ելցին–Գորբաչով 1990-91 թթ. սրվող մրցակցության իրողություններից։
  • Մյուս կողմից՝ չխոչընդոտելով ազգային տարածքներից խորհրդային ՏՄԶ հեռացման 1989-92 թթ. գործընթացը, ինչպես նաև արագ ու լիարժեքորեն միանալով ՄԶՉՊ/ԱԷՄԳ մեխանիզմներին։

Ըստ էության, Բալթյան հանրապետությունների «փոխանակման ռազմավարություններում» ԽՍՀՄ «միջուկային ժառանգությանը» վերաբերող սակարկությունները ունեին երկրորդական նշանակություն[18]:

  1. ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած կրիտիկական նշանակության «անցողիկ ժամանակահատվածում» Բալթյան հանրապետություններին հաջողվեց արդյունավետ կերպով կառուցել սեփական անվտանգային համակարգը։ Այսպես.
  • 1992–2004 թթ. Բալթյան պետությունները գտնվում էին ԱՄՆ-ի և ՄԹ անվտանգային օժանդակման անուղղակի աջակցության ներքո:
  • 2004-ից նրանք անցան ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի «երաշխիքների» (իրականում` հավաստիացումների, տե՛ս՝ [3]) հովանու տակ:

Բալթյան պետությունների ռազմավարական[19] անվտանգային համակարգին որոշակի սպառնալիքներ ծագեցին միայն 2008-ի «Վրաց-օսական[20] օգոստոսյան» պատերազմից հետո։ Այսպես, համաձայն որոշ տվյալների, դեռ 2002-10 թթ․ ժամանակահատվածում, ու հատկապես 2008-ից հետո, ՌԴ-ն ձեռնամուխ էր եղել իր Բալթյան էքսկլավում՝ Կալինինգրադի մարզում գտնվող «Կուլիկովո» խորհրդային միջուկային զենքի պահեստավորման ու սպասարկման ռազմապահեստի վերազինման աշխատանքներին[21]։

Իսկ 2018-ին հայտնի դարձավ, որ Կալինինգրադի մարզում, հավանաբար «Չեռնյախովսկ» հրթիռային հենակայանում, տեղակայվել են ռուսական «Իսկանդեր» միջին հեռահարության հրթիռային համակարգեր (SS-26 Stone SRBM՝ ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման), որոնք ունակ են կրել նաև միջուկային մարտագլխիկներ[22]։ Բալթյան երկրներում մտահոգություններն էլ ավելի որոշակի դարձան 2022 թ. փետրվարից Ուկրաինայում ՌԴ կողմից ՀՌԳ մեկնարկով ստեղծված իրողություններով։ Առաջին հերթին նկատի ունենք Բելառուսի տարածքի օգտագործումը Ուկրաինայի դեմ ՀՌԳ մեկնարկային փուլում, ինչպես նաև Բելառուսում ռուսական ՏՄԶ-ի տեղակայումը ու համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը՝ 2022-23 թթ.-ին, մանրամասները տե՛ս՝ [1], Գլ. 2 և [1], Գլ. 2։

Թեև, 2023 թ. ապրիլին 4-ին Լիտվայի ԱԳ նախարար Գ. Լանդսբերգիսը ՆԱՏՕ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել էր[23], որ «Բալթյան երկրներում դաշնակիցների միջուկային զենքի տեղակայման հարցը օրակարգում չէ», այնուամենայնիվ, Էստոնիայի պաշտպանության նախարար Հ. Պևկուրը արդեն 2025 թ. հունիսի 27-ին հայտնեց, որ «Էստոնիան պատրաստ է ընդունել միջուկային զենք կրող ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ»[24]։ Խոսքն այստեղ F-35 երկակի նշանակության ինքնաթիռների (dual capable aircraft) մասին է, որոնք ունակ են կրելու B-61 mod 12 և mod 13 տակտիկական ջերմամիջուկային ռումբեր [1]: Ըստ Հ. Պևկուրի՝ «դրանք արդեն իսկ եղել են Էստոնիայում, և շուտով կրկին կլինեն՝ շարունակելով պահպանել [մեր] երկրի օդային տարածքը»։ Հասկանալի է, որ այս ամենը կարտացոլվի ՌԴ ռազմավարական ուժերի ծավալման ծրագրերում[25]։

2025 թ. հուլիսի սկզբին Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի և ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար Ք. Դոնահյուն հայտարարել էր, որ Դաշինքը Կալինինգրադի շրջանում իրականացնում է «Արևելյան թևի զսպման գիծ» (Eastern Flank Deterrence Line) ծրագիրը։ Այն ներառում է Դաշինքի ցամաքային ներուժի ամրապնդում և ռազմաարդյունաբերական համագործակցության բարելավում: «Կալինինգրադի մարզը մոտավորապես 47 մղոն լայնություն ունի ու բոլոր կողմերից շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով։ [Մեր] բանակն ու դաշնակից ուժերը գետնից կսրբեն ռուսական ուժերին նախկինում չլսված արագությամբ», – նշել էր նա[26]։

Ի պատասխան, 2025 թ. հուլիսի 26-ին ՌԴ նախագահի օգնական, ՌԴ ծովային կոլեգիայի ղեկավար Ն. Պատրուշևը շեշտել էր, որ «Ռուսաստանի Դաշնությունը վաղուց տեղյակ է Կալինինգրադի վերաբերյալ Արևմուտքի ծրագրերից», և զգուշացրել՝ «Կալինինգրադի մարզի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն կարժանանա ջախջախիչ պատասխանի։ Ռուսաստանը կօգտագործի իր բոլոր ուժերն ու միջոցներն, այդ թվում՝ միջուկային զսպման կարողությունները՝ համաձայն ՌԴ պետական քաղաքականության սկզբունքների»[27]։

Բնութագրական է, որ 2018-ից ծագած Բալթյան պետությունների ռազմավարական անվտանգային համակարգի այս անկայունությունը արտաքին քաղաքականության դաշտում հանգեցրեց Բալթյան երկրների, հատկապես՝ Լիտվայի, ընդգծված հակաչինական դիրքորոշմանը։ Հասկանալի է, որ սա պետք է դիտարկել որպես ԱՄՆ–Չինաստան գլոբալ հակամարտության շրջանակներում Բալթյան պետությունների դիրքավորման փորձ։

Լիտվայի և Չինաստանի հարաբերությունների վատթարացման առաջին նշանները ի հայտ եկան 2019 թ., երբ Լիտվայի Պետական անվտանգության դեպարտամենտը իր տարեկան զեկույցում առաջին անգամ հիշատակեց Չինաստանը՝ որպես անվտանգային սպառնալիք։ Մոտավորապես նույն ժամանակ Լիտվայի նախագահ Գ. Նաուսեդան դեմ արտահայտվեց լիտվական նավահանգիստների զարգացման գործում չինական ներդրումներ ներգրավելուն։ 2021 թ. վերջին Վիլնյուսում բացվեց Թայվանի պաշտոնական ներկայացուցչությունը, ինչը Պեկինը ընկալեց որպես «մեկ Չինաստան» սկզբունքից հրաժարում։ Արդյունքում, ՉԺՀ-ն խզեց Լիտվայի հետ բոլոր առևտրային կապերը և հետ կանչեց իր դեսպանին Վիլնյուսից[28]։

  1. Անցած երեք տասնամյակներում Բալթյան պետությունները լիարժեք ինտեգրվեցին Արևմուտքի անվտանգային, սոցիալ-քաղաքական, տնտեսական ու ֆինանսական համակարգերին՝ պահպանելով իրենց տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, Բալթյան պետությունները շոշափելի ժողովրդագրական կորուստներ կրեցին, ինչպես նաև նահանջ գրանցեցին հասարակությունների ու սոցիալ-տնտեսական համակարգի «բարդության» ընդհանրական մակարդակի առումով։2․Վրաստան

«16 տարի առաջ, երբ վրացիները հավաքվեցին այս հրապարակում, այն ուրիշ անվանում ուներ։ Այն ժամանակ, Լենինի պողպատե հայացքի ներքո, հազարավոր վրացիներ պահանջեցին իրենց անկախությունը… 18 ամիս առաջ վրացիները նորից վերադարձան այս հրապարակ, զինված միայն վարդերով՝ ավարտելու գործը, որն սկսել էին դեռ 1989-ին»:

ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ կրտսեր։
Թբիլիսի, 10 մայիսի, 2005 թ.[29]
:

Ըստ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության՝ «Միացյալ Նահանգները ճանաչեցին Վրաստանի անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ այդ որոշման մասին հայտնվեց նախագահ Ջ. Բուշ ավագի ուղերձում, նվիրված Խորհրդային Միության փլուզմանը»[30]: Սա, իհարկե, ճշմարիտ է, սակայն ողջ ճշմարտությունը չէ։

Իրականում, մեր հոդվածում բազմիցս հիշատակված 1991 թ. դեկտեմբերի 25-ի հիմնարար նշանակություն ունեցած այս ուղերձում Ջ. Բուշ ավագը առանձնացնում է նախկին ԽՍՀՄ երեք խումբ հանրապետություններ։ Դիմելով «2-րդ խմբի» երկրներին՝ այդ թվում Վրաստանին (և Ադրբեջանին), Բուշ ավագը ասել էր. «Երրորդ. Մենք նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք այն ժամանակ, երբ բավարարված կլինենք անվտանգային պատասխանատու քաղաքականության և ժողովրդավարական սկզբունքների հանդեպ նրանց ստանձնած պարտավորություններով» [2, 7]։

Եվ ահա այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը։ Այսպես, հայտնի է, որ Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը բացվեց 1992 թ. մարտի 24-ին[31]: Այսինքն, պետք է ենթադրել, որ 1991 թ. դեկտեմբերի 25-ից՝ Ջ. Բուշ ավագի պատմական ուղերձից մինչև 1992 թ. մարտի 24-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանը կարողացավ «բավարարել» ԱՄՆ-ի և Արևմուտքի ակնկալիքները «մեր առջև ստանձնված հատուկ պարտավորությունների» մասով (այս «պարտավորությունների» 3 հիմնական բաղադրիչների մասին տե՛ս՝ [2])։

Եվ ի՞նչ տեղի ունեցավ այս ժամանակահատվածում, որ կարողացավ բավարարել ԱՄՆ-ի ակնկալիքները «անվտանգային պատասխանատու քաղաքականության և ժողովրդավարական սկզբունքների հանդեպ նրանց ստանձնած պարտավորություններով»։ Որքան էլ տարօրինակ հնչի, խոսքն այստեղ 1991 թ. դեկտեմբերից 1992 թ. մարտ ընկած ժամանակահատվածում Վրաստանում տեղի ունեցած ռազմական (1992 թ. հունվար-փետրվար), այնուհետև՝ պետական (1992 թ. մարտ) հեղաշրջումների մասին է:

Հիշեցնենք, որ Վրաստանում ռազմական հեղաշրջման ղեկավար մարմնի՝ Վրաստանի Հանրապետության Ռազմական խորհրդի 1992 թ. հունվարի 2-ի ուղերձում նշվում էր.

«Վրաստանի Հանրապետության Ռազմական խորհրդի ուղերձը Վրաստանի բնակչությանը». «1992 թ. հունվարի 2-ին նախագահ Գամսախուրդիայի կողմից յուրացված իշխանությունը տապալվեց։ Իշխանությունն անցնում է Վրաստանի Հանրապետության Ռազմական խորհրդին։ Այն կասեցրել է Սահմանադրությունը և ցրել Վրաստանի Հանրապետության խորհրդարանը։ …Վարչապետը հեռացվել է պաշտոնից։ Թ. Սիգուան ժամանակավորապես ստանձնել է վարչապետի պարտականությունները։

Ռազմական խորհրդի անունից՝ Թենգիզ Կիտովանի, Ջաբա Իոսելիանի։
Թբիլիսի, 2 հունվարի, 1992 թ.
»[32]:

Հիշեցնենք նաև, որ ռազմական հեղաշրջման վերջնախաղի փուլում Վրաստանում իշխանության եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի վաղեմի բարեկամ, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Մ. Գորբաչովի մտերիմ զինակից, ԽՍՀՄ վերջին ԱԳ նախարար (1985–1990 թթ., 1991 թ. նոյեմբեր-դեկտեմբեր) և Վրաստանի ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1972–1985 թթ․), «Կովկասի արծաթե աղվես» Է. Շևարդնաձեն։

1992-ին Վրաստանում ռազմական և պետական հեղաշրջումների մասին առկա է որոշակի գրականություն, որին և հղում ենք կատարել մանրամասների համար [14-16]։ Իսկ այստեղ բավարարվենք միայն մեր հոդվածի թեմայի տեսանկյունից հետևյալ կարևոր դիտարկումներով։

Որքան էլ զավեշտալի թվա, բայց հարկադրված ենք փաստել, որ «Մխեդրիոնի» ջոկատի հրամանատար և ա. կ. «օրենքով գող»[33] Ջաբա Իոսելիանիի, Վրաստանի Ազգային գվարդիայի հրամանատար Թենգիզ Կիտովանիի և Վրաստանի մինիստրների խորհրդի նախագահ Թենգիզ Սիգուայի[34] կողմից կազմակերպված ռազմական հեղաշրջումն էր հենց այն «անվտանգային պատասխանատու քաղաքականության և ժողովրդավարական սկզբունքների հանդեպ պարտավորությունների ստանձնումը», որին սրտատրոփ սպասում էր ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջ. Բուշ ավագը 1991 թ. դեկտեմբերի վերջից։

Ստիպված ենք ենթադրել նաև, որ 1990 թ. դեկտեմբերի 20-ին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների IV համագումարում ժողովրդավարությանը սպառնացող մահացու վտանգի ու վերահաս «ռազմական խունտայի» մասին Է. Շևարդնաձեի զգացմունքային ելույթն ու քաղաքականությունից «հեռանալու» մասին նրա մելոդրամատիկ հայտարարությունը[35], իրականում ոչ այնքան «ԱԴՊԿ»-ի խռովության (1991 թ. օգոստոս), որքան 1992 թ. սկզբից Թբիլիսիում ռազմական հեղաշրջման կանխազգացումն էր։ Ավելին՝ դա վերջինիս նախապատրաստմանն ուղղված քայլ էր[36]: Արդյունքում, կրկնենք, միութենական քաղաքականությունից «հեռացած» ու համամիութենական իշխանական լծակներից զրկված Է. Շևարդնաձեն վերադարձավ իշխանության՝ այս անգամ արդեն Վրաստանում։

Մեր այս դիտարկումը ամրապնդենք մի խոսուն փաստաթղթով.

«Ռազմական խորհրդի հրամանագրով ստեղծվում է Վրաստանի Հանրապետության Պետական խորհուրդը (ՊԽ) ու դադարեցվում Ռազմական խորհրդի լիազորությունները։ 1992 թ. մարտի 4-ին ՊԽ-ն կոչ արեց Է. Շևարդնաձեին վերադառնալ հայրենիք և կարգ ու կանոն հաստատել։ Մարտի 6-ին Շևարդնաձեն ընդունեց այս հրավերը։ 1992 թ․ մարտի 10-ին տպագրվեց Վրաստանի ՊԽ որոշումը` (ինքնա)հաստատել Շևարդնաձեին Վրաստանի ՊԽ նախագահի պաշտոնում, տեղակալ՝ Դ. Իոսելիանի։ Հիմնվում է նաև Վրաստանի ՊԽ նախագահությունը (Президиум Госсовета Грузии) հետևյալ կազմով՝ Է. Շևարդնաձե, Թ. Կիտովանի, Թ. Սիգուա, Դ. Իոսելիանի» [14, с. 60]։

Ընդգծենք, որ Է. Շևարդնաձեն Վրաստանի նախագահ կընտրվի միայն 1995-ին։ Իսկ մեզ այստեղ առաջին հերթին հետաքրքրող Ալմա-Աթայի hռչակագրին ու դրա հարակից փաթեթին Վրաստանը միացավ հենց «Վրաստանի Հանրապետության ղեակավար»[37] Շևարդնաձեի՝ 1993 թ. դեկտեմբերի 9-ի նամակով[38] (տե՛ս՝ Նկ. 2):

Էլ ավելի կարևոր է ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրի բուն էությունը վերաբերում էր մարշալ Բ. Շապոշնիկովի հրամանատարությամբ «ընդհանուր ռազմաստրատեգիական տարածքի միացյալ հրամանատարությանը և միջուկային զենքի նկատմամբ միասնական վերահսկողությանը» (объединенное командование общим военно-стратегическим пространством и единный контроль над ядерным оружием), այլ ոչ թե՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների անկախությանը, առավել ևս՝ դրանց սահմանների ճանաչմանը [2]:

Ի դեպ, 1991 թ. նույն սեպտեմբերի 2-ին, երբ նախագահ Ջ. Բուշ ավագը, ճանաչելով Բալթյան երկրների անկախությունը, մտորում էր իր կյանքում այդ օրվա խորհրդի մասին (տե՛ս՝ Ծանուցում 8), Մոսկվայում, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ՝ 5-րդ համագումարում ելույթ ունեցող Լ. Տեր-Պետրոսյանը նշում է.

«Երկու կարևորագույն հարցեր, որոնք լրջորեն մտահոգում են թե՛ ԽՍՀՄ ժողովուրդներին, և թե՛ համաշխարհային հանրությանը, դա նախ և առաջ զինված ուժերի և ռազմաստրատեգիական տարածքի միասնության պահպանումն է՝ այն անհրաժեշտաբար ներդաշնակելով հանրապետությունների շահերին, անպայման անցկացնելով արմատական բարեփոխումներ, որոնք արդեն մշակվում են ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում (հենց նոր ես ստացա բարեփոխումների նախագծի ծրարը՝ պաշտպանության նախարար Շապոշնիկովի ստորագրությամբ»[39]:

Նկ. 2. Ձախից՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրությունների էջը։
Աջից՝ Վրաստանի Հանրապետության ղեկավար և պառլամենտի նախագահ Է. Շևարդնաձեի (անստորագիր) 1993 թ. դեկտեմբերի 9-ի նամակը։ Աղբյուր՝
ԱՊՀ

Թե ինչ եղավ «զինված ուժերի և ռազմաստրատեգիական տարածքի միասնության պահպանման» հետ, մենք մանրամասն դիտարկել էինք մեր ավելի վաղ աշխատություններում [2, 3]: Իսկ, Վրաստանի «փոխանակման ռազմավարության» էությունն ու դրա առանձնահատկությունները ավելի հստակ հասկանալու համար պետք է վերհիշել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագի՝ ԽՍՀՄ փլուզմանը նվիրված 1991 թ. դեկտեմբերյան ուղերձում հնչեցված «մեր առջև ստանձնված հատուկ պարտավորություններն» իրենց մեջ ներառում էին 3 բաղադրիչ. 1. Միջուկային զենք, 2. Նավթ, և 3. Ժողովրդավարություն (տե՛ս՝ [2], Գլ. 3.2.)։

2.1. Միջուկային զենքի բաղադրիչ

ԽՍՀՄ փլուզման նախօրեին Անդրկովկասյան երեք հանրապետություններում էր տեղակայված խորհրդային 18.020 միավոր ՏՄԶ-ից 595 միավորը (կամ 3.3%-ը), որից 320 միավորը (կամ 1.8%-ը)՝ Վրաստանում (տե՛ս՝ [3], Աղ. 1): Հիշեցնենք, որ ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Անդրկովկասյան մյուս երկու հանրապետություններում խորհրդային ռազմավարական նշանակության միջուկային զենք տեղակայված չէր։ Դա էլ կանխորոշեց Անդրկովկասյան երեք հանրապետությունների և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների «2-րդ խմբի» մյուս երկրների «փոխանակման ռազմավարությունների» յուրահատկությունը՝ ի տարբերություն Բուդապեշտյան հուշագրերի մեխանիզմի ներքո ձևավորված Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի ռազմավարություններից (տե՛ս՝ [3], Գլ. 5, «Միջուկային զենքը և միջազգային սուբյեկտայնությունը»)։

ԱՄՆ-ի «առջև ստանձնված պարտավորությունների» համատեքստում դրանց առաջին և հիմնական՝ միջուկային զենքի բաղադրիչի առնչությամբ նշենք, որ 1992-94 թթ. ընթացքում Վրաստանում իշխանության եկած Է. Շևարդնաձեն «առաջին ձեռքից» և սպառիչ կերպով հավաստիացրել էր ԱՄՆ-ին և Արևմուտքին, որ ՎրԽՍՀ-ում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի (ЗакВО) և ՀՕՊ 19-րդ բանակի միջուկային զենքն ամբողջապես ու անխոչընդոտ կերպով տարհանվել է ՌԽՖՍՀ տարածք դեռ 1989 թ. մայիսին[40], այդ զենքը վերահսկող ու սպասարկող հատուկ ստորաբաժանումների (ԽՍՀՄ ՊՆ 12-րդ ԳՎ վերահսկողության ներքո [1, 3, 19]։

Բացի այդ, ո՛չ 1991-92 թթ. Վրաստանում ռազմական ու պետական հեղաշրջումների բուռն օրերի քրոնիկոնը և ո՛չ էլ վրաց-աբխազական արյունոտ հակամարտությանը նվիրված ուսումնասիրությունները չեն փաստում ՎրԽՍՀ տարածքից սովետական ՏՄԶ տարհանմանը խոչընդոտելու որևէ փորձ կամ դրա հետ կապված որևէ միջադեպ [6, հ. 1. 14, 19, 20]։ Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ 1989–1991 թթ. տեղի ունեցած այս տարհանումը անցել էր գաղտնիության այնպիսի քողի տակ, որ մնացել էր աննկատ (կամ չօգտագործված) ո՛չ տեղական իշխանությունների ու կուսակցական կառույցների, ո՛չ զարթոնք ապրող ազգայնական և/կամ անջատողական ուժերի և ո՛չ էլ կազմակերպված հանցավոր խմբավորումների համար։

Այսպիսով, Արևմուտքի ու «Կենտրոնի» մղձավանջային վախերը խորհրդային ՏՄԶ-ի հանդեպ կենտրոնացված վերահսկման կորստի հարցում Վրաստանի մասով 1992 թ. սկզբի դրությամբ հիմնականում փարատված էին։ 1992 թվականից սկսած այս հարցը դուրս եկավ կիրառական նշանակության աշխարհաքաղաքականության օրակարգից՝ իր տեղը զիջելով Վրաստանի ու ողջ Անդրկովկասի համար կարևորագույն դարձած թվով 2-րդ բաղադրիչին՝ կասպիական նավթին։

Ինչևէ, Վրաստանի մասով դեռ մնացել էին ԱՄՆ-ի և Արևմուտքի ընթացիկ «միջուկային» մտահոգություններ՝ կապված Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) Վրաստանի միանալուն ու ԱԷՄԳ հետ համապատասխան արձանագրությունների ստորագրելուն։ Այսպես, Վրաստանը ՄԶՉՊ-ին միացավ 1994 թ. մարտի 7-ին[41]. անկասկած նույն տարվա վերջին ակնկալվող Բուդապեշտյան հուշագրերի ստորագրմանն ընդառաջ [3]։ Միացման փաստաթղթի պահնորդը ԱՄՆ կառավարությունն է [9]։ Ինչպես տեսնում ենք, ՄԶՉՊ-ին Վրաստանի միացումը ժամանակագրորեն նախերգանք հանդիսացավ «1994 թ. Մեծ Սակարկության» «թագագոհար»՝ Բուդապեշտյան հուշագրերի ստորագրման համար (1994 թ. դեկտեմբերի 5), Վրաստանը տեղավորելով Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի կողքին՝ Հուշագրերով նախատեսված «երաշխիքների» դաշտում («երաշխիքների» մասին տե՛ս՝ [3], Գլ. 6.1. «Բուդապեշտյան հուշագրեր. հավաստիացում, թե՞ երաշխիք»)։

Եվ սա Վրաստանի «փոխանակման ռազմավարության» բնութագրական յուրահատկությունն է, որն առանձնացնում է այն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների «2-րդ խմբի» այլ երկրներից, օրինակ՝ Հայաստանից, Ղրղզստանից կամ Ուզբեկստանից։ Եվ ինչպես կտեսնենք հետագայում, սերտացնում է այն Ադրբեջանի «փոխանակման ռազմավարության» հետ։

ԱԷՄԳ-ի հետ «Լրացուցիչ Արձանագրությունը» (617/Add1) Վրաստանը ստորագրել է 1997 թ. սեպտեմբերի 29-ին, որը սակայն, ուժի մեջ մտավ միայն 2003 թ. հունիսի 3-ին [11]։ Այս տարեթվերը բնութագրական են։ Բանն այն է, որ 1997–2003 թթ․ ժամանակահատվածում տեղի ունեցան Ջ. Բուշ ավագի՝ «մեր առջև ստանձնված պարտավորությունների» մասով մի շարք կարևոր գործողություններ և իրադարձություններ։ Մասնավորապես.

  • Սկսեց իրականացվել Վրաստանի տարանցիկ ֆունկցիան՝ Կասպից ծովի «ԱՉԳ» նավթադաշտի յուրացման «վաղ նավթի» փուլի շրջանակներում (Սուպսա և Կուլևի նավթային տերմինալներ, Բաքու–Սուպսա նավթատար)[42], 1997 թ. հոկտեմբերի 10-ին ստեղծվեց ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան[43], Ադրբեջան, Մոլդովա) ամերիկամետ և հակառուսաստանյան կազմակերպությունը՝ Ստրասբուրգում ընթացող ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հիշյալ երկրների նախագահների հանդիպումով։
  • Ուրվագծվեց Վրաստանի տարանցիկ ֆունկցիան «ԱՉԳ» նավթադաշտի յուրացման «հիմնական նավթի» փուլում և ընտրվեց «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան» (ԲԹՋ) մագիստրալ նավթատարի՝ Հայաստանը շրջանցող երթուղին,
  • Մշակվեց «Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան էներգակամուրջ» նախագիծը (“Energy bridge project) և «Բորչկա–Ախալցխա» հաստատուն հոսանքի միացման բարձրավոլտ հանգույցի ծրագիրը։
  • Իրականացվեց “Auburn Endeavor[44] գործողությունը, որն ԱՄՆ-ի և ՄԹ հետ բանակցվում էր 1995-97 թթ. ողջ ընթացքում [26]։

Այս վերջին պարագան որոշակի լույս է սփռում ԱԷՄԳ հետ Վրաստանի կողմից ստորագրված «Լրացուցիչ Արձանագրության» ուժի մեջ մտնելու ձգձգման հիմնական պատճառը՝ Թբիլիսիի Անդրոնիկաշվիլու անվ. ֆիզիկայի ինստիտուտում գտնվող գումարային մոտ 15 կգ բարձր հարստացված ուրանի խմբաքանակի առկայությունն ու դրա հետագա ճակատագրի հարցը։

Ուշագրավ է, որ հայրենական վերլուծական գրականությունը այս հարցին երբևիցե չի անդրադարձել։ ԽՍՀՄ փլուզմանը և Անդրկովկասում նորանկախ հանրապետությունների գոյացմանը նվիրված աշխատություններում բերվում են բազմաթիվ, հիմնականում՝ հուզական և ամենևին ոչ կարևոր փաստեր, անձնավորված մտորումներ։ Լավագույն դեպքում խնամքով թվարկվում է Անդրկովկասի երեք նորանկախ հանրապետություններին «բաժին» հասած ԽՍՀՄ ԶՈՒ ժառանգությունը՝ տարատեսակ համեմատական աղյուսակների տեսքով։

Եվ ոչ մի խոսք, թե ի՞նչ եղավ Անդրկովկասում ծավալված 595 միավոր խորհրդային տակտիկական միջուկային զենքի հետ (տե՛ս՝ [3], Աղ. 1): Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով իրականցվեց Անդրկովկասից դրանց տարհանումը ԽՍՀՄ ԶՈՒ 12-րդ Գլխավոր վարչության ստորաբաժանումների կողմից, ի՞նչ եղավ այս ստորաբաժանումների ենթակառուցվածքը։ Վերջապես, ի՞նչ եղան Անդրկովկասյան հանրապետություններում ԽՍՀՄ տարիներին իրականացվող միջուկային տարատեսակ ծրագրերի ու հետազոտությունների արդյունքները, ինչպիսի՞ն էր դրանց ենթակառուցվածքի հետագա ճակատագիրը, ինչպիսի՞ն էր ստացված «ժառանգության» հետագա ճակատագիրը և ի՞նչ կերպ օգտագործվեց այս «ժառանգությունը» հետագա տասնամյակների ընթացքում։ Օրինակ՝ Վրաստանում և Ադրբեջանում։ Կամ օգտագործվե՞լ է այն, առհասարակ, օրինակ՝ Հայաստանում[45]։

Այսօր, երբ պատմություն դարձավ Իրանի դեմ 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված «12-օրյա պատերազմը», երբ ողջ աշխարհը քննարկում է, թե ի՞նչ պատահեց մոտ 400 կգ բարձր հարստացված ուրանին Իրանում [5], միջուկային զենքի և պետության ինքնիշխանության հետ կապված այս հարցերը վերջապես տեղ գտան հայրենական վերլուծական քննարկումներում, դարձան այժմեական ու մոդայիկ։ Սակայն, վաղ 90-ականներին այս հարցերը միանգամայն դուրս էին Հայաստանի Հանրապետության պոլիտիկումի ու վերլուծական հանրության ուշադրությունից[46]։ Այն ժամանակ դրանք գտնվում էին այս հարցերի վերաբերյալ երանելի մոլորության մեջ՝ իրականում կույր մնալով ընթացող գործընթացների բուն շարժառիթների հանդեպ։

Թերևս միայն այսպիսի, ցավոք՝ մնայուն ու հարատև, կուրությամբ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ անգամ այսօր իշխանության որոշ շրջանակներում Ալմա-Աթայի հռչակագիրը ընկալվում է, բացառապես, որպես տարածքների ու սահմանների ճանաչման փաստաթուղթ, այլ ոչ թե «ընդհանուր ռազմաստրատեգիական տարածքի միացյալ հրամանատարության և միջուկային զենքի նկատմամբ միասնական վերահսկողության» պահպանման (ձախողված) փորձ [2, 3]։

Ինչևէ, ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշման ներքո Վրաստանում հարստացված ուրանի խնդիրը ի վերջո հաջողությամբ լուծվեց. 1998 թ. ապրիլին այն “Auburn Endeavor” գործողության շրջանակներում տեղափոխվեց ՄԹ Շոտլանդիայի «Դոունրեյ» միջուկային համալիր (Dounreay Nuclear Complex)։ Ինչի համար, ի դեպ, Նորին Մեծության Կառավարությունը ստիպված եղավ խախտել իր իսկ ընդունած օրենքը՝ ՄԹ ազգային տարածք միջուկային նյութերի ներկրման արգելքի մասին [27]։ Բայց դե Կասպիցի ու միջինասիական նավթի արդյունահանման ու դեպի Արևմուտք ու Իսրայել դրա տեղափոխման խորապատկերում “BP” ընկերության վճռորոշ դերակատարումը, հատկապես ԲԹՋ նավթամուղի թողարկման նախօրեին, նման «մանրուքները» միանգամայն հաղթահարելի ու ընդունելի էին։

Ինչպես ասում էր ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բ. Քլինթոնը, դիմելով իր նախորդին՝ Ջորջ Բուշ ավագին՝ «Հիմարիկ, սա էկոնոմիկա է» (“It’s economy, stupid”): Ինչն, իհարկե, պետք էր հասկանալ որպես՝ «Հիմարիկ, սա պարզապես աշխարհաքաղաքականություն է»։

2.2. Կասպիցի նավթը (2-րդ բաղադրիչ)

Գանք Կասպիցի նավթի բաղադրիչին, և այստեղ կարևոր է ընդգծել, որ Է. Շևարդնաձեն ոչ միայն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի լավ բարեկամն էր, այլ, առաջին հերթին, «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» գործարքում նրա վստահելի կոնֆիդենտն ու ակտիվ գործընկերը (Նկ. 3)։ Իսկ սա արդեն անմիջականորեն առնչվում է մեզ այստեղ հետաքրքրող Վրաստանի «փոխանակման ռազմավարության» բուն էությանը, և Հր. Կովկասի հետ-խորհրդային աշխարհաքաղաքական ճարտարապետության գոյացմանը, որը և կանխորոշեց մեր բոլորիս վերջին երեք տասնամյակների քաղաքական պատմությունը։

Նկ. 3. Ձախից՝ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագը, աջից` ԱՄՆ-ի պետքարտուղար
Ջ. Բեյքերը և ԽՍՀՄ ԱԳ նախարար Շևարդնաձեն, 1990 թ. հունիս,
«Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» գործարքի նախօրեին։

Բանն այն է, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի և ԽՍՀՄ ԱԳ նախարար Է. Շևարդնաձեի կողմից 1990 թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում ստորագրված այս գործարքով (պայմանագրով)[47] Բերինգի նեղուցի, Չուկոտյան ու Բերինգի ծովերի ջրավազաններում ԽՍՀՄ-ը ԱՄՆ-ին զիջեց մոտ 74 հազ. կմ2 ջրատարածք, կամ մոտ 2,5 ՀՀ չափով մակերես:

Ի շարս այլի[48], «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» այս գործարքը ռուսական պետականամետ շրջանակներն այն ժամանակ և, առավել ևս՝ այսօր, գնահատում են՝ որպես ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Է. Շևարդնաձեի կողմից կատարված պետական դավաճանություն։

Հատկանշական է, որ տեսնելով, թե ինչ համառ դիմադրության է արժանանում «Բեյքեր–Շևարդնաձե գծի» պայմանագրի վավերացումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդում, ամերիկյան կողմը աննախադեպ արագությամբ վավերացրեց այն արդեն 1991 թ. սեպտեմբերի 16-ին՝ ԽՍՀՄ «լուծարումից» ընդամենը ամիսներ առաջ։ Հաջորդ օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 17-ին The Washington Post ամսագիրը գրեց. «Ի պաշտպանություն պայմանագրի վավերացմանը Պետքարտուղարությունը հայտարարեց, որ սրանով Բերինգի նեղուցի 70%-ը կանցնի ԱՄՆ իրավասության տակ» (մեջբերումն ըստ [23]-ի)։

Այս կամ այն կերպ գնահատել Է. Շևարդնաձեի գործունեությունը ԽՍՀՄ փլուզման հարցում բնավ մեր գործը չէ [12, 14, 25]։ Սակայն, մեր խնդիրն է հասկանալ հետևյալը. «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» 1990 թ. գործարքում (ջրա)տարածքների «միջնագծային»[49] սահմանազատման և սահմանագծման համար մշակված ու կիրառված 1990 թ. մեխանիզմը հիմք հանդիսացավ արդեն Հարավային Կովկասի տարածաշրջանում հետ-խորհրդային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության ճարտարապետության ստեղծման համար, Նկ. 4:

Նկ. 4. 1990 թ. «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գիծը»՝ աջից [24]։
«1994 թ. դարի գործարքով» Կասպիցի սահմանազատումը՝ ձախից [30], Գլ. 3:

Դրա կարևորագույն բաղադրիչներն էին.

  1. Որպես փակ ջրավազան Կասպից ծովի կարգավիճակի վիժեցումը, Կասպիցի ջրավազանի սահմանազատման գործընթացի ուրվագծումը և մեկնարկը,
  2. Ադրբեջանի կողմից Կասպից ծովի «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» (ԱՉԳ) նավթային գերդաշտի բռնագրավումը՝ «1994 թ. դարի գործարքի» և «1994 թ. Մեծ Սակարկության» շրջանակներում,
  3. Կասպից–Միջինասիական տարածաշրջանի նավթագազային պաշարները դեպի Իսրայել և Արևմուտք արտահանելու, միևնույն ժամանակ՝ ՌԽՖՍՀ/ՌԴ ազգային տարածքները շրջանցող էներգա-տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը։

Կարճ ասած՝ այն ամենը, ինչն հարցին նվիրված մեր ուսումնասիրություններում անվանում ենք «Քլինթոն–Շևարդնաձե–Ալիև–Նեթանյահուի դոկտրին» (ՔՇԱՆԴ)։ Այն պայմանավորեց Հր. Կովկասում պատերազմների և խաղաղության դինամիկան ու դարձավ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ անցած երեք տասնամյակների քաղաքական ու աշխարհաքաղաքական պատմությունը[50]:

Վրաստանի դերակատարումը, որպես տարանցիկ երկիր, բոլոր այս բաղադրիչներում անգնահատելի էր, իսկ Վրաստանի «տարանցիկության» աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական ու ֆինանսական գործոնները դարձան Վրաստանի «փոխանակման ռազմավարության» հիմնական բովանդակությունը, դրա մեխն ու էությունը՝ փոխարինելով խորհրդային միջուկային զենքի ժառանգության հետ կապված բոլոր հարցերը։

Այլ կերպ ասած, իր «փոխանակման ռազմավարության» ներքո Վրաստանին (և անձամբ Է. Շևարդնաձեին) հաջողվեց կոմպենսանցնել Վրաստանից խորհրդային միջուկային զենքի տարհանման անխոչընդոտ ու սահուն գործընթացի աշխարհաքաղաքական «պասիվությունը»[51], կարևորությամբ 2-րդ բաղադրիչում՝ Կասպիցի նավթի պաշարների յուրացման հարցում Վրաստանի էական ու ակտիվ դերակատարմամբ՝ ամրապնդված «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» 1990 թ. պայմանագրում ձեռք բերված փորձով։

Այսինքն, կարող ենք պնդել, որ «Բեյքեր–Շևարդնաձե սահմանազատման գծի» 1990 թ. գործարքի փորձը օգնեց Կասպից ծովի կարգավիճակի վիժեցմանը, դրա հատակի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Ինչն էլ հետագայում հանգեցրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ արդեն Արցախի կորստից ու հայաթափումից հետո։

2.3. Ժողովրդավարություն (3-րդ բաղադրիչ)

Ինչ վերաբերում է նախագահ Ջ. Բուշ ավագի «մեր առջև ստանձնված պարտավորությունների» 3-րդ բաղադրիչին՝ ժողովրդավարությանը, ապա Է. Շևարդնաձեի՝ «ժողովրդավարության ասպետի» 80-ականների վերջի համբավը, և նրա բազմաթիվ «գործնական» կապերը Արևմուտքի «վճիռ կայացնողների» հետ, միանգամայն բավարար էին, առնվազն՝ 1992–2003 թթ. ընթացքում։ Առավել ևս, որ դրանք ամրապնդվում էին ՔՇԱՆԴ իրականացմամբ ենթադրվող «ԱՉԳ» դաշտի յուրացման, այսպես կոչված, «վաղ նավթի» փուլում (1994–2006 թթ.) Շևարդնաձեի դերակատարումով։

Դե իսկ 2006-ից հետո, «ԱՉԳ» դաշտի յուրացման արդեն «հիմնական նավթի» փուլում, կարիք առաջացավ նորացնել ժողովրդավարության բաղադրիչը։ Ինչը և տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին գունավոր հեղափոխության՝ Մ. Սաակաշվիլու, Ն. Բուրջանաձեի և Զ. Ժվանիայի «Վարդերի հեղափոխությամբ», այս անգամ արդեն հակակոռուպցիոն պայքարի շեշտադրումով[52]:

Հետևություններ

Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք փաստել, որ Վրաստանը կարողացավ իրականացնել իր «փոխանակման ռազմավարությունը» մասնակիորեն, որոշակի հաջողությամբ, բայց և հակասական արդյունքներով․

  • Անտեղյակության հետևանքով կամ գիտակցաբար չխոչընդոտելով ՎրԽՍՀ տարածքներից սովետական ՏՄԶ հեռացման 1989-92 թթ. գործընթացն ու լիարժեքորեն միանալով ՄԶՉՊ/ԱԷՄԳ մեխանիզմներին՝ Վրաստանը ձեռնամուխ եղավ Արևմուտքին ինտեգրվելու բազմաշերտ գործընթացին՝ կատարելով Ջ. Բուշ ավագի առջև ստանձնված հիմնական պարտավորությունը, երաշխավորելով Վրաստանի կարևոր դերակատարումը ՔՇԱՆԴ շրջանակներում, ապահովելով շոշափելի ներդրումներ ենթակառուցվածքների արդիականացման, բանկային, շինարարական և մի շարք այլ ոլորտների զարգացման համար։
  • ԽՍՀՄ միջուկային ժառանգության շուրջ սակարկությունները Վրաստանի «փոխանակման ռազմավարության» համար ունեին երկրորդական նշանակություն՝ էականորեն զիջելով Վրաստանի նավթային «տրանզիտային դերակատարման» առաջնային դարձաց գործոնին։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից Վրաստանին հաջողվեց էապես նվազեցնել իր կախվածությունը ռուսաստանյան բնական գազի ներկրումներից։ Բայց փոխարենն այն ընկավ Ադրբեջանի կողմից զավթված Կասպիցի «ԱՉԳ» դաշտի արդյունահանումից գոյացած հարակից գազի[53] մատակարարումներից գերկախվածության մեջ:
  • Վաղ 1990-ական թթ. տանելով անկախացման գործընթացը ազգայնականության և մոնոէթնիկ երկիր կառուցելու տրամաբանությամբ և միանալով իր էությամբ հակառուսաստանյան աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ծրագրերին՝ Վրաստանն անկարող եղավ չեզոքացնել կենտրոնախույս ուժերը՝ կորցնելով վերահսկողությունը Աբխազիայի ու Հր. Օսիայի նկատմամբ։ Վրաց-աբխազական և վրաց-օսական բախումները 2008 թ. օգոստոսին ողջ տարածաշրջանը հասցրեցին գլոբալ հակամարտության շեմին։
  • Իր «փոխանակման ռազմավարության» շրջանակներում Վրաստանին մինչ օրս չի հաջողվել արդյունավետ կերպով կառուցել սեփական անվտանգային համակարգը։ Վերջին տարիներին Թբիլիսին փորձում է հավասարակշռություն պահպանել ՌԴ, Թուրքիայի, ԵՄ և Չինաստանի միջև։
  • Այսպես, 2023 թ․ հուլիսի վերջին հայտարարվեց ՉԺՀ և Վրաստանի հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին[54]։ Իսկ, 2024 թ. մայիսին հայտնի դարձավ[55], որ Վրաստանի սևծովյան «Անակլիա» խորջրյա նավահանգստի շինարարությունը կիրականացնի չինական ընկերություն։ Դա որոշակիորեն վերջ դրեց այդ ենթակառուցվածքային խոշոր տարածաշրջանային ծրագրում ԱՄՆ-ի դերակատարման հեռանկարին (մանրամասների համար տե՛ս՝ [33])։
  • Անցած երեք տասնամյակների ընթացքում «Արևելք–Արևմուտք» առանցքով իրացնելով ածխաջրածինների տարանցիկության իր ռազմավարությունը ՔՇԱՆԴ շրջանակներում, Վրաստանը արդյունավետ, թեև՝ անուղղակի, մասնակցում է Հայաստանի տարածաշրջանային շրջափակմանը՝ դժվարացնելով «կողպված երկիր»[56] հանդիսացող Հայաստանի անխոչընդոտ հասանելիությունը սևծովյան նավահանգիստներ և այլ երկրներ, առաջին հերթին՝ ՌԴ։
  • Սոցիալ-տնտեսական, մշակութային, ժողովրդագրական և հասարակությունների ընդհանրական «բարդության» առումներով հետխորհրդային Վրաստանը կրել է շոշափելի նահանջ և կորուստներ։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ։ «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (22.05.2023), https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ- միջուկային-զենքը/
  2. Մարջանյան Ա. Հ., Մաս 2․ «1994 թ. Մեծ Սակարկությունը» և «Փոխանակման ռազմավարությունները»: «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (25.09.2023), https://arvak.am/ մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը-2/
  3. Մարջանյան Ա. Հ., Մաս 3. Բուդապեշտյան հուշագրեր։ «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (07.04.2024), https://arvak.am/բուդապեշտյան-հուշագրեր/
  4. Մարջանյան Ա. Հ., Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև: «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, Հունվար 4, 2025, https://arvak.am/իրանը-սկիլլայի-և-քարիբդիսի-միջև/
  5. Марджанян, А. А., Ирано-израильская война 2025 г. Предварительные выводы для Армении. Аналитический центр «АРВАК», 10 июля, 2025, https://arvak.am/ru/ирано-израильская-война-2025-г-предварит/
  6. Распад СССР: Документы и факты (1986-1992): В 2-х тт. Т. I: Нормативные акты. Официальные сообщения. Т. II: Архивные документы и материалы. Под общ. ред. С. М. Шахрая. 2-е изд, М.: Кучково поле, 2015. –1120 с. –824 с.
  7. END OF THE SOVIET UNION. Text of Bush’s Address to Nation on Gorbachev’s Resignation. The New York Times, Section A, Page 16, the National edition. 1991, Dec. 26.
  8. Public Papers of the Presidents, George Bush, 1992-1993, Vol. 1, pp. 502-503.
  9. Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, 1968. Registration Number No 10485. List of Participants. https://treaties.un.org/pages/showDetails.aspx?objid=08000002801d56c5
  10. UN Office for Disarmament Affairs. Treaties Database. Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons. https://treaties.unoda.org/t/npt/participants
  11. Conclusion of Additional Protocols with IAEA. STATUS LIST (as of 31 December 2023). https://www.iaea.org/sites/default/files/20/01/sg-ap-status.pdf
  12. Зубок, В. М., Коллапс. Гибель Советского Союза. M. Изд. «АСТ», 2023․ –894 с.
  13. Bush, B. Scowcroft, A World Transformed. Alfred A. Knopf, N.Y., 1998., pp. 538–539, https://archive.org/details/worldtransformed00bush/page/n7/mode/2up
  14. Технологии этнической мобилизации. Из истории становления грузинской государственности (1987–1993). Автор-составитель Г. П. Лежава. Под ред. М. Н. Губогло. М.: ЦИМО, 2000. –372 с. https://rusneb.ru/catalog/000199_000009_000700211/
  15. Мурванидзе, Б. Ю., Внешнеполитические ориентиры Грузии в период президентства Эдуарда Шеварднадзе. ИЗВЕСТИЯ ВУЗОВ. СЕВЕРО-КАВКАЗСКИЙ РЕГИОН. ОБЩЕСТВЕННЫЕ НАУКИ. 2009. №3А. 119-123, https://cyberleninka.ru/article/n/ vneshnepoliticheskie-orientiry-gruzii-v-period-prezidentstva-eduarda-shevardnadze
  16. Asatiani, Nodar; Janelidze, Otar, History of Georgia. Tbilissi: Publishing House Petite. 2009
  17. Доклад комиссии ЕС: войну начала Грузия․ BBC, Русская служба, 30 сентября 2009, https://www.bbc.com/russian/international/2009/09/090930_eu_georgia_report
  18. Андрей Шарый, Лицом к лицу: Михаил Горбачев. Радио Свобода. 19-08-2001, https://archive.svoboda.org/programs/ftf/2001/ftf.081901.asp
  19. Georgia’s Nuclear Odyssey: The Path from Soviet Atomic Legacy to Global Nonproliferation Regime. Civil Council on Defence and Security. Tbilisi, 2013. 102 p․, https://eprints.iliauni.edu.ge/ 1862/1/2013_Georgia %27s_Nuclear_Odyssey.pdf
  20. В Грузии категорически опровергли заявление Абхазии о готовившемся применении ядерного оружия. Кавказский Узел, 01 апреля 2006, https://www.kavkaz-uzel.eu/articles/92338
  21. Independent International Fact-Finding Mission on the Conflict in Georgia (IIFFMCG). (By 2 Dec. 2008 decision of the Council of the European Union). EU, September 2009. Vol. 1. Introduction, Vol. 2. Chapters, Vol 3. Material received from the sides to the conflict and other sources. https://web.archive.org/web/20140905195343/http://www.ceiig.ch/Report.html
  22. Agreement between the United States of America and the Union of Soviet Socialist Republics on the maritime boundary, 1 June 1990, https://www.un.org/depts/los/LEGISLATIONANDTREATIES/ PDFFILES/TREATIES/USA-RUS1990MB.PDF
  23. McNeill, John, H., America’s Maritime Boundary With the Soviet Union. Naval War College Review, Vol. 44, No. 3 (SUMMER 1991), pp. 46-57, https://www.jstor.org/stable/44638523
  24. Tkachenko, B. I., Comparative Analysis of the USA/USSR Maritime Boundary Agreement of 1990 and Treaty Between Norway and Russia Concerning Maritime Delimitation and Cooperation in the Barents Sea and the Arctic Ocean of 2010. Asia-Pacific Journal of Maritime Science & Education, vol 2, No 2, 2012, pp. 35-69.
  25. Remembering Eduard Shevardnadze. By William Courtney, Hon. Kenneth S. Yalowitz & Denis Corboy․ July 8, 2014, https://www.wilsoncenter.org/article/remembering-eduard-shevardnadze
  26. Robert N. Ceo, Kenneth A. Thompson, Wesley J. Bicha, «Gamma Ray Measurements of Reactor Fuel Elements in the Republic of Georgia». 40th Annual Meeting: Proceedings of the Institute of Nuclear Materials Management (Documation, 1999).
  27. Nuclear Threat Initiative. Georgia Overview. NTI Factsheet, May 29, 2015, https://live-nuclear-threat-initiative.pantheonsite.io/analysis/articles/georgia-overview/
  28. «U.S., Britain Relocate Nuclear Material from Volatile Georgia»․ Michael Gordon, The New York Times, 21 April 1998, https://www.nytimes.com/1998/04/21/world/us-and-britain-relocate-a-cache-of-nuclear-fuel.html
  29. Մարջանյան Ա. Հ., Ադրբեջանական հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը: Հ. 1, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2013, https://www.noravank.am/upload/pdf/ Marjanyan_book.pdf
  30. Մարջանյան Ա. Հ., Ադրբեջանական հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը: Հ. 2, Հավելվածներ․ «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2013, https://www.noravank.am/ upload/pdf/ANNEXES.pdf
  31. Մարջանյան, Ա. Հ., Վրաստանի նավահանգիստները. Կուլևի նավթային տերմինալը։ Օրբելի կենտրոն. (25.11.2019) https://orbeli.am/hy/post/320/2019-11-25/Վրաստանի++նավահան գիստները.+Կուլևի++նավթային++տերմինալը
  32. Մարջանյան Ա. Հ., Կողպված երկրներ։ Օրբելի կենտրոն. (2020-05-07), https://orbeli.am/hy/ post/443/2020-05-07/Կողպված++երկրներ
  33. Մարջանյան, Ա. Հ., Վրաստանի խորջրյա նոր նավահանգիստը։ Օրբելի կենտրոն. (2019-11-14), https://orbeli.am/hy/post/315/2019-11-14/%20New+deep+%20port%20of%20Georgia

[1] ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի պատվավոր անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:

[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2025 թ. հուլիսի 27-ին:

[3] U.S. Secretary of State James Baker news conference on recent events in the Soviet Union and the Baltic states. State Department News Briefing, September 4, 1991, https://www.c-span.org/video/?21026-1/state-department-news-briefing (բեռնման օրը՝ 10.02.2024): ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հետ դեռ 1922 թ․ հուլիսի 28-ին և երբեք չէր ճանաչել դրանց «բռնակցումը» ԽՍՀՄ-ին: Այստեղ և ստորև բոլոր թարգմանությունները մերն են – Ա.Մ.:

[4] Ստորագրվել է 1939 թ. օգոստոսի 23-ին՝ Մոսկվայում, 3-րդ Ռայխի և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարներ Ի. ֆոն Ռիբենտրոպի և Վ. Մոլոտովի կողմից։ Պայմանագրի գաղտնի հավելվածները սահմանում էին կողմերի հետաքրքրությունների գոտիներն, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում։ ԽՍՀՄ բուն փլուզման ժամանակ ու դրան նախորդող տարիներին «Պակտի» գաղտնի հավելվածների բացահայտման ու հրապարակման գործընթացները ինքնին շատ հետաքրքիր են, սակայն դրանց դիտարկումը միանգամայն դուրս է մեր հոդվածի շրջանակներից։

[5] Ռուսաստանի Դաշնության դեպքը առանձնահատուկ է: Մանրամասների համար տե՛ս՝ [2], Գլ. 5.1. «Ինչո՞ւ է ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»։

[6] «Постановление Секретариата ЦК КПСС “О заявлении Совета балтийских государств”»․ Секретно, Особая папка, подлежит возврату в Секретариат ЦК. Բաց աղբյուրներում առաջին անգամ այս փաստաթուղթը, չգիտես ինչու, հրապարակվեց ԱՄՆ-ի ազգային արխիվի կողմից՝ 2011 թ․ սեպտեմբերի 11-ին։ Տե՛ս՝ https://nsarchive.gwu.edu/document/25831-12-postanovlenie-sekretariata-ck-kpss-o-zayavlenii-sovet (բեռնման օրը՝ 10.02.2024)։

[7] 1991 թ. օգոստոսի 20-ին Էստոնիայի պառլամենտը հայտարարեց, որ «ԱԴՊԿ»-ի խռովությունը անհնարին է դարձնում ԽՍՀՄ հետ (և մասին) հետագա բանակցություններն ու միակողմանիորեն հռչակեց Էստոնիայի անկախությունը [12, Գլ. 12.]։

[8] «В 17:00 Джордж Буш объявил о признании США независимости Эстонии, Латвии и Литвы». Хроника последних дней СССР в новостях «Интерфакса», 2 сентября 1991 года, https://www.interfax.ru/ 30years/785734 (բեռնման օրը՝ 10.02.2024): Այդ նույն օրվա երկրորդ կեսին Բուշ ավագը մտորում էր իր կյանքում սեպտեմբերի 2-ի օրվա խորունկ իմաստի մասին, մտաբերելով որ 1944 թ․ հենց սեպտեմբերի 2-ին Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայից հարավ գտնվող Բոնին կղզու մոտակայքում, խոցվեց իր վարած ռազմական ինքնաթիռը: Անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին, ողջ մնաց միայն Ջ. Բուշ ավագը, տե՛ս` [13]։

[9] 1966 թ. «Միջուկային զենքի չտարածման պայմանագիր», (ДНЯО, NPT, տե՛ս` [2, 3]):

[10] UN Treaties. Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, https://treaties.un.org/Pages/ showAction Details.aspx?objid=0800000280120718&clang=_en (բեռնման օրը՝ 10.02.2024): ՄԶՉՊ-ն ուժի մեջ է մտել 1970-ից։ Արդեն իսկ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին միանալու (assession) դեպքում, պայմանագրի վավերացումը ազգային պառլամենտում պարտադիր չէ։ Էստոնիան այս հարցում պարզապես ավելորդ զգուշավորություն էր ցուցաբերել:

[11] UN Treaties. Latvia’s Accession to Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, https://treaties.un.org/ Pages/showActionDetails.aspx?objid=08000002801206ef&clang=_en (բեռնման օրը՝ 10.02.2024).

[12] UN Treaties. Lithuania’s Accession to Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, https://treaties.un.org/Pages/showActionDetails.aspx?objid=08000002801205ec&clang=_en (բեռնման օրը՝ 10.02.2024).

[13] UN Office for Disarmament Affaires, UN ODA.

[14] Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, International Atomic Energy Agency, МАГАТЭ․

[15] Seven new members join NATO. 29 Mar. 2004, https://www.nato.int/docu/update/2004/03-march/ e0329a.htm (բեռնման օրը՝ 10.02.2024).

[16] Բ. Ելցինը այստեղ հիշատակում է 20-րդ դարի մարգարեներից մեկին` Ջ. Քեննանին (George F. Kennan)։ Նրա մասին տե՛ս՝ Марджанян, А. А., Наше будущее – глазами NIC. «21-й ВЕК», № 3 (11), 2009, https://cyberleninka.ru/article/n/nashe-buduschee-glazami-nic (բեռնման օրը՝ 08.08.2010):

[17] Տե՛ս՝ U.S. National Archive. «Шедевры истории, 1990-91», https://nsarchive.gwu.edu/document/28767-document-12-pismo-prezidenta-elcina-prezidentu-klintonu-pered-v (բեռնման օրը՝ 12.06.2016)։

[18] Հետաքրքիր է դիտարկել Բալթյան հանրապետություններում կառուցված ռազմավարական նշանակության այլ ռազմական ենթակառուցվածքի «ժառանգության» հարցը։ Այսպես, օգտակար կլիներ իրականացնել Լատվիայում գտնվող ԽՍՀՄ ՀՀՆՀ-ի (СПРН) «Սկրունդա» («Скрунда») հարթակում տեղակայված «Дарьял-УМ» ռադիոտեղորոշումային կայանների և Ադրբեջանի Կուտկաշեն ավանի մոտակայքում տեղակայված «Дарьял-УМ» («Գաբալա») կայանների ճակատագրերի զուգահեռ վերլուծականը՝ Ադրբեջանի և Լատվիայի անկախացման գործընթացներում ու ԱՄՆ–ՌԴ ուժային հակամարտության ու նախկին խորհրդային հանրապետությունների հետ ՌԴ հարաբերությունների լույսի ներքո։ Սակայն, սա ևս դուրս է մեր հոդվածի շրջանակներից։

[19] «Ռազմավարական անվտանգային համակարգ» եզրույթի օգտագործումը ընդգծում է, որ խոսքն այստեղ միջուկային զենքի մասին է։ Այն հանգամանքը, որ հոդվածում խոսում ենք հիմնականում տակտիկական միջուկային զենքի մասին (ՏՄԶ սահմանման մասին՝ տե՛ս՝ [1]), այստեղ բան չի փոխում։ Տակտիկական միջուկային զենքը որոշ երկրների համար հանդիսանում է ռազմավարական անվտանգային համակարգի հարց ու գործոն։

[20] Որոշ հրապարակումներում այն կոչվում է «ռուսվրացական» պատերազմ»։

[21] Kristensen, H., “Russia Upgrades Nuclear Weapons Storage Site In Kaliningrad”․ FAS, 06.18.2018, https://fas.org/publication/kaliningrad/ (բեռնման օրը՝ 12.07.2025).

[22] “Russia deploys Iskander nuclear-capable missiles to Kaliningrad – RIA”. Reuters, February 5, 2018, https://www.reuters.com/article/us-russia-nato-missiles/russia-deploys-iskander-nuclear-capable-missiles-to-kalinin grad-ria-idUSKBN1FP21Y/ (բեռնման օրը՝ 12.07.2025).

[23] «В Литве заявили, что вопрос о размещении ядерного оружия в странах Балтии не обсуждается»․ ТАСС, 4 апреля 2023, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17448941 (բեռնման օրը՝ 21.07.2025).

[24] «В Эстонии заявили о готовности принять самолеты НАТО с ядерным оружием». Interfax, 27 июня 2025, https://www.interfax.ru/world/1033333 (բեռնման օրը՝ 21.07.2025).

[25] «МИД РФ учитывает готовность Эстонии принять самолеты НАТО с ядерным оружием». ТАСС, 2 июля 2025, https://tass.ru/politika/24412799 (բեռնման օրը՝ 21.07.2025).

[26] “Army Europe chief unveils NATO eastern flank defense plan”. DefenseNews, Jul 17, 2025, https://www.defensenews.com/land/2025/07/16/army-europe-chief-unveils-nato-eastern-flank-defense-plan/ (բեռնման օրը՝ 21.07.2025).

[27] «Патрушев: НАТО стремится военным способом нарушить целостность РФ». РГ, 26.07.2025, https://rg.ru/2025/07/26/patrushev-nato-stremitsia-voennym-sposobom-narushit-celostnost-rf.html (բեռնման օրը՝ 27.07.2025).

[28] «Литва погружается в антикитайский кризис». CGTN, 21 Aug., 2021, https://russian.cgtn.com/n/BfJEA-CAA-FEA/EBGDcA/index.html (բեռնման օրը՝ 12.06.2024).

[29] President Addresses and Thanks Citizens in Tbilisi, Georgia. Office of the Press Secretary. May 10, 2005, https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2005/05/20050510-2.html (բեռնման օրը՝ 10.05.2015). Չգիտեմ, հասցրեցի՞ն, արդյոք, նախագահ Ջ. Բուշ կրտսերին տեղեկացնել, որ էլ ավելի վաղ այս հրապարակը կոչվում էր «Երևանյան հրապարակ»։

[30] A Guide to the United States’ History of Recognition, Diplomatic, and Consular Relations, by Country, since 1776: Georgia. U.S. Department of State, https://history.state.gov/countries/georgia (բեռնման օրը՝ 11.02.2024). Ավելի վաղ, 1991 թ. ապրիլի 9-ին, 1989 թ. «թբիլիսյան ողբերգությունից» ուղիղ 2 տարի անց, Վրաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը և Զ. Գամսախուրդիային նշանակեց «անցումային նախագահ» (Interim President)։ Նա ընտրվեց 1991 թ. մայիսի 26-ին։

[31] ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ք․ Քավանո (Carey Cavanaugh) [8]:

[32] Մեջբերում ենք ըստ Վրաստանի Ռեգիոնալիզմի հետազոտական կենտրոնի արխիվացված կայքի, https://archive.ph/20120908125513/http://www.rrc.ge/law/SamxSabch_02_01_1992_R.htm?lawid=1765&lng_3=ru#selection-15.0-135.18 (բեռնման օրը՝ 21.02.2024):

[33] Սա պիտակավորում չէ, այլ լավ փաստարկված հանգամանք, տե՛ս՝ История «Мхедриони», https://mkhedrioni.xyz/65/ (բեռնման օրը՝ 21.02.2024)։

[34] 2011 թ. օգոստոսին, մի փոքր ուշացած, Թենգիզ Սիգուան կխոստովանի, որ 2008 թ. պատերազմը սկսել էր Վրաստանը, տե՛ս՝ «Войну в Южной Осетии начала Грузия, заявил экс-премьер Грузии Сигуа»․ РИА Новости, 11.08.2011, https://ria.ru/20110811/415751691.html (բեռնման օրը՝ 21.02.2024)։ Ավելի վաղ՝ 2009-ին, նման եզրակացության էր եկել ԵՄ կողմից ստեղծված «Հարավային Կովկասում 2008 թ. օգոստոսյան պատերազմի հանգամանքները քննող Միջազգային Հանձնաժողովը» [17]:

[35] IV Съезд народных депутатов СССР. Уход Э. Шеварднадзе 2/2. Տե՛ս՝ https://www.youtube.com/ watch?v=v5EP4If4esI (բեռնման օրը՝ 22.02.2024). Է. Շևարդնաձեի այս ելույթը սնուցվում էր նաև ԽՍՀՄ փոխնախագահի պաշտոնում Գ. Յանաևի, այլ ոչ իրեն նշանակման մասին Մ. Գորբաչովի որոշմամբ [18]։

[36] Ինչպես գրում է բանիմաց հեղինակը՝ «1991–1992 թթ. դեկտեմբերհունվարյան ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից էր նաև է. Շևարդնաձեն» [14, էջ 120]։

[37] Глава Республики Грузия․

[38] Հասանելի բաց պաշտոնական որևէ աղբյուր Ալմա-Աթայի հռչակագրին Վրաստանի միացման ստորագրված նամակի պատճեն չի բերում։ Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ-ից 2009 թ․ օգոստոսի 18-ին։

[39] «Հայաստանի Հանրապետություն», 3 սեպտեմբերի, 1991 թ.։

[40] Ի դեպ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ․ հունվարի 6-ի որոշումով կանգնեցվեց Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը, իսկ 1990–1991 թթ. ՀԽՍՀ Կիրովականի քիմիական կոմբինատի տարածքից տարհանվեց այնտեղ գտնվող ծանր ջրի (D2O) պաշարը: Տե՛ս՝ շարքի՝ Հայաստանին նվիրված հոդվածում։

[41] https://banmonitor.org/profiles/georgia#:~:text=Georgia%20did%20not%20participate%20in,for%20 a%20 change%20in%20conduct (բեռնման օրը՝ 11.07.2025):

[42] 1996 թ. մարտի 8-ին նախագահներ Հ. Ալիևի և Է. Շևարդնաձեի Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց կառուցել «Բաքու–Սուպսա» նավթատար խողովակաշարը [31]։

[43] ГУУАМ. Ուզբեկստանը դուրս է եկել ՎՈՒՈՒԱՄ-ից 2005-ին, դարձնելով այն ՎՈՒԱՄ (ГУАМ)։ Ի դեպ, Վրաստանի առաջնային դիրքն այս հապավման մեջ չի կարելի բացատրել միայն դրա բարեհնչունության ձգտումով։ Կարծում ենք, որ այստեղ ավելի կարևոր էին 90-ականներին Անդրկովկասում Արևմտյան գրանդստրատեգիայի համար Վրաստանի դերակատարումը ու Է. Շևարդնաձեի անձնական «արժանիքների» գնահատումը։

[44] Այլ անվանումներ՝ Project Olympus”, “Program Export, տե՛ս՝ [19, 28]: Որոշակի առումով սա Ղազախստանում իրականացված «Сапфир» մասշտաբային գործողության նմանակն էր։ Ղազախստանի նախկին էլբասի Ն. Նազարբաևի հրահանգով «Сапфир» գործողության մասին նույնիսկ հատուկ վավերագրական ֆիլմ նկարահանվեց, տե՛ս՝ https://www.youtube.com/watch?v=kjHIj9K-4jc (բեռնման օրը՝ 11.07.2016):

[45] Արդարության համար նշենք, որ Վրաստանում առկա է այս հարցերին նվիրված վերլուծական ժողովածու՝ հրապարակված 2013-ին [19]: Այո, այն դժվար է սպառիչ կամ լիարժեք համարել, բայց այն, գոնե առկա է, ի տարբերություն հայրենական (կամ ադրբեջանական) վերլուծական դաշտի։

[46] Դառնությամբ եմ հիշում գործընկերներիս զարմացած, կիսահեգնական հայացքները, երբ 1990-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին տարատեսակ քննարկումների, սեմինարների, փակ և բաց հանդիպումների ժամանակ մատնանշում էի այս հարցերի վճռորոշ կարևորությունը ու դրանց էական դերակատարումը մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների վրա։

[47] Պաշտոնական անվանումը՝ «Соглашение между СССР и США о линии разграничения морских пространств» (USA/USSR Maritime Boundary Agreement) [22]։ Հաճախ անվանվում է պարզապես «ԲեյքերՇևարդնաձե գծի պայմանագիր» («Соглашение о Линии Шеварднадзе–Бейкера», “Baker–Shevardnadze line agreement), կամ ավելի պատկերավոր՝ «Դավաճանական գծի պայմանագիր» [договор «Линии предательства»]։ Իրավական և աշխարհագրական մանրամասների համար տե՛ս՝ [22-24]:

[48] ԳԴՀ-ից սովետական զորքերի հապճեպ դուրսբերում, «դավաճանություն» Իրաքի նկատմամբ թե՛ Քուվեյթի միջադեպում, թե՛ «Ծոցի պատերազմների» ընթացքում։ Վերջին հանգամանքը կարևոր էր նավթի գործոնի առնչությամբ։

[49] «Линия равного отстаяния», “median line”.

[50] Տե՛ս՝ [29], Գլ. 4 և 9, [30], Գլ. 3։

[51] Ի հակադրություն այդ տարհանմանը կատաղի ընդիմացող Ուկրաինային կամ հյուծող բանակցություններ վարող Ղազախստանին, կամ գործը բաց ռազմական բախման հասցրած Ադրբեջանին։ Հայաստանի ու Ադրբեջանի «փոխանակման ռազմավարությունները» կդիտարկենք շարքի առանձին հոդվածում։

[52] «Революция роз» в Грузии в ноябре 2003 года․ РИА Новости, 22.11.2023, https://ria.ru/20231122/ revolyutsiya_roz-1910931253.html (բեռնման օրը՝ 21.02.2024)։ Հայաստան այս ալիքը կհասնի միայն 2018-ի գարնանը։

[53] Associated gas. Չշփոթել «բնական գազի» հետ, որն, օրինակ, Ադրբեջանը արդյունահանում է Կասպիցի «Շահ Դենիզ» դաշտում, կամ որն առկա է Կասպիցի «ԱՉԳ» դաշտի նավթաբեր հորիզոնից ներքև (ԱՉԳ «խորքային գազ», [29], Գլ. 3)։

[54] «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Վրաստանի համատեղ հայտարարությունը ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ»։ 1TV.GE, 31.07.2023, https://1tv.ge/lang/am/ news/chinastani-zhoghovrdakan-hanrapetuthyan-ev-vrastani-hamategh-haytararuthyuneh-razmavarakan-gortcehnkeruthyan-hastatman-veraberyal/ (բեռնման օրը՝ 24.12.2024):

[55] “Chinese-Led Consortium To Build Massive Port Project On Georgia’s Black Sea Coast”. RFERL, May 29, 2024, https://www.rferl.org/a/anaklia-georgia-china-port-winner/32970697.html (բեռնման օրը՝ 24.12.2024).

[56] Landlocked country, տե՛ս՝ [32]։