Սեղմագիր
Հոդվածը շարունակում է մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի, հիմնականում՝ տակտիկական միջուկային զենքի (ՏՄԶ) ազդեցության ուսումնասիրությունների շարքը: 3-րդ մասում «Բուդապեշտյան հուշագրերի» օրինակով դիտարկվում է միջազգային հարաբերություններում միջուկային զենքի առնչությամբ անվտանգության «երաշխիքների» տրամադրման խնդիրը: Քննարկվում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջուկային ժառանգության «փոխանակման ռազմավարությունները»։ Բերվում են այս խնդիրների հետ կապված, մեզանում քիչ կամ երբևէ չլուսաբանված մանրամասներ։
ЯДЕРНОЕ ОРУЖИЕ И РЕГИОН
Часть 3. БУДАПЕШТСКИЕ МЕМОРАНДУМЫ
Марджанян А. А.
Аннотация
Статья продолжает серию исследований влияния ядерного оружия, преимущественно тактического ядерного оружия (ТЯО), на процессы, происходящие в нашем регионе. На примере «Будапештских меморандумов» рассматривается проблема «гарантий» безопасности в отношении ядерного оружия в международных отношениях. Обсуждаются «стратегии обмена» ядерного наследства бывших республик СССР. Приводятся подробности, которые мало или вовсе не освещались в армянской специальной литературе.
NUCLEAR WEAPON AND THE REGION.
Part 3. BUDAPEST MEMORANDA
Marjanian A. H.
Summary
The article continues the previous studies, devoted to the analysis of the impact of nuclear weapons, mainly Tactical Nuclear Weapons (TNW), on the processes in our region. Based on the example of the “Budapest Memoranda”, the problem of security “assurances” related to the nuclear weapons is considered. The “exchange strategies” of the former Soviet republics for their nuclear heritage are discussed. The article presents details on the subject, little or never covered in the Armenian specialized literature.
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ
Մաս 3. ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ
Հոդվածը շարունակում է մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի, հիմնականում՝ տակտիկական միջուկային զենքի (ՏՄԶ) ազդեցության ուսումնասիրությունների շարքը [1, 2]: Սույն՝ 3-րդ մասում «Բուդապեշտյան հուշագրերի» օրինակով դիտարկվում է միջազգային հարաբերություններում միջուկային զենքի առնչությամբ անվտանգության «երաշխիքների» տրամադրման հարցը:
5.2. Միջուկային զենքը և միջազգային սուբյեկտայնությունը
«Բոլոր կենդանիները հավասար են,
բայց որոշները՝ ավելի հավասար»։
Ջոն Օրուել, «Անասնաֆերմա», 1945 թ. օգոստոսի 17։
Նյութի համարժեք ընկալման համար նորից ստիպված ենք սկսել խնդրին առնչվող մի քանի հիմնարար հասկացությունների հայերեն սահմանումներից, ինչպես նաև` լեզվական ու թարգմանչական որոշ նրբություններից։ Իրավական ուժ ունեցող փաստաթղթերում օգտագործված այս հասկացությունների (բառերի) սխալ թարգմանությունը, մեկնաբանումը և ընկալումը անցած տասնամյակներում բերել էր, բերում է այսօր, և դեռ կբերի՝ ապագայում, արյունոտ գին ունեցող քաղաքական ու աշխարհաքաղաքական սխալների։
Ամենատարածված և միևնույն ժամանակ՝ ամենածանր սխալը վերաբերում է միջազգային հարաբերություններում միջուկային զենքի հետ կապված անվտանգության «երաշխիքների» տրամադրման հարցին։ Ավելի ճշգրիտ, դրա առնչությամբ «Assurances» (հավաստիացումներ) և «Guaranties» (երաշխիքներ) անգլերեն(3) եզրույթների օգտագործմանը, թարգմանությանը, տարբեր լեզվամտածողության «աշխարհներում» դրանց ընկալմանը և մեկնաբանմանը։
Դիտարկենք ասվածը 1994 թ․ «Բուդապեշտյան հուշագրերի» օրինակով։
Նախ, ինչո՞ւ ենք այստեղ օգտագործում հոգնակի, այլ ոչ թե եզակի թիվ, ինչպես որ դա, սովորաբար, արվում է խնդրին առնչվող սակավաթիվ հայերեն նյութերում։ Խնդիրն այն է, որ «Բուդապեշտյան հուշագիրը» իրականում երեք միօրինակ միջազգային փաստաթղթերի՝ հուշագրերի (memoranda) հանրույթ է, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԹ և ՌԴ կողմից Ուկրաինային, Ղազախստանին և Բելառուսին անվտանգության «երաշխիքների» տրամադրմանը, 1968 թ․ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ)(4) վերջիններիս «ոչ միջուկային պետությունների» կարգավիճակով միանալու կապակցությամբ։ Ընդ որում, պաշտոնապես միջուկային տերությունների(5) հնգյակի մյուս երկու ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի և Չինաստանի կողմից Ուկրաինային, Ղազախստանին և Բելառուսին այս կապակցությամբ տրամադրված անվտանգության «երաշխիքները» այլ են, և դրանք պետք է տարբերակել բուն Բուդապեշտյան երեք հուշագրերից։
Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, դրանք հենց այս երեքը, և ինչո՞ւ ենք «երաշխիքներ» հասկացությունը դնում չակերտների մեջ։ Այս հարցերը կարևոր են ու պահանջում են պարզաբանումներ։
Առաջին հարցի պատասխանը նյութական է և պայմանավորված ԽՍՀՄ միջուկային զենքի ու դրա հետ կապված ռազմավարական համակարգերի(6) տարածական բաշխվածությամբ՝ ըստ միութենական հանրապետությունների։ 1980-ականների վերջին ԽՍՀՄ ռազմավարական նշանակության միջուկային զենքը Ռուսաստանի խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետությունից (ՌԽՍԴՀ) բացի, տեղակայված էր միայն Ուկրաինական, Ղազախական և Բելառուսական ԽՍՀ-ների տարածքներում ([2], Աղ. 1)։ Այս երեք միութենական հանրապետություններում էին գտնվում նաև ԽՍՀՄ ռազմավարական համակարգերի էական տարրեր, բաղադրիչներ և կենտրոններ։ Բացի այս, նշված հանրապետություններում էր տեղակայված նաև ԽՍՀՄ տակտիկական նշանակության միջուկային զենքի (ՏՄԶ) մի զգալի մասը։
Աղյուսակ 1-ում ի մի ենք բերել 1980-ականների վերջի դրությամբ միութենական բոլոր հանրապետություններում տեղակայված ընդհանուրը մոտ 18 հազ․ միավոր ՏՄԶ-ի մասին առավել հուսալի և փորձագիտական հանրության կողմից ընդունված տվյալները (մանրամասները՝ [2]-ում)։ Աղյուսակում նշված են ըստ հանրապետությունների տեղակայված ՏՄԶ-ի լիցքերի քանակը (միավոր) ու դրանց տոկոսային համամասնությունը՝ ամբողջի նկատմամբ (%), ինչպես նաև միութենական հանրապետությունների տարբեր խմբերի համապատասխան ցուցանիշները։
Աղյուսակ 1․
1980-ականների վերջի դրությամբ ԽՍՀՄ 18020 միավոր ՏՄԶ-ի բաշխվածությունը՝
ըստ միութենական հանրապետությունների
Աղբյուրը` [2]
Ինչպես տեսնում ենք, ռազմավարական ու տակտիկական միջուկային զենքի տարածական այս բաշխվածությունը բոլոր միութենական հանրապետությունները բաժանված էին երկու հստակորեն տարբեր խմբերի։ Առաջին խմբում («Ա» խումբ՝ ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս) տեղակայված էին ԽՍՀՄ ՏՄԶ-ի զինանոցի 90%-ը (16175 միավոր)։ Ընդ որում, այս խմբի սլավոնական երեք հանրապետություններում էր գտնվում դրա 88%-ը (15845 միավոր), իսկ «Ա» խմբի միակ ոչ սլավոնական հանրապետությունում՝ Ղազախստանում տեղակայված էր ՏՄԶ-ի 1.8% (330 միավոր)։
Բացի դա, 1991 թ. վերջի դրությամբ «Ա» խմբի այս չորս հանրապետություններում էր տեղակայված ԽՍՀՄ ռազմավարական ու հարձակողական նշանակության միջուկային զենքի 100%-ը. գումարային՝ 2217 կրիչ և 9806 միջուկային լիցք։ Ընդ որում, ՌԽՍԴՀ-ում էր գտնվում դրանց ճնշող մեծամասնությունը՝ ռազմավարական կրիչների 80%-ը և լիցքերի 70%-ը, Ուկրաինայում՝ կրիչների 10%-ը և լիցքերի 16%-ը, Ղազախստանում՝ 6%-ը և 12%-ը, Բելառուսում՝ համապատասխանաբար, 4%-ը և 1%-ը ([2], Աղ. 1)։
Միութենական մնացած 11 հանրապետություններում («Բ» խումբ) տեղակայված էր միայն ԽՍՀՄ տակտիկական միջուկային զենք։ Գումարայինը դրանք կազմում էին ԽՍՀՄ ՏՄԶ-ի ողջ զինանոցի ընդամենը 10%-ը (1845 միավոր), որոնցից, Բալթյան հանրապետություններում՝ 780 միավոր (կամ ԽՍՀՄ ՏՄԶ-ի զինանոցի 4.3%-ը), Անդրկովկասյան հանրապետություններում՝ 595 միավոր (3.3%), Միջին Ասիական հանրապետություններում (առանց Ղազախստանի)՝ 380 միավոր (2.1%), իսկ Ղազախստանի հետ՝ 710 միավոր (մոտ 4%) (տե՛ս Աղ. 1)։
ԽՍՀՄ փլուզման նախօրեին միջուկային զենքի ահա այսպիսի տարածական բաշխվածությունը, գոյացնելով միութենական հանրապետությունների այս երկու խումբը, պայմանավորեց դրանց հանդեպ մի կողմից՝ Ռուսաստանի ու «Կենտրոնի», մյուս կողմից՝ անգլո-սաքսոնական «Արևմուտքի» (ԱՄՆ և ՄԹ), ինչպես նաև Ֆրանսիայի ու Չինաստանի անվտանգային «երաշխիքների» տրամադրման տարբերակված մոտեցումը՝ համահունչ միութենական հանրապետությունների անկախացման գործընթացներին և «1994 թ. Մեծ սակարկության» տրամաբանությանը (տե՛ս [2])։
Ընդ որում, «Ա» խմբում ՌԽՍԴՀ-ի դեպքը առանձնակի էր։ Ինչպես նշել էինք հոդվածի նախորդ մասում, վաղ 90-ականների իր «փոխանակման ռազմավարության» շրջանակներում Ռուսաստանին հաջողվեց լիարժեք վերահսկողության տակ առնել ԽՍՀՄ ռազմավարական և տակտիկական միջուկային ողջ զինանոցը, երաշխավորել ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքով իր մշտական տեղը՝ որպես ԽՍՀՄ քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավահաջորդ՝ 1992 թ. հունվարի 13-ին ստանձնելով ԽՍՀՄ բոլոր միջազգային պարտավորությունները։
Այլ խոսքերով՝ Ռուսաստանին հաջողվեց զատել իրեն «Ա» խմբի մյուս երեք հանրապետություններից, դիրքավորվելով՝ որպես պաշտոնապես միջուկային տերություն, որը մյուս միջուկային տերությունների (ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա, Չինաստան) նման հանդիսանում է ՄԶՉՊ-ին ոչ միջուկային կարգավիճակով միացած երկրներին անվտանգության «երաշխիքներ» տրամադրող, այլ ոչ թե՝ ստացող կողմ։ Աշխարհաքաղաքական և քաղաքակրթական առումներով Ռուսաստանի համար սա միանգամայն ոչ տրիվիալ ձեռքբերում էր, հաշվի առնելով ԽՍՀՄ/Արևմուտք գլոբալ առճակատման «3-րդ համաշխարհային պատերազմում» նրա կրած ծանր պարտությունը։
5.3. ՀՍԿՊ և 1992 թ. Լիսաբոնի արձանագրություն
«ԽՍՀ Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարում է գոյություն ունենալ»։
Բ. Ելցին, Ս. Շուշկևիչ, Լ. Կրավչուկ, 1991 թ. դեկտեմբերի 8(7):
Կիրառական տեսանկյունից ՌԴ միջազգային սուբյեկտայնությունը մեծապես պայմանավորված էր դեռ ԽՍՀՄ օրոք՝ 1991 թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջ. Բուշ ավագի և ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Մ. Գորբաչովի կողմից կնքված «ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրով»(8): Ոչ պաշտոնական այն հապավում են ՀՍԿՊ: Ընդամենը մի քանի ամիս անց՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ (տե՛ս բնաբանում)։
Ստեղծվեց արտառոց և աննախադեպ մի վիճակ, երբ գլոբալ անվտանգությանն ու միջուկային զենքին նվիրված հիմնաքարային պայմանագրի մի կողմը դադարեց գոյություն ունենալ՝ իր տեղը թողնելով չորս պետական գոյացություններ, որոնց տարածքներում տեղակայված էր խորհրդային ռազմավարական ու հարձակողական նշանակության միջուկային ահռելի զինանոցը։ Դա ոչ միայն հարցականի տակ դրեց ՀՍԿՊ վավերացումը, կողմերից մեկի այլևս գոյություն չունենալու պատճառով, այլև՝ մղձավանջի աստիճան հասցրեց ԱՄՆ-ի և «Արևմուտքի» վախը խորհրդային ռազմավարական և տակտիկական միջուկային զենքի հանդեպ կենտրոնացված հսկողության կորստի առնչությամբ։
Հատուկ դիվանագիտական նոտայով 1992 թ. հունվարի 13-ին ՌԴ-ն ստանձնեց ԽՍՀՄ բոլոր միջազգային պարտավորությունները, հայտարարելով (1992 թ. մայիս), որ ողջ խորհրդային ՏՄԶ-ն արդեն գտնվում է ՌԴ ազգային տարածքում՝ կենտրոնական հսկողության տակ [2, 3]: Ի լրացում «Նախագահների միջուկային նախաձեռնություններին» (PNI, տե՛ս [1]), ԽՍՀՄ/ՌԴ-ն ստանձնեց ՏՄԶ-ի տեղափոխմանը, պահպանմանն ու ոչնչացմանը վերաբերող մի շարք միակողմանի նախաձեռնություններ (մանրամասները տե՛ս՝ [4], c. 61–63), ԱՄՆ-ի և «Արևմուտքի» աչքերում ամրապնդելով խորհրդային միջուկային զենքի «պատասխանատու պահապանի» (responsible custodian) իր դերակատարումը։
1992 թ. մայիսի 23-ին Միացյալ Նահանգները և «Ա» խմբի 4 նախկին խորհրդային հանրապետությունները (Աղ. 1) ստորագրեցին ՀՍԿՊ-ի լրացում հանդիսացող Լիսաբոնի արձանագրությունը։ Դրա պաշտոնական անունն է՝ «Protocol to the Treaty between the United States of America and the Union of Soviet Socialist Republics on the Reduction and Limitation of Strategic Offensive Arms», կնքված անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, ղազախերեն և բելառուսերեն իրավազոր բնագրերով [5]։ Այն հանդիսանում է ՀՍԿՊ անքակտելի մաս, որով բոլոր հինգ երկրները դարձան ՀՍԿՊ կողմեր, հիմք ստեղծելով դրա վավերացման համար: Հետևողականորեն իրականացնելով իր «փոխանակման ռազմավարությունը», ՌԴ Գերագույն խորհուրդը շտապեց վավերացնել այն 1992 թ. նոյեմբերի 4-ին [6]։
Այսպիսով, 1991–1992 թթ. կրիտիկական նշանակության ժամանակահատվածում ԽՍՀՄ/ՌԴ-ին հաջողվեց հաղթահարել ԽՍՀՄ լուծարմամբ առաջացած ՀՍԿՊ վավերացմանը խոչընդոտող ու միջուկային գլոբալ անվտանգության համակարգի կայունությանը սպառնացող իրավաքաղաքական ճգնաժամը՝ միևնույն ժամանակ հաջողությամբ իրացնելով սեփական «փոխանակման ռազմավարությունը»։
Ինչ վերաբերում է «Ա» խմբի մյուս նախկին միութենական հանրապետություններին, ապա Ուկրաինան ՀՍԿՊ-ն առաջին անգամ վավերացրեց 1993 թ. նոյեմբերի 18-ին, դրանում կատարելով միակողմանի հավելումներ՝ ուղղված իր տարածքում միջուկային զենքի պահպանմանը(9): ԱՄՆ-ը և Ռուսաստանը չընդունեցին այսպիսի «վավերացման» վավերությունը։ Ծանր սակարկություններից հետո Գերագույն ռադան ի վերջո վավերացրեց 1992 թ. Լիսաբոնի արձանագրությունը և ՀՍԿՊ-ն իր անփոփոխ տեսքով՝ միայն 1994 թ. փետրվարի 3-ին(10): Անշուշտ, «Բուդապեշտյան հուշագրերի» ստորագրմանն ընդառաջ և «1994 թ. Մեծ սակարկության» շրջանակներում [2]։ Ղազախստանը ՀՍԿՊ-ն և 1992 թ. Լիսաբոնի արձանագրությունը վավերացրեց 1992 թ. հուլիսի 2-ին, Բելառուսը՝ 1993 թ. փետրվարի 4-ին [6]։
1994 թ. փետրվարի դրությամբ, Աղ. 1-ի «Ա» խմբի բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները վավերացրել էին ՀՍԿՊ-ն և 1992 թ. Լիսաբոնի Արձանագրությունը։ Վերջնական խոսքը՝ ՀՍԿՊ-ի մյուս կողմ հանդիսացող ԱՄՆ-ինն էր: Կոնգրեսը վավերացրեց այն 1994 թ. դեկտեմբերին՝ «Բուդապեշտյան հուշագրերի» ստորագրմանը զուգահեռ [6]։
Այսպիսով, խորհրդային ռազմավարական նշանակության միջուկային զենքի տարածական բաշխվածության առանձնահատկությունները ձևավորեցին Աղ. 1-ի «Ա» «արտոնյալ» երկրների՝ խումբը, որոնք «արժանի էին» ԱՄՆ-ի և «Արևմուտքի» կողմից այս կամ այն տիպի անվտանգության «երաշխիքների» տրամադրմանը՝ խորհրդային միջուկային ռազմավարական նշանակության զենքից հրաժարվելու դիմաց։ Ինչի համար էլ ԱՄՆ-ը և «Արևմուտքը» օժանդակեցին ՌԴ «փոխանակման ռազմավարության» կարևոր նպատակի իրականացմանը՝ այն դարձավ «երաշխիքներ» տրամադրող կողմ։ Իսկ «Ա» խմբի մյուս երեք անդամների համար ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Արևմուտքը ստեղծեցին անվտանգության միասնական «երաշխիքների» տրամադրման «Բուդապեշտյան հուշագրերի» մեխանիզմը։ Ահա թե ինչու են դրանք այս երեքը։
Նախկին խորհրդային մնացած 11 հանրապետությունները, ուր առկա էր միայն ՏՄԶ, այս «բախտին» չարժանացան։ Անվտանգության «երաշխիքների» տրամադրման հարցում դրանք մնացին այլ հանգամանքներից ու աշխարհաքաղաքական գործոններից կախված, ինչը և գոյացրեց դրանց «փոխանակման ռազմավարությունների» բազմերանգ ամբողջությունը, յուրաքանչյուրն՝ իր ուրույն տրամաբանությամբ ու բովանդակությամբ (տե՛ս ստորև)։
Ավելի ճշգրիտ, մինչև 20-րդ դարի ուշ 80-ականները «Բ» խմբի՝ մնացած 11 հանրապետություններում գտնվող խորհրդային ՏՄԶ-ի հույժ գաղտնի ու ծածուկ տարհանումը ՌԽՍԴՀ/ՌԴ տարածք, իրականացված դեռ 1989-ից ու ավարտված մինչև 1992 թ. մայիսը, պրակտիկ աշխարհաքաղաքականության օրակարգից հանեց խորհրդային ՏՄԶ-ի հարցը, և ՌԴ ու «անգլո-սաքսոնական Արևմուտքի» (ԱՄՆ, ՄԹ) կողմից այդ հանրապետություններին անվտանգության միասնական «երաշխիքների» տրամադրման խնդիրը։ Մեկ կարևոր բացառությամբ՝ Ադրբեջանի պարագայում, ինչին կանդրադառնանք առանձին։ Այս իրավիճակը, ընդհանուր առմամբ, պահպանվեց գրեթե երեք տասնամյակ՝ մինչև 2014-ից ակներև դարձած ՌԴ–Արևմուտք նոր առճակատումը, 2022-ին դրա ռազմական փուլ թևակոխումն ու 2023 թ. գարնան վերջին Բելառուսում՝ արդեն ռուսական ՏՄԶ-ի վերատեղակայումը (տե՛ս [1])։
Այս ամենը շարադրեցինք ընդգծելու համար նաև նորագույն ժամանակներում միջուկային զենքի կապը սահմանների ճանաչման ու տարբեր երկրներին միջազգային սուբյեկտայնության օժտման հետ։ Հարցն այս շատ բարդ է ու ծավալուն(11), սակայն, մեզ համար այստեղ կարևորը հետևյալն է։
Համաձայն Լիսաբոնի 1992 թ. մայիսի 23-ի արձանագրության Հոդված I-ի՝
«Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան, որպես ՄԶՉ Պայմանագրի հետ կապված նախկին ԽՍՀՄ իրավահաջորդ պետություններ, ՄԶՉ Պայմանագրի շրջանակներում ստանձնում են նախկին ԽՍՀՄ պարտավորությունները:
Իսկ, ըստ Արձանագրության Հոդված III-ում բերվող դրույթների.
«1. ՄԶՉ Պայմանագրի իրականացման նպատակով «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» բառերը մեկնաբանվում են որպես Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա։ 2. ՄԶՉ Պայմանագրում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության «ազգային տարածք» բառերը ՄԶՉ Պայմանագրի իրականացման նպատակով օգտագործվելիս հասկացվում և մեկնաբանվում են՝ որպես Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինայի ազգային տարածքների ամբողջություն» [5]:
Ինչպես տեսնում ենք, ՄԶՉՊ անքակտելի մաս հանդիսացող Լիսաբոնի 1992 թ. մայիսյան արձանագրության ստորագրումով ու ՄԶՉՊ վավերացումով, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Բելառուսը օժտվեցին որոշակի միջազգային սուբյեկտայնությամբ՝ ձեռք բերելով իրական (ֆրանսերեն՝ effectif) կարգավիճակ։ Իրոք, ՄԶՉՊ-ն, հանդիսանալով միջազգային համաձայնագիր, կոնկրետացրեց (ֆրանսերեն՝ concrétiser) դրանց «ինքնիշխանություն» հասկացությունը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, և ուրվագծեց դրանց ազգային տարածքները, գոնե միայն ՄԶՉՊ պարտավորությունների իրականացման տիրույթում(12):
Նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունները, որտեղ առկա էր միայն ՏՄԶ-ն, այն էլ՝ արդեն ծածուկ դուրս բերված 1992 թ. մայիսի դրությամբ, չարժանացան սրան։ Նրանց սուբյեկտայնությունը, սահմանների ճանաչումը և տրամադրված անվտանգային «երաշխիքների» արդյունավետությունը դեռ պետք է որոշվեր (կամ չորոշվեր) գալիք տասնամյակների ընթացքում։
Վերը դրված երկրորդ հարցը՝ թե ինչո՞ւ ենք միջուկային զենքի հետ կապված անվտանգության «երաշխիքներ» հասկացությունը դնում չակերտների մեջ, իր բնույթով ոչ նյութական է, լեզվա-հոգեբանական, սակայն դրանից ոչ պակաս ուշագրավ կամ կարևոր։
6. «Բուդապեշտյան հուշագրերը» և «Կառուցողական անորոշությունը»
«What’s in a name? That which we call a rose
by any other name would smell as sweet».
Ու. Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», գործ. II, տես. Ii
Եթե «Բուդապեշտյան հուշագրերին» նայենք «լեզվա-քաղաքակրթական աշխարհների» մրցակցության տեսանկյունից, «Աշխարհի աշխարհների» մեր մեթոդաբանությանը համահունչ [7, 8], ապա կտեսնենք, որ այն, ըստ էության, անգլո-սաքսոնական աշխարհի (ԱՄՆ, ՄԹ) անվտանգության «երաշխիքների» տրամադրումն է՝ սլավոնական աշխարհի երկրներին (ՌԴ, Ուկրաինա, Բելառուս)։ Երեք կարևոր ճշգրտումներով։
Նախ, հարկ է բացատրել «անգլո-սաքսոնական» եզրույթի օգտագործումը մեր հոդվածում, մանավանդ, հակա-արևմտյան ցածրարժեք պրոպագանդայի կողմից այս հասկացության ներկայիս չարաշահման պարագայում։ «Անգլո-սաքսոնական» եզրույթը այստեղ մենք օգտագործում ենք ճիշտ այնպես, ինչպես որ այն օգտագործում էր ՄԹ վարչապետ Ու. Չերչիլը՝ «Ատլանտյան խարտիայի» (1941 թ.) ժամանակ, մինչև 2010 թ. գաղտնի պահվող 1943 թ. «UKUSA» պայմանագրում [9], և նրա ժառանգորդ՝ «Հինգ Աչքերի» (ԱՄՆ, ՄԹ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա) գաղտնի պայմանագրում (1946 թ. մարտի 5) [10]։ Այսինքն` բացառապես ռազմա-քաղաքական, լեզվական, ու աշխարհաքաղաքական առումներով [8]: Նույն հաջողությամբ այստեղ կարող էինք օգտագործել «Անգլոսֆերա» եզրույթը [11]։
Այնուհետև, ընդգծենք «Բուդապեշտյան հուշագրերի» անվտանգության «երաշխիքների» շահառուների շարքում Ղազախստանի առկայությունը, որն Աղ. 1-ի «Ա» խմբի միակ ոչ սլավոնական ու թյուրքախոս հանրապետությունն է։ Սա բազմիմաստ փաստ է, բազմաշերտ գործոնների հանրագումարի արդյունք, ինչն արժանի է մի փոքր վերլուծության։
Այն հանգամանքը, որ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համակարգի և ենթակառուցվածքների տարածական զարգացումը, դրա տարրերի տարածական տեղաբաշխումը, հատկապես 1945 թ.-ից հետո, դուրս եկավ ԽՍՀՄ բուն «սլավոնական կորիզի» տարածքից` ուղղվելով հատկապես դեպի Ղազախստան, ունի, առաջին հերթին, զուտ աշխարհագրական բացատրություն, բայց նաև պատմական ու աշխարհաքաղաքական բովանդակություն։ Խորամուխ չլինելու համար այս հարցերի մեջ(13), փաստենք միայն, որ 80-ականների վերջի դրությամբ Ղազախստանում էին գտնվում ԽՍՀՄ ՀՀՊ ռազմավարական համակարգի «Սարի-Շագան» կարևորագույն փորձադաշտը, ԽՍՀՄ ՀՀՆՀ Հարավ-Արևելյան հրթիռավտանգ սեկտորը փակող այդ ժամանակ միակ՝ «Բալխաշ» հարթակը, ԽՍՀՄ միջուկային զենքի փորձարկման հիմնական՝ «Սեմիպալատինսկ» փորձադաշտը, ԽՍՀՄ ռազմավարական ուժերի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների «Դերժավինսկ», «Տյուրատամ» (Բայկոնուր), «Ժանգիզտոբե» դիվիզիաները, ԽՍՀՄ 2-րդ (և հիմնական)՝ «Բայկոնուր» (Տյուրատամ) տիեզերակայանը, և էլի շատ ու շատ բաներ [4, 12]։
Սակայն, «Ա» խմբում Ղազախստանի հայտնվելն ունի նաև աշխարհաքաղաքական չափողականություն, պատմական ու աշխարհագրական տրամաբանությունների իրենց կուռ միասնականությամբ։ Իսկապես, Ղազախստանի շուրջ՝ Միջին Ասիական, Հարավ-Կովկասյան և Կասպիական տարածաշրջաններում ու հնդկական ենթամայրցամաքում դարեր ի վեր ընթացող աշխարհաքաղաքական «Մեծ Խաղի» հիմնական դերակատարներն էին (են) Ռուսական և Բրիտանական կայսրություններն ու թյուրքախոս աշխարհը։ Ի վերջո, Հ. Մաքինդերի «Պատմության աշխարհագրական այս առանցքում»(14) նշված երեք ուժերի պատմական բախումը և աշխարհաքաղաքական մրցակցությունը անխուսափելի էր (է): Ուստի, անգլո-սաքսոնական, սլավոնական ու թյուրքախոս աշխարհների «հայտնությունը» Բուդապեշտյան հուշագրերում պատահականություն չէ, այլ՝ պատմական ու աշխարհաքաղաքական օրենքների հետևանք։
Ուսանելի է հետևել, թե ինչպես այս պատմական ու աշխարհաքաղաքական գործոնները, ամրապնդված զուտ աշխարհագրական ու ռազմատնտեսական փաստերով, արտահայտվեցին 1991–1997 թթ. Ղազախստանի կողմից վարվող «փոխանակման ռազմավարությունում»: ԽՍՀՄ փլուզման ժամանակ ԽՍՀՄ ոչ սլավոնական հանրապետությունների ձայնը լսելի դարձնելու Ղազախստանի առաջին նախագահ Ն. Նազարբաևի ջանքերից(15), մինչև 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի ստորագրումը:
Վերջապես, նշենք, որ ՌԴ դերակատարումը Բուդապեշտյան հուշագրերում, իրականում, երկակի է։ Մի կողմից՝ 1994-ին այն անվտանգության «երաշխիքներ» տրամադրող կողմ էր։ Բայց դրան հասնելու և իր սեփական «փոխանակման ռազմավարությունն» իրականացնելու համար 1991–1993 թթ.-ին Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և «Արևմուտքի» վճռորոշ աջակցության կարիքն ուներ՝ ամրապնդված նաև նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համաձայնությամբ։ Այսպիսի երկատվածությունը պատմականորեն բնութագրական է Ռուսաստանի համար։ Վերադառնանք, սակայն, «Բուդապեշտյան հուշագրերին»։
6.1. «Բուդապեշտյան հուշագրեր». հավաստիացո՞ւմ, թե՞ երաշխիք
«Հուշագրերը ոչ մի բան չեն նշանակում»։
Դ. Թրամփ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ, 2019 թ. փետրվարի 23(16):
«Չկա այդպիսի բան, ինչպիսին «երաշխիքն» է, դա դիվանագիտությանը բնորոշ չէ»։
Ռ. Մալեյ, «ԱՄՆ–Իրան» Միջուկային հարցերով ավագ բանագնաց, 2021 թ. հուլիսի 31(17):
Լեզվական տեսանկյունից «Բուդապեշտյան հուշագրերի» հանրույթը կազմված է 9 (3х3) հուշագրերից, գրված 5 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն և ղազախերեն, որոնք սակայն պատկանում են 3 լեզվական (հետևաբար՝ քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական) ընտանիքների՝ անգլո-սաքսոնական, սլավոնական ու թյուրքական։ Ուստի, կարևոր է հասկանալ, թե ինչ տարընթերցումներ կան դրանց տեքստերում, ինչպես են դրանք անվանվում (և ընկալվում) լեզվամշակութային այսպիսի բազմազանության պայմաններում։
Նկար 1. «Բուդապեշտյան հուշագրերի» ստորագրումը, նախագահներ՝ Բ. Ելցին (ՌԴ), Բ. Քլինթոն (ԱՄՆ), Լ. Կուչմա (Ուկրաինա) և վարչապետ Ջ. Մեյջոր (ՄԹ), 1994 թ. դեկտեմբերի 5։
Դիտարկենք Ուկրաինայի առնչությամբ «Բուդապեշտյան հուշագրի» օրինակը, Նկ. 1։
1994 թ. դեկտեմբերի 5-ին այն ստորագրվել է չորս օրինակով՝ ըստ կողմերի (ԱՄՆ, ՄԹ, ՌԴ, Ուկրաինա), բայց երեք լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն իրավազոր բնագրերով: Անգլերեն բնագիրը կոչվում է՝ «Memorandum on Security Assurances in Connection with Ukraine’s Accession(18) to the Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons» [13]:
Ինչպես տեսնում ենք, այստեղ օգտագործված է «Assurances», այսինքն՝ «հավաստիացումներ» հասկացությունը։ Սակայն, ուկրաիներեն բնագիրը անվանված է «Меморандум про гарантії безпеки у зв’язку з приєднанням України до Договору про нерозповсюдження ядерної зброї» [14]։ Այսինքն, այստեղ անգլերեն «Assurances»-ի փոխարեն օգտագործված է «гарантії» (երաշխիքներ) ավելի ուժեղ ու պարտավորեցնող հասկացությունը։ Նույնը և հուշագրի ռուսերեն բնագրում, որը կոչվում է՝ «Меморандум о гарантиях безопасности в связи с присоединением Украины к Договору о нераспространении ядерного оружия» [15]: Լեզվական տեսանկյունից նույն իրավիճակն է նաև Բելառուսին առնչվող «Բուդապեշտյան հուշագրում», սլավոնական (ռուսերեն, բելառուսերեն) երկու բնագրերում էլ օգտագործված է «гарантии» և «гарантыі» արտահայտությունները՝ անգլերեն բնագրի «Assurances»-ի փոխարեն։
Այլ է իրավիճակը Ղազախստանի առնչությամբ «Բուդապեշտյան հուշագրի» պարագայում։ Ղազախերեն դրա պաշտոնական անվանումն է՝ «Қазақстанның Ядролық қаруды таратпау туралы шартқа қосылуына байланысты қауіпсіздік кепілдіктері туралы меморандум»(19)։ Չլինելով թյուրքական ընտանիքի լեզուների մասնագետ, այստեղ չենք խորանա դրա լեզվական առանձնահատկություններին ու դարձվածաբանական վերլուծության մեջ։ Մեզ համար այստեղ բավարար է ընդգծել, որ թեև «кепілдіктері» նշանակում է «երաշխիքներ», բայց չի հանգում «garanties» (կամ «гарантии») «անգլո-սլավոնական» արմատին։
Անգլերեն և ռուսերեն լեզվամտածողությունն ու իրավական կիրառման պրակտիկան հստակորեն զատում են «Assurances»-ը՝ «Garanties»-ից, թե՛ դրանց «ուժգնության» աստիճանով, թե՛ այս հասկացություններից բխող իրավական հետևանքներով։ 1994 թ. Բուդապեշտյան հուշագրերում «Անգլո-սաքսոնական աշխարհը» (ԱՄՆ, ՄԹ) գիտակցված ու միտումնավոր օգտագործել է հենց «Assurances» հասկացությունը, ջանալով խուսափել անվտանգության տրամադրման իրավական պարտավորեցնող երաշխիքներից ու իրենց ներգրավվածության անընդունելի աստիճանից(20): Այն, որ 1994 թ.-ից մինչև 2022 թ. փետրվարի 22-ը Անգլո-սաքսոնական աշխարհը պատեհ առիթ չգտավ հստակեցնելու իր դիրքորոշումը այս հարցում վկայում է, որ այստեղ գործ ունենք այսպես կոչված «կառուցողական անորոշության» (constructive ambiguity) կիրառման հետ (տե՛ս ստորև):
Ուկրաինան, հուշագրի «Assurances»-ը ընկալել ու թարգմանել է՝ որպես «гарантії» նույնպես գիտակցված, բայց միանգամայն այլ շարժառիթներով։ Նախ, «հավաստիացումներ» (ուկրաիներեն՝ «запевнення») արտահայտությամբ Հուշագիրը չէր արժանանա Ուկրաինայի Գերագույն Ռադայի հավանությանը [16]: Բացի դա, Հուշագրի անգլերեն բնագրի թույլ ու մշուշոտ հավաստիացումները Ուկրաինան ցանկացել էր ընկալել, և ընկալեց, որպես իրական երաշխիքներ, ջանալով ներկայացնել դրանք որպես այդպիսին, թե՛ աշխարհին, թե՛ ինքն իրեն՝ կամա, թե ակամա կուլ գնալով «կառուցողական անորոշության», կամ, եթե կուզեք՝ լեզվական անորոշության խաղին։ Դրա ծանր հետևանքները երևան կգան ուղիղ 20 տարի անց՝ 2014-ին, իսկ 2022 թ. փետրվարից այդ հետևանքները կդառնան ողբերգական:
Վերջապես, 1994 թ.-ին դիմելով «կառուցողական անորոշության» հնարքին և «հավաստիացումների» (заверения) փոխարեն կիրառելով «երաշխիքներ» (гарантии) հասկացությունը, Ռուսաստանն իր համար նույնպես շահեկան վիճակ ստեղծեց։ Իսկապես, նախ դրանով նա ուժեղացրեց Ուկրաինայի՝ «հավաստիացումները» որպես «երաշխիք» ընկալելու «պատրանքը», և օգնեց արագ կատարելու 1992 թ. մայիսի 23-ի Լիսաբոնի արձանագրության պահանջները՝ չխոչընդոտելու խորհրդային միջուկային զենքի ամբողջական տարհանմանը Ուկրաինայից։ Դեպքերի հետագա խաղաղ ընթացքի դեպքում (ՌԴ և Ուկրաինայի միջև համագործակցություն և մերձեցում) ՌԴ-ն հիմք կունենար վերագրել դա Բուդապեշտյան հուշագրերում իր կոշտ «երաշխիքներին», այլ ոչ թե «Արևմուտքի» հեղհեղուկ և անորոշ «հավաստիացումներին»։
Դե իսկ, ՆԱՏՕ-ի ընդլայնման ֆոնին, դաշինքին Ուկրաինայի (և Վրաստանի) անդամակցության հեռանկարում ու ՌԴ–Ուկրաինա առճակատման խորացման դեպքում, ինչն էլ եղավ «ընթացիկ իրականությունում»(21) ստեղծված «կառուցողական անորոշությունը» Ռուսաստանին մանևրի հնարավորություն էր տալիս: Իսկապես, եթե Արևմուտքը վարանի Ուկրաինային անվտանգության գործուն երաշխիքներ տրամադրելուց՝ հղվելով, որ 1994 թ.-ի Հուշագրերը ընդամենը հավաստիացում էին, այլ ոչ՝ երաշխիքներ, ապա Ռուսաստանը, նախ՝ ավելորդ անգամ առիթ կունենա(ր) մատնանշելու անգլո-սաքսոնական աշխարհի երկերեսանիությունը։ Եվ հետո, Մոսկվան հիմք կունենա(ր) պնդելու, որ 1994-ին իր կողմից տրված «гарантия»-ները իրականում նույնպես «հավաստիացումներ» էին միայն, այլ ոչ թե՝ իրավական ու կիրառական հետևանքներ ենթադրող երաշխիքներ:
Հակառակ և քիչ հավանական(22) դեպքում, եթե անգլո-սաքսոնական աշխարհը 1994-ին իր տված «հավաստիացումները» լուրջ ընդունի, ապա գործը արագ կհասնի միջուկային ռազմական դիմակայության պատային իրավիճակի, և Հ. Կանի (Herman Kahn) «էսկալացիոն սանդղակի»(23) ամեն մի աստիճանը փորձարկելու ծանր ու հյուծող անհրաժեշտության։
Չխորանալով Բուդապեշտյան հուշագրերի հետագա լեզվական համեմատական վերլուծության մեջ(24), արձանագրենք, որ դրանցում բոլոր կողմերից առկա է միտումնավոր լեզվական անորոշության հնարքը։ Այստեղ առկա է «կառուցողական անորոշության» կիրառման չորս հստակ դեպք:
Առաջինը. Հուշագրերի թե՛ անգլերեն, թե՛ «սլավոնական», և թե՛ «թյուքական» լեզուներով տեքստերը չեն բացահայտում փաստաթղթի էությունը՝ այն լոկ քաղաքական հայտարարություն է, թե՞ իրավական ուժ ունեցող պայմանագիր, ենթակա 1969 թ. Վիեննայի կոնվենցիային (Vienna Convention on the Law of Treaties, VCLT)։
Երկրորդ. փաստաթուղթը անվանված է «Հուշագիր» (Memorandum), ինչն, ըստ VCLT-ի, թերևս, կարող է վերաբերել և՛ զուտ քաղաքական հայտարարությանը, և՛ իրավական ուժ ունեցող փաստաթղթին։ Բայց, այն շատ ավելի «հեղհեղուկ» անվանում է, քան, օրինակ, «պայմանագիրը» (treaty)։ Վերջին դեպքում հստակորեն ընդգծվում է միջազգային իրավունքի տեսանկյունից դրա՝ իրավական ուժ ունեցող փաստաթղթի բնույթը(25)։
Երրորդ. Հուշագրերի անգլերեն բնագրում օգտագործված է «assurances» արտահայտությունը, մինչդեռ «սլավոնական» բնագրերում կիրառվում է «гарантии» (ռուսերեն), «гарантії» (ուկրաիներեն) և «гарантыі» (բելառուսերեն) արտահայտությունները՝ «заверения» (ռուսերեն), «запевнення» (ուկրաիներեն) և «запэўненні» (բելառուսերեն) համարժեք արտահայտությունների փոխարեն։ «Երաշխիք» (guarantee) արտահայտությունը սովորաբար օգտագործվում է ավելի ամուր պարտավորությունների առնչությամբ՝ ռազմական դաշնակցային փաստաթղթերում կամ փոխադարձ պաշտպանության պայմանագրերում:
Ընդհանրապես, «երաշխիքների» նկատմամբ ԱՄՆ-ի դիվանագիտության զգուշավորությունը, այդքան տեսանելի Ղազախստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Լ. Նապերի «Մեծ սակարկությանը» վերաբերող բառերում, ավելի ցայտուն ընդգծվեց վերջերս, «ԱՄՆ–Իրան» Միջուկային հարցերով ավագ բանագնաց Ռ. Մալեյի (Robert Malley) և ԱՄՆ-ի Պետքարտուղար Է. Բլինքենի 2021 թ. հուլիսյան համատեղ ասուլիսում (տե՛ս բնաբանում)։
Չորրորդ. Ուկրաինայի առնչությամբ Բուդապեշտյան հուշագրի ուկրաիներեն բնագրի եզրափակիչ հատվածում ասվում է, որ «Цей меморандум набуває чинності з моменту підписання», այսինքն՝ «Սույն Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից» [14]։ Ինչը, ըստ Արդարադատության Միջազգային Դատարանի (The International Court of Justice), վկայում է, որ փաստաթուղթն ունի իրավական պարտավորեցնող (legally binding) բնույթ։ Սակայն, Ուկրաինայի առնչությամբ Հուշագրի անգլերեն և ռուսերեն բնագրերում այս դրույթը բերվում է այլ կերպ, ավելի փափուկ ու անորոշ արտահայտությամբ` «Սույն Հուշագիրը կիրառելի կդառնա ստորագրումով»(26)։ Ինչն էլ ընդգծում է Հուշագրի բնույթի իրավական անորոշությունը ԱՄՆ-ի, ՄԹ և ՌԴ «անգլո-սլավոնական» ընկալումներում [16]: Նույնն է իրավիճակը և Բելառուսի առնչությամբ Բուդապեշտյան հուշագրում։
6.2. Կառուցողական անորոշություն (կամ «օդանավի զուգարանը՝ occupied»)
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»:
Առակաց 1:7
«Իմաստության սկիզբը անորոշության ընդունումն է»:
Ռ. Շեքլի, «Գիտակցափոխություն», 1966 թ.
Այսօր, երբ պատմություն են դարձել Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ինքնորոշման հանրաքվեները, ՌԴ կազմ մտնելու մասին դրանց որոշումները(27), երբ արդեն երկու տարի արյունոտ մարտեր են ընթանում 1500 կմ երկարությամբ ռուսական և ուկրաինական զինուժի շփման գծի ողջ երկայնքով, 2022-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նախագահ Վ. Զելենսկու ափսոսանքները, որ «Բուդապեշտյան հուշագրերի» ստորագրմամբ Ուկրաինան կորցրեց միջուկային զենքը, կամ այսօրվա մտորումները, թե՝ հանդիսանո՞ւմ էին, արդյոք, «Բուդապեշտյան հուշագրերը» անվտանգության երաշխիք, թե՝ ընդամենը հավաստիացում, թվում են մի փոքր ուշացած։
Կարող են ասել, որ սա լոկ լեզվական խաղեր են, սոսկ պատրվակ՝ սեփական աշխարհաքաղաքական օրակարգը առաջ տանելու կամ նպաստավոր պատրանքներ ստեղծելու միջոց։ Միևնույն է, դեպքերը նույն ընթացքը կունենային։ Միգուցե։ Սակայն դժվար է ազատվել այն մտքից, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ և հաջորդող տասնամյակներում, Ղազախստանի ինքնուրույն ու հավասարակշռված աշխարհաքաղաքականություն վարելու կարողությունը, ի շարս այլի, ուներ և լեզվական հենք և ղազախերենի թյուրքախոս լեզվամտածողության հետևանք։ Ինչն էլ այս երկիրը զերծ պահեց անգլո-սլավոնական լեզվական խաղերից ու «կառուցողական անորոշության» խութերից։
Բոլոր դեպքերում «Բուդապեշտյան հուշագրերը» առաջին և վերջին դեպքը չեն, երբ միջազգային հարաբերությունների և անվտանգային համակարգերի հիմնարար նշանակության փաստաթղթերում տեղ գտած լեզվական անհստակությունը և «կառուցողական անորոշությունը» ծնում են անհիմն սպասումներ՝ հանգեցնելով անհամարժեք հաշվարկների, սխալ վճիռների և, ի վերջո, աղետալի հետևանքների։ Այսօր, աչքներիս առաջ ունենալով հայաթափված Արցախը, հիշել սրա մասին, կարծում եմ, անհրաժեշտություն է։
Ուստի, կանգ առնենք «կառուցողական անորոշություն» հասկացության վրա ավելի հանգամանալի, ընդգծելու համար, որ խոսքը լոկ լեզվական ու թարգմանչական նրբությունների մասին չէ, այլ՝ լուրջ ու ծանր հետևանքներ ունեցող բաների մասին: Արդի դիվանագիտության ու կոնֆլիկտաբանության դասագրքերը «Constructive ambiguity» հասկացությունը վերագրում են իր մահկանացուն վերջերս կնքած Հ. Քիսինջերին՝ «բանակցային մարտավարության այս անգերազանցելի վարպետին», կամ՝ «պատերազմական միջազգային հանցագործին». անցած 60 տարիներին այս երկու որակումներն էլ նրան հավասարապես հաճախ էր տրվում:
Այսօր, երբ Գազայի հատվածում նորից արյուն է հեղվում, պատեհ առիթ է վերհիշելու Քիսինջերյան «կառուցողական անորոշության» դասական դարձած մի օրինակ։ Խոսքը 1967 թ. նոյեմբերի 22-ին միաձայն ընդունված՝ ՄԱԿ-ի ԱԽ թիվ 242 որոշման մասին է, որը պարտադրում էր Իսրայելին դուրս բերել իր զորքերը 1967 թ. «6-օրյա պատերազմի» ընթացքում գրավված տարածքներից (Գազայի հատված, Հորդանան գետի ձախ ափ, Գոլանի բարձունքներ, Սինայի թերակղզի): «Կառուցողական անորոշությունը» այստեղ կապված էր անգլերեն ու ֆրանսերեն լեզուներում «the, des» որոշիչ հոդի (definite article) օգտագործման հետ, ու վերաբերում էր ՄԱԿ-ի ԱԽ թիվ 242 որոշման անգլերեն բնագրի հետևյալ հրամայական պնդմանը.
«i. Withdrawal of Israeli armed forces from territories occupied in recent conflict»(28):
Առաջին հայացքից այստեղ, կարծես թե, որևէ արտառոց բան չկա: Խոսքը նրա մասին է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զինված ուժերը վերջին հակամարտության ընթացքում գրավված (occupied) տարածքներից: Սակայն մայրենի անգլախոս մարդու ականջին այս պարբերությունը հնչում է խորթ, և աչքի համար տարօրինակ տեսք ունի: Անգլերենի ցանկացած ուսուցիչ կասի, որ այստեղ territories բառից առաջ բացակայում է «the» որոշիչ հոդը: Եվ այս լեզվական «սխալը», ավելի ճիշտ՝ «կառուցողական անորոշությունը», թույլ է տալիս մեկնաբանել ՄԱԿ-ի ԱԽ որոշման այս հիմնարար դրույթն այնպես, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զինուժը գրավված որոշ, բայց ոչ բոլոր, տարածքներից։ Ինչից և օգտվեցին Իսրայելն ու նրա հովանավորները` 1967-ին, ու շարունակում են օգտվել մինչ օրս(29)։
Բնականաբար, արաբական աշխարհը, ֆրանսիական դիվանագիտության աջակցությամբ, ընդդիմացավ այսպիսի մեկնաբանությանը՝ ի հաստատումն իրենց դիրքորոշման, բերելով հետևյալ ուշագրավ փաստարկը։ Թիվ 242 որոշման ֆրանսերեն բնագրում, հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ պաշտոնական լեզուները միայն անգլերեն ու ֆրանսերեն են (տես վերը Ծանուցում 2), վերոհիշյալ դրույթը արձանագրված է հետևյալ կերպ.
«i. Retrait des forces armées israéliennes des territoires occupés lors du récent conflit»(30)։
Ինչպես տեսնում ենք, այստեղ հստակորեն օգտագործված է «des» որոշիչ հոդը, ինչը և հստակեցնում է, որ խոսքը բոլոր գրավված տարածքների մասին է: Սա էլ հիմք տվեց արաբական երկրներին պահանջելու Իսրայելից ազատագրել 1967 թ.-ից ի վեր գրավված բոլոր տարածքները: Հասկանալի է, որ Իսրայելն ու անգլո-սաքսոնական որոշ ուժեր, իրենց հերթին, մերժեցին Ֆրանսիայի ու արաբական աշխարհի այս պնդումը։ Գործը հասավ ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդին(31) և լորդ Կարադոնին(32) ու նրա հատուկ մեկնաբանությանը՝ հօգուտ Իսրայելի։ Փաստենք, որ բարոն Կարադոնը 1961–1970 թթ. ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդում ՄԹ ներկայացուցիչն էր: Արդյունքում, 1967 թ.-ից ի վեր մենք ականատեսն եղանք իսրայելա-արաբական ևս 2 պատերազմի, 2 ինտիֆադայի, բազմաթիվ զոհերի ու արյունահեղության, որը շարունակվում է մինչ օրս։
Գալով մեր օրերին, ստիպված ենք նշել, որ, պատկերավոր ասած, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1994 թ.) բարոնուհի Քոքսը (Caroline Cox, Baroness of Queensbury)՝ ցավոք ո՛չ ՄԱԿ-ի ԽԽ (այն լուծարվեց 1994 թ. նոյեմբերի 1-ին, անկասկած՝ «1994 թ. Մեծ սակարկության» շրջանակներում [2]), ո՛չ էլ այլ էական կառույցի անդամ չէր։ Եվ մենք ունեցանք «գրավված տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի հայտնի որոշումները՝ դրան գումարած Արցախյան 3 պատերազմներն ու դրա «լուծարումը» 2023-ին(33)։
Այսօր, երբ նորից հրատապ են դառնում «Գլոբալ Հարավի» ընդվզումը և տեխնոլոգիական նեո-գաղութատիրացման հետ պայքարը [8, 20, Գլ. 3, էջ 163-215], ՌԴ-ն, անշուշտ, ափսոսում է, որ ստանձնելով ՄԱԿ-ի ԱԽ-ում ԽՍՀՄ իրավահաջորդի աթոռը, այդքան հեշտությամբ համաձայնեց 1994-ին լուծարել ՄԱԿ-ի Խնամակալության խորհուրդը, դիտարկելով այն՝ որպես Գաղութատիրական ժամանակների ռելիկտ և տրվելով «Պատմության ավարտի» պատրանքներին։ Մերօրյա Ռուսաստանը կփորձեր տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի ԽԽ-ում՝ գլխավորելով «Գլոբալ Հարավի» պայքարը «Արևմուտքի» դեմ, թեժացնելով «Անգլոսֆերայի» և «Ֆրանկոսֆերայի» աշխարհաքաղաքական ու լեզվա-քաղաքակրթական մրցակցությունը։ Ինչն, ի դեպ, անում է (փորձում է անել) այսօր՝ Աֆրիկայում, Լևանտում, Հրվ. Կովկասում և այլուր։
Ինչ վերաբերում է մեզ, արժե նշել, որ Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում պարբերաբար վերարտադրվում են աշխարհաքաղաքական համանման փաթերնները: Դրանցից առանձնացնենք դեռ անցած դարի 60-ականներից մեր տարածաշրջանում [1] պատերազմների ու ռազմական բախումների սինխրոնիզացումն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ(34)։ Կամ «Գրավյալ տարածքների» հետ կապված «Կառուցողական անորոշությունները», որոնք առանց աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական լծակների հանգեցնում են արյունոտ բախումների, տարածքային կորուստների ու տարածաշրջանային մեկուսացման։ կամ վերջապես, «Անգլոսֆերայի» և «Ֆրանկոսֆերայի» ռազմաքաղաքական մրցակցությունը(35), որը բարդանում է ՌԴ (այսօր՝ և Չինաստանի) ենթակառուցվածքային միջամտությամբ։ Ինչպես կասեր Կ. Հաուսհոֆերը, «աշխարհն այսօր գտնվում է «նոր վար ու ցանքի» մեջ` ստատուս-քվոյի գլոբալ խախտման իրավիճակում» [22]։
Ժամանակն է պատրաստվել արդեն «2024 թ. Մեծ սակարկությանը», այս անգամ ավելի խոհեմ ու նախապատրաստված։
Ինչպես ասում են՝ «միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը»
(Առակաց 1:7)։
6.3. Անվտանգության դրական ու բացասական «երաշխիքներ»
«[Նախկին] ԽՍՀՄ հանրապետությունները միջազգային իրավունքի շրջանակներում չունեն իրական (effectif) կարգավիճակ, քանի որ գոյություն չունի միջազգային համաձայնագիր, որը կկոնկրետացներ (concrétiser) դրանց «ինքնիշխանություն» հասկացությունը»։
Լու Շայ, Ֆրանսիայում Չինաստանի լիազոր և արտակարգ դեսպան, 2023 թ., ապրիլի 21(36)։
«Չինաստանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, աջակցում ՄԱԿ կանոնադրության դրույթներին ու նպատակներին»։
Մաո Նինգ, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ, 2023 թ., ապրիլի 24(37):
Ավարտելով մեր հոդվածի «լեզվաբանական» այս հատվածը, և նախազգուշացված միջուկային զենքին առնչվող անվտանգության «երաշխիքների» տրամադրման հարցում «Assuranses» և «Guaranties» հասկացությունների սխալ թարգմանության և դրանց ընկալման ծանր շփոթի մասին՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ևս երկու կարևոր հասկացությունների։
Միջազգային հարաբերություններում միջուկային զենքին առնչվող (անգլերեն) մասնագիտական գրականությունում հաճախ կարելի է հանդիպել «Negative security assurance» եզրույթը(38): Կասկածից վեր է, որ եթե գոյություն ունենային խնդրին առնչվող հայերեն ուսումնասիրություններ կամ դասագրքեր, ապա դրանցում կօգտագործվեր «Անվտանգության բացասական երաշխիքներ» սխալ արտահայտությունը՝ այդպիսին է անհամարժեք ընկալումների ու թարգմանչական սխալների ճնշող իներցիան մեզանում(39):
Շտապում ենք կանխել այս սխալն ու սահմանել «Անվտանգության բացասական հավաստիացումներ» (ԱԲՀ) հասկացությունը հայերեն: Դրանք, միջուկային զենք ունեցող պետության(ների)(40) հավաստիացումներն են՝ տրված միջուկային զենք չունեցող պետությանը(ներին), որ վերջինիս(ներիս) հանդեպ նա չի օգտագործի, և/կամ չի սպառնա օգտագործել միջուկային զենք։
ԱԲՀ-ն անհրաժեշտ է տարբերակել «անվտանգության դրական հավաստիացումներից» (ԱԴՀ)։ Վերջինս միջուկային զենք ունեցող պետության հավաստիացումն է, որ նա օգնության կհասնի միջուկային զենք չունեցող պետությանը, եթե վերջինս կենթարկվի միջուկային զենքով հարձակման` մեկ այլ պետության կողմից(41):
«Այսօր միայն Չինաստանը և Հնդկաստանն են հռչակել, որ ոչ մի դեպքում և որևէ պարագայում առաջինը միջուկային զենք չունեցող երկրների հանդեպ միջուկային զենք չեն կիրառի, և/կամ չեն սպառնա դրա կիրառմամբ: Մնացած միջուկային պետությունները, հատկապես նրանք, ովքեր իրենց «պատասխանատու պետություններ» են համարում (ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա), շարունակում են դժկամությամբ տալ նմանօրինակ հավաստիացումներ, ավելին՝ դիմադրում են դրանք իրավականորեն պարտադիր դարձնելու բոլոր ջանքերին» [27]:
Ընդգծենք, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ-երկրներ՝ Ֆրանսիան և Չինաստանը, ֆորմալ առումով չմիացան «Բուդապեշտյան հուշագրերի» մեխանիզմին ու դրանց «անգլո-սլավոնական» լեզվական խաղերին, գերադասելով իրենց անվտանգային հավաստիացումները տալ առանձին նամակների ու հայտարարությունների տեսքով [26]։ Մնում է նշել, որ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկով ծայր առած զարգացումների ֆոնին, 2023 թ. ապրիլի 21-ին ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տրված հարցազրույցում, Ֆրանսիայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լու Շայը (Lu Shaye) անդրադարձ էր կատարել միջազգային հարաբերություններում նախկին խորհրդային հանրապետությունների կարգավիճակի ու նրանց տրված անվտանգության հավաստիացումների հարցին (տե՛ս բնաբանում)։ Նրա բառերը մոտ մեկ տասնյակ երկրների մամուլում սաստիկ աղմուկ բարձրացրին՝ Ֆրանսիայից՝ Բալթյան երկրներ, Ուկրաինայից՝ Ադրբեջան, մնալով միանգամայն աննկատ հայրենական ԶԼՄ-ների ու վերլուծաբանների ուշադրությունից։ Այդ հարցազրույցն անգամ պաշտոնական պարզաբանումների առիթ դարձան մի շարք երկրների ԱԳՆ-ների կողմից։
Մասնավորապես, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի (Mao Ning) 2023 թ. ապրիլի 24-ի ճեպազրույցի ժամանակ նրան տրված «Արդյոք Դուք է՞լ եք կարծում, որ միջազգային իրավունքի համակարգում նախկին խորհրդային հանրապետություններին պակասում է ամուր հիմքը» հարցին ի պատասխան կրկնել է առիթին պատեհ չինական ավանդական պաշտոնական հավաստիացումները (տես բնաբանում), այնուհետ հավելելով հետևյալը. «ԽՍՀՄ-ը դաշնային պետություն էր, և որպես այդպիսին իր ամբողջության մեջ հանդիսանում էր միջազգային իրավունքի սուբյեկտ։ Դա չի հերքում նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը ԽՍՀՄ լուծարումից (dissolution) հետո»(42)։
Ուշադրության է արժանի թիկունքում երեք հազարամյակ անընդհատ պետականության պատմություն ունեցող այս հղկված ու նուրբ դիվանագիտական տրամաբանությունը՝ այո, դա չի հերքում «դրանց ինքնիշխանությունը»։ Բայց դե, ոչ էլ՝ հաստատում, առավել ևս, ամրապնդում կամ կոնկրետացնում է այն, դարձնելով արդյունավետ։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ։ «Ա.Ռ.Վ.Ա.Կ.» վերլուծական կենտրոն, (05.2023), https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը/
- Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 2. «1994 թ. Մեծ սակարկությունը» և «Փոխանակման ռազմավարությունները»: «Ա.Ռ.Վ.Ա.Կ.» վերլուծական կենտրոն, (09.2023), https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը-2/
- Белоус В., Тактическое оружие в новых геополитических условиях. Ядерный контроль. 1996. № 14, сс. 2–7. Վերահրապարակված է 2000 թ-ին՝ http://eurasian-defence.ru/?q=node/23371 (բեռնման օրը՝ 23.08.2023), տես նաև Белоус В., Ядерный терроризм: попытки уже были. 08.10.2000. https://nvo.ng.ru/concepts/2004-10-08/4_terrorism.html
- Контроль над вооружениями и военной деятельностью: Справочник. Борисенко А.С., Лата В.Ф., Маслин Е.П., Орлов В.А., Сафранчук И.А., Тимербаев Р.М., Чуменко Л.Н. М.: ПИР-Центр, 2001. – 168 с.
- Protocol to the Treaty between the United States of America and the Union of Soviet Socialist Republics on the Reduction and Limitation of Strategic Offensive Arms. (Lisbon Protocol). https://2009-2017.state.gov/ documents/organization/27389.pdf
- 30-я годовщина подписания Договора о сокращении стратегических наступательных вооружений (СНВ-1). ПИР-Центр, 31 июля 2021. https://pircenter.org/news/30-ja-godovshhina-podpisanija-vazhnejshego-dogovora-o-sokrashhenii-strategicheskih-nastupatelnyh-vooruzhenij-snv-1/
- Арутюнян Г. А., Марджанян А. А., Научный ландшафт в полицентричном мире. НОФ «Нораванк», журнал «21-й ВЕК», №1(42), 2017, cc. 5–25. http://www.noravank.am/upload/pdf/21VEK_01_2017.pdf
- Марджанян А. А., Научно-информационная политика и гибридные войны. Геополитика и Безопасность. Санкт-Петербург, № 4 (40), 2017, cc.26–34. https://elibrary.ru/contents.asp?titleid=28913
- Newly released GCHQ files: UKUSA Agreement. June 2010. https://webarchive.nationalarchives.gov.uk/ukgwa/+/https://www.nationalarchives.gov.uk/ukusa/
- Cox James, Canada and the Five Eyes Intelligence Community. Canadian Defence & Foreign Affairs Institute and Canadian International Council. December, 2012. – http://www.cdfai.org/PDF/ Canada%20and%20the%20Five%20Eyes%20Intelligence%20Community.pdf.
- Albert Venn Dicey, Anglo-Saxon Citizenship. The Barrister, 3. 1897. –p.107. Տես նաև` Roberts, Andrew, A History of the English-Speaking Peoples Since 1900. Weidenfeld & Nicolson. 2007. -736 p.; նաև` Vucetic, Srdjan, The Anglosphere: A Genealogy of a Racialized Identity in International Relations. Stanford University Press. 2011. – 272p.:
- Стратегическое ядерное вооружение России. под ред. П. Подвига. М.: ИздАТ, 1998. – 478с.
- Memorandum on security assurances in connection with Ukraine’s accession to the Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons. 5 December 1994. https://treaties.un.org/Pages/showDetails.aspx? objid=0800000280401fbb
- Меморандум про гарантії безпеки у зв’язку з приєднанням України до Договору про нерозповсюдження ядерної зброї. Дата набуття чинності: 05.12.94 р. https://ips.ligazakon.net/document/ MU94437
- Меморандум о гарантиях безопасности в связи с присоединением Украины к Договору о нераспространении ядерного оружия. Будапешт, 5 декабря 1994 г. https://www.mid.ru/upload/media library/fe3/б.меморандум.pdf
- Soldatenko M., Constructive Ambiguity of the Budapest Memorandum at 28: Making Sense of the Controversial Agreement. February 7, 2023. https://www.lawfaremedia.org/article/constructive-ambiguity-of-the-budapest-memorandum-at-28-making-sense-of-the-controversial-agreement
- Сесійний зал Верховної Раді України. 16 листопада 1994 року. 12 година 30 хвилин. /Після перерви/ https://www.rada.gov.ua/meeting/stenogr/show/3573.html
- Марджанян, А.А., Нефть Израиля. Caucaso-Caspica, № II-III, 2017-2018. Е., 2018. cc. 309–322. https://artsakhlib.am/ru/2019/03/10/русский-нефть-израиля/
- Pehar Dražen, «Use of Ambiguities in Peace Agreements». In Language and Diplomacy, ed. by Jovan Kurbalija and Hannah Slavik. DiploProjects, 2001.
- Կրիտիկական Ենթակառուցվածքներ և Ազգային Անվտանգություն. «Նորավանք», Ե., 2018. 401 էջ:
- Марджанян А.А. Наше будущее – глазами «21-й ВЕК», № 3 (11), 2009 г. сс. 3-38. https://cyberleninka.ru/article/n/nashe-buduschee-glazami-nic
- Параллели между «третьим рейхом» и «третьим халифатом» слишком прозрачны. Интервью президента ОО «E-cube», Ара Марджаняна. 19.02.2016. http://www.kavkazoved.info/news/2016/02/19/ paralleli-mezhdu-tretim-rejhom-i-tretim-halifatom-slishkom-prozrachny.html
- Предложение Китая, Российской Федерации, Соединенного Королевства Великобритании и Северной Ирландии, Соединенных Штатов Америки и Франции о гарантиях безопасности. Первоначальное обсуждение. Справочник по практике Совета Безопасности – Дополнение за 1993–1995 годы. cc. 906-910. https://www.un.org/securitycouncil/sites/www.un.org.securitycouncil/files/93-95_08_ security_assurances.pdf
- Арбатов Алексей, Первый удар и гарантии безопасности. Военно-промышленный курьер, 09 июня 2010․ https://carnegiemoscow.org/2010/06/09/ru-pub-40989
- Тимербаев Р. М., Проблема гарантий безопасности неядерных государств в преддверии обзорной конференции по ДНЯО. Индекс Безопасности, № 4 (87), Том 14. ПИР Центр, 2008. cc. 69-82. https://pircenter.org/wp-content/uploads/2022/.pdf
- [UN docs:] SECURITY ASSURANCES. UN Publication. https://www.exportlawblog.com/docs/ security_assurances.pdf
- Paul Ingram, Renewing Interest in Negative Security Assurances. BASIC, Briefing Paper, June 2017. https://basicint.org/wp-content/uploads/2018/06/NSAs-June2017_0.pdf
- Foreign Ministry Spokesperson Mao Ning’s Regular Press Conference on April 24, 2023. https://www.fmprc.gov.cn/mfa_eng/xwfw_665399/s2510_665401/2511_665403/202304/t20230424_11064804.html
(1) ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), տ.գ.թ., ա.գ.ա.:
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.03.2024 թ.:
(3) Թեև ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները 6-ն են (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն և չինարեն), քչերն են հիշում, որ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքային լեզուները միայն երկուսն են՝ անգլերենն ու ֆրանսերենը: Թե ինչու է դա այդպես, առանձին, հետաքրքիր ու կարևոր հարց է (տես «լեզվական աշխարհների» մրցակցությանը ու «բառերի տիեզերքին» նվիրված «Նորավանք» ԳԿՀ կողմից հրատարակված մեր ուսումնասիրությունները)։
(4) The Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons (NPT), ստորագրության համար բացվել է 1968 թ. հուլիսի 1-ին, ուժի մեջ է մտել 1970-ին։ ՄԶՉՊ պահնորդ երկրներն են ԱՄՆ, ՄԹ, ԽՍՀՄ/ՌԴ։ ՄԶՉՊ-ին միացել են 191 պետություններ։ Հնդկաստանը, Իսրայելը, Պակիստանը և Հրվ. Սուդանը չեն ստորագրել և/կամ միացել ՄԶՉՊ-ին։ Հյս. Կորեան միացավ պայմանագրին 1985-ին, սակայն դուրս եկավ դրանից 2003-ին։ Ի սկզբանե ՄԶՉՊ գործողության ժամկետը 25 տարի էր, սակայն 1995 թ.-ին ՄԶՉՊ վերանայման կոնֆերանսը դրա գործողությունը դարձրեց անժամկետ (extended indefinitely)։ https://armscontrolcenter.org/fact-sheet-nuclear-non-proliferation-treaty-npt/ (բեռնման օրը՝ 04.12.2023):
(5) Այստեղ և ստորև իրավական ենթատեքստ ունեցող բոլոր պարբերություններում «միջուկային զենք ունեցող պետություն» կամ պարզապես՝ «միջուկային պետություն» ասելով՝ հասկանում ենք ՄԶՉՊ-ով սահմանված ու ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հանդիսացող 5 պետություններ՝ ԽՍՀՄ/ՌԴ, ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա, Չինաստան։ ՄԶՉՊ-ից դուրս գտնվող պետությունները, որոնք միջուկային զենք ունեն (Հնդկաստան, Պակիստան, Իսրայել, Հյս. Կորեա) կանվանենք դե ֆակտո միջուկային պետություններ։
(6) Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգ (ՀՀՆՀ, СПРН), Զանգվածային պատասխան (միջուկային) հարվածի ավտոմատացված համակարգ (ԶՊՀԱՀ), Կոսմիկական տարածքի հսկման համակարգ (ԿՏՀՀ, СККП) և այլն:
(7) «Соглашение օ создании СНГ», https://www.refworld.org/ru/legal/multilateraltreaty/rri/1991/ru/134929 (բեռնման օրը՝ 05.04.2016): ԱՊՀ հիմնման մասին 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը Բելառուսը և Ուկրաինան վավերացրին 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Ղազախստանը՝ 23-ին, Տաջիկստանը՝ 25-ին, Հայաստանը և Թուրքմենստանը՝ 26-ին, Ուզբեկստանը՝ 1992 թ. հունվարի 4-ին, Ղրղզստանը՝ 1992 թ. մարտի 6-ին, Մոլդովան՝ 1994 թ. ապրիլի 8-ին։
Թեև ՌԴ-ն այն վավերացրեց դեռ 1991 թ. դեկտեմբերի 12-ին, ըստ ՌԽՍԴՀ Սահմանադրության՝ այս Համաձայնագրի վավերացումը պատկանում էր բացառապես ՌԽՍԴՀ ժողովրդական պատգամավորների Համագումարին։ Իսկ, մինչև դրա ցրումը՝ 1993 թ. հոկտեմբերի 4-ին, Համագումարը այդպես էլ այն չի վավերացրել։ Զավեշտն այն է, որ ըստ ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի պետաիրավական կոմիտեի 2003 թ. մարտի 5-ի № 66 եզրակացության, ՌԴ-ն դե յուրե ո՛չ ԱՊՀ հիմնադիր անդամ է, ո՛չ պարզապես ԱՊՀ անդամ, տես https://www.lawmix.ru/law_project/17641 (բեռնման օրը՝ 05.04.2016)։ ԱՊՀ երկրների ղեկավարների 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին Վրաստանի և Ադրբեջանի միացման մասին տես ստորև։
(8) Կնքված է անգլերեն և ռուսերեն իրավազոր օրինակներով, այլ հապավումներ՝ ՀՍԿՊ-1, START-1, СНВ-1 կամ ДСНВ։
(9) Киев требует дополнительных гарантий безопасности. «Коммерсантъ», 03.06.1993. https://www.kommersant.ru/doc/49735 (բեռնման օրը՝ 05.04.2016):
(10) ЗАКОН УКРАЇНИ Про приєднання України до Договору про нерозповсюдження ядерної зброї від 1 липня 1968 року. https://zakon.rada.gov.ua/laws/show/248/94-вр#Text (բեռնման օրը՝ 20.06.2020):
(11) Այն, օրինակ, ներառում է Միացյալ Արաբական Հանրապետության (1958-1971 թթ., չշփոթել ՄԱԷ-ի հետ) ու նրա ղեկավարների ողբերգական ճակատագիրը, Լիբիայի, Եգիպտոսի, Իրաքի և Սիրիայի նորագույն պատմությունը և այլն։
(12) Հասկանալի է, որ դա դեռ սահմանների լիարժեք ճանաչում չէ և հեռու է իրական սահմանների դելիմիտացիայից ու դեմարկացիայից։ ՌԴ–Ուկրաինա, ՌԴ–Ղազախստան ու ՌԴ–Բելառուս սահմանագծման ու սահմանազատման խնդիրները լուծվեցին տասնամյակների ընթացքում, երկկողմ Մեծ պայմանագրերի շրջանակներում։
(13) Այս տեսանկյունից ԽՍՀՄ միութենական նշանակության օբյեկտների, ձեռնարկությունների, ենթակառուցվածքների ու ռազմավարական համակարգերի տարրերի տարածական բաշխման վարվող քաղաքականությունը, հատկապես ԽՍՀՄ գոյության վերջին 3 տասնամյակների ընթացքում, վերին աստիճան ուշագրավ թեմա է, որը, ցավոք, մեզանում երբևէ չի վերլուծվել։ Մինչդեռ, հետաքրքիր կլիներ վերլուծել, թե ինչպիսին կլիներ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, եթե, օրինակ, ԽՍՀՄ ԿՏՀՀ «Окно» համակարգը Տաջիկստանի փոխարեն տեղակայվեր Բյուրականում, իսկ ԽՍՀՄ ՀՀՆՀ «Дарял УМ» կայանը Ադրբեջանի Կուտկաշենի փոխարեն կառուցվեր Սելիմի լեռնանցքում։ Երկու տարբերակն էլ իրական էին և ակտիվ քննարկվում էին ժամանակին։
(14) Mackinder H. J., The Geographical Pivot of History. The Geographical Journal, Vol. 23, No.4, (April 1904), pp.421–437.
(15) Ինչպես հեգնանքով սիրում էր ասել Ն. Նազարբաևը՝ 90-ականների սկզբին փլուզվող ԽՍՀՄ տարածքում ծավալված գործընթացների առնչությամբ՝ «Մեր սլավոն բարեկամները այնքան էին շտապում լուծարել ԽՍՀՄ-ը, որ լրիվ մոռացան մեզ։ Ստիպված եղանք հիշեցնել մեր մասին» [2]:
(16) No more MOUs! USTR Lighthizer tweaks trade terminology after dispute with Trump. Reuters, February 23, 2019. https://www.reuters.com/article/us-usa-trade-china-trump/no-more-mous-ustr-lighthizer-tweaks-trade-terminology-after-dispute-with-trump-idUSKCN1QB2OR/ (բեռնման օրը՝ 07.03.2024):
(17) Biden Promised to Restore the Iran Nuclear Deal. Now It Risks Derailment. NYT, July 31, 2021. https://www.nytimes.com/2021/07/31/us/politics/biden-iran-nuclear-deal.html (բեռնման օրը՝ 07.03.2024):
(18) «Միացումը» (accession) միջազգային պայմանագրին, դա այն իրավական ակտն է, որով պետությունն ընդունում է այլ պետությունների կողմից արդեն իսկ բանակցված և ստորագրված պայմանագրին (այս դեպքում՝ ՄԶՉՊ-ին) մասնակից դառնալու առաջարկը կամ հնարավորությունը։ Միացումը սովորաբար տեղի է ունենում պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, ՄԶՉՊ-ի դեպքում դա 1970 թ. էր: Այն ունի նույն իրավական ուժը, ինչ՝ վավերացումը, բայց, սովորաբար չի ենթադրում, սակայն, չի էլ բացառում «միացման» ակտի հետագա վավերացումը։
(19) Қазақстан»: Ұлттық энцклопедия / Бас редактор Ә. Нысанбаев – Алматы «Қазақ энциклопедиясы» Бас редакциясы, V том.
(20) Հիշենք 2001–2004 թթ. Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Լ. Նապերի բառերը «Մեծ սակարկության» վերաբերյալ, [2], Գլ. 4.3:
(21) Current reality, ինչպես կասեին Ա. Ազիմովը (Isaac Asimov, 1955 “End of Eternity”) և «ընթացիկ իրականության ծառ» (current reality tree, CRT) անալիտիկ գործիքի ջատագովները, https://online.visual-paradigm.com/ knowledge/problem-solving/what-is-current-reality-tree/ (բեռնման օրը՝ 07.03.2024):
(22) Քիչ հավանական, քանի որ գործում է «երաշխիքներ տվող էիք, տայիք հենց սկզբից՝ առանց լեզվական խաղերի դիմելու» տրամաբանությունը։
(23) Kahn Herman, On escalation: metaphors and scenarios. Praeger, 1965.
(24) Իրականում, ռուսերենում միջուկային զենքի հետ կապված անվտանգային «гарантии»-ին վերաբերող իրադրությունն ավելի խճողված է: Մասնավորապես, «гарантии» արտահայտությունը օգտագործվում է ԽՍՀՄ միջազգային փաստաթղթերում դեռ 20-րդ դարի 60-ականների վերջից։ Սակայն, այստեղ այս հարցին առանձնակի չենք անդրադառնա, ու բոլոր դեպքերում այն չի փոխում մեր շարադրության տրամաբանությունը։
(25) Իսկապես, երբ Ուկրաինայի խորհրդարան ներկայացվեց «հուշագիր» տերմինը, Գերագույն ռադայի որոշ անդամներ մտահոգություն հայտնեցին, որ դա նշանակում է, որ «մենք նստեցինք, զրուցեցինք, և դրանով ամեն ինչ վերջացավ» [17]։
(26) «This Memorandum will become applicable upon signature» [13], «Настоящий Меморандум будет применим с момента подписания» [15]:
(27) 2014 թ. մարտի 16-ին կայացավ Ղրիմի՝ ՌԴ-ին վերամիավորվելու հանրաքվեն, 2014 թ. մայիսի 11-ին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնորոշման հանրաքվեները։ 2022 թ. փետրվարի 21-ին ՌԴ-ն ճանաչեց դրանց անկախությունը, 2022 թ. սեպտեմբերի 23–27-ին կայացան դրանց՝ ՌԴ կազմ մտնելու մասին հանրաքվեները։
(28) https://peacemaker.un.org/sites/peacemaker.un.org/files/SCRes242%281967%29.pdf (բեռնման օրը՝ 12.12.2023):
(29) Մինչ այժմ վերադարձված է միայն Սինայի թերակղզին, 1982 թ. այն անցավ Եգիպտոսին՝ 1979 թ. կնքված Իսրայելա-Եգիպտական խաղաղության մասին պայմանագրի շրջանակներում (տես նաև [18]):
(30) https://documents-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NL3/462/16/PDF/NL346216.pdf?OpenElement (բեռնման օրը՝ 12.12.2023): Որոշման ռուսերեն պաշտոնական թարգմանությունն այս դրույթը բերում է հետևյալ կերպ «i. вывод израильских вооруженных сил с территорий, оккупированных во время недавнего конфликта», https://documents-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/241/18/PDF/NR024118.pdf?OpenElement (բեռնման օրը՝ 12.12.2023):
(31) ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամ-երկրների ներկայացուցիչներից բաղկացած ՄԱԿ-ի Խնամակալության խորհուրդ (The UN Trusteeship Council, Совет по Опеке ООН)։
(32) Հյու Մաքինտոշ Ֆութ, 1964-ից՝ բարոն Կարադոն (Lord Caradon):
(33) Քիսինջերյան «կառուցողական անորոշության» մյուս օրինակների (1972 թ. նոյեմբերի 27-ի ԱՄՆ–Չինաստան «Շանհայան կոմյունիկե», 1973 թ. նոյեմբերի 11-ին Իսրայել-Եգիպտոս «6 կետանի համաձայնագիր») մասին տե՛ս [19], pp. 163–200):
(34) ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների և մեր տարածաշրջանում պատերազմների սինխրոնիզացման «Ֆարլեյի օրենքի» մասին տե՛ս [21, c. 24-25]:
(35) AUKUS դաշինքի ձևավորումից, մինչև աֆրիկյան Սահելի գոտուց ֆրանսիական տարրի արտամղում։ Ուկրաինայում և Հրվ. Կովկասում ֆրանսիական ռազմաքաղաքական ազդեցության ուժեղացումից՝ մինչև «Ֆրանկոսֆերայի» (Հայաստան) ու «Չմիացման շարժման» (Ադրբեջան) հակադրում։
(36) «Les pays de l’Union soviétique n’ont pas de statut effectif dans le droit international parce qu’il n’y a pas d’accord international pour concrétiser leur statut de pays souverain», տե՛ս https://www.lemonde.fr/international/article/2023/04/24/les-propos-de-l-ambassadeur-de-chine-en-france-sur-la-crimee-provoquent-un-tolle-en-europe_6170741_3210.html (բեռնման օրը՝ 04.12.2023).
(37) https://www.fmprc.gov.cn/mfa_eng/xwfw_665399/s2510_665401/2511_665403/202304/t20230424_11064804.html (բեռնման օրը՝ 04.12.2023)
(38) Негативная гарантия безопасности, تضمین امنیت منفی (պարսկերեն), Negatif Güvenlik Güvencesi (թուրքերեն)։
(39) Արդարության համար նշենք, որ այս սխալը կարելի է գտնել նաև ռուսերեն ամենահեղինակավոր և նույնիսկ պաշտոնական հրապարակումներում (տե՛ս, օրինակ, [23-25.])։
(40) Տե՛ս վերը՝ Ծանուցում 4։
(41) Միջուկային տերությունների ԱԲՀ և ԱԴՀ պաշտոնական հայտարարությունները և փաստաթղթերը բերվում են ՄԱԿ-ի հատուկ ժողովածուում [26]:
(42) Այս հիշարժան ճեպազրույցի պաշտոնական սղագրությունը՝ տես [28]։