ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 07.04.2024 թ.
05.04.2024 թ. Բրյուսելում տեղի ունեցան բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև։ Հանդիպումից հետո կողմերը որևէ էական հայտարարություն չեն արել, որը լույս կսփռեր բանակցությունների էության և դրանց կոնկրետ արդյունքների վրա։ Բացի Հայաստանին խոստացված ֆինանսական աջակցության ծավալի և Հայաստանի տնտեսությանն ուղղված նպատակային աջակցության որոշ նրբերանգների հրապարակումից բանակցողները սահմանափակվեցին միայն ՀՀ անվտանգությանն առնչվող իրավիճակը գնահատող ընդհանուր արտահայտություններով և «տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների և խաղաղության հասնելու» Երևանի նկրտումներին աջակցելու հավաստիացումներով:
Հանդիպման մասնակիցների մեկնաբանությունների ժլատությունը, հակառակ ակնկալիքների, տարբեր գնահատականների տեղիք տվեց փորձագետների և ԶԼՄ-ների շրջանում։ Հիմնականում երկու տարբերակ է գերակշռում. ըստ առաջինի՝ բրյուսելյան բանակցությունները ՀՀ արտաքին քաղաքականության վրա իրենց ազդեցությամբ բեկումնային չէին, ուստի կողմերը հարկ չհամարեցին ևս մեկ անգամ մանրամասնել իրենց օրակարգը։ Ըստ երկրորդի, բեկումնային պայմանավորվածություններ իսկապես եղել են, բայց մնացել են հանդիպման ետնաբեմում և, հաշվի առնելով դրանց առանձնահատուկ նշանակությունը, պարզապես ենթակա չեն հրապարակային բացահայտման։
Մեր կարծիքով, դեռևս վաղաժամ է առկա պաշտոնական տվյալների հիման վրա որևէ ընդհանուր եզրակացություն անելը։ Ավելին, դրանք, այսպես թե այնպես, պետք է համեմատվեն ՀՀ իշխանության հետագա գործնական գործողությունների և նրա հռետորաբանության հետ առնվազն առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։ Եվ, այնուամենայնիվ, բանակցողների՝ կոնկրետությունից զուրկ հայտարարություններում կային նրբերանգներ, որոնց հիման վրա կարելի է մի քանի հետաքրքիր ենթադրություններ անել։
Խոսքը, հիմնականում, ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի վերաբերյալ Է. Բլինկենի կողմից ճեպազրույցում ի աջակցություն հնչեցված կարծիքի մասին է։ «Պարոն վարչապետ, մենք աջակցում ենք Ձեր «Խաղաղության խաչմերուկ»-ի առաջարկի հիմքում ընկած գաղափարներին։ Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցությամբ։ Սա կօգնի դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ընդլայնել հնարավորությունները և խթանել խաղաղության և հաշտեցման ջանքերը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հարկ է ընդգծել, որ այս ծրագրի համատեքստում Բլինկենը հատուկ նշել է «նոր տրանսպորտային երթուղիները», ինչը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ և՛ որպես ուղիղ ակնարկ հայ-իրանական մայրուղու մասին, որը կապում է դրան երկար քննարկված Հյուսիս–Հարավ երկաթուղային ճանապարհով և՛ որպես հղում Սյունիքի տարածքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանա-թուրքական երկյակի կողմից լոբբինգի ենթարկվող հաղորդակցություններին։ Բացի այդ, խաչմերուկ (crossroads) տերմինը նշանակում է բազմակողմ մայրուղիների հատման կետ, և, հետևաբար, Հայաստանի պարագայում անհնար է այն պատկերացնել առանց Արևելք–Արևմուտք ճանապարհին, որի համար Անկարան և Բաքուն մեծ ջանքեր են գործադրում, հավելելու Հյուսիս–Հարավ մայրուղին, որի գաղափարն իրենց հերթին համառորեն առաջ են մղում Երևանն ու Թեհրանը։
Իր հերթին, հայ-իրանական նոր մայրուղու իրագործման գաղափարի նկատմամբ ԱՄՆ-ի չեզոքության վարկածը հաստատելու համար, այստեղ պետք է հիշել արևմտյան հարթակների՝ դեպի Եվրոպա «հնդկական առևտրային ուղի» նախագծի լոբբինգի ինտենսիվ աշխատանքի մասին: Այս գաղափարի հիմնական շարժիչ ուժը Վաշինգտոնն է, որը ձգտում է խափանել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի ստեղծման «չինական խաղը» կամ, առնվազն, դիվերսիֆիկացնել առևտրային և էներգետիկ հաղորդակցությունները Արևելք–Արևմուտք առանցքի երկայնքով՝ նպատակ ունենալով Պեկինի տնտեսական թուլացումն ու Մոսկվայի դուրսմղումը հիմնական բեռնափոխադրումների աշխարհագրությունից: Հնդկական կողմն, իր հերթին, պնդում է, որ նախապատվությունը տալիս է հայ-իրանական իր համար «բարեկամական» տարածքին, որն ամենաապահովն է և ենթակա համապարփակ վերահսկողության։
Եթե ենթադրենք, որ արևմտյան երկրներն ու Հնդկաստանը փոխհամաձայնության են եկել հայ-իրանական հատվածի հարցում, ապա հարց է առաջանում՝ տերություններից ո՞րն է դրա նկատմամբ հովանավորչական վերահսկողություն իրականացնելու Հայաստանի տարածքում։ Անիրատեսական է թվում, որ հավաքական Արևմուտքը փոխհամաձայնության կգա՝ առանց վերահսկողության սեփական հավակնությունների բավարարման: Խոսքը իրանական սահմանի մասին է, որի և մշտադիտարկման հնարավորությունը՝ կապված «հայկական առևտրային խաչմերուկի» կառավարման հետ, թույլ կտա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հիմնովին տեղ ամրապնդվելու տարածաշրջանում։
Նկատի ունենալով ՀՀ ներկայիս իշխանությունների վրա հավաքական Արևմուտքի աճող ազդեցությունը՝ կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով այս հանգամանքը, Միացյալ Նահանգները բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է «Խաղաղության խաչմերուկի» իր տեսլականը և չի աջակցի որևէ այլ ծրագրի որևէ առանձին երթուղու կամ երթուղիների՝ միասին վերցված, առանց սեփական հովանավորության տակ վերցնելու: Չի բացառվում, որ հենց դա է առաջացրել Բաքվի նյարդային արձագանքը բրյուսելյան հանդիպման արդյունքների նկատմամբ, որը նշանավորեց արտաքին վերահսկողությունից զերծ Սյունիքի արտատարածքային «միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սեփական օգտագործման համար ձեռք բերելու խաղի ավարտը: