Բաքվի ձախողումը «հնդկական ուղում»
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 26.12.2024 թ.(1)
16.12.2024 թ., հայտնի դարձավ, որ Բաքուն փորձել է «երրորդ երկրի» միջնորդությամբ պայմանագրեր կնքել Հնդկաստանի հետ՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Այս մասին առաջինը գրել է հնդկական The Print պարբերականը։ Սակայն, ըստ թերթի, Նյու Դելին անտեսել է այս նախաձեռնությունը։
Այս լուրը տարածվելուց հետո ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ները շտապեցին հերքել այն՝ վկայակոչելով այն փաստը, որ Բաքուն վաղուց ուրվագծել է այն երկրների շրջանակը, որտեղից բավական քանակությամբ զենք է գնում։ Իբր թե Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան և Սերբիան հաջողությամբ բավարարում են բարձրորակ և բարձր տեխնոլոգիական սպառազինությունների մատակարարման վերաբերյալ ԱդրՀ-ի բոլոր հայտերը։ Ընդհանուր առմամբ, The Print-ի հրապարակումը ադրբեջանական ԶԼՄ-ները որակել են որպես «ապատեղեկատվություն՝ առանց որևէ ապացույցի»։
Սակայն մի քանի օր անց հնդկական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ Indian Defense Research Wing-ը, որը մասնագիտանում է ռազմական թեմաներով, վկայակոչելով իր աղբյուրները կառավարությունում և երկրի ռազմարդյունաբերական հատվածում, ոչ միայն հաստատեց այս տեղեկությունը, այլև անվանեց այն հնդկական զենքերը, որոնցով Բաքուն հետաքրքրված է առաջին հերթին։ Խոսքը ATAGS հրետանային համակարգերի մասին է, որոնց մատակարարումներն արդեն իրականացվում են Հայաստան։
Indian Defense Research Wing-ին տված մեկնաբանության մեջ ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանն ասել է, որ Նյու Դելին Բաքվին չի ընդառաջել նախ և առաջ Պակիստանի հետ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների պատճառով: Ըստ հնդիկ փորձագետի, «Թող Ադրբեջանն սկզբում հեռանա Պակիստանից և միանա Հնդկաստանի դիրքորոշմանը Քաշմիրի հարցում, նախքան Նյու Դելին կմտածի Բաքվին հնդկական զենք վաճառելու մասին»։ Պարբերականը նաև նշել է, որ հնդկական զենքի նկատմամբ Բաքվի հետաքրքրությունը կարող է նոր էջ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լեցուն է դիվանագիտական բարդություններով։ Զգայուն տարածաշրջաններում պաշտպանական բնույթի առևտուրը սերտորեն միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ, և եթե Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը «վերահահարմարեցնի Հնդկաստանի ակնկալիքներին համապատասխան, ապա դա կարող է զգալի փոփոխություն նշանավորել Հարավային Կովկասում ռազմական հավասարակշռության մեջ, որոշակի անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը»։
Դատելով ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ների արձագանքից՝ Բաքուն ծայր աստիճան բացասաբար է անդրադարձել «հնդկական ուղում» իր ձախողման թեմայի զարգացմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք հրապարակումներ այն մասին, որ իրականում հանրապետությունը «հնդկական զենքի կարիքը չունի»։ Իբր, նախ, այն, ի հեճուկս տարածված կարծիքի, այնքան էլ որակյալ չէ։ Երկրորդ՝ Բաքուն Սերբիայից և Սլովակիայից արդեն պատվիրել է 155 մմ տրամաչափի քարշակային հրետանային համակարգեր, որոնք նման են հնդկական ATAGS-ին։ Խոսքը սլովակյան DITAL-45 ինքնագնաց հրետանային համակարգի (70 միավոր) և սերբական NORA B-52 NG (48 միավոր) մասին է։ Բացի այդ, ադրբեջանական աղբյուրները կարծիք են հայտնել, որ եթե նույնիսկ ենթադրենք, թե Բաքուն հետաքրքրված է հնդկական որևէ զինատեսակով, ապա Ադրբեջանի համար անընդունելի են Հնդկաստանի առաջ քաշած պայմանները՝ կապված Պակիստանի հետ։ Տարիների ընթացքում Պակիստանն ու Ադրբեջանը կառուցել են աննախադեպ դաշնակցային հարաբերություններ, որոնցից Բաքուն «ոչ մի դեպքում չի հրաժարվի»։ Հետևապես՝ ակնհայտ կերպով անհնար է իրականացնել ԱդրՀ-ի «հնդկա-պակիստանյան քաղաքականությունը վերակազմավորելու» հնդկական պահանջները։
Այն, որ Բաքվի դիմումը Նյու Դելիին իրականում տեղի է ունեցել, բայց անտեսվել է, անուղղակիորեն վկայում է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից հնդկական լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ արձագանքի բացակայությունը։ Եթե խոսք գնար ապատեղեկատվության մասին, ապա Բաքուն անմիջապես կհերքեր այն պաշտպանական գերատեսչության կամ պաշտպանական արդյունաբերության նախարարության հաղորդագրություններում։ Սակայն 22.15.2024 թ. նրանք լռում էին, ինչը հաստատում է հնդկական աղբյուրներից ստացված տեղեկատվության ճշգրտությունը։ Ընդ որում՝ Բաքուն ձգտում է կոծկել իր անհաջողությունը ադրբեջանական հասարակության աչքերից, որն ընտելացել է բացառապես Ալիևի նախաձեռնությունների հաղթանակներին։ Բացի այդ, միգուցե ԱդրՀ-ի իշխանությունները փորձում են խուսափել Իսլամաբադի կոշտ արձագանքից, որը չի կարող ըմբռնումով ընկալել դաշնակցի ռազմատեխնիկական համագործակցությունն իր գլխավոր թշնամու հետ։ Իսլամաբադը համբերատար է Ադրբեջանի և Հնդկաստանի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ներկա մակարդակի նկատմամբ, բայց հազիվ թե պատրաստ լինի դրական վերաբերմունք ունենալ Ադրբեջանի նախաձեռնած գործընթացին, որը կարող է բարձրացնել թշնամական Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի վարկանիշն ու եկամուտները։
Տրամաբանական հարց է ծագում. եթե Բաքվի համար այդքան կարևոր է Իսլամաբադի հետ գործընկերությունը, ապա ինչո՞ւ նա կապեր փնտրեց Նյու Դելիի հետ զենքի գործարք կնքելու համար և, փաստորեն, ընդառաջ գնաց իր պակիստանցի ընկերների կանխահայտ բացասական արձագանքին: Ի վերջո, Հնդկաստանի համաձայնությունն Ադրբեջան–Պակիստան հարաբերությունների ամրության փորձարկում կլիներ։
Գոյություն ունի երկու վարկած.
1. Ադրբեջանը, չնայած իր զինանոցների ավելցուկի մասին թեզի քարոզչությանը, որոշ զինատեսակների խիստ կարիք ունի, որոնց ձեռքբերումը խնդրահարույց է դարձել։ Մի կողմից՝ Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների աստիճանական սրման պայմաններում սպառազինությունների շուկան որոշակի դժվարություններ է ապրում։ Ուկրաինայում ակտիվ լայնածավալ ռազմական գործողություններն արդեն զենքի և զինամթերքի հսկայական ծավալներ են կլանում։ Մինչդեռ այն երկրները, որոնք ավանդաբար զենք են մատակարարում Բաքվին, այս փուլում կանգնած են սեփական զինանոցը համալրելու խնդրի առջև։
2. Ըստ որոշ տեղեկությունների, արդեն 3 տարի է, ինչ ԱդրՀ-ն ռազմական համակարգեր չի գնում ՌԴ-ից, քանի որ Մոսկվան Բաքվի պահանջած սպառազինության տեսակներն ինտենսիվորեն ծախսում է ռազմական պաշտպանության վրա, իսկ ՌԴ առաջարկած արտահանման անվանացանկը, իր հերթին, չի բավարարում այդ հարավկովկասյան հանրապետությանը։ Մյուս կողմից՝ Բաքվի եվրոպացի գործընկերները (Չեխիա, Սլովակիա, Բուլղարիա) ծանրաբեռնված են ՆԱՏՕ-ի պաշտպանական պատվերներով, որոնք նախատեսված են Ուկրաինայի և, ՆԱՏՕ-ի ու ՌԴ միջև ուղիղ բախման մեծ հավանականության մասին տագնապալի լրատվական հոսքերի համապատկերում, սեփական պաշտպանական կարողությունների համար։ Ադրբեջանը պատվերներ ունի Եվրոպայում, սակայն տեսանելի չէ ընդունելի ժամկետներում դրանց կատարման հավանականությունը։ Խոսքը, մասնավորապես, կարող է լինել սերբական NORA ինքնագնաց հրետանային համակարգերի վերոնշյալ խմբաքանակի մասին, որի գործարքը կնքվել է 2024 թ. սկզբին, սակայն Բաքուն, չնայած հայտարարություններին, դեռևս չի ստացել դրանք։
Եվ վերջապես, Բաքվի սպառազինության հիմնական գործընկերները՝ Անկարան և Թել Ավիվը, հայտնվել են Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի շեմին, ինչը չափազանց դժվարացնում է Ադրբեջանի համար անհրաժեշտ ողջ անվանացանկի ապահովումը։ Թուրքիան այժմ կենտրոնացած է սիրիական հիմնախնդրի վրա և, ըստ միջազգային աղբյուրների, ինտենսիվ զինում է իր դաշնակիցներին ՀԹՇ-ին և ՍԱԲ-ին, հատկապես այն բանից հետո, երբ Ասադի բանակի նրանց թողած զինանոցները ոչնչացվեցին իսրայելական օդուժի կողմից։ Իր հերթին Իսրայելը, որը մեծ ջանքեր է գործադրել Գազայում և Լիբանանում ռազմարշավների համար, նույնպես շահագրգռված է ամբողջությամբ օգտագործել իր պաշտպանական-արդյունաբերական հնարավորությունները՝ բավարարելու համար իր իսկ սեփական կարիքները, սպասելով տարածաշրջանում լայնածավալ պատերազմի, որը կանխատեսում են վերլուծաբանները։ Որոշ հայ փորձագետների կարծիքով՝ իրականությանը չի համապատասխանում, թե՛ վերջին ամիսներին Բաքու-Օվդա չվերթով գրանցված ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները վկայում են Ադրբեջանին իսրայելական նոր մատակարարումների մասին։ Հնարավոր է, որ իրականում Թել Ավիվը հետ է ներկրում Ադրբեջանից իր զինանոցները, որոնք երկար տարիներ ինտենսիվորեն կուտակում էր այնտեղ։
Եվ այսպիսով՝ Բաքուն կարող է փորձել մուտք գործել հնդկական մատակարարման շուկա՝ ավանդական գործընկերներից մատակարարումների որոշակի դժվարությունների պատճառով։
Չի բացառվում, որ հնդկական սպառազինության շուկա մուտքը Բաքվին նաև պետք է եկել, որպեսզի խոչընդոտներ ստեղծի հայ-հնդկական պաշտպանական համագործակցության սերտացման համար։ Հաշվի առնելով գործընկեր երկրներին և միջազգային կազմակերպություններին իր բազմամակարդակ հակահայկական արշավին ներգրավելու Ադրբեջանի մեթոդները՝ կարելի է ենթադրել, որ նման ինչ որ բան նախատեսված էր նաև Հնդկաստանի պարագայում։ Թերևս Բաքվի նպատակն էր ամուր անձնական կապեր հաստատել Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության առավել ազդեցիկ պաշտոնյաների և նրա մասնավոր գործընկերների հետ, որպեսզի հետագայում տարբեր փորձված գործիքների, այդ թվում՝ խարդախության և հայկական պայմանագրերի «կանխման» միջոցով կարողանա փլուզել հայ-հնդկական ներդաշնակ զարգացող համագործակցությունը։ Եվ դա ամեն ամիս ավելի ու ավելի է նյարդայնացնում Բաքվին, քանի որ Երևանն արդեն ձեռք է բերել Նյու Դելիի բացառիկ գործընկերոջ կարգավիճակը՝ մատչելի գներով և վճարումների ժամանակացույցով ժամանակակից բարձր տեխնոլոգիական հնդկական մարտական համակարգերի լայն անվանացանկի հասանելիությամբ:
Բայց Բաքվում, ակնհայտորեն, հաշվի չեն առել, որ Հնդկաստանի պաշտպանական հատվածի ուղղահայաց կախվածությունը երկրի քաղաքական իշխանությունից ամենաուժեղներից մեկն է աշխարհում։ Ռազմարդյունաբերական համալիրի առջև երկրի քաղաքական ղեկավարության կողմից դրված պաշտպանիչ պատնեշները գրեթե անհնար է շրջանցել՝ սահմանափակելու դրա չափից դուրս անկախությունը։ Քաղաքական նպատակահարմարությունը և տեխնոլոգիայի գաղտնիությունը պահանջում են, որ Նյու Դելին թույլ չտա թշնամական Պակիստանի հետ դաշնակից երկրներին, օրինակ՝ Ադրբեջանին, մտնել իր պաշտպանական հատված։ Եվ, ընդհակառակը, սերտ համագործակցություն է զարգացնում միջազգային այնպիսի դերակատարների հետ, ինչպիսին է Հայաստանը, որի քաղաքականությունը համահունչ է Հնդկաստանի ռազմավարական շահերին։
Հարկ է նաև հաշվի առնել, որ այս պահին Հնդկաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում հիմնական գործընկերը Ֆրանսիան է, որը բազմամիլիարդանոց պայմանագրեր ունի Նյու Դելիի հետ՝ նորագույն հրետանային, հրթիռային և էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև ուղղաթիռային օդուժի ու սուզանավերի համատեղ մշակման և արտադրության համար։ Փարիզի ազդեցությունը Նյու Դելիի պաշտպանական-արդյունաբերական քաղաքականության վրա զգալի է, և սա, ակնհայտորեն, ևս մեկ պատճառ էր, որ հնդկական կողմը հրաժարվեց Բաքվին թույլ տալ մտնելու իր զենքի շուկան։ Փարիզը, ինչպես և Նյու Դելին, որոշակի ջանքեր է գործադրում, որպեսզի վերականգնի 2020 թ․ հետո Հարավային Կովկասում խախտված ուժերի հավասարակշռությունը և չթույլատրի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան կապի հարաճուն ազդեցությունը։
Այս լույսի ներքո պարզ է դառնում, թե ինչու Բաքուն հնդկական ռազմարդյունաբերական համալիրին դիմեց «երրորդ երկրի» միջոցով, որն ակնհայտորեն նաև բավականին սերտ կապեր ունի Նյու Դելիի հետ։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հույս ուներ իր համար հեշտացնել այս ակնհայտ բարդ գործը։ Կարելի է ենթադրել, որ միջնորդի դեր ստանձնած «երրորդ երկիրը» կարող է լինել կամ ՌԴ-ն, կամ Իսրայելը։ Այս երկու պետություններն էլ գործնականում դաշնակցային հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ և, իրենց հերթին, Հնդկաստանի հետ բավականին սերտորեն համագործակցում են զենքի համատեղ մշակման և արտադրության ոլորտում։
Բայց, ինչպես պարզվեց, հնդկական կողմի սկզբունքայնությունը և (Փարիզի հնարավոր ազդեցությունը) գերազանցեցին Բաքվի լոբբիստական ներուժը հնդկական զենքի շուկայում։ Ադրբեջանում վրդովված են այս փաստից, որքան էլ որ փորձում են այն թաքցնել։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 23.12.2024 թ.: