Մեկնաբանություններ

Բաքվի կողմից «Աղվանական նախագծի» հաստատութենականացումը

Институционализация Албанского проекта со стороны Баку
0 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.02.2026 թ.[1]

Ադրբեջանի կրոնական դավանանքների ներկայացուցիչների պատվիրակությունը «Կովկասի մահմեդականների վարչության» (ԿՄՎ) ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ 09.02.2026 թ. այցելել է Վատիկան: Այցի ընթացքում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Հռոմի Պապ Լեո XIV-ի հետ, որի ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի մամլո հաղորդագրությունների, քննարկվել են միջկրոնական երկխոսության խորացման, Վատիկանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կապերի ամրապնդման, «հայ-ադրբեջանական խաղաղ օրակարգի» հարցերը, ինչպես նաև հաղորդվել են բազմամշակութայնության, հանդուրժողականության և կրոնական ազատությունների ոլորտում Բաքվի ձեռքբերումների մասին թեզեր:

Ա. Փաշազադեն կաթոլիկ հովվապետին փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ողջույնները: Ադրբեջանի կրոնական դավանանքների խորհրդատվական մարմնի անունից Սուրբ Աթոռի ղեկավարը հրավեր է ստացել 2027 թ. այցելել Բաքու՝ Ադրբեջանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի, ինչպես նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հետ Հեյդար Ալիևի առաջին հանդիպման 30-ամյակի կապակցությամբ:

Հարկ է նշել ադրբեջանական պատվիրակությունների՝ Վատիկան կատարած այցերի համակարգային բնույթը՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Նման այցելություններ իրականացվել են 2005 թ. սեպտեմբերին (Բենեդիկտոս XVI-ի օրոք), 2022 թ. հունվարին (Ֆրանցիսկոսի օրոք) և 2025 թ. նոյեմբերին՝ Լեո XIV-ի գահակալությունից անմիջապես հետո։ Շփումների դինամիկան վկայում է այն մասին, որ Վատիկանն աշխուժորեն օգտագործում է միջկրոնական փոխգործակցության ձևաչափը՝ Ադրբեջանի ղեկավարության հետ քաղաքական-դիվանագիտական համագործակցությունը պահպանելու համար:

2005 թվականից Ալիևների զույգը պաշտոնական և աշխատանքային ձևաչափերով պարբերաբար այցելել է Վատիկան։ Այդ փոխգործակցության տնտեսական հիմքը Մեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի հիմնադրամի» գործունեությունն է։ Ադրբեջանական կողմը ֆինանսավորել է հռոմեական կատակոմբների, վատիկանյան առանձին սրբավայրերի վերականգնման և Հռոմեական կուրիայի պատմական փաստաթղթերի թվայնացման ծրագրերը: Այդ համագործակցության նշանակալի արդյունքներից մեկը 2016 թ. հոկտեմբերին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցն էր Ադրբեջան և նրա կողմից Բաքվի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում պատարագի մատուցումը:

Հաշվի առնելով փոխգործակցության ձևավորված պրակտիկան՝ պատվիրակության վերջին այցը մանրամասն վերլուծության առարկա չէր դառնա, եթե չլիներ մեկ էական հանգամանք:

Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկվել է Ռոբերտ Մոբիլին, ով ներկայանում է որպես Ադրբեջանի «աղվանա-ուտիական եկեղեցու» ղեկավար: Ավելի վաղ՝ 2025 թ. ապրիլին, Մոբիլին այցելել էր Հռոմ՝ մասնակցելու Կովկասյան Աղվանքի ժառանգությանը նվիրված գիտաժողովին, որն ադրբեջանական իշխանությունները կազմակերպել էին Պապական Գրիգորյան համալսարանում։ Այնուամենայնիվ, այն ժամանակ նա անմիջական շփումներ չունեցավ Պապական կուրիայի հիերարխների և, առավել ևս, կաթոլիկ հովվապետի հետ։ Լեո XIV-ի կողմից ընդունելությանն արժանացած պատվիրակության կազմում Ռ. Մոբիլիի ներկայիս ընդգրկումը, փաստորեն, նշանակում է նրա պաշտոնական ներկայացում Սուրբ Աթոռին:

Տվյալ իրադարձությունը, ըստ էության, Վատիկանին մի գործչի ներկայացումն է առաջին անգամ, ով կոչված է մարմնավորելու Բաքվի կողմից առաջ քաշվող «Աղվանական ինքնանկախ եկեղեցու» «վերածննդի» հայեցակարգը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, կաթոլիկ հովվպապետի հետ զրույցի ընթացքում Մոբիլին ուշադրությունը կենտրոնացրել է «աղվանա-ուտիական ժառանգության» պահպանման անհրաժեշտության վրա և Լեո XIV-ին է փոխանցել նկարազարդ հրատարակություն, որտեղ պատկերված են այն օբյեկտները, որոնք ադրբեջանական պատմագրությունը վերագրում է «Կովկասյան Աղվանքի ժառանգությանը»: Ակնհայտ է, որ այս եզրույթով նկատի են առնվում Արցախի հայկական տաճարային համալիրներն ու պատմամշակութային հուշարձանները։

ԱՌՎԱԿ կենտրոնը 07.05.2025 թ. հրապարակման մեջ («Բաքուն «աղվանա-ուտիական եկեղեցու» ինքնանկախության որոնման մեջ») մանրամասն դիտարկել է «հին աղվանական եկեղեցու» սուբյեկտայնությունը վերականգնելու գաղափարի լոբբինգի մեխանիզմները։ Բաքուն ձգտում է հասնել նրա ինքնանկախության (պատրիարքության կամ կաթողիկոսության կարգավիճակով) ճանաչմանն աշխարհի խոշորագույն քրիստոնեական կենտրոնների՝ Հռոմեական կուրիայի և Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության կողմից։ Այս կառույցը նախատեսվում է ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգևոր-նյութական ժառանգության հիմքի վրա։

Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ի տարբերություն Կոստանդնուպոլսի, Սուրբ Աթոռը որոշակի բարեհաճություն է ցուցաբերում Հայոց Եկեղեցու կողմից աղվանական սրբավայրերի «պատմական ունեզրկման» և տարածաշրջանի հոգևոր պատմության «խեղաթյուրման» մասին ադրբեջանական թեզերին: Այս միտման ապացույցներն են ինչպես վերոհիշյալ գիտաժողովը Գրիգորյան համալսարանում, այնպես էլ նմանատիպ ուղղվածության մի շարք հոդվածների հրապարակումը Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնական պարբերականում 2024 թ. հուլիսին։

Բացի այդ, Ադրբեջանի ուտիական համայնքի ներկայացուցչական կառույցները երիտասարդներին ակտիվորեն ուսման են ուղարկում Եվրոպայի կաթոլիկ ճեմարաններ (մասնավորապես՝ Լեհաստան): Այս փաստերը թույլ են տալիս ենթադրելու, որ Հռոմի կուրիան, ձեռնպահ մնալով «աղվանական եկեղեցու» ճանաչմանն ուղղված պաշտոնական իրավական քայլերից, գործնականում նպաստում է պայմանների ստեղծմանը համաշխարհային քրիստոնեական համայնքում «աղվանական օրակարգի» օրինականացման համար: Այն տպավորությունն է ստեղծվում, որ տվյալ սցենարի իրագործումը կախված է ժամանակի գործոնից և Բաքվի ՝ բարեգործական ծրագրերի անվան տակ Վատիկանի հետ ֆինանսական փոխգործակցությունը մեծացնելու կարողությունից։

Անհրաժեշտ է նշել նաև, որ հովվապետին Ռոբերտ Մոբիլիի հաստատութենական ներկայացումը ժամանակի առումով համընկել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև հարաբերությունների խոր ճգնաժամի հետ: Այս հակամարտությունն իր մեջ կրում է Հայ Առաքելական Եկեղեցու ներհամակարգային պառակտման և քրիստոնեական եկեղեցիների ընտանիքում Էջմիածնի Աթոռի դիրքերի թուլացման ռիսկերը։ Հազիվ թե պատահական է ՀԱԵ-ին նետված մարտահրավերների հետ «Աղվանա-ուտիական ուղու» վրա Բաքվի աշխուժացման համաժամանակությունը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումներին Վատիկանի պաշտոնական արձագանքի բացակայությունը: Տեղի ունեցողի հետ Սուրբ Աթոռի համերաշխության և պաշտոնապես հնչեցվելիք գնահատանքի բացակայությունը հիմնավոր մտահոգություն է հարուցում։ Չի կարելի բացառել այն բանի հավանականությունը, որ Հայոց Եկեղեցու առջև ծառացած բազմակողմ մարտահրավերները համակարգային բնույթ ունեն և կարող են կարգավորվել միասնական աշխարհաքաղաքական ռազմավարության շրջանակներում:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 20.02.2026 թ.: