Մեկնաբանություններ

Բաշկորտոստանում ազգայնականությունը գլուխ է բարձրացնում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.01.2024թ.

ՌԴ Բայմակ քաղաքի դատարանի կողմից 2024 թ. հունվարի 17-ին բաշկիր ակտիվիստ Ֆաիլ Ալչինովի նկատմամբ կայացված դատավճիռը անկարգությունների է հանգեցրել Բաշկորտոստանում։ Դեռևս 2023 թ. ապրիլի 28-ին Ալչինովը Իշմուրզինո գյուղի մշակույթի տան մոտ քաղաքացիների հավաքի ժամանակ ելույթ էր ունեցել բացասաբար արտահայտվելով «հայերի, կովկասյան ազգությունների և Կենտրոնական Ասիայի ազգայնականների» վերաբերյալ, որոնց նա նաև անվանեց «կարա խալըկ» (բաշկիրերեն՝ «սև ժողովուրդ»): Քննչական մարմինները, իսկ ավելի ուշ դատարանը Ալչինովի ելույթներում նշմարել է ազգամիջյան ատելություն հրահրելու նշաններ, և վերջինս մեղադրվել է ծայրահեղականության մեջ՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկմանուղղիչ աշխատանքային գաղութում։

Դատավճռի օրը մի քանի հազար մարդ ամբողջ շրջանից հավաքվել էր Բայմակ քաղաքում։ Ուժայիններն իրենց հերթին հսկողության տակ էին առել դատարանի մուտքերը։ Դատավճռի հրապարակումից հետո ամբոխի մեջ անկարգություններ էին սկսվել, ոստիկանությունը դիմել էրուժային գործողությունների, ներգրավվել էին հատուկ ջոկատայիններ։ Անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել էր մի քանի տասնյակի, այդ թվում՝ անվտանգության ուժերից։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ձերբակալվել էին, նրանց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել։

ՌԴ-ում լրատվամիջոցներն ու վերլուծական շրջանակները նախընտրում են զգուշավոր կերպով մեկնաբանել Բայմակի իրադարձությունները կամ ընդհանրապես չխոսել դրանց մասին՝ միգուցե խուսափելով ակնհայտորեն միջէթնիկական ծագում ունեցող խնդրի լայն քննարկումից։ Չնայած Ալչինովի պաշտպանների հավաստիացումներին, որ նրա ելույթները կրում էին բացառապեսսոցիալ-բնապահպանական բնույթ և առնչվում էին Բաշկորտոստանի ոսկու հանքավայրերում «միգրանտների աշխատուժի» գերակայության խնդիրներին, քաղաքական գործիչները և լրագրողները չեն բացառում, որ դա կարող է սկիզբ տալ դաշնության հիշյալ սուբյեկտում ավելի խորքային գործընթացների մեկնարկին: Ուստի քննարկումները հիմնականում ծավալվում են մարզի սոցիալական խնդիրների և հանրապետության իշխանությունների վարչարարական թերությունների շուրջ։

Հանրապետության ղեկավար Ռադիյ Խաբիրովն ավելի անկեղծ է խնդրի շուրջ իր գնահատականներում և բացահայտ հայտարարում է, որ խոսքը Բաշկորտոստանը ներսից պայթեցնելու և այն Ռուսաստանի կազմից անջատելու մասին է։ Խաբիրովը չի հերքում հանրապետության իշխանությունների որոշակի մեղքը և չի թաքցնում, որ այստեղ սոցիալ-տնտեսական կյանքը լավագույն մակարդակի վրա չէ, բայց, միաժամանակ պնդում է, որ խնդրո արմատը պետք է բոլորովին այլ տեղ փնտրել: Նա խոստովանում է, որ «կարելի է բարիբնապահպանակտիվիստի, հայրենասերի դիմակ հագնել (նկատի ունի Ալչինովին), բայց իրականում իրավիճակը բոլորովին էլ այդպիսին չէ»։ «Իմ առաջին իսկ աշխատանքային  օրվանից ես ասել եմ, որ չեմ հանդուրժի ծայրահեղականությունը և իրավիճակը խարխլելու փորձերը։ Որպես Բաշկորտոստանի ղեկավար՝ ես պետք է պաշտպանեմ հանրապետությունը և ժողովրդին՝ ազգային պատկանելության, լեզվի և հավատքի հիման վրա ազգամիջյան ներդաշնակությունը սասանելու ցանկացած փորձից… »:

Նա ուղղակիորեն հայտարարել է, որ 2020 թ. ՌԴ-ում ծայրահեղական ճանաչված «Բաշկորթ»ազգայնական կազմակերպությունը ներգրավված է եղել անկարգությունների մեջ. «Այդ մարդկանցից ոմանք գտնվում են արտերկրում և, ըստ էության, հանդես են գալիս որպես դավաճաններ՝ Ռուսաստանից Բաշկորտոստանի անջատման և պարտիզանական պատերազմիկոչեր հնչեցնելով»:

Նման կարծիք է հայտնում Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն, ընդսմին, պնդում է, որ Մոսկվայի հովանավորյալ Խաբիրովը չի կարողանա հանգստացնել իրավիճակը։ Ավելին, ըստ Պոնոմարյովի, անկարգությունները կարող են տարածվել դեպի Յակուտիա և Տիվա, որտեղ ազգայնական տրամադրությունները աճում են, և որտեղ մարդիկ ավելի քիչ կախվածություն են զգում Մոսկվայից :

Խաբիրովի և Պոնոմարյովի խոսքերից կարելի է եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը թյուրքական ազգայնականության մասին է, և «արտերկրում են» արտահայտությունը գրեթե ուղղակիորեն մատնանշում է Թուրքիային՝ «Բաշկորտ» ազգայնական կազմակերպության հովանավորին և գաղափարական ոգեշնչողին։

Հատկանշական է, որ Բայմակի դատարանի կողմից դատապարտված Ֆաիլ Ալչինովն իր ելույթներում՝ որպես երկրամասում ստեղծված բարդ բնապահպանական և սոցիալական իրավիճակի մեղավորներ, առանձնացրել է հայերին, իսկ մնացածին բնորոշել որպես  «սև ժողովուրդ»՝ տալով լղոզված, անորոշ ձևակերպումներ «կովկասյան ազգությունների և Միջին Ասիայի ազգությունների ներկայացուցիչներ»:

Այս դեպքում հռետորաբանությունը և շեշտադրումները ուղղակիորեն մատնանշում ենԲաշկորտոստանում «սոցիալ-բնապահպանական գործողությունների» և դրան հաջորդած անկարգությունների հիմնական պատվիրատուին։