Մեկնաբանություններ

Արևմուտքը Ալիևին «խարազան» է ցույց տալիս

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 28.04.2024 թ.

25.04.2024 թ. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որում Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ, և այս երկրի հետ հետագա ցանկացած համագործակցությունը պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր վիճակի բարելավմամբ։ Բանաձևում նաև նշվում է Կլիմայի միջազգային համաժողովի COP29 նստաշրջանի մասին, որը պետք է անցկացվի Բաքվում։ ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմինը պահանջում է այս նշանակալից իրադարձությունն Ադրբեջանում անցկացնելու իրավունքից զրկել Բաքվին, եթե ադրբեջանական իշխանությունները շարունակեն այլախոհների իրավունքները ոտնահարելու քաղաքականությունը և քաղաքական հակառակորդների դեմ պայքարի պատժիչ մեթոդներ կիրառեն։

Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը չի ենթադրում ԵՄ գործադիր կառույցների կողմից ուղղակի պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ և ունի հանձնարարական բնույթ՝ Եվրահանձնաժողովի ուշադրությունը գրավելու Ադրբեջանում ժողովրդավարական արժեքներին վերաբերող իրավիճակի վրա։ Ըստ կանոնակարգի՝ Եվրահանձնաժողովն ինքը պետք է որոշի Բաքվի հետ կապված գործողությունների ընտրության հարցը, սակայն պարտավոր է հաշվի առնել խորհրդարանական մարմնի կարծիքն ու տրամադրությունները։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ծայրահեղ անբարենպաստ, բայց, միևնույն ժամանակ, զուտ դեկլարատիվ փաստաթղթի ընդունման փաստը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն կանխարգելիչ միջոցներ է ցուցաբերում Բաքվի նկատմամբ։ Դրանք, ենթադրաբար, կապված են ոչ թե Ադրբեջանում իրավական ճգնաժամի և կառավարման ավտորիտար մեթոդների վերաբերյալ անկեղծ մտահոգության հետ, մի բան, որ  Արևմուտքը համառորեն անտեսել է երեք տասնամյակ շարունակ, այլ՝ աշխարհաքաղաքական գործոններով։

Խոսքը կարող է լինել եվրոպական հանրության՝ Ալիևի Ադրբեջանի դեպի Ռուսաստան հնարավոր շեղման մտահոգությունների կամ, առնվազն, «երկու հեռվացող աթոռների վրա» նստելու և ռուս-արևմտյան հակադրությունից «Էրդողանյան սցենարով» առավելագույն դիվիդենտներ ստանալու նրա փորձի մասին:

Այս լույսի ներքո ամենևին էլ պատահական չէ, որ Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվել է 2024 թ. ապրիլի 22-ին Ալիևի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ի. Ալիևը և Վ. Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել հարցերի լայն շրջանակի շուրջ և համաձայնեցրել իրենց դիրքորոշումները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանց բանակցությունների հիմնական թեմաներից է եղել Հյուսիսային ծով–Կասպից ծով–Պարսից ծոց առանցքով Հյուսիս-Հարավ մայրցամաքային երթուղու նախագծում համատեղ ներդրումների հարցը։ Քննարկվել է նաև Ռուսաստանից Չինաստան նոր ճանապարհային և էներգետիկ հաղորդակցությունների ստեղծմանը Բաքվի հնարավոր մասնակցության հարցը։ Հնարավոր է նաև, որ բանակցությունների օրակարգում ներառված է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման արդյունքում ստատուս քվոյի փոփոխությունից հետո Հարավային Կովկասում հավաքական Արևմուտքի ազդեցության ուժեղացումը կանխելու համատեղ միջոցառումների թեման։

Վերոնշյալ բոլոր կետերի վերաբերյալ ԵՄ-ն ունի պահանջներ, քանի որ եթե դրանք իրականության վերածվեն, ապա ստեղծվում է տարիմաստ իրավիճակ. Ադրբեջանը, որի ղարաբաղյան ագրեսիայի և ավտորիտարիզմի վրա երկար ժամանակ աչք է փակել Եվրոպան, որին հնարավորություն է տվել դեպի Հին աշխարհ տանել իր նավթագազային խողովակաշարերը և հարստացրել է սեփական պայմանագրերով, մերձեցման հստակ նշաններ է ցուցադրում Արևմուտքի հանդեպ թշնամաբար տրամադրված ՌԴ-ի, ԻՀԻ-ի և ՉԺՀ-ի հետ։

2024 թ. ապրիլի 23-ին Բաքվի միջազգային ֆորումում Ալիևի ելույթը, որի ընթացքում Ռուսաստանի հետ արյունալի պատերազմի մեկնարկի համար նա փաստացի պատասխանատվությունը դրեց Ուկրաինայի ներկայիս և նախորդ իշխանությունների վրա, հազիվ թե վրիպեր եվրոպացի քաղաքական գործիչների ուշադրությունից։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ այսօր ուկրաինական հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը համարվում է ուժի գլոբալ կենտրոններ սիրաշահելու նշան: Այս համատեքստում հարկ է նշել, որ նախկինում Ի. Ալիևի մոտ չի նկատվել նման «համարձակ» գնահատական և «մեղավորի» բացահայտում՝ ի դեմս ուկրաինական արևմտամետ իշխանությունների։

Ամեն դեպքում, ԵՄ-ի զգուշավորությունն ունի կոնկրետ պատճառներ, որոնք ստիպում են իրեն նյարդայնանալ և ազդանշան տալ Բաքվին, որ պատրաստ է դիմելու պատժամիջոցների։ Նույն դրդապատճառները բարձր հավանականությամբ կարող են բացատրել նաև Վաշինգտոնի կանխարգելիչ գործողությունները Ալիևի ռեժիմի դեմ։ Միակ տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Բաքվին ակնարկեցին նրա պատժի ընթացակարգը սկսելու հնարավորության մասին ոչ թե Ալիևի Մոսկվա այցից հետո, այլ դրանից առաջ։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Պուտին-Ալիև բանակցային օրակարգի մասին և միտումնավոր փորձում էր ազդել վերջինիս դեպի իրանա-ռուսական ձևաչափի շեղման վրա։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի իշխանությունները ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուի միջոցով կազմակերպել էին գաղտնի տեղեկատվության «արտահոսք», ըստ որի`  երկու կուսակցություններից մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ պատրաստվում են քվեարկել 40 ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին օրինագծի շուրջ։ Ավելին, այդ անձինք մեղադրվում են ոչ միայն Ի. Ալիևի ավտորիտար վարչակարգին աջակցելու, այլև՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների մեջ։ Ցուցակում ընդգրկված են բանակի սպաներ՝ գեներալի աստիճանից մինչև լեյտենանտներ, սահմանապահներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, Ալիևի գրասենյակի ներկայացուցիչներ, դատախազներ և դատավորներ։

Այսպիսով, Արևմուտքը «գազարի» փոխարեն «խարազան» է ցուցադրում։ Առայժմ միայն ցուցադրում է՝ Ալիևի արձագանքի ակնկալիքով, որից, ըստ էության, կախված կլինի կոնգրեսականների քվեն։