Մեկնաբանություններ

Արաբա-իսրայելական հաշտեցման թուրքական տեսակետը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 29.01.2025 թ.(1)

Գազայի հատվածում 19.01.2025 թ. ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ «արմատական ​​խմբավորման» միջև վեցշաբաթյա հրադադարի պայմանագիրը, որի նպատակն է վերջ տալ 15 ամիս շարունակվող պատերազմին։ Այսպիսով, ուժի մեջ մտավ «խաղաղության գործարքի» առաջին փուլը, որը նախատեսում է հրադադար և պատանդների ու գերիների փոխանակում։ Համաձայնագրի 2-րդ ու 3-րդ փուլերի և Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մանրամասները կքննարկվեն հրադադարի 16-րդ օրը մեկնարկող բանակցություններում։ Սակայն, ինչպես նշել է Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն, եթե 2-րդ փուլի բանակցություններն անարդյունք լինեն, Թել Ավիվն արդեն համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցներ կիրառելով շարունակել պատերազմը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը(2):

Հրադադարի հաստատման միջնորդներ են եղել ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը(3), որոնց հաջողվել է հավասարակշռել կողմերի պահանջներն ու պայմանները, որպեսզի նրանցից ոչ ոք իրեն պարտված չզգա։ Այսպիսով, թեև հրադադարի վիճակը դեռևս փխրուն է, սակայն այն ունի լարվածության և խաղաղության փուլի ավետաբեր դառնալու բոլոր հնարավորությունները։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ լուրը մեծ ոգևորությամբ են ընդունել ինչպես Գազայում, այնպես էլ՝ Իսրայելում, որի հասարակությունը հոգնել է պատերազմի կորուստներից ու անհարմարություններից։

Սակայն Գազայում հրադադարն արժեքավոր է նաև Իսրայելի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս լիցքաթափելու իրավիճակը երկրի հյուսիսում և կարգավորելու լիբանանա-իսրայելական հակասությունները։ ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, ով Բեյրութ է ժամանել 15.01.2025 թ․, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ հանդիպումից հետո ասել է, որ կորցնելու ժամանակ այլևս չկա, և կողմերից ոչ մեկը չի կարող արդարացնել հետագա ձգձգումը. «Մենք պետք է դիվանագիտական գործողությունների և դիվանագիտական ​​լուծումների համար օգտագործենք այս պատուհանը»։ Ըստ Հոխշտեյնի՝ Գազայի համաձայնագիրը «կօգնի նաև դիվանագիտական ​​կարգավորմանն այստեղ՝ Լիբանանում, և դա կկանխի ավելի մեծ պատերազմի բռնկումը…»(4): Նաբիհ Բերրին, որը համարվում է Լիբանանի իշխանությունում Հեզբոլլահին ամենահավատարիմ քաղաքական գործիչներից մեկը, իր համաձայնությունն է հայտնել ամերիկյան հատուկ բանագնացի հետ՝ կապված «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև զինադադարի հրատապ անհրաժեշտության հետ:

Դրանով իսկ, Պաղեստինի հարցով խաղաղ բանակցություններին զուգահեռ, նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում լիբանանա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հող է շոշափում՝ Թել Ավիվի, Բեյրութի և հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողությունները շարունակող «Հեզբոլլահի» միջև բանակցություններ սկսելու համար:

Բավականին եզակի իրավիճակ է ստեղծվում։ Առաջին հայացքից, «Ասադի վարչախմբի» տապալումը Թել Ավիվի համար թեթևացրեց «ահաբեկչական խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահը» լիովին ոչնչացնելու» խոստացված խնդիրը։ Իրանը ստիպված եղավ Սիրիայից տարհանել իր ստորաբաժանումներն ու հրահանգիչներին։ Խախտվեցին նրա ճանապարհային շղթաները, որոնք կապ ու զենքի մատակարարումներ էին ապահովում Լիբանանում դաշնակից ուժերի համար: Իրանի աջակցությունը ՀԱՄԱՍին զգալիորեն նվազել էր 2024 թ․ ամռանից ի վեր, երբ Թեհրանում սպանվեց խմբավորման այն ժամանակվա առաջնորդ Իսմայիլ Հանիեն: Իրենց հերթին, սիրիական նոր իշխանությունները՝ ալ-Ջուլանիի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ իսրայելական կողմի նկատմամբ պահանջներ չունեն և մտադիր չեն փչացնել հարաբերությունները նրա հետ(5)։ Նման հայտարարությունները շարունակում էին արվել նույնիսկ այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց զանգվածային ռմբակոծության ենթարկել սիրիական բազաներն ու զինապահեստները, և նրա ցամաքային ուժերը զգալիորեն խորացել էին սիրիական տարածքում: Գործնականում Թել Ավիվի ձեռքերն ազատ են կատարելու համար  այն, ինչ խոստացել էր Նեթանյահուն՝ «մեկընդմիշտ վերջ տալ ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներին», որոնք թուլացած են և զրկված ուժեղ կենտրոնացված ղեկավարությունից: Ի լրումն՝ ԱՄՆ նախագահությունը վերստանձնած Դ. Թրամփը բազմիցս խոստացել է աջակցել Իսրայելին «ահաբեկչական հիմնախնդիրն» արմատապես ​​լուծելու գործում։

Եվ այնուամենայնիվ, չնայած իր բոլոր առավելություններին, Բ. Նեթանյահուն, հակառակ նախկին ծրագրերի, հրաժարվեց պատերազմ մղել «մինչև հաղթական ավարտ», ինչը չէր կարող չհանգել նրա հեղինակության և քաղաքական կորուստների։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձան ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու Թել Ավիվի մտադրությունները, Բ. Նեթանյահուի կաբինետի մի շարք աջակողմյան նախարարներ հրաժարական տվեցին, ինչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, «էականորեն թուլացրեց վարչապետի դիրքերը»(6)։ Հետևապես՝ պետք է որ շատ ազդեցիկ լինեին Իսրայելի վարչապետի վերոհիշյալ «վիճահարույց» որոշման դրդապատճառները։

Հայտնի է, որ Բ. Նեթանյահուն վիթխարի հասարակական-քաղաքական ճնշում է ապրել, երբ ավելի քան մեկ տարի շարունակ, չնայած իսրայելցի պատանդների հարազատների պահանջներին, հրաժարվում էր որևէ կապի մեջ մտնել ՀԱՄԱՍ-ի հետ։ Նա նաև համառորեն դիմադրում էր միջազգային հանրության ճնշմանը, որն Իսրայելի ղեկավարությանը մեղադրում էր «թշնամական կողմի» խաղաղ բնակչությանը ոչնչացնելու նացիստական ​​մեթոդների որդեգրման և մարդասիրական բոլոր նորմերի ոտնահարման մեջ: Այս բոլոր հարցերի կապակցությամբ  Բ. Նեթանյահուն բախումներ է ունեցել ինչպես իսրայելական հասարակության, այնպես էլ իսրայելական քաղաքական իշխանության համեմատաբար չափավոր ուժերի, ինչպես նաև երկրի որոշ զինվորականների, այդ թվում՝ հրամանատարության հետ: Բայց նա շարունակում էր համառորեն հավատարիմ մնալ պաղեստինյան և լիբանանյան խնդիրների լուծման համար ուժի կիրառման առավելապաշտական ​​դիրքորոշումներին, որոնք ի սկզբանե բացառում էին փոխզիջումները: Այդուհանդերձ, հենց հիմա՝ իսրայելական բանակի անվիճելի գերազանցության և ի դեմս Դ. Թրամփի՝ ԱՄՆ-ի անվերապահ աջակցության պայմաններում, Բ. Նեթանյահուն, այնուամենայնիվ, որոշեց փոխզիջման գնալ այն ուժերի հետ, որոնց նա  ձեռքսեղմման արժանի չէր համարում։ Նրան չի շփոթեցնում իր դիրքորոշման փոփոխության արդյունքում Կնեսետի իշխող կոալիցիայում առաջացած պառակտումը, ինչը կարող է երկիրը քաղաքական ճգնաժամի և իշխանության փլուզման հանգեցնել(7):

Միջազգային ԶԼՄ-ները մինչ այժմ քիչ են լուսաբանում այն հնարավոր պատճառներն ու շարժառիթները, որոնք Իսրայելի ղեկավարությանը դրդել են փոխելու պաղեստինյան խնդրի նկատմամբ իրենց մոտեցումը։ Հիմնական ենթադրությունները վերաբերում են «իսրայելական հասարակության և բանակի հոգնածությանը», ինչպես նաև այն «ծանր ֆինանսական և տնտեսական բեռին», որը կրում է հրեական պետությունը «երկու ճակատով» պատերազմի պայմաններում։ Սակայն հարցի հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքների մասին կա քիչ անդրադարձ կամ ոչինչ չի խոսվում: Մինչդեռ հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով, ավելի ճիշտ՝ դրանցում Թուրքիայի դերով և տարածաշրջանի համար նրա ծրագրերով։ Այս տեսանկյունից հետաքրքիր է, որ ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու վերաբերյալ Ջ. Բայդենի առաջարկն Իսրայելի կառավարությունը ստացել է 31.05.2024 թ․, այսինքն՝ հենց այն օրերին, երբ, ըստ թուրքական աղբյուրների, Անկարան սկսել էր Սիրիայում՝ իր վերահսկողության տակ գտնվող ուժերի՝ դեպի Հալեպ, ապա՝ Դամասկոս արշավի կազմակերպման գաղտնի նախապատրաստական աշխատանքները։

Ասադի վարչակարգի վրա հարձակումը ինքնակա չէր, և դրա մասին գիտեին թե՛ ամերիկացիները, և թե՛ իսրայելցիները։ Թուրքիան պատրաստվում էր Ռուսաստանին և Իրանին դուրս մղել Սիրիայից՝ բոլոր շահագրգիռ խաղացողներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և Իսրայելին, դնելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության արմատական​​փոփոխության փաստի առաջ։ Թուրքամետ սիրիացի զինյալների հարձակումը հաջող էր, ու թուրքական ծրագիրն աշխատեց, և ավելի արագ, քան Անկարան ծրագրել էր, ինչի մասին վկայում են հենց թուրքական լրատվամիջոցները: Սիրիայում կենտրոնական իշխանությունը հայտնվել է Թուրքիայի կողմից հովանավորվող արմատական ​​ուժերի ձեռքում, ինչը Իսրայելի համար ավելի բարդ և անկանխատեսելի է, քան Ասադի վարչակարգը, որի հետ Թել Ավիվը գաղտնի, բայց բավականին ինտենսիվ երկխոսություն էր հաստատել վերջին մի քանի տարվա ընթացքում: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Բ. Ասադը 2021 թ․ սկզբից կապեր էր պահպանում Իսրայելի ղեկավարության հետ, չնայած այն հանգամանքին, որ ՑԱՀԱԼ-ը մշտապես հարձակումներ էր գործում Սիրիայի սահմանին և այդ արաբական հանրապետության խորքում(8)։ Ակնհայտ է, որ Իսրայելը բավարարված էր Բ. Ասադի հետ հարաբերությունների այս ձևաչափով, որով հրեական պետության կողմից Սիրիայում իրանական գործոնը ոչ միայն ուժով էր զսպվում, այլև հենց Սիրիայի ղեկավարի մտադրություններով՝ հավասարակշռություն ստեղծել  Թեհրանի և Թել Ավիվի միջև:

Իսկ այժմ, երբ Թուրքիան, որի հետ իսրայելցիների հարաբերությունները մեծ լարվածության են հասել, պատրաստվում է զբաղեցնել իրանցիների տեղը Սիրիայում, Թել Ավիվը ստիպված է վերանայել իր գնահատականներն ու տեսակետները տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերադասավորման վերաբերյալ։ Մերձավոր Արևելքում շիական «Դիմադրության առանցքը» փլուզվել է, սակայն դա շունչ քաշելու ժամանակ չի տալիս Իսրայելին, որն այս անգամ հայտնվել է «նեոօսմանյան ռևիզիոնիզմի» վտանգի առջև։ «Ասադի վարչակարգի» տապալման օրերին աշխարհի ԶԼՄ-ները գրում էին, որ իսրայելական տանկերը գտնվում են Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա։ Բուն Իսրայելում նախընտրել են այլ տեսանկյունից դիտարկել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և այդ երկրում տիրող իրավիճակը․ թուրքական հրետանին, փաստորեն, հայտնվել է Երուսաղեմից և Թել Ավիվից 80 կմ հեռավորության վրա։ Այս իրողությունները՝ Ռ. Էրդողանի և թուրքական վերնախավի այլ արմատական ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունների համապատկերում, Բ. Նեթանյահուի համար հակասում են անվտանգության և տարածաշրջանում իրենց հիմնական թշնամիների մասին իսրայելցիների պատկերացումներին։ Թուրքիան փոխել է իրականությունը Մերձավոր Արևելքում, և այս հանգամանքը ստիպում է Թել Ավիվին վերանայել իր պաշտպանական դոկտրինն ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Ըստ The Jerusalem Post-ի, ամիսներ շարունակ աշխատելուց հետո նման եզրահանգման է եկել Իսրայելի «զինված ուժերի զարգացման» համար հատուկ պատասխանատու կարգված կառավարական հանձնաժողովը՝ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ, Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին խորհրդական Յակով Նագելի գլխավորությամբ: Հանձնաժողովը  2025 թ. հունվարի սկզբին կառավարությանը ներկայացրել էր  զեկույց, որտեղ նա Մերձավոր Արևելքում Իսրայելի և Թուրքիայի շահերի բախումը համարում էր անխուսափելի, իսկ երկու երկրների միջև պատերազմը՝ բարձր հավանականության(9): Ըստ իսրայելական ԶԼՄ-ների տվյալների՝ Նեթանյահուն Յասեր Նագելի հանձնաժողովի զեկույցից հետո հայտարարել է, որ Թուրքիան դարձել է Իսրայելի համար գլխավոր սպառնալիքը տարածաշրջանում, ինչն աննախադեպ է հրեական պետության պատմության մեջ, որն իր հիմնադրման օրվանից իսկ դաշնակցային հարաբերությունների մեջ է Թուրքիայի Հանրապետության հետ։ Հայտարարությունն առավել հնչեղ է, քանի որ սպառնալիքների կանխատեսման համատեքստում Իսրայելի ղեկավարությունը որպես գոյութենական թշնամի առաջին անգամ չնշեց Իրանի Իսլամական Հանրապետությունը(10)։ Նեթանյահուի հայտարարության շեշտադրումն ու տոնայնությունը վկայում են այն մասին, որ Իսրայելի վարչապետը ոչ միայն ի գիտություն է ընդունել Յասեր Նագելի զեկույցը, այլև պատրաստ է այն օգտագործել որպես երկրի պաշտպանական նոր դոկտրինի հիմք։

Ելնելով իր մասնագիտական ուղղվածությունից («զինված ուժերի զարգացում») Նագելի հանձնաժողովը որպես Թուրքիային զսպելու խնդրի լուծում, առաջարկություններ է ներկայացրել երկրի պաշտպանունակության բարձրացման համար։ Մասնավորապես, առաջարկվել է Իսրայելի ռազմական բյուջեն տարեկան ավելացնել 15 մլրդ շեկելով (մոտ $3,5 մլրդ դոլար) և բանակի համար գնել նոր ծավալի սպառազինություն՝ հիմնականում հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի ներքին և արտասահմանյան արտադրության համակարգեր: Հանձնաժողովը քաղաքական բնույթի առաջարկություններ չի ներկայացրել։ Այս մասին գոնե հրապարակային տեղեկատվություն չկա։ Սակայն հարկ է ենթադրել, որ Թուրքիային զսպելու քաղաքական և տնտեսական միջոցառումների մշակումը Նագելի հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ իրականացրել են հրեական պետության և նրա դիվանագիտական ​​կառույցների գաղտնի ծառայությունները։ Այս ոլորտում ծրագրերի և գործողությունների շրջանակը շատ լայն է, և Գազայում, և, ենթադրաբար, այնուհետև Լիբանանում հրադադարի հետ կապված գործարքը պետք է համարվի կենտրոնական միջոց: Գազայում խաղաղությունն առաջին հերթին Իսրայելին թույլ կտա ազատել այնտեղ կենտրոնացված ռազմական պաշարները և դրանք տեղափոխել դեպի սիրիական ուղղություն, որը ներկայումս ամենամեծ վտանգն է ներկայացնում Թուրքիայի և պրոքսիների հետ ենթադրական դիմակայության համատեքստում: Դա նաև նպաստում է լարվածության թուլացմանն արաբական աշխարհի և, առաջին հերթին, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերություններում, որոնց աջակցությունը չափազանց կարևոր է Թել Ավիվի համար՝ հաշվի առնելով սաուդցիների բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ՝ կապված Խալիֆայության իսլամական ժառանգությանն առնչվող վերջինիս հավակնությունների հետ։ Դրա հետ մեկտեղ,  Թել Ավիվը պետք է Անկարային զրկի Իսրայելի վրա քաղաքական ճնշման լծակից՝ ի դեմս Պաղեստինի հարցի, քանի որ հենց այս արյունալի հակամարտության գործոնն էր, որ թույլ տվեց Թուրքիային արմատականացնել «սիոնիստական ​​ռեժիմի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և իսլամի գործոնն ուղղել նրա դեմ։

Հաշվի առնելով վերը շարադրված բոլոր հանգամանքները՝ պարզ է դառնում, թե ինչու է ՀԱՄԱՍ-ի ոչնչացման հարցում Նեթանյահուն «կես ճամփին» կանգ առել, ինչպես որ նրա արարքը բնութագրել է իսրայելական «Օցմա Յեհուդիթ» ծայրահեղ աջ կուսակցության ղեկավար Իտամար Բեն Գվիրը՝ վայր դնելով  նախարարական լիազորությունները և խզելով կոալիցիան Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հետ։ Սիրիական իրադարձություններից հետո Իսրայելի համար ատելի ՀԱՄԱՍ-ի հետ խաղաղությունը Թել Ավիվի համար դարձել է շատ թանկ քաղաքական ակտիվ, որը գերազանցեց հրեական պետության աջ արմատականների երազանքները և նրանց ուժեղ ազդեցությունը երկրում: Գազայում և Պաղեստինի վարչակազմում՝ Հորդանան գետի  ձախ ափին տիրող անդորրը, առաջին հերթին, հարված է թուրքական շահերին, և Նեթանյահուն այդ քայլին դիմեց նույնիսկ ծայրահեղ աջ շրջանակների ավանդական աջակցությունը կորցնելու սպառնալիքի ներքո, քաղաքական ուժեր, որոնք  ապահովեցին ընտրություններում նրա  վերջին հաղթանակը։ Այն ամենը, ինչը նկարագրված է, հրատապ է նաև լիբանանյան հիմնախնդրի պարագայում, որի լուծման համար, որոշ տեղեկությունների համաձայն, Իսրայելը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, ինտենսիվորեն բանակցություններ է վարում Բեյրութի և «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ։ Թել Ավիվն այժմ լիբանանյան արշավի կարիքը չունի, մանավանդ, որ շիական խմբավորման հիերարխիկ վերնախավի վերացումը Բ. Նեթանյահուի կառավարությանն արդեն թույլ է տալիս Լիբանանում իրականացրած ռազմագործողությունը առանց հիմնավորման ներկայացնել որպես «հաջող և իր նպատակին հասած»։ Ի թիվս այլ գումարելիների, Բ. Ասադի կառավարության տապալումից հետո շիա շարժումն այլևս կենսական վտանգ չի ներկայացնում հրեական պետության համար, քանի որ Իրանի հետ ցամաքային կապերը և ԻԻՀ-ից զենքի մատակարարման ուղիները գրեթե ամբողջությամբ չեզոքացված են։ Ենթադրաբար, եթե Իսրայելը շարունակի ապամոնտաժել «Հեզբոլլահ»-ին, ապա Թուրքիան կլինի միակ ուժը, որը կարող է ստանձնել այդ կազմակերպության ուղղորդողի, նրա գլխավոր հովանավորի և սպառազինության մատակարարողի դերը:

Բացի այդ, որպես Թուրքիայի համապարփակ զսպման անհրաժեշտ միջոցներից մեկը, Իսրայելը դիտարկում է նաև ԱՄՆ-ի հետ համատեղ աջակցությունը Սիրիայում և Իրաքում քրդական շարժմանը, ինչի մասին ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն խոսել է նախորդ հրապարակումներում։ Քրդական հարցը Թուրքիայի ընդհանուր ճանաչված «Աքիլլեսյան գարշապարն» է, որը Թել Ավիվը, բնականաբար, չի կարող իրեն թույլ տալ չօգտագործելու ներկայումս  ստեղծված իրավիճակում։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրդերը դրսից որոշակի աջակցությամբ կարող են բարդացնել Թուրքիայի ճեղքումը դեպի Պարսից ծոցի էներգետիկ պաշարներ։ Թուրքիայի և Իսրայելի դիմակայության համապատկերում տնտեսական գործոնը կարող է վճռորոշ դեր խաղալ կողմերի մարտական ​​ներուժի աճի և ինքնաբավության ապահովման գործում։ Այս համատեքստում ակնհայտ են նաեւ Իսրայելի գործողությունները։

Հատկանշական է, որ տնտեսական առումով երկու երկրներն էլ մինչև վերջերս փոխադարձաբար կախված էին միմյանցից և, չնայած նրանց միջև աճող լարվածությանը, առևտրային հարաբերությունները պահպանվում էին։ Ավելին, Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրատնտեսական համագործակցությունն աճեց միմյանց նկատմամբ քաղաքական դիրքորոշումների արմատականացմանը զուգահեռ։ Իսրայելի ռազմագործողությունը Գազայում նպաստեց նրան, որ թուրքական պողպատի արտահանումը Իսրայել նախապատերազմյան մակարդակից ավելացավ մինչև 300%-ով, իսկ նավթամթերքի և արդյունաբերական ապրանքների արտահանումն ավելի քան կրկնապատկվեց: Եվ սա այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարությունը 02.05.2024 թ․ պաշտոնապես հայտարարեց Իսրայելի հետ առևտրային հարաբերություններն ամբողջապես խզելու մասին(11)։ Իսրայելի հետ Թուրքիայի ստվերային առևտրի մասին տվյալները համառորեն հերքվում էին, մինչև որ, ի վերջո, հենց Թուրքիայում սկսեցին խոսել կառավարության «հանցավոր ստի» մասին, որը, ինչպես պարզվեց, միայն ավելացնում էր հրեական պետության հետ առևտրատնտեսական գործարքների ծավալը։ Վերջինը, ով Թուրքիայում բացահայտ հայտարարեց այդ մասին և ապացույցներ ներկայացրեց, Թուրքիայի խորհրդարանի անդամ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն էր։ Նա հաստատել է ծովային ճանապարհով Իսրայել նավթի և այլ ապրանքների անօրինական առաքման սխեմայի առկայությունը, որոնց փաստաթղթերը նախատեսված են եղել Իտալիայի, Հունաստանի և միջերկրածովյան այլ երկրների համար։ Ֆինանսատնտեսական ծանր ճգնաժամ ապրող Անկարան չի հրաժարվել «թշնամական վարչախմբի» հետ ստվերային համագործակցությունից արտարժութային եկամուտներ ստանալու հնարավորությունից, որը,  իր հերթին, հութիների կողմից Կարմիր ծովով երթուղու փաստացի շրջափակման պատճառով ստիպված էր ապահովել իր ռազմավարական հումքի և ապրանքների մատակարարումը Թուրքիայի հնարավորությունների հաշվին։

Այնուամենայնիվ, Իսրայելում ակնհայտորեն հավատում էին, որ աճող առճակատման համատեքստում Թել Ավիվը պետք է ազատվի առևտրային կախվածությունից և թուրքական մատակարարումներից։ Այս համատեքստում Գազայի զինադադարի գլխավոր ձեռքբերումներից մեկը հութիների հայտարարությունն էր Կարմիր ծովի Ադենի նեղուցում շրջափակման վերացման և Հնդկական օվկիանոսից իսրայելական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ նավերի ազատ երթևեկության մասին(12)։

Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ եթե Գազայում հրադադարը պահպանվի, որը հութիների կողմից դրվել է որպես Կարմիր ծովում անարգել նավարկության պահպանման հիմնական պայման, Թել Ավիվը կիրականացնի իր առևտրային լոգիստիկայի ռազմավարական վերակառուցում և իր հումքը մատակարարող գործընկերների փոփոխություն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է թուրքական պողպատից և շինանյութերից իսպառ հրաժարմանը, ինչպես նաև ադրբեջանական նավթին, եթե Բաքուն Թել Ավիվի հետ հարաբերությունները փչացնելու հարցում գերադասի հետևել Անկարային: Այսպիսով, Թուրքիայի հետ լարվածության աճի նախաշեմին Իսրայելը ոչ միայն ձեռք կբերի անհրաժեշտ գոյութենական անկախություն թուրքական մատակարարումներից, այլև ուժեղ հարված կհասցնի թուրքական տնտեսության առանց այն էլ անորոշ դիրքերին: Սա վատ հեռանկար է Անկարայի համար, որը, չնայած հասարակական լայն դժգոհությանը, թուրքական ընկերություններին թույլ է տվել ստվերային միջոցներով համագործակցել Իսրայելի հետ և այդպիսով ջրի երեսին մնալ: Հրեական պետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների իրական և ամբողջական խզման դեպքում թուրքական բիզնեսի զգալի հատվածը կուժեղացնի ճնշումն Անկարայի իշխանությունների վրա։ Օրինակ, Թուրքիայում շինարարական ընկերություններն արդեն շատ դժգոհ են Ռ. Էրդողանի քաղաքականությունից, քանի որ Անկարայի հակաիսրայելական հռետորաբանության և գործողությունների պատճառով նրանք զրկվել են ավերված Գազայի վերականգնմանը մասնակցելու հնարավորությունից։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ վերջին գործընթացները, որոնք տեղի են ունեցել Գազայում տիրող իրավիճակի շուրջ, իրենց նշանակությամբ շատ հեռու են հայտնվել պաղեստինա-իսրայելական խնդրի շրջանակներից։ Խոսքը Մերձավոր Արևելքում գլոբալ փոփոխությունների մասին է, որտեղ ձևավորվում են նոր շահեր, ուժերի նոր հավասարակշռություն և նոր աշխարհաքաղաքական մրցակցություն՝ «թեժ փուլ» անցնելու մեծ հավանականությամբ։ Իսրայելն ու Թուրքիան դեռևս դեպի բախման ուղեգիծ են գնում, և իրականությունը հուշում է, որ եթե երկու կողմերն էլ պահպանեն իրենց առավելապաշտական ​​քաղաքականությունը, ապա այս կամ այն կերպ հակամարտությունն անխուսափելի կդառնա։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 26.01.2025 թ.:

(2) «Գազայի հատվածում ուշացումոով ուժի մեջ է մտել հրադադարը», DW, (ռուս.), 19.01.2025, https://www.dw.com/ru/v-sektore-gaza-s-zaderzkoj-vstupilo-v-silu-peremirie/a-71340865 (բեռնման օրը՝ 20.01.2025):

(3) «Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի վերաբերյալ գործարքի շուրջ», Ինտերֆաքս, (ռուս.), 15.01.2025, https://www.interfax.ru/world/1002926 (բեռնման օրը՝ 20.01.2025):

(4) «Բանակցություններ Գազայում հրադադարի շուրջ. ՀԱՄԱՍ-ը չի եկել, միջնորդները հույս ունեն խուսափել մեծ պատերազմից,», BBC NEWS, (ռուս.), 15.01.2025, https://www.bbc.com/russian/ articles/c17gq7lk1kno (բեռնման օրը՝ 20.01.2025):

(5) «Ալ-Ջուլանին հրաժարվեց Իսրայելին թշնամի համարել», Islam News, (ռուս.), 15.12.2024, https://islamnews.ru/2024/12/15/al-dzhulani-otkazalsya-schitat-izrail-vragom (բեռնման օրը՝ 21.01.2025):

(6) «Ինչպես անցավ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև փխրուն հրադադարի առաջին օրը», BBC NEWS, (ռուս.), 20.01.2025, https://www.bbc.com/russian/articles/cgkjmle8e0zo/ (բեռնման օրը՝ 21.01.2025):

(7) «Ինչու ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը կարող է Նեթանյահուին վարչապետի իր աթոռն արժենալ», RBC, (ռուս.), 17.01.2025, https://www.rbc.ru/politics/17/01/2025/678a5fd29a79475b25aecfaa/ (բեռնման օրը՝ 20.01.2025):

(8) «Իսրայելական ԶԼՄ-ներ. Սիրիան Ռուսաստանի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ է վարում Իսրայելի հետ». KATEHON, (ռուս.), 18.06.2021, https://katehon.com/ru/news/izrailskie-smi-siriya-vedet-taynye-peregovory-s-izrailem-pri-posrednichestve-rossii (բեռնման օրը՝ 20.01.2025):

(9) «Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ զինված հակամարտության», BFM.RU, (ռուս,), 04.05.2024, https://ru.euronews.com/2024/05/04/turkey-israel-trade-ban/ (բեռնման օրը՝ 21.01.2025):

(10) «Իսրայելը պատերազմ է հաշվարկում Թուրքիայի հետ», «Նեզավիսիմայա գազետա» (ռուս.), 08.01.2025, https://www.ng.ru/world/2025-01-08/1_9166_israel.html (բեռնման օրը՝ 22.01.2025):

(11) «Թուրքիան դադարեցնում է առևտուրն Իսրայելի հետ», Euronews, (ռուս.), 04.05.2024, https://ru.euronews.com/2024/05/04/turkey-israel-trade-ban/ բեռնման օրը՝ 22.01.2025):

(12) «Հութիները Գազայում հրադադարից հետո դադարեցնում են հարձակումներն առևտրային նավերի վրա», «Կոմերսանտ», (ռուս.), 20.01.2025, https://www.kommersant.ru/doc/7444385/ (բեռնման օրը՝ 21.01.2025):