Մեկնաբանություններ

ԱՄՆ–Հնդկաստան նախաձեռնությունները և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.02.2025 թ.(1)

14.02.2025 թ. Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, առևտրատնտեսական հարաբերությունների, երկու տերությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակի։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունները շատ հաջող են անցել, և դրանց գլխավոր ձեռքբերումը եղել է կողմերի որոշումը՝ վերսկսել աշխատանքները «պատմության մեջ մեծագույն առևտրային ուղիներից մեկի» կառուցման վրա, որը ձգվելու է «Հնդկաստանից Իսրայել, Իտալիա և հետագայում ԱՄՆ»(2)։

Ամերիկյան աղբյուրները նույնպես կարծում են, որ հնարավոր է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի ղեկավարների հանդիպումը ծառայի որպես կատալիզատոր՝ թուլացնելու այդ երկրների միջև «առևտրային պատերազմները», որոնք ծագել են Դ. Թրամփի առաջին նախագահության ժամանակներից ի վեր(3)։

Վաշինգտոնում կայացած հանդիպման երկրորդ կարևոր ձեռքբերումը Թրամփի հայտարարությունն էր այս տարվանից սկսած Հնդկաստանին ռազմական արտադրանքների վաճառքի ծավալները «բազմամիլիարդավոր դոլարներով» ավելացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին, և այս անվանացանկի հիմնական կետը կարող են լինել 5-րդ սերնդի F-35 Lightning II կործանիչները(4)։ Սա չափազանց հետաքրքիր նորություն է՝ հաշվի առնելով, որ Պենտագոնը և ԱՄՆ-ի Սենատը խիստ չափանիշներ են կիրառում այն շահագրգիռ երկրների ընտրության համատեքստում, որոնց Վաշինգտոնը կարող է գերժամանակակից կործանիչներ վաճառել։ Հայտնի է, որ F-35-ների արտահանման պատժամիջոցը ԱՄՆ-ը վաղուց արդեն կիրառում է դաշնակիցների հետ հարաբերությունները մոդելավորելու և հակառակորդների վրա ճնշում գործադրելու ռազմավարության համատեքստում։

Նշենք, որ Դ. Թրամփի և Ն. Մոդիի բանակցությունների օրը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում ավարտվել է Aero India միջազգային ցուցահանդեսը, որին ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանկարծակի հրաժարվել էին ցուցադրել F-35-ը։ Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ամերիկացիների մերժումն իբր կապված է F-35-ի ակնհայտ կորցրած դիրքերի հետ՝ համեմատած նորագույն ռուսական Су-57 Э կործանիչի հետ, որը ցուցադրել է իր թռիչքային բնութագրերը Aero India ցուցահանդեսում։ Սակայն ամերիկացիների իրական շարժառիթները մնացին անհայտ։ Այս առումով կարելի է ենթադրել, որ այդ որոշումը կապված էր Դ. Թրամփի կողմից Հնդկաստանին F-35-ներ վաճառելու գործարքի հետ։ Այսպիսով, Նյու Դելին, ըստ ամենայնի, արդեն կատարել է նոր սերնդի ինքնաթիռների ընտրությունը, որը նախատեսված է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդանավերի զորակազմի  արդիականացման համար։

Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքը ցույց է տալիս, որ Դ. Թրամփն, իր նախընտրական խոստումներին հավատարիմ մնալով, իրականացնում է Չինաստանի դիրքերը թուլացնելու և Խաղաղ օվկիանոսում ու Հարավ-արևելյան Ասիայում ԱՄՆ-ի գերակայությունը մեծացնելու ռազմավարություն: Վաշինգտոնի նոր վարչակազմն ակնհայտորեն ձգտում է խախտել Նյու Դելիի և Պեկինի միջև մինչ օրս ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչպես նաև մեծացնել մրցակցությունը հնդկական կողմից խրախուսվող «Հարավային անդրմայրցամաքային առևտրի և էներգետիկ երթուղու» համար՝ որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի հակակշիռ: Այս լույսի ներքո պատահական չէ, որ առկա են (դեռևս չհաստատված) լուրեր, որ ԲՐԻԿՍ-ի երկրները, իմանալով Վաշինգտոնում Դ. Թրամփի և Ն. Մոդիի բանակցությունների արդյունքների մասին, նախատեսում են «դադարեցնել ռազմավարական համագործակցությունը Հնդկաստանի հետ»։ Ակնհայտ է, որ Նյու Դելին համաձայնել է Ասիայում ուժերի հավասարակշռության աշխարհաքաղաքական վերակազմավորման Վաշինգտոնի առաջարկներին և որ կարևոր է, պատրաստ է տեղավորվել այս գործընթացում ԱՄՆ-ի նախագահի կողմից սահմանված գործողությունների տեմպերի մեջ։ Հնդկաստանն այսպիսով ցույց է տալիս Հյուսիս–Հարավ համաշխարհային մրցակցության մեջ իր ավանդական չեզոքությունը խախտելու նշաններ:

Նկարագրված իրադարձությունների համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի դիրքորոշումը, քանի որ Դ. Թրամփի՝ Հնդկաստանի հետ մերձենալու արմատական ​​գործողությունների արդյունքում նա մի շարք ոլորտներում հայտնվել է անբարենպաստ վիճակում։ Վերջին տարիներին Նյու Դելիի քաղաքականությունը Առաջավոր և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միանշանակ կաշկանդել է Անկարայի գործողությունները և սահմանափակել նրա հավակնությունները։ Հնդկաստանը գործել է հիմնականում այս տրամաբանությամբ՝ ելնելով թուրք-պակիստանյան դաշինքի վտանգը չեզոքացնելու անհրաժեշտությունից, որը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ ավելի ու ավելի է ձեռք բերում աշխարհագրական իրացման հնարավորություն։

Թուրքիային խաղաղեցնելու համար Հնդկաստանի ձեռնարկած միջոցառումներից ուշագրավ են հատկապես հետևյալ նախաձեռնությունները.

  1. Նյու Դելին Ֆրանսիայի և Հունաստանի հետ իր համագործակցությունը հասցրել է ռազմավարական գործընկերության մակարդակի՝ միջերկրածովյան այս երկրների հետ հարաբերությունները հիմնելով սերտ ռազմատեխնիկական փոխգործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վրա։
  2. Նյու Դելին դարձել է Երևանի գլխավոր գործընկերը հայկական բանակի վերազինման և դրա տեխնոլոգիական հնարավորությունների մեծացման գործում։
  3. Հնդկաստանը դարձել է «Հյուսիս–Հարավ» առևտրա-տրանսպորտային ծրագրի հիմնական շահառուներից մեկը և պնդում է, որ Հայաստանը ներառվի Պարսից ծոց–Հարավային Կովկաս–Եվրոպա լոգիստիկ երթուղում։
  4. Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի մուտքը ԲՐԻԿՍ՝ թույլ չտալով նրան ազդեցություն ձեռք բերել «Գլոբալ Հարավի» ձևավորվող քաղաքական և տնտեսական դաշինքում(5)։

Թվարկված միջոցառումներն ուրվագծում են այն ռազմավարական ուղղությունները, որոնցով Նյու Դելին փորձում է սահմանափակել Թուրքիայի ակտիվությունը։ Սա ներառում է Արևելյան Միջերկրականը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, որոնց ազդեցությունը Թուրքիան փորձել է մեծացնել ԲՐԻԿՍ-ին իր մասնակցության շնորհիվ: Եվ վերջապես, Նյու Դելիի հակազդեցությունների ցանկին կարող ենք ավելացնել թուրքական ակտիվության հարավային ուղղությունը, որտեղ Հնդկաստանը ԱՄՆ-ի հետ միասին զարգացնում է պատմության մեջ, Դ. Թրամփի խոսքով՝ «ամենամեծ» առևտրային ճանապարհը։  Բնական է, որ  դրանում Հնդկաստանի հետաքրքրությունը ամենևին էլ պայմանավորված չէ սոսկ թուրքական գործոնով, սակայն այս նախագծի իրականացումը, ի լրումն այլ աշխարհառազմավարական և առևտրատնտեսական օգուտների, Նյու Դելիին կօգնի նաև լրացուցիչ խնդիրներ ստեղծել Անկարայի համար՝ նրա ծավալապաշտական նկրտումների հարավային ուղղությամբ։ Այս հնարավորությունները չափազանց մեծ են՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը գործելու է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Հունաստանի հետ սերտ համագործակցությամբ և ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ։ Հետևաբար, Եվրոպա–Ասիա առանցքի երկայնքով գլոբալ առևտրի և կապի լոգիստիկայի փակման գործընթացը կասեցնելու  Թուրքիայի հնարավորությունները գործնականում կհասցվեն զրոյի։

ԱՌՎԱԿ կենտրոնն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է Թուրքիայի և Իսրայելի միջև կատաղի մրցակցության թեմային՝ դեպի Պարսից ծոց մուտք գործելու, Կատարի գազատարի տարանցման և Հնդկական օվկիանոսից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի վերահսկման համար։ Այն ժամանակ այս թեման գրեթե չէր քննարկվում հանրային տիրույթում, և փորձագետները դա չէին ներառում Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունների վատթարացումը պարզաբանող պատճառների ու դրդապատճառների մեջ։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնում Դ. Թրամփի և Ն. Մոդիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին խոսվեց վերևում, ցույց տվեց, որ Կենտրոնի ենթադրություններն արդարացված էին. կողմերի՝ Պարսից ծոցի տարածաշրջանից եվրոպական շուկա գազի հոսքերի և ապրանքների «առանցքային հանգույց» դառնալու ջանքերով շատ առումներով սրվել են  Պաղեստինի հարցի, Սիրիայի ապագայի և քրդերի կարգավիճակի շուրջ Թուրքիայի և Իսրայելի տարաձայնությունները: Թուրքիան իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկեց բոլոր միջոցները  դադարեցնելու համար 09.09.2023 թ. Նյու Դելիում ԱՄՆ-ի նախագահ Դ. Բայդենի կողմից նախապես ազդարարված IMEC նախագծի իրականացումը, ըստ որի՝ նախատեսվում էր ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի տարածքով Հնդկաստանը կապել Եվրոպայի հետ(6)։ Այս համատեքստում 10.07.2023 թ. Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը և պաղեստինա–իսրայելական ռազմական առճակատումը, որը սկիզբ առավ Գազայի հատվածում, նպաստեցին, որպեսզի Նյու Դելիում ներկայացված ծրագիրը G20-ի սեպտեմբերյան հանդիպմանը կորցներ իր հրատապությունը կամ հետաձգվեր անորոշ ժամանակով: Օգտվելով դրանից՝ 2024 թ. ապրիլին Ռ. Թ. Էրդողանի Բաղդադ կատարած այցի ժամանակ Թուրքիան Իրաքի հետ ստորագրեց 26 պայմանագրերից բաղկացած փաթեթ, ներառյալ՝ Պարսից ծոցից Իրաքի տարածքով մինչև Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստներ համակցված երթուղու (երկաթուղի, լայնաշերտ մայրուղի, գազատար, նավթամուղ, կանաչ էներգետիկայի և թվային կապի մալուխներ) ստեղծման մասին պայմանագրեր(7)։

Այնուհետև՝ Դամասկոսում իշխանափոխությունից հետո Անկարան ակտիվորեն փորձեց իրագործել Կատարից Սաուդյան Արաբիայի և Հորդանանի տարածքով դեպի Սիրիա և Թուրքիա գազատարի անցկացման նախագիծը, որի շուրջ, իբր, մտահղացում եղել է դեռևս 2009 թ., բայց չի իրականացվել Բաշար ալ-Ասադի բացասական դիրքորոշման պատճառով։ Ըստ մերձավորարևելյան ԶԼՄ-ների՝ 2024 թ. դեկտեմբերին՝ Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից անմիջապես հետո, Անկարան Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրին հանձնարարել է մշակել գազատարի սիրիական հատվածի նախագիծը, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Պարսից ծոցի արաբական երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, առաջարկել է փոխել «գազի սիրիական երթուղին»:

Դրանով իսկ ակնհայտ է դառնում, որ Անկարան գործադրել է բոլոր ջանքերը Գազայում ռազմական գործողություններից օգտվելու և IMEC առևտրային և էներգետիկ ուղու գլոբալ այլընտրանք կառուցելու համար, նպատակ ունենալով ստանձնել կենտրոնի և ռազմավարական կամրջի դեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Հնդկական օվկիանոսի ավազանի երկրների միջև։ Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին գործընթացները, այն երթուղիները, որոնց համար նա լոբբինգ էր անում, չէր հետաքրքրում համաշխարհային և տարածաշրջանային ամենակարևոր խաղացողներին: 07.01.2025 թ. Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ բին Մուհամեդ ալ-Անսարին պաշտոնապես հայտարարեց, որ Կատարը չի նախատեսում իր գազը Եվրոպա մատակարարել Սիրիայի և Թուրքիայի տարածքով(7)։ Իսկ 14.02.2025 թ. Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում IMEC-ի գլոբալ նախագծի վրա աշխատանքը շարունակելու մասին ամերիկացի և հնդիկ առաջնորդների համատեղ հայտարարությունից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Անկարայի կողմից լոբբինգ արվող «իրաքյան առևտրա-էներգետիկ երթուղին» կորցնում է իր շատ խոստումնալից հեռանկարները։ Եթե ​​IMEC-ը գործարկվի, այն կկորցնի իր գրավչությունն ու շահութաբերությունը, հատկապես հաշվի առնելով Իրաքում շարունակվող ապակայունացման մեծ հավանականությունը:

Այսպիսով, ներկայիս իրողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Թուրքիան պարտվել է Իսրայելի դեմ Պարսից ծոց մուտք գործելու և Արևմուտք-Արևելք առանցքի երկայնքով գլոբալ ինտեգրման նախագծերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար մղվող պայքարում։ Դա հնարավոր է դարձավ հիմնականում ԱՄՆ-ի և Հնդկաստանի ջանքերի շնորհիվ, որոնք ակնհայտորեն ծրագրում են վերափոխել տարածաշրջանի անվտանգության և համագործակցության ողջ ճարտարապետությունը՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան:

Թուրքիայի համար ոչ պակաս վատ նորություն է այն փաստը, որ աշխարհաքաղաքական նոր դասավորությունների ծրագրավորման ժամանակ ԱՄՆ-ը, Հնդկաստանը և, հնարավոր է, Ռուսաստանը հակված են առավելագույնս սահմանափակել Թուրքիայի դերը ծավալվող գործընթացներում։ Առաջին հերթին դա վերաբերում է Անկարայի՝ Ուկրաինայի հարցով ամերիկա-ռուսական բանակցություններում միջնորդությունից հրաժարվելուն։ Վաշինգտոնն ու Մոսկվան այդ «հեղինակավոր դերը» վստահել են Սաուդյան Արաբիային, ինչը, ըստ դիտորդների, վկայում է, նախ՝ Թուրքիայի նկատմամբ երկու կողմերի վստահության կորստի, և, երկրորդ՝ Մերձավոր Արևելքում զարգացող գործընթացներում Էր-Ռիադի առաջնայնության լռելյայն ճանաչման մասին։ Մասնավորապես, Թրամփի վարչակազմի համար կարևոր է թուլացնել Սաուդյան Արաբիայի թագավորական տան և Իսրայելի միջև լարվածությունը և վերականգնել վստահությունը երկու երկրների միջև՝ Էր-Ռիադի կողմից Իսրայելի ինքնիշխանության ճանաչման հեռանկարով: Հենց այդ պայմաններում է, որ IMEC-ը կարող է հաղթահարել դրա գործնական իրականացման վերջին խոչընդոտը։ Այս համատեքստում Սաուդյան Արաբիայի՝ որպես տեխնիկական միջնորդի ընտրությունը ԱՄՆ-ՌԴ գլոբալ գործարքում, որում ուկրաինական հարցը ոչ մի կերպ չի լինի բանակցությունների միակ թեման, պետք է դիտարկել որպես լուրջ քաղաքական առաջընթաց սաուդցիների համար: Սա մի տեսակ անցում է դեպի գլոբալ խաղի «մեծ լիգա», որի նպատակն է վերափոխել ուժերի գլոբալ հավասարակշռությունը։ Այս փաստերը հաշվի առնելով՝ հասկանալի են դառնում հավակնոտ Ռ. Էրդողանի ակտիվ փորձերը՝ վերականգնելու խաղաղ բանակցությունների «ամենաիդեալական հարթակի» դերը(9)։

Թուրքիան միջազգային խոշոր խաղացողների կողմից իրեն անարդարացիորեն անտեսված է զգում և նոր տարածք է փնտրում խուսանավելու համար՝ կորցրած դիրքերը վերականգնելու հույսով: Այդպիսի մի շարք միջոցներից են Անկարայի կողմից վերահսկվող Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտային իրավիճակի նախաձեռնումը, Աբխազիայում ազգայնական տրամադրությունների բորբոքումը, աջակցությունը Զելենսկու հակաամերիկյան դեմարշին(10) և Պակիստանի հետ «ռազմավարական գործընկերության խորացման և դիվերսիֆիկացման» մասին հռչակագրի ստորագրումը(11)։

Այս բոլոր քայլերը վկայում են Թուրքիայի արտաքին քաղաքականության բավականին բարդ վիճակի մասին, ինչը միաժամանակ ազդարարում է նրա դժգոհությունը ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ռուսաստանի գործողություններից։ Հարցն այն է, թե որքան տոկունություն և ուժ ունի Անկարան՝ դիմակայելու աշխարհաքաղաքական երեք ճակատներին, որոնք որոշակի պայմաններում կարող են միավորվել մեկ հակաթուրքական ճակատի մեջ։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա Ռ. Էրդողանի օրոք Թուրքիան կարող է հայտնվել մարգինալացման և մեկուսացման առջև, միայնակ՝ իր չկատարված հավակնությունների, սիրիա-քրդական չլուծված հիմնախնդրի և թուրք-իսրայելական առճակատման հեռանկարի հետ:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 24.02.2025 թ.:

(2) «Թրամփ. ԱՄՆ-ը և Հնդկաստանը կստեղծեն պատմության մեջ «մեծագույն» առևտրային ուղիներից մեկը». TACC (ռուս.),14.02.2025, https://tass.ru/ekonomika/23136903/ (բեռնման օրը՝ 18.02.2025)։

(3) «ԱՄՆ-ը և Հնդկաստանը ցանկանում են առևտրային ճանապարհ ստեղծել Իսրայելի և Իտալիայի միջով»: Коммерсантъ (ռուս.), 14.02.2025, https://www.kommersant.ru/doc/7499198/ (բեռնման օրը՝ 18.02.2025):

(4) «ԱՄՆ-ը մտադիր է F-35 մատակարարել Հնդկաստանին». TACC (ռուս.), 14.02.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/23136745 (բեռնման օրը՝ 18.02.2025):

(5) «ԶԼՄ. Հնդկաստանը արգելափակել է Թուրքիայի մուտքը BRICS»: Форпост Северо-Запад (ռուս.), 24.10.2024, https://forpost-sz.ru/a/2024-10-24/smi-indiya-zablokirovala-vstuplenie-turcii-v-briks (բեռնման օրը՝ 02/19/2025):

(6) «ԱՄՆ-ը և Հնդկաստանը կկառուցեն դեպի Եվրոպա տանող միջանցք»: Ведомости (ռուս.), 11.09.2023, https://www.vedomosti.ru/politics/articles/2023/09/11/994386-ssha-i-indiya-postroyat-koridor-v-evropu/ (բեռնման օրը՝ 19.02.2025):

(7) «Թուրքիայի և Իրաքի միջև ստորագրվել է 26 պայմանագիր»: Anadolu Agency (ռուս.), 22.04.2024, https://www.aa.com.tr/ru/turkey/the-chief-of-turkey-intelligence-held-negotiations-in-iran/3476162/ (բեռնման օրը՝ 19.02.2025):

(8) «Կատարը չի նախատեսում Եվրոպա գազ մատակարարել Սիրիայի և Թուրքիայի տարածքով»: TACC (ռուս.), 07.01.2025, https://tass.ru/ekonomika/22832689 / (բեռնման օրը՝ 19.02.2025):

(9) «Էրդողան. Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մեզ համար շատ կարևոր են»: Armenia News (ռուս.), 18.02.2025, https://news.am/rus/news/867399.html (բեռնման օրը՝ 19.02.2025)։

(10) Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից: UNIAN (ռուս.), 18.02.2025, https://www.unian.net/politics/ukraina-ozhidaet-garantiy-bezopasnosti-ot-ssha-es-turcii-zelenskiy-12919419.html (բեռնման օրը՝ 20.02.2025):

(11) «Թուրքիայի և Պակիստանի միջև 24 պայմանագիր է կնքվել»: Красная Весна (ռուս.), 13.02.2025, https://rossaprimavera.ru/news/29280e81/ (բեռնման օրը՝ 19.02.2025):