Մեկնաբանություններ

«Սիրիական հարցում» ԱՄՆ-ի և Իսրայելի «Քրդական նախագծի» մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.12.2024 թ.(1)(2)

Բ. Ասադի վարչակարգի անկումից մեկ օր անց արդեն պարզ դարձավ, որ Սիրիայի միասնության պահպանումը դժվարլուծելի խնդիր է: Բուն գործընթացները, որոնք տեղի են ունենում սիրիական ինքնիշխանության շահերին հակառակ, շատ ավելի վաղ էին ծավալվել: Մինչ 10.12.2024 թ. Թուրքիայի բանակի ստորաբաժանումները նկատվել էին Հալեպի գավառի Ջերաբլուս քաղաքում: Նույն օրն իսրայելական տանկերը հայտնվել էին Դամասկոսի հեռավոր մատույցներում, և դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը տարածաշրջանում գործարկել էր В-52H ծանր ռմբակոծիչներ և այլ օդուժ, ինչը ԴԱԻՇ-ի հետ մարտերի ժամանակից ի վեր չէր արձանագրվել Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ)-ի երկնքում: Համաձայն ԱՄՆ-ի ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM), ամերիկյան օդուժը ռմբակոծել է «ԴԱԻՇ-ի մնացորդների» դիրքերը Սիրիայի արևելքում և հարավ-արևելքում՝ նպատակ ունենալով կանխարգելել գրոհայինների՝ երկրի ապակայունացումից վերստին օգտվելու փորձը:

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի զանգվածային օդային գրոհը կապված է Պենտագոնի պլանների հետ՝ իրաքա-սիրիական սահմանը «մաքրել» այնտեղ տեղակայված իսլամիստական կազմավորումներից և պայմաններ ստեղծել, որպեսզի իր ցամաքային ուժերը մուտք գործեն Եփրատի ձախափնյա գոտի: ՍԱՀ-ում տվյալ պահին ԱՄՆ-ի 800-900 զինվորից բաղկացած ռազմական զորախումբը բավարար չէ լուծելու համար այն խնդիրները, որոնք սիրիական նոր իրողությունը դրել է Միացյալ Նահանգների առջև: Սպիտակ տունը և Պենտագոնը պաշտոնապես ասում են, որ որոշել են «չլքել Սիրիան», քանի որ ներկայումս ամերիկյան ռազմական օգնության խիստ կարիք է զգում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԴՈՒ, SDF) – քրդական ինտերնացիոնալ ռազմական դաշինքը, որն արաբական, ասորական և թուրքմանական որոշ ջոկատների հետ միասին վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ռոժավայի ինքնավար վարչակազմը»: Վաշինգտոնն առայժմ չի խոսում իր զորակազմը մեծացնելու ծրագրերի մասին, այնուամենայնիվ, ԴԱԻՇ-ի և Բ. Ասադին տապալած թուրքամետ իսլամիստական ուժերի կողմից քրդերի վրա «հարձակման մեծ հավանականության» վերաբերյալ նրա հնչեցրած մտավախություններն ակնարկում են, որ չի կարելի բացառել նման հնարավորությունը:

Այդպիսով իսկ, Սիրիայում արդեն ի հայտ են գալիս «օկուպացիոն գոտիների» կամ «ազդեցության տարածքների» ուրվագծերը, որոնց առկայությունը հակասում է ՍԱՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման մասին «սիրիական հեղափոխության» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (Ահմադ Հուսեյն աշ-Շարաա) հայտարարած ծրագրերին:

Տվյալ պահին Թուրքիայի վերահսկողության տակ են հայտնվել երկրի գրեթե ողջ կենտրոնական հատվածը և դրա հյուսիսը՝ Հալեպ կենտրոնով: Հանրապետության հարավը հայտնվել է Իսրայելի վիրտուալ վերահսկողության ներքո, որը գրավել է Գոլանի սիրիական ստորոտները, իր դիրքերն առաջ բերել 1974 թ. համաձայնագրով ստեղծված սիրիա-իսրայելական բուֆերային գոտու ողջ երկայնքով ու հաստատել իր դիրքերը Հերմոն լեռան վրա և ընդհուպ մոտեցել Դամասկոսին (ՑԱՀԱԼ-ի տանկերը կանգնած են Սիրիայի մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա):

Սիրիայի արևելքը, ինչպես ասվեց, անցնում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Տվյալ պահին լրիվ պարզ չէ միայն հյուսիս-արևմտյան ափամերձ Լաթաքիա գավառի ճակատագիրը, որը բնակեցված է հիմնականում ալավիներով, որոնց միջավայրից է ծագում Ասադների գերդաստանը: Այդ տարածքի քաղաքները և այլ բնակավայրերն արդեն բռնազավթված են ալ-Ջուլանիի գլխավորած թուրքամետ «ապստամբ ուժերի» խառնակույտի կողմից, սակայն այդ տարածաշրջանի հիմնական ակտիվը՝ Տարտուս նավահանգիստը, մնում է առանց հստակ «տիրոջ»:

Ըստ բրիտանական աղբյուրների՝ 10.12.2024 թ. դրությամբ ափամերձ գոտում է մնացել Ռուսաստանի միջերկրածովյան էսկադրան՝ բաղկացած հինգ վերջրյա նավերից և մեկ սուզանավից: Միևնույն ժամանակ, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, 09.10.2024 թ.-ին ՑԱՀԱԼ-ը զանգվածային հրթիռային հարվածով ոչնչացրել է Տարտուսում խարսխված սիրիական նավատորմը: Հարձակման են ենթարկվել միայն նավերը, մինչդեռ ՍԱՀ ՌԾՆ-ի նավահանգստային ենթակառուցվածքը փաստորեն չի վնասվել: Սա կարող է ցույց տալ, որ «սիրիական բաժանման» հիմնական դերակատարների միջև գոյություն ունի ինչ-որ համաձայնություն այդ բազայի ապագայի վերաբերյալ, որը ռազմավարական դիրք ունի Միջերկրարական ծովի արևելյան հատվածում և օժտված է խոշոր ծավալի ռազմական նավեր ընդունելու և բաց թողնելու հնարավորությամբ:

Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմն, իր էսկադրան պահելով առափնյա գոտում, տակավին հույսեր է փայփայում, որ Տարտուսում իր ներկայությունը պահպանելու շուրջ համաձայնության կգա սիրիական դերակատարների հետ: Սակայն նման սցենարը քիչ հավանական է, քանզի, մի կողմից, ՌԴ-ն այլևս գործընկերներ չունի նոր «սիրիական խճանկարում», իսկ մյուս կողմից՝ Տարտուսի ռասզմավարական ակտիվը դերակատարների գլխավոր ձեռքբերումներից մեկն է՝ Բ. Ասադի վարչակարգի կազմաքանդման արդյունքում: Բացի այդ, տվյալ ռազմակայանում ռուսաստանյան ՌԾՈՒ շարունակական ներկայությունը դժվար թե նպատակահարմար է դրանց օդային ծածկույթի բացակայության պատճառով: Այդ գործառույթն իրականացնում էր Հմեյմինում տեղակայված ՌԴ ՌՕՈՒ ռազմակայանը, սակայն այժմ այն տարհանված է, և դրա տարածքը գտնվում է թուրքամետ ուժերի վերահսկողության ներքո:

Իսրայելի կողմից սիրիական ՌԾՆ-ի նավերի ոչնչացումը վկայում է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը չեն ճանաչում Սիրիայում սեփական նավատորմ ունենալու թուրքամետ ուժերի իրավունքը: Սա կարող է նշանակել, որ նրանք իրենք են մտադիր ապագայում վերահսկողության տակ առնել Տարտուսում գտնվող ռազմակայանը և, հնարավոր է, ամբողջ սիրիական ափը, դրանով իսկ Սիրիայի նոր կառավարությանը կտրելով դեպի ծով ելքից: ԱՄՆ-ը դա կարող է անել մոտ ապագայում՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը: Պատճառ կարող է հանդիսանալ լաթաքիացի ալավիներին թուրքամետ ուժերի վայրագություններից պաշտպանելու անհրաժեշտությունը, որոնք, ի դեպ, արդեն իսկ տեղի են ունենում: Թուրքիան հասկանում է դա, ինչպես և Պենտագոնի հեռագնա նպատակները՝ Լաթաքիան վերածել հարմար ցատկահարթակի՝ մատակարարելու համար Արևելյան Սիրիայում գտնվող ամերիկյան խմբավորմանը, որը կընդլայնվի Ռոժավայի քրդական վարչակազմին աջակցելու համար:

Մի շարք իրադարձություններ վկայում են, որ Անկարան անհանգստության նշաններ է ցույց տալիս Սիրիայում առաջացած այդ իրավիճակի առնչությամբ: Թուրք պաշտոնյաները սկսել են Թել Ավիվին բացահայտ մեղադրել Սիրիայի հարավային շրջանները բռնազավթելու մեջ և այս համապատկերում շտապել իրենք զորքերը մտցնել Հալեպի մարզ: Դրան հաջորդել է Անկարայից տեղեկատվական արտահոսքն առ այն, թե »հեղափոխական ուժերը՚ Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ, HTS) գլխավորությամբ մտադիր են ՍԱՀ-ի մայրաքաղաքը Դամասկոսից տեղափոխել Հալեպ: Եվ վերջապես՝ ՀԹՇ-ն Անկարայից ուղղակիորեն կառավարվող Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ, SNA) հետ դաշնակցած հարձակում սկսեց Դեյր-էլ-Զորի վրա, որը մեկ շաբաթ առաջ Բ. Ասադի զորքերը հանձնել էին Ռոժավայի քրդական կազմավորումներին:

Անկարան սկսեց մտավախություն ունենալ, որ անիրագործելի է դառնում «Սիրիայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու մասին» Հայաթ Թահրիր ալ-Շամ ալ-Ջուլանի առաջնորդի հռչակագիրը, որին աջակցում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Իսկ հռչակագրի հայտարարած նպատակների ձախողման հետևանքով Թուրքիայի համար գլխավոր սպառնալիք կարող է դառնալ քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիս-արևելքում: Անկարան ԱՄՆ-ին և Իսրայելին կասկածում է նախկին պայմանավորվածությունները խախտելու և Սիրիան մասնատելու ձգտման մեջ՝ նկատի ունենալով Դամասկոսի, Լաթաքիայի բռնազավթման թիրախավորումը, ինչպես նաև Ռոժավայի և ամբողջ ձախափնյա Եփրատի վերջնական դուրսբերումը ՍԱՀ-ի կազմից: Հենց այդ պատճառով է, որ Թուրքիան, առանց որևէ ռազմական անհրաժեշտության, այնուամենայնիվ, ներխուժեց Ջերաբլուս և, ըստ երևույթին, ավելի առաջ կգնա: Նա նաև հապճեպորեն Դեյր-էլ-Զոր ուղարկեց իր կողմից վերահսկվող SNA-ի ուժերին՝ այդ տարածաշրջանի նավթահորերից Ռոժավայի քրդերին կտրելու համար: Դրա հետ մեկտեղ՝ Անկարան նախազգուշացրեց իր ընդդիմախոսներին, որ կարող է Սիրիայի մայրաքաղաքը «տեղափոխել» անմիջականորեն իր սահմանի մոտ, որից հետո բռնագրավել այն:

Ի պատասխսան՝ Վաշինգտոնը շտապեց հավաստիացնել Անկարային, որ ոչ մի քայլ չի ձեռնարկում առանց նրա շահերը հաշվի առնելու: 12.09.2024 թ. իր անունը չհայտնած ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա լրատվամիջոցներին ասել էր, թե ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լյոյդ Օսթինը, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բեռնսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ «կառուցողական երկխոսություն» են վարում թուրքական կողմի հետ: Իսկ 12.12.2024 թ. Բլինքենը ժամանեց Անկարա, որտեղ նրան օդանավակայանում անձամբ Ռ. Էրդողանը դիմավորեց, ինչը թուրքական դիվանագիտության պատմության մեջ աննախադեպ է: Անկարայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ «համաձայնեցրել է» Սիրիային առնչվող բոլոր թյուրիմացությունները: Թուրքական կողմը մեկնաբանություններում ավելի զուսպ էր և լավատեսական գնահատականներ չի հնչեցրել Բլինկենի հետ կայացած զրույցի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն կերպ փորձում էին փարատել Թուրքիայի կասկածներն ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի վերաբերյալ: Սակայն այդ կասկածները միայն աճում են: Դրանց համար հերթական պատճառ դարձան սիրիական ռազմանավերի, օդանավակայանների, ինքնաթիռների, հրթիռային և այլ զենքերի պահեստների իսրայելական զանգվածային ռմբակոծությունները, որոնք, ինչպես համարում են Թուրքիայում, Ասադի բանակից օրինականորեն մնացել են հեղափոխություն իրականացրած ՀԹՇ-ին և ՍԱԲ-ին:

Դատելով ԶԼՄ-ների անուղղակի տեղեկություններից, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սկանդալ է հասունանում, որը երկու կողմերն էլ առայժմ փորձում են թաքցնել: Այս առումով ուշագրավ է 10.12.2024 թ. ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդի հայտարարությունը, որը լույս է սփռում հիմնախնդրի էության վրա: Վուդը նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի գծով գործընկերը, ուստի նրանց սերտ փոխգործակցությունը կշարունակվի առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին: Նա ոչինչ չի ասել Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու անհրաժեշտության մասին, սակայն ընդգծել է, որ «Սիրիայում վերահսկողություն ստանձնած իշխանությունները գտնվում են միջազգային հանրության սևեռուն դիտարկման ներքո, որը ցանկանում է համոզվել, որ նրանց հռետորաբանությունը կիրականացվի»: Վուդը նաև հավելել է, թե «ԱՄՆ-ը ցանկանում է համոզվել, որ Սիրիայում վարչախմբի թողած զինամթերքը վտանգ չի ներկայացնում»:

Այդպիսով, ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հասկացրեց, որ Սիրիայի հետագա ճակատագրի առնչությամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխգործակցությունը հնարավոր է միայն ամերիկյան ռազմավարության պայմաններով: Իսկ այն ենթադրում է, որ Սիրիայում իշխանությունը զավթած խմբավորումները չպետք է միջամտեն ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերին: Հետևաբար, Թել Ավիվի կողմից «հեղափոխականների» ձեռքն ընկած զինապահեստների ոչնչացումը կանխարգելիչ միջոց է ապագայում նրանց անհիմն քայլերը բացառելու համար:

Այսպիսով, Թուրքիան հայտնվել է մի կացության մեջ, երբ կամ պետք է միանա Սիրիայի մասնատման ծրագրերին և բավարարվի երկրի հյուսիսային ու կենտրոնական շրջաններով, կամ պատրաստ լինի արդեն իր վրա փորձելու Իրանի և Ռուսաստանի դերը, որոնք ապարդյուն փորձում էին երկրի միասնականությունը պահել իրենց խնամարկյալ վարչակարգի ձեռքում: Այնուամենայնիվ, Անկարայի համար այս երկընտրանքի գլխավոր բարդությունը կայանում է նրանում, որ երկու դեպքում էլ արդիական է մնում ՍԱՀ-ի նախկին տարածքում քրդական պետականության ստեղծման հարցը, որը հեռանկարում կարող է իր մեջ ներառել նաև հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածաշրջանները, որտեղ տեղակայված են Ռոժավայի դաշնակից ՔԲԿ (PKK) խմբավորումները:

Անկարան իրեն խաբված է համարում, սակայն չի կարող բարձրաձայնել այդ մասին: Թուրքական հանրության շրջանում խանդավառություն է տիրում Ասադի տապալման և Հալեպի փաստացի գրավման կապակցությամբ, և Ռ. Էրդողանը հիմա չի ցանկանում փչացնել այդ տոնական տրամադրությունն այն վատ լուրով, որ դաշնակիցները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Իսրայելի, բացահայտ խախտում են «նախկին պայմանավորվածությունները»:

Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները բացահայտորեն հայտարարում են, որ Թել Ավիվն «այժմ առավել, քան երբևէ» պետք է ջանքեր գործադրի անկախ Քրդստան ստեղծելու համար: Իրենց հերթին՝ Իսրայելի իշխանություններն ավելի զգուշավոր են իրենց հայտարարություններում, բայց նրանք ևս հասկացնում են, որ «քրդական խնդրի» լուծման գործընթացը վճռական փուլ է թևակոխում: Այսպես, 10.12.2024 թ. Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն ասել է, թե՝ Սիրիայի իրական մասնատումն անխուսափելի է. «Իրատեսական չէ մտածել, որ մեկ սիրիական պետությունն ինքնիշխանություն ունենա ողջ տարածաշրջանի վրա: Տրամաբանական կլինի ինքնավարության հասնել սիրիական փոքրամասնությունների համար, հնարավոր է՝ դաշնային կառավարության»: Սաարի խոսքը ցույց է տալիս, որ Իսրայելը մտադիր է արգելափակել Թուրքիայի և նրա պրոքսիների կողմից սիրիական տարածքում միասնական կարգ հաստատելու փորձերը և արդեն դաշնակից Միացյալ Նահանգների հետ միասին համալիր գործողություններ է իրականացնում թուլացնելու և պառակտելու համար «հակաասադական հեղափոխական կոալիցիան»: Այս ծրագրի կենտրոնական խնդիրը, ըստ երևույթին, պետք է լինի բոլոր պայմանների ստեղծումը սիրիական հիպոթետիկ ինքնիշխանությունից Ռոժավայի քրդական վարչակազմը վերջնականապես դուրս բերելու համար: Այդ մասին կասկածները փարատվեցին 12.12.2024 թ. մերձավորարևելյան ԶԼՄ-ների տարածած լուրերով առ այն, որ ՍԴՈՒ-ի առաջնորդները, իսլամիստների հարձակման ասպառնալիքի համապատկերում դիմել են Թել Ավիվին՝ խնդրելով Իսրայելի ռազմական օգնությունը և աջակցություն՝ սեփական պետականություն ստեղծելու գործում:

Թուրքական ԶԼՄ-ներն ահազանգում են, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ինչ-որ բան են մոգոնում ՍԴՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքներում: 10.12.2024 թ. ԱՄՆ-ի ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան այցելել է Սիրիայի արևելք, որտեղ՝ ԱՄՆ-ի ռազմակայաններից մեկում գաղտնի հանդիպում է անցկացրել Ռոժավայի քրդական ուժերի ղեկավարների հետ: Դրանից հետո ամերիկացի հրամանատարը մեկնել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Մուհամմադ աս-Սուդանիի հետ:

Այդ անհետաձգելի հանդիպումները չեն կարող չստիպել թուրքերին մտածել, որ ԱՄՆ-ի զինվորականները Իրաքի միջով հուսալի լոգիստիկ երթուղի ստեղծելու հնարավորություն են փնտրում՝ քրդերին զենքի նոր խմբաքանակներ փոխանցելու համար: Միևնույն ժամանակ, Անկարան վրդովված է, որ մինչդեռ Իսրայելը ռմբակոծում էր ՀԹՇ-ի և ՍԱԲ-ի ժառանգած սիրիական ռազմական ենթակառուցվածքը, քրդական խմբավորումները կարողացել են Դեյր-էլ-Զորից հանել և իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ տեղափոխել ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերը (ԶՀՀ «ԿՈՒԲ»), ինչպես նաև Ասադի բանակի զինապահեստներից ծանր սպառազինությունն ու զինամթերքները: Այդ իրադարձությունները թուրք վերլուծաբաններին հիմք են տալիս եզրահանգելու, որ ՍԴՈՒ-ի քրդերն ակտիվորեն պատրաստվում են ՀԹՇ-ի և ՍԱԲ-ի հետ մարտերին, և որ թուրքական օդուժի հնարավոր հարձակումներից պաշտպանվածության աստիճանը բազմակի անգամ կաճի՝ հաշվի առնելով, որ ժամանակին ամերիկացիներն արդեն բավական քանակությամբ արևմտյան արտադրության շարժական ՀՕՊ համակարգեր են հանձնել նրանց:

Այդպիսով կարելի է արձանագրել, որ շատ մեծ է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական կազմավորումների և ամերիկացիների ու իսրայելցիների հովանու տակ գտնվող Ռոժավայի քրդական ուժերի միջև լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: Դա վկայում է հակաասադյան կոալիցիայի հենահարթակում առաջացած խորը ճեղքվածքի մասին:

Ավելին՝ մի կողմից Թուրքիայի, և մյուս կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները կարող են ավելի շատ բանի հանգեցնել, եթե ՀԹՇ-ն հրաժարվի քրդերի հետ՝ թուրքերի կողմից հրահրվող առճակատումից: Նման ենթադրությունների համար հիմքեր կան՝ հաշվի առնելով ալ-Ջուլանիի վերաբերյալ միջազգային փորձագետների ոչ միանշանակ գնահատականները: Կան տվյալներ, որ այդ անձնավորությունը միաժամանակ համագործակցում է և՛ Թուրքիայի, և՛ ամերիկյան, և՛ իսրայելական հետախուզական ծառայությունների հետ, ու դժվար է կանխատեսել, թե ո՛ր կողմի օգտին նա կգործի, եթե Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը չկարողանան փոխհամաձայնության հասնել Սիրիայի ապագայի վերաբերյալ:

Որոշ ռուս վերլուծաբանների կարծիքով՝ հնարավոր է, որ ալ-Ջուլանիի գլխավորած ՀԹՇ-ն հրաժարվի Թուրքիայի հետ սերտ համագործակցությունից և չաջակցի նրա ծրագրերին: Հաշվի առնելով այդ հնարավորությունը, դեռ վաղ է ասել, թե «սիրիական հեղափոխության» բոլոր դերակատարները հաստատապես չեն փոխի իրենց դիրքորոշումը Սիրիայից ռուսներին վերջնականապես վտարելու հարցում: Զարգացումների որոշակի տրամաբանության դեպքում կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը (հիմնականում՝ Թուրքիան) կշահի ռուսների ներկայությունից: Եվ հնարավոր է, որ հենց դա է պատճառը, որ ռուսական նավախումբը սիրիական ափամերձ գծում գտնվող իր խարիսխը դեռևս չի հանել:

Ամփոփելով վերոշարադրյալը, հարկ է եզրահանգել, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը, օգտվելով Սիրիայում տիրող ոչ միանշանակ իրավիճակից և այն բարդություններից, որոնք Թուրքիան կզգա՝ կապված սիրիական «փազլն» իր համար ընդունելի փոխդասավորվածության մեջ հավաքելու փորձերի հետ, արդեն իսկ փորձեր են ձեռնարկում՝ ուղղված քրդական ինքնավարության վերջնական առանձնացմանը: Վաշինգտոնին և Թել Ավիվին վստահություն չի ներշնչում իբր հապճեպորեն աշխարհիկացող իսլամիստական ուժերի գլխավորությամբ սիրիական հողերը «հավաքելու» գաղափարը, ուժեր, որոնց ստեղծմանը ժամանակին իրենք մասնակցություն են ունեցել տարածաշրջանում իրանական ազդեցության դեմ պայքարելու համար: Ասադի վարչակարգի տապալմամբ և «Հեզբոլլահ»-ի թուլացմամբ Մերձավոր Արևելքում շիական «դիմադրության առանցքը» ոչնչացվել է, սակայն Ասադի ընտանիքի քաղաքական ժառանգության վրա սունի խմբավորումների օրինականացման հնարավորությունը կարող է նոր մարտահրավերներ ստեղծել դաշնակիցների համար: Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը պահանջում են, որպեսզի ՍԱՀ-ի մասնատումը տեղի ունենա սիրիական կուսակցությունների, ավազակախմբերի և էթնիկ խմբերի միջև երկպառակտիչ պատերազմների շարանով, որոնց ընթացքը կթուլացնի նրանց ներուժը, և մյուս կողմից՝ բոլոր պայմանները կստեղծի Քրդստանի ինքնիշխանությանը հասնելու համար:

Ամերիկացի և իսրայելցի ստրատեգների կարծիքով՝ խաղադրույքը սիրիական Քրդստանի անկախության վրա, որը հեռանկարում պատրաստ է ինտեգրվելու իր իրաքցի եղբայրակիցների հետ, լիովին համապատասխանում է նրանց շահերին Մերձավոր Արևելքում նոր կարգ և ուժերի հարաբերակցություն կառուցելու հարցում: Ինքնիշխան Քրդստան Վաշինգտոնի և Թել Ավիվի գաղտնի հովանու ներքո, ասել է թե՝ վերահսկողություն Սիրիայի և Հյուսիսային Իրաքի նավթի նկատմամբ: Դա Պարսից ծոցից դեպի Միջերկրական ծով ապագա լոգիստիկ և էներգետիկ երթուղիների վերահսկողություն է: Դա ցատկահարթակ է, որը թույլ է տալիս ամերիկա-իսրայելական երկյակին մշտական լարվածության մեջ պահել Իրանին, Թուրքիային և արաբական աշխարհին: Վերջապես՝ սրանք տասնյակ, իսկ հեռանկարում՝ նաև հարյուր հազարավոր լավ մարտնչել իմացող մարտիկներ են, ում բարձր մոտիվացիան, որպես բացառություն տարածաշրջանի համար, կապված չէ իսլամիստական հոսանքների հետ: Հատկապես ազգային գաղափարն էր, որ դրված լինելով քրդական ինքնության հիմքում, անհնարին դարձրեց այդ ժողովրդի ձուլումն իսլամական աշխարհում: Այս դիտարկումը Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից արվել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից շատ առաջ և առաջացրել գաղափար՝ անկախություն շնորհելու բազմամիլիոնանոց քուրդ ժողովրդին, որն աշխարհում ամենամեծն է սեփական պետականություն չունեցողների թվում: Բնականաբար՝ ամերիկա-իսրայելական շահերին քրդերի լիակատար հավատարմության գնով:

(1) Բերվում է լուսանկար՝ Syrian Civil War map-ից (14.12.2024), https://en.wikipedia.org/wiki/ Syrian_civilwar#/media/File:Syrian_Civil_War_map_(ISW-CTP).svg

(2) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 14.12.2024 թ.: