ԱՄՆ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ. ՈՒԿՐԱԻՆԱ
Վահրամ Ռ. Հովյան[1]
ԱՄՆ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ. ՈՒԿՐԱԻՆԱ
(2025 թ. հունիսի դրությամբ)[2]
Ներածություն
Ուկրաինական հակամարտությունը շարունակում է մնալ միջազգային օրակարգի ամենաառանցքային հարցը։ Այդ հակամարտության հանգուցալուծմամբ է էապես պայմանավորված ինչպես ապագա աշխարհակարգի բնույթը, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի ճակատագիրը։
Միևնույն ժամանակ, անցյալ տարեվերջի ամենանշանակալի միջազգային քաղաքական իրադարձությունը Դոնալդ Թրամփի հաղթանակն էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Դա աննախադեպ երևույթ էր այդ երկրի պատմության մեջ։ Անցյալում երբեք չի եղել, որ մեկ անգամ ընտրություններում պարտված նախկին նախագահն իր թեկնածությունն առաջադրի հետագա նախագահական ընտրություններում։ Ավելին, մեկ անգամ երկրի ղեկավարի թեկնածու առաջադրված և չընտրված գործիչները երկրորդ անգամ, որպես կանոն, չեն մասնակցում նախագահական ընտրրաշավին, քանի որ նախագահի թեկնածուի կարգավիճակն ինքնին, առանց իսկ ընտրությունների արդյունքների, ԱՄՆ-ում համարվում է քաղաքական գործունեության գագաթնակետ տվյալ անձի համար։
Արդ, ինչո՞վ էր պայմանավորված Դոնալդ Թրամփի հաղթանակը կամ, եթե մեդալի հակառակ կողմից նայենք, նրա մրցակից Քամալա Հարիսի անհաջողությունը ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրություններում։ Այս հարցին անդրադառնալիս հարկ է հաշվի առնել, որ գերտերությունների պարագայում ոչ այնքան առաջնորդներն են որոշում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, որքան հակառակը՝ պետության շահերն են թելադրում առաջնորդի տեսակը։ Այս առումով, մեր պատկերացմամբ, Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում զգալի առումով պայմանավորված էր նաև Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հրամայականով։
Իր անցած ուղով Դ. Թրամփը ներկայացնում է գործարար ոլորտը, որին բնորոշ է սակարկությունների, փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելու ջիղը, ինչն էլ հենց ակնկալվում էր Թրամփից Ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Նա ինքն էլ խոստանում էր, որ ընտրվելու դեպքում իրենից ընդամենը 24 ժամ է պահանջվելու Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Նման խոստման հիմքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը դնում էր իր լավ հարաբերությունները ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Թե որքանով կհաջողվի ԱՄՆ-ի 47-րդ նախագահին իրականություն դարձնել իր խոստումը, ժամանակը ցույց կտա։ Հոդվածի նպատակն է վերլուծել Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության օրոք ԱՄՆ-ի քաղաքականությունը ուկրաինական ուղղության վրա, հակամարտության հանգուցալուծման կամ, գոնե, զինադադարի հաստատման հնարավորությունները, ինչպես նաև իրավիճակի զարգացման միտումները տեսանելի հեռանկարում։
ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունները
և Ուկրաինական ճգնաժամը
Այն, որ Ուկրաինայում կրակի դադարեցումը անհրաժեշտություն է բոլորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, վիճարկելի հարց չէ։ Ներկայումս այդ երկրում ստեղծվել է բավականին բարդ և վտանգավոր իրավիճակ։ Մի կողմից՝ Ռուսաստանը չկարողացավ արագ կերպով հասնել իր կողմից հայտարարված «Հատուկ ռազմական գործողության» (ՀՌԳ) նպատակների իրականացմանը. այսօրվա դրությամբ պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 3 տարի, իսկ վերջն այդպես էլ չի երևում։ Մյուս կողմից, սակայն, ձախողվեց նաև Ռուսաստանին ծնկի բերելու Արևմուտքի ծրագիրը։ Արևմուտքում էլ մտահղացումներ կային Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու, «մարտի դաշտում» նրան հաղթելու մասին։ Այս մտահղացումներն էլ չարդարացան։ Այսօր Ռուսաստանը, թեև դանդաղ տեմպերով, մեծ զոհերի ու կորուստների գնով, սակայն քայլ առ քայլ գնում է առաջ՝ նորանոր տարածքներ նվաճելով և աստիճանաբար մոտենալով Հատուկ ռազմական գործողության խնդիրների լուծմանը։ Այլ կերպ ասած՝ պլան Ա-ի (կայծակնային պատերազմ) ձախողումից հետո Մոսկվան անցել է «պլան Բ»-ի իրականացմանը, որը նշանակում է երկարաժամկետ պատերազմ մինչև դրված խնդիրների լուծումը[3]։
2024 թ. օգոստոսին ուկրաինական զորքերի ներխուժումը ՌԴ Կուրսկի մարզ առաջին հայացքից իրարանցում (սենսացիա) էր։ Շատերին թվում էր, թե դա բեկում է ռուս-ուկրաինական պատերազմում։ Սակայն, ուկրաինական զորքերի ներխուժումը Կուրսկի մարզ, իրականում, որևէ ազդեցություն չունեցավ բուն Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների վրա։ Դեռ մի բան էլ հակառակը՝ ավելի անբարենպաստ իրավիճակ ստեղծվեց հենց ուկրաինական զուրքերի համար, քանի որ Կիևն ինքն իր ձեռքով փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ բացեց իր համար այն դեպքում, երբ թե՛ զորքի թվաքանակի, թե՛ զենք-զինամթերքի անբավարարության խնդրի առջև է կանգնած։
Եվ ամենակարևորը՝ կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանը բնավ էլ միայնակ չէ Արևմուտքի դեմ աշխարհաքաղաքական պայքարում։ Հյուսիսային Կորեայից շուրջ 11 հազարանոց զորակազմի տեղափոխումը Ռուսաստան և տեղակայումը ռուս-ուկրաինական սահմանին շատ բանի մասին է վկայում։ Ըստ Արևմուտքի՝ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Իրանը։ Չինաստանը նույնպես ռազմական տեխնոլոգիաներ (միկրոչիպեր և այլն) է մատակարարում Մոսկվային։ Այսինքն՝ Արևմուտքի դեմ պայքարելու մեծ ներուժից բացի, Ռուսաստանն օգտվում է նաև իր՝ եթե չասենք դաշնակիցների, ապա գոնե՝ ռազմավարական գործընկերների աջակցությունից։ Կարծես թե տեղի է ունենում Արևմուտքի կողմից «չարիքի առանցք» հռչակված երկրների (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա) համախմբում։ Մինչդեռ, օրինակ, Թուրքիայի պես երկրներն էլ օգնում են Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները՝ ապահովելով նրա հասանելիությունը արևմտյան տեխնոլոգիաներին։
Ասվածին ավելացնենք նաև այն, որ Ուկրաինայի համար օրեցօր բարդացող իրավիճակը 2024 թ. տարեվերջին էլ ավելի էր բարդանում մոտալուտ ձմռան պայմաններում, երբ երկիրը կարող էր հայտնվել էներգետիկ ճգնաժամի շեմին։ Այս պարագայում Ուկրաինան կարող էր լիովին կորցնել դիմադրողական ներուժը Ռուսաստանի դեմ պատերազմում՝ դրանից բխող հետևանքներով։
Արդ, ստեղծված իրավիճակում Դ. Թրամփի խնդիրն էր դիվանագիտությամբ կանխել վերոհիշյալ սցենարը։ Նրա հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ըստ էության, ուկրաինական ուղղությամբ Ջ. Բայդենի վարչակազմի վարած քաղաքականության ձախողման արդյունք էր։ Ուստի, պատահական չէ, որ ներկայումս միջազգային ամենաարդիական հարցը Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումն է։
Բոլոր դեպքերում, նաև առարկայորեն որոշակիորեն հասունացել է ուկրաինական ճգնաժամի եթե ոչ վերջնական հանգուցալուծման, ապա, գոնե, լիցքաթափման, այն է՝ հրադադարի հաստատման պահը։ Բանն այն է, որ գործնականում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հակամարտող երկու կողմի համար էլ այլևս անիմաստ է շարունակել պատերազմը։ Թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը սպառել են քաղաքական հարցերը մարտի դաշտում լուծելու հնարավորությունները, չնայած երկուստեք այդպիսի տրամադրվածությանը։ Ներկա պահի դրությամբ, մի կողմից, Ուկրաինան չի կարող հետ բերել կորցրած տարածքները։ Բայց, մյուս կողմից, Ռուսաստանի համար էլ անչափ դժվար, եթե ոչ անհնար, կլինի գրավել ամբողջ Ուկրաինայի տարածքը, որքան էլ Մոսկվան տրամադրված է երկարաժամկետ պատերազմի։ Երկուստեք փոքրիկ, տեղային նշանակության հաջողություններ կարող են լինել։ Սակայն ռազմավարական առումով կողմերը սպառել են իրենց։ Փոխադարձ հեռահար հարվածները նույնպես կարող են շարունակվել՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։ Սակայն դա էլ շատ բան չի փոխի գետնի վրա։
Այս պայմաններում պատերազմը շարունակելը, մեղմ ասած, խելամիտ չի լինի։ Դա «արյունաքամ» կանի երկու կողմին էլ, որոնք առանց այդ էլ շատ «արյուն են կորցրել» վերջին երեք տարվա ընթացքում։
Կարելի է ենթադրել, որ Թրամփի օրակարգում առկա է Մոսկվայի հետ որոշակի գործարքի գնալու գաղափարը՝ Ուկրաինան ՌԴ-ին, իսկ Գրենլանդիան՝ ԱՄՆ-ին տրամաբանությամբ։ Թրամփի վարչակազմը թերևս եկել է այն գիտակցության, որ Ուկրաինայի վրա հսկայական գումարներ և այլ ռեսուրսներ վատնելու փոխարեն կարելի է այն փոխարինել ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր ու ռազմավարական տարածքով, ինչպիսին Գրենլանդիան է[4]։ Ուկրաինան «զիջելով» Ռուսաստանին՝ Վաշինգտոնը թերևս ստանա նաև վերջինիս աջակցությունը Գրենլանդիային տիրանալու հարցում։ Թեկուզ մշուշոտ, սակայն այդ մասին են հուշում Մոսկվայի ուղերձները Գրենլանդիայի հարցով։ Մոսկվան համենայն դեպս մինչ օրս կտրականապես դեմ չի արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի կլանման սցենարին։ Թե որքանով ԵՄ-ն կկարողանա դիմադրել ռուս-ամերիկյան այս հնարավոր գործարքի իրականացմանը և խափանել այն, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, ԵՄ կողմից կամ, առնվազն, ԵՄ առանցքային դերակատարների կողմից նկատելի է վճռական դիմադրություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու Դանիայի տարածքային ամբողջականությունը, որի մասն էլ ինքնավարության կարգավիճակով կազմում է Գրենլանդիան։
Բացի Գրենլանդիային տիրանալուց, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմամբ և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ Վաշինգտոնը կողմնակի ազդեցության էֆեկտով կլուծի ևս մի քանի խնդիր, որոնցից ամենակարևորը, թերևս, Իրանի միջուկային ծրագրի հարցն է։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմամբ Թեհրանը թերևս զրկվի Մոսկվայի պես լուրջ գործընկերոջ վճռական և եռանդուն աջակցությունից, ինչը հնարավորություն կտա Վաշինգտոնին հասնելու իր նպատակին՝ ավելի արդյունավետ կերպով ճնշում գործադրելով նրա վրա։ Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը այդ երկրի անցումն արևմտյան ազդեցության տակ, կհանգեցնեն ողջ Մերձավոր և Միջին Արևելքում Վաշինգտոնի դիրքերի էլ ավելի ուժեղացմանը։
Վերջապես, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը ենթադրվում է, որ տեղի կունանա ռուս-չինական հարաբերությունների հաշվին։ Փորձագիտական դաշտում առկա է այնպիսի տեսակետ, ըստ որի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավմամբ Վաշինգտոնը ձգտում է կտրել նրան Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունից կամ դաշնակիցը լինելուց և գրավել իր կողմը, ինչի հետևանքով ավելի հեշտ կլինի մրցակցել Չինաստանի հետ[5]։ Այս տեսակետի օգտին է վկայում Դ. Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմը», մասնավորապես, Չինաստանի դեմ։ Վաշինգտոնը չինական ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը 2025 թ. ապրիլի սկզբին հասցրեց 104%-ի՝ Պեկինի կողմից պատասխան քայլերը չչեղարկելու պատճառով։ Ապա՝ ապրիլի կեսին, արդեն խոսվում էր այդ մաքսատուրքերը մինչև 245%-ի հասցնելու վերաբերյալ[6]։
Այնուամենայնիվ, կարծում ենք, Ռուսաստանին սիրաշահելով Չինաստանից հեռացնելու և իր կողմը գրավելու Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ վերոհիշյալ փորձագիտական տեսակետը, թեև ոչ հիմնազուրկ, սակայն չափազանցված է։ Նույնը կարելի է ասել նաև Իրանի միջուկային ծրագրի խնդրի վերաբերյալ։
Ամփոփելով, կարելի է ասել, որ Դ. Թրամփի օրոք ԱՄՆ-ի շահերը ուկրաինական հարցում ընդհանուր գծերով հանգում են հետևյալին. ա) Ռուսաստանի հետագա ռազմական առաջխաղացման կանխում, բ) ուկրաինական պետականության պահպանում, գ) ուկրաինական ուղղությամբ ռեսուրսների հետագա վատնման կանխում, դ) Գրենլանդիայի հարցում աջակցություն Մոսկվայի կողմից, ե) ավելի արդյունավետ քաղաքականություն չինական և իրանական ուղղություններով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ։ Ասվածին կարելի է ավելացնել նաև հասանելիությունը Ուկրաինայի տարածքում առկա հազվագյուտ մետաղներին և այլ բնական հարստություններին։
Հակամարտության կարգավորման հավանականությունը
Այն, որ Դ. Թրամփն իր առջև խնդիր է դրել խաղաղություն հաստատել Ուկրաինայում, կասկածից դուրս է։ Սակայն ինչպե՞ս հասնել այդ նպատակին կողմերի՝ Մոսկվայի և Կիևի տրամագծորեն հակառակ դիրքորոշումների պայմաններում։ Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս «ընդհանուր հայտարարի բերել» այդ իրարամերժ դիրքորոշումները։
Այս հարցին պատասխանելու համար նախ հարկ է հակիրճ ներկայացնել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ։
Սկսենք Կիևի դիրքորոշումից։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ իրենք պատրաստ են գնալու խաղաղության՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում. ա) ռուսական զորքերի դուրս բերում Ուկրաինայի ողջ տարածքից՝ ներառյալ Ղրիմը, այսինքն՝ 1991 թ. ռուս-ուկրաինական սահմանի վերականգնում, բ) Ռուսաստանի տարածքում ապառազմականացված անվտանգության (բուֆերային) գոտու ստեղծում, գ) Ռուսաստանի կողմից ռազմատուգանքի վճարում՝ պատերազմում հասցված վնասի փոխհատուցում, դ) Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի և նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների՝ միջազգային քրեական պատասխանատվության ենթարկում։ Հիշյալ պայմանների բավարարման դեպքում Կիևը պատրաստ է բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ՝ խաղաղության հաստատման նպատակով։
Ինքնին պարզ է, որ Ուկրաինայի այս պահանջներն իրատեսական չեն։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ Կիևը կորցրել է Ղրիմը, ինչպես նաև այն տարածքները, որոնք անցել են ռուսական զորքերի վերահսկողության ներքո, և չի կարող ետ բերել դրանք[7]։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա վերջիններս, թեև խոսքով աջակցում են Կիևի՝ 1991 թ. ռուս-ուկրաինական սահմանը վերականգնելու նկրտումներին, սակայն գործնականում պատրաստ չեն ռեսուրսներ ներդնել այդ գործի համար։
Կիևի համար ավելի իրատեսական է Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման պահանջը։ Եվրոպական երկրները աջակցում են այս գաղափարին և պատրաստ են իրենց զորքերով իրականացնել այն։ Վաշինգտոնն, իր հերթին, դեմ չէ դրան։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն ընդհանուր գծերով հանգում է հետևյալին.
- Ղրիմի, Դոնբասի (Դոնեցկի և Լուգանսկի մարզեր), Խերսոնի և Զապորոժիեի ճանաչում՝ որպես Ռուսաստանի մաս։
- Այդ տարածքներից ուկրաինական ուժերի դուրս բերում։ Խոսքը Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի այն հատվածների մասին է, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի վերահսկողության ներքո։
- Ուկրաինային ոչ բլոկային, չեզոք պետության կարգավիճակի տրամադրում, ինչի տակ հասկացվում է, որ այն չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ։
- Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնամոլացում (դենացիֆիկացիա)։ Ապառազմականացման տակ հասկացվում է Ուկրաինայի բանակի էական կրճատում։ Այդ երկիրը, ըստ Մոսկվայի, կարող է ունենալ միայն ներքին զորքեր՝ պետության ներսում կարգ ու կանոնի ապահովման նպատակով։ Այլ տիպի բանակ Ուկրաինան չի կարող ունենալ, քանի որ Մոսկվայում ուկրաինական բանակը դիտվում է որպես անմիջական սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը։ Այս համատեքստում, ըստ Մոսկվայի, Ուկրաինայի անվտանգության համար պետք է ստեղծվեն միջազգային երաշխիքներ։ Ինչ վերաբերում է ապազգայնամոլացմանը, ապա դրա տակ նախևառաջ հասկացվում է ազգայնամոլական քարոզչության դադարեցում, նաև համապատասխան կազմակերպությունների փակում, հավաքների արգելում, ծայրահեղականների նկատմամբ քրեական հետապնդում և այլն։
- Ուկրաինայի էթնիկ ռուսների իրավունքների լիարժեք պաշտպանություն։ Խոսքը լեզվական, կրոնական, մշակութային և այլ իրավունքների մասին է։ Այս համատեքստում կարևոր են արգելված Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու վերականգնումը, ռուսերենի կիրառման արգելքի վերացումը, ռուսալեզու ԶԼՄ-ների ազատ գործունեությունը Ուկրաինայի տարածքում և այլն։
Դոնալդ Թրամփը, դատելով նրա հրապարակային հայտարարություններից, պատրաստ է մասնակիորեն բավարարել Ռուսաստանի վերոհիշյալ պահանջները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահը հակված է ընդունելու ռուսական կողմի տարածքային պահանջները, այն է՝ Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեն և Խերսոնը ճանաչել՝ որպես ռուսական։ Իհարկե, խոսքն այստեղ ոչ թե այդ տարածքների որպես Ռուսաստանի դե յուրե մաս ճանաչելու, այլ ստեղծված ստատուս քվոն ի գիտություն ընդունելու մասին է։ Այլ կերպ ասած՝ Թրամփն առաջարկում է այս փուլում չծանրանալ այդ տարածքների իրավական կարգավիճակի վրա՝ հարցի լուծումը թողնելով ապագային։ Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի պահով ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է դրանք ռուսական ճանաչել միայն այն մասով, որով դրանք գտնվում են ռուսական վերահսկողության ներքո։ Այսինքն՝ խոսքը այդ մարզերի ամբողջ տարածքի մասին չէ։
Դ. Թրամփը պատրաստ է ընդունել նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ ռուսական պահանջը։ Այդ մասին է վկայում նրա այն կարծիքը, թե ուկրաինական պատերազմը ծագել է Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ ներքաշելու սխալ քաղաքականությունից[8]։ Այս պահանջի ընդունումը տրամաբանական է, քանի որ այդ կերպ Վաշինգտոնը Մոսկվային է զիջում կամ վաճառում մի բան, որը գոյություն չունի։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն, այսպես թե այնպես, միշտ էլ խնդրահարույց է եղել և ոչ իրատեսական[9]։ Մինչ օրս այն զուտ տեսական կամ ենթադրական բնույթ է կրում։
Այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցելը չի նշանակում համագործակցության բացակայություն վերջինիս հետ։ Առանց անդամության կարգավիճակի էլ Կիևը կարող է համագործակցել թե՛ հավաքական ՆԱՏՕ-ի, թե՛ երկկողմ ձևաչափով դրա անդամ առանձին պետությունների հետ՝ ընդհուպ մինչև վերջիններիցս անվտանգության երաշխիքների ստացում, զենք-զինամթերքի ձեռքբերում կամ իր զինված ուժերի արդիականացում ու զարգացում։
Դ. Թրամփը պատրաստ է բավարարել նաև Ուկրաինայի ռուսալեզու բնակչության լեզվական, կրոնական, մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մոսկվայի պահանջները։ Դա, այսպես թե այնպես, ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով (ՄԱԿ-ի կանոնադրություն և այլն)։
Ի հավելումն հիշյալ զիջումների՝ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է նաև գնալ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի չեղարկման, ինչպես նաև նրա հետ տնտեսական համագործակցության ճանապարհով, ինչն, ըստ ամերիկյան վարչակազմի, երկուստեք շահավետ կլինի։
Ցանկացած հակամարտության հաղթահարում ենթադրում է նաև մարդասիրական (հումանիտար) բնույթի խնդիրների լուծում։ Ուկրաինական պատերազմի պարագայում մարդասիրական ամենագլխավոր հարցը երկուստեք միլիոնավոր փախստականների և տեղահանվածների վերադարձի ապահովումն է։ Սակայն այս հարցի լուծումն ածանցյալ է խաղաղության հաստատմանը։ Հետևաբար, ներկա պահին այն առաջնային տեղ չի զբաղեցնում բանակցային օրակարգում։ Նախ՝ պետք է հասնել խաղաղության, ինչի վրա էլ այսօր կենտրոնացած են դիվանագիտական ջանքերը, ապա նոր անցնել մարդասիրական խնդիրների լուծմանը։
Այսքանով հանդերձ՝ Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ Մոսկվայի պահանջն անընդունելի է հավաքական Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար։ Համենայն դեպս, Սպիտակ տունը հրապարակայնորեն չի հայտարարել Ուկրաինայի զինված ուժերը կրճատելու վերաբերյալ ՌԴ պահանջը բավարարելու մտադրության կամ այդ պահանջին սատարելու մասին։ Մինչդեռ Ուկրաինայի ապառազմականացումն սկզբունքային խնդիր է Ռուսաստանի համար. այն Հատուկ ռազմական գործողության առանցքային նպատակներից մեկն է, առանց որի իրականացման Մոսկվան չի գնա զինադադարի։
Մոսկվայի համար անընդունելի է նաև Ուկրաինայում եվրոպական երկրների զինված ուժերից բաղկացած խաղաղապահ զորքերի տեղակայումը։ Ռուսաստանը դրանում վտանգ է տեսնում առ այն, որ խաղաղապահ ուժերի անվան տակ երկրի տարածքում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժեր և ռազմական ենթակառուցվածքներ, այսինքն՝ Ուկրաինան ռազմական կլանման կենթարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից, ինչը սկզբունքորեն անընդունելի է Ռուսաստանի համար։ Չէ՞ որ հենց այդ սցենարը կանխելու համար է Մոսկվան սկսել Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։
Այսպիսով, ընդհանրական գնահատական տալով, կարող ենք ասել, որ Վաշինգտոնը, ըստ էության, առաջարկում է Մոսկվային առկա ստատուս քվոյի հիման վրա զինադադար հաստատել Ուկրաինայում՝ առանց նախապայմանների կամ հետագա գործողությունների մասին պայմանավորվածության։ Դա մոտավորապես նման կլինի այն զինադադարին, որը 1994 թ. մայիսին ստորագրվեց Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի կողմից։
Նման մոտեցումը սկզբունքորեն անընդունելի է Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվայում քաջ գիտակցում են, որ հնարավոր զինադադարի հաստատումից հետո Արևմտյան երկրները ինտենսիվորեն կզբաղվեն Ուկրաինայի ռազմական կարողությունների զարգացմամբ։ Դրա արդյունքում կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում կստեղծվի գերժամանակակից, արևմտյան սպառազինություններով զինված ուկրաինական բանակ, որն անմիջական սպառնալիք կլինի Ռուսաստանի համար և որի դեմ պայքարելը չափազանց բարդ կլինի ռուսական զինված ուժերի համար։
Այդ է պատճառը, որ Դ. Թրամփի ընտրությունից հետո սկզբնական շրջանում աշխուժացած լավատեսական տրամադրությունները Ուկրաինայում հրադադարի հաստատման առնչությամբ աստիճանաբար իրենց տեղը զիջում են ավելի իրատեսական կամ հոռետեսական տրամադրություններին[10]։ Բանակցություններում էլ աստիճանաբար տեղի ունեցավ նշաձողի իջեցում։ Սկզբում խոսքը լիակատար զինադադարի հաստատման մասին էր։ Երբ պարզվեց, որ դա իրատեսական չէ, սկսեցին քննարկել մեկ ամսով հրադադարի հաստատման հարցը։ Սակայն երբ պարզվեց, որ այս տարբերակն էլ իրատեսական չէ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկ ամսով միայն միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու մասին[11]։
Սակայն այս պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո և մինչև վերջ կողմերը միմյանց մեղադրում էին այն խախտելու մեջ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը մեծ հաշվով կյանքի չկոչվեց։ Ճիշտ է, քրիստոնեական Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը 30 ժամով (ապրիլի 18-21-ը) ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում կայացրեց[12], սակայն նախ՝ կողմերի պնդմամբ այդ օրերին էլ, թեև նվազ ինտենսիվությամբ, բայց շարունակվել են փոխադարձ հարվածները, ապա՝ 30-ժամյա ժամկետի ավարտից հետո ռազմական գործողությունները վերսկսվեցին նախկին ուժգնությամբ։ Այսինքն՝ մարդասիրական այդ քայլը շարունակություն չունեցավ։
ՌԴ նախագահ Վ. Պուտինի 2025 թ. ապրիլի 28-ի որոշմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի օրերին (մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն) մարդասիրական նկատառումներով ռուսական կողմը հայտարարեց զինադադար[13]։ Այդ ընթացքում դադարեցվելու էին բոլոր մարտական գործողությունները։ Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Ուկրաինան պետք է հետևեր Ռուսաստանի օրինակին։
Սակայն ՌԴ նախագահի հիշյալ որոշման առնչությամբ ևս լավատեսական տրամադրություններն առանձնապես ուժեղ չէին։ Որոշման վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ՌԴ զինված ուժերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան[14]։ Այսպիսի զգուշացումը վկայում էր այն մասին, որ Ռուսաստանն ինքն էլ վստահ չէր, որ իր կողմից հայտարարվող հրադադարը կպահպանվի։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի և արևմտյան երկրների արձագանքին հրադադարի վերաբերյալ ՌԴ նախագահի որոշմանը, ապա, ըստ վերջիններիս, եթե Մոսկվան ցանկանում էր հրադադար, ապա կարող էր անմիջապես հաստատել այն, այլ ոչ թե սպասել մինչև մայիսի 8-ը։
Ուկրաինական խնդրում ԱՄՆ–ԵՄ հակասությունների առնչությամբ էլ կարելի է ասել, որ, առաջին հայացքից, ակնհայտ թվացող այդպիսի հակասությունների տակ[15] իրականում թաքնված է համակարգված քաղաքականությունը՝ ուժի և դիվանագիտության (ճկունության) համադրմամբ։ Այս համադրության մեջ առկա է նաև դերերի բաշխում։ Վաշինգտոնն իր վրա է վերցրել ճկունության ապահովման գործառույթը՝ բանակցությունների և որոշակի զիջումների միջոցով Մոսկվային հրադադար հաստատելու հարցում համոզելու առաքելությունը։ Սակայն այդ դիվանագիտական ջանքերն արդյունք չեն տա, եթե չզուգակցվեն ուժի ցուցադրության հետ, որն էլ որպես գործառույթ իր վրա է վերցրել Եվրոպան (ԵՄ երկրները)։
Զարգացման միտումները տեսանելի հեռանկարում
Վերոգրյալը հուշում է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Դ. Թրամփի ջանքերի հաջողության հավանականությունը գնալով նվազում է։ Իսկ դա նշանակում է ուկրաինական պատերազմի երկարաձգում անորոշ ժամանակով։ Դա էլ իր հերթին նշանակում է. ա) ԱՄՆ–ԵՄ էլ ավելի մեծ կոնսոլիդացիա ընդդեմ Ռուսաստանի, թվացյալ կամ իրական հակասությունների վերացում կամ մղում երկրորդ պլան. բ) Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության խստացում՝ նոր պատժամիջոցների սահմանում. գ) Եվրոպայի ռազմականացում. դ) Միաժամանակ, Ռուսաստան–Չինաստան–Իրան–Հյուսիսային Կորեա առանցքի ամրապնդում. ե) հակամարտության հետագա միջազգայնացում. զ) աշխարհում անորոշության և անկանխատեսելիության աճ. է) երրորդ աշխարհամարտի բռնկման հավանականության մեծացում՝ միջուկային զենքի կիրառման հավանականությամբ։
Եվրոպայի ռազմականացման պահով ուշագրավ են, օրինակ, սպառազինությունների համաշխարհային առևտրի վերաբերյալ վերջին տվյալները։ Ըստ դրանց՝ 2024 թ. սպառազինությունների գնման ծավալը աշխարհում էապես մեծացել է։ Այս գործընթացում առաջատար դիրքում է Լեհաստանը, որը վերջին մեկ տարում մոտ $15.6 մլրդ-ի ռազմական գնումներ է իրականացրել՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի շուրջ 13%-ը։ Սպառազինությունների գնման ոլորտում Լեհաստանին հաջորդում է Ռումինիան՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։ Վարշավայի և Բուխարեստի սույն քայլը բացատրվում է առավելապես հարևան Ուկրաինայում ընթացող պատերազմի իրողությամբ։
Ուկրաինական հակամարտության հետագա միջազգայնացման պաշտոնական մեկնարկը տվեց դեռևս 2024 թ. նոյեմբերին Հյուսիսային Կորեայից ավելի քան 10 հազարանոց զորախմբի տեղափոխումը Ռուսաստան և տեղակայումը ռուս-ուկրաինական սահմանին։ Սկզբում այդ մասին հաղորդեցին արևմտյան լրատվամիջոցներն ու պետական գործիչները։ Ռուսներն էլ իրենց հերթին չժխտեցին դա։ Ավելին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայի և Փհենյանի միջև գոյություն ունի ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիր, իսկ թե ինչպես իրենք կգործադրեն այդ փաստաթուղթը, իրենք գիտեն, իրենց գործն է։ Այսպիսով, ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը ոչ միայն չժխտեց, այլև անուղղակիորեն հաստատեց Արևմուտքի տարածած տեղեկությունը։ Այսօր արդեն Հյուսիսային Կորեայի զինված ուժերի մասնակցությունը ուկրաինական պատերազմին ոչ միայն պաշտոնապես ընդունվում է ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից, այլև բավականին բարձր է գնահատվում[16]։ Նշենք, որ հյուսիս-կորեացի զինվորականները մասնակցում էին ռուս-ուկրաինական պատերազմին Կուրսկի հատվածում։
Այսպիսով, ուկրաինական պատերազմին հյուսիս-կորեական զինված ուժերի մասնակցությամբ առաջին անգամ պաշտոնապես ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսեց կրել միջազգային բնույթ, այսինքն՝ պաշտոնապես միջազգայնացվեց։ Մինչ այդ երրորդ կողմերի ներգրավվածությունը ուկրաինական ճգնաժամին ուներ անուղղակի բնույթ՝ սահմանափակվում էր զենք-զինամթերքի մատակարարմամբ, ռազմական հրահանգիչների գործուղմամբ պատերազմի գոտի, տեղեկատվական-դիվանագիտական գործողություններով, տնտեսական պատժամիջոցներով և այլն։ Այլ կերպ ասած՝ տվյալ ներգրավվածությունն ուկրաինական ճգնաժամում մինչ այդ կրում էր հիբրիդային պատերազմի բնույթ։ Հյուսիս-կորեական զինված ուժերի ներգրավվմամբ, փաստորեն, ռուս-ուկրաինական հակամարտությունը պաշտոնապես դուրս եկավ երկկողմ ճգնաժամի ձևաչափից և վերածվեց բազմակողմ կամ միջազգային հակամարտության։
Հակամարտության միջազգայնացումը նշանակում է դրա էլ ավելի սրում։ Արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դեռևս 2024 թ. նոյեմբերին հայտարարեցին, որ՝ ի պատասխան ռազմական գործողություններում հյուսիս-կորեական զորքերի ներգրավմանն, իրենք էլ Ուկրաինայի համար կվերացնեն արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու արգելքը, ինչը և արվեց։
Սա էլ իր հերթին նշանակում է ուկրաինական պատերազմի համատեքտսում միջուկային զենքի կիրառման հավանականության մեծացում։ Ընդ որում, ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև այն երկրների, որոնք մատակարարում են Կիևին հեռահար զենքեր։ Պաշտոնական Մոսկվան բավական երկար ժամանակ է, ինչ հայտարարել է, որ արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանի տարածքին հասցվելիք հարվածը կընկալվի որպես այդ զենքերը ուկրաինական կողմերին մատակարարող երկրների անմիջական ներգարվվածություն ուկրաինական պատերազմին։ Այսինքն՝ դա Մոսկվայում կդիտվի որպես արևմտյան պետությունների կողմից հարված Ռուսաստանի տարածքին՝ դրանից բխող հետևանքներով։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաշխարհային մակարդակով ցանկացած իրավիճակ և գործընթաց ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է մոլորակի առանձին տարածաշրջանների վրա՝ ծնելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ յուրաքանչյուր պետության համար։
Հարավային Կովկասն ու Հայաստանն էլ այս առումով բացառություն չեն, օրինակ՝ Ուկրաինական հակամարտության երկարաձգումը և հետագա միջազգայնացումը՝ հնարավոր հետևանքներով կարող է ազդել Հարավային Կովկասում տարածաշրջանային քաղաքականության վրա, Ուկրաինային հեռահար սպառազինությամբ զինող երկրներին միջուկային հարված հասցնելու ՌԴ պլանները կարող են վտանգի տակ դնել նաև Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների բնակչությանը (ներառյալ հայ համայնքներին)՝ պատճառ հանդիսանալով հայրենադարձության նոր ալիքի: Վերոնշյալ գործընթացները կարող են առաջ բերել սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, առևտրատնտեսական հարաբերությունների բազմազանեցման և այլ հնարավորություններ:
Հ.Գ. 1. Հոդվածի հիմնական ուսումնասիրությունը կատարվել է 2025 թ․ ապրիլ ամսին։ Այն գրեթե պատրաստ էր, երբ ապրիլի 30-ի երեկոյան լուր հաղորդվեց, ըստ որի առաջիկա 24 ժամում ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրելու են Ուկրաինայի հանքերի համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնագիր։ Այդ փաստաթղթով՝ ամերիկյան ներդրումներն իրականացվելու են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության տեսքով։ Այսինքն՝ Կիևին մատակարարվող զենք-զինամթերքը համարվելու է որպես ներդրում։ Սա վկայում է այն մասին, որ հակառակ ակնկալիքներին՝ Վաշինգտոնը մտադիր չէ դադարեցնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, այլ դա կանի իր համար ավելի շահավետ տարբերակով՝ դրա դիմաց ստանալով ուկրաինական հազվագյուտ մետաղները։
Ինչևէ, հիշյալ գործարքով ավելի է նվազում տեսանելի հեռանկարում ուկրաինական հակամարտության դադարեցման հավանականությունը։
Հ.Գ. 2. 2025 թ․ մայիս-հունիս ամիսներին Ստամբուլում տեղի են ունեցել բանակցություններ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև՝ մի քանի փուլով։ Այդ բանակցությունների միակ շոշափելի արդյունքը գերիների և զոհվածների աճյունների փոխանակումն էր։ Մնացած հարցերում, մասնավորապես՝ կրակի դադարեցման խնդրում, որևէ առաջընթաց չի գրանցվել։ Ընդհակառակը՝ անցնող ժամանակահատվածում ինչպես հռետորաբանության մակարդակով, այնպես էլ իրական գետնի վրա՝ մարտի դաշտում, իրավիճակն ավելի է սրվել։ ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփը ստիպված էր խոստովանել, որ ուկրաինական հակամարտության հանգուցալուծումն ավելի բարդ է, քան ինքը պատկերացնում էր, և որ 24 ժամվա ընթացքում Ուկրաինային խաղաղություն բերելու իր նախընտրական խոստումը պետք է ընկալել այլաբանորեն։ Ընդհանուր առմամբ 2025 թ. ապրիլից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, ցավոք, ոչ միայն չեն ժխտում հոդվածում արտահայտված գնահատականներն ու կանխատեսումները, այլև ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են դրանք։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 209-210։
- ՀՀ-ի դերը նոր աշխարհակարգում (Աննա Դանիելյանի հարցազրույցը «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոն»-ի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ): 03.2025, https://www.youtube.com/watch?v=3WKTCfbTwYo
- Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ դար, թիվ 4, 2017, էջ 97-115։
- Հովյան Վ., Ուկրաինական ճգնաժամի դասերը: «Ամբերդ տեղեկագիր», թիվ 2, 2022, էջ 134-138, https://asue.am/upload/files/amberd/2022-year-2/17.pdf
- Հովյան Վ., Ուկրաինական ճգնաժամի հեռանկարները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, 09.10.2024, https://arvak.am/wp-content/ uploads/2024/10/ ուկրաինական-ճգնաժամը-և-հարավային-կովկասը.pdf
- Ռուս-ուկրաինական հակամարտությունը` Մոսկվայի աչքերով (Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Ուկրաինայի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկի հետ), 08.04.2025, https://www.youtube.com/watch?v=T4wlpkrrpTM
- 6 միլիարդ եվրո ԵՄ-ից՝ Հայաստանին: 1in.am, 09.07.2021, https://www.1in.am/2975239.html
- Встреча с начальником Генштаба Вооружённых Сил Валерием Герасимовым. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 04.2025, http://www.kremlin.ru/catalog/persons/426/events/76727
- Заявление Президента Российской Федерации. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 04.2025, http://www.kremlin.ru/events/president/news/76805
- По решению Президента России в дни 80-летия Победы российская сторона объявляет перемирие. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 04.2025, http://www.kremlin.ru/ events/president/news/76807
- Совина М., Россия и США утвердили список энергообъектов, по которым нельзя наносить удары. Мораторий будет действовать в течение 30 дней. ru, 26.03.2025, https://lenta.ru/news/2025/03/26/rossiya-i-ssha-utverdili-spisok-energoob-ektov-po-kotorym-nelzya-nanosit-udary-moratoriy-budet-deystvovat-v-techenie-30-dney/
- Fact Sheet: President Donald J. Trump Ensures National Security and Economic Resilience Through Section 232 Actions on Processed Critical Minerals and Derivative Products. Սպիտակ տան պաշտոնական կայք, 04.2025, https://www.whitehouse.gov/fact-sheets/ 2025/04/fact-sheet-president-donald-j-trump-ensures-national-security-and-economic-resilience-through-section-232-actions-on-processed-critical-minerals-and-derivative-products/
- Symons T., Picheta R. and Atwood K., Trump slams Zelensky for refusing to recognize Russian control of Crimea. CNN, 23.04.2025, https://edition.cnn.com/2025/04/23/europe/rubio- russia-ukraine-ceasefire-talks-intl-hnk/index.html
- Ursula von der Leyen’s Visionary Speech at Historic EU-Central Asia Summit: 04.2025, https://www.youtube.com/watch?v=fFHvoLy9qz8
- Zadorozhnyy T., Trump says Crimea ‘will stay with Russia,’ blames Ukraine’s NATO aspirations for war. The Kyiv independent, 25.04.2025, https://kyivindependent.com/trump-says- crimea-will-stay-with- russia-blames-ukraines-nato-aspirations-for-war/
- Guerre en Ukraine: la conférence de presse d’Emmanuel Macron en intégralité. 03.2025, https://www.youtube.com/watch?v=-YEeRfE0tKE
- Ukraine et sécurité de l’Europe: je vous réponds en direct.02.2025, https://www.youtube.com/watch?v=dV-UMhQtC34
[1] Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006–2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։
[2] Հոդվածը ներկայացվել է խմբագրություն 07.07.2025 թ.:
[3] Մանրամասն տե՛ս. Հովյան Վ., Ուկրաինական ճգնաժամի հեռանկարները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, 09.10.2024, https://arvak.am/wp-content/uploads/2024/10/ ուկրաինական-ճգնաժամը-և-հարավային-կովկասը.pdf (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[4] Գրենլանդիայի աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների, օգտակար հանածոների և այլնի մասին տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 209-210։
[5] Տես, օրինակ, ՀՀ-ի դերը նոր աշխարհակարգում (Աննա Դանիելյանի հարցազրույցը «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոն»-ի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ): 07.03.2025, https://www.youtube.com/watch?v=3WKTCfbTwYo (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[6] Տե՛ս Fact Sheet: President Donald J. Trump Ensures National Security and Economic Resilience Through Section 232 Actions on Processed Critical Minerals and Derivative Products. 15.04.2025, Սպիտակ տան պաշտոնական կայք, https://www.whitehouse.gov/fact-sheets/2025/04/fact-sheet-president-donald-j-trump-ensures-national-security-and-economic-resilience-through-section-232-actions-on-processed-critical-minerals-and-derivative-products/ (բեռնման օրը՝ 30․04.2025)։
[7] Տե՛ս, օրինակ, Symons T., Picheta R. and Atwood K., Trump slams Zelensky for refusing to recognize Russian control of Crimea. 23.04.2025, https://edition.cnn.com/2025/04/23/europe/rubio-russia-ukraine-ceasefire-talks-intl- hnk/index.html (բեռնման օրը՝ 20.05.2025)։
[8] Տե՛ս, Zadorozhnyy T., Trump says Crimea ‘will stay with Russia,’ blames Ukraine’s NATO aspirations for war. The Kyiv Independent, 25.04.2025, https://kyivindependent.com/trump-says-crimea-will-stay-with-russia-blames- ukraines -nato-aspirations-for-war/ (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[9] Տե՛ս, Հովյան Վ., Ուկրաինական ճգնաժամի դասերը: «Ամբերդ տեղեկագիր», թիվ 2, 2022, էջ 137, https://asue.am/upload/files/amberd/2022-year-2/17.pdf (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[10] Տե՛ս Ռուս-ուկրաինական հակամարտությունը` Մոսկվայի աչքերով (Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Ուկրաինայի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկի հետ): 08.04.2025, https://www.youtube.com/ watch?v=T4wlpkrrpTM (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[11] Տե՛ս Совина М., Россия и США утвердили список энергообъектов, по которым нельзя наносить удары. Мораторий будет действовать в течение 30 дней. Lenta.ru, 26.03.2025, https://lenta.ru/news/2025/03/26/rossiya- i-ssha-utverdili-spisok-energoob-ektov-po-kotorym-nelzya-nanosit-udary-moratoriy-budet-deystvovat-v-techenie-30-dney/ (բեռնման օրը՝ 25.04.2025)։
[12] Տե՛ս Встреча с начальником Генштаба Вооружённых Сил Валерием Герасимовым. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 19.04.2025,, http://www.kremlin.ru/catalog/persons/426/events/76727 (բեռնման օրը՝ 30.04.2025)։
[13] По решению Президента России в дни 80-летия Победы российская сторона объявляет перемирие. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 28.04.2025, http://www.kremlin.ru/events/president/news/76807 (բեռնման օրը՝ 30.05.2025)։
[14] Նույն տեղում։
[15] Տե՛ս, օրինակ, Guerre en Ukraine: la conférence de presse d’Emmanuel Macron en intégralité. 27.03.2025, https://www.youtube.com/watch?v=-YEeRfE0tKE (բեռնման օրը՝ 30.04.2025)։ Ukraine et sécurité de l’Europe: je vous réponds en direct. 21.02.2025, https://www.youtube.com/watch?v=dV-UMhQtC34 (բեռնման օրը՝ 20.05.2025)։
[16] Տե՛ս Заявление Президента Российской Федерации. ՌԴ նախագահի պաշտոնական կայք, 28.04.2025, http://www.kremlin.ru/ events/president/news/76805 (բեռնման օրը՝ 15.05.2025)։