Մեկնաբանություններ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները. Չինաստան

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 14.07.2025 թ.

  1. Ներածություն. չինական դիրքորոշումն
    ուկրաինական հակամարտության վերաբերյալ

Հղում անելով «իրազեկ աղբյուրներին»՝ South China Morning Post պարբերականը նշում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ բրյուսելյան հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Պեկինին ձեռնտու չէ Ռուսաստանի պարտությունը ուկրաինական հակամարտությունում»[1]: Նա այդ դիրքորոշումը բացատրել է նրանով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն գործողությունների ազատություն կստանա ՉԺՀ-ի հետ լայնածավալ առճակատման համար: Այս բացահայտումը հնչել է բանակցությունների ոչ հրապարակային՝ ԶԼՄ-ներում լուսաբանման համար փակ, հատվածում։ Միաժամանակ Վան Ին կտրականապես հերքել Է Չինաստանի հասցեին ուղղված մեղադրանքները՝ Ուկրաինական պատերազմում Ռուսաստանին ենթադրյալ աջակցության մասին, պնդելով, որ նման օգնության դեպքում Ռուսաստանը վաղուց հաղթած կլիներ։

Չինական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունն զգալի արձագանք է առաջացրել միջազգային քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում և միջազգային ԶԼՄ-ներում: Սակայն, ըստ էության, Վան Ին որևէ աղմկահարույց բան չի հայտնել ուկրաինական հակամարտության մեջ չինական շահերի վերաբերյալ։ Աղմկահարույց լինելու հավանական տարբերակը այդ դիրքորոշման հրապարակային հնչեցումն էր, եթե ենթադրենք, որ հենց չինական կողմն է նպաստել գաղտնի բանակցությունների սղագրության արտահոսքին South China Morning Post պարբերականի համար։ Այն փաստը, որ ՌԴ պարտությունը չի համապատասխանում ՉԺՀ-ի ռազմավարական շահերին, արդեն վաղուց լայնորեն քննարկվում է վերլուծական շրջանակներում։ Կանխատեսումները ցույց էին տալիս, որ ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի ձախողումից հետո ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կկենտրոնանան «չինական օրակարգի» վրա՝ թայվանական ճգնաժամը ռազմական պարտության և ՉԺՀ-ի ֆինանսատնտեսական անկման գործոնի վերածելու համար «ուկրաինական փորձի» գործարկման հեռանկարով։

  1. ԱՄՆ-ի ռազմավարության փոխակերպումը.
    Ուկրաինայից Իրան և Պակիստան 

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ծավալված գործընթացները վերլուծելով՝ ԱՌՎԱԿ կենտրոնը բազմիցս նշել է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ Ուկրաինայի, Գազայի և Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միջանկյալ օղակներ են հիմնական նպատակին հասնելու ճանապարհին՝ Չինաստանի, որպես աշխարհում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական և տնտեսական գերիշխանության գլխավոր մրցակցի զսպմանը: Սակայն, եթե Ջոզեֆ Բայդենի վարչակազմը Մոսկվա–Թեհրան–Պեկին առանցքը ոչնչացնելու ձգտման մեջ շեշտը դրել էր Ռուսաստանի վրա ռազմական ճնշման և Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության վրա, ապա Դոնալդ Թրամփի վարչակազմը, հավատարիմ մնալով այդ ռազմավարական ուղեգծին, ընտրել էր գործողությունների սկզբունքորեն հակառակ ընթացք: Դա արտահայտվել Է ՌԴ-ի վրա ճնշման թուլացման նախաձեռնությամբ և իսրայելա-իրանական պատերազմի խթանմամբ։ Նման հայեցակարգային շրջադարձի տրամաբանությունը կայանում է հանրապետական վարչակազմի այն համոզմունքի մեջ, որ Ուկրաինային լայնածավալ տնտեսական պատժամիջոցները և ռազմական օգնությունը չեն թուլացրել Ռուսաստանին, այլ միայն ավելացրել են ռուս-չինական գործընկերության խորացման նախադրյալները[2]:

Ընդ որում, Իրանի հետ համաձայնության գալու ցանկացած փորձ միայն ժամանակ է տրամադրել Թեհրանին զարգացնելու իր «միջուկային ծրագիրը» և էլ ավելի է արմատականացրել նրա դիրքորոշումն Արևմուտքի նկատմամբ, ինչը համապատասխանում է նաև Չինաստանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ և վարկատուի շահերին: Ելնելով դրանից, Դոնալդ Թրամփի թիմը կտրուկ փոխեց առաջնահերթությունները՝ Իրանը գնահատելով որպես ավելի խոցելի թիրախ արևմտյան դաշնակիցների ռազմական ճնշման համար, իսկ Ռուսաստանը՝ որպես ավելի շահագրգռված Ուկրաինայի խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու հարցում, նույնիսկ ի վնաս Չինաստանի հետ հարաբերությունների հեռանկարների: Ընդհանուր առմամբ, նպատակը մնում է նույնը՝ Մոսկվա–Թեհրան–Պեկին առանցքի ոչնչացումը, իսկ լայն իմաստով՝ BRICS-ի վերափոխման նախադրյալների վերացումն ավելի նշանակալի բանի, քան հռչակագրային և պաշտոնական դաշինքն է[3]:

  1. Չինական ռազմավարությունը հակամարտության պահպանում
    և ԵՄ-ի հետ մերձեցում

     

Ստեղծված իրավիճակում, երբ ՉԺՀ-ն համոզվել է, որ Դոնալդ Թրամփի գալուց հետո ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ինտենսիվ երկխոսություն կա՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությամբ, Չինաստանի գլխավոր դիվանագետի խոստովանությունը ՌԴ-ի պարտության անցանկալիության մասին առարկայորեն կորցնում է հրատապությունն ու ինտրիգը։ Չինաստանում վաղուց են ընտրել այդ ռազմավարությունը, սակայն հազիվ թե Վան Ին կարող էր իրեն թույլ տալ նման հայտարարություն և դրա արտահոսքը ԶԼՄ-ներ՝ ԱՄՆ-ում Ջ․ Բայդենի կառավարման օրոք, ով չափազանց զգայուն էր Պեկինի կողմից Մոսկվային ուկրաինական ուղղությամբ ցանկացած ձևով աջակցելու հնարավորության հարցում:

Մեր կարծիքով, առավել հետաքրքիր է ՉԺՀ արտգործնախարարի մեկ այլ միտք, որը համարժեք արձագանք չի գտել միջազգային լրատվամիջոցներում, սակայն որի ուշադիր ուսումնասիրությունը թույլ է տալիս արմատապես փոխել Վան Իի ողջ հայտարարության և դրանում թաքնված ուղերձների մեկնաբանությունը: Խոսելով Ռուսաստանի «պարտության ոչ ձեռնտու լինելու» մասին, չինացի դիվանագետը նկատի չի ունեցել, որ Պեկինին ձեռնտու է նրա հաղթանակը։ Ըստ նրա՝ եթե Չինաստանը Ռուսաստանին օգներ սպառազինությամբ և ֆինանսներով, ապա վերջինս վաղուց հաղթանակ տոնած կլիներ Ուկրաինայի նկատմամբ։ Սակայն Չինաստանը, նախարարի խոսքով, դա չի արել, ինչը պետք է մեկնաբանել որպես Պեկինի՝ ռուսական հաղթանակի նկատմամբ դժկամության արտահայտություն։ Հետևաբար, ՉԺՀ-ն հավասարապես անբարենպաստ վիճակում կհայտնվի ՌԴ-ի և՛ պարտությանը, և՛ հաղթանակի դեպքում։

Ըստ երևույթին, հենց դա է նկատի ունեցել չինական դիվանագիտության ղեկավարը՝ Բրյուսելին հասկացնելով, որ Պեկինը դեմ չի լինի ուկրաինական պատերազմին չմիջամտելու քաղաքականության պահպանմանը, եթե ԵՄ-ը շարունակի աջակցել Կիևին և չհրաժարվի Դ. Թրամփին համոզելու փորձերից՝ վերսկսել ԱՄՆ-ի ռազմական և ֆինանսական օգնությունն Ուկրաինային։ Սա նշանակում է, որ Չինաստանին անհրաժեշտ է ուկրաինական պատերազմի շարունակականությունն առանց հաղթողին որոշելու՝ պահպանելով դրանում որևէ մասնակցություն ունեցող բոլոր կողմերի ուժերի և ռեսուրսների սպառման դինամիկան։

Պեկինում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել Իրանի հետ Ուկրաինայի, այսպես կոչված, «փոխանակման» վերաբերյալ, որի պայմանների համաձայն ԱՄՆ-ը կդադարեցնի լայնածավալ ռազմատեխնիկական և ֆինանսական աջակցությունը Կիևին, մինչդեռ ՌԴ-ն կշարունակի չմիջամտելու քաղաքականությունը Իրանի շուրջ ստեղծված ամերիկա-իսրայելական երկյակի ռազմական ճնշման համապատկերում: Ըստ էության, Ուկրաինայի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ խոսում է նման պայմանավորվածության առկայության մեծ հավանականության մասին։ Դ. Թրամփի վարչակազմը դեռ մի քանի ամիս առաջ վերստուգման էր ենթարկել Ուկրաինային անհատույց ֆինանսական օգնության տրամադրման և վարկավորման ամբողջ համակարգը, իսկ Պենտագոնն արդեն իսկ դիմել էր Կիևին ռազմական մատակարարումների կտրուկ կրճատմանը[4]։ Մոսկվան, իր հերթին, BRICS-ի գրեթե բոլոր անդամների և, նույնիսկ, որոշ եվրոպական երկրների կողմից Իրանի ռմբակոծությունների վերաբերյալ կտրուկ գնահատականների համապատկերում բավականին պասիվ արձագանքեց այս իրադարձությանը, ինչն արձանագրեցին նույնիսկ նրա արևմտյան ընդդիմախոսները[5]: «12-օրյա պատերազմի» օրերին Մոսկվայի կողմից Թեհրանին ցուցաբերվող գործնական օգնության մասին առնվազն բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Հաշվի առնելով այս իրողությունը՝ Պեկինը կարող է պատճառներ ունենալ չվստահելու Մոսկվային, որն իր քայլերով օգնում է ԱՄՆ-ին ազատել իր ձեռքերը՝ ուշադրությունը դեպի Մերձավոր Արևելք, Իրան և հետո Չինաստան ուղղելու համար։

Այս լույսի ներքո ուրվագծվում են նաև ՉԺՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ռազմավարության ուրվագծերը՝ ի հակակշիռ ամերիկա-ռուսական ենթադրական գործարքի կնքման գործընթացների։ Պեկինը եվրոպական ուղեգծի վրա արդյունավետորեն օգտագործում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի տարաձայնությունները ուկրաինական խնդրի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման, առևտրատնտեսական պատժամիջոցների, էներգետիկ անվտանգության և այլ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Այս տարաձայնությունները, որոնք ընկած են եվրոպական երկրների կողմից աշխարհում իրենց գլոբալ դիրքերը պահպանելու համար նոր հենարանի ինտենսիվ որոնման հիմքում, նպաստում են Հին աշխարհում Չինաստանի առևտրատնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնմանը: Վաշինգտոնում արդեն նկատել են այդ միտումը՝ իրենց համար հատկապես անբարենպաստ համարելով այն հանգամանքը, որ Չինաստանը հաջողությամբ նվաճում է քաղաքական-տնտեսական փոխգործակցության նորանոր մակարդակներ ԱՄՆ-ի ավանդաբար ամենամտերիմ եվրոպական դաշնակցի՝ Մեծ Բրիտանիայի հետ[6]։

Այսպիսով, ելնելով վերոգրյալից, կարելի է եզրակացնել, որ Պեկինը, միանշանակ, քաղաքական-դիվանագիտական աշխատանք է տանում ուկրաինական հակամարտությունն հնարավորինս երկարաձգելու և դրանից ԱՄՆ-ի լիարժեք ելքը թույլ չտալու ուղղությամբ։ Նույն նպատակով նա կշարունակի օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, հատկապես ռուսական ռազմարդյունաբերական համալիրին պատժամիջոցների ենթակա բարձր տեխնոլոգիական արտադրանքով[7] ապահովելու մասով՝ չնայած նման պրակտիկայի բացակայության մասին չինացի քաղաքական գործիչների հայտարարություններին։

Իսկ Չինաստանի գործողությունների էությունը հանգում է Արևմուտքի և Ռուսաստանի համաժամանակյա ու հավասարակշռված աջակցությանը, որը բացառում է Ուկրաինայում դիմակայության արդյունքների արագ լուծման հնարավորությունը՝ ի շահ որևէ մեկի ակնհայտ օգտին։

  1. Չինաստանի ռազմավարությունը.
    Իրան և Պակիստան

Իրանի և Կենտրոնական Ասիայի ուղղություններում ՉԺՀ-ն գործում է առավել ազատ և բացահայտ։ Սա, հավանաբար, վկայում է այն մասին, որ Պեկինը մտահոգված է իրանական և պակիստանյան իշխանությունների դիրքերի խոցելիությամբ, քանի որ այդ երկրները հայտնվել են ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժեղ քաղաքական ու ռազմական ճնշման ներքո։ Սա բացատրում է, թե ինչու Չինաստանը բավականին կոշտ ձևով դեմ արտահայտվեց սանձազերծված հակաիրանական ռազմական արշավին և նախաձեռնեց ռազմական նշանակության տեխնիկայի տեղափոխումն ԻԻՀ, ինչպես դա տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին հնդկա-պակիստանյան հարաբերությունների սրման ժամանակ։

Ինչպես վկայում են միջազգային աղբյուրները, Իրանի վրա իսրայելական առաջին օդային հարձակման օրվանից Պեկինը Իրան է ուղարկել ՉԺՀ-ի ռազմաօդային ուժերի առնվազն 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ ռազմական նշանակության բեռներով: Մի շարք ռազմական փորձագետներ կարծում են, որ «12-օրյա պատերազմի»[8] վերջին փուլում հենց այդ չնույնականացված տեխնիկայի կիրառմամբ էր պայմանավորված իրանական ՀՕՊ-ի արդյունավետության որակական աճը, ինչպես նաև իսրայելական տարածքի վրա հրթիռային հարվածների ճշգրտությունը: Վերլուծաբանների կարծիքով՝ հարկ է ենթադրել, որ իսրայելա-իրանական հրադադարով չինական հատուկ նշանակության ապրանքների մատակարարումները չեն դադարել, քանի որ կարճաժամկետ հեռանկարում շատ բարձր է մնում Թել Ավիվի և Թեհրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Տեղեկություններ կան նաև Թեհրանի և Պեկինի կողմից Իրանին 4++[9] կործանիչների սերնդին պատկանող չինական J-10 36 միավոր ինքնաթիռների արտահանման տարբերակի մատակարարման գործարքի մասին։ Եթե ավելի վաղ Չինաստանը խափանել էր գործարքը, քանի որ չէր ցանկանում Իրանին կործանիչներ վաճառել բարտերի սկզբունքով (ինքնաթիռներ՝ հում նավթի դիմաց), ապա փոխադարձ վճարման այս ձևի վերաբերյալ ներկայիս համաձայնությունը վկայում է իրանական ՌՕՈՒ-ի և ամբողջ պաշտպանական ներուժի վիճակով Պեկինի խիստ մտահոգության մասին:

Չինաստանում հասկանում են, որ Իրանը չի կարող առանց չինական էական աջակցության Ռուսաստանի պես երկար դիմանալ, ինչպես նաև, որ Արևմուտքի հետ այնտեղ իշխող ռեժիմի հարաբերությունների ծայրահեղ վատթարացման պատճառով չի համագործակցի ԱՄՆ-ի հետ։ Իսկ դա, իր հերթին, կխրախուսի Վաշինգտոնին և դաշնակիցներին կրկին դիմել ԻԻՀ-ում գործող քաղաքական համակարգը վերացնելու փորձին։ Այս դեպքում չինական տնտեսության աճի երկու հիմնարար գործոնները՝ Իրանից էժան նավթի ներմուծումը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առևտրային և էներգետիկ մեգանախագիծը (ներկայումս դրա հիմնական մայրուղիներն անցնում են իրանական տարածքով), կակտիվանան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե Առաջավոր Ասիայում Չինաստանի հիմնական հենարանը՝ ի դեմս Իրանի, փլուզվի, ապա ապակայունացման ալիքը կտարածվի դեպի արևելք՝ ընդգրկելով Պակիստանը, Կենտրոնական Ասիան և հենց Չինաստանի հյուսիս-արևմտյան տարածքները, որոնք Պեկինի համար անջատողական սպառնալիքներով հղի ապակայունացնող գոտի են։ Ընդհանուր առմամբ, դա անխուսափելիորեն կհանգեցնի Չինաստանի անվտանգության համակարգի համապարփակ անկմանն ամբողջ ասիական տարածաշրջանում, ինչի մասին միաձայն վկայում են մի շարք միջազգայնագետ-փորձագետներ[10]։

Պեկինի համար ևս մեկ էական ազդանշան կարող է համարվել Պակիստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ակտիվացումը՝ Եվրասիական մայրցամաքի սրտում չինական աշխարհառազմավարական դիրքերը թուլացնելու՝ Վաշինգտոնի մտադրության համատեքստում: 2025 թ․ հունիսի վերջին Foreign Affairs պարբերականը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Պակիստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրով, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք[11]։ Պարբերականի համաձայն՝ Իսլամաբադը վերանայում է միջուկային զսպման իր դոկտրինը և ձգտում մարտավարական միջուկային սպառազինության զինանոցը համալրել ռազմավարական նշանակության կրիչներով և մարտագլխիկներով: Ամերիկյան հատուկ ծառայություններից այդ տեղեկատվության արտահոսքը կարող է նշանակել, որ Վաշինգտոնն ինքը մտադիր է վերանայել սեփական միջուկային դոկտրինը՝ Եվրասիական մայրցամաքում իրեն ուղղված հնարավոր սպառնալիքների ցուցակում Պակիստանի գործոնը ներառելով ռուսականի և չինականի հետ համահավասար:

Չի կարելի լիակատար վստահությամբ պնդել, թե ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, սակայն ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ «տեղեկատվական արտահոսքը» տեղի ունեցավ իրանցի զինվորականների սպառնալիքներից անմիջապես հետո, որոնք հայտարարեցին, որ Իսլամաբադը, Իրանի վրա իսրայելական միջուկային հարձակման դեպքում, նույնպիսի հարված կհասցնի Իսրայելին[12]: Ակնհայտ է, որ հենց դա է ծառայել Վաշինգտոնի կողմից իր միջուկային դոկտրինի նախատեսվող վերանայման գլխավոր խթանը, քանի որ դաշնակից Իսրայելին սպառնացող վտանգն արդեն իսկ կարող է սպառնալիք համարվել հենց ԱՄՆ-ի համար,  Իսլամաբադի պլանների առկայությունից կամ բացակայությունից անկախ՝ Միացյալ Նահանգների տարածքը հասանելի կդառնա պակիստանյան ռազմավարական հրթիռների համար։

Այսպիսով, ԱՄՆ-ի վարքագծում երևում են մեկ այլ աշխարհաքաղաքական առանցքի՝ Իրան–Պակիստան–Չինաստան խարխլման ծրագրի բոլոր նշանները, ինչը վերջնականապես ձևավորվել է Քաշմիրի իրադարձությունների և «12-օրյա պատերազմի» ընթացքում։ Հնդկա-պակիստանյան բախումները և իրանա-իսրայելական առճակատումը ՉԺՀ-ի դեմ մեկ մեծ ռազմաքաղաքական արշավի օղակներն են, որոնք ուղղված են ասիական ուղղությամբ Չինաստանի հիմնական գործընկերների և դաշնակիցների մասնատմանը և չեզոքացմանը: Այս համատեքստում տրամաբանական է հնչում նաև 2024 թ. հունվարին տեղի ունեցած միջադեպը, երբ Թեհրանն ու Իսլամաբադը, որոնք նախկինում երբեք չեն կռվել և հավակնություններ չունեն միմյանց նկատմամբ, «Ջեյշ ալ Զոլմ» արմատական իսլամիստական խմբավորման սադրանքից հետո հայտնվել էին լայնածավալ պատերազմի եզրին[13]։ Սակայն հակամարտությունն այն ժամանակ արագ սպառվեց, քանի որ կողմերը ակնհայտորեն հասկանում էին այն փաստը, որ ինչ-որ երրորդ ուժերի խիստ անհրաժեշտ էր լարվածություն և թշնամանք ստեղծել ավանդական բարեկամ հարևանների միջև։ Պատահական չէ, որ այդ օրերին հենց Պեկինն էր առաջինն արձագանքել այս սրացմանը և կողմերին առաջարկել իր միջնորդական ծառայությունները՝ իրավիճակը լիցքաթափելու և նրանց միջև խաղաղություն հաստատելու համար[14]։ Նույնիսկ այն ժամանակ Պեկինում, Իսլամաբադում և Թեհրանում արագ կողմնորոշվեցին, թե ինչ է տեղի ունենում, և, հետևաբար, առանց հատուկ բարդությունների վերացրեցին բոլոր հակասությունները պակիստանա-իրանական քաղաքական և դիվանագիտական գործում:

Չինաստանի կողմից նույնպիսի ակտիվություն ցուցաբերվեց նաև հնդկա-պակիստանյան վերջին հակամարտության ժամանակ, երբ Պեկինը, մի կողմից, Իսլամաբադին ցուցաբերեց հնարավոր աջակցություն հետախուզության և ռազմական նշանակության մատակարարումների ոլորտում, սակայն, մյուս կողմից, գործուն քաղաքական և դիվանագիտական ջանքեր գործադրեց ռազմական գործողությունները դադարեցնելու համար[15]: Դրանց հետագա դինամիկան սպառնում էր տարածաշրջանի վերջնական ապակայունացմանը՝ Պակիստանում ՉԺՀ-ի ամուր տնտեսական և աշխարհաքաղաքական դիրքերի կորստի մեծ հավանականությամբ, որը, Իրանի հետ միասին, համարվում է Պեկինի ամենակարևոր դաշնակիցը[16] և ապահովում Հնդկաստանի ռազմական զսպումն ու Չինաստանի՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունը։ Իրանական և պակիստանյան խնդիրներից բացի, Պեկինը ստիպված է հաշվի առնել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ակտիվացումը։ Այս կազմակերպությունը ձևավորում է «Թուրան» միավորման օրակարգը՝ վերածելով այն վերազգային աշխարհաքաղաքական և պաշտպանական դաշինքի։ Սա, իր հերթին, սպառնում է ոչ միայն վնասել Չինաստանի շահերը Կենտրոնական Ասիայում, այլև նոր խթան հաղորդել անջատողական տրամադրություններին Չինաստանի ույղուրաբնակ հյուսիս-արևմուտքում։

5. Եզրակացություն. ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը
և մարտահրավերները Չինաստանի համար

Ընդհանուր առմամբ, Չինաստանի համար վերը նշված բոլոր խնդրահարույց տարրերը վկայում են, որ Պեկինը գործ ունի աշխարհում իր գլխավոր աշխարհառազմավարական և տնտեսական մրցակցի վրա Դ. Թրամփի վարչակազմի կողմից արդեն իսկ արտոնված ճակատային ճնշման հետ: Այսպիսով, Վաշինգտոնը ջանում է ՌԴ-ին խաղից դուրս բերել Ուկրաինայի հարցով նրա հետ պայմանավորվածությունների հաշվին և Իրանի ու Պակիստանի վրա ռազմական ճնշման միջոցով, իսկ Կենտրոնական Ասիայում թյուրքական գործոնի համախմբման միջոցով թուլացնել ՉԺՀ-ի աշխարհառազմավարական դիրքերը նրա արևմտյան մայրցամաքային սահմանների պարագծում և ապակայունացնել «Մեծ Մետաքսի ճանապարհի» հիմնական առևտրային երթուղիների անցկացման գոտիները։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն վերանայել է Չինաստանին ուղղված առաջնային հարվածի ծրագիրը, որը ենթադրում էր սրացում «Թայվանական հարցի» շուրջ, ինչն անընդհատ քննարկվում էր ամերիկյան վարչակազմի կողմից Դ. Թրամփի առաջին նախագահության ընթացքում։ «Ուկրաինական փորձը» կարող է հանրապետականներին ստիպել վերանայելու այս տարբերակն՝ այն անարդյունավետ և վտանգավոր համարելով ԱՄՆ-ի և նրա խաղաղօվկիանոսյան դաշնակիցների համար։ Ինչպես երևում է, Վաշինգտոնում ճիշտ են համարել կենտրոնանալ ՉԺՀ-ի շահերի մայրցամաքային գոտու վրա և միայն նրա «թիկունքում» ապակայունացման օջախներ ստեղծելուց հետո, որոշակի փուլում, հնարավոր է, սրել իրավիճակը Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում։ Սա նոր մարտահրավեր է Չինաստանի համար և նոր իրականություն, ըստ որի նա պետք է վերակառուցի առաջնահերթությունները և ճիշտ բաշխի իր ուժերը՝ գլոբալ սպառնալիքները զսպելու համար։

[1] “China tells UE it does not want to see Russia lose its war in Ukraine: sources”. South China Morning Post, 03.07.2025, https://www.scmp.com/news/china/diplomacy/article/3316875/china-tells-eu-it-cannot-afford-russian- loss-ukraine-war-sources-say (բեռնման օրը՝ 06.07.2025).

[2] «Ինչո՞ւ Թրամփը դուրս չի գալիս ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացից». «Россия в глобальной политике» (ռուս․), 20.05.2025, https://globalaffairs.ru/articles/tramp-ne-vyjdet-bibi (բեռնման օրը՝ 06.06.2025):

[3] Վ. Ժարիխին, «Ռուսաստան, Իրան, այնուհետև՝ Չինաստան». «Литературная газета»,  (ռուս․), https://lgz.ru/article/ rossiya-iran-a-dalee-kitay/ (բեռնման օրը՝ 06.07.2025)։

[4] «Pentagon halting some promised munitions for Ukraine». Politico, 01.07.2025, https://www.politico. com/news/2025/07/01/pentagon-munitions-ukraine-halt-00436048?s=09 (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[5] «Չի ուզում և չի կարող: Ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Իրանին Իսրայելի հարձակումից հետո»., BBC, (ռուս․), 19.06.2025, https://www.bbc.com/russian/articles/cy9x4lr0qw4o (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[6] «Եվ դո՞ւ բրիտ: ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային նախազգուշացրել Է Չինաստանի հետ համագործակցությունից». “Kommersant” (ռուս.), 05.05.2025, https://www.kommersant.ru/doc/7696080 (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[7] Ն. Շեր, «Երկակի նշանակության համագործակցություն. ինչպես է աճում Չինաստանի դերը Ռուսաստանի պաշտպանության ոլորտում». Carnegie Politika (ռուս.), 17.05.2024, https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2024/05/behind-the-scenes-chinas-increasing-role-in-russias-defense-industry?lang=ru (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[8] S. Yan “China sends mystery transport planes into Iran”. The Telegraph, 17.06.2025, https://www. telegraph.co.uk/world-news/2025/06/17/china-sends-mystery-transport-planes-into-iran/ (բեռնման օրը՝ 07.07.2025).

[9] «Սու-35-ը հետ կդնեն որպես պահուստ». “Kommersant” (ռուս․), 26.06.2025, https://www.kommersant.ru/ doc/7835618 (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[10] «ԱՄՆ-ն Չինաստանին հարվածում է Իրանի միջոցով։ Փորձագետներն իրանա-իսրայելական պատերազմի և դրա հետևանքների մասին»: Украина.РУ (ռուս․), 17.06.2025, https://ukraina.ru/20250617/ ssha-bt-po-kitayu-cherez-iran-eksperty-ob-irano -izrailskoy-voyne-i-ee-posledstviyakh-1063934154.html (բեռնման օրը՝ 07.07.2025)։

[11] «Պակիստանը մշակում է միջմայրցամաքային հրթիռ, որը կարող է հասնել ԱՄՆ». «Восточный экспресс» (ռուս․), 26.06.2025, https://asia24.media/news24/pakistan-razrabatyvaet-mezhkontinenttalnuyu-raketu- sposobnuyu-dostich-ssha-/ (ներբեռնման տարեթիվը՝ 07.07.2025)։

[12] «Պակիստանը միջուկային զենքով կհարվածի Իսրայելին, եթե վերջինս այն օգտագործի Թեհրանի դեմ»,- պնդում է իրանական ռեժիմի սպան». Gazeta Express (ռուս.), 16.06.2025, https://bit.ly/44v5avD (բեռնման օրը՝ 08.07.2025)։

[13] «Ինչ է կատարվում Իրանի և Պակիստանի միջև և արդյոք պատերազմ կլինի». PUAMO (ռուս.), 24.01.2024, https://riamo.ru/articles/aktsenty/chto-proishodit-mezhdu-iranom-i-pakistanom-i-budet-li-vojna/ (բեռնման օրը՝ 08.07.2025)։

[14] «Պակիստանն ու Իրանը փոխադարձ հարվածներից հետո պայմանավորվեցին հրադադարի մասին». РБК (ռուս.), 19.01.2025, https://www.rbc.ru/politics/19/01/2024/65aa95c69a7947c6af1cef44 (բեռնման օրը՝ 08.04.2025)։

[15] «Չինաստանը հայտարարել է հնդկա-պակիստանյան կարգավորման հարցում կառուցողական դեր խաղալու պատրաստակամության մասին». Интерфакс (ռուս.), 10.05.2025, https://www.interfax.ru/world/1024919 (բեռնման օրը՝ 08.07.2025)։

[16] «Չին-պակիստանյան առանցքը «հարվածել» է Հնդկաստանին». «Независимая газета» (ռուս.), 10.06.2024, https://www.ng.ru/world/2024-06-10/6_9026_india.html (բեռնման օրը՝ 08.07.2025)։