Մեկնաբանություններ

ԱՄՆ-ն ու Իրանն առայժմ բավարարվում են պրոքսի պատերազմով

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 06.02.2024թ.

Սիրիա-Հորդանան սահմանի մերձայակքում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակումից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ը վերջապես իրականացրեց իր խոստացած «պատասխան հարվածը»։

Ըստ CENTCOM-ի (ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարություն) աղբյուրների, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը երեք ալիքային հարձակումներով «հարվածել են ավելի քան 85 թիրախների Սիրիայում և Իրաքում՝ օգտագործելով բազմաթիվ ինքնաթիռներ, այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներ: Ավիահարվածների ժամանակ գործի է դրվել ավելի քան 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք»։ Ըստ Կենտրոնական հրամանատարության, թիրախները ներառում էին «հրամանատարության և վերահսկման օպերատիվ կենտրոններ, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ինչպես նաև միլիցիայի խմբերի և նրանց ԻՀՊԿ հովանավորների նյութատեխնիկական և զինամթերքի մատակարարման շղթաները, որոնք նպաստում էին ԱՄՆ-ի ուժերի և կոալիցիաների վրա հարձակումներին»:

Մեկնաբանելով «պատասխան հարվածը»՝ նախագահ Ջ. Բայդենը և պաշտպանության նախարար Լ. Օսթինը գրեթե միաձայն հայտարարեցին, որ հարվածները կարող են շարունակվել, սակայն Միացյալ Նահանգները չեն տենչում մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում: Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնի նպատակն է ցույց տալ, որ ԱՄՆ-ի դեմ ոչ մի թշնամական գործողություն չի մնա առանց դաժան պատասխանի։

Այսպիսով, արդարացան այն կանխատեսումները, թե Իրանի հետ բաց և անուղղակի պատերազմը հակասում է Բայդենի թիմի, և ընդհանրապես ԱՄՆ-ի շահերին, որ երկիրը նման պատերազմի կգնա։ Եվ խնդիրն այստեղ ամենևին էլ Բայդենի և Օսթինի բանավոր հավաստիացումները չեն, այլ այն, որ Վաշինգտոնն իր հարվածով արդեն ուրվագծել է «վրեժխնդրության գոտու» աշխարհագրությունը, և որ նրա պատժիչ ձեռքը Իրաքից, Սիրիայից և, հնարավոր է, Եմենից, այն կողմ չի անցնի։

Գործողության մեկնարկից մի քանի օր առաջ ամերիկյան հեղինակավոր Politico հանդեսը, վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը դիտարկում է պատասխան գործողության մի քանի տարբերակ։ Մասնավորապես, հրապարակման մեջ կոնկրետ նշվում էր երկու տարբերակ՝ կա՛մ հարձակում Սիրիայում և Իրաքում Իրանի կամակատարների վրա, կա՛մ հարված հասցնել Պարսից ծոցում տեղակայված Իրանի ռազմածովային ուժերին: Վերջին տարբերակն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ Իրանի զինված ուժերը և ԻՀՊԿ-ի էլիտար ստորաբաժանումներն այլևս որևէ արդարացում չեն ունենա Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի հետ ուղիղ և լայնածավալ պատերազմ սկսելու դեմ: Մինչդեռ առաջին տարբերակը, որն արդեն գործնականում իրագործվում է, երկու կողմերին էլ տալիս է անհրաժեշտ քաղաքական տարածք՝ դեմքը փրկելով խուսափելու դեմ առ դեմ բախումից։

Ընտրությունների նախաշեմին և ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի համատեքստում, հաշվի առնելով ուկրաինական ճակատում «X» պահի հավանականությունը, Վաշինգտոնին հարկավոր չէ անկանխատեսելի հետևանքներով մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում: Ճիշտ այնպես, ինչպես Իրանին, որն ունի տնտեսական խնդիրներ, տառապում է կոշտ պատժամիջոցներից և լարել է իր ողջ ներուժը՝ զսպելու իր աշխարհաքաղաքական շահերի գոտու պարագծի երկայնքով թշնամական առաջխաղացումները, և որի համար նման պատերազմը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կողմերը, ինչպես նախկինում, երկուստեք շահագրգռված են «չեզոք» տարածքում և, շատ առումներով, «կամակատարների միջոցով» պատերազմի ձևաչափով և, հետևաբար, խստորեն հետևելու են գործողությունների նման ծրագրին՝ չնայած միմյանց դեմ տոտալ պատերազմ սկսելու հրապարակայնորեն հնչեցված սպառնալիքներին։ Այս առումով նրանց համար այժմ գլխավոր խնդիրը ոչ այնքան օտար տարածքին փոխադարձ հարվածների փաստն է, որքան վերահսկողության հնարավոր կորուստը, որպեսզի այդ հարվածների «փոխանակումը» ավելի չխորանա և չդառնա գոյութենական առումով անընդունելի։