Մեկնաբանություններ

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը և Հարավային Կովկասը

Новая стратегия национальной безопасности США и Южный Кавказ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.12.2025 թ.[1]

Հայեցակարգային հեռացում գլոբալ գերիշխանությունից և արտաքին քաղաքական դոկտրինների վերանայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել և հրապարակել է «Ազգային անվտանգության նոր ռազմավարություն»: 04.12.2025 թ. ներկայացված 33- էջանոց փաստաթուղթը, ըստ ոլորտային փորձագետների մեծամասնության, հոլովութային բնույթ է կրում։ Դրանում հստակ նշված է ներկայիս վարչակազմի՝ 20-րդ դարի երկրորդ կեսից Վաշինգտոնում գերիշխող արտաքին քաղաքական դոկտրինից հեռանալու հայեցակարգը։ Փաստաթղթի հեղինակները փաստորեն ընդունում են աշխարհակարգի միաբևեռ մոդելի պահպանման համար ԱՄՆ-ի պաշարների սահմանափակությունը՝ փաստելով «սեփական հնարավորությունների վերագնահատումը» հետմիաբևեռային շրջանում։ Ռազմավարության դրույթների համաձայն՝ համընդհանուր գլոբալ գերիշխանության ձգտումը և բոլոր ծայրամասային հակամարտություններին միջամտությունը հանգեցնում են պաշարների փոշիացման ու կայուն դրական արդյունքների բացակայության: Հրապարակված փաստաթուղթը որոշ չափով փոխկապակցված է «Մոնրոյի դոկտրինի» հետ, սակայն չի ենթադրում ԱՄՆ-ի լիակատար հեռացում գլոբալ ներկայության նախկին գոտիներից: Փոխարենը, Արևմտյան կիսագունդը դիտվում է որպես Վաշինգտոնի անվերապահ գերիշխանության հատուկ և անձեռնմխելի տարածք, որը չպետք է վիճարկվի որևէ այլ համաշխարհային ուժի կենտրոնի կողմից՝ ոչ ռազմաքաղաքական և ոչ էլ տնտեսական չափումներում:

Արտաքին քաղաքականության ապագաղափարականացոումը և տարածաշրջանային պատվիրակման սկզբունքը

«Նոր ռազմավարությունը» ենթադրում է ԱՄՆ-ի ավելի զգույշ վերաբերմունքի անհրաժեշտությունն աշխարհի երկրների պետական ինքնիշխանության և ներքին քաղաքական կառուցվածքի նկատմամբ: Փաստաթուղթն անուղղակիորեն արձանագրում է հրաժարումն ակտիվ ինտերվենցիոնիզմի հայեցակարգից և քաղաքական համակարգերի հարկադիր վերափոխման պրակտիկայից, որը հիմնված է ամերիկյան արժեքների և արևմտյան ժողովրդավարությունների մոդելի պարտադրման վրա: «Ռազմավարության» հեղինակների համար կարևոր է ոչ թե «խնդրահարույց երկրների» հասարակական-քաղաքական համակարգի տեսակը, այլ դրանց՝ ԱՄՆ հուսալի գործընկերների և դաշնակիցների վերափոխելու հնարավորությունը՝ առանց հաշվի առնելու նրանց քաղաքական կառուցվածքի առանձնահատկությունները և մտավոր-քաղաքակրթական նախասիրությունները:

Փաստաթղթի մեկ այլ էական նորամուծություն պետք է համարել ԱՄՆ ուժեղ տարածաշրջանային դաշնակիցներին և գործընկերներին «իրենց պատասխանատվության» գոտիներում կարգուկանոնի պահպանման իրավունքներն ու պարտականություններն ավելի լայնորեն պատվիրակելու մտադրությունը՝ «գերիշխող հակառակորդների» ի հայտ գալը թույլ չտալու նպատակով։ Վաշինգտոնը մտադիր է տարածաշրջանային մակարդակում ազդեցության մի մասը վերաբաշխել հօգուտ դաշնակից պետությունների՝ ուժերի հավասարակշռության պահպանման պայմանով, որը կբացառի ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերին սպառնացող վտանգները։

Ընդհանուր առմամբ, այս թեզերը չեն վկայում խաղի կանոնները թելադրող համաշխարհային առաջատար տերության կարգավիճակից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին։ Խոսքն աշխարհաքաղաքական գործընթացների արդյունավետ կառավարման համար ազդեցության նոր գործիքների կիրառման միջոցով պաշարների լավարկման մասին է՝ այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ը, ըստ էության, չի կարող հրաժարվել իր ռազմավարական շահերից։ Տարածաշրջանային «օպերատորներին» («կրտսեր դաշնակիցներին») գործառույթների մի մասի փոխանցումը դիտարկվում է որպես հարկադրված միջոց՝ պայմանավորված նրանց հավակնությունների աճով և դրանց կոշտ զսպման համար Վաշինգտոնի ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Այս գործոնը նույնպես էական է, սակայն մասնագետները բավարար ուշադրություն չեն դարձնում դրան՝ ԱՄՆ-ի «Նոր ռազմավարությունը» դիտարկելով բացառապես համաշխարհային ասպարեզում առանցքային մրցակից տերությունների հետ դիմակայության համատեքստում։ Մինչդեռ իրենց խիստ վերահսկողության դաշտում ավելի մեծ ինքնուրույնության ձգտող դաշնակիցների զսպումը Վաշինգտոնից ոչ պակաս ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում, և ստեղծված պայմաններում նրանց ավելի մեծ, թեև շատ առումներով պայմանական, աշխարհաքաղաքական ինքնուրույնության տրամադրումը հարկադրված միջոց է։

Եվրատլանտյան համերաշխության ճգնաժամը և ռազմավարական վերակողմնորոշումը դեպի Չինաստան

Չնայած նորարարական բնույթին, ռազմավարությունը չի փոխում ԱՄՆ-ի հիմնարար նպատակը: Այն «հեղափոխական» կարգավիճակ է ստացել հիմնականում արտաքին քաղաքականության եվրոպական և ռուսական ուղղությունների նկատմամբ Դ. Թրամփի վարչակազմի մոտեցումների արմատական վերանայման շնորհիվ։ Այս առումով փաստաթուղթը, արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների գնահատանքով, իսկապես «ցնցեց» ինչպես միջազգային, այնպես էլ ամերիկյան հանրությանը։ «Նոր ռազմավարության» մեջ փաստագրված են Դոնալդ Թրամփի թեզերը Եվրոպայի՝ որպես ուժի պատմաքաղաքական, քաղաքակրթական և տնտեսական կենտրոնի համակարգային քայքայման մասին: Որպես համաշխարհային քաղաքականության մեջ Հին աշխարհի դերի նվազման վիճակագրական հաստատում` բերվում է համաշխարհային ՀՆԱ-ում մայրցամաքային Եվրոպայի մասնաբաժնի կրճատումը՝ 1990 թվականի 25%-ից մինչև 2025 թվականի 14%-ը։ Սակայն առավել սպառնալից են ներկայացվում եվրոպական քաղաքակրթության արժեքային քայքայման և սեփական վիթխարի կառույցը հավասարակշռության մեջ պահելու ԵՄ անկարողության հարցերը։ «Նոր ռազմավարությունն» այլևս նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի գերիշխող դերը ԵՄ անվտանգության ապահովման գործում, հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի լճացումը և խորհուրդ է տալիս «օգնել եվրոպական երկրներին, որպեսզի կանգնեն սեփական ոտքերի վրա և գործեն որպես ինքնիշխան պետությունների խումբ, այդ թվում՝ հիմնական պատասխանատվություն ստանձնելով սեփական պաշտպանության համար, առանց որևէ թշնամական տերության գերիշխանության»: Փաստաթուղթը գրեթե ուղղակիորեն մատնանշում է, որ ԵՄ-ը չի դիմանա «պատմական քննությանը», եթե շարունակի ազգային ինքնությունից հեռանալու և, ինչպես ինտեգրման նախագծի անդամ պետությունների, այնպես էլ Բրյուսելի աշխարհառազմավարական հավակնությունների գոտում գտնվող երկրների ինքնիշխանությունը ճնշելու քաղաքականությունը: Հատկապես նշանակալի է այն դրույթը, որը ԵՄ-ին խորհուրդ է տալիս հրաժարվել Ռուսաստանի՝ որպես «գոյութենական սպառնալիքի» ընկալումից՝ դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով իր ավանդական պատմական ներկայության գոտիներում սեփական շահերը հատկանշելու և պաշտպանելու Մոսկվայի իրավունքի ճանաչումը։

ՌԴ-ի` որպես ՉԺՀ-ին զսպիչ գործիքի, արդարացումը

ՌԴ պաշտոնական շրջանակները զուսպ են արձագանքել ռազմավարությանը. միևնույն ժամանակ, գոյութենական սպառնալիքների ցանկից Ռուսաստանի բացառումը դրական արձագանք է առաջացրել երկրի որոշ քաղաքական շրջանակներում ու փորձագիտական համայնքում: Ուկրաինական ճգնաժամի և ԱՄՆ-ի խաղաղ նախաձեռնությունների աշխուժացման համատեքստում փաստաթղթի թեզերը հաստատում են Արևելյան Եվրոպայում շահերի երկարաժամկետ հավասարակշռություն հաստատելու Վաշինգտոնի ձգտումը, որը բացառում է հավաքական Արևմուտքի հետ Ռուսաստանի ուղղակի ռազմական բախման հեռանկարը։ Այսպիսով, Դ. Թրամփի վարչակազմը տարանջատվում է եվրոպական վերնախավերի արմատական շրջանակներից, որոնք պնդում են ռազմական դիմակայության շարունակման և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին՝ խախտելով կազմակերպության կանոնադրության դրույթները, ինչը հղի է հակամարտության` Ռուսաստանի հետ ավելի լայնածավալ պատերազմի վերաճմամբ:

Փորձագիտական շրջանակները հակված են կարծելու, որ Դ. Թրամփը և նրա թիմն զգալիորեն թուլացնում են ճնշումը Ռուսաստանի վրա, Բրյուսելին ստիպում կառուցողական երկխոսության գնալ ՌԴ-ի հետ և իրենց ռազմավարական ուշադրությունը տեղափոխում են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ «չինական սպառնալիքն» զսպելու նպատակով։ Հենց դրանում է կայանում ռազմավարության բուն էությունը. Ռուսաստանի` որպես երկրորդ կարգի սպառնալիքի, արդարացումը հանուն ՉԺՀ-ի ռազմատնտեսական հակազդեցության վրա ջանքերի կենտրոնացման: Թայվանի և Թայվանի նեղուցի` որպես ԱՄՆ-ի առաջնային շահերի գոտու, հիշատակումը վկայում է ՉԺՀ-ի՝ իբրև ուժի գլոբալ բևեռի, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքերի ամրապնդման՝ արդեն երեք տասնամյակ ի վեր շարունակվող գործընթացը դադարեցնելու մտադրության մասին։ Դրանով իսկ փաստաթուղթն արտացոլում է արևմտյան քաղաքակրթության ուղեծրից ՌԴ-ին դուրս մղելու գործընթացը դադարեցնելու անհրաժեշտության մասին Դ. Թրամփի քանիցս հնչեցրած գաղափարը, քաղաքակրթություն, որին Ռուսաստանը պատկանում է պատմականորեն, քաղաքականապես ու մտածելակերպով, և չհրահրել նրան ՉԺՀ-ի հետ դաշինքի կնքմանը, որը կարող է ԱՄՆ-ի համար աշխարհում գերիշխող դիրքերի կորստյան վերածվել։

Հարավային Կովկասը տարածաշրջանային «տերություն-օպերատորների» համակարգում

Ռուսաստանի «արդարացման» և տարածաշրջանային դաշնակիցներին իր պատասխանատվության մի մասի պատվիրակմամբ հանդերձ նրանց վրա հենվելու ԱՄՆ-ի նոր հայեցակարգը ենթադրում է, որ փոփոխությունները չեն շրջանցի նաև Հարավային Կովկասը։ Թեև այս տարածաշրջանը Ռազմավարության մեջ որպես առանձին քեյս չի նշվում, սակայն այն դիտարկվում է ամերիկյան քաղաքականության մերձավորարևելյան ծավալուն ուղղության համատեքստում։ Այս ռազմավարական ուղղությունը բնութագրվում է Իսրայելի անվտանգության շահերի առաջնահերթությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կառավարման նոր ձևաչափերի որոնմամբ։ Իրանը նախկինի պես ճանաչվում է որպես Մերձավոր Արևելքի «ապակայունացնող ուժ», միևնույն ժամանակ, տարածաշրջանն ինքը կորցնում է ԱՄՆ-ի համար իր նախկին ռազմավարական նշանակությունը՝ էներգետիկ պաշարների բազմազանացման նոր քաղաքականության լույսի ներքո: ԱՄՆ-ը, «Նոր ռազմավարության» դրույթների համաձայն, կմեծացնի «սեփական» էներգետիկ պաշարների մշակումն ու արտահանումը, ինչն ինքնաբերաբար կնվազեցնի մերձավորարևելյան հանածո պաշարների նշանակությունն արևմտյան և համաշխարհային տնտեսության համար: Հաշվի առնելով դա՝ Մերձավոր Արևելքը, ամենայն հավանականությամբ, կվերածվի այն աշխարհաքաղաքական գոտիներից մեկի, որտեղ ԱՄՆ-ը կձգտի նվազագույնի հասցնել իր ակտիվությունը՝ իր գործառույթների մի մասը փոխանցելով տարածաշրջանային դաշնակիցներին։

Փաստաթուղթն ուղղակիորեն չի մատնանշում նման դերերի հավանական հավակնորդներին, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքն առաջին հերթին Իսրայելի, Թուրքիայի և, հավանաբար, Սաուդյան Արաբիայի մասին է, որոնց վրա կդրվի տարածաշրջանում կարգուկանոնի և բալանսի պահպանման պատասխանատվությունը: Որպես ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներ ունենալով գործընկերության զգալի փորձ, տարածաշրջանային այս խաղացողները միաժամանակ ծանրաբեռնված են կուտակված փոխադարձ հակասությունների բարդույթով: Նման ներհակությունը աշխույժ մրցակցության պայմաններ է ստեղծում, ինչը Վաշինգտոնին թույլ է տալիս կառուցել հակակշիռների և զսպումների բազմամակարդակ համակարգ, որն անհրաժեշտ է տարածաշրջանում գերագույն իրավարարի կարգավիճակի պահպանման համար:

Տեսականորեն, նմանհամակարգպետք է ձևավորվի նաև Հարավային Կովկասում, որտեղ Վաշինգտոնը մի կողմից` Անկարային ավելի ինքնուրույն գործողությունների հնարավորություն կտա Թուրքիայի տարածաշրջանային շահերի համատեքստում, իսկ մյուս կողմից՝ նոր ռազմավարությանը համապատասխան, չի վիճարկի տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի պատմական իրավունքը։Բացիայդ, Հարավային Կովկասում օբյեկտիվ պատճառներովկպահպանվինաև Իրանիգործոնը, մինչդեռ իսրայելականազդեցությունը, ըստ ամենայնի,միայն կաճի(նախ և առաջ Ադրբեջանում), ինչը համալիր կերպով նաև ԱՄՆ-ին կապահովի իրեն հավատարիմ (և ոչ այնքան) տարածաշրջանային տերությունների մրցակցային պայքարի իրավարարի հնարավորությունը։

Երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում ուժերի նման վերադասավորումը կարող է բարձրացնել տարածաշրջանում ամերիկյան շահերի իրականացման արդյունավետությունը և ապահովել ընթացիկ ցուցանիշներն էապես գերազանցող արդյունքներ: Առաջին հերթին տորպեդահարվելու է Ռուսաստանի և Իրանի ռազմավարական մերձեցման օրակարգը, որը երկու երկրների համար հարկադրված միջոց է դարձել Արևմուտքի սաստկացող ճնշման և աշխարհատնտեսական մեկուսացման պայմաններում։ Ընդ որում, չնայած Հարավային Կովկասում լայնածավալ բազմամակարդակ ներկայություն պահպանելու Ռուսաստանի իրավունքի ցուցադրական ճանաչմանը, տարածաշրջանում նրա իրական հնարավորություններն էապես կսահմանափակվեն Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության համակարգված ուժեղացմամբ։ Իր հերթին, Անկարան զգալի դիմադրության կբախվի Հարավային Կովկասում Մոսկվայի ավանդական դիրքերի ապամոնտաժման փորձերի ժամանակ:

Ուժերի նման վերադասավորումը նվազագույնի է հասցնում Թուրքիայի չափազանց ինքնուրույնության ռիսկերը՝ սահմանափակելով Վաշինգտոնի հետ չհամաձայնեցված անկախ աշխարհաքաղաքական խաղ վարելու նրա հավակնությունները։ Ամերիկյան իրավարարի հովանու ներքո ռուս-թուրքական մրցակցության աշխուժացումը կհանգեցնի տարածաշրջանից երկրորդական դերակատարների՝ Եվրամիության (Հայաստանում) և Չինաստանի (Վրաստանում և Ադրբեջանում) դուրս մղմանը։ Դա առանցքային խոչընդոտներ կստեղծի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անդրմայրցամաքային նախագծի լիարժեք իրականացման համար, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես ԱՄՆ գլոբալ առաջնորդության ամենալուրջ մարտահրավեր: Հաշվի առնելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40%-ը կուտակող Եվրասիայի պետությունների ոչ ֆորմալ աշխարհաքաղաքական դաշինք ձևավորելու այս նախաձեռնության ներուժը՝ Վաշինգտոնը ձգտում է թույլ չտալ իր մրցակիցների շահերի նման համախմբում։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը, հավանաբար, պատրաստ է Թուրքիային և Ռուսաստանին փոխանցել Հարավային Կովկասում կոշտ մրցակցության և ազդեցության ոլորտների բաժանման իրավունքը, ինչը թույլ կտա ապակայունացնել այդ ենթաշրջանում հանգուցային լոգիստիկ հանգույց ստեղծելու Պեկինի ծրագրերը։

Եզրակացություն. մշտատև նպատակ աշխարհաքաղաքական նոր իրողություններում

Միջազգային փորձագիտական հանրության կարծիքով, «ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության» դրույթները չպետք է ընկալել որպես Վաշինգտոնի արտաքին քաղաքականության դոգմատիկ ճանապարհային քարտեզ: Վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տալիս, որ տարբեր վարչակազմեր պարբերաբար արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայում են նախաձեռնել՝ դրանք հարմարեցնելով գլոբալ գործընթացների դինամիկային և ներքաղաքական վերափոխումներին: Այնուամենայնիվ, չնայած կիրառվող մեթոդների փոփոխականությանը, ռազմավարական նպատակը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանության պահպանումը։ Այս իմաստով Դ. Թրամփի թիմի պատրաստած փաստաթուղթը չի փոխում հիմնարար «գերխնդիրը», սակայն հեղափոխական մոտեցում է առաջարկում «դաշնակիցների» և «հակառակորդների» կարգախմբերի վերանայման հարցում: Ռազմավարության նորարարությունը կայանում է նրանում, որ ամերիկյան վերնախավերի մի մասը փորձում է ազգային հավակնությունները համապատասխանեցնել ժամանակակից համաշխարհային գործընթացներում ուժերի իրական հավասարակշռությանը։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 20.12.2025 թ.: