Մեկնաբանություններ

ԱՄՆ-ը բարձրացնում է խաղադրույքները հարավկովկասյան խաղում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.03.2024թ.

«Երկկողմ ռազմավարական մեխանիզմի» շրջանակներում բանակցությունների նպատակով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի` ԱՄՆ կատարած այցից հետո միջազգային լրատվամիջոցներն արդեն նյութեր են հրապարակում` հղում տալով երկու երկրների համապատասխան գերատեսչություններին և քաղաքական գործիչներին: Հարցի վերաբերյալ առկա տեղեկատվությունը ամբողջական չէ, և հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել բանակցային օրակարգի և, ամենակարևորը` ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Այս համատեքստում թուրքական հեռուստատեսությամբ մանրամասն ելույթ է ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքը` ընդգծելով, որ արդեն իսկ կան կոնկրետ արդյունքներ պաշտպանական համագործակցության, առևտրի աճի և Սիրիայի ու ԻԼԻՊ-ի հարցում երկու երկրների դիրքորոշումների համաժամանակեցման հետ կապված: Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ Վաշինգտոնն ու Անկարան, իբր դեռ չեն կարողացել համաձայնության գալ թուրքական բանակին սպասարկող ռուսական ՀՕՊ համակարգերի և Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից «5-րդ սերնդի» բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու հնարավորության շուրջ: Ջ. Ֆլեյքի հայտարարությունները, առաջին հայացքից, բավականին համոզիչ կերպով արտացոլում են թե՛ բանակցությունների սպասվող օրակարգը, և թե՛ արդյունքները: Համենայնդեպս, նա ոչ մի սենսացիոն գաղափար չի հնչեցրել, ինչպես և չի հայտարարել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև «բեկումնային», դարակազմիկ համաձայնությունների մասին կետերը:

Ընդսմին, որոշակի հիմքեր կան պնդելու, որ նման պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են, և, հայտնի պատճառներով, Ֆլեյքը ցույց է տվել միայն այն, ինչ դրված է «կրկնակի հատակով տուփի» մակերեսին: Ի դեպ, դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ֆիդանի հետ ԱՄՆ է մեկնել թուրքական հետախուզության (MIT) ներկայիս ղեկավար Իբրահիմ Կալինը, սակայն թուրքական և ամերիկյան լրատվամիջոցները նախընտրել են չանդրադառնալլ այս «աննշան» մանրուքին: Ամերիկա–թուրքական բանակցությունների վերաբերյալ պաշտոնապես հրապարակված թերևս ամենահետաքրքիր լուրը, որը թույլ է տալիս սենսացիոն եզրակացություններ անել, Բլինկենի և Ֆիդանի համատեղ հայտարարությունն է առ այն, որ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են համագործակցել հայ–ադրբեջանական հակամարտությունը լուծելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու վերաբերյալ:

Սա կարող է նշանակել միայն մեկ բան` Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացը մտել է վճռական փուլ: Հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հայտարարության մեջ չի խոսվում Ռուսաստանի մասին, իսկ միջնորդի դերում Թուրքիայի ներգրավումը վկայում է Մոսկվային տարածաշրջանից վերջնականապես մեկուսացնելու Վաշինգտոնի ծրագրերի մասին, որում Արևմուտքը մտադիր է տեսնել Անկարային՝ որպես միակ «նայող» և «դատավոր»`, որը, սակայն, իր հերթին հաշվետու է լինելու միայն ԱՄՆ-ին: Ընդսմին, չի բացառվում, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո Վաշինգտոնի առաջնահերթությունները տարածաշրջանում կարող են փոխվել և ճշգրտումների ենթարկվել` համաձայն Թրամփի` ռուսական և իրանական խնդիրների լուծման տեսլականի, ինչը, բնականաբար, կազդի վերը նկարագրված աշխարհաքաղաքական կոմբինացիայի ապագայի վրա:

Իսկ առայժմ, մի կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական հարաբերությունների վատթարացման, մյուս կողմից` «Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան» բացելու Հայաստանի իշխանությունների ցուցադրական պատրաստակամության ֆոնին, Բայդենի վարչակազմը չի կարող բաց թողնել պատեհ առիթը, երբ նրա փաստացի արբանյակի (Թուրքիայի) համար հնարավոր կլինի ստեղծել խաղաղ և արդար երկրի կերպար, որը հավասարապես հեռու է հայկական և ադրբեջանական շահերից ու պատրաստ է երաշխավորել կողմերի հաշտեցումը՝ փոխադարձ հարգանքի և շահերի համաձայնության հիման վրա: Համարձակվենք ենթադրել, որ ամերիկացի բանակցողները համոզել են իրենց թուրք գործընկերներին ուշադրության նշաններ ցուցաբերել Երևանի նկատմամբ, կտրուկ չափավորել ագրեսիվ հռետորաբանությունը, պատրաստակամություն ցուցաբերել ակտիվ քաղաքական և տնտեսական գործընկերության համար (սահմանի ապաշրջափակում, վիզային ռեժիմի ազատականացում և, ինչու ոչ, օգնություն արցախցի փախստականներին և այլն), իսկ մյուս կողմից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա` խաղաղ բանակցությունների համատեքստում դադարեցնելու հայկական տարածքների սողացող օկուպացիայի գործողությունները և Երևանի հանդեպ առավելապաշտական պահանջները:

Հարավային Կովկասը Մոսկվայից խլելու խաղում խաղադրույքները բազմիցս ավելացել են, խաղն ընթանում է մեծ մասշտաբով, իսկ սահմանամերձ գյուղերի, անկլավների, վարելահողերի և այլնի վերաբերյալ ադրբեջանական «մանր» պնդումներն այժմ կարող են խանգարել Հայաստանի գլոբալ «ապառուսաֆիկացման» սկսված գործընթացին և, դրան զուգընթաց, հայ հասարակության կողմից ադրբեջանա-թուրքական աշխարհի հետ խաղաղ գոյակցության հնարավորության ներդրված գաղափարի զգուշավոր ըմբռնմանը:

Եթե մոտ ապագայում Թուրքիայի ագրեսիվ ամբարտավան հռետորաբանության կտրուկ անկում լինի, և հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ի հայտ գա կառուցողականություն և առաջընթաց, ապա բոլոր հիմքերը կլինեն պնդելու, որ Ռուսաստանի դեմ մեծ խաղում ամերիկյան խոշոր խաղադրույքներն արդարացված են: