ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.03.2024 թ.
2024 թ. փետրվարի 3-ին Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում տեղի ունեցող «Բազմազանության ընդունում. պայքար իսլամատյացության դեմ 2024 թվականին» համաժողովում, մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Փարիզը նեոգաղութատիրությանը զուգահեռ մահմեդականների նկատմամբ վարում է այլատյացության ու ճնշումների քաղաքականություն, կազմակերպում հակաիսլամական տարբեր գործողություններ։ Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայում պարբերաբար վանդալիզմի են ենթարկվում մզկիթները, մահմեդական մշակութային կենտրոններն ու գերեզմանատները, իսկ իսլամ դավանող քաղաքացիները ենթարկվում են հալածանքների։
Ալիևի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Փարիզի և Բաքվի միջև քաղաքական և դիվանագիտական հակամարտությունը, որը ծագել էր 2023 թ. վերջին և ուղեկցվել դիվանագետների փոխադարձ վտարմամբ ու «լրտեսական սկանդալներով», շարունակում է թափ հավաքել։ 2024 թ. փետրվարին կրքերը, կարծես, հանդարտվել էին, ինչը որոշ փորձագետների ստիպեց ենթադրել, որ կողմերը, հրապարակային քաշքշուկների և ցուցադրական գործողությունների փուլից հետո, այնուամենայնիվ, գերադասել են սանձել կրքերը և փորձում են իրավիճակը տանել ավելի կառուցողական ուղղությամբ՝ չբարձրաձայնվող կապերի ձևաչափով: Ավելին, գործնական առումով Փարիզն ու Բաքուն զգալիորեն կապված են փոխադարձ շահերով և, առաջին հերթին, տնտեսական ոլորտում, օրինակ՝ պայմանագրերը ֆրանսիական Total Energies-ի հետ, որն ԱդրՀ արտահանման էներգետիկ հատվածի բաժնետերերի շարքում վերջին տեղերում չէ:
Մինչդեռ Ալիևի ելույթը ցույց տվեց, որ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլ ավելի բարդ հարթություն անցնելու վտանգի տակ են։ Ավելի ճիշտ՝ դրան ձգտում է հենց Բաքուն՝ փորձելով Փարիզի հետ առճակատմանը հաղորդել ոչ թե քաղաքական, այլ՝ զուտ կրոնական ու քաղաքակրթական երանգ։
Ալիևն ակնհայտորեն անհարմարություն և ջղաձգումներ է ապրում միջազգային հարթակներում ՖՀ-ի ակտիվացումից՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական ժառանգությունը և քրիստոնեական մշակույթի հազարամյա շերտերը Բաքվի կողմից ոչնչացնելու քաղաքականության հետ։ Սակայն, եթե Փարիզն իր արշավի մեջ Արցախում բարբարոսությունները ամենևին չի կապում կամ քննարկում միջկրոնական առճակատման համատեքստում, այլ շեշտը դնում է հենց Ալիևի ռեժիմի անմարդկային և գիշատիչ էության վրա, ապա՝ Ալիևն ինքն է հայելային մեղադրանքներ հնչեցնում Փարիզի հասցեին, ընդսմին փորձելով իրեն վերագրված «հանցագործություններին» տալ համաշխարհային հակաիսլամական պայքարի բնույթ։
Այդպիսով, Բաքուն հերթական անգամ փորձում է գործի դնել «իսլամական խաղաքարտը»՝ համաշխարհային մահմեդական ումմային Ֆրանսիայի դեմ հրահրելու նպատակով։ Եվ դա այն դեպքում, երբ ԱդրՀ-ն՝ ինքն, արդեն վաղուց վատ համբավ է վայելում իսլամական աշխարհում: Եվ բանը միայն այն չէ, որ Բաքվի ընդգծված աշխարհիկ և ազգայնական վարչակարգը երկրի ներսում հալածանքներ է իրականացնում իսլամական համայնքների և խմբերի նկատմամբ: Խոսքը նաև Ալիևի ռեժիմի՝ Իսրայելին ցուցադրական աջակցության մասին է՝ Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում։ Ի վերջո, Ադրբեջանը իրականում մնաց անվանապես միակ մահմեդական երկիրն աշխարհում, որը ողջունեց Թել-Ավիվի գործողությունները և, առնվազն, տնտեսական աջակցություն ցուցաբերեց նրան՝ պաղեստինցի մահմեդական ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների փուլում։
Ֆրանսիային ուղղված մեղադրանքները և նրա «հակաիսլամական էության» պախարակումն ի սկզբանե անհեթեթ են, հատկապես, երբ դրանք հնչեցվում են Ադրբեջանի ղեկավարի շուրթերից։ Եթե անգամ պարզ համեմատություն անենք, թե քրիստոնյա Ֆրանսիան և իսլամական Ադրբեջանը որքա՞ն գումար են հատկացրել Գազայի անապահով բնակիչների կամ, ասենք, սովահար ռոխինջա մահմեդականների սոցիալական կարիքները հոգալու համար, և վերոհիշյալ հակառակորդ երկրներից ո՞րը և քանի՞ անգամ է հանդես եկել քաղաքական նախաձեռնություններով միջազգային հարթակներում՝ ի պաշտպանություն այդ ճնշված և հալածված խմբերի, ապա՝ արդյունքները հաստատ Բաքվի օգտին չեն լինի։