Մեկնաբանություններ

ՌԴ-ի հանդեպ Ի. Ալիևի նախաձեռնած դեմարշի ներքաղաքական համատեքստը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.02.2025 թ.(1)

Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը շարունակում է աճել, և ճգնաժամի խորացման նախաձեռնողը հիմնականում Ադրբեջանն է:

Քաղաքական և դիվանագիտական հակամարտության պաշտոնական պատճառը 25.12.2024 թ. Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի վթարի հետ կապված միջադեպն էր(2)։ Աղետից անմիջապես հետո ԱդրՀ կառավարական շրջանակներին մոտ կանգնած ԶԼՄ-ներն ամբողջ պատասխանատվությունը դրեցին ռուսական կողմի վրա՝ նրա ՀՕՊ-ին և Քաղաքացիական ավիացիայի ծառայությանը մեղադրելով անփութության և ոչ արհեստավարժության մեջ։

Նախագահ Իլհամ Ալիևի 29.12.2024 թ․ ելույթը պաշտոնական մակարդակի հասցրեց ՌԴ դեմ Ադրբեջանի պահանջները՝ դրանով իսկ քաղաքականացնելով միջադեպը(3)։ Իր ելույթում Ադրբեջանի ղեկավարը վրդովմունք էր հայտնել ոչ այնքան ՀՕՊ համակարգի հրթիռով սխալմամբ օդանավի վրա հարձակվելու, որքան, նրա իսկ խոսքով, պաշտոնական Մոսկվայի՝ պատասխանատվությունից խուսափելու ջանքերի և իր մեղքը չընդունելու համար։ Ի. Ալիևի՝ Ռուսաստանին ուղղված գլխավոր մարտահրավերն այն հանգամանքն էր, որ նրա մեղադրանքները հնչել էին մինչ միջազգային հետաքննության մեկնարկը և դրա նախնական արդյունքների հրապարակումը։

Չնայած դրան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ զանգահարել է Ի. Ալիևին և, ըստ ԱդրՀ ԶԼՄ-ների, ներողություն խնդրել տեղի ունեցածի համար և, ըստ ռուսական ԶԼՄ-ների, իր ադրբեջանցի գործընկերոջը կոչ արել սպասել հետաքննության պաշտոնական արդյունքներին։ Այնուամենայնիվ, Ի. Ալիևը շարունակեց համառորեն հավատարիմ մնալ ճգնաժամի խորացման ընթացքին։ 06.01.2025-ին նա նորից հրապարակային ելույթ ունեցավ՝ կրկնելով արդեն իսկ հնչեցրած թեզերը և «արդարություն» պահանջելով(4)։ Հետագա իրադարձությունները միայն նպաստեցին ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածության աճին։ 22.01.2025 թ. Ի. Ալիևը Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու հետ և հատուկ ջերմությամբ պահեց իրեն՝ ի ցույց դնելով Կիևի հանդեպ AZAL ավիաընկերության հետ տեղի ունեցած միջադեպին առնչություն ունենալու վերաբերյալ պահանջների բացակայությունը։ Այնուհետև, 05.02.2025-ին Ադրբեջանի առաջնորդը հատուկ կարգադրությամբ Ուկրաինային հատկացրեց 1 մլն դոլար՝ ՌԴ ԶՈւ կողմից ավերված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման համար, ինչը ռուսական քաղաքական շրջանների կողմից ընկալվեց որպես Մոսկվայի դեմ նպատակաուղղված դեմարշ։ Այնուհետև, մեկ շաբաթ առաջ ծանուցումից հետո, 11.02.2025 թ. Բաքուն ամբողջությամբ կասեցրել է ռուսաստանյան «Ռուսհամագործակցություն» («Ռոսսոտրուդնիչեստվո» ) գործակալության գործունեությունը(5) և փակել Բաքվում դրա արտասահմանյան ներկայացուցչությունը՝ «Ռուսական տունը», պաշտոնապես նրա քայլը նշելով որպես «պատշաճ գրանցման բացակայություն»(6): Ավելին, հայտարարվեց, որ կսահմանափակվի ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղի աշխատանքը։ Եվ, վերջապես, ադրբեջանական աղբյուրներն այս իրադարձությունների համապատկերում հաղորդում էին, որ իբր Բաքվում բացահայտվել է ԱդրՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ, որը գործում է հօգուտ ՌԴ շահերի(7)։ ԱդրՀ ԶԼՄ-ները սկսեցին ենթադրություններ անել, թե «բացահայտված գործակալները» սերտորեն համագործակցել են Բաքվի «Ռուսական տան» հետ, որն, իբր, իրականում դիվերսիոն գործողություններ է իրականացրել ԱդրՀ-ում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հովանու ներքո։

«Ռուսհամագործակցության»/«Ռուսական տան» հետ կապված դեպքը ցույց տվեց Բաքվի հստակ մտադրությունը՝ ընդլայնելու Մոսկվայի հետ քաղաքական և դիվանագիտական ​​դիմակայության ճակատը։ Արդյունքում ռուսաստանյան քաղաքական շրջաններում այն ընկալումն առաջ եկավ, որ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպն Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների աճի ոչ թե պատճառը, այլ պատրվակն էր՝ Ի. Ալիևի կողմից մտածված քաղաքական խաղաքայլ՝ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում ճգնաժամ առաջացնելու համար ։

ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն անդրադարձել է միջազգային պրակտիկայում առկա օրինակների, երբ քաղաքացիական ինքնաթիռի ոչ միտումնավոր խոցումը բարդություններ չի առաջացրել բարեկամ պետությունների հարաբերություններում(8)։ Միջազգային պրակտիկան հուշում է, որ նման ողբերգական միջադեպերի քաղաքական հետևանքների վերացումն իրականացվում է առանց անհարկի հրապարակայնության՝ փոխադարձ հարգանքի և կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա։ Ըստ էության, Վ. Պուտինն առաջարկել է Ի. Ալիևին հավատարիմ մնալ այս գործելակերպին և բոլոր հարցերը լուծել առանց խնդիրը քաղաքականացնելու՝ «բարեկամության և գործընկերության» ոգով։ Ադրբեջանի առաջնորդը, ըստ ամենայնի, որոշել է չընդառաջել իր ռուս գործընկերոջը, ինչի մասին վկայում է միջպետական ​​ճգնաժամի սաստկացող բնույթը նույնիսկ երկու հեռախոսազանգից հետո։

Ի. Ալիևի՝ ՌԴ հետ հարաբերությունների տոնայնությունը կտրուկ փոխելու դրդապատճառների վերաբերյալ փորձագիտական ​​կարծիքների դիտարկումը հիմնականում կարող է հանգեցնել այն թեզին, որ Բաքուն սկսել է նեղվել Մոսկվայի հետ իր «դաշինքից»: ՌԴ-ն, փաստորեն, նպաստեց Լեռնային Ղարաբաղում հայկական պատշաճ դիմադրության համահարթեցմանը և ԼՂՀ վերացմանը, ինչից հետո նրա զինված զորակազմը վերջնականապես լքեց Ադրբեջանի տարածքը։ Ակնհայտ կերպով այլևս հրատապ չէ Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողությանը փոխանցմամբ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» «հատելու» տարբերակը, ուստի Բաքուն հետայսու շահագրգռված չէ հույսը դնել Մոսկվայի վրա, որը սպառել է իր նախկին ազդեցությունը Երևանի քաղաքական իրավիճակի վրա։ Ավելին, Մոսկվայի հետ սերտ գործընկերությունը կամ դաշնակցումը կարող է «թունավոր ակտիվ» դառնալ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Բաքվի այս մտահոգությունը կարող էր ավելի սրվել Դ. Թրամփի վերընտրությունից հետո, որի արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունն այն ժամանակ դժվար էր կանխատեսել։ Այս իրավիճակում Ի. Ալիևը կարող է դիմել ԱՄՆ-ի հետ ռազմավարական մերձեցման գնալու իր պատրաստակամության ցուցադրմանն ամերիկյան նոր վարչակազմին՝ տարածաշրջանում Վաշինգտոնի առանցքային գործընկերը դառնալու հեռանկարով։ Հնարավոր է, որ հենց այդ նպատակով է Ադրբեջանի և Իրանի միջև հերթական դիվանագիտական ​​աղմկահարույց միջադեպը հարուցվել է դեկտեմբերի վերջին և 2025 թ․ հունվարի սկզբին, որի ընթացքում կողմերը մեղադրանքներ են փոխանակել ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և հարաբերություններում ճգնաժամը սրելու համար(9)։ Սակայն այս միջադեպը մնաց զուգահեռ ընթացող ադրբեջանա-ռուսական հակամարտության ստվերում, ինչն Ի. Ալիևին թույլ տվեց ցույց տալու Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդ ՌԴ-ից կտրուկ հեռանալու իր պատրաստակամությունը։

«ՌԴ-ի և ԻԻՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի» նախապատրաստման և 2025 թ․ հունվարի 17-ին ստորագրման համապատկերում Բաքվի համար հատկապես կարևոր էր Վաշինգտոնին նմանատիպ ազդանշանների հաղորդումը(10)։ Հաշվի առնելով, որ Մոսկվան և Թեհրանն Ադրբեջանին հատուկ նշանակություն են տալիս իրենց աշխարհառազմավարական մերձեցման և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ու հաղորդակցության գլոբալ ճանապարհի ստեղծման համատեքստում, Բաքուն պետք է ցուցադրի իր անկախությունը։ Մասնավորապես, Ադրբեջանը պետք է ցույց տա, որ ինքը շահագրգիռ մասնակից չէ ձևավորվող նոր, ըստ էության, հակաարևմտյան, աշխարհաքաղաքական դաշինքին, և որ որոշակի աջակցության դեպքում՝ պատրաստ է նվազագույնի հասցնել ՌԴ-ի և ԻԻՀ-ի միջև կամուրջի իր դերը։

Այս կապակցությամբ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ ռուս-իրանական համաձայնագրի ստորագրման նախօրեին Վ. Պուտինն ու Ի. Ալիևը ծրագրել էին հանդիպում ունենալ Մոսկվայում, որի ընթացքում, ինչպես կարելի է ենթադրել, ի թիվս այլ խնդիրների, պետք է ձեռք բերվեին պայմանավորվածություններ «Հյուսիս-Հարավ» նախագծին Ադրբեջանի ինտեգրման խորացման և ռուս-իրանական գլոբալ նախագծերի իրականացմանը խոչընդոտող իրավական, քաղաքական և տեխնիկական խնդիրների արագ լուծման վերաբերյալ։ Հանդիպումը նախատեսված էր հենց 25.12.2024-ին, և AZAL ինքնաթիռի կործանման պահին Ադրբեջանի ղեկավարի ինքնաթիռն արդեն Մոսկվայի երկնքում էր։ Թեև դա կարող է պարզ զուգադիպություն լինել, բայց փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումը դարձավ Վ. Պուտինի համար շատ կարևոր հանդիպումից Ի. Ալիևի հրաժարման պատճառ (կամ պատրվակ): Ադրբեջանի ղեկավարը հրամայել էր ետ շրջել ինքնաթիռը և վերադառնալ Բաքու՝ անհայտ թողնելով մոսկովյան հանդիպման օրակարգը(11)։

Հենց վերոնշյալ հանգամանքներով են փորձագետները հիմնականում պարզաբանում Ի. Ալիևի վարքագծի դրդապատճառները և Մոսկվայի դեմ նրա որդեգրած հռետորաբանությունը։ Սակայն, ադրբեջանա-ռուսական ճգնաժամի արտաքին քաղաքական տեսանկյունները դիտարկելիս նրանք մեծամասամբ անտեսում են Ադրբեջանի ներքաղաքական օրակարգի մի շարք գործոններ, որոնք նույնպես կարող են անուղղակի առնչություն ունենալ Բաքու-Մոսկվա հարաբերությունների վատթարացման հետ։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների լրտեսական ցանցի ենթադրյալ բացահայտմանը և Բաքվի «Ռուսհամագործակցության» աշխատակազմի հետ նրանց «գաղտնի կապերին»։ Խոսքը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հ. Ալիևի համախոհ Ռամիզ Մեհթիևի, ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովի, մշակույթի նախկին նախարար Աբուլֆաս Գարաևի, երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովի և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի մասին է։ Բացառությամբ Է. Մամեդյարովի և Է. Մահմուդովի, մյուս անձինք պատկանում են Հ. Ալիևի հիմնադրած «Նոր Ադրբեջան» կուսակցության հնաբնակների թիմին և 2019–2021 թթ․ ընթացքում տարբեր պատրվակներով ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Ինչպես ընդունված է համարել Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում, նրանք պատկանում էին ադրբեջանական քաղաքական վերնախավի ռուսամետ ուժերին, ուստի նրանց հրաժարականները ժամանակի առումով հիմնականում համընկնում էին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի նախաշեմի հետ և ուղղակիորեն աղերսվում էին ԱդրՀ քաղաքական կյանքում Թուրքիայի դերի ամրապնդմանը։

Է. Մահմուդովը կարիերային բարձունքների է հասել Ի. Ալիևի օրոք, սակայն արդեն 2015 թ. ազատվել է աշխատանքից և հեղինակազրկվել։ Նրա հեռացման ձևական պատճառը եղել է, այսպես կոչված, «ԱԱՆ գեներալների գործը»՝ կապված պետական ​​անվտանգության համակարգում կոռուպցիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից երկրի խոշոր և միջին բիզնեսի նկատմամբ համատարած դրամաշորթության հետ(12)։ Այնուհետև, որոշ ադրբեջանցի փորձագետներ Է. Մահմուդովի հեղինակազրկումը կապեցին նրա ղեկավարած գերատեսչության և Ռուսաստանի ու Իրանի հատուկ ծառայությունների միջև անօրինական կապերի կասկածների հետ(13):

Եվ, այնուամենայնիվ, ի տարբերություն ԱԱՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Է. Մահմուդովը չի ձերբակալվել(14)։ Ենթադրաբար այն պատճառով, որ նա բազմաթիվ մեղադրական ապացույցներ ուներ Ալիևների ընտանիքի վերաբերյալ։ Ի. Ալիևի հատուկ հրամանով հատուկ ծառայության նախկին պետին կարգադրվել է ապրել տնային կալանքի ներքո։ Նրան հատուկ հսկողության տակ են դրել, հեռախոսները գաղտնալսել, համապատասխան ծառայությունների միջոցով խստիվ կարգավորվել արտաքին աշխարհի հետ բոլոր շփումները։

Է. Մամեդյարովը նույնպես Հ. Ալիևի կադրը չէր համարվում, սակայն հետագայում նա նույնպես հայտնվեց ՌԴ-ի հետ սերտ համագործակցության մեջ կասկածյալների շրջանում՝ գուցե ոչ առանց Անկարայի հանձնարարականի։ Ռ. Մեհթիևին, Է. Մամեդյարովին, Ա. Գարաևին, Ա. Ռահիմովին «տնային կալանք» չէին նշանակել, բայց կասկած չկա, որ աղմկահարույց պաշտոնանկություններից հետո երկար տարիներ շարունակ ուշի ուշով հետևել են նրանց ամեն մի քայլի։

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ճգնաժամի համատեքստում երկար ժամանակ շնորհազուրկ վիճակում հայտնված քաղաքական գործիչների հետապնդումները որևէ կիրառական օգուտ չեն կարող տալ Ի. Ալիևին։ Հատկապես հաշվի առնելով ներկայումս իրենց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ ապացույցների բացակայությունը և այն փաստը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում թվարկված այդ անձինք չեն կարող լքել երկիրն ու գտնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ուժեղացված հսկողության ներքո։ Հաշվի առնելով այս ամենը՝ կասկածի տեղիք է տալիս ռուսական հատուկ ծառայությունների հետ նրանց համագործակցության հենց ֆիզիկապես հնարավորությունը, ինչի մասին խոսվել է Ադրբեջանում։ Հետևաբար, այդ անձանց նկատմամբ հետապնդումները վերսկսելու նախաձեռնությունն ուղղված է ոչ այնքան ադրբեջանա-ռուսական դիմակայության ընդհանուր համատեքստում նոր տարրերի ավելացմանը, որքան որ այդ դիմակայության միջոցով որոշակի ներքաղաքական խնդիրների լուծմանը։ ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը, ի թիվս այլ խնդիրների, կարող է հարմար պատրվակ հանդիսանալ դեռևս Հեյդար Ալիևի օրոք ձևավորված հին կազմավորման «ռուսամետ» ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչների հետ հաշիվները վերջնականապես մաքրելու համար։

Ադրբեջանում այդ խմբերը սովորաբար անվանում են «երազների կլան»(15)։ Հենց այս կլանն էր, որ, ըստ էության, երկար տարիներ կառավարեց հանրապետությունը և կարողացավ վերահսկողություն հաստատել նրա ֆինանսա-տնտեսական ակտիվների զգալի մասի վրա։ Հ. Ալիևի մահից հետո «երազները» «ժառանգաբար» անցան Ի. Ալիևին՝ Ադրբեջանում կազմակերպելով իշխանության փոխանցումը՝ «թույլ ու անփորձ» նոր նախագահի օրոք իրենց դիրքերը պահպանելու հաշվարկով։ Սակայն Ի. Ալիևը, հաստատվելով նոր պաշտոնում, ջանքեր գործադրեց ազատվելու «հին գվարդիայի» չափից ավելի խնամակալությունից(16)։

Նախագահի և նրա նախորդի թողած շրջապատի ներքաղաքական պայքարը տևեց շուրջ 15 տարի, որի ընթացքում Ի. Ալիևն իր հավակնոտ կնոջ աջակցությամբ, որպես «երազների» հակակշիռ, ձևավորեց, այսպես կոչված, «ապշերոնյան կլանը» կամ «Փաշաևների կլանը»՝ Մեհրիբան Ալիևայի (օրիորդական ազգանունը՝ Փաշաևա) հոր, եղբայրների և զարմիկների գլխավորությամբ։ Այս խումբն աստիճանաբար պետական ​​կառավարման համակարգ մտցրեց հավատարիմ գործիչների և վերահսկողություն հաստատեց երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների զգալի մասի վրա, որոնք նախկինում գտնվում էին Հ. Ալիևի «հին գվարդիայի» վերահսկողության ներքո։

2017 թ․ ԱդրՀ փոխնախագահի նորաստեղծ պաշտոնում առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նշանակումը բաց հայտ էր «ապշերոնյան կլանի» կողմից երկիրը ղեկավարելու համար։ Սակայն «Փաշաևների» հաղթանակի մեծարումը եկավ 2019 թ․, երբ պաշտոնից հեռացվեց «երազների կլանի» ղեկավարը և իշխանության մեջ գտնվող «գորշ կարդինալը»՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհթիևը։ Ասում էին, որ նա «Փաշաևների կլանի» ամենանշանակալի հակառակորդն էր և Մեհրիբան Ալիևայի քաղաքական հավակնությունների հիմնական քննադատը։ Ռ. Մեհթիևին, իսկ հետագայում նաև նրա կողմնակիցներին պետական ​​կառույցներից հեռացնելուց հետո Ադրբեջանում սկսեցին ի հայտ գալ գործընթացներ, որոնք վկայում են այն մասին, որ Ալիևները պատրաստվում են իշխանության նոր ներքին տարանցման(17)։ Թերևս դա արդեն կարող էր տեղի ունենալ, և հաջորդ նախագահ դառնար Մ. Ալիևան, եթե մինչ այդ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ չստեղծվեր, այսպես կոչված, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի» սկզբի համար։ Բաքվում, թերևս ոչ առանց Անկարայի կողմից հուշելու, որոշում կայացվեց հետաձգել այդ տարանցումը, քանի որ պատերազմի արդյունքներն ու դրա հետևանքներն այն ժամանակ անկանխատեսելի էին, և իշխող ընտանիքում նման փոխատեղման նախաձեռնությունը կարող էր վտանգավոր լինել։

Սակայն Բաքուն հաղթեց պատերազմում և, հաշվի առնելով ադրբեջանական հանրության շրջանում Ի. Ալիևի անձնական հեղինակության կտրուկ ամրապնդումը, մեկ ընտանիքի ներսում իշխանության տարանցմամբ խուսավարելու անհրաժեշտությունը զգալիորեն կորցրեց իր հրատապությունը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, գերագույն իշխանությունը Մ. Ալիևային փոխանցելու ծրագիրը երկարաժամկետ չի հետաձգվել։ Բանն այն է, որ «ղարաբաղյան հաղթանակի» ցնծությունը չի կարող հանրային վստահության և օրինականության անվերջ պաշար ապահովել Ի. Ալիևի համար։ Երկրում հետզհետե վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, և հասարակությունը հարցնում է, թե ինչու «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը», ինչպես խոստացվել էր, դրականորեն չի ազդում հասարակ քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Ընդհակառակը, ԱդրՀ ռազմականացումը պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ, նավթի և գազի արդյունահանման ծավալներն անընդհատ նվազում են, սպառողական գները՝ բարձրանում, իսկ տնտեսությունը չի կարող դուրս գալ հետընթացից։ Իրավիճակը սրում է պետական ​​համակարգում առկա մեծածավալ կոռուպցիան։ Ընդհանուր առմամբ, երկրում առկա ներքաղաքական իրողություններն արմատական ​​քայլեր են պահանջում։ Այս համատեքստում կարելի է զուգահեռներ անցկացնել 2019 թ․ հետ, երբ Իլհամ և Մեհրիբան Ալիևները, ըստ էության, լայնածավալ զտումների ենթարկեցին պետական ​​ապարատը, «մերկացրին» Հ․ Ալիևի՝ «երազների կլանը» ներկայացնող հին կադրերի «ապակառուցողական գործունեությունը», ինչն առնչվում էր ռուսական շահերի հետ, ցրեցին Միլլի Մեջլիսը և նշանակեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բայց այն ժամանակ տարանցման նախաձեռնությունը ժամանակավորապես կասեցվեց։ Հիմա տեխնիկական առումով այն կարելի է հասցնել իր տրամաբանական ավարտին։ Դրա մասին կարող է վկայել նաև մի ախտանշանակ հանգամանք, որի նշանները նկատվում են 2023 թ․ Լեռնային Ղարաբաղում «հաղթական պատերազմից» հետո։

Բանն այն է, որ Ադրբեջանում հստակ տեսանելի է Հեյդար Ալիևի պաշտամունքի ապամոնտաժման գործընթացը։ «Ազգային առաջնորդի» վախեցած կադրերի նոր հալածանքն ակնհայտորեն նպատակ ունի ոչ միայն ոչնչացնելու երկրի հասարակական-քաղաքական գործընթացների վրա նրանց ազդեցության մնացորդները, այլև արմատախիլ անելու նրա պաշտամունքը, որի «ճարտարապետը» նույն ինքը՝ Ռամիզ Մեհթիևն է։ Հենց նա դարձավ «ազգային առաջնորդի պաշտամունք» ստեղծելու գաղափարի գլխավոր ջատագովը, մոդելավորեց և իրականացրեց Հ. Ալիևին որպես «նորագույն ադրբեջանական պետականության հիմնադիր հոր» մեծարման գաղափարական դոկտրինան և Հ. Ալիևի կենսագրության ուսումնասիրությունը հասցրեց նոր գիտության, որն Ադրբեջանում կոչվում է «հեյդարագիտություն»։ Նա նաև դարձավ այս «գիտության» ամենահայտնի ներկայացուցիչը՝ բազմաթիվ գրքեր և մենագրություններ նվիրելով «Հ. Ալիևի ֆենոմենի» ուսումնասիրությանը(18)։

Պաշտամունք ստեղծելու Ռ. Մեհթիևի նախաձեռնությունն իր ժամանակին Հ. Ալիևի համախոհներին ոչ միայն օգնեց մնալ իշխանությունում և հզոր կլան ձևավորել, այլև, առաջին հերթին, իշխանության մնալու վստահելի հարթակ ստեղծեց Ալիև կրտսերի համար, որքան էլ որ տարօրինակ էր նրա պայքարը հոր կադրային ժառանգության դեմ։ Սակայն ժամանակի ընթացքում հոգեբանական գործոնը սկսեց ծանրանալ քաղաքական նպատակահարմարության վրա։ Որպես անհատ՝ Ի. Ալիևը միշտ էլ նեղվել է իր հոր պաշտամունքից, ով նախագահի պաշտոնում նրա օրինականության միակ աղբյուրն ու պաշարն էր և ստվերում է թողել նրա անձնական «արժանիքները»։ «Ղարաբաղյան պատերազմից» հետո, որն Ալիևին ինքնավստահություն և հարգանք բերեց ադրբեջանական հանրության աչքում, նա սկսեց բացահայտ հեռանալ այս պաշտամունքի պահպանման քաղաքականությունից։ Ադրբեջանի ներքաղաքական և գաղափարական օրակարգի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ 2020-ականներից սկսած Հեյդար Ալիևի անունն ավելի ու ավելի քիչ է շրջանառվում ԶԼՄ-ներում ու պաշտոնական զեկույցներում, և նրա պաշտամունքի տարրերը գործնականում դուրս են մնացել իշխանությունների հատուկ ուշադրության շրջանակից։ Ի. Ալիևն այլևս իր հորն ու նախորդին գովաբանող երկարատև ելույթներ չի ունենում, նա նվազագույնի է հասցրել մարզային այցելությունների ժամանակ «ազգային առաջնորդի» թանգարաններ և հուշարձաններ այցելելու նախկինում ավանդական դարձած արարողությունը։ Նա դադարեցրել է արտերկրում Հ. Ալիևի անվան պուրակներ հիմնելու և նրա հուշարձանները կանգնեցնելու պրակտիկան։

Այս ամենը հուշում է, որ ներկա պահին Ալիև ավագի հիշատակի նկատմամբ վերաբերմունքի համատեքստում Ալիև կրտսերը սահմանափակվել է հորը և, առավելագույնը, իր քաղաքական նախորդին, բայց ոչ մի կերպ «համազգային առաջնորդի» մեծարելու շրջանակներում։ Ըստ էության, սա «համազգային առաջնորդի» պաշտամունքի մեղմ ապամոնտաժման նշան է, և Ռ. Մեհթիևի նկատմամբ նոր հալածանքը, ի թիվս այլ իրողությունների, կարելի է մեկնաբանել որպես Հ. Ալիևի նախկին կերպարից գաղափարապես ձերբազատվելու վճռորոշ փուլ։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական համակարգի ավտորիտար բնույթը՝ լիովին հասկանալի են նրա առաջնորդի գործողությունների հետևում ընկած հոգեբանական և հուզահակ դրդապատճառները: Կարելի է ենթադրել, որ եթե Մ. Ալիևան ձգտում է նախագահի կարգավիճակի, ապա ամուսինը պատրաստ է զիջել նրան այս հարցում, բայց մի պայմանով, որ պետք է բավարարվեն անձամբ «համազգային առաջնորդ» դառնալու իր հավակնությունները։

Այս վարկածի համատեքստում նոր շեշտադրումներ է ստանում ՌԴ ծառայության մեջ գտնվող «լրտեսական ցանցի» վերջնական պարտությունը՝ Ռ. Մեհթիևի գլխավորությամբ։ Հ. Ալիևի և նրա շրջապատի իշխանությունը, ժամանակին արմատապես գտնվելով խորհրդային դարաշրջանի իրադրության մեջ, մեծապես հենվում էր Մոսկվայի վրա, և Ադրբեջանի ներկայիս նախագահը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը։ Ուկրաինական հակամարտության խաղաղ ելքը, որը բարենպաստ է ՌԴ համար, կարող է դրդել Մոսկվային վերանայելու իր ադրբեջանական քաղաքականությունը և այդ հարցում աջակցություն փնտրել «հեյդարյան համախոհների» շրջանում, որոնք միշտ էլ ընդհանուր լեզու են գտել Մոսկվայի հետ։

Չնայած այդպիսի սպառնալիքների ակնհայտ բացակայությանը, Բաքուն նման սքողված ազդանշաններ ստացավ Մոսկվայից, և դժվար թե Ի. Ալիևը չըմբռնի դրանց էությունը։ Այս համատեքստում հարկ է որպես օրինակ հիշել Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը ՌԴ 22.04.2024 թ.՝ Բայկալ-Ամուրյան մայրուղու (ԲԱՄ) շինարարության մեկնարկի 50-ամյակի տոնակատարության կապակցությամբ։ Այնուհետև, համատեղ ելույթի ժամանակ Վ. Պուտինն իր հատուկ պատրաստված խոսքում քանիցս նշել է Հ. Ալիևի անունը, նրա անձնական դերը ԲԱՄ նախագծի իրականացման, ինչպես նաև հետխորհրդային շրջանում ադրբեջանա-ռուսական կապերի հետևողական խորացման գործում։ Այս կերպ ՌԴ նախագահը հասկացրեց, որ Ադրբեջանը չպետք է շեղվի այս ավանդական ուղեգծից, որը երաշխավորում է հարավկովկասյան հանրապետության զարգացումն ու անվտանգությունը։ Նշված հանդիպումը կայացել է Լեռնային Ղարաբաղից ռուսական «խաղաղապահ զորակազմի» վաղաժամ դուրսբերման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց անմիջապես հետո, և Վ. Պուտինն Ի. Ալիևին ազդանշաններ լ է փոխանցել, որ նման զիջման դիմաց ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում նրան ընկալել բացառապես որպես իր հոր իրատեսական գործողությունների իրավահաջորդ։ Եվ նաև, ակնհայտորեն, նա ակնարկել է, որ Ի. Ալիևին չի հաջողվի գերազանցել իր հոր և նախորդի հեղինակությունը(19)։

Այսպես թե այնպես, Ռ. Մեհթիևի և նրա համախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումը պետք է դիտարկել որպես խափանման միջոց, որը մի շարք առումներով որոշիչ է իշխող ընտանիքի և «Փաշաևների կլանի» համար։

Այսպես թե այնպես, Ռ. Մեհթիևի և նրա համախոհների քաղաքական հետապնդումը պետք է դիտարկել որպես կանխարգելիչ միջոց, որն ադրբեջանա-ռուսական հակասությունների կտրուկ սրման համատեքստում մի շարք բազմակողմ խնդիրներ է լուծում իշխող ընտանիքի և «Փաշաևների կլանի» համար։ Սա, նախ և առաջ, մնացած այն ուժերի չեզոքացումն է, որոնք կարող են ենթադրաբար դիմադրություն առաջացնել բարձրագույն քաղաքական իշխանության «ռեբրենդինգի» համակարգին՝ ի դեմս Մեհրիբան Ալիևայի, սա նաև Հեյդար Ալիևի պաշտամունքի ապամոնտաժման գործնական գործընթացի սկիզբն է, ինչպես նաև քաղաքական վերնախավերի առանձին բեկորների վրա ռուսական ազդեցության «մաքրման» վերջին փուլը։ Այս գործընթացն սկիզբ է առել Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկայիս ճգնաժամից շատ առաջ։ Այն աղբյուրների վկայությամբ, որոնք հավակնում են, թե տեղյակ են Ի. Ալիևի վարչախմբի ներքաղաքական խոհանոցին, չնայած Մոսկվայի հետ բարեկամության նմանակմանը, Ալիևները վաղուց ընտրել են թուրք-իսրայելական և, ընդհանրապես, արևմտյան ուղեգիծը և ցանկացած պահի պատրաստ են ազդանշանի դեպքում ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նույնիսկ այլ կերպ վարվելու ցանկության դեպքում, նրանք այլևս ի զորու չեն դա անել՝ իրենց նոր հովանավորներից ամբողջովին կախված լինելու պատճառով(20)։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 18.02.2025 թ.:

(2) «Օդային վթար Ակտաուում». Ինտերֆաքս (ռուս.), 29.12.2024–04.02.2025, https://www.interfax.ru/chronicle/aviakatastrofa-v-aktau.html/ (բեռնման օրը՝ 13.02.2025):

(3) «Ալիև. Ռուսաստանը պետք է ընդունի իր մեղքը և ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցում տրամադրի»: «Ամերիկայի ձայն» (ռուս.), 29.12.2024, https://www.golosameriki.com/a/ azerbaijan-s-president-says-crashed-jetliner-was-shot-down-by-russia-unintentionally-/7917549.html/ (բեռնման օրը՝ 13.02.2025):

(4) «Պահանջում ենք արդարություն». Ալիևը Ռուսաստանին մեղադրել է AZAL ինքնաթիռի կործանման մեջ և կոչ արել պատժել մեղավորներին»։ BBC NEWS (ռուս.), 06.01.2025, https://www.bbc.com/russian/articles/c047w9xd1gdo (բեռնման օրը՝ 14.02.2025):

(5) Անկախ Պետությունների Համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության գործերով դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո) ստեղծվել է 2008 թ․ ՌԴ Նախագահի հրամանագրով: 2021 թ. արտերկրում գործակալության ներկայացուցչությունները ստացել են «Ռուսական տուն» ոչ պաշտոնական անվանումը:

(6) «Բաքվի ռուսական տանը պատմել են գործունեության դադարեցման մասին». РИА Новости, (ռուս.), 11.02.2025, https://ria.ru/20250211/baku-1998623849.html/ (բեռնման օրը՝ 14.02.2025):

(7) «Ադրբեջանում ԱԳՆ նախկին ղեկավարին և այլ նախկին պաշտոնյաներին մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ». Armenia News (ռուս.), 10.02.2025, https://news.am/rus/news/865990.html/ (բեռնման օրը՝ 13.02.2025)։

(8) «AZAL օդանավի կործանումն Ի. Ալիևի ռուսաստանյան քաղաքականության համատեքստում». ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն. 30.12.2024, https://surl.li/xxqpje (բեռնման օրը՝ 14.02.2025):

(9) «Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Թեհրանին». Кавказский узел, (ռուս.), 01.01.2025, https://www.kavkaz-uzel.eu/articles/407187/ (բեռնման օրը՝ 14.02.2025):

(10) «Ռուսաստանն ու Իրանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր», Ведомости (ռուս.), 17.01.2025, https://www.vedomosti.ru/politics/articles/2025/01/18/1086965-rossiya-i-iran-podpisali-dogovor-o-vseobemlyuschem-strategicheskom-partnerstve/ (բեռնման օրը՝ 14.02.2025):

(11) «Ալիևն ընդհատել է իր այցը Ռուսաստան՝ Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման պատճառով». Ինտերֆաքս, 25.12.2024, https://www.interfax.ru/world/1000549/ (բեռնման օրը՝ 14.02.2025):

(12) «Մահմուդովի հրաժարականի պատճառ փորձագետները նշել են Ադրբեջանի տնտեսական անվտանգության մեջ առկա անցքերը». Кавказский узел, (ռուս.), 19.10.2015, https://www.kavkaz-uzel.eu/articles/270878/ (բեռնման օրը՝ 15.02.2025):

(13) «Փորձագետները Ադրբեջանի հատուկ ծառայություններում լրտեսական սկանդալը կապում են Իրանի գործունեության հետ». Кавказский узел, 30.12.2018, https://www.kavkaz-uzel.eu/articles/329810/ (բեռնման օրը՝ 15.02.2025):

(14) «Գեներալների գործից» հետո ԱԱՆ-ը լուծարվեց և դրա հիմքի վրա ստեղծվեցին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին հետախուզության ծառայությունը։

(15) Այսինքն՝ «Երևանցի ադրբեջանցիները», սահմանում, որ վերաբերում է Հայաստանից եկած մարդկանց, որոնցով իրեն շրջապատել էր Ալիև ավագը։.

(16) «Իլհամի թագավորությունը». Коммерсантъ, (ռուս.), 31.10.2005, https://www.kommersant.ru/doc/622324 (բեռնման օրը՝ 14.02.2025):

(17) «Արիֆ Յունուսով. Վաղ թե ուշ Ադրբեջանում նույնպես տեղի կունենա իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի հետևանքով». ՍիվիլՆեթ, 29.11.2019, https://www.civilnet.am/news/195239/ (բեռնման օրը՝ 15.02.2025).

(18) «Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի ելույթը». AzerTag (ռուս.), 02.10.2004, https://azertag.az/ru/xeber/vystuplenie_rukovoditelya_administracii_prezidenta_ramiza_mextieva-635184 (բեռնման օրը՝ 16.02.2025):

(19) «Վլադիմիր Պուտինը և ԱդրՀ նախագահ Իլհամ Ալիևը Կրեմլում հանդիպել են Բայկալ-Ամուրյան երկաթուղու վետերան շինարարների և աշխատողների հետ՝ դրա շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ»։ Kremlin.ru (ռուս.), 22.04.2024, http://kremlin.ru/events/president/news/73904 (բեռնման օրը՝ 16.02.2025):

(20) «Իշխանության տարանցումն Ադրբեջանում. ի՞նչ է սպասում Ալիևներին 2020 թվականին», Իսմայիլ Շաբանով, Realtribune, (ռուս.), 18.01.2020, https://realtribune.ru/news-world-3469/ (բեռնման օրը՝ 16.02.2025):