Մեկնաբանություններ

ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու խնդրում Ի. Ալիևի դժկամության պատճառների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 26.10.2024 թ.(1)

Դատելով Ադրբեջանի ղեկավարության վարքագծից, այդ երկիրը ձգտում է երկարաձգել բանակցային գործընթացը և անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը։ Մի շարք հայ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե դրա պատճառը Երևանի ռազմաքաղաքական դիրքի թուլությունն է, որը դեռևս ուշքի չի եկել 2020-ի պարտությունից և 2023-ին Արցախը կորցնելուց հետո։

Այն պայմաններում, երբ ՀՀ գործող իշխանությունները փորձում են նոր հենարան շոշափել հանձին Արևմուտքի, բայց արդեն հասցրել են զգալիորեն նվազեցնել Մոսկվայի հետ վստահելի և գործընկերային փոխհարաբերությունների պաշարը, Բաքուն չի ուզում ձեռքից բաց թողնել որպես «խաղաղության գին» նորանոր պահանջներ առաջադրելու հնարավորությունը։ Ի. Ալիևի համար մեծ է գայթակղությունը, և նրա ծրագրերը հեշտ ընթեռնելի են. կա՛մ Երևանը խաղաղության պայմանագիրն ստանում է Բաքվի (առավելապաշտական) պահանջները կատարելու գնով, կա՛մ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և ստորագրումը հետաձգվում են անորոշ ժամկետով, ընդ որում՝ Ադրբեջանին հնարավորություն թողնելով իր համար բարենպաստ հանգամանքների զուգադիպության պարագայում ուժի միջոցով ստանալ ավելին, քան պահանջվում է բանակցություններում։

Ամեն անգամ ավելանում են Բաքվի առավելապաշտական պահանջներն՝ արդեն ընդգրկելով հարցեր, որոնք անմիջականորեն չեն առնչվում հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնախնդրային շրջանակին։ Եթե 2020-ի պատերազմի ընթացքում Բաքուն միջազգային լսարանին վստահեցնում էր, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը «կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», ապա Պրահայի 2023-ի հունվարյան պայմանավորվածություններից հետո և, մանավանդ, դրանց արդյունքներին հաջորդած Լեռնային Ղարաբաղի դեմ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո Բաքուն սկսեց հետևողականորեն ավելացնել վերջնագրային պահանջները՝ դրանք Երևանին առաջադրելով որպես «ամուր խաղաղության» հաստատման պայմաններ։ Խոսքը վերաբերում է և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» «արտատարածքային կարգավիճակին», և ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծմանը և միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերի հետկանչին, և ՀՀ ապառազմականացմանը։ Դա ամբողջ ցուցակը չէ, սակայն առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ Բաքուն պատրաստ չէ բավարարվելու նույնիսկ արդեն հնչեցված պահանջներով, որոնք, դժվար թե, ընդունելի լինեն Երևանի համար։

Դատելով Ադրբեջանի կողմից ԶԼՄ-ներում ծավալած տեղեկատվական արշավից, այդ երկրի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում Հայաստանին պահանջներ ներկայացնել իբր հայկական լեռնահանքային արդյունաբերության կողմից տարածաշրջանին պատճառած «բնապահպանական վնասի», ինչպես նաև մերձկասպյան հանրապետության համար կարևոր «ջրային հարցի» առնչությամբ։ Բաքուն ամենայն հավանականությամբ դեմ չէր լինի հիմնախնդիրներ ստեղծել ՀՀ արտարժութային եկամուտներն ապահովող հումքային ոլորտի համար, ինչպես նաև, վկայակոչելով «Մաքուր ջրի իրավունքի մասին» ՄԱԿ-ի 2010 թ. 64/292 բանաձևը, Հայաստանից պահանջել իր համար ապահովել հասանելիություն վերջինիս ««չաղտոտված» ջրային ակունքներին»՝ ներառյալ Սևանի ավազանին։ Կարծիք կա, որ Ի. Ալիևը ծրագրում է Բաքվում Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովի (COP29) ամբիոնն օգտագործել «օրինականացնելու» համար այդ պնդումները, որոնք ապագայում կարող են հայտնվել նաև հայ բանակցողների սեղանին։

Բանակցային գրեթե բոլոր կետերը համաձայնեցնելու և «թեկուզ այսօր» խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի պատրաստակամության մասին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունների համապատկերում առավել ակնհայտ են Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և կամ դրանք փակուղի մտցնելու ջանքերը։ Չնայած Երևանին ոչ կառուցողականության մեջ մեղադրելու ԱդրՀ-ի քարոզչական փորձերին, իրողությունները հակառակն են փաստում, և առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի արագ ստորագրումը պահանջող աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշումն է, որ Բաքվին հետ է պահում բանակցային գործընթացից դուրս գալուց՝ վկայակոչելով «Երևանի ոչ կառուցողական մոտեցումները»։

Ի. Ալիևն, իրականում, գտնվում է անդրկուլիսային ուժեղ ճնշման տակ, առաջին հերթին՝ Արևմուտքի կողմից, ինչի մասին վկայում են Ադրբեջանի առաջնորդի աճող դյուրագրգռությունը և նրա հաճախակի դարձած կշտամբանքները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին։ Այդ հարձակումների գագաթնակետը դարձավ ԱդրՀ-ի ղեկավարի ելույթը Ջաբրայիլում 10.04.2024 թ., որի ընթացքում նա ուղղակիորեն մեղադրեց Վաշինգտոնին ԱդրՀ-ի նկատմամբ վարած «երկակի ստանդարտներով» քաղաքականության մեջ ու նույնիսկ նախազգուշացրեց Բաքվի «ինքնիշխան գործերին» միջամտելուց։ Խոսքը վերաբերում էր այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սպառնում էր կիրառել Ալիևի վարչախմբի նկատմամբ։

Ադրբեջանի պաշտոնական ԶԼՄ-ներն իսկույն ընկալեցին իրենց նախագահի տրամադրվածությունը և նրա ելույթի թեզերը՝ դրանք դնելով լայն մեդիաարշավի հիմքում՝ ուղղված Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դերի վարկաբեկմանը։ Ալիևի լրատվամիջոցներն ԱՄՆ-ի «ոչ կառուցողականությունը» բացատրում են Երևանի «ռևանշիստական նկրտումներին» աջակցելու և ՀՀ-ն զենքով «լցնելու» մտադրությամբ։ Իսկ նախապատրաստվող հակաադրբեջանական պատժամիջոցներն իբր մաս են կազմում այդ միտումներին դիմակայող Բաքվին հնազանդեցնելու ընդարձակ ծրագրի։ Նշված փաստարկները քննադատության չեն դիմանում՝ հաշվի առնելով, որ «հայկական ռևանշիզմին» աջակցելու մեջ մեղադրվող Վաշինգտոնը և նրա քաղաքականությանն աջակցող միջազգային շրջանակները ոչ մի ջանք չեն գործադրել 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմը, 2023 թ. Արցախում իրագործված էթնիկ զտումները և Ադրբեջանի կողմից ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների այդ ժամանակահատվածում բռնազավթումը կանխելու համար։

Ակնհայտ է, որ անտրամաբանական են ադրբեջանական պնդումները, ուստի և Բաքվի վրա Վաշինգտոնի ճնշումը պայմանավորված է այլ պատճառներով ու շարժառիթներով, որոնց հետ ՀՀ-ն ուղղակի առնչություն չունի։ Եվ, այնուամենայնիվ, ոչ միայն Բաքուն, այլև Վաշինգտոնն է լռում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածության իրական պատճառների մասին։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ շուրջ 60 կոնգրեսականներ, ովքեր նամակ են գրել պետքարտուղար Է. Բլինքենին, պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ՝ պատճառաբանելով դրա կոռումպացվածությունը, կառավարման բռնակալական մեթոդները և միջազգային իրավունքի խախտումները՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության և, ըստ էության, հենց ադրբեջանցիների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, դա մեղադրանքների ստանդարտ լրակազմ է, և Ներկայացուցիչների պալատը գործնականում Սպիտակ տուն ու Պետքարտուղարություն համանման նամակներ է ուղարկում՝ կապված Վենեսուելայում, Բոլիվիայում կամ Սիրիայում տիրող իրավիճակի հետ։

Հազիվ թե ԱՄՆ Կոնգրեսում և Պետքարտուղարությունում, որտեղ, ըստ Ի. Ալիևի, «հորինվել է այդ զրպարտչական փաստաթուղթը», հարաբերություններն փչացնեն Ադրբեջանի հետ զուտց Ալիևի ավտորիտարիզմը չընդուելու պատճառով ։ Հայտնի է, որ Ռուզվելտի ժամանակներից ամերիկյան արտաքին քաղաքականության կանխադրույթներից մեկում ասվում է, որ օտարերկրյա որևէ ղեկավարի կողմից ԱՄՆ-ին հավատարմության փաստն ավելի կարևոր է, քան նրա բարոյական ու քաղաքական որակները։ Դրանից կարելի է հանգել ենթադրության, որ թե պատժամիջոցների սպառնալիքը, թե Ի. Ալիևի վրա ԱՄՆ-ի անդրկուլիսյան ճնշման մեթոդները պայմանավորված են այնպիսի հանգամանքներով, որոնք Վաշինգտոնին առիթ են տալիս կասկածելու Ադրբեջանի նախագահի հավատարմությանը, որն իբր փորձում է դուրս գալ Արևմտյան խնամակալության տակից։

Թվում է, թե խոսք կարող է լինել «տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց» հավաքական Արևմուտքի հանդեպ Ադրբեջանի կողմից նախկինում ստանձնած ինչ-ինչ պարտավորությունների և դրանք որոշակի ժամկետում կամ ամբողջ ծավալով կատարելու նրա դժկամության մասին։ Պատահական չէ, որ վերոնշյալ «ջաբրայիլյան ելույթում» ադրբեջանական առաջնորդը քանիցս ընդգծել է, որ Ադրբեջանը «սեփական ուժերով» և «իր որդիների» կյանքի գնով է հաղթել պատերազմում ու վերականգնել իր ինքնիշխանությունը։ Այն զգացողությունն է առաջանում, որ Ալիևն անընդհատ հնչեցնում է միևնույն միտքը, թե ինքը որևէ գործարք չի կնքել Արևմուտքի հետ, և Ադրբեջանը ոչ մեկին պարտական չէ ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար։

Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որքան էլ տարօրինակ հնչի, հավասարակշռության կարգավորիչ էր Ալիևների կլանի համար՝ մի կողմից օգնելով ձեռքից բաց չթողնել իշխանությունը երկրում, իսկ մյուս կողմից՝ պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանային տերությունների և համաշխարհային կենտրոնների հետ Ադրբեջանի հարաբերություններում։ Հենց դեռևս հայկական Ղարաբաղն էր, որ Բաքվին թույլ տվեց խուսափել պարտադրանքի ուժով մտնելու ռազմաքաղաքական դաշինքներից որևէ մեկի մեջ կամ դրանց նկատմամբ համակրանք դրսևորել մի աշխարհում, որը վերստին բևեռացված էր ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը Բաքվին հնարավորություն ընձեռնեց իր համար շահեկան հեռավորություն պահպանել ու խուսափել իր ներքին և արտաքին գործերին անհարկի միջամտությունից՝ ինչպես Ռուսաստանի և Իրանի, այնպես էլ՝ հավաքական Արևմուտքի կողմից։ Ալիևները բավականին հաջող խուսավարում էին աշխարհաքաղաքական կենտրոնների արանքում՝ նրանցից յուրաքանչյուրին, որպես իր բարեհաճության պայման, ներկայացնելով տարածքային ամբողջականության և Ստեփանակերտի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման հրամայականը։ Իսկ մինչ այդ՝ 2011 թ. «Չմիավորման շարժում» կազմակերպությանն անդամակցությունը նպատակ ուներ ամրապնդել երկրի արտադաշինքային արտաքին քաղաքական ուղեգիծը՝ այդպիսով իսկ զգալիորեն նվազեցնելով արտաքին ճնշումը։

Այլ կերպ ասած՝ Բաքուն իր բարեհաճության գին է նշանակել ԼՂՀ ոչնչացումը։ Իհարկե, խոսքը չէր վերաբերում նրան, թե ուժի աշխարհաքաղաքական կենտրոններից որ մեկը հնարավորություն ուներ միանձնյա լուծելու նման մի հարց։ Հօգուտ Ադրբեջանի շահերի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ի սկզբանե կարող էր իրողություն դառնալ միայն տարածաշրջանային և համաշխարհային խոշոր դերակատարների միջև կոնսենսուսի (միակարծության) առկայության պայմանում։ Հարցը միայն այն էր, թե նրանցից ո՞վ կդառնար գործընթացի նախաձեռնողը՝ ունենալով առավել վճռական դիրքորոշում, իսկ ո՞վ պարզապես ստիպված կլիներ կոնսենսուսի գալ՝ ելնելով իր համար բարդ արտաքին քաղաքական իրավիճակից։

2018 թ. հոկտեմբերին Ջ. Բոլթոնի այցը և Երևանից կատարած ուղերձները հստակ ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմաքանդման նախաձեռնությունը պատկանում էր հենց հավաքական Արևմուտքին, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, կաշկանդված լինելով պատժամիջոցներով և գալիք ուկրաինական պատերազմին նախապատրաստությամբ, իր հերթին համաձայնություն էր տվել այդ գործընթացին։ Թեհրանն էլ, իր հերթին, չխոչընդոտեց ղարաբաղյան կոնսենսուսային գործարքին՝ չցանկանալով վերջնականապես փչացնել Բաքվի հետ իր առանց այդ էլ ոչ իդեալական հարաբերությունները։ Ավելորդ է խոսել Թուրքիայի դիրքորոշման մասին. հենց Անկարան է, որ մեծապես նպաստեց Արևմուտքի նախաձեռնության իրականացմանը, ինչպես նաև միջնորդավորված կերպով ապահովեց Բաքվին Արևմուտքի օգնության ռազմական բաղադրիչը 2020 թ. Ղարաբաղյան ռազմարշավում։

Դրանով իսկ ձեռք բերվեց կոնսենսուս, ինչին նպաստեց Ռուսաստանի սահմանների շուրջ առաջացած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Կարծիք կա, որ ստեղծված կացության մեջ Մոսկվան փորձում էր այնպես «խաղարկել» այդ կացությունը, որ «ԼՂՀ վերջնական կազմաքանդումը» տեղի ունենա հատկապես իր բարեհաճությամբ և իր անմիջական մասնակցությամբ։ Այս առումով՝ ռազմական գործողությունների դադարեցումը 2020 թ. նոյեմբերին, Եռակողմ փաստաթղթի ստորագրումը և ՌԽԶ-ի մտցնելը ԼՂՀ կոչված էին ոչ թե հակամարտությունը սառեցնելու մինչև քաղաքական լուծում գտնելը՝ հաշվի առնելով 44-օրյա Արցախյան պատերազմի արդյունքները, ինչպես դա Մոսկվան ինքն էր վստահեցնում, այլ՝ կառուցելու հայկական հանրապետության կազմաքանդման միջանկյալ մի փուլ և ՌԴ-ին հնարավորություն տալ, որպեսզի ինքը «Ղարաբաղի բանալիները» հանձնի Ի. Ալիևին։ Համաձայն այդ վարկածի՝ դրանով իսկ ՌԴ-ն փորձել է կանխել և Արևմուտքից խլել «Ղարաբաղը հանձնելու նախաձեռնությունը», թիրախ ունենալով Բաքվից ստանալու առաջին տեղը ադրբեջանական ագրեսիան աջակցող կենտրոնների ցանկում՝ այդտեղից բխող բոլոր արտոնություններով հանդերձ։ ԼՂ-ում ադրբեջանական բազմաթիվ ոտնձգությունների, հանրապետության լիակատար շրջափակման նկատմամբ ՌԽԶ-ի անտարբեր վերաբերմունքի և 2024 թ. հունիսին խաղաղապահ առաքելության դադարեցման լույսի ներքո այս վարկածը միանգամայն ճշմարտանման է թվում։

Այս համատեքստում չի կարելի վերոնշյալ փաստարկները չկապել Մոսկվայի և Բաքվի նոր մերձեցման ակնհայտ նշանների հետ։ Այնպիսի զգացողություն է առաջանում, թե կողմերն իրենց փոխհարաբերությունների հիմքում դրել են ոչ միայն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առևտրա-էներգետիկ և ճանապարհային նախագծերը, այլև որոշակի գործարքից բխող «աշխարհաքաղաքական համերաշխությունը»։ Համենայն դեպս, բացի մի շարք ԶԼՄ-ներում աշխուժորեն պտտվող «բռնապետերի բարեկամության» մասին պատումներից, Արևմուտքում նաև նման կարծիքներ գոյություն ունեն։

Դրանով իսկ, ելնելով Ադրբեջանի շուրջ ու ներսում դիտարկվող նոր գործընթացներից, կարող ենք եզրակացնել, որ Արևմուտքի և ՌԴ-ի միջև մրցակցություն է ծավալվել հօգուտ Բաքվի Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման «բացառիկ դերակատարի» իրավունքի համար։ Եվ, հետևաբար, Բաքուն իրավունք ունի ներկայացնելու պահանջներ, որոնք համապատասխանում են այդ կարգավիճակին։ Այս համատեքստում, ի հեճուկս շատ փորձագետների պնդումների, այլ իմաստ է ստանում Լեռնային Ղարաբաղի բռնազավթման խնդրում Թուրքիայի ավանդի մասին Ռ. Էրդողանի հուլիսյան հայտարարությունը։ Հավաստի է թվում ենթադրությունն առ այն, որ Թուրքիայի առաջնորդն իր հայտարարությամբ ոչ թե ձգտում էր «իր տեղը դնել» «չափն անցած» Ի. Ալիևին, այլ օգնել նրան չեզոքացնելու ռուս-արևմտյան մրցակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրում Բաքվի «գլխավոր շահառուի» դերի համար։ Ռ. Էրդողանը և Արևմուտքին, և Մոսկվային հասկացնել է տվել, որ եթե Ադրբեջանն ինչ-որ մեկի պարտական է «Ղարաբաղի ազատագրման» համար, ապա դա կարող է լինել միայն Թուրքիան, ում անմիջական մասնակցությունը պատերազմին վերջ դրեց հիմնախնդրին։ Անկարան բոլոր հիմքերն ունի կտրականություն հաղորդելու իր տոնին, քանզի նրա դաշնակից Բաքուն հայտնվել է մի այնպիսի կացության մեջ, երբ տարբեր կենտրոններ նրանից պահանջում են վճարումներ «ղարաբաղյան պարտքի» դիմաց, ընդ որում՝ Ադրբեջանի հետագա վարքագծին միանգամայն հակառակ տրամաբանությամբ։

Մոսկվան Բաքվից ակնկալում է առնվազն չեզոքություն պահպանել Ռուսաստան– Արևմուտք գլոբալ դիմակայության մեջ, սերտ փոխգործակցություն՝ էներգառեսուրսների մատակարարման ասպարեզում և Իրանի հետ անխոչընդոտ առևտրա-ճանապարհային հաղորդակցության ապահովում։

ԱՄՆ-ը և նրա գլխավորած դաշինքը Բաքվից հակառակն են պահանջում. ինտեգրում Արևմտյան բլոկին, ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ հարաբերությունների հիմնովին վերանայում, ՆԱՏՕ-ի ճամբարի համար պայմանների ապահովում՝ ադրբեջանական տարածքում ռազմահենադաշտ ստեղծելու համար, որը կխոչընդոտի գլոբալ Արևմուտքի շահերին հակասող աշխարհաքաղաքական հանգույցների և դաշինքների տեղակայմանն Ասիայում։

Բաքվում, անպայման, հասկանում են, թե ո՞ւր կարող են տանել նման պարտավորությունները, և դրանք Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքներ կունենան Արևմտյան երկրների ու ռուս-իրանական երկյակի միջև խորացող առճակատման դեպքում։ Եվ ակնհայտ է, որ հենց Լեռնային Ղարաբաղի խնդրում գաղտնի պայմանավորվածությունների իրականացումից խուսափելու Ի. Ալիևի փորձերն էին, որոնք լարվածություն են առաջացրել Արևմուտքի հետ նրա հարաբերություններում։ Արդյունքում՝ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից օգտագործելով կոշտ հռետորաբանություն, փորձում է ապացուցել, որ ոչ մի պայմանավորվածություն չի եղել և չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղն Արևմուտքի հանդեպ անվերապահ բարեհաճությամբ փոխանակելու վերաբերյալ, և որ հայերի նկատմամբ ռազմական հաղթանակը Բաքվի բացառիկ շնորհն է։ Մյուս կողմից, նա ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, և կողմերը երկար աշխատանք ունեն խաղաղության տանող ճանապարհին։ Մինչդեռ, դատելով բաց աղբյուրներից, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Բաքվին շտապեցնում են ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Ինչից կարելի է ենթադրել, որ Բաքվի և Արևմուտքի միջև գործարք իսկապես եղել է և, ըստ այդմ, ԼՂՀ-ի վրա վերահսկողություն հաստատելուց հետո Ի. Ալիևը պետք է ձեռնամուխ լիներ պարտավորությունների իր բաժնի կատարմանը, ինչը, ըստ նրա հավաստիացումների, կսպառեր հայ-ադրբեջանական հակամարտությունը և հնարավոր կդարձներ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սակայն Բաքուն այժմ ամենայն կերպ հասկացնել է տալիս, թե հակամարտությունը նոր ծավալման ներուժ ունի և, հետևաբար, իմաստ չունի ամրագրել առաջացած ստատուս-քվոն։

Հարկ է հասկանալ, որ այս փուլում Հայաստանին մշտատև անհեթեթ և ի սկզբանե անհնարին պահանջներ առաջադրելը կարող է ուղղված լինել միայն բանակցային գործընթացի կասեցմանը և ոչ ավելին։ Նույնը վերաբերում է նաև շփման գծում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի կեղծ հաղորդագրություններին։ Մի խոսքով՝ Ալիևն ամենայն կերպ հասկացնում է, որ հակամարտությունը չի ավարտվել, և Բաքուն, քանի դեռ չի հաջողվել իր պայմաններով՝ իբր թե «հայկական ռևանշիզմի» չեզոքացմամբ հասնել խաղաղության պայմանագրի կնքման, պատրաստ չի լինի ձեռնամուխ լինելու ՌԴ-ի և ԻԻՀ-ի դեմ բաց առճակատմանը։

Ակնհայտ է, որ այդ կերպ վարվող Ի. Ալիևը առաջնորդվում է Ղարաբաղի հարցով գործարքը խզելու անհնարինության վստահությամբ, քանզի նրա օգտին է ամենաէական գործոնը։ Եթե հայկական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմաքանդումը տեղի է ունեցել տարածաշրջանային բոլոր խաղացողների և գլոբալ կենտրոնների միջև կոնսենսուսի հասնելու պայմաններում, ապա չկատարած պարտավորությունների համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցում նման կոնսենսուս արդեն չկա։ Ի. Ալիևն այն կարծիքին է, որ Ռ. Էրդողանի աջակցությամբ ու խնամակալությամբ իրեն հնարավորություն է ընձեռվել «վարկատուներին» վճարելու այնպես, ինչպես ինքն է հարկ համարում, կամ բոլորովին հրաժարվել իր «պարտքերից»։

Այժմ գործը հասել է «վարկատուներին», ովքեր այս խաղում իրենց զրկված ու խաբված են համարում՝ դասական արևելյան դիվանագիտության հարուստ ավանդույթներին համապատասխան։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 21.10.2024 թ.: