2024 թ. փետրվարի 28-ին ԱդրՀ Միլլի Մեջլիսի նիստում բնական ռեսուրսների, էներգետիկայի և էկոլոգիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սադիգ Գուրբանովը հայտարարել է, որ Կուր գետով Ադրբեջան մտնող ջրի մեծ մասը Վրաստանի և Հայաստանի կողմից աղտոտված է(3):
Գուրբանովի խոսքով, Հարավային Կովկասի ընդհանուր ջրային պաշարների 62%-ը բաժին է հասնում Վրաստանին, 28%-ը՝ Հայաստանին և ընդամենը 10%-ը՝ Ադրբեջանին: «Կուր գետը Ադրբեջանի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրն է», – ասել է պատգամավորը և դժգոհություն հայտնել, որ այդ ջրերը մշտապես աղտոտվում են իրենց հարևանների կողմից։ Գուրբանովը նաև ընդգծել է, որ, ըստ կանխատեսումների, մինչև 2040 թ. ադրբեջանական բոլոր գետերի ջրի պարունակությունը նվազելու է 15–25%-ով։ Նրա խոսքով, Հարավային Կովկասում ջրային-էկոլոգիական հավասարակշռության պահպանման խնդիրը բարդանում է նրանով, որ Վրաստանն ու Հայաստանը դեռ չեն միացել Շրջակա միջավայրի պահպանության միջազգային կոնվենցիային։
Գուրբանովի հայտարարությունները և, ընդհանրապես, Միլի Մեջլիսում հարևանների բնապահպանական «անօրինությունների» թեմայով քննարկումները հազիվ թե պատահական լինեն։ Այս առումով հարկ է հիշել Հայաստանի հանքավայրերի քարտեզը կազմելու Ադրբեջանի կառավարության վերջին նախաձեռնությունը, իբր որոշելու և գնահատելու հայկական լեռնահանքային արդյունաբերության թափոններով Ադրբեջան թափվող գետերի և առուների աղտոտվածության աստիճանը, որոնք անուղղելի վնաս են հասցնում դրա էկոլոգիային(4): Ըստ Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովի, նշված քարտեզն ամբողջությամբ կազմված կլինի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP-29) Մասնակիցների խորհրդաժողովի 29-րդ նստաշրջանի նախօրեին և գրքույկի տեսքով կբաժանվի մասնակից-երկրների բոլոր պատվիրակներին:
Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն կանխամտածված քարոզչական արշավ է սկսում Վրաստանի և Հայաստանի կողմից «էկոլոգիական խախտումների» ծավալուն դոսյե ստեղծելու համար՝ մոտ ապագայում դրանց դեմ պահանջներ ներկայացնելու նպատակով։ Տարածաշրջանի բնակլիմայական միջավայրի նկատմամբ հարևանների «անփույթ» և նույնիսկ «հանցավոր» վերաբերմունքը բացահայտելու համանման նախաձեռնությունները ժամանակի ընթացքում միայն կբազմապատկվեն և, ի վերջո, կհավաքվեն «ստվարածավալ թղթապանակում», կներկայացվեն Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի 29-րդ բնապահպանական խորհրդաժողովում։ Խոսքը մի միջոցառման մասին է, որի անցկացման իրավունքը Ադրբեջանը 2023 թ. դեկտեմբերի սկզբին կորզեց Հայաստանից շանտաժի և 32 հայ զինվորականներին գերությունից ազատելու առաջարկի միջոցով(5): Բաքուն մտադիր է COP-29 վեհաժողովին ներկայանալ՝ որպես բնապահպանական «անօրինության» և իր հարևանների՝ Վրաստանի և Հայաստանի կողմից կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների անվերահսկելի օգտագործման զոհ և, միևնույն ժամանակ, որպես տարածաշրջանային կենսոլորտի խաթարված հավասարակշռության վերականգնման պայքարի գլխավոր ջատագող։ Եվ դա այն դեպքում, երբ, ըստ էության, օբյեկտիվ տվյալներով, հենց Ադրբեջանն է անվիճարկելի առաջատարը տարածաշրջանի արդյունաբերական և կենցաղային աղտոտման, դրա երկրաբանական, ջրային և մթնոլորտային հատվածների թունավորման հարցում։ Մենք արդեն քննարկել ենք, թե ինչպես է Ի. Ալիևի վարչակարգը, ոսկի արդյունահանողների միջազգային խոշոր խմբավորման հետ համատեղ կոռուպցիոն սխեմաների միջոցով անխնա շահագործում Ադրբեջանի ընդերքը՝ առանց այդ տարածքը կանաչապատելու որևէ ծրագրի, և աշխարհի երկրների բնապահպանական վարկանշային ցանկում որտեղ է գտնվում Ադրբեջանը՝ պայմանավորված կասպիական ծանծաղուտների և Ապշերոնյան թերակղզու ընդհանուր աղտոտվածությամբ, ինչի մասին խոսվել է մեր նախորդ հոդվածներից մեկում:
COP-29 վեհաժողովի նախօրեին Ադրբեջանին անհրաժեշտ է շտապ վերականգնել իր իմիջը և շտկել երկրում էկոլոգիական իրավիճակի աղետալի անկման ցուցանիշները, և ակնհայտ է, որ Բաքվում նման վերականգնման հիմնական ճանապարհը համարում են ոչ թե քաղաքական կամքի դրսևորումը և իրենց երկրում այս ոլորտում կարգուկանոնը վերահաստատելու գործնական միջոցառումների նախաձեռնումը, այլ՝ անհիմն մեղադրանքները հարևանների հասցեին, նսեմացնելով նրանց բնապահպանական պատկերը և ցույց տալով իրենց սեփական՝ շատ կասկածելի, արժանիքներն այս ոլորտում։
Միևնույն ժամանակ, մոլորություն կլիներ համարել, որ COP-29 համաժողովի համատեքստում Բաքվի գլխավոր խնդիրը հարևանների հետ մրցակցության մեջ իր դիրքերի օպտիմալացումն ու Ադրբեջանի՝ որպես սոցիալական, տնտեսական և բնապահպանական գրավչություն ունեցող բարեկեցիկ երկրի, բարենպաստ իմիջի կերտումն է: Ընդհանուր առմամբ, Բաքվի շարժառիթների մեջ կա թիրախային տարր: Բայց սա Ալիևի վարչակարգի համար միայն տեսանելի խնդիրն է և ոչ՝ ամենաէականը։
Շատ ավելի տրամաբանական է թվում ենթադրել, որ, իրականում, Բաքուն, օգտագործելով վեհաժողովի հարթակը և օրակարգը, պատրաստում է միջազգային ասպարեզում անհրաժեշտ գաղափարական և իրավական հիմքեր՝ հարևաններին ներկայացվող իրենց պահանջները զուտ բնապահպանական հետաքրքրության տարածքից տեղափոխելու քաղաքական հարթություն։ Նկատվում է հարևան երկրներից Ադրբեջանը սնուցող գետերի աղտոտվածության և ծանծաղուտի հարցը քաղաքականացնելու, ինչպես նաև այս հարևան պետությունների հանքային պաշարների, իբր, էկոլոգիապես վնասակար շահագործման հարցը։ Խոսքը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների օրինականացման նպատակով նոր նարատիվ սկսելու մասին է, որը Բաքուն կարող է ժամանակին բացահայտ ներկայացնել՝ բնապահպանության և սոցիալական հարցերի ոլորտում միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխանելու հայտարարված անհրաժեշտության քողի ներքո։ Մասնավորապես, կարելի է ենթադրել, որ Բաքուն մտադիր է աճպարարությամբ ձեռնամուխ լինել 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ջրի իրավունքի մասին» բանաձևի ձևակերպմանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք անձնական և կենցաղային կարիքների համար բավարար քանակությամբ ջրի հասանելիության իրավունք ունի(6): Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել «Կայուն զարգացման նպատակ 6» (SDG 6) բանաձևի մանիպուլյատիվ մեկնաբանության մասին, ըստ որի՝ երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ՝ բոլոր պետությունների համար ջրի հասանելիությունը չսահմանափակելու և խմելու ջրի հանրային օգտագործման աղբյուրների մաքրությունը պահպանելու հարցում: Այսպիսով, Ադրբեջանը, վկայակոչելով իր ջրային ռեսուրսների սակավության, Վրաստանի և Հայաստանի կողմից Կուր և Արաքս գետերից «իռացիոնալ» ջրառի, այդ մեծ ջրային զարկերակները սնուցող աղբյուրների և գետերի «կանխամտածված աղտոտման» մասին քարոզչական ուղեկցությունն ակտիվորեն օգտագործելով, կփորձի կերտել ևս մեկ «օրինական» պատճառ՝ հարևանների և, առաջին հերթին, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների և տարածքային պահանջների համար։
Ադրբեջանում խմելու և ոռոգման ջրի աղետալի իրավիճակի քարոզչական նկարագրումը, ինչպես նաև տեղեկատվական միջավայրում ներկա փուլում շարունակվող մի շարք «լցոնումները» հուշում են, որ Բաքուն, մասնավորապես, հող է նախապատրաստում Սևանա լճի հարցը կտրուկ ձևով մտցնելու միջազգային օրակարգ՝ պնդելով, որ այս ջրային ավազանը քաղցրահամ ջրի ամենամեծ բնական ջրամբարն է հսկայական տարածաշրջանում, և որ դրա ջրային պաշարները ենթակա են «արդար բաշխման» տարածաշրջանի բոլոր «կարիքավոր» երկրների միջև։
Այս համատեքստում հարկ է նշել, որ միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը չեն նախատեսում ջուրը և ջրային աղբյուրները որոշ երկրներից՝ հօգուտ մյուսների «խլելու» հարկադիր գործողություններ, սակայն այս դեպքում ուժով ագրեսիա իրականացնելու համար Ադրբեջանը կարող է բավարարվել բացառապես հղումներ կատարելով ՄԱԿ-ի բանաձևերի բարոյագաղափարական ելակետներին և իր կողմից կատարված «լուսավորչական ու քարոզչական» աշխատանքի ընդարձակ հենքին։ Միջազգային իրավունքի և դրա իրականացման մեխանիզմների այսօրվա համընդհանուր լճացման պայմաններում Բաքվին կարող է թվալ, որ նկարագրվածը լիովին կբավարարի հարևանների դեմ «ջրային-էկոլոգիական» ագրեսիայի իրականացման պարագայում իրավական և բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար։
(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրող ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։
(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 03.03.2024 թ.։
(3) Haggin.az. (28.02.2024), «Ադրբեջանն ունի ամենաքիչ ջրային պաշարները» (ռուս.), https://m.haqqin.az/news/309421 (բեռնման օրը՝ 03.03.2024):
(4) Verelq. (02.02.2024), «Ինչպես է Ադրբեջանը «երախտիքը» հայտնել Հայաստանին COP29-ը հյուրընկալելու հնարավորության համար» (ռուս.), https://verelq.am/ru/node/140053 (բեռնման օրը՝ 03.03.2024):
(5) Armenia Today. (07.12.2023), «Երևանը և Բաքուն հայտարարել են 32 հայ և 2 ադրբեջանցի գերիների ազատ արձակման համաձայնագրի մասին» (ռուս.), https://armeniatoday.news/region-ru/688356/ (բեռնման օրը՝ 03.03.2024):
(6) Ջրային պաշարներ / Միավորված ազգերի կազմակերպություն (ռուս.), https://www.un.org/ru/global-issues/water (բեռնման օրը՝ 03.03.2024).