Ադրբեջանն՝ աշխարհաքաղաքական ճնշման կիզակետում. սրացման դինամիկան և ռազմավարական ընտրությունը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 11.08.2025 թ.
-
Բաքվի «փոխլրացման քաղաքականության» դարաշրջանի ավարտը
Մի շարք իրադարձություններ, որոնց կենտրոնում վերջին ամիսներին հայտնվել է Ադրբեջանը, վկայում են, որ Բաքվի վրա մեծանում է տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոնների ճնշումը: Ակնհայտ է, որ համակողմանի ճնշման միտումը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ի. Ալիևը, սպառելով խուսավարելու վերջին ռեսուրսները, չկողմնորոշվի զարգացման վերջնական վեկտորի հարցում։ Բաքուն կանգնած է ընտրության առջև. կամ աջակցել Մոսկվայի և Թեհրանի նախաձեռնությանը՝ ստեղծել «Հյուսիս–Հարավ» լոգիստիկ մեգանախագիծ, որի գլխավոր նպատակը, բացի առևտրաէներգետիկ նշանակությունից, Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ազդեցության ծավալման արգելափակումն է, կամ թույլ տալ, որ իր երկիրը ռուս-իրանական դաշնակցային փոխգործակցության կանխարգելողի դեր խաղա ու դառնա ռազմավարական մարտահենադաշտ դեպի մայրցամաքի կենտրոն այնպիսի արևմտյան նախաձեռնությունների արտահանման համար, ինչպիսիք են «թյուրքական ՆԱՏՕ»-ն, «Աբրահամյան համաձայնագրերը», «Կայուն զարգացման նպատակները» (ԿԶՆ)[1] և այլն, որոնք ուղղված են «Գլոբալ Հարավի» և նրա ինտեգրման նախագծերի կազմալուծմանը, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ)։
Բաքուն ստիպված պիտի լինի վերջնական ընտրություն կատարել, քանի որ տարածաշրջանում և աշխարհում իրադարձությունները դինամիկ զարգանում են պայմանական «Հյուսիսի» և «Հարավի» բևեռացման տրամաբանությամբ։ Աշխարհաքաղաքական խզվածքի գծում առանցքային դիրք ունեցող Ադրբեջանը հետզհետե ավելի քիչ հնարավորություններ ունի շարունակելու բազմազանեցնելու իր արտաքին քաղաքականությունը։ Մինչև վերջերս Բաքուն իրեն զգում էր աշխարհաքաղաքական հարմարավետության գոտում՝ օգտվելով ի շահ տարածաշրջանային և համաշխարհային գրեթե բոլոր դերակատարներին էներգետիկ և լոգիստիկ ծառայություններ մատուցելու հնարավորությունից։ Սակայն աշխարհում աշխարհաքաղաքական շահերի տարբերակումը, որը սուր դրսևորվեց ռուս-ուկրաինական և իրանա-իսրայելական պատերազմներից հետո, որոշ չափով Ադրբեջանի աշխարհագրական և արտահանման-հումքային առավելությունները վերածեց թերությունների՝ խթանելով անվտանգության պակասը ինչպես հանրապետության, այնպես էլ դրա իշխող ռեժիմի համար։
Բաքվի՝ էներգապաշարների և լոգիստիկ ներուժի հաջող օգտագործման հետևանք հանդիսացող խուսավարման փոխլրացման քաղաքականության արդյունավետության մասին է վկայում տարածաշրջանային դերակատարների և ուժի համաշխարհային կենտրոնների փոխհամաձայնությունը Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման շուրջ: Ի. Ալիևին հաջողվեց համոզել հիմնական աշխարհաքաղաքական խաղացողներին, որ անհրաժեշտ է վերացնել Ղարաբաղյան գործոնը՝ ի շահ էներգետիկ համագործակցության և տարածաշրջանում գլոբալ առևտրային երթուղիների անվտանգության, որոնց հետ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը (ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) կապում էր սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի հեռանկարները։ Սակայն հետագայում հենց «ղարաբաղյան զիջումն» առանցքային առիթ դարձավ բոլոր կողմերի համար Բաքվից հստակություն պահանջելու այն պայմաններում, երբ տարածաշրջանի դերակատարների շահերը սկսեցին արմատապես տարանջատվել։
Ի. Ալիևին բոլոր կողմերից պահանջներ են ներկայացնում «հաշիվները վճարելու» ինչպես ղարաբաղյան «թողտվության», այնպես էլ նրա ամբողջատիրական վարչակարգի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի համար, վարչախումբ, որի պահվածքը վերջին տասնամյակների ընթացքում ակնհայտորեն հեռու էր ժողովրդավարության հռչակված չափանիշներից։ Ալիևն, ըստ էության, հավաքական «վարկ» է ստացել Ադրբեջանում ամբողջատիրության և Արցախի հայաթափման համար համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոններից, բայց բոլորի հետ իր համաժամանակյա հավատարմությամբ հատուցել չի կարող, քանի որ «վարկատուներն» այժմ բովանդակությամբ տրամագծորեն հակառակ ծրագրեր են կապում Բաքվի հետ։ Ուստի տպավորություն է ստեղծվում, որ «վարկատուները» առաջանցիկ են գործում՝ ձգտելով Բաքվից ստանալ իրենց հասանելիքը։
-
Մոսկվայի մարտավարությունը. ֆինանսա-միգրացիոն ճնշում
Այս համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունների պատմությունը սկիզբ է առել Թել Ավիվի և Թեհրանի միջև, այսպես կոչված, «12-օրյա պատերազմում» հրադադարի ձեռքբերումից ընդամենը 2 օր անց։ Ակնհայտ է, որ տեխնիկական հսկողության և հետախուզության միջոցով Մոսկվան արձանագրել է այն փաստը, որ ԱդրՀ տարածքն ու ռազմական ենթակառուցվածքներն ակտիվորեն գործի են դրվել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար: Ռուսաստանի համար դա ազդանշան էր ուժեղ քաղաքական և ֆինանսական ճնշում գործադրելու Բաքվի վրա, որը ներգրավված էր ձևավորվող Մոսկվա–Թեհրան առանցքի ոչնչացման նախագծում։ Դրանով իսկ ՌԴ-ն նախազգուշացրել է ԱդրՀ-ին, որ չի ողջունում Բաքվի փաստացի շեղումը իսրայելա-իրանական հակամարտությունում հայտարարված չեզոքությունից և կասկածում է նրան՝ հակաիրանական արշավի սպասվող հաջորդ փուլին ավելի խորը և բովանդակալից կերպով ընդգրկվելու մտադրության մեջ:
Մոսկվայի հաղորդագրություններին Բաքվի բուռն արձագանքը Կրեմլին ստիպեց ընդլայնել ադրբեջանական սփյուռքի հանցավոր գործունեության աուդիտի աշխարհագրությունը և ձեռնամուխ լինել ՌԴ-ում տասնամյակների ընթացքում ստեղծված էթնիկ ադրբեջանական միրգ-բանջարեղենային սինդիկատի վերացմանը, որը Ռուսաստանից Ադրբեջանում ապրող ֆիզիկական անձանց կայուն փոխանցումների հիմնական աղբյուրն է: Մոսկվան նաև խստացրել է իր տարածքում Ադրբեջանից ներգաղթյալների գտնվելու պահանջները, ինչպես նաև, ըստ ներքին աղբյուրների տեղեկությունների, պատրաստվում է աուդիտի ենթարկել մերձկասպյան հանրապետությունից եկածների խոշոր բիզնեսները, որոնք Ռուսաստանից Ադրբեջան և մի շարք արևմտյան երկրներ «սև փողերի» դուրսբերման սխեմաներ են մշակել:
Դրա հետ մեկտեղ, Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն չափազանց զգույշ են հարաբերությունների ներկայիս սրացման վերաբերյալ իրենց քաղաքական գնահատականներում՝ քաղաքական և դիվանագիտական խուսավարման և լարվածության լիցքաթափման դաշտ թողնելով իրենց և Իլհամ Ալիևի համար։ Մոսկվայի մարտավարությունն ակնհայտ է. ֆինանսական և միգրացիոն ճնշումների միջոցով նախադրյալներ ստեղծել Ադրբեջանում սոցիալական ճգնաժամի և Ռուսաստանի նկատմամբ քաղաքական վերնախավի պահվածքից լայն զանգվածների շրջանում դժգոհություն հարուցելու համար: Եվ միևնույն ժամանակ՝ թույլ չտալ այնպիսի իրավիճակի ձևավորում, որի դեպքում Ի. Ալիևն՝ իր արևմտյան գործընկերների ճնշման ներքո, ստիպված կլինի բաց առճակատման փուլ հայտարարել հյուսիսային հարևանի հետ։
Իրադարձությունների ընթացքի մշտադիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Մոսկվան, ստեղծելով բարդություններ, միևնույն ժամանակ «փրկօղակ» է նետում Ի. Ալիևին։ Դա նրան հնարավորություն է տալիս խուսավարել և արդարացնել իր հրաժարումը հակաիրանական ու, հնարավոր է, ապագայում հակառուսական արշավներին ներգրավվելուց՝ որպես պատճառաբանություն բերելով հենց Ադրբեջանի ներսում ստեղծված սոցիալ-քաղաքական բարդ իրավիճակը։
-
Արևմուտքի ճնշումները. տնտեսական և վարկանիշային հարվածներ
Ակնհայտ կերպով ռուսական մարտավարությունը որոշակի հաջողություն ունեցավ՝ նպաստելով Բաքվում արմատական հռետորաբանության նկատելի անկմանը և այնպիսի բանաձևի առաջադրմանը, որը թույլ կտա «փոքր արյան գնով» կանխել հարաբերությունների արժեզրկման գործընթացը։ Այս առումով հատկանշական է գերմանական Berliner Zeitung պարբերականին 26.06.2025 թ. Ի. Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի տված հարցազրույցում արված հայտարարությունը։ Հ. Հաջիևը փաստացի հասկացրել է, որ միայն Ռուսաստանի կողմից 2024 թ. դեկտեմբերի 25-ին ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սխալմամբ խոցման փաստի ճանաչումը և միջազգային իրավունքով նախատեսված պատասխանատվության համար ֆինանսական փոխհատուցման վճարումը բավարար կլինեին Բաքվի և Մոսկվայի միջև «բարեկամական» հարաբերությունների լիարժեք վերականգնման համար[2]։ Հատկանշական է, որ Հաջիևն այս համատեքստում չի հիշատակել ո՛չ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները, ո՛չ էլ դրան հաջորդած ՌԴ ողջ տարածքում իրավապահ մարմինների կոշտ միջոցառումներն ադրբեջանական սփյուռքի կառույցների և ադրբեջանցի ներգաղթյալների նկատմամբ:
Փաստորեն, Ադրբեջանի նախագահի անմիջական շրջապատին պատկանող այդ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը վկայում է, որ Բաքուն գնահատել է ինչպես Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամի շարունակման հնարավոր ֆինանսատնտեսական ծախսերը, այնպես էլ՝ Կրեմլի կողմից հարաբերությունների նախկին մակարդակին վերադառնալու հնարավորությունը: Ռուսաստանի կողմից քաղաքացիական ինքնաթիռի կործանման պատասխանատվության ընդունումը նվազագույն պայմանն է, որն այժմ պաշտոնական Բաքուն առաջ է քաշել Մոսկվայի առջև՝ «դեմքը փրկելու համար»։ Այս առումով եզրակացությունն ինքնին հուշում է, որ Ի. Ալիևը նահանջել է ռուսական միջոցների ճնշման ներքո և ձգտում է Արևմուտքին ցույց տալ նման որոշման օբյեկտիվ այլընտրանքի բացակայությունը։
Հավանաբար, հենց Ի. Ալիևի այս որոշումը, որը փաստացի նշանակում էր Մոսկվայի հետ հակամարտությունը չսրելը, դարձավ պատճառ, որ Արևմուտքը հանկարծակիորեն նոր պահանջներ ներկայացրեց Բաքվին էներգետիկ համագործակցության ոլորտում և հայտարարեց առևտրատնտեսական պատժամիջոցների մասին։
26.07.2025 թ. հայտնի դարձավ, որ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել 105 նավթատար լցանավերի դեմ: Այդ թվում էին «Շուշա» և «Ղարաբաղ» նավերը, որոնց սեփականատեր ընկերությունները (SA Susha Shipholdings և SA Karabakh Shipholdings) գրանցված են Բաքվում[3]։ Այս լցանավերը վերջին տարիներին անընդհատ նավարկել են ռուսաստանյան Պրիմորսկի և թուրքական Նեմրուդ նավահանգիստների միջև՝ ռուսական հում նավթը հասցնելով Միջերկրական ծով։ Հնարավոր է, որ երկու ադրբեջանական լցանավերի ընդգրկումը պատժամիջոցների ընդարձակ ցուցակում չպետք է աղմկահարույց համարվեր։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ Արևմուտքը մինչև վերջերս Բաքվի հետ ավանդաբար նրբանկատ է եղել ռուս-ադրբեջանական նավթային վերաարտահանման հարցում և փորձել է աչք փակել SOCAR-ի հետ փոխկապակցված ադրբեջանական տրանսպորտային ընկերություններին բարձր եկամուտներ բերող «գորշ սխեմաների» վրա, ապա ներկայիս որոշումն առնվազն կարելի է անսպասելի համարել։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժամիջոցների ցանկում ներառվել է ոչ ամբողջ, այսպես կոչված, «միջազգային ստվերային նավատորմը», որն աշխատում է Ռուսաստանի համար։ Հաշվի առնելով Բրյուսելի հետ Բաքվի «առանձնահատուկ հարաբերությունները»՝ «Շուշա» և «Ղարաբաղ» լցանավերն այս անգամ էլ կարող էին պատժամիջոցների ցուցակից դուրս հայտնվել, բայց ԵՄ-ը, ակնհայտորեն առաջնորդվելով ինչ-որ նոր հանգամանքներով, նպատակահարմար գտավ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։
Եվրոպական շուկայում Բաքվի համար ֆինանսական ու վարկանիշային մյուս և առավել շոշափելի կորուստը ադրբեջանական աղտոտված նավթի մեծ խմբաքանակների հետ կապված միջադեպն էր։ Ինչպես վկայում Է Bloomberg պարբերականը, «պատժամիջոցների լցանավային ցուցակի» մասին տեղեկատվության հրապարակումից ընդամենը մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ բրիտանական British Petroleum և իտալական Eni ընկերություններն Ադրբեջանին մեղադրել են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով օրգանական քլորիդներով աղտոտված մեծ քանակությամբ նավթ մղելու մեջ[4]: Reuters գործակալության տեղեկություններով՝ մեկ օր անց Բաքվին նմանատիպ մեղադրանք է ներկայացրել ավստրիական OMV ընկերությունը, որը նույնպես ադրբեջանական հում նավթ է գնում[5]։ Որպես կանոն, օրգանական քլորիդներն օգտագործվում են շահութաբերությունը կորցնող նավթահորերից արդյունահանման ծավալները մեծացնելու համար։ Այնուամենայնիվ, վերամշակման գործարանի սարքավորումները շատ արագ շարքից դուրս են գալիս այս քիմիական նյութերից: Այդ առումով, գնորդ երկրների ոլորտային մարմինները հետաքննություն են նախաձեռնել տվյալ հարցի շուրջ, և արդեն տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Բաքուն առնվազն բախվել է իր աղտոտված նավթի արդեն իսկ արտահանված խմբաքանակների գների անկմանը:
Տվյալ վերլուծության համար ոչ այնքան կարևոր են քլորիդներով նավթի աղտոտման տեխնիկական ասպեկտները, որքան որ Բաքվի վրա Արևմուտքի քաղաքական ճնշման աճի հետ միջադեպի համաժամանակությունը։ Հատուկ ուշադրություն է գրավում այն փաստը, որ բողոքի ակցիան նախաձեռնվել է այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են BP-ն և Eni-ն, որոնք ավանդաբար հայտնի են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և, ընդհանուր առմամբ, Եվրոպայում ադրբեջանական ֆինանսատնտեսական և քաղաքական շահերին աջակցելու համար։
Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել ևս մեկ ուշագրավ փաստի։ Բանն այն է, որ իտալական նավթային Eni կոնցեռնի բողոքն այսպես թե այնպես արձագանքում է Բաքվի որոշմանը՝ հրաժարվել Եվրոպայի խոշորագույն̀ իտալական Տարանտոյում գտնվող պողպատաձուլական ADI-ի գործարանի՝ արդեն իսկ համաձայնեցված գնումից։ 22.07.2025 թ. Ի. Ալիևը, Մինգեչաուրում ընդունելով Իտալիայի ձեռներեցության և արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոյին, հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում ներդրումներ կատարել այդ ձեռնարկությունում՝ իբր Ապուլիայի իշխանությունների կողմից բյուրոկրատական և իրավական արգելքներին դիմակայելու մտավախությունների, ինչպես նաև Իտալիայի այդ տարածաշրջանում ավանդաբար ակտիվ բնապահպանական ակտիվիստների հակազդեցության պատճառով[6]:
Դեռևս 2025 թ. մարտին ադրբեջանական Baku Steel Company մետաղագործական ընկերությունը կառավարության աջակցությամբ մտադիր էր գնել Տարանտոյի գործարանի բաժնետոմսերը և դրա վերագործարկման մեջ ներդնել մոտ 2 մլրդ եվրո։ Այդ իրավունքի համար պայքարում Ադրբեջանը նույնիսկ մրցույթից դուրս մղեց հնդկական պողպատաձուլական հսկա Jindal Steel-ին՝ ակնհայտորեն ավելի գրավիչ ներդրումային փաթեթ առաջարկելով իտալական կողմին: Սակայն այս ամենին հաջորդեց ձեռք բերված պայմանավորվածություններից հանկարծակի հրաժարումը, ինչը չէր կարող գրգռվածություն չառաջացնել իտալական կողմի մոտ։ Դրանով իսկ օրգանական քլորիդների հետ կապված հրապարակային աղմուկը, որի նախաձեռնողներից մեկը Իտալիան էր, հնարավոր է, ինչպես Հռոմ–Բաքու հարաբերությունների բարդացման, այնպես էլ Վ. Պուտինի հետ ուղիղ բախումից խուսափելու՝ Ի. Ալիևի փորձերի հետևանքով Ադրբեջանի վրա Արևմուտքի ճնշման ավելի լայն համատեքստի արդյունք է:
Եվրոպայի և Ադրբեջանի միջև առևտրաէներգետիկական փոխգործակցության բարդացման մասին վկայող փաստերի համալիրը լրացվում է նաև այն լուրով, որ Բաքուն պատրաստվում է վաճառել Էգեյան ծովում նավթի և նավթամթերքների փոխադրման իր տերմինալը[7]: Այս նավահանգստային տերմինալը, որի սեփականատերն է Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության Turkiye Energy AS (STEAS) դուստր ձեռնարկությունը, նույնպես առանցքային օղակ է դեպի Եվրոպա ադրբեջանական նավթի մատակարարման լոգիստիկայի մեջ: Հազիվ թե զուտ զուգադիպություն լինի այն հանգամանքը, որ այս տերմինալի վաճառքի մասին լուրը հայտնվել է 25.07.2025 թ., այսինքն՝ օրգանական քլորիդների հետ կապված աղմուկի ամենաթեժ պահին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների վկայությամբ, Էգեյան ծովում գտնվող տերմինալը SOCAR-ի̀ Ադրբեջանից դուրս գտնվող միակ ակտիվը չէ, որից Բաքուն ցանկանում է ազատվել: Արտասահմանյան այլ օբյեկտների վաճառքի վերաբերյալ տեղեկատվության բաց հասանելիություն դեռևս չկա, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը կարող է վերաբերել Ադրբեջան–Եվրոպա առևտրաէներգետիկական փոխգործակցության հոլովույթում աշխատող ակտիվներին: Հետաքրքիր է, որ տերմինալի վաճառքի մասին լուրից գրեթե 10 օր անց ադրբեջանական ԶԼՄ-ները հանդես են եկել սեփական տեղեկատվության հերքմամբ՝ դրանով իսկ միայն ուժեղացնելով ինտրիգը[8]:
-
Հետևություններ. ռազմավարական երկընտրանք և հարմարվողականության փորձեր
Այսպիսով, վերը նշված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ հավաքական Արևմուտքը և, մասնավորապես, նրա եվրոպական բաղադրիչը Բաքվի վրա ֆինանսատնտեսական ճնշման նշաններ են ցույց տալիս: Եթե Մոսկվան ձգտում է Ի. Ալիևին ցույց տալ տրանսֆերտային փոխանցումները խոչընդոտելու, ռուսաստանյան աշխատաշուկա ադրբեջանցիների մուտքը փակելու և ադրբեջանական գյուղմթերքի ներկրումը դադարեցնելու իր հնարավորությունները, ապա արևմտյան գործընկերները նախազգուշական հարված են հասցնում Ադրբեջանի եկամուտների ամենաէական աղբյուրի՝ նավթի արտահանմանը։ Մոսկվան ցույց է տալիս Ադրբեջանում լայն զանգվածների անհատական բյուջեները թիրախավորելու իր կարողությունը, մինչդեռ արևմտյան գործընկերները նշանառության տակ են վերցնում հենց հանրապետության պետբյուջեն։ Սակայն, երկու դեպքում էլ հետևանքներն Ադրբեջանի իշխանական վերնախավին կարող են սպառնալ սոցիալական խռովություններով և ներքաղաքական ապակայունացմամբ։
Ակնհայտէ, որ Բաքուն հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում, և միջազգային օրակարգի ամենացավոտ կետերի (Ուկրաինա, Մերձավոր Արևելք) շուրջ աճող լարվածության դինամիկայի պահպանման դեպքում, որոնք որոշում են աշխարհում ապագա անվտանգային ճարտարապետության ճակատագիրը, նա ստիպված կլինի զոհաբերել արտաքին քաղաքականության բազմավեկտորության հայեցակարգը։Ադրբեջանականիշխանություններիառջևկանգնած է ոչ թե շահեկան ճանապարհ որոնելու երկընտրանքը, այլ չարյաց փոքրագույնը ընտրելու անհրաժեշտությունը։Սաբավականին ծանրխնդիրէ,քանիոր պահանջում է ճշգրիտ հաշվարկել, թե հակամարտող ճամբարներից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ ընդարձակել Ուկրաինայի և Իրանի շուրջ առճակատումն ու վա-բանկ գնալ։
Իսկ առայժմ, մինչև ճնշման կրիտիկական կետին հասնելը, Ի. Ալիևը փորձում է ազատվել տարածաշրջանային և գլոբալ դերակատարների շահերի բազմաբարդ «սարդոստայնից», որոնցով նա անձամբ նպաստել է իր հանրապետությունը խճճելուն։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է Բաքուն վաճառում արտաքին ակտիվները, հրաժարվում ներդրումային պարտավորություններից, ֆինանսական միջոցների աուդիտ կատարում և վերանայում ծախսերի նախագծերը՝ փորձելով հնարավորինս նվազեցնել կախվածությունը «թունոտ» դարձած գործընկերներից և հնարավորինս նվազագույնի հասցնել երկրում հասունացող ապակայունացնող ցնցումների ուժը։
[1] «Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Կենտրոնական Ասիայի ԿԶՆ հարթակ. Ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստ»: INDR (ռուս.), 25.06.2024, https://www.undp.org/ru/kazakhstan/press-releases/ platforma-cur-dlya-centralnoy-azii-finansiruemaya-evropeyskim-soyuzom-zaklyuchitelnoe-zasedanie-rukovodyaschego-komiteta (բեռնման օրը՝ 02.08.2025):
[2] «Հաջիև. Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է անում պատասխանատվություն ստանձնել խոցված ԱԶԱԼ ինքնաթիռի գործով»: Report.az (ռուս.) 26.07.2025, https://report.az/ru/vneshnyaya-politika/gadzhiev-azerbajdzhan-prizyvaet-rossiyu-vzyat-otvetstvennost-v-dele-o-sbitom-samolete-azal/ (բեռնման օրը՝ 02.08.2025):
[3] «Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական «Ղարաբաղ» և «Շուշա» լցանավերի դեմ։ «Хроника Кавказа» (ռուս.), 26.07.2025, https://caucasus-chronicle.com/2025/07/26/4268/ (բեռնման օրը՝ 03.08.2025).
[4] «Երկու ընկերություններ Ադրբեջանին մեղադրել են աղտոտված նավթ մատակարարելու մեջ»: РБК (ռուս.), 24.07.2025, https://gorod-kimry.ru/press/one/?id=3365930 (բեռնման օրը՝ 03.08.2025):
[5] «Ավստրիական OMV-ն նույնպես քլորիդ է գտել ադրբեջանական նավթի մեջ»: Նավթագազային ծառայության ազգային ասոցիացիա (ռուս.), 28.07.2025, https://nangs.org/news/markets/oil/tsena-nefti-brent-na-ice-prevysila- usd70-za-barrel-vpervye-s-18-iyulya (բեռնման օրը՝ 03.08.2025):
[6] «Բացահայտվել են Իլհամ Ալիևի և իտալացի նախարարի հանդիպման մանրամասները. Ադրբեջանը հրաժարվում է գնել Տարանտոյի մետաղագործական գործարանը»: Haqqin.az (ռուս.), 22.07.2025, https://haqqin.az/news/354708 (բեռնման օրը՝ 03.08.2025):
[7] «SOCAR-ը վաճառում է Էգեյան ծովի իր տերմինալը»: Haqqin.az (ռուս.), 25.07.2025, https://haqqin.az/ news/354941 (բեռնման օրը՝ 03.08.2025):
[8] «SOCAR- ը չի պատրաստվում վաճառել իր կոնտեյներային նավահանգիստը Թուրքիայում, ընդհակառակը…»: Haqqin.az (ռուս.), 04.08.2025, https://haqqin.az/news/355949 (բեռնման օրը՝ 04.08.2025):