Ադրբեջանական քաղաքական համակարգում ռուսական ազդեցության քայքայման որոշ ասպեկտներ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 22.07.2025 թ.
-
Ազդեցության մեխանիզմների անհամաչափությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում
Ռուս-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական սրացման նոր և աննախադեպ փուլը բացահայտել է կողմերի միջև առկա ազդեցության մեխանիզմների զգալի անհամաչափություն։ ԱդրՀ-ն ունի լավ կազմակերպված լոբբիստական կառույցներ, որոնք խորապես ինտեգրված են Ռուսաստանի կառավարմյան համակարգին։ Այդ կառույցները հաջողությամբ գործում են ինչպես օրինական ձևաչափերով, այնպես էլ հաճախ դիմում են ադրբեջանական շահերի առաջմղման՝ օրենքը շրջանցող մեթոդների։ Միևնույն ժամանակ, ՌԴ-ն չունի ներքին ազդեցության խմբեր Ադրբեջանում և զրկված է Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ֆինանսատնտեսական շրջանակների շահերը քաղաքական ակտիվների վերածելու հնարավորությունից։ Բաքուն լայնածավալ աշխատանք է իրականացրել Ռուսաստանի իշխանության վերին օղակների քաղաքական շրջանակների և ՌԴ տարածաշրջանների տեղական ընտրանիների հետ, ինչպես նաև հաջող փոխգործակցություն է հաստատել ռուսական փորձագիտական հանրության և զանգվածային լրատվամիջոցների որոշակի հատվածի հետ: Իսկ Մոսկվան, դեպի Ռուսաստան կողմնորոշված հին ադրբեջանական կոմունիստական անվանակարգի դարաշրջանի մայրամուտով, որը դեռևս Հեյդար Ալիևի նախագահության օրոք որոշակի ազդեցություն էր պահպանում պետական համակարգում, վերջնականապես կորցրեց իր հենման կետերն Ադրբեջանի վերնախավի շրջանում՝ առանց նորերը ձևավորելու։
2․Ռուսական ազդեցության քայքայման գործոնները
Նման անհավասարակշռության պատճառները համալիր բնույթ են կրում: Ադրբեջանական հասարակության վերնախավում ռուսամետ խմբերի կազմալուծումը պայմանավորած գլխավոր գործոնների շարքում հարկ է առանձնացնել․
- մերձկասպյան հանրապետությունում բռնապետական իշխանության կոշտ ուղղահայացը՝ «ֆրակցիոնության» և ընտրանի խմբերի ինքնուրույնության բացառմամբ,
- Բաքվի կախվածությունը տնտեսության հումքի արտահանման հատվածից, որը սերտորեն կապված է հակառուսական դիրքորոշում որդեգրած Արևմուտքի հետ,
- ազգայնական տրամադրությունները հանրապետությունում, որոնք ակտիվորեն սերմանվում են Թուրքիայի կողմից, ներառյալ ռուսատյաց խոսույթները,
- Ռուսաստանի պասիվ դիրքորոշումը, որը, ինչպես երևում է, խուսափում է աշխատել ադրբեջանական ընտրանիների հետ՝ շրջանցելով դրանց կենտրոնական իշխանությունը։
Այդ առումով հարց է առաջանում. ինչո՞ւ, չունենալով պատշաճ հենարան Ադրբեջանում, չլինելով Բաքվի կողմից ընդունվող քաղաքական որոշումներում զսպումների և հակակշիռների համակարգի շահառուներից մեկը և չունենալով այդ հանրապետությունում հասարակական լայն զանգվածների մտածողության և տրամադրությունների վրա ներսից ազդելու արդյունավետ գործիք, Մոսկվան մինչև վերջին պահ պահպանում էր հույսերն առ այն, որ Ի. Ալիևը երես չի թեքի Ռուսաստանից:
Ադրբեջանական իշխանության համակարգում ռուսական ազդեցության վերջին խմբերի ապամոնտաժման գործընթացը սկսվել է Ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման վերաբերյալ Արևմուտքի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխհամաձայնության հաստատումից քիչ առաջ: Դա պետք է ազդանշան հանդիսանար Մոսկվայի համար, որ Ադրբեջանը մտադիր է ոչ միայն գրավել երկրորդ հայկական հանրապետությունը, այլև վերջնականապես ազատվել իշխանության վերնախավում գտնվող ռուսամետների խմբակից։ Խոսքը հիմնականում 3-4 ամենաազդեցիկ գործիչների մասին է, որոնք ավանդաբար համարվում էին Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավում ռուսական շահերն առաջ մղողներ, և որոնք հեռացվել են դրանից ոչ առանց Թուրքիայի պահանջների ու ջանքերի։
-
Ռուսամետ ընտրանի խմբերի արտամղման ժամանակագրությունը
2019 թ. սեպտեմբերին աղմկահարույց հրաժարական տվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, վարչախմբի, այսպես կոչված, «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիևը։ Նա իրավամբ ամենաազդեցիկ դեմքն էր հայր և որդի Ալիևների նախագահության օրոք և, ինչպես համարվում էր, միշտ Մոսկվայի հետ սերտ բարեկամական հարաբերությունների կողմնակից էր։ Ակնհայտ է, որ հենց Մեհթիևնն էր, որ գրեթե քառորդ դար ղեկավարել է նախագահի աշխատակազմը (1995–2019 թթ.) և արժանի է գովասանքի Ի. Ալիևի վրա թուրքական ազդեցությունը զսպելու և հանրապետությունում ռուսատյաց տրամադրությունների աճը սահմանափակելու համար։ Մեհթիևի հեռացումը նշանավորեց Ադրբեջանի բացահայտ վերակողմնորոշման փուլը դեպի թուրքական ուղեգիծ, ինչն անհամատեղելի էր Ռուսաստանի հետ անկեղծ բարեկամական հարաբերությունների պահպանման հետ: Կարելի է ենթադրել, որ Ռ. Մեհթիևին դատավարության և կալանավորման հեռանկար էր սպառնում, սակայն հետապնդումներից նրան փրկեց Հեյդար Ալիևի հետ երկարամյա սերտ բարեկամությունն ու համախոհությունը, ինչպես նաև այն փաստը, որ հենց նա էր վերջինիս մահից հետո բոլոր ջանքերը գործադրել իշխանությունն Ալիև-կրտսերին փոխանցելու և նոր նախագահի դիրքերն ամրապնդելու համար:
2020 թ. հուլիսի 16-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից երեք ամիս առաջ, հրաժարական տվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Նրան մեղադրեցին ղարաբաղյան հարցում նախաձեռնողականության բացակայության և Մոսկվայի քաղաքականությանը հնազանդորեն հետևելու մեջ, որը, իբր, խոչընդոտում էր այդ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Բաքվի ջանքերին։ Անկարան և Բաքուն համակարծիք էին, որ Ռուսաստանի մերձավոր Է. Մամեդյարովն ի վիճակի չէ ապահովել արդեն ծրագրված Ղարաբաղյան պատերազմի պատշաճ քաղաքական-դիվանագիտական քողարկումը: Նրա պաշտոնանկությունը, ինչպես Ռ. Մեհթիևինը, ինչն ուղեկցվում էր իշխանամետ ԶԼՄ-ներում «մերկացնող» քարոզչական արշավով, ըստ երևույթին, նպատակ ուներ միջազգային հանրության առջև արդարացնել Բաքվի անցումը խաղաղ նախաձեռնություններից դեպի ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման ծրագրերի։
2021 թ հունվարի 28-ին հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի հրաժարականի մասին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1993 թ․ նոյեմբերից: Դրանով հաստատվեցին նրա՝ վարչակազմի բարեհաճությունից զրկվելու մասին լուրերը, սակայն ադրբեջանական իշխանություններն այդպես էլ պաշտոնապես չհստակեցրին, թե կոնկրետ երբ է Սադիկովը ազատվել պաշտոնից: Հաստատ հայտնի է, որ 44-օրյա պատերազմի օրերին նա փաստացի հեռացվել էր ԶՈՒ հրամանատարությունից, որը հիմնականում ղեկավարում էր Թուրքիայից պատվիրակված գեներալների կողմից։ Սադիկովն ընդհանրապես երկար ժամանակ անհետացել էր հանրության տեսադաշտից, ինչը նրա ձերբակալության մասին լուրերի առիթ տվեց։ Գլխավոր շտաբի պետը նույնպես Ադրբեջանում համարվում էր «Մոսկվայի մարդ», և, իբր, բռնվել էր իր հարազատների միջոցով Հայաստանի հետ կապեր ունենալու մեջ, ուստի անվստահությունը նրա հանդեպ ձևավորվել էր 2020 թ, աշնանային ռազմարշավից շատ առաջ։ Հետագայում՝ 2022 թ, Ն. Սադիկովի դեմ քրեական գործ հարուցվեց ՊՆ-ում զեղծարարությունների և հափշտակությունների մասին, սակայն պետք է ենթադրել, որ գեներալ-գնդապետի խայտառակության իրական պատճառները թաքնված են Մոսկվայի և ռուս գեներալիտետի հետ նախկին կապերի մեջ։
Հնարավոր է, որ «ռուսական ազդեցության» հետ որոշակի կապ է ունեցել նաև 2015 թ․ հոկտեմբերի 17-ին պաշտոնից ազատված ազգային անվտանգության (այժմ՝ Պետական անվտանգության ծառայություն) նախկին ղեկավար Էլդար Մախմուդովի աղմկահարույց գործը։ Մահմուդովին և նրա շրջապատին մեղադրանք էր առաջադրվել քրեական հոդվածներով՝ կապված կոռուպցիայի, շորթման, ռեյդերային զավթումների և այլնի հետ, սակայն, ըստ այլ աղբյուրների, իրականում նա, իբր, բռնվել է՝ մեղադրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների հետ չկարգավորված կապերի մեջ։ Պետք է ենթադրել, որ խոսքը ՌԴ-ի մասին է, ինչի վերաբերյալ բացահայտ ակնարկել են ադրբեջանցի որոշ լրագրողներ։ Չի բացառվում, որ արտասահմանյան հատուկ ծառայության համար Մահմուդովի աշխատանքի մասին խոսույթը հորինվել է և միտումնավոր տեղեկատվական դաշտ նետվել՝ նպատակ ունենալով հիմնովին արատավորել երբեմնի ամենակարող նախարարի համբավը։ Սակայն հենց այդ համատեքստում Մոսկվայի հիշատակման փաստը վկայում է արդեն 2015 թ, ադրբեջանական իշխանության վերին խավերում նկատվող հակառուսական տրամադրությունների մասին։ Հարկ է նշել նաև, որ Է. Մախմուդովը, ի տարբերություն իր մերձավոր շրջապատի ԱԱՆ մի շարք գեներալների և գնդապետների, չդատվեց և բանտարկության չդատապարտվեց, ինչն ադրբեջանական ընդդիմադիր և այլախոհ շրջանակներում բացատրում են Ի. Ալիևի և նրա ընտանիքի դեմ չափազանց ծանրակշիռ վարկաբեկիչ տվյալների առկայությամբ։
Նշված ազդեցիկ անձանց հետ միասին համակարգից հեռացվել են նախարարներ, խոշոր պաշտոնյաներ, բանկիրներ, դիվանագետներ և զինվորականներ։ Անվանապես նրանց մեղսագրվում էր կոռուպցիա, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պետական միջոցների վատնում և այլն, սակայն նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ կապված էին վերը նշված ազդեցիկ դեմքերի հետ և մտնում էին նրանց անմիջական շրջապատի մեջ։ Նախագահ Ի. Ալիևի կողմից կազմակերպված «մեծ զտումն» ադրբեջանական անկախ փորձագետների կողմից որակվել է որպես «Փաշաևների կլանի» հաղթանակ «նախիջևանցիների» նկատմամբ, քանի որ նախագահի աշխատակազմում կառավարման համակարգը, հանրապետության բանկային հատվածը և դիվանագիտական կորպուսն ամբողջությամբ անցել են Մեհրիբան Ալիևայի (օրիորդական ազգանունը՝ Փաշաևա) ընտանիքի ձեռքը։ Ներհամակարգային մրցակցության առումով դա իսկապես այդպես էր, սակայն լայն համատեքստում խոսքը վերաբերում էր Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական և ռազմական ոլորտներում ռուսական ազդեցության մնացորդների ոչնչացմանը, քանզի Բաքվի հետ իր քաղաքական-դիվանագիտական աշխատանքում Մոսկվան հենվում էր հենց Հեյդար Ալիևի «հին գվարդիայի» վրա, որը հիմնականում ներկայացնում էին «նախիջևանցիները»։
Հատուկ հիշատակման է արժանի նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կառավարման նախկին համակարգի զուգահեռաբար մեկնարկած ապամոնտաժման գործընթացը, որը ներկայումս հասցվել է ՆԻՀ-ի սահմանադրության վերանայմանը և էքսկլավի ինքնավարության փաստացի լուծարմանը: Այստեղ արձանագրվում է ոչ միայն Մոսկվային ավանդաբար հավատարիմ հին կոմունիստական կադրերի հեռացումը իշխանությունից, այլև Մոսկվայի և Կարսի պայմանագրերի փաստացի չեղյալ հայտարարումը, որոնք իրավական հիմքեր էին պահպանում անհրաժեշտության դեպքում ՆԻՀ-ի շուրջ քաղաքական գործընթացներին ԽՍՀՄ իրավահաջորդի՝ ՌԴ-ի միջամտության համար։
-
Ազդեցության կորստի հետևանքները և Մոսկվայի նոր ռազմավարությունը
Այսպիսով, Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմից առաջ սկսված վերնախավի վերակազմակերպման գործընթացները հանգեցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում բարենպաստ մթնոլորտի ձևավորման վրա Մոսկվայի ուղղակի և գործնական ազդեցության մեխանիզմների անկմանը։ ՌԴ-ի հետ երկխոսության համար բաց ներհամակարգային խմբավորումները մինչև որոշակի ժամանակ ի վիճակի էին հավասարակշռել Ադրբեջանի քաղաքականությունը՝ թույլ չտալով կտրուկ շրջադարձ դեպի Թուրքիա և, լայն իմաստով, դեպի Արևմուտք։ Նրանք առաջնորդվում էին ինչպես ընդհանուր խորհրդային ժամանակաշրջանի ավանդական կապերի իներցիայով, այնպես էլ պրագմատիկ հաշվարկով, որը բխում է ՌԴ-ի նկատմամբ հեռացման և թշնամանքի քաղաքականության հետևանքով Ադրբեջանին սպասվող սպառնալիքների ըմբռնումից։ Այդ խմբակցությունների վերացումը և փաստացի պարտությունը չափազանց լուրջ ազդեցություն ունեցան Մոսկվայի՝ Բաքուն իր աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում պահելու կարողությունների վրա։ Ադրբեջանական վերնախավի և լայն հասարակայնության վրա ազդեցության այս մակարդակի կորուստը չէին կարող փոխհատուցվել ո՛չ զուտ հռչակագրային «ռազմավարական գործընկերությունը», ո՛չ Վ. Պուտինի և Ի. Ալիևի «անձնական հարաբերությունների հատուկ քիմիայի» մասին խոսակցությունները, ո՛չ էլ Ադրբեջանում իր մշակութային և կրթական ներկայությունը նույն կերպ պահպանելու ՌԴ-ի փորձերը։ Ադրբեջանում «Ռուսական տան» նման հասարակական-մշակութային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության, «ռուս-ադրբեջանական բարեկամության», «հարյուրավոր ռուսալեզու դպրոցների» քողի տակ անցկացվող տարբեր փառատոնների ու համաժողովների վերաբերյալ լավատեսական գնահատականները, ըստ ամենայնի, մտացածին են, չեն արտացոլում իրերի իրական վիճակը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանում ռուսական սփյուռքը չափազանց թույլ և անկազմակերպ է իր հասարակական-քաղաքական հարցադրումները ձևավորելու և համակարգին ներկայացնելու առումով։ Հանրապետությունից ռուսական սփյուռքի արտահոսքի դինամիկան տարեցտարի անշեղորեն աճում է։ Նույնիսկ Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցին, ի դեմս Բաքվի թեմի, բացարձակապես ի վիճակի չէ կատարել հարաբերությունների «կայունարարի» գործառույթները։ Այն շատ առումներով գործունեություն է ծավալում ալիևյան վարչակարգի քաղաքականության ուղեգծում, որը հաճախ բացահայտորեն հակասում է ինչպես ռուսական պետության, ռուս ժողովրդի, այնպես էլ բուն Ռուս ուղղափառ եկեղեցու շահերին։
Կարելի է ենթադրել, որ հենց Ադրբեջանի ներսում Բաքվի վրա ազդեցության ամբողջ համալիր գործիքակազմի կորստի գիտակցումից հետո Մոսկվան միտումնավոր թույլ տվեց ադրբեջանական սփյուռքի կառույցների ուժեղացումը հենց Ռուսաստանում։ Ավելին, դա նպաստեց նրանց խորը ներթափանցմանը ռուսական իշխանության քաղաքական էշելոններ, ինչպես նաև «կանաչ լույս» վառեց ադրբեջանական բիզնեսի համար։ Դա կարելի էր անել՝ նպատակ ունենալով օգտագործել Ռուսաստանի հետ կապված ուժեղացված ադրբեջանական սփյուռքի ֆինանսական, տնտեսական և սոցիալական շահերը Բաքվի քաղաքական ղեկավարության հետ խաղում։ Մոսկվան կարող էր հույսը դնել այն փաստի վրա, որ հենց արտոնյալ և հարուստ ադրբեջանական սփյուռքն էր, որն ամուր կապեր էր պահպանում Ադրբեջանում գործող համակարգի հետ և սնուցում այն ֆինանսապես, կարող էր հավասարակշռողի դեր խաղալ ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Սակայն, ինչպես կարելի է դատել վերջին իրադարձություններից, այդ հաշվարկներն իրենց չարդարացրին և էլ ավելի խեղաթյուրեցին Մոսկվայի և Բաքվի միջև փոխադարձ ազդեցության հարաբերակցությունը։ Այդ իսկ պատճառով Կրեմլը պատրաստակամություն է ցուցաբերում ապամոնտաժելու Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի ամբողջ կառույցը, որը քաղաքական ազդեցության գործիքից վերածվել է հզոր քրեական կառույցի և որը խորապես ինտեգրված է ՌԴ պետական իշխանության համակարգին։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ձգտում է հասնել փոխադարձ ազդեցության «զրոյական միջամտության նշագծին»՝ գերադասելով ադրբեջանական սփյուռքի և ՌԴ-ում Բաքվին հավատարիմ քաղաքական խմբակցությունների հնարավորությունները հավասարեցնել հենց Ադրբեջանի ներսում ռուսական ազդեցության գործնական բացակայությանը։ Այս ծրագրին հասնելու դեպքում կողմերը, ի վերջո, Ադրբեջանի բազմաթիվ և բազմապլանային ձեռքբերումներից բացի, կունենան միայն 2022 թ. փետրվարի 22-ի «Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը», որը ստեղծված նոր իրողության մեջ, ըստ էության, կվերածվի այլևս ոչինչ չնշանակող տեքստի։