Աբխազիան ռուս-թուրքական դիմակայության առաջին գծում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 10.02.2025 թ.(1)
2025 թ. հունվարի վերջին միջազգային լրատվամիջոցներում հրապարակվեց մի փաստաթուղթ, որը պարունակում էր Ռ. Էրդողանի մերձավոր գործընկեր, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր և «Ազգայնական շարժում» արմատական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի խնդրանքը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Բահչելին, ըստ էության, Հ. Ֆիդանից թույլտվություն է խնդրում, որպեսզի իր կուսակցությունը, համագործակցելով թուրք-աբխազական հասարակական կազմակերպությունների և Աբխազիայի թուրքամետ քաղաքական գործիչների հետ, միջամտի չճանաչված մերձսևծովյան հանրապետության նախընտրական գործընթացներին։ Դ. Բահչելիի առաջարկած ծրագրերում հիմնական շեշտը դրված է Աբխազիայում հայկական գործոնի չեզոքացման և Աբխազիայի ուժեղ ու բազմանդամ հայկական սփյուռքի քաղաքական և տնտեսական դիրքերը խաթարելու անհրաժեշտության վրա, որն, իբր, աջակցում է Ադրբեջանում «ղարաբաղյան անջատողականությանը»(2): Այսպիսով, Թուրքիայի իշխող շրջանակներին մոտ կանգնած քաղաքական գործիչ Բահչելիի նախաձեռնությունը վկայում է, որ Անկարան մտադիր է օգտվել Աբխազիայում չկարգավորված իրավիճակից, որը սկսվեց Սուխումում բողոքի շարժման մեկնարկից (11.11.2024 թ.) և նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից (19.11.2024 թ.) հետո(3)։
Ձևական առումով ընդդիմության գործողություններն սկիզբ առան այն բանից հետո, երբ հանրապետության խորհրդարանը վավերացման ներկայացրեց ռուսաստանցի ներդրողների համար արտոնությունների և երաշխիքների մասին համաձայնագիրը, որն աբխազական ընդդիմությունը համարեց Մոսկվայի փորձ՝ իր բիզնես գործակալների միջոցով անարգել գնելու ազգային հողային ֆոնդի զգալի մասը(4): Համաձայնագրի վավերացման դեմ բողոքի ձեռնարկները հանգեցրին նախագահի և նրա թիմի հրաժարականին։ Դրանից հետո նշանակվեց արտահերթ նախագահական ընտրությունների օրը (15.02.2025 թ.), սակայն, չնայած ներքաղաքական իրավիճակի թուլացմանը, Աբխազիայում լարվածությունը շարունակում է պահպանվել։
Ընտրություններին ընդառաջ քաղաքական քննարկումներն արդեն դուրս են եկել հանրապետության «հողային հարցի» և տնտեսական խնդիրների սահմաններից։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմությունն ավելի ու ավելի է արմատականացնում իր տրամադրությունները Մոսկվայի նկատմամբ, մինչդեռ չափավոր քաղաքական ուժերը քաղաքացիներին կոչ են անում իրենց ընտրության հարցում առաջնորդվել ողջամտությամբ և թույլ չտալ «ռուս-աբխազական միասնության» փլուզումը, որը կարող է աղետալի հետևանքների հանգել Աբխազիայի համար։ Սակայն «չափավորների» ճամբարը փաստարկներ չունի հօգուտ իր դիրքորոշման, քանզի Աբխազիայում ՌԴ-ին հավատարիմ ուժերի կառավարման տարիներին հանրապետությունը չի հաղթահարել աղքատությունը, կաշառակերությունը և կլանային կառավարման համակարգը։ Ա. Բժանիայի հարկադիր հրաժարականից հետո Ռուսաստանի կողմից Սուխումի դեմ կիրառվող տնտեսական և էներգետիկ պատժամիջոցները նույնպես չեն նպաստում Աբխազիայում ռուսամետ քաղաքական ուժերի դիրքերի ամրապնդմանը։ Ընդհակառակը, դրանք միայն պարարտ հող են ստեղծում Աբխազիայի Հանրապետությունում իշխանության հավակնող ազգայնական շրջանակների ռուսատյաց հռետորաբանության և ամբոխահաճության համար։
«ԱՌՎԱԿ» կենտրոնը քանիցս անդրադարձել է աբխազական վերջին իրադարձությունների թեմային՝ նշելով Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հետ վերջինիս համաժամանակ լինելը։ Այդ նյութերում կարծիք է հայտնվել, որ եթե Մոսկվան ներգրավված չէր Սուխումում անկարգությունների կազմակերպման գործում, ապա նա շատ անհաջող ժամանակ է ընտրել «հողային հարցը» ներաբխազական քաղաքական օրակարգ մտցնելու համար։
Հնարավոր է, որ ռուս-աբխազական հարաբերություններում առաջացած լարվածությունը նպաստել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում (26.10.2024 թ.) Ռուսաստանին հավատարիմ համարվող Բ. Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին: Շատ հավանական է նաև, որ Մոսկվայի համար վրացական ուղու վրա հաջողությունն ամենակարևորն էր կովկասյան տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելու համատեքստում, և հենց նա էր հանուն «վրացական խաղի» նախաձեռնել կրքերի բորբոքումը Աբխազիայում։ Այսպես թե այնպես, իրավիճակը Աբխազիայում հասել է Մոսկվայի համար անսպասելի շիկացման։ Ավելին, Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը սպառնում է դուրս գալ Ռուսաստանի քաղաքական վերահսկողությունից՝ նրան թողնելով առկա գործընթացների վրա ազդեցության միայն ուժային գործիքները։ Խոսքն աբխազական օրակարգում մինչ այժմ ստվերված երրորդ կողմի ներգրավման մեծ հավանականության մասին է։ Մասնավորապես, կարելի է նկատել Աբխազիայի ներքաղաքական օրակարգում Անկարայի աննախադեպ աշխուժացումն այն ՀԿ-ների և հասարակական-քաղաքական կառույցների միջոցով, որոնք երկար տարիներ սերտ կապեր են կառուցում և պահպանում Թուրքիայի հետ։ Թուրքիայի անունն ավելի ու ավելի է դրական լույսի ներքո հայտնվում արմատական ազգայնական դիրքեր գրավող աբխազական ընդդիմադիր ուժերի նախընտրական հռետորաբանության մեջ։ Թուրքիան հասարակությանը ներկայացվում է` որպես Ռուսաստանի այլընտրանք, և նշվում, որ կողմնորոշումը դեպի այն Սուխումին կերաշխավորի բարօրություն, տնտեսական բարգավաճում և անվտանգություն։ Փաստորեն, խոսքը աբխազական հասարակության գաղափարախոսական վերաձևավորման փորձի մասին է, որի նպատակն է հանրապետության աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դեպի Անկարա։
Ռուսական ԶԼՄ-ների դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Սուխումի դեպքերի առաջին փուլում ՌԴ-ն թերահավատորեն էր վերաբերվում այդ գործընթացներին երրորդ կողմերի միջամտության հնարավորությանը։ Տեղի ունեցածը ներկայացվեց որպես ինքնաբուխ իրադարձություն՝ կապված տեղական վերնախավերի պահվածքի, նրանց անարդյունավետ աշխատանքից և Ռուսաստանից եկող ֆինանսական օգնության ոչ պատշաճ բաշխումից Աբխազիայի բնակչության օբյեկտիվ դժգոհության հետ(5)։ Ռուսաստանի ԶԼՄ-ներում ջանասիրաբար տարածվել է պատմություն առ այն, որ հանրային ելույթների ձգան դարձած համաձայնագիրը, որն աբխազական հողեր գնելու արտոնություններ է նախատեսում ռուսաստանյան ընկերությունների համար, ըստ էության, առաջին հերթին ձեռնտու է Աբխազիային։ Իբր թե խնդիրն այն է, որ Սուխումի իշխանությունները չեն ջանացել իրենց քաղաքացիներին մանրամասն տեղեկացնել դրա առավելությունների մասին, որոնք կոչված են խթանելու բազմամիլիարդանոց ռուսական ներդրումների հոսքը դեպի հանրապետության տնտեսություն։ Այսպիսով, տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտրվեց և, առավել ևս, մտքեր չհնչեցին դրսից Սուխումի իրադարձությունների հնարավոր կազմակերպման, կատարվածում որևէ երրորդ կողմի ներգրավվածության մասին։
Կարելի է ենթադրել, որ ռուսական իրավասու շրջանակները չէին կարող չկասկածել բողոքի ցույցերում թուրքական հետքի հնարավոր առկայության մասին, սակայն նրանք նրբանկատորեն փորձում էին չանդրադառնալ այս թեմային՝ ակնհայտորեն ելնելով ռուս-թուրքական հարաբերությունների ընդհանուր համատեքստի պահանջներից։ Սակայն, երբ իրավիճակը զարգացավ՝ Աբխազիայի իշխանությունների հրաժարականի և Աբխազիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետ կապված, լրատվական դաշտում առանձին քաղաքական գործիչների և փորձագետների կողմից ավելի ու ավելի հաճախակի հնչեցվեց «թուրքական տարբերակը»։
Չնայած այն հանգամանքին, որ ռուսական իշխանությունները պաշտոնական մակարդակով առայժմ փորձում են խուսափել աբխազական իրադարձություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ մեկնաբանություններից, ամեն անգամ նրանք ավելի ու ավելի են դժվարանում թաքցնել իրենց անհանգստությունը։ Փաստն այն է, որ իրենք՝ աբխազ արմատական ընդդիմադիրները, ինչպես նաև թուրքական իշխանությունները, այդ թվում՝ Ռ. Էրդողանը, արդեն գրեթե բացահայտորեն հայտարարում են թուրքական աջակցության մասին։ 2025 թ. հունվարի սկզբին նրա արած հայտարարությունը «Դեպի Եվրոպա Աբխազիայի ուղին՝ Թուրքիայի միջոցով» միայն հաստատում է Ռուսաստանում մտավախություններն առ այն, որ ինչ կատարվում է Աբխազիայում, պետք է համարել Թուրքիայի կողմից կազմակերպված հեղաշրջում կամ խռովություն, բայց ոչ բացառապես ներքաղաքական արմատներով ինքնաբուխ տեղի ունեցած իրադարձություն(6)։
Այլ հարց է, թե Մոսկվան, հաշվի առնելով իր համապարփակ ռազմական ու քաղաքական ներկայությունն Աբխազիայում, ինչպե՞ս կարող էր իրավիճակի նման զարգացում թույլ տալ։ Ի վերջո, եթե նույնիսկ Մոսկվան նախաձեռնել է օրակարգ մտցնել «բնակարանների մասին» օրենքը՝ «Վրացական երազանքի» հետ «խաղալու» և Աբխազիայում որոշակի վերահսկվող հուզումներ առաջացնելու նպատակով, ապա այս ծրագիրը պետք է իրագործվեր՝ հաշվի առնելով Աբխազիայի վրա Թուրքիայի ազդեցության աստիճանը և հանրապետության բնակչության շրջանում բռնկած սոցիալական դժգոհությունները ՈԴ «ճնշման» դեմ քաղաքական դիմակայության փուլ փոխադրելու նրա հնարավորությունները։ Բայց այս հարցերը դուրս են այս հրապարակման շրջանակներից:
Այստեղ հարկ է նշել, որ աբխազական իրադարձություններում, այսպես թե այնպես, թուրքական գործոնը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան մինչ այդ ենթադրվում էր։ Չի կարելի վստահորեն ասել, որ Անկարան Աբխազիայում «հեղաշրջման» գլխավոր կազմակերպիչն է, բայց բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ աբխազական իրադարձությունների որոշակի փուլում նա կարող էր միջամտել և տվյալ պահին փորձում է դրանք տանել իր աշխարհաքաղաքական հավակնություններին հարմար հուն։ Հետևաբար, Թուրքիան հիմնավորապես նախապատրաստվում էր նմանատիպ իրավիճակի, տարեցտարի ազդեցության լծակներ կուտակելով աբխազական օրակարգում և դա անում էր այն գործընթացներին զուգահեռ, որոնք, չնայած Աբխազիայում ՌԴ համապարփակ ներկայությանը, հետևողականորեն սրում էին ռուս-աբխազական հարաբերությունները։
20-րդ դարում աբխազա-թուրքական փոխհարաբերությունների պատմությունն իր արմատներով խորանում է մինչև 18-20-ական թվականներ, երբ աբխազ էթնիկ խմբի մի զգալի մասը Ռուսաստանին պատուհասած քաղաքական փլուզման և պատերազմի պատճառով տեղափոխվեց Թուրքիա և այդտեղ կազմակերպեց իր համայնքները։ ԽՍՀՄ փլուզման սկզբում Թուրքիայում «մուհաջիրներ» կոչվող էթնիկ աբխազներն սկսեցին տարվել հայրենադարձության գաղափարով, և թուրքական իշխանությունները որոշեցին օգտվել այդ տրամադրություններից ու դրանք վերածել Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի՝ Սև ծովում և Կովկասում գերիշխանություն հաստատելու համար։
23.08.1992 թ․ սկսվեց վրաց-աբխազական պատերազմը, և ընդամենը 9 օր անց Թուրքիայում, աբխազական սփյուռքի առաջնորդների նախաձեռնությամբ, ստեղծվեց «Աբխազիայի հետ համերաշխության կովկասյան կոմիտեն», որի նախագահ ընտրվեց Աթայ Ցուշբան։ Այնուհետև կոմիտեն գլխավորել է Արֆան Արգունը, ում օրոք կազմակերպությունն զգալիորեն աշխուժացել է։ Կոմիտեի պաշտոնական նպատակն էր ամրապնդել Թուրքիայում ապաստանած սփյուռքի ազգային ու մշակութային կապերն Աբխազիայի իրենց հայրենակիցների հետ և նպաստել մուհաջիրների ինքնության պահպանմանը: Իրականում Անկարան այս կառույցի միջոցով սկսել էր լայն գործունեություն ծավալել Աբխազիա բազմամակարդակ ներթափանցման և նրա հասարակության շրջանում թուրքամետ տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում էր «Թուրքիայի կրոնական գործերով վարչության» հովանու ներքո, պետական մի կառույցի, որն, ինչպես հայտնի է, սերտ կապերի մեջ էր թուրքական հետախուզական ծառայությունների հետ։ Այնուհետև «Աբխազիայի հետ համերաշխության կովկասյան կոմիտեն» սերտորեն համագործակցում էր Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ, որը խթանում էր թուրքական շահերն արտասահմանում՝ հիմնելով իսլամական դպրոցներ, թուրք-իսլամական մշակութային կենտրոններ, մզկիթներ և այլն(7)։
Աբխազիայում հիմնադրված և թուրքական փողերով գործող հասարակական կառույցների թվում լայն համբավ ստացավ Sadakatasi «բարեգործական կազմակերպությունը»։ Այն ֆինանսավորում էր թուրքական կողմնորոշման կրթամշակութային կենտրոնների աշխատանքը և իրականացնում բազմազան մարդասիրական գործունեություն։ Զորօրինակ, կառույցը օգնություն էր բաժանում աբխազ որբերին և վրաց–աբխազական հակամարտության ժամանակ զոհված աշխարհազորայինների ընտանիքներին։
Այսպիսով, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Աբխազիայում աշխույժ աշխատանք ծավալվեց՝ «բարեկամ և հոգատար» Թուրքիայի կերպարը սերմանելու համար, որը պատրաստ է աջակցել փոքր ժողովրդի ազատության և անկախության ձգտմանը։
Նման եռանդուն աշխատանքը հնարավոր չէր առանց Աբխազիայի քաղաքական շրջանակների հետ սերտ համագործակցության և նրանց բարեհաճ վերաբերմունքի թուրքական նախաձեռնությունների նկատմամբ, որոնք առաջ էին տարվում Թուրքիայի աբխազական սփյուռքի գործունեության քողի ներքո: Արդեն 1993 թ. Թուրքիայում Աբխազիայի Հանրապետության ներկայացուցչություն էր բացվել։ «Աբխազիայի հետ համերաշխության կովկասյան կոմիտեի» աջակցությամբ Թուրքիա են այցելել Աբխազիայի նախագահներ Վլադիսլավ Արձինբան և Սերգեյ Բաղապշը։
Սուխումի քաղաքական գործիչների հետ թուրքական ՀԿ-ների և աբխազական սփյուռքի կազմակերպությունների կապերն ընդլայնվեցին՝ իրենց հերթին ճանապարհ հարթելով թուրքական կապիտալի՝ աբխազական շուկա տնտեսական ներթափանցման համար։ Առևտուրը, շինարարությունը և զբոսաշրջային բիզնեսը դարձան Անկարայի և Սուխումի տնտեսական փոխգործակցության հիմնական ոլորտները։ Պաշտոնական տվյալներով՝ 2015 թ․ Թուրքիայի և Աբխազիայի միջև ապրանքաշրջանառությունն արդեն հասել էր 2,6 մլրդ ռուբլու, ինչը կազմում է մերձսևծովյան հանրապետության ընդհանուր ապրանքաշրջանառության 18%-ը։ Սակայն, ըստ որոշ ռուսական աղբյուրների, այս թիվը չի արտացոլում իրերի իրական վիճակը և զգալիորեն թերագնահատված է՝ հաշվի առնելով Աբխազիայում արտահանման-ներմուծման «գորշ» սխեմաները:
Ակնհայտ է, որ Թուրքիայի և Աբխազիայի միջև հարաճուն փոխգործակցությունը չէր կարող չանհանգստացնել Վրաստանին, որի հետ Անկարան «հատուկ բարեկամական հարաբերություններ» էր ձևավորել 2003 թ.՝ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո: Չնայած դրան, Անկարան շարունակում էր խաղալ «երկու խաղատախտակի վրա», Թբիլիսիին հավաստիացնելով, որ Սուխումի հետ իր փոխհարաբերությունները զուրկ են քաղաքական աստառից, այլ՝ մշակութային և մարդասիրական բաղադրիչ են արմատավորում, քանզի Թուրքիան հավատարիմ է մնում Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող իր պաշտոնապես հնչեցրած հայտարարություններին։ Այնուամենայնիվ, 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմից հետո Թբիլիսին այլևս չէր կարող անտեսել Անկարայի կողմից Աբխազիայի ինքնիշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հաճախակի դարձող կոչերը: Հաշվի առնելով Վրաստանի վրա Թուրքիայի ուժեղ տնտեսական և քաղաքական ազդեցությունը, պաշտոնական Թբիլիսին չէր կարող իրեն բացահայտ դեմարշ թույլ տալ Անկարայի նկատմամբ, որը կառավարությանը մոտ քաղաքական շրջանակների միջոցով ավելի ու ավելի էր ազդարարում Սուխումի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին։ Պաշտոնապես թուրքական իշխանությունները շարունակում էին պնդել, որ Աբխազիայի նկատմամբ Վրաստանի ինքնիշխանությունն անվիճելի է(8)։
Գործնականում Թուրքիայի գործողությունները ցույց տվեցին հակառակը։
15.12.2019 թ. Թուրքիայի քաղաքական գործիչների, գործարարների, մշակույթի և կրթական գործիչների մի մեծ պատվիրակություն այցելեց Աբխազիա։ Այն գլխավորում էր թուրք քաղաքական գործիչ, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, ով հայտնի է որպես Էրդողանի քաղաքականությանը սատարող և, իբր, Թուրքիայի և Ռուսաստանի ավելի սերտ մերձեցման կողմնակից։ Նշվեց, որ այցի նպատակն է Աբխազիայի անկախության հասնելու և այն «Սև ծովում իմպերիալիզմից» ազատագրելու նախաձեռնությունը։ Այնուհետ Փերինչեքը հայտարարեց, որ Աբխազիան Թուրքիայի օգնության կարիքն ունի, և ինքը խոստացել է, որ թուրքական կառավարությունը տեսանելի ապագայում կճանաչի Աբխազիայի ինքնիշխանությունը(9)։
Առաջին հայացքից Փերինչեքի հռետորաբանությունը, ում թիկունքին կանգնած են թուրքական իշխանություններ, չէր կարող չբավարարել Ռուսաստանին, որը 2008 թ. Աբխազիայի անկախությունն անձամբ ճանաչելուց հետո համախոհների կարիք ուներ այս հարցում։ Բայց թուրք իշխանամետ քաղաքական գործչի շեշտադրումները և աբխազական թեմայով բազմաթիվ հարցազրույցների ժամանակ օգտագործած ձևակերպումները հուշում էին, որ Թուրքիայում Փերինչեքի հետ խորհրդակցող կառույցները նպատակ չունեն Սուխումն ազատել «վրացական սպառնալիքից»։ «Սև ծովում վրացական իմպերիալիզմ» ձևակերպումն անհեթեթություն կլիներ, և Փերինչեքը, անշուշտ, նկատի չուներ Վրաստանը։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Ռուսաստանի մասին էր, որի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը, ինչպես Թուրքիան է համարում, լիովին ձևական բնույթ է կրում։ Իրականում Անկարան Աբխազիայում ռուսական ներկայությունը նույնացնում է «բռնազավթման» հետ, և այդ պատումը նրա կողմից համառորեն վերարտադրվում է աբխազական միջավայրում: Այսպիսով, Անկարայի մտադրությունները, որոնք մակերեսային ընթերցմամբ ձեռնտու էին Մոսկվային, ժամանակի ընթացքում երկիմաստ բովանդակություն ձեռք բերեցին։
Ի սկզբանե ՌԴ-ն դրական էր վերաբերվում Աբխազիայի անկախությունը ճանաչելու Ռ. Էրդողանի պատրաստակամության մասին թուրքական ազդանշաններին։ Այդ պատճառով էր, որ Մոսկվան Սուխումի նկատմամբ իր վերջնական հովանավորության ժամանակաշրջանից՝ 2008 թ. հետո, որոշեց չսահմանափակել թուրքական կազմակերպությունների գործունեությունն Աբխազիայում՝ անտեսելով, ի թիվս այլ հանգամանքների, Անկարայի և Սուխումի միջև հարաճուն տնտեսական կապերը։ Մոսկվան Աբխազիայում թուրքական «փափուկ ուժի» աճի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը համարեց աբխազական հարցում Անկարայի քաղաքական աջակցության գին՝ հուսալով, որ թուրքական ազդեցությունը չի անդրադառնա Աբխազիայում ՌԴ բազմամակարդակ ռազմաքաղաքական ներկայության վրա։ Սակայն 2015 թ․ աշնանից հետո, երբ Սիրիայում խոցվեց ռուսական ինքնաթիռը, իսկ մեկ տարի անց Անկարայում սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, Թուրքիայի դեմ պատժամիջոցների համատեքստում որոշ ժամանակով սահմանափակվեց Աբխազիայում Թուրքիայի կառույցների գործունեությունը։ Մասնավորապես, Մոսկվան հարվածեց թուրքական շինարարական ընկերությունների շահերին, որոնք Աբխազիայում գործում էին ռուսական բյուջեի միջոցներով(10):
Հետագայում ռուս-թուրքական հարաբերությունների «կարգավորումն» իր ազդեցությունն ունեցավ նաև աբխազական օրակարգի վրա։ Անկարային դարձյալ հնարավորություն տրվեց մուտք գործել Աբխազիա, և ինչպես նախկինում էր, շարունակվեց նրա ինտենսիվ աշխատանքն այս հանրապետության կյանքի բոլոր ոլորտները ներթափանցելու ուղղությամբ: Եվ այդ գործունեության արդյունքներն ակնհայտորեն դրսևորվեցին հանրապետության նախագահական հեղաշրջման օրերին, ինչպես նաև ներկայիս նախընտրական շրջանում, երբ Աբխազիայում ակնհայտորեն նկատելի դարձան ազգային արմատականության, ռուսատյացության և հայատյացության դրսևորումները։
Նշենք, որ մի շարք ռուսալեզու ԶԼՄ-ներ արդեն երկար ժամանակ նախազգուշացնում էին, որ Թուրքիայի ազդեցությունն Աբխազիայի վրա հասել է այնպիսի ծավալների, որոնք թույլ են տալիս ազգային հակասությունների հիման վրա ներսից պայթեցնել հանրապետությունը և տապալել ռուսական հովանավորությունը։ Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիան 2015 թ.-ից իրականացնում է Աբխազիայից վրացիներին և հայերին վտարելու ծրագիր՝ նպատակ ունենալով հետագայում կազմակերպել մուհաջիրների՝ Թուրքիայի իսլամացված աբխազների զանգվածային հայրենադարձությունը, որոնք, ըստ տարբեր գնահատականների, հաշվվում են 400-500 հազար մարդ։
Անկարայում որոշակի հույսեր են կապել վրաց-աբխազական պատերազմի նոր շրջապտույտի հետ, ինչին, սակայն, վրացական իշխանությունները չհամաձայնեցին։ Դրանից հետո Թուրքիան Աբխազիայի իշխանություններին համոզեց խստացնել վրացական փոքրամասնության կենսապայմանները, որոնք հոծ կերպով ապրում են Աբխազիայի Գալի և, մասամբ, Օչամչիրի շրջաններում։ Մինչև 2017 թ. վրաց ազգության քաղաքացիների համար արդեն խոչընդոտներ էին ստեղծվել աբխազական անձնագրեր ստանալու, հողի սեփականության իրավունքը գրանցելու և ագրարային ոլորտում բիզնես վարելու համար։ Վրաց-աբխազական սահմանի երեք անցակետերից երկուսը փակվել են՝ սահմանափակելով Գալիի վրացիների շփումները Վրաստանում գտնվող ազգականների հետ։ Ինգուրի հիդրոէլեկտրակայանում արհեստականորեն ստեղծվել են վթարային իրավիճակներ և անընդհատ անջատումներ են իրականացվում՝ Գալի և Օչամչիրի շրջաններն էլեկտրաէներգիայից զրկելու համար։ Այսպիսով, տեղի վրացական բնակչությունը դիտավորյալ դուրս է մղվել նշված տարածքներից, ամենայն հավանականությամբ, Թուրքիայից իսլամացած աբխազ հայրենադարձներով դրանց հետագա վերաբնակեցման համար։ Հատկապես պետք է նշել, որ այն տարածքները, որտեղ թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող «Աբխազիայի հետ համերաշխության կովկասյան կոմիտեն» նախատեսում է տեղավորել հայրենադարձներին, գրեթե ամբողջությամբ համընկնում են այն տարածքների հետ, որոնք աղմկահարույց դարձած պայմանագրի վավերացումից հետո առաջինն ընկան ռուսական գործարար շրջանակների կողմից հողերի գնման ծրագրի տակ։ Այս լույսի ներքո աբխազական ընդդիմության կողմից Սուխումում իրականացված զանգվածային բողոքի ցույցերը բավականին հստակորեն ցույց են տալիս ցույցերի կազմակերպիչների դրդապատճառը։
Դրա հետ մեկտեղ, վրացիներին իրենց հոծ բնակության վայրերից վտարելու հարցը չի համարվել Թուրքիայից իսլամացած աբխազների անարգել հայրենադարձման միակ միջոցը։ Դեռևս 2017 թ. փորձագետների շրջանում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Թուրքիան միջոցներ է նախապատրաստում Աբխազիայի երկրորդ ամենամեծ և կարևոր էթնիկ խմբի՝ աբխազահայերի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելու համար։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Աբխազիայում «վրացական հարցը» պետք է լուծվեր մինչև 2025 թ., որից հետո հերթը կհասներ հայերին(11)։ Հետաքրքիր է, որ աբխազ արմատական ազգայնականների շրջանում բացահայտ հակահայկական հռետորաբանությունը հայտնի դարձավ հենց 2025 թ. նախաշեմին, ինչպես նշված է 8 տարի առաջ հրապարակված տվյալների մեջ։ Դ. Բահչելիի խնդրանքը Հ. Ֆիդանին, որը հայտնվեց ԶԼՄ-ների ձեռքում, միայն հաստատում է ազգամիջյան հողի վրա Աբխազիայի ապակայունացման գործընթացներին Թուրքիայի անմիջական մասնակցության փաստը և այդ հանրապետության հետագա դուրսբերումը Ռուսաստանի ազդեցության գոտուց։
Գործողությունների ծրագիրը, որը Բահչելին առաջարկում է ԱԳ նախարար և Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար Ֆիդանին, ներառում է ազգային փոքրամասնության դեմ բռնի գործողություններին նախապատրաստվելու դասական մեթոդներ։ Այստեղ կան նաև հայկական համայնքի ներսում ահաբեկչական տարրերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին սովորական հիշատակումներ, ինչն ուղղակիորեն վկայում է հայ համայնքի քաղաքացիական ակտիվությունն աբխազ ազգայնականների հետ համատեղ չեզոքացնելու և նրա ազդեցությունը ճնշելու ցանկության մասին։ Նկատի ունենալով, որ աբխազահայերը թուրքական կողմնորոշման գաղափարի ի սկզբանե հակառակորդներն են և խոչընդոտ են համարվում մուհաջիրների զանգվածային վերաբնակեցման ծրագրին, պետք է հասկանալ, որ թուրքական իշխանությունները և աբխազ արմատական ազգայնականների շրջանում նրանց դաշնակիցները համարում են, որ աբխազահայերը կլինեն Մոսկվայի հնարավոր աջակիցները, ովքեր կարող են հօգուտ Ռուսաստանի գերակշռել հետագա քաղաքական գործընթացներն Աբխազիայում։ Հետևապես, ենթադրյալ ծրագրվող հակահայկական բռնի միջոցառումներն առաջին հերթին ուղղված են ՌԴ-ի և Աբխազիայում նրա ազդեցության դեմ։
Եվ, այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ Դ. Բահչելիի ստորագրած փաստաթուղթը, որը հայտնվել է ԶԼՄ-ների տրամադրության տակ, հենց Անկարան է միտումնավոր տարածել։ Դա կարող էր արվել՝ Աբխազիայում թուրք էմիսարների չափազանց եռանդուն գործունեությունից Մոսկվայի ուշադրությունը վաղաժամկետ նախագահական ընտրությունների նախաշեմին շեղելու համար։ Ենթադրաբար, թուրքական հատուկ ծառայությունների «աբխազական խառնաշփոթը», որը հազիվ թե աննկատ մնաց նրանց ռուս գործընկերների կողմից, կապված է բացառապես «հայ ահաբեկչական տարրերի» հետ, որոնք ժամանակին խնդիրներ են առաջացրել Անկարայի դաշնակից Բաքվի համար։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում Ադրբեջանի հիշատակումը, թուրքական իշխանությունների մտահղացմամբ, կարող է լրացուցիչ դրդապատճառներ ստեղծել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման համար, ինչն այս փուլում կարող է ձեռնտու լինել Թուրքիային։ Հակառակ դեպքում, թուրքական իշխանությունների մեծ բացթողում պետք է համարել այն, որ գաղտնի փաստաթուղթը հայտնվել է ԶԼՄ-ներում, ինչը հազվադեպ է լինում թուրք քաղաքական գործիչների սովորաբար կանոնավոր աշխատանքում։
Այսպես թե այնպես, հարկ է նշել, որ Աբխազիան ներքաշվել է Ռուսաստանի և Թուրքիայի դիմակայության մեջ, անկախ նրանից, որ երկու կողմերն էլ պաշտոնապես փորձում են խուսափել այդ փաստի հաստատումից։ Աբխազիայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են ճակատագրական դառնալ հենց հանրապետության և նրանում բնակվող էթնիկ խմբերի համար։ Սակայն Սուխումի ամբոխահաճո շրջանակները երկու տերությունների միջև կատաղի մրցակցությունը սխալմամբ մեկնաբանում են որպես մերձսևծովյան հանրապետության լիարժեք անկախության հասնելու հարմար հնարավորություն։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 01.02.2025 թ.:
(2) «Աբխազիայի հայերին չեզոքացնելու թուրքական փորձերը». Narod.am (ռուս.), 23.01.2025, https://narod.am/archives/1518 (բեռնման օրը՝ 27.01.2025):
(3) «Աբխազիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել նախագահին։ Ընդդիմությանը և իշխանություններին հաջողվեց համաձայնության գալ». BBC NEWS (ռուս.),, 19.11.2024, https://www.bbc.com/russian/articles/c2dl8kk8gn0o/ (բեռնման օրը՝ 27.01.2025):
(4) «Ի՞նչն է Աբխազիայի բողոքի ձեռնարկների պատճառ դարձել», Ведомости (ռուս.), 13.11.2024, https://www.vedomosti.ru/politics/articles/2024/11/13/1074619-chem-vizvani-protesti-v-abhazii/ (բեռնման օրը՝ 26.01.2025):
(5) «Սև անցք Սոչիի մոտ. Պետդուման նշեց Աբխազիայում հակառուսական բողոքների պատճառը», RTVI (ռուս.), 12.11.2024, https://rtvi.com/news/chernaya-dyra-ryadom-s-sochi-v-gosdume-nazvali-prichinu-antirossijskih-protestov-v-abhazii/ (բեռնման օրը՝ 25.01.2025):
(6) «Թուրքիան պարզապես սպասում է, որ Ռուսաստանը կգժտվի Աբխազիայի հետ», «Московский Комсомолец» (ռուս.), 10.12.2024, https://www.mk.ru/politics/2024/12/10/turciya-tolko-i-zhdet-chto-rf-possoritsya-s-abkhaziey.html (բեռնման օրը՝ 27.01.2025):
(7) Վլադիմիր Պոպով, «Արդյո՞ք «թուրքական ափը» կդառնա «աբխազական ափ», ՀԱՊԿ դաշնակիցներ (ռուս.), 23.03.2020, https://odkb-info.org/news/tema-nomera/960/ (բեռնման օրը՝ 26.01.2025):
(8) «Թուրքիան շահագրգռված է, որպեսզի Աբխազիան և Հարավային Օսիան դառնան Վրաստանի անբաժանելի մասը – Դեսպան», Մեր Աբխազիան (ռուս.), 01.03.2016, http://abkhazeti.info/news/1456891425.php (բեռնման օրը՝ 27.01.2025):
(9) «Դողու Փերինչեք. Ջանքեր կգործադրենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Աբխազիան», «Нужная Газета» (ռուս.), 19.12.2016, https://abh-n.ru/dogu-perinchek-prilozhim-usiliya-chtoby-turciya-priznala-abxaziyu/ (բեռնման օրը՝ 27.01.2025):
(10) «Սուրկով. Թուրքական ընկերությունները դժվար թե Աբխազիայում օբյեկտներ կառուցեն՝ օգտագործելով ռուսական միջոցները», ՏԱՍՍ (ռուս.), 29.12.2016, https://tass.ru/politika/2564433/ (բեռնման օրը՝ 27.01.2025)։
(11) Սարգսյան Ա., «Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն Աբխազիայում», Նոյյան Տապան, 13.04.2017, https://www.nt.am/ru/news/237251/ (բեռնման օրը՝ 26.01.2025):