Կենտրոնական Ասիայում Թուրքիայի քաղաքականության մարտահրավերների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 30.04.2025 թ.(1)
04.04.2025 թ. Սամարղանդում կայացած «Կենտրոնական Ասիա–ԵՄ» գագաթնաժողովի արդյունքներով Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, հաստատվում է իրենց աջակցությունը ՄԱԿ-ի N541(1983) և N550(1984) բանաձևերին, որոնք դատապարտում են չճանաչված, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (ՀԿԹՀ) հռչակումը և կոչ են անում բոլոր երկրներին չճանաչել այն։ Ի թիվս այլ խնդիրների, Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունները հաստատել են Կիպրոսի Հանրապետության հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու իրենց մտադրությունը՝ Եվրամիության հետ մերձեցման նպատակով։ Աստանան, Տաշքենդը և Աշխաբադը արդեն համաձայնության են եկել Նիկոսիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և դեսպանություններ բացելու նպատակով:
Լուրը աղմկահարույց դարձավ՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի ինտեգրման ծրագրերը, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են սովորական երևույթ և տարեցտարի ընդգրկում են Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների կենսագործունեության նորանոր ոլորտներ։ Տեղի ունեցածի առնչությամբ անսպասելության հիմնական ցուցիչը պետք է համարել հենց Թուրքիայի արձագանքը, որի հասարակությունն ու իշխանություններն ակնհայտորեն անակնկալի են եկել այդ փաստաթղթից։ Դատելով թուրքական ԶԼՄ-ների արձագանքներից՝ վերջին տարիների ընթացքում Անկարան հետևողականորեն վարել է ԹՊԿ շրջանակներում ինտեգրման ձեռքբերումները հզոր քաղաքական ակտիվի վերածելու քաղաքականություն, սակայն նշված իրադարձությունը ցույց տվեց, որ «Կենտրոնական Ասիայի եղբայրական երկրներն առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանեցին թուրքերին»: Պետք է ենթադրել, որ հենց Հյուսիսային Կիպրոսի հարցը պետք է դառնար միջազգային ասպարեզում ԹՊԿ-ի քաղաքական արդյունավետության գլխավոր փորձաքարերից մեկը՝ ցույց տալով միմյանց կարողությունը՝ առավել կարևոր խնդիրների լուծման գործում հավաքական մոտեցման և փոխօգնության առումով: Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը ԹՊԿ է մտցրել դիտորդ-երկրի կարգավիճակով՝ հույս ունենալով չճանաչված հանրապետության կողմից ձեռք բերել լրացուցիչ միջազգային հարթակ, որը կամրագրի նրա սուբյեկտիվության իրավունքը։ Անկարան միանշանակ հույսը դրել էր թյուրքական երկրների ըմբռնման վրա՝ ակնկալելով, որ հեռանկարում հենց Կենտրոնական Ասիայից կսկսվի ՀԿԹՀ-ի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն թյուրքական հանրապետությունները Կիպրոսի հարցում թուրքական ռազմավարությունից անսպասելիորեն շրջադարձ կատարեցին, ընդ որում՝ առանց Անկարային տեղյակ պահելու, որն, ինչպես թվում էր, արդեն իսկ բավականաչափ ազդեցության լծակներ ուներ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների հայեցակարգային արտաքին քաղաքական որոշումների վրա։
Տեղի ունեցածը, նախևառաջ, վկայում է այն մասին, որ Կենտրոնական Ասիայի երկրների պատկերացումներում Թուրքիան այս պահին հասել է տարածաշրջանում միջամտության առավելագույն թույլատրելի մակարդակի, որից այն կողմ թյուրքական հանրապետություններին սպառնում է ինքնուրույնության կորուստ։ ԹՊԿ-ում միասնական այբուբենի, ուսումնական ծրագրերի, գիտական և պատմական չափորոշիչների անցմանն ուղղված գործընթացների և բոլոր անդամների համար միասնական պետական լեզու ներդնելու մասին Անկարայից արդեն հնչեցված ցանկության ֆոնին, Կիպրոսի վերաբերյալ նրանց ընդունած հայեցակարգային որոշումը կոչված է հակակշռելու Անկարայի մշակութային-քաղաքակրթական արշավի ընդլայնմանը, ինչը հետևողականորեն դրսևորվել է Կենտրոնական Ասիայի ներքին գործերին և յուրաքանչյուր ԹՊԿ անդամ-երկրի ներքաղաքական դաշտում աշխարհաքաղաքական միջամտության տեսքով։
Ժամանակին Թուրքիան այդ տարածաշրջանի նկատմամբ հասանելիություն էր ստացել այն պատճառով, որ թյուրքական հանրապետությունները ձգտում էին չեզոքացնել տարածաշրջանի վրա հետխորհրդային Ռուսաստանի չափազանց մեծ ազդեցությունը և հավասարակշռել ՉԺՀ-ի ինտենսիվ ներթափանցումը Կենտրոնական Ասիա։ Կենտրոնական Ասիայի հանրապետություններին անհրաժեշտ էր ինտեգրման ձևաչափ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հավաքականորեն ավելի արդյունավետ կերպով խուսավարելու համար, որոնցից մեկը ձգտում էր իր ավանդական շահերի գոտում պահպանել ԽՍՀՄ «Կենտրոնական Ասիայի ժառանգությունը», մյուսը՝ շահավետ հենադաշտ ձեռք բերել մայրցամաքում հետագա քաղաքական և տնտեսական ծավալման համար։ Ինտեգրման հիմքում, ինչպես սպասվում էր, դրվել է թյուրքական հանրապետությունների էթնիկական և լեզվական ինքնությունը, որը հնարավորինս ապահովում է այդ սուբյեկտների ամրակապերի ընդհանրությունը՝ չնայած նրանց միջև առկա բազմաթիվ հակասություններին և պատմական բախումներին։
Գաղափարը կյանքի կոչվեց ոչ առանց հավաքական Արևմուտքի օգնության, որը Թուրքիային նշանակել էր նախագծի օպերատոր և նրան ապահովել անհրաժեշտ քաղաքական աջակցությամբ։ Երեք տասնամյակի ընթացքում «թյուրքական աշխարհի վերածննդի» ծրագիրը պետք է ազգային-լեզվական ինքնության հիմքի վրա զարգացներ մշակութային-քաղաքակրթական ազգակցականությունը, որը բացակայում էր կամ, ավելի ճիշտ, կորսվել էր Օսմանյան Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի ազգակից ազգությունների զարգացման վեկտորների պատմական տարանջատման պատճառով։ Հանրագումարում՝ էթնոլեզվական և մշակութային-քաղաքակրթական ինտեգրումը պետք է հանգեցներ թյուրքերի աշխարհաքաղաքական դաշինքի՝ Անկարայի գլխավորությամբ և ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, նպատակ ունենալով ստեղծել նոր հզոր աշխարհաքաղաքական գործոն, որը կարող է փլուզել Ռուսաստանի և ՉԺՀ-ի խաղը՝ գերիշխանություն հաստատելու պաշարներով հարուստ և Ասիայում ռազմավարական դիրք ունեցող տարածաշրջանում։ Այսպիսով, ԹՊՀ-ն (Թյուրքական պետությունների համագործակցություն), որը հետագայում վերանվանվեց ԹՊԿ, ժամանակի ընթացքում վերածվեց հայեցակարգային նոր կառույցի՝ Մոսկվայի և Պեկինի հետ աշխարհաքաղաքական մրցակցության հավակնություններով: Միջազգային ետնաբեմերում նախագիծն առավել հայտնի է «Մեծ Թուրան» անվամբ, և այն ավելի ստույգ արտացոլում է Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը տարածելու նպատակներն ու միջոցները:
Սակայն այժմ թյուրքական հանրապետությունների կողմից Անկարայի համար ամենացավոտ խնդիրներից մեկի ցուցադրական անտեսումը հստակ վկայում է, որ ԹՊԿ նախագիծը լուրջ բարդություններ է կրում, որոնք հետագայում կարող են հանգեցնել կազմակերպության քաղաքական ճգնաժամի։ Աստանան, Տաշքենդը, Աշխաբադը, այդպիսով, ինտեգրման գործընթացի տարիներին առաջին անգամ խիզախեցին հավաքական ձևաչափով դեմ գնալ թուրքական կամքին և, փաստորեն, խաղալ նրա ազգային շահերի դեմ։ Դա կարող է վկայել այն մասին, որ թուրքական շահերի դիտարկելու ձգտմանը զուգահեռ, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները նաև զգայուն են ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության նշանների նկատմամբ՝ ինչպես իրենց տարածաշրջանում, այնպես էլ Եվրաասիական մայրցամաքում։ Ուկրաինական հակամարտությունն զգալիորեն թուլացրել է Ռուսաստանի դիրքերը Կենտրոնական Ասիայում, իսկ Թրամփի վարչակազմի կողմից նոր սկսված «համաշխարհային պատժամիջոցների պատերազմը» նախադրյալներ է ստեղծել ԵՄ-ի և ՉԺՀ-ի մերձեցման համար։ Սա վերաբերում է ինչպես Բրյուսելի համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագծի նշանակության աճին, այնպես էլ պաշարներով ու ժողովրդագրական ներուժով հարուստ Կենտրոնական Ասիային «հասնելու» հնարավորությանը, որտեղ Չինաստանը երկար տարիներ իրականացնում է տնտեսական ընդլայնում։
Ըստ էության, ԵՄ-ն՝ այժմ արդեն ԱՄՆ-ից առանձին, ձգտում է նոր կարևոր խաղացող դառնալ Կենտրոնական Ասիայի հարթակում և պատրաստ է այս նախաձեռնության մեջ ամբողջովին հենվել Պեկինի վրա։ Տեսականորեն դա ենթադրում է ուժերի նոր հավասարակշռություն՝ ՌԴ կողմից ազատագրված տարածքը լրացնելով և Թուրքիային ստիպելով զգալի չափով ետ քաշվել տարածաշրջանում։ Անկարայի համար անբարենպաստ դասավորություն է ստեղծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ տեղական վերնախավերի առավել ինքնուրույնության ձգտումը, զուգորդված թուրքերի հետ մրցակցող գլոբալ խաղացողների ֆինանսատնտեսական ակտիվության հետ,, համահարթեցնում է Անկարայի՝ իր անվիճելի ազդեցության տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերը։
Տարիներ շարունակ Թուրքիան հետևողականորեն ներդրումներ է կատարել թյուրքական հանրապետությունների հետ մշակութային և քաղաքակրթական կապերի հաստատման ծրագրերում, կրթական և կրոնական ինտեգրման նախագծերում, ինչպես նաև քաղաքական նախաձեռնություններում, որոնք ուղղված են «Մեծ Թուրանի» ժողովուրդների պատմական ընդհանրության» սրբազնացմանը: Սակայն նրա «փափուկ ուժին» առարկայորեն չբավականացրեց ֆինանսատնտեսական բաղադրիչը, որը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ամենաարդյունավետ մեթոդն է։
Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության մեջ Թուրքիան պարտվում էր և՛ Ռուսաստանին, և՛, հիմնականում, Չինաստանին։ Եվ դա առարկայական իրողություն է, քանի որ Անկարան իր աշխարհաքաղաքական հավակնությունների հետ համադրելի ֆինանսատնտեսական հզորություն չունի։ Իսկ այժմ Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններն ունեն նոր ֆինանսական աղբյուր՝ ի դեմս ԵՄ համախմբված ներդրումային հիմնադրամների, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարելու Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի զարգացող տնտեսություններում։ Պատահական չէ, որ Սամարղանդի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ԵՄ-ը Կենտրոնական Ասիայի երկրների համար 12 մլրդ եվրոյի ներդրումների առաջին փաթեթն է պատրաստել Global Gateway («Գլոբալ Դարպաս») ծրագրի շրջանակներում ու թվարկել է համագործակցության 4 առաջնահերթ ուղղությունները՝ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցք, կարևոր նշանակություն ունեցող հումք (ածխաջրածիններ, հազվագյուտ մետաղներ), «կանաչ էներգետիկա» և թվային կապ: Տարածաշրջանի երկրներին սա զգալի աջակցություն է, որն ապագայում միայն կաճի, եթե Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքները հաշվի առնեն և աշխատեն ԵՄ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների շրջանակում։ Ֆոն դեր Լայենը գրեթե ուղղակիորեն հասկացրել է իր գործընկերներին, որ Բրյուսելի համար չափազանց կարևոր է կնքված գործարքի քաղաքական բաղադրիչը՝ բառացիորեն հայտարարելով, որ Եվրոպան ներդրումների դիմաց Կենտրոնական Ասիայի հանրապետություններից ակնկալում է ածխաջրածիններ, հազվագյուտ մետաղներ և «քաղաքական երկխոսություն»։ Հենց վերջին պայմանը կատարելու իրենց պատրաստակամության հաստատման համար էր, որ թյուրքական 3 մայրաքաղաքներ ստորագրեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» չճանաչման մասին հռչակագիրը, ինչն ուժեղ հարված էր «եղբայրական» Անկարայի ինքնասիրությանն ու հեռահար ծրագրերին։
Տեղի ունեցածը հարկ է համարել խոշոր պարտություն Թուրքիայի համար, որը չկարողացավ թյուրքական հանրապետություններին առաջադրել ԵՄ-ն տարածաշրջանային մեծ խաղի մեջ ներգրավելու իր պայմանները։ Հնարավոր է, այնուամենայնիվ, որ նման պայմաններ առաջ են քաշվել, սակայն ԹՊԿ-ի դաշնակիցները ոչ իրատեսական են համարել դրանց ընդունումը՝ աշխարհում եվրոպական ներդրումների ներհոսքի համար մրցակցային պայքարի պայմաններում։ Ի հակադրություն, եվրոպական համերաշխությունը կրկին ցույց տվեց իր արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների կողմից միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին պաշտոնական հաղորդագրությունն Աթենքի և Նիկոսիայի արդյունավետ աշխատանքի արդյունքն էր, որոնք իրենց համաձայնությունն են տվել թյուրքական պետություններում ԵՄ ներդրումային ծրագրին՝ մեն մի պայմանով, որ պահպանվեն հունական շահերը։ Իսկ լայն իմաստով՝ Բրյուսելը հարված հասցրեց ոչ միայն Թուրքիայի քաղաքականության «կիպրական քեյսին», այլև «Մեծ Թուրան» նախագծի «թուրքական տեսլականին»՝ ցույց տալով, թե որքան փխրուն է ԹՊԿ-ի համերաշխությունը և որքան այն անմրցունակ է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հարուստների և ուժեղ խաղացողների հարաճուն ճնշման ու տնտեսական ծավալման պայմաններում։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 22.04.2025 թ.: