ԱՊՀ, Արևմուտք, Հարավ-Արևելյան Ասիա, Հարավային Ամերիկա, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև

Սեղմագիր

Բերվում են գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դասական (1980) և նորացված (2013) սահմանումները։ Աշխարհի «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի օրինակով դիտարկվում է «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը, հաշվարկվում դրա «լարվածությունը»։ Այն համեմատվում է չորս տարածաշրջանային հակամարտությունների «լարվածության» հետ։ Վերլուծվում է Արցախյան հակամարտությունում ռազմատեխնոլոգիական բաղադրիչը, նկարագրվում է այստեղ առաջացած անհավասարակշիռ վիճակը, բնորոշ «Հարավի» և «Հյուսիսի» միջև դիմակայությանը։

МЕЖДУ ГЛОБАЛЬНЫМ «ЮГОМ» И «СЕВЕРОМ»
Марджанян А. А.

Аннотация

Приводятся классическое (1980 г.) и модифицированное (2013 г.) определения глобальных регионов «Юг» и «Север». На примере карты «Войны и мира» иллюстрируется противостояние стран глобального «Юга» и «Севера». Рассчитана «напряженность» этого противостояние, которая сравнивается с «напряженностью» четырех различных региональных конфликтов. Анализируется военно-технологическая составляющая в Арцахском конфликте, описывается возникшая здесь неравновесная ситуация, характерная для противостояния «Юга» и «Севера».

BETWEEN GLOBAL “SOUTH” AND “NORTH”
Marjanyan A. H.

Summary

The classic (1980) and modified (2013) definitions of the global “South” and “North” regions are given. The confrontation between these regions is analyzed on the map of “War and Peace”. The “intensity” of this confrontation is calculated and compared with “intensity” of four different regional conflicts. The military-technological component of the Nagorno-Karabakh conflict is analyzed, and the state of imbalance created here is discussed.

Արա Հ. Մարջանյան(1)(2)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մինչ վերջերս, ամեն տարի ապրիլի 24-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը մեզ համար խորհրդանշում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբալի օրվանից անցում դեպի Սարդարապատի ճակատամարտի (1918 թ.), Մեծ հաղթանակի (1945 թ.) և Շուշիի ազատագրման (1992 թ.) «Մայիսյան Եռատոն»։ Երեք տասնամյակ դա էր ինքնազգացողության և ինքնության մեր տոմարը, պատմաքաղաքական խոսույթի մեր մետրոնոմը։

Այսօր, ցավոք, դա այդպես չէ։ Այսօր այն անցնում է ներքաղաքական ցնցումների պայմաններում, ուղեկցվելով հուսալքության ու ապատիայի նշաններով: Որո՞նք են մեր կորուստների ու պարտության պատճառները, շրջելի՞ են, արդյոք, դրանց հետևանքները։ Ի՞նչ դասեր պետք է քաղել մեր անհաջողություններից, և ի՞նչ պետք է անել այսօր ու վաղը՝ դրանք բեկելու համար։ Ընդհանրապես, ո՞րն էր անցած 30 տարիների իմաստը, և ունեի՞ն արդյոք դրանք որևէ իմաստ: Ահա հարցեր, որոնք տանջում են մեր ամբողջ հասարակությանը, միգուցեև՝ համայն հայությանը։

Հոդվածի նպատակը մեր անհաջողությունների և պարտությունների սպառիչ բացատրություն տալը չէ բնավ։ Այն շատ ավելի համեստ է, ու կայանում է նրանում որ, նախ, այս հարցերի ապագա, կարծում ենք՝ անխուսափելի ու անհրաժեշտ, քննարկումների դաշտ բերել որոշ փաստեր, որոնք անծանոթ են մեր վերլուծական հանրությանը, կամ դեռ յուրացված չեն դրա կողմից։

Եվ երկրորդ. վեր հանել գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» ներկայիս դիմակայության գործնական նշանակությունն ու կիրառական կարևորությունը մեզ համար, ընդգծել «նեոգաղութատիրության» խոսույթի նշանակությունը մեր տարածաշրջանում և ողջ աշխարհում աշխարհաքաղաքական արդի դիմակայության համար, պատերազմի ու խաղաղության հարցերում։

1. Vox populi

Նախորդ երկու հոդվածներում [1, 2] դիտարկել էինք Gallup International Association (GIA) կողմից աշխարհի մի քանի տասնյակ երկրներում «Կկռվե՞ք, արդյոք, ձեր երկրի համար» հարցին տրված «Այո», «Ոչ», «Չգիտեմ» պատասխանները (%), ստացված «Հույսի և հուսահատության համաշխարհային բարոմետր»(3) խորագրով հարցումների ժամանակ։ Աշխարհի 45 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այս հարցին 2023 թ. վերջին ստացված պատասխանները նախնական վերլուծության են ենթարկվել [1]-ում: Ըստ այդմ, 2023 թ. վերջին Հայաստանը իր «Այո» պատասխաններով (96%) զբաղեցրել էր 45 երկրների շարքում առաջին տեղը։ Երկրորդը զբաղեցրել էր Սաուդյան Արաբիան՝ 94%, որին հաջորդում էին Ադրբեջանը՝ 88% և Պակիստանը՝ 86%։ «Առաջատարների» հնգյակը եզրափակում էր Վրաստանը՝ 83%: [2]-ում կատարվել էր 2023 թ. արդյունքների ավելի խորացված վերլուծություն։ Բացի այդ, 2023 թ. արդյունքները համեմատվել էին ավելի վաղ՝ 2014 թ. վերջին նույն հարցին տրված պատասխանների հետ, որոնք ստացվել էին GIA համանման հարցման ժամանակ։ Գծ. 1-ում ամբողջացրել ենք 2014 և 2023 թթ. Հայաստանում և Ադրբեջանում տրված պատասխանները։

Գծապատկեր 1. «Կկռվե՞ք, արդյոք, ձեր երկրի համար» հարցի պատասխանները Հայաստանում և Ադրբեջանում՝ ըստ GIA 2014 թ. և 2023 թ. հարցումների։ Աղբյուրը՝ [2].

Ինչպես տեսնում ենք, 2014 թ. վերջին Հայաստանում «Այո» էր պատասխանել հարցվածների միայն 72%-ը, «Ոչ»՝ 23%-ը, ևս 6%-ը չէր կողմնորոշվել(4)։ 2014-ին Ադրբեջանի համար այս ցուցանիշները կազմել էին «Այո»՝ 85%, «Ոչ»՝ 1%, «Չգիտեմ»՝ 13%։ Այլ խոսքերով, 10 տարի առաջ, մեր տարածաշրջանում արյունալի իրադարձությունների նախաշեմին, «իր երկրի համար կռվելու» վճռականությամբ Ադրբեջանը 24 տոկոսային կետով գերազանցում էր Հայաստանին: Իսկ «պացիֆիզմի» առումով, այսինքն` հիշյալ հարցին «Ոչ» պատասխանների քանակով, 2014-ին Հայաստանը գերազանցում էր Ադրբեջանին 23 անգամ։ Ռացիոնալ միտքը շտապում է միարժեք համապատասխանություն տեսնել արձանագրված փաստերի, այս դեպքում՝ հարցումների արդյունքների, և դրանցից (ենթադրաբար) բխող հետևանքների միջև։ Սակայն, այստեղ անհրաժեշտ է շրջահայաց լինել։ Չէ՞ որ հարցումների ընթացքում մտադրությունների մասին ստացված «փաստերը»՝ դեռ հողի վրա գոյացած իրողություններ չեն։ Իսկ այն, ինչ մենք համարում ենք տվյալ «փաստերի» արդյունքում գոյացած «հետևանքներ», կարող են և այդպիսին չլինել։

Այսպես, 2020-23 թթ. մեր պարտությունները կարելի է, իհարկե, բխեցնել նրանից, որ 2014-ի վերջին Ադրբեջանի հետ համեմատած հայ հասարակությունը նվազ վճռական էր պայքարել յուր երկրի, կամ, եթե կուզեք՝ «Հայրենիքի» համար [1]։ Ու 26 անգամ ավելի վճռական էր չկռվել առհասարակ։ Ինչպես գրում է 2020 թ. 44-օրյա պատերազմին նվիրված վերլուծական սակավաթիվ ուսումնասիրություններից մեկի հեղինակը՝ «հայերը պարզապես չներկայացան այս պատերազմին»։ Բայց, ինչպես հիշում ենք բոլորս, 44-օրյա պատերազմի ընթացքում հայ կամավորականների պակաս առանձնապես չզգացվեց, և Հայաստանից էլ արտագաղթը 2020–23 թվականներին առանձնակի աճ չգրանցեց։ Մանավանդ, եթե այս ցուցանիշները համեմատենք Ուկրաինայի կամ ՌԴ հետ։

Ավելի հիմնավոր է այն ենթադրությունը, որ Ադրբեջանի համար «ափսոս» էր չօգտագործել դեռ 2014-ից առկա այսպիսի «նպաստավոր» հանգամանքը՝ «Ղարաբաղի հարցը» իր համար ցանկալի կերպով վերջնականորեն լուծելու նպատակով։ Ճիշտ այնպես, ինչպես որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հասարակությունների արտասովոր «վճռականությունը»՝ 2014-ին կռվել իրենց երկրների համար, ենթադրաբար օգտագործվեց այս երկրները 10 տարի անց ՆԱՏՕ բերելու համար (տես [2]): Այս իրողությունները, ցավոք, չգիտակցված ու չվերլուծված մեր կողմից` պատշաճ մակարդակով և դեռ այն ժամանակ, չար կատակ խաղացին մեր գլխին, հանգեցնելով ինքնահանգստության, չարդարացված ինքնագոհության և անհիմն սպասումների։ Ստիպելով այսօր մեզ դառնությամբ խոսել «հայի ետին խելքի» մասին։

Սակայն, դրանք կարող են դիտվել նաև որպես 2016 թ. Ապրիլյան Քառօրյա պատերազմի հետևանք, երբ ԳՇ պետերի մոսկովյան անհասկանալի հանդիպումից հետո(5) խախտվեց դեռ 90-ականների վերջին կնքված հայ հասարակության «հանրային պայմանագիրը» իշխանությունների հետ, և 2016 թ. ամռանը տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդի գրավումը Երևանում(6)։ Կամ, բացատրվել վերջին 30 տարիների ընթացքում ռազմավարական նշանակության կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման հարցում Ադրբեջանի համեմատ Հայաստանի խրոնիկ ուշացումով ([3], Գլ. 3): Կամ, դիտվել որպես 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմին Թուրքիայի դերակատարման թերագնահատում(7): Ի վերջո, դրանք կարելի է մեկնաբանել և որպես 2018 թ. գարնան «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հետևանքով ներքաղաքական կայունության և վերահսկելիության կորստի հետևանք։

2. Տարածաշրջանային հակամարտությունների «լարվածությունը»

Վերը բերված բոլոր բացատրությունները գոյության իրավունք ունեն, բայց դրանք բոլորն էլ հեռու են ամբողջական լինելուց։ Մեզ համար այստեղ «տնային աշխատանքը» դեռ առջևում է։

Սակայն փաստ է, որ 10 տարի անց, կրած պարտություններից ու կորուստներից հետո, «Այո» պատասխանները Հայաստանում 2023 թ. վերջին կազմել են ռեկորդային՝ 96%, վերջապես գերազանցելով Ադրբեջանի «Այո» պատասխանները։ Փաստ է նաև, որ երկու պատերազմ անց, «Ոչ» պատասխանները ՀՀ-ում նվազել են 11.5 անգամ, իսկ «չկողմնորոշվածների» թիվը պակասել է 3 անգամ։

Միգուցե այսօր սա առանձնակի սպեղանի չէ, բայց այս թվերը վկայում են կարևոր մի իրողության մասին։ Այն ընդգծելու համար կօգտագործենք տարածաշրջանային հակամարտությունների «լարվածության» («накал») հասկացությունը, որը սահմանել էինք [2]-ում։ Այն հիմնված է վերջին 10 տարիների ընթացքում (2014–2023 թթ.) տվյալ տարածաշրջանային հակամարտությունում ներգրավված բևեռային զույգ երկրներում իրենց երկրների համար կռվելու «վճռականության» արժեքների վրա։ Դրանց միջին արժեքը անցած 10 տարիների համար և հանդիսանում է տվյալ հակամարտության «լարվածության» աստիճանը (%)(8)։

Աղյուսակ 1.

Չորս տարածաշրջանային հակամարտությունների «լարվածության» աստիճանը (%) անցած տասնամյակում՝ ըստ GIA 2014 և 2023 թթ. հարցումների Աղբյուրը՝ [2]

Աղ. 1-ում բերում ենք չորս տարածաշրջանային հակամարտությունների՝ ՌԴ Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ) Ուկրաինայում, իսրայելա–պաղեստինյան(9), հնդ-պակիստանյան և Արցախյան հակամարտություններում ներգրավված երկրների «վճռականությունների» («Այո» պատասխաններ, %), և հակամարտությունների «լարվածության» աստիճանը, որը Աղ. 1-ում նշված է կարմիր գույնով (մանրամասների համար տես [2])։ Ինչպես տեսնում ենք, անցած 10 տարիների ընթացքում դիտարկված հակամարտությունների շարքում Արցախյան հակամարտության «լարվածությունը» առավելագույնն է՝ 85.3%, Ադրբեջանի՝ 87% և Հայաստանի՝ 84% «վճռականության» պայմաններում։ Մասնավորապես, այն 31.5 տոկոսային կետով գերազանցում է Ուկրաինական ՀՌԳ «լարվածությանը» (53.8%)(10):

Թե ինչու ենք Աղ. 1-ում Ադրբեջանը, Իսրայելը և ՌԴ-ն գունավորել կապույտով, հասկանալի կդառնա ստորև։ Իսկ այժմ արձանագրենք հետևյալը։

Երկու պատերազմ անց, Արցախի հայաթափումից ու ԼՂՀ «լուծարումից» հետո անգամ, Արցախի հարցը մնում է լարված, ու այս առումով տակավին «փակված չէ»։ Եվ ոչ էլ «Պատմությունն է ավարտված», ինչպես որ դա կարծում էին որոշ ռազմավարագետներ՝ դեռ անցած դարի վաղ 90-ականներին։

Ի դեպ, դա հստակորեն հասկանում են թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, այստեղից էլ բխում են Հայաստանի վրա նրանց կողմից գործադրած ներկայիս ճնշումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից մինչև ենթակառուցվածքային շրջափակում և սպառազինման նոր ալիք (տես ստորև)։ Հարցի «լարվածությունը» մնում է բարձր նաև Ադրբեջանի կողմից ներկայումս վարվող աշխարհաքաղաքականության որոշ առանձնահատկությունների շնորհիվ։ Ինչը, թեև անմիջականորեն չի արտացոլվում GIA 2014 և 2023 թթ. հարցումների արդյունքներում, սակայն դառնում է տեսանելի դրանց ավելի խորը վերլուծության ժամանակ [2]։ Սակայն, մինչ այս հարցին անդրադառնալը, հարկ է հիշեցնել գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դասական և արդի սահմանումները, բերել Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող այն մանրամասները, որոնք միտումնավոր դուրս էինք թողել ռուսերեն մեր աշխատությունում [2]։

3. Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջաններ

Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների(11) մասին խոսել էինք դեռ 2018-ին [4], շատ ավելի վաղ, քան երկար մոռացությունից հետո դրանց դիտարկումը կրկին մոդայիկ դարձավ։ Այս տարածաշրջանների սահմանումը սկիզբ է առնում անցած դարի 70-ին ստեղծված և ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային զարգացման խնդիրների անկախ հանձնաժողովի աշխատանքներից [5], որը գլխավորեց Վիլի Բրանդը(12) («Բրանդի հանձնաժողով»): Հանձնաժողովի առաջին զեկույցում (1980 թ.) ներմուծվեց, այսպես կոչված ,«Բրանդի գիծ» հասկացությունը՝ հիմնված երկրների տեսակարար ՀՆԱ-ի ցուցանիշի (ԱՄՆ $/մարդ, ընթացիկ գներ) վրա, որն աշխարհը բաժանեց «զարգացած և հարուստ» Հյուսիսի և «զարգացող ու աղքատ» Հարավի: Քարտեզ 1-ում բերում ենք Բրանդի «1-ին հանձնաժողովի» դասական քարտեզը, որտեղ պատկերված է նաև «Բրանդի գիծը»։

Քարտեզ 1. Դասական «Բրանդի գիծը»՝ գլոբալ «Հյուսիսի» և «Հարավի» միջև։
Աղբյուր՝ [4].

Ինչպես տեսնում ենք, այն անցնում է մոլորակի հյուսիսային կիսագնդի մոտավորապես 30o լայնության երկայնքով՝ ԽՍՀՄ արևելյան վերջնամասում կտրուկ շրջվելով դեպի հարավ, ներառելով Ճապոնիան ու Ավստրալիան, բայց դուրս թողնելով Հր. Կորեան ու ողջ Հարավ-արևելյան Ասիան «Հյուսիս» տարածաշրջանից։

Բրանդի «1-ին հանձնաժողովի» եզրակացությունները խորացվեցին 1983-ին Հանձնաժողովի 2-րդ զեկույցում [4]: Կառուցողական քննադատության հետևանքով անհրաժեշտ համարվեց ընդլայնել «Բրանդի գծի» մոնոտնտեսական սահմանումը և «տեսակարար ՀՆԱ» ցուցանիշից բացի դիտարկումների մեջ ներառել երկրների սոցիալական և ժողովրդագրական որոշ ցուցանիշներ։ «Հյուսիս» տարածաշրջանի երկրների համար հատկանշական համարվեց ոչ միայն տեսակարար ՀՆԱ-ի մեծ արժեքը (ավելի քան $10.7 հազ./մարդ, 2010 թ. հաստատուն ԱՄՆ դոլար), այլև քաղաքային բնակչության գերակայումը, բարձրագույն կրթությամբ բնակչության հատվածի շոշափելի մասնաբաժինը և բնակչության, այսպես կոչված, «շրջված» սեռատարիքային դիագրամը (Քարտեզ 1)։ Հակառակը, «Հարավ» տարածաշրջանի երկրներին բնութագրական է բրգածև սեռատարիքային դիագրամը` հատկանշական «Պատանյաց բողջով» («Youth bulge»)(13), և գյուղական բնակչության գերակայումը՝ բարձրագույն կրթությամբ բնակչության համեմատաբար ցածր մակարդակով։

Բնութագրական է, որ այս կերպ ընդլայնված «Բրանդի գիծ» հասկացությունը գրեթե փոփոխության չենթարկվեց «Հյուսիսի» և «Հարավի» կոնֆիգուրացիայի գծանշման պարագայում, և այս կերպ սահմանված քարտեզը գրեթե չտարբերվեց Քարտեզ 1-ից: Ընդգծենք, որ Հայաստանը (ավելի ճիշտ՝ ՀԽՍՀ-ն) ներառված էր զարգացած և հարուստ «Հյուսիս» տարածաշրջանում թե՛ «Բրանդի գծի» դասական (1977-80 թթ.), թե՛ դրա ընդլայնված (1983–85 թթ.) սահմանման պարագայում:

20-րդ դարի վերջին երկու իրողություններ՝ ԽՍՀՄ փլուզումը 1991-ին և տեղեկատվության ու կապի տեխնոլոգիաների շեշտակի զարգացումը հիմնովին փոխեցին իրավիճակը։ Այս հիմնական գործոնները իրենց գրեթե միաժամանակյա (և փոխկապակցված) ի հայտ գալով հանգեցրին անհավասարության խորացմանը, «թվային» ու «բովանդակային» խզման երևույթներին [4]։ Անհրաժեշտ էր էականորեն նորացնել «Բրանդի գծի» սահմանումը, դրանում ներառելով երկրների տեխնոլոգիական պատրաստվածության (technology readiness), մասնավորապես՝ ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիաների (ԻԿՏ) ոլորտի զարգացման ինտեգրալ ցուցանիշները [3, 4]։ Ի տարբերություն «Բրանդի գծի», 1980–85 թթ. փուլի ընդլայնմանը, այս կերպ մոդիֆիկացված «Բրանդի նոր գիծը» (տե՛ս Քարտեզ 2», նշված է կարմիրով) էականորեն փոփոխեց գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների կազմը։

Այսպես, «Հյուսիս» տարածաշրջան մտավ Հր. Կորեան (բայց ոչ Չինաստանը), իսկ, Արևելյան Եվրոպայում «Հյուսիսից» դուրս հայտնվեցին մի շարք երկրներ (Ուկրաինա, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլն)։ «Հյուսիսից» դուրս մնացին նաև նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետությունները, բացի Բալթյան երկրներից, ՌԴ-ից և Ադրբեջանից (Քարտեզ 2

Քարտեզ 2. «Բրանդի նորացված գիծը»։ Աղբյուր՝ [4].

«Բրանդի նոր գծով» սահմանված «Հյուսիսից» դուրս մնաց նաև Հայաստանի 3-րդ Հանրապետությունը(14)։

4. Գլոբալ «Հարավը» և «Հյուսիսը»` «Պատերազմի և Խաղաղության» քարտեզում

Վերադառնանք GIA կողմից աշխարհի 45 երկրներում 2023 թ. վերջին անցկացված «Կկռվե՞ք, արդյոք, ձեր երկրի համար» հարցման պատասխաններին։ Արդյունքների որակական պատկերը ստանալու համար [2]-ում կառուցել էինք ա. կ. «Պատերազմի և Խաղաղության» քարտեզը, որը արտապատկերում ենք Գծ. 2-ում։

Հիշեցնենք, որ այս քարտեզում դիտարկված 45 երկրները զբաղեցնում են իրենց ուրույն տեղերը կախված այն բանից, թե ինչքանով են տարբերվում երկրներում արձանագրված «Այո», «Ոչ», «Չգիտեմ» պատասխանները դրանց միջին արժեքներից։ Տեխնիկական մանրամասները շարադրված են [2]-ում, այստեղ միայն հիշեցնենք, որ այն երկրները, որոնց «Այո» պատասխանները ավելին են քան «Այո» պատասխանի միջին արժեքը 45 երկրների համար, գտնվում են քարտեզի վերին հատվածում՝ I և IV քառորդներում։ [2]-ում դրանք անվանել էինք համապատասխանաբար՝ «Վճռական երկրների» և «Անվճռական մարտիկների» քառորդներ:

Գծապատկեր 2. «Պատերազմի և Խաղաղության» քարտեզը՝ GIA 2023 թ. հարցման արդյունքներով։ Աղբյուրը՝ [2]:

2023 թ. արդյունքներով Հայաստանը գտնվում է «Վճռական երկրների» I քառորդի վերին աջ հատվածում՝ «Մարտիկների» ենթախմբում՝ Ս. Արաբիայի, Ադրբեջանի, Պակիստանի և Վրաստանի հետ միասին, Գծ. 2։ Քարտեզի ստորին հատվածում՝ II և III քառորդներում տեղ են գտել այն երկրները, որտեղ «Այո» պատասխանները փոքր են «Այո» պատասխանի միջինից։ III քառորդը, որտեղ«Այո» պատասխանները փոքր են, իսկ «Ոչ» պատասխանները մեծ են միջին արժեքներից, անվանել էինք «Պացիֆիստների» քառորդ։ Իսկ II քառորդը, որտեղ և՛ «Այո», և՛ «Ոչ» պատասխանները փոքր են միջիններից, անվանել էինք «Անվճռական պացիֆիստների» քառորդ։ Գծ. 2-ում տարբեր քառորդներում հայտնված երկրները բերվում են իրենց ուրույն գունավորմամբ, իսկ տվյալ երկիրը ներկայացնող «պղպջակի» տրամագիծը համապատասխանում է «Չգիտեմ» անորոշ պատասխանների արժեքին։

Հիշելով «Բրանդի նորացված գիծի» վերը բերված սահմանումը (Քարտեզ 2) նկատենք, որ GIA 2023 թ. հարցումով դիտարկված 45 երկրներից 15-ը պատկանում է արդի գլոբալ «Հյուսիս» տարածաշրջանին, իսկ մնացած 30-ը՝ «Հարավին»։

Այժմ պատրաստ ենք կատարելու սույն հոդվածի առաջին էական դիտարկումը։ «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի վերին հատվածում, որտեղ գտնվում են իրենց երկրի համար կռվելու հարցում «վճռականորեն» տրամադրված 21 երկրները, տեղ են գտել միայն գլոբալ «Հարավի» երկրները, միայն մեկ բացառությամբ՝ Ադրբեջանի, որն ըստ «Բրանդի նորացված գծի», պատկանում է գլոբալ «Հյուսիս» տարածաշրջանին(15)։ Բայց իր բարձր «Այո» և ցածր «Ոչ» պատասխանների շնորհիվ հայտնվել է «Վճռական երկրների» I քառորդում։ Ավելին, այդ քառորդի «Մարտիկների» առավել «վճռական» երկրների ենթախմբում (Գծ. 2) ։

Եվ հակառակը, GIA 2023 թ. հարցումով ընդգրկված գլոբալ «Հյուսիսի» բոլոր երկրները բացի Ադրբեջանից հայտնվել են «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի ստորին՝ նվազ «ռազմաշունչ» երկրների հատվածում։ Այսպես, «Պացիֆիստների» III քառորդում հայտնված 20 երկրներից «Հյուսիսի» երկրները կազմում են կեսից ավելին (12 երկիր՝ 60%)։ Ընդ որում, այստեղ առանձնանում է «Պարտվողականների» ենթախումբը՝ կազմված 2-րդ Աշխարհամարտում պարտված «Առանցքի» (Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա) ու դրանց հարող (Ավստրիա, Իսպանիա) երկրներից (Գծ. 2

Մյուս կարևոր դիտարկումը կայանում է «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի հենց կոնֆիգուրացիայի մեջ։ Իսկապես, այն կարծես մի գլոբալ «ճոճանակ» լինի, պայմանավորված գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների երկրների միջև դիմակայությամբ։ Իսկ «Մարտիկների» ենթախումբը՝ առաջին քառորդում, և «Պարտվողականների» ենթախումբը՝ երրորդում, հանդիսանում են այս գլոբալ «ճոճանակի» յուրօրինակ թափքերը, և միևնույն ժամանակ՝ հակակշիռները։ Այսպիսով, «Պատերազմի և Խաղաղության» մեր քարտեզը (Գծ. 2) ակնբախ ցուցադրում է արդի, ետ-գաղափարախոսական մեր ժամանակների հիմնական աշխարհաքաղաքական և քաղաքակրթական դիմակայությունը՝ բազմաբևեռ աշխարհակարգի գոյացումը, դրանում գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև դիմակայության դերակատարումը։

Ասվածը պարզաբանենք թվերով։

Աղյուսակ 2.

«Հարավի» և «Հյուսիսի» գլոբալ դիմակայություն։ «Կկռվե՞ք, արդյոք, ձեր երկրի համար» հարցի պատասխանները (%)՝ ըստ GIA 2014 և 2023 թթ. հարցումների։

Աղ. 2-ում ի մի ենք բերել հիշյալ հարցին «Այո», «Ոչ», «Չգիտեմ» պատասխանները, միջինացված GIA 2014 և 2023 թթ. հարցումներում «Հարավ» տարածաշրջանի բոլոր երկրների (ձախից) և «Հյուսիս» տարածաշրջանի բոլոր երկրների համար (աջից)։ Աղյուսակի կենտրոնում բերում ենք պատասխանների թվաբանական միջինը, հաշվարկված տվյալ հարցման մեջ ընդգրկված բոլոր երկրների համար (45 երկիր՝ 2023-ին, 63 երկիր՝ 2014-ին)։ Աղյուսակի վերջին տողում բերվում են տվյալ պատասխանների միջին արժեքները անցած 10 տարիների համար։

Ինչպես տեսնում ենք, անցած տասնամյակի կտրվածքով գլոբալ «Հարավի» «Այո» պատասխանները (62%) մոտ երկու անգամ գերազանցում են «Հյուսիսի» «Այո»-ին (32%), իսկ «Ոչ»-երը (28%) համարյա երկու անգամ փոքր են «Հյուսիսից» (44%)։ Միաժամանակ, «Հյուսիսի» անորոշ պատասխանները (24%) ավելի քան երկու անգամ մեծ են «Հարավից» (10%)։ Ընդ որում, այս պատկերը գրեթե նույնն է թե՛ 2014 թ., թե՛ 2023 թ. հարցումների արդյունքներում։ Անցած 10 տարում պարզապես մի փոքր նվազել է «Այո» պատասխանների տոկոսը թե՛ «Հյուսիսում» (64-ից՝ 61%), թե՛ «Հարավում» (33-ից՝ 31%), «Հարավում» աճել են «Ոչ» պատասխանները (26-ից՝ 29%), իսկ «Հյուսիսում»՝ անորոշ պատասխանները (23-ից՝ 25%)(16):

Այսպիսով, եթե «Պատերազմի և Խաղաղության» մեր քարտեզում (Գծ. 2) գլոբալ «Հարավը» և «Հյուսիսը» ներկայացված լինեին մեկական՝ ընդհանրական ու պայմանական երկրներով, ապա նրանց միջև դիմակայության «լարվածությունը»՝ ըստ վերը բերված սահմանման, անցած տասնամյակի համար կկազմեր 47%։ Թեև այն զիջում է իրական տարածաշրջանային հակամարտությունների «լարվածության» ցուցանիշներին (Աղ. 1), սակայն մնում է շոշափելի։

Աղյուսակ 3.

2-րդ Աշխարհամարտի արձագանքը։ «Կկռվե՞ք, արդյոք, ձեր երկրի համար»
հարցի պատասխանները (%)՝ «Առանցքի» 3 երկրների և «Արևմտյան կոալիցիայի» 3 երկրների համար։ GIA 2014 և 2023 թթ. հարցումներ

[2]-ում նշել էինք, որ «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի III քառորդում պարփակված, հիմնականում` գլոբալ «Հյուսիսին» պատկանող երկրների միջև նկատելի է որոշակի ներքին դիմակայություն՝ ըստ 2-րդ Աշխարհամարտի «Առանցքի» 3 երկրների (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա) և «Արևմտյան կոալիցիայի» 3 երկրների (ԱՄՆ, ՄԹ, Կանադա)։

Աղ. 3-ում ի մի ենք բերում այս երկրների խմբի պատասխանները, ըստ GIA 2014 և 2023 թթ. հարցումների։ Ինչպես և նախորդ աղյուսակում, վերջին տողում բերվում են դրանց միջինացված արժեքները անցած տասնամյակի համար։

Բերված արդյունքները վկայում են, որ «Արևմտյան կոալիցիայի» երկրների վճռականությունը՝ կռվել սեփական երկրների համար (35%), մնալով միջինից (52%) ցածր, ավելի քան երկու անգամ գերազանցում է «Առանցքի» երկրների վճռականությանը (16%)։ Այսպիսով, գլոբալ «Հյուսիսի» այս երկու խումբ երկրների միջև ներքին դիմակայության «լարվածությունը» կկազմի 25,5%, ինչը համարյա երկու անգամ քիչ է գլոբալ «Հյուսիսի» և «Հարավի» արտաքին դիմակայության «լարվածությունից» (47%, տես վերը)։

Արդի աշխարհում գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը հարկ ենք համարում պարզաբանել նաև այս բառակապակցությունների օգտագործման հաճախականության մասին տվյալներով։ Ի վերջո, այս կամ այն բառերի ու հասկացությունների օգտագործման հաճախականությունը, ընթացող քաղաքական ու աշխարհաքաղաքական պրոցեսների արտացոլանքն են, և դրանցում օգտագործվող խոսույթների ուժգնության լավագույն ցուցիչը։

Գծպատկեր 3. Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» բառակապակցությունների (2-gram) և «նեոգաղութատիրություն» բառի օգտագործման հաճախականությունը՝ Google-ի «English 2019» Լեզվական կորպուսում։ 1950-2019 թթ.։ Աղբյուրը՝ Ngram Viewer

Դրա համար կրկին դիմենք Google ընկերության Ngram Viewer գործիքին, այնպես ինչպես դա արել էինք [1]-ում, GIA 2023 թ. հարցման լեզվական ասպեկտները վերլուծելիս։ Գծ. 3-ում պատկերել ենք գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» բառակապակցությունների (“global South”, “global North”, 2-grams) և «նեոգաղութատիրություն» (“neocolonialism”, 1-gram) բառի օգտագործման հաճախականությունը՝ «English-2019» Lեզվական կորպուսում(17) 1950–2019 թթ. համար:

Ինչպես տեսնում ենք, գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» բառակապակցություններն անգլերենում սկսվում են օգտագործվել Բրանդի 1-ին հանձնաժողովի աշխատանքների մեկնարկային տարուց (1980 թ., տես վերը)։ Բայց դրանց օգտագործման էքսպոնենցիալ աճը սկսվում է միայն 1991-ից, այսինքն՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ընդգծենք ուշագրավ երկու հանգամանք.

Նախ, 1980-ից մինչև 2019 թ. «գլոբալ Հարավ» բառակապակցության օգտագործման հաճախականությունը աճել է 571 անգամ։ Եվ հետո, դիտարկված ողջ ժամանակի համար «գլոբալ Հարավ» բառակապակցության օգտագործման հաճախականությունը մոտ երկու անգամ գերազանցում է «գլոբալ Հյուսիսին», Գծ. 3։ Եվ դա զարմանալի չէ։ Խոսելով գլոբալ «Հյուսիսի» և «Հարավի» մասին, մենք օգտագործում ենք «դիմակայություն» հասկացությունը ընդգծելու համար, որ «Հյուսիսը» և «Հարավը» (դեռ) իրական կոնֆլիկտի մեջ չեն ու տակավին գտնվում են դիմակայության, այլ ոչ թե` հակամարտության մեջ։ Իսկ «Գլոբալ Հարավ» բառակապակցության ավելի բարձր օգտագործման հաճախականությունը բացատրվում է նրանով, որ այս դիմակայությունում մարտահրավեր նետող կողմը հենց «գլոբալ Հարավն» է, իսկ արդի աշխարհաքաղաքականության հիմնական խնդիրը կայանում է նրանում թե ո՞ր «ուժային բևեռը», ինչպե՞ս և ի՞նչ կերպ կգլխավորի «գլոբալ Հարավի» այս արշավը, և/կամ ի՞նչ մեխանիզմներով կկառավարի գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը։

Գծ. 3-ում բերում ենք նաև «նեոգաղութատիրություն» (neocolonialism) բառի հաճախականային կորը։ Այն նույնպես հատկանշական է։ Դրա նկատելի մաքսիմումը արձանագրվում է 1955–85 թթ. համար, իսկ դա՝ մոլորակի գաղութային համակարգի քայքայման ժամանակահատվածն է, երբ ավելի քան երեք տասնյակ երկրներ՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Արևելյան ու Արևմտյան Ասիայում և Օվկիանիայում հռչակեցին իրենց անկախությունը ու դարձան ՄԱԿ-ի անդամներ։

Դրանից հետո այս հասկացության օգտագործման հաճախականությունը նվազում է, իսկ աճը կրկին սկսվում է միայն 1991-ից հետո։ Ընդ որում, սկսած 2010-ից այն համադրելի է «գլոբալ Հյուսիս» բառակապակցության հաճախականության հետ` մնալով էապես նվազ «գլոբալ Հարավից»։ Եվ, ընդհանրապես, ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում «նեոգաղութատիրությունը» հավակնում է դառնալ բազմաբևեռ աշխարհակարգի գոյացման հիմնական գաղափարախոսական խոսույթը։

Իսկապես, «կոմունիստական պրոյեկտի» ձախողումից հետո (1991 թ.), թեև գլոբալ դիմակայության գաղափարախոսական դաշտը, այսպես ասած, «ամայացավ», սակայն գլոբալ դիմակայությունը, դրանից, իհարկե, չվերացավ։ Քանզի այն սնվում է մնայուն ու հարատև՝ աշխարհագրական, պատմական, քաղաքակրթական, կրոնական, ժողովրդագրական, տնտեսական, տեխնոլոգիական և այլ բնույթի գործոններով։ 1991-ից գոյացած «գաղափարախոսական վակուումը» պետք է լրացվեր «նորով», և գլոբալ «Հարավի» ու «Հյուսիսի» դիմակայությունը, խարսխված «նեոգաղութատիրության դեմ պայքարի» վրա, այստեղ առաջին ու բնական հավակնորդն էր։ Առավել ևս, որ այն հոգեհարազատ է տարատեսակ «ձախական», ֆրանսիացիները կասեին՝ «գոշիստական», տրոցկիստական և մաոիստական շարժումներին(18)։ Եվ կդառնա, արդեն դառնում է գործիք՝ սեփական աշխահաքաղաքականությունը առաջ մղելու համար, առաջին հերթին՝ ՌԴ և Չինաստանի ու Ադրբեջանի համար։

5. Տարածաշրջանային հակամարտությունները «Հարավի» և «Հյուսիսի» միջև

Այժմ անցնենք հոդվածի վերջին կարևոր դիտարկմանը։

Իրական տարածաշրջանային հակամարտությունները կլինեն հատկապես բարդ և «շիկացած» այն դեպքերում, երբ ներգրավված կողմերից մեկը պատկանի «Հյուսիսին», իսկ մյուսը՝ «Հարավին»։

Դա տեղի է ունենում առնվազն երկու պատճառով։ Նախ, մի կողմի պատկանելիությունը «Հյուսիսին», ընդհանուր առմամբ, նշանակում է ավելի զարգացած տեխնիկա-տեխնոլոգիական և տնտեսական միջավայր(19)։ Իսկ մարտի դաշտում նշանակում է ավելի զորեղ ու արդյունավետ «կրակային հզորություն» (firepower), իրազեկության (ISR)(20) ավելի բարձր մակարդակ և արդի C3 համակարգի առկայություն(21)։ Հակամարտության «Հարավին» պատկանող կողմը այս ամենին կարող է հակադրել կռվելու ավելի բարձր վճռականություն, փորձելով կոմպենսացնել իր տեխնիկա-տեխնոլոգիական ու մարտական ուժգնության թերզարգացածությունը։

Արդյունքում, աճում են տարբեր տեխնոլոգիական աշխարհներին պատկանող կողմերի միջև այսպիսի հակամարտության լարվածությունը, մարդկային զոհերի և նյութական կորուստների մակարդակը, փոխզիջումային լուծումների ուրվագծման բարդությունն ու դրանց ընդունման ցավագինությունը, սովորաբար՝ «Հարավին» պատկանող կողմի համար։

Վերը, Աղ. 1-ում, դիտարկված չորս տարածաշրջանային հակամարտություններից (կոնֆլիկտներից) երեքը հանդիսանում են հենց այսպիսի հակամարտություններ, դրանցում «Հյուսիսին» պատկանող երկրները՝ ՌԴ, Իսրայել, Ադրբեջան, Աղ. 1-ում նշված են կապույտով։ Ու եթե ՌԴ «ՀՌԳ» պարագայում («լարվածությունը»՝ 53.8%), «Հարավին» պատկանող Ուկրաինային ցուցաբերվում է զգալի օժանդակություն, առաջին հերթին՝ «կրակային հզորություն», ISR և C3 ուղղությամբ, իսկ հակառակորդ կողմը ենթարկվում է տարատեսակ սանձող պատժամիջոցների։ Ապա՝ «Արցախյան հակամարտության» պարագայում («լարվածությունը»՝ 85.3%), «Հարավին» պատկանող հայկական կողմին տրամադրվող այսպիսի կոմպենսացիան (գրեթե)(22) բացակայում էր (է), իսկ Ադրբեջանը մինչ օրս չի ենթարկվել և որևէ հասցեական պատժամիջոցի:

Այսպես, 2013-ին հրատարակված մեր մենագրությունում նշել էինք ([7], Հ. I, Գլ. 5), որ Ադրբեջանին արդի հարձակողական զինատեսակների ու կարողությունների տրամադրման հետևանքով Ղարաբաղյան հակամարտությունում գոյանում է «կրիտիկական հեռավորության կորստի» վտանգավոր իրավիճակը։ Ինչը, մեր գնահատականով, անխուսափելի էր դարձնում մարտական գործողությունների վերսկսումը Բաքվի կողմից։ Մի քանի տարի անց նույն գնահատականին հանգեց նաև ԱՄՆ-ի Ազգային Հետախուզության (DNI) ղեկավարը։ Արդյունքում ունեցանք 2016 թ. Քառօրյա, այնուհետև՝ 2020 թ. 44-օրյա պատերազմները։ Կարելի էր ակնկալել, որ դրանցից հետո, անգամ՝ 2023 թ. ԼՂՀ «լուծարումից» հետո, այս առումով իրավիճակը կլիցքաթափվի։ Սակայն, իրադրությունը չփոխվեց նաև 2023-ից հետո, քանի որ, ինչպես նշել էինք վերը՝ «հարցը դեռ փակված չէ»։

Աղյուսակ 4.

2016–2024 թթ. Հայաստան և Ադրբեջան ներկրված զինատեսակների արժեքը
(SIPRI մլն TIV միավորներով)։ Աղբյուրը՝ SIPRI Import/Export. Data generated: 28 June, 2024

Այսպես, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի (ՍՄԽՀԻ, SIPRI) տվյալներով 2016–2024 թթ. ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 445 մլն TIV(23) արժողությամբ զինատեսակներ, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ստացել է 1.06 մլրդ TIV արժողությամբ զինատեսակներ, այսինքն՝ Հայաստանից ավելի քան երկու անգամ շատ, տես Աղ. 4 (հարցման ժամանակ 2024 թ. ցուցանիշները ՍՄԽՀԻ շտեմարանում դեռ ներկայացված չէին)։

Ընդ որում, 2016 թ. Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո 2016–19 թթ. ժամանակահատվածում Ադրբեջանը ստացել է 980 մլն TIV արժողությամբ զինատեսակներ, իսկ Հայաստանը նույն ժամանակահատվածում՝ 3 անգամ քիչ՝ 376 մլն TIV։ Իսկ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո մինչ 2023 թ. ավարտը, Ադրբեջանի կողմից զինատեսակների գնումները (մոտ 80 մլն TIV) գերազանցում են Հայաստանի ցուցանիշը (68 մլն TIV) մոտ 12 մլն-ով։ Եվ սա դեռ ամենը չէ։ Էլ ավելի մտահոգիչ է վերջին տարիներին Ադրբեջանին մատակարարված զինատեսակների բնույթը ու դրանց համեմատությունը Հայաստանի ցուցանիշների հետ։

Այսպես, Աղ. 5-ում բերում ենք ՍՄԽՀԻ զինատեսակների փոխանցման տվյալների շտեմարանի (SIPRI Arms Transfers Database) այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանին և Ադրբեջանին (հարցումը՝ 28.06.2024): Աղյուսակում սահմանափակվում ենք միայն 2020–2024 թթ. ընթացքում իրականացված զինատեսակների պատվերներով ու դրանց մատակարարումներով։

Աղյուսակ 5.

2020–2024 թթ. Ադրբեջանի (վերևում) և Հայաստանի (ներքևում) կողմից պատվիրված և նրանց մատակարարված զինատեսակները (SIPRI Arms transfers database, հատվածաբար)։

Աղբյուրը՝ SIPRI Arms Transfers Database. Data generated: 28 June, 2024.

Առաջին հայացքից այստեղ, կարծես թե, մտահոգվելու առիթ չկա։ Իսկապես, Աղ. 5-ից հետևում է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը պատվիրել է 57.15 մլն TIV արժողությամբ զինատեսակներ՝ հիմնականում Թուրքիայից և Իսրայելից, ինչպես նաև՝ Իտալիայից և ԱՄՆ-ից։ Վերջին պարագայում խոսքը իտալական «Leonardo» ընկերության C-27J Spartan ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների և այդ ինքնաթիռների ամերիկյան տուրբոպտուտակային արդի շատ արդյունավետ շարժիչների մասին է(24)։ Մինչդեռ, այդ նույն ժամանակահատվածում Հայաստանը պատվիրել է մոտ երկու անգամ ավելի՝ 109.24 մլն TIV արժողությամբ զինատեսակներ։ Հիմնականում Հնդկաստանից ու Ֆրանսիայից, եթե չհաշվենք ռուսական «Ми-17» (Ми-8-МТВ-5) տիպի չորս տրանսպորտային ուղղաթիռ։

Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Իրականում, Հայաստանը իր այս պատվերներով ջանում է շտկել հիմնական զինատեսակների ու զինամթերքի նախորդ մի քանի տարիների ընթացքում խափանված մատակարարումների հետևանքները, և փոքր-ինչ հավասարակշռել մեծ տրամաչափի փողային ու ռեակտիվ հրետանու Ադրբեջանի ակնհայտ առավելությունը, ձևավորված դեռ 2011–2014 թթ. ընթացքում։ Այսպես, դեռ 2011-ին Ադրբեջանը Թուրքիային պատվիրել էր(25) 36 հատ 155 մմ տրամաչափի «Firtina T-155» ինքնագնաց հաուբիցներ, մինչև 2015 թ. մատակարարման ժամկետով։ Էլ չասած՝ 36 հատ 155 մմ տրամաչափի չեխական «Dana» հաուբիցների մասին (մատակարարումը՝ Սլովակիայից), որոնք Ադրբեջանը ակտիվորեն օգտագործեց 44-օրյա պատերազմի ընթացքում(26)։ Իսկ 2024 թ. մայիսի 6-ին հայտնի դարձավ Ադրբեջանի՝ ավելի քան 70 հատ 155 մմ տրամաչափի չեխական «Dita» ինքնագնաց հաուբիցներ ձեռք բերելու, մտադրության մասին՝(27)։

Այնպես որ ֆրանսիական 155 մմ տրամաչափի ինքնագնաց «Caesar» հաուբիցների 2023 թ. Հայաստանի պատվերը, որն ի դեպ արտացոլված չէ Աղ. 5-ում, այս ամենի մի փոքր ուշացած, բայց, ընդամենը, հակադարձման փորձն է։ Առավելևս, որ Հայաստանը այդպես էլ չստացավ «Мста-С» կամ «Коалиция» ինքնագնաց հրետանային համակարգեր։ Իսկ 2024 թ. դրությամբ Ադրբեջանում մարտական ծառայության էին 18 միավոր 2С19 «Мста-С» համակարգեր։

Նույնը վերաբերում է նաև մեծ տրամաչափի համազարկային ռեակտիվ հրետանային համակարգերին (ՀՌՀՀ). 24 հատ «Pinaka Mk-II» 214 մմ տրամաչափի ինքնագնաց ՀՌՀՀ հայկական պատվերը Հնդկաստանին, պարզապես փորձ է քիչ թե շատ հավասարակշռել Ադրբեջանի՝ իսրայելական, բելառուսա-չինական և թուրքական ՀՌՀՀ-ների զգալի ներուժը։ Այս հարցին նվիրված է հարուստ գրականություն, այնպես որ, դրա վրա այստեղ առանձնակի կանգ չենք առնի և կանցնենք հոդվածի եզրափակիչ դիտարկմանը։

Որքանով էլ այս ամենը ինքնին մտահոգիչ է, սակայն դա չէ Աղ. 5-ի կարևոր «պատգամը», այլ այն, որ դրանում ցցուն ընդգծված է Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական «աշխարհների» տարբեր տեխնոլոգիական սերունդների պատկանելիությունը։ Այլ խոսքերով` Աղ. 5-ը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, առնվազն իր ռազմատեխնիկական հատվածով, գտնվում է «Հյուսիսում», իսկ Հայաստանը՝ «Հարավում»։

Իսկապես, 2020–2024 թթ. Ադրբեջանի կողմից պատվիրված և նրան մատակարարված զինատեսակները, գլխավորապես, ներառնում են նոր տեխնոլոգիական սերնդի զինատեսակներ՝ արդի ԱԹՍ-ներ, հետախուզական արբանյակներ և այլն։ Այսինքն, այնպիսի զինատեսակներ, որոնք պատկանում են ISR ու C3 ոլորտներին, ու մեծացնում Ադրբեջանի կրակային հզորությունը ու արդյունավետությունը մարտի դաշտում։ Մինչդեռ Հայաստանը պարզապես ջանում է շտկել նախորդ տեխնոլոգիական սերնդի զինատեսակներում Ադրբեջանի համեմատ անցյալում գոյացած անհավասարակշռությունը։

2016-ին պատրաստված մեր փակ ուսումնասիրությունը ընդգծում էր հայկական կողմի համեմատ Ադրբեջանի «կրակային հզորություն», ISR և C3 ուղղությամբ աճող կարողությունների մտահոգիչ միտումը։ Ուսումնասիրության բաց հատվածը, նվիրված Ադրբեջանի ԱԹՍ-ների, արբանյակային կարողությունների, ISR ու C3 համակարգերի զարգացող կարողություններին, հրապարակվել էր 2020 թ. հունիսի 2-ին [8]: Իսկ Ադրբեջանի և Ղազախստանի արբանյակային կարողություններին նվիրված հոդվածներում մանրամասն նկարագրել էինք հետախուզական և կապի ու ղեկավարման ոլորտներում Ադրբեջանի արբանյակային կարողությունները, դրանց զարգացման ծրագրերն ու ազգային առաջնահերթությունները։ Մասնավորապես, նշելով Ադրբեջանի ցանկությունը՝ ունենալ ոչ միայն օպտիկական տիրույթի արբանյակային հետախուզական հնարավորություն, այլև՝ ձեռք բերել սինթեզված ապերտուրով ռադարային (ՍԱՌ, SAR) հետախուզական կարողություններ։

Ելնելով դրանից՝ կարծում ենք, որ Աղ. 5-ում (տող 39) հիշատակված իսրայելական IAI ընկերության OptSat-500 արբանյակի պատվերի մասին տվյալները հանդիսանում են ապատեղեկատվություն։ Օպտիկական հետախուզման իր հարաչափերով այն պարզապես «խաղալիք» է արդեն իսկ Ադրբեջանի հասանելիության տակ գտնվող ֆրանսիական «Spot 7», առավել ևս՝ «Pléiades 1, 2» օպտիկական հետախուզական արբանյակների համեմատ(28)։ Կարծում ենք, որ իրականում խոսքը այստեղ IAI ընկերության «OptSat-3000» 3-րդ սերնդի հետախուզական արբանյակի մասին է, որն ունի թե՛ օպտիկական, թե՛ ՍԱՌ կարողություններ(29) ու տպավորիչ հարաչափեր։ Թե որքանով են կոմպենսացվում Ադրբեջանի այս կարողությունները հայկական արբանյակային կարողություններով, հարցը մենք այստեղ պարզապես չենք դիտարկի։

Փոխարենը, կավարտենք երկու հավելյալ դիտարկումով։

Աղ. 5-ի Ադրբեջանի հատվածում ուշագրավ է թուրքական «Aselsan» ընկերության KGK-83 ղեկավարվող սավառնող ավիառումբի (տող 36, guided glide bomb) խմբաքանակի առկայությունը։ Հիշեցնենք, որ սկսած 2024-ից նմանատիպ զինատեսակ Ռուսաստանը մեծ արդյունավետությամբ օգտագործում է Ուկրաինայում՝ ՀՌԳ առավել կարևոր ուղղություններում (Խարկով, Չասով Յառ, Ադեևվկա և այլն)։ Հիշեցնենք նաև, որ 2023 թ. մայիսի 10-ին, «Անատոլիական Արծիվ – 2023» զորավարժությունների շրջանակներում ադրբեջանական օդուժի СУ-25K (ՆԱՏՕ մատնիշավորումը՝ Frogfoot) ինքնաթիռները թուրքական «Կոնյա» ավիաբազայում իրականացրին KGK-83 արձակման առաջին կրակային վարժանքները(30): Հայաստանի պարագայում այսպիսի կարողությունների մասին տվյալները բացակայում են։

Հակառակը, Աղ. 5-ում չի հիշատակված, որ դեռ 2024 թ. սկզբին Ադրբեջանը բանակցում էր իսրայելական «BlueBird» ընկերության(31) հետ «SpyX» տիպի «ինքնասպան» ԱԹՍ-ների (loitering weapon system) խմբաքանակ գնելու մասին, մասնագիտական աղբյուրները դրա մասին հայտնեցին 2024 թ. փետրվարի 13-ին(32): Իսկ այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը ճանաչեց Պաղեստինի պետության անկախությունը (տես վերը՝ Ծանուցում 9), հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է հավելյալ «SpyX» տիպի «ինքնասպան» ԱԹՍ-ներ պատվիրել Իսրայելին(33)։ Հիշեցնենք, որ այս «ինքնասպան» ԱԹՍ-ների ռուսական տարբերակները (ZALA AERO ընկերության «Ланцет» ԱԹՍ-ների ընտանիք) լայնորեն ու արդյունավետ կերպով օգտագործվում են ՀՌԳ-ում՝ արդեն ավելի քան մեկ տարի։ Անգլիական The Telegraph-ը 2024 թ. հուլիսի 1-ին դրանք նույնիսկ անվանել էր Ուկրաինական ԶՈՒ-ի հիմնական սպառնալիք(34)։ Եվ կրկին ստիպված ենք ասել, որ Հայաստանի պարագայում այսպիսի կարողությունների մասին տվյալները բացակայում են։

Երկու այս դրվագն էլ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը ուշադիր հետևում է ՀՌԳ ընթացքին և անում համապատասխան հետևություններ։ Ինչը, ցավոք, չի կարելի ասել մեր մասին։ Իսկ հոդվածի այս բաժնում բերվող տվյալները վկայում են, որ «կրիտիկական հեռավորության կորստի» երևույթը, որն ձևավորվել էր դեռ 2013-14 թվականներին, ոչ միայն հաղթահարված չէ, այլև խորանում է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի մի բերելով ասվածը փաստենք, որ «Պատերազմի և Խաղաղության» քարտեզում (Գծ. 2) «Արցախյան հակամարտությունը» 2023 թ. վերջի դրությամբ միակն է, որն իր «լարվածության» ռեկորդային՝ 85.3% աստիճանով ընթանում է «Վճռական» երկրների քառորդում, այդ երկրների «Մարտիկների» ենթախմբում, և, միաժամանակ, գլոբալ «Հարավին» և «Հյուսիսին» պատկանող ոչ միջուկային երկրների միջև։

Հետևաբար, այսօր ընթացող և մոտակա ապագայում հնարավոր բոլոր այլ քաղաքական զարգացումների պարագաներում Հայաստանի միջնաժամկետ-երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթ խնդիրն է վերադառնալ գլոբալ «Հյուսիս», իր տեխնիկա-տեխնոլոգիական, տնտեսական և այլ ցուցանիշներով, ու, հատկապես, «կրակային հզորություն», IRS և C3 կարողությունների առումներով։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Марджанян А.А., Будете ли вы сражаться за свою страну? Аналитический центр «АРВАК», (05.2024). https://arvak.am/ru/будете-ли-вы-сражаться-за-свою-страну/
  2. Марджанян А.А., Армения на карте «Войны и Мира». Аналитический центр «АРВАК», (05.2024), https://arvak.am/ru/армения-на-карте-войны-и-мирa/
  3. Կրիտիկական ենթակառուցվածքներ և ազգային անվտանգություն: «Նորավանք», 2018. 402 էջ:
  4. Մարջանյան Ա.Հ., Գլոբալ տարածաշրջաններ, սերնդային ալիքներ եվ պատմական քաղաքականություն։ «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018 թ., https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/06/Արա-Մարջանյան-Գլոբալ-տարածաշրջաններ-սերնդային-ալիքներ-և-պատմական-քաղաքականություն.pdf
  5. The Independent Commission on International Development Issues (Brandt Commission, 1-st Brandt Report). North – South: A Programme for Survival. Pan Books, 1980. Common Crisis North-South: Cooperation for World Recovery. (2nd Brandt Report). An MIT Press Classic. April, 1983. Տե՛ս նաև Quilligan, J.B., The Brandt Equation: 21st Century Blueprint for the New Global Economy. Brandt 21 Forum, 2002.
  6. Մարջանյան Ա. Հ., Ուժե՞ղ պետություն է արդյոք Հայաստանի երրորդ Հանրապետությունը: «21-րդ ԴԱՐ», 3 (21), 2008, էջ 74-98: https://cyberleninka.ru/article/n/silnoe-li-gosudarstvo-tretya-respublika-armeniya Տես նաև՝ Մարջանյան Ա.Հ., Հարավային Կովկասի ժողովրդագրությունը՝ XXI դարի վերջին։ «21-րդ ԴԱՐ», 4 (44), 2012, էջ 20-44: https://cyberleninka.ru/article/n/demografiya-yuzhnogo-kavkaza-v-konce-xxi-veka/viewer
  7. Մարջանյան Ա. Հ., Ադրբեջանի Սոցիալ-տնտեսական համակարգը. «Նորավանք», 2013. Հատ. I. http://www.noravank.am/arm/books/detail.php?ELEMENTID=12315 Հատ. II. «Հավելվածներ» http://www.noravank.am/upload/pdf/ANNEXES.pdf
  8. Марджанян А.А., Дроны и Регион. Центр «Орбели», 2020-06-02. https://orbeli.am/ru/post/460/2020-06-02/Дроны+и+Регион

(1) ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 07.07.2024 թ.:

(3) “Global Barometer of Hope and Despair”. Հարցումների ժամանակ ֆիքսվում էին նաև այս հարցին չպատասխանելու դեպքերը։ Ստորև և [1, 2]-ում դրանք գումարվում են «Չգիտեմ» անորոշ պատասխանին։

(4) «Այո», «Ոչ» և «Չգիտեմ» պատասխանների գումարը կարող է աննշան տարբերվել 100%-ից, կլորացման սխալների հետևանքով։

(5) Цель войны и цель операции. «Голос Армении», 4 апреля, 2016 г., https://www.golosarmenii.am/article/39205/cel-vojny-i-cel-operacii (բեռնման օրը՝ 01.01.2024).

(6) Угроза агрессии сохраняется. «Голос Армении», 26 апреля, 2016 г. https://www.golosarmenii.am/article/40133/ugroza-agressii-soxranyaetsya-. (բեռնման օրը՝ 01.01.2024). Геополитику диктуют технологии. «Голос Армении», 26 декабря, 2016 г. https://www.golosarmenii.am/article/48736/geopolitiku-diktuyut-texnologii- (բեռնման օրը՝ 01.01.2024).

(7) Энергетика и Война. Онлайн-Семинар Института Востоковедения Российско-Армянского Университета, Ереван. 05 Февраль, 2021. https://russia-armenia.info/node/73622 (բեռնման օրը՝ 01.10.2024).

(8) Հասկանալի է, որ հակամարտության այս կերպ սահմանված «լարվածությունը» դեռ հակամարտության իրական ներուժը չէ։ Այն արտացոլում է բացառապես ներգրավված երկրների հասարակությունների կռվելու վճռականությունը, այն էլ՝ բացահայտված սոցհարցումների արդյունքում։ Հակամարտության ներուժի գնահատումը ենթադրում է ներգրավված կողմերի «կրակային հզորության» (Firepower) գնահատականներ, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, քաղաքական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական և այլ պարամետրերի գնահատում։ Ինչն, իհարկե, դուրս է մեր հոդվածի շրջանակներից։

(9) 2024 թ. հունիսի 21-ին ՀՀ-ն պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը, այնպես որ ունենք բոլոր հիմքերը օգտագործելու «Պաղեստին» հասկացությունը, այլ ոչ թե «Պաղեստինյան տարածքներ» եզրույթը, որը մինչ այդ օգտագործվում էր պաշտոնական և ակադեմիական հրապարակումներում։ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2024/06/21/mfastatement/12706 (բեռնման օրը՝01.07.2024):

(10) Կրկնենք, խոսքը այստեղ հակամարտության «լարվածության» մասին է միայն, այլ ոչ թե, օրինակ, դրա մահաբերության կամ կորուստների աստիճանի մասին։

(11) Գլոբալ տարածաշրջանների, հավանաբար՝ առաջին իմաստալից սահմանումը, եթե չհաշվենք Ռ. Քիփլինգի հանրահայտ «Արևմուտքն» ու «Արևելքը», պատկանում է Ա. Ազիմովին։ Ազիմովը այն արել էր դեռ 1950-ին, «Խուսափելի հակամարտություն» (“The Evitable Conflict”) պատմվածքում, որը շրջանակում էր «Ես, ռոբոտը» (I, Robot) հանրահայտ պատմվածքների շարքը։ Այստեղ նա ոչ միայն սահմանել էր գլոբալ «Հյուսիսն» ու «Հարավը», այլև կանխատեսել էր ԽՍՀՄ-ի անխուսափելի վերափոխումը (փլուզումը տեղի ունեցավ 1991-ին), Եվրոպական երկրների անխուսափելի միավորումը առանձին միավորման կազմում (իրականացավ 1993-ին), Միացյալ Թագավորության անխուսափելի անջատումը դրանից («Brexit»-ը տեղի ունեցավ 2016–17 թթ.), Չինաստանի անխուսափելի վերելքը (գնողունակության համարժեք ՀՆԱ-ով Չինաստանը գերազանցեց ԱՄՆ-ին 2019-ին) և շատ ու շատ ավելին, ներառյալ՝ մարդու իրավունքների համար շարժման անխուսափելի ձևափոխումը: Հատկանշական է, որ թեև «Ես, ռոբոտը» շարքը առաջին անգամ ռուսերեն լույս է տեսել ԽՍՀՄ-ում՝ դեռևս 1963-ին, սակայն և այնտեղ, և հետագա բազմաթիվ վերահրատարակումներում այս պատմվածքը ամեն անգամ խնամքով դուրս էր թողնվում գրաքննության կողմից։ Առաջին անգամ այն լույս տեսավ ռուսերեն միայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ին, այն էլ՝ «Լուծվող հակասություն» («Разрешимое противоречие») անհամարժեք վերնագրով։

(12) Willy Brandt. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) կանցլեր (1969–74 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971 թ.), Եվրախորհրդարանի անդամ (1979–1983 թթ.), Սոցինտերնի նախագահ (1976-92 թթ.), «Եվրոպական մեծ տրիումվիրատի» (Վ. Բրանդ(տ), Բ. Կրայսկի, Ու. Պալմե) անդամ։ ԳՖՀ կանցլերի պաշտոնը լքեց այն բանից հետո, երբ իր օգնականի կողմից մեղադրվեց ԳԴՀ/ԽՍՀՄ գործակալ լինելու մեջ։

(13) Քաղաքական անկայունությունների և պատերազմների գոյացման հարցում տվյալ երկրում «պատանյաց բողջի» առկայության կարևորության մասին՝ տե՛ս [6]:

(14) Նրանց, ում համար այս իրողությունները անակնկալ են, հղում ենք Հայաստանի և Ադրբեջանի ԻԿՏ ոլորտի և կապի ու ինֆորմացիոն ռազմական ու քաղաքացիական տեխնոլոգիաների համեմատական վերլուծությանը նվիրված մեր ուսումնասիրությունների շարքին, կատարված «Նորավանք» ԳԿՀ-ում 2008–2017 թթ.։

(15) Ընդգծելու համար այս, մեզանում դեռ լիովին չհասկացված հանգամանքը Ադրբեջանի «գնդիկը» Գծ. 2-ում գունավորել ենք կապույտով, մի փոքր խախտելով մեր քարտեզի գունավորման տրամաբանությունը։ Այս դիտարկումները [2]-ում բացակայում են։

(16) GIA պաշտոնական հրապարակումներում (տե՛ս [1, 2]-ում բերվող գրականությունը) այս կապակցությամբ բերվում են անհամարժեք հետևություններ, քանի որ դրանք հենվում են «Այո», «Ոչ», և «Չգիտեմ» պատասխանների միջին արժեքների սխալ հաշվարկի վրա։ Վերը և մեր նախորդ հոդվածներում բոլոր սխալներն ուղղված են։

(17) Այն բաղկացած է անգլերեն լեզվով հրատարակված գրքերում և հոդվածներում կիրառված գլխապտույտ առաջացնող 321 մլրդ. բառերի (1-gram) և բառակապակցությունների (N-grams, N=2-ից՝ 10-ը) օգտագործման առանձին դեպքերից։ Մանրամասները տես [1]-ում և «Բառերի տիեզերքին» նվիրված մեր աշխատությունում:

(18) Դրանց անդրադարձել էինք [7] աշխատությունում:

(19) Օրինակ, գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական ծախսերի (R&D, НИоКР) ավելի մեծ տոկոս ՀՆԱ-ից, տես «Աշխարհների Աշխարհներին» նվիրված մեր ուսումնասիրությունների շարքը։

(20) Հետախուզություն, դիտարկում, տեղազննում (intelligence, surveillance, and reconnaissance, ISR).

(21) Հրամանատարություն, ղեկավարում, կապ (command, control, and communication, C3).

(22) Հիշենք միայն 2020 թ. պատերազմի վերջին օրերի «Искандер»-ների առեղծվածը։

(23) Trade Indicative Values. Զինատեսակների արժեքի պայմանական (ինդիկատիվ) միավոր, օգտագործվում է ՍՄԽՀԻ կողմից, տարբեր երկրների համար զինատեսակների գնումների վերլուծության համադրելիությունը ապահովելու համար; Մեթոդաբանական մանրամասները, հայերեն՝ [7], Հ.I, Գլ. 5, Հ. II, Հավելվածներ 8.3, 8.4, անգլերեն՝ այստեղ։

(24) Ի դեպ, այստեղ մի քանի հարցեր են առաջանում։ Մամուլի հաղորդագրություններից կարծես հետևում է, որ իտալական ինքնաթիռները Ադրբեջան կժամանեն արդեն վերջնական տեսքով, այսինքն՝ շարժիչներով։ Նշանակո՞ւմ է, արդյոք, ՍՄԽՀԻ շտեմարանում դրանց առանձին տողով նշումը, որ նախատեսվում է Ադրբեջան մատակարարել նաև հավելյալ տուրբո-պտուտակային շարժիչներ, այն էլ՝ «նոր», և տեխնոլոգիական արտահոսքի կանխման խստագույն ռեժիմի տակ գտնվող։ Ու եթե այո, ապա ի՞նչ նպատակով։ Բացի դա, հայտնի է, որ AE-2100D3 շարժիչները պատկանում են բրիտանական «Rolls-Royce» ընկերությանը և օգտագործվում են, օրինակ՝ ամերիկյան C-130J ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներում։ Ո՞րն է Ադրբեջանի հետ այս գործարքում Իտալիայի և Բրիտանիայի դերակատարումը, և այլն։

(25) Firtina T-155 Self-propelled howitzers. 31 May, 2024. https://armyrecognition.com/military-products/army/artillery-vehicles-and-weapons/self-propelled-howitzers/t-155-firtina-turkey-uk (բեռնման օրը՝ 01.07.2024). Հետաքրքիր է, թե ի՞նչ շարժիչներ են օգտագործվում այս ինքնագնաց հաուբիցներում՝ գոյություն չունեցող թուրքակա՞ն, թե՞ այնուամենայնիվ՝ հարավ-կորեական, կամ գերմանական։ Ինչն, ի դեպ, խախտում է հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին ծանր հարձակողական զինատեսակների մատակարարման արգելանքը։

(26) Náboženství stranou, v Karabachu zabíjejí i české a izraelské zbraně. 14. 10. 2020. https://www.seznamzpravy.cz/clanek/nabozenstvi-stranou-v-karabachu-zabijeji-i-ceske-a-izraelske-zbrane-124052 (բեռնման օրը՝ 01.07.2024).

(27) Czech company Excalibur Army Set to Deliver Over 70 155mm DITA Self-Propelled Howitzers to Azerbaijan․ 6 May, 2024. https://www.armyrecognition.com/news/army-news/army-news-2024/czech-company-excalibur-army-set-to-deliver-over-70-155mm-dita-self-propelled-howitzers-to-azerbaijan (բեռնման օրը՝ 01.07.2024).

(28) Այլ խոսք, որ ներկայումս Ադրբեջանը, կարծես թե, կորցրել է իր հասանելիությունը այս արբանյակների նկատմամբ, կամ գոնե այն խիստ սահմանափակվել է, հավանաբար` 2022-ից սկսած։

(29) Cutting-Edge Reconnaissance Satellites: Revolutionizing National Security from Space. IAI, May 31, 2023. https://spacenews.com/cutting-edge-reconnaissance-satellites-revolutionizing-national-security-from-space/ (բեռնման օրը՝ 02.07.2024).

(30) AZERBAIJANI FROGFOOT TESTS ASELSAN KGK-83 BOMB IN TURKE. 15th May 2023. https://www.key.aero/article/azerbaijani-frogfoot-tests-aselsan-kgk-83-bomb-turkey (բեռնման օրը՝ 02.07.2024).

(31) Բաժնետոմսերի 50%-ը պատկանում է իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությանը, քաջ հայտնի Ադրբեջանին տարբեր տիպի ԱԹՍ-ների մատակարարումով։

(32) Arie Egozi, «Azerbaijan to buy more loitering systems from Israeli defence industry». February 13, 2024. https://defence-industry.eu/azerbaijan-to-buy-more-loitering-systems-from-israeli-defence-industry/ (բեռնման օրը՝ 02.07.2024).

(33) Arie Egozi, «Israel will consider the sale of additional weapon systems to Azerbaijan». 24 June, 2024. https://www.zona-militar.com/en/2024/06/24/israel-will-consider-the-sale-of-additional-weapon-systems-to-azerbaijan (բեռնման օրը՝ 02.07.2024).

(34) Joe Barnes, «The deadly Lancet suicide drone Putin is using to batter Ukrainian troops». 8 August 2023. https://www.telegraph.co.uk/world-news/2023/07/01/russia-increases-deadly-lancet-drone-use-against-ukraine/ (բեռնման օրը՝ 02.07.2024).