Մեկնաբանություններ

Ի. Ալիևի հարցազրույցի մի շարք թեզիսների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.01.2025 թ.(1)

ԱդրՀ նախագահ Ի. Ալիևի կողմից իր լրատվամիջոցներին 07.01.2025 թ.-ին տված հարցազրույցում ՀՀ նկատմամբ ագրեսիվ հայտարարությունները միանգամայն անսպասելի են։ Ադրբեջանի ղեկավարի մտքերը չեն տեղավորվում բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, գործընթաց, որը թեև ցածր դինամիկա ունի, բայց իր գոյությամբ ենթադրում է կառուցողականության մթնոլորտի պահպանում ու կողմերի կողմից դիվանագիտական ​​զսպվածության դրսևորում։ Մինչդեռ Ի. Ալիևը ՀՀ-ն անվանել է «ֆաշիստական ​​երկիր», որին պետք է «վերջնականապես հաղթել» և բացահայտ սպառնացել ուժով բռնագրավել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Հարցազրույցի ընթացքում նա քննադատության է ենթարկել Ֆրանսիային՝ նրա, իբր, «ընդգծված հակաադրբեջանական քաղաքականության» և միջազգային ասպարեզում ապակառուցողական նախաձեռնությունների համար։ Միևնույն ժամանակ՝ Ալիևն Իրանի հանդեպ իր դժգոհությունն է հայտնել  ԻԻՀ-ի որոշ հոգևոր վերնախավերի հռետորաբանության կապակցությամբ, ովքեր «ամենուրեք» քննադատում են Բաքվին։ Եվ վերջապես՝ նա հնչեցրել է  հակաիսրայելական ուղերձներ։ Ընդսմին, Ի. Ալիևը ոչ մի անգամ չի հիշատակել «Իսրայել» բառը, այլ հայտարարել է Պաղեստինին իր անվերապահ աջակցության, «երկու պետություն» սկզբունքի և «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) և «Արաբական պետությունների լիգայի» (ԱՊԼ) հետ ԱդրՀ-ի  համերաշխության մասին, դրանով իսկ պարզ դարձնելով, որ ինքը չի ընդունում հրեական պետության դիրքորոշումը։ Իլհամ Ալիևը նաև քննադատել է ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջ. Բայդենի վարչակազմին՝ Բաքվի նկատմամբ իբր «ոչ կառուցողական գործողությունների» համար՝ ընդգծելով, որ Դ. Թրամփից ակնկալում է դրական ազդանշաններ, որոնք կարող են հիմք ծառայել ապագա «ամերիկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության» համար։

Ռուսաստանի մասին Ալիևը ոչ մի բացասական խոսք չի հնչեցրել, ինչը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ԱդրՀ ղեկավարն արդեն հասցրել էր կոշտ քննադատության ենթարկել նրան՝ AZAL ինքնաթիռի 25.12.2024 թ. կործանման հետ կապված իր նախկին հայտարարություններում։

Կարծես թե՝ Ադրբեջանի առաջնորդն ասուլիսը հրավիրել է արտաքին և ներքին լսարանին մի քանի կարևոր գաղափարներ փոխանցելու մտադրությամբ։ Այսպիսով, չնայած ինքնիշխանության վերականգնման, պետականաշինության և տնտեսության մեջ վերջին տարիներին գրանցված «դարակազմիկ հաջողություններին», Բաքուն, պարզվում է, ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք հիմնականում կապված են «հայկական ռևանշիզմի» և որոշ հարևանների ու միջազգային գործընկերների անբարյացակամ պահվածքի հետ։ Ալիևի խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հեռու է խաղաղ ճանապարհով կարգավորումից, մի շարք արևմտյան երկրներ շարունակում են իրենց «ծավալապաշտական քաղաքականությունը Հարավային Կովկասում», իսկ հարևան Ռուսաստանն ու Իրանը սպառնալիք են ստեղծում Բաքվի անվտանգության համար՝ առանց հաշվի առնելու նրա շահերն ու հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, Ալիևի բոլոր պատասխաններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե ԱդրՀ-ն առաջնորդվում է բացառապես իր օրակարգով և մտադիր չէ ենթարկվել արտաքին խաղացողների ճնշմանը, որոնք ձգտում են Բաքուն օգտագործել սեփական ազգային շահերին հակառակ։

Թուրքիան նշվել է որպես միակ ուժը, որի հետ անվերապահ փոխըմբռնում է արտահայտել Ի. Ալիևը հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, Ադրբեջանը լիակատար վստահություն է տածում միայն Թուրքիայի նկատմամբ և կիսում է նրա բոլոր տեսակետները միջազգային օրակարգի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ միայն Անկարային կթույլատրվի մասնակցել Բաքվի հետագա վարքագծի մշակմանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

Ադրբեջանի առաջնորդի խոստովանությունները հանգեցնում են այն եզրակացության, որ Բաքուն դրանով փորձում է ազատվել մի շարք պարտավորություններից, որոնք ժամանակին ստանձնել էր միջազգային «գործընկերների» և «դաշնակիցների» առջև։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՌԴ-ին և Իսրայելին, որոնց հետ հարաբերությունները վերջին տարիներին այնքան են խորացել, որ ակնհայտորեն Բաքվի համար հղի են մեծ բարդություններով՝ աշխարհում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համապատկերում։ Այս վարկածն ամրապնդում է նաև այն ժամանակը, որն Ադրբեջանի ղեկավարն ընտրել է իր աղմկահարույց հարցազրույցի համար։ Այն նշանակվել է երեք նշանակալից իրադարձությունների նախօրեին, որոնք կարող են արմատապես փոխել ուժերի ներկայիս դասավորվածությունը միջազգային ասպարեզում, ինչի կապակցությամբ Բաքուն ավելի քիչ տեղ կունենա խուսանավելու տարածաշրջանի հիմնական դերակատարների միջև։

  1. Ալիևի հարցազրույցից մի քանի օր անց՝ 17.01.2025 թ., Մոսկվայում պետք է ստորագրվեր համաձայնագիր ՌԴ-ի և ԻԻՀ-ի միջև «ռազմավարական գործընկերության» մասին, որն, ըստ էության, նպատակաուղղված է սերտ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների կառուցմանը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ։ ՌԴ-ի հետ 22.02.2022 թ. կնքված, ըստ էության, դաշնակցային պայմանագրի, ինչպես նաև «Հյուսիս–Հարավ» գլոբալ առևտրա-էներգետիկ նախագծին մասնակցության պատճառով մի շարք իրավական համաձայնագրերի ուժով Ադրբեջանը կանգնած է Արևմուտքին գլոբալ դիմակայելու ռուս-իրանական նախագծի ուղեծրի մեջ վերջնականապես ներքաշվելու վտանգի առաջ, դիմակայություն, որը կարող է մոտ ապագայում ռազմական առճակատման վերաճել։ Այս համատեքստում Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, որը մինչև վերջերս համարվում էր դրա առանցքային առավելություններից մեկը, ծայր աստիճան խոցելի է դարձնում նրան, եթե ռուս-իրանական նոր երկյակը, ռազմավարական նկատառումներից ելնելով, որոշի ավելի հուսալի ցամաքային, ծովային և օդային հաղորդակցություններ հաստատել ՌԴ-ի և Իրանի միջև։
  2. Դ. Թրամփն, ով իր նախագահական երկրորդ ժամկետը սկսում է 20.01.2025 թ., հակառակ տարածված կարծիքի, կարող է ստանձնել Ջ. Բայդենի վարչակազմի մտահղացումները Հարավային Կովկասում և ավելի կոշտ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ նպատակ ունենալով ի չիք դարձնել ռուս-իրանական ռազմավարությունը։ Մեծ է նաև այն բանի հավանականությունը, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը փորձեն Բաքվին ստիպել առճակատման քաղաքականություն վարել Իրանի դեմ, ինչն Ադրբեջանի համար հղի է ծանր հետևանքներով։
  3. Մերձավոր Արևելքում լարվածության աճ կա Բաքվի ավանդական դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև, որը մոտ ապագայում կարող է առճակատման վերածվել Սիրիայում՝ պրոքսի ուժերի ներգրավմամբ: Նման սցենարների հետևանքները կարող են վտանգավոր լինել Բաքվի համար, որն իր մարտական ներուժը կառուցել է այս երկու երկրների հետ փոխգործակցության հիման վրա և շարունակում է հարաբերությունների բարդ հավասարակշռություն պահպանել ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ՝ հենվելով և՛ Անկարայի, և՛ Թել Ավիվի վրա։ Թուրք-իսրայելական հարաբերությունները «թեժ» փուլ մտնելու պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի իր ռազմավարական ընտրությունը կատարել հօգուտ իրեն առավել մերձավոր կողմի։ Գործնականում անհնարին է դաշնակիցների ինքնակամ դուրս գալը հակամարտությունից, եթե խոսքը չի վերաբերում Ադրբեջանի համար այնպիսի իրավիճակի մասին, որը բացառում է վերջինիս կանխակալ աջակցությունը կողմերից որևէ մեկին: Ըստ երևույթին, Ադրբեջանը ցանկանում է ստեղծել հենց այսպիսի իրավիճակ՝ որպես թուրք-իսրայելական հակամարտությունից և Իսրայելի ու Թուրքիայի շահերի հակամարտության մեջ ներքաշվելուց հեռու մնալու նախապայման։

Եվ այսպես. ինչպես ցույց տվեց խնդրո առարկա հարցազրույցը, Բաքուն, առաջին հերթին, ցանկանում է ցույց տալ, որ չունի «անվերապահ» ​​դաշնակիցներ, որոնց կարող է միանալ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ինքը «կենսական գոյութենական բնույթի սպառնալիքների» է բախվում տարածաշրջանում և աշխարհում։ Դա բոլոր կողմերին ցույց է տալիս, որ Բաքուն ունի կուտակված հակասությունների և չլուծված հարցերի բեռ Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, որոնք թույլ չեն տալիս նրան որևէ արմատական ​​ընտրություն կատարել։ Փաստորեն, դա նույնիսկ վերաբերում է Թուրքիային, որը, չնայած շահերի անվերապահ համընկնման մասին Ալիևի հռետորաբանությանը, դեռևս չի կարողացել Ադրբեջանի կողմից հասնել հայ-ադրբեջանական «խաղաղ գործընթացի» այն հանգուցալուծմանը, որն իրեն հրատապ անհրաժեշտ է։

Երկրորդ՝ Ալիևը հերթական անգամ վերակենդանացնում է հայ-ադրբեջանական առճակատման թեման՝ ենթադրաբար այն բանի համար, որ ցույց տալ, թե Ադրբեջանի անվտանգության խնդիրները դեռևս չեն սպառվել։ «Հայկական ֆաշիզմի» և իբր հարաճուն «հայկական ռևանշիզմի» մասին նրա արմատական ​​հռետորաբանությունը նպատակ ունի ցույց տալ, որ Ադրբեջանը «նոր պատերազմի շեմին է» և, հետևաբար, չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների լայնածավալ խաղերի մեջ։ Այս տրամաբանությունը ներառում է նաև բանակցային օրակարգի ձգձգումը, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս խուսանավելու գլոբալ կենտրոնների միջև՝ պարբերաբար անդրադառնալով պատերազմական իրավիճակում Ադրբեջանի գործնական գոյության պայմաններում աշխարհաքաղաքական վեկտորի վերջնական ընտրության վաղաժամ լինելուն։

Միջազգային իրավիճակի վերլուծությունը հուշում է, որ Բաքուն գոնե այս պահին չունի Սյունիքի տարածքի դեմ ագրեսիայի համար անհրաժեշտ միջազգային կոնսենսուս, ինչպես դա եղավ 2020 և 2023 թվականներին Արցախի Հանրապետության պարագայում։ Սակայն կարելի է ակնկալել, որ հայ-ադրբեջանական խնդիրը դաշնակիցների և գործընկերների պահանջներից հեռու մնալու խուսանավման տրամաբանության մեջ Բաքուն կարող է հայկական սահմանին տեղային բնույթի բախումներ նախաձեռնել։ Սա իրավիճակի միանգամայն սպասելի զարգացում է, որը, Բաքվի տեսանկյունից, թույլ կտա խառնել Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի և Իրանի ծրագրերն ու հեռու մնալ Ադրբեջանի վրա նրանց հարաճուն  բազմակողմ ճնշումից։

Ընդհանուր առմամբ, 07.01.2025 թ. տված հարցազրույցում Իլհամ Ալիևի ուղերձների և ազդանշանների վերանայումն այն տպավորությունն է ստեղծում, որ Ադրբեջանի նախագահը գտնվում է առավելապես անհանգիստ վիճակում, քան զգում ինքնավստահություն, ինչը նա փորձում էր փոխանցել իր լսարանին։ Սա միանգամայն հասկանալի է` հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի ծայրահեղ բարդությունը, որի մեջ հայտնվել է Ադրբեջանը հարևան այլ երկրների, այդ թվում` Հայաստանի հետ միասին, որի խնդիրներն, առարկայական  պատճառներով, պակաս բարդ չեն:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 17.01.2025 թ.: