Արևմուտք, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Սահմանակից երկրներ

Ի. Ալիևի վարչակարգը վտանգում է սեփական երկրի բնապահպանությունը

Բոգդան Բ. Աթանեսյան(1)(2)

2023 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը որոշում ընդունեց, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ հերթական համաշխարհային համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։

ՄԱԿ-ի ավանդույթի համաձայն՝ այս լայնածավալ միջոցառումն անցկացնելու իրավունք պետք է տրվի, առաջին հերթին, այն երկրներին, որոնք ձգտում են և էկոլոգիապես մաքուր արդյունաբերություն կառուցելու գործում ունեն բնական հավասարակշռությունը պահպանելու առավել շոշափելի փորձ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, չգրված ավանդույթն արդեն երրորդ տարին է, որ անտեսվում է, ինչն առիթ է տվել բրիտանական Bloomberg հրատարակչությանը հեգնանքով անդրադառնալու այս որոշմանը՝ ընդգծելով, որ համաժողովը երրորդ անգամ անընդմեջ կանցկացվի «ավտորիտար երկրում, որն արտադրում է հանածո վառելիք» (նախորդ երկու համաժողովները կազմակերպվել էին Եգիպտոսում և ԱՄԷ-ում)(3):

Bloomberg-ի նկատառումը միանգամայն տեղին է, քանի որ Ադրբեջանը բնապահպանական ամենացածր վարկանիշ ունեցող երկիրն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ երկրագնդի վրա։ Օրինակ՝ 2019 թ. աշխարհի խոշորագույն Numbeo առցանց քրաուդսորսինգային տվյալների բազայի կողմից հրապարակված 109 աղտոտող երկրների վարկանիշում Ադրբեջանը 18-րդ տեղում է՝ սեփական տարածքի աղտոտվածության 79,36 և աշխարհին հասցված վնասի 139,93 միավորներով։ Համեմատության համար նշենք, որ վատագույն ցուցանիշներով 1-ին տեղը զբաղեցրել է Մոնղոլիան, 109-րդը (լավագույն տվյալներով) Ֆինլանդիան, իսկ հարևան Վրաստանն ու Հայաստանը համապատասխանաբար՝ 33-րդն ու 58-րդն են(4): Ըստ ձևավորված պատկերացման՝ Ադրբեջանում շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրը նավթի և գազի արդյունաբերությունն է, որը նախատեսում է Կասպից ծովում բազմաթիվ հորերի շահագործում և այդ հումքի քիմիական վերամշակում, ինչը կապված է դեպի շրջակա միջավայր՝ ջուր, հող և օդ, մնացորդային թունավոր արտադրանքի մեծ արտանետումների հետ:

Իրականում դա այդպես է, սակայն միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ ադրբեջանական արդյունաբերության մեկ այլ ոլորտ, որը, հնարավոր է, ծավալներով զիջում է նավթագազային արդյունաբերությանը, դուրս էր մնում տեղական և միջազգային բնապահպանական կազմակերպությունների, բնապահպանական և առողջապահական ասոցիացիաների, իրավապաշտպան կառույցների և լրատվամիջոցների տեսադաշտից, սակայն շրջակա միջավայրին և երկրի բնակչությանը պատճառված վնասի աստիճանի առումով պակաս վտանգավոր չէ։ Խոսքը Ադրբեջանում ոսկու հանքերի շահագործման մասին է, որը, արտադրության միջազգային ստանդարտների և դրա հետ կապված անվտանգության չափանիշների անտեսման պատճառով, զգալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը։

Այս թեման արգելվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է ոչ միայն համապատասխան միջազգային իշխանությունների ճնշումներից խուսափելու և դեպի ամենացածր բնապահպանական վարկանիշները «գլորվելու» ցանկությամբ, այլ՝ ըստ ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրների, հիմնականում, Ադրբեջանի «ոսկեբեր» բիզնեսի մեջ Ի. Ալիևի ընտանիքի մասնակցության փաստով: Ադրբեջանական խոշորագույն հանքերից մեկի՝ Չովդարի մասին, որի շահագործողները Ի. Ալիևի դուստրերի՝ Պանամայում գրանցված օֆշորային ընկերություններն են, տեղական լրատվամիջոցներում գրվել է դեռ 2012 թվականին(5):  Այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ Չովդարի հանքավայրը Ալիևների ընտանիքի «ոսկեբեր» բիզնեսի բաժիններից միայն մեկն է, և որ Ադրբեջանի ոսկու արդյունաբերության քողարկված գաղտնիքն ուղղակիորեն կապված է այս ընտանիքի բիզնես շահերի հետ։

Ոլորտի մեդիագաղտնիությունը բացատրվում է «առաջին ընտանիքի» շահագրգռված չլինելով ադրբեջանական հասարակության և միջազգային հանրության կողմից այս ոլորտում կոնսորցիալ բաժնեմասերի, դրա ֆինանսաշրջանառության սխեմաների, հումքի արտադրության վստահելի ծավալների և, վերջապես, շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ օբյեկտիվ տվյալների մասին իրական տեղեկատվության հասանելիության նկատմամբ, որոնք էլ կարող են ոչ միայն պետական ​​օրակարգ բերել ոլորտի թանկարժեք էկոլոգիզացիայի անհրաժեշտությունը, այլ՝ ընդհանրապես, բարձրացնել «մահացու հանքերի» հետագա շահագործման նպատակահարմարության հարցը:

Ադրբեջանական ոսկու արդյունաբերության «գորշ գոտու» լուսաբանման և աուդիտի փորձերը բազմիցս խափանվել են ընդդիմադիրների, այլախոհ մամուլի և Ադրբեջանի իրավապաշտպանների վրա իշխանությունների դաժան հարձակումներով, և արոտավայրերն ու գյուղատնտեսական հողերը մարդկանցից օտարելու պատճառով էկոլոգիական միջավայրի ոչնչացման և զանգվածային աղքատացման պատճառով տեղի բնակչության դժգոհությունը մշտապես կասեցվել է հալածանքների և վախի մթնոլորտի սրման միջոցով։ Խնդիրն, այդուհանդերձ, քաղաքական երանգ ստացավ ԱդրՀ-ի հասարակական կյանքում, քանի որ իշխանություններն իրենք են ոսկու արդյունահանման ոլորտում խնդիրների ի սկզբանե սոցիալական էությունը վերաձևակերպել քաղաքական բողոքի կարգի, որն իբր գործածվել է որոշակի ուժերի կողմից հասարակական և սոցիալական պահանջների քողի տակ։

Տեղի ունեցողը չի կարող չուժեղացնել բողոքի տարրը այն կարծիքի նկատմամբ, որ դժգոհության կոշտ ուժային ճնշումը ոլորտի վերակազմավորումից նախընտրող վարչակարգը առաջնորդվում է անձնական շահերով և կոռուպցիայի քողարկումով: Դրա վառ օրինակ հանդիսացան Գեդաբեկ քաղաքի մոտ գտնվող Սոյուդլու գյուղում 2023 թ. հունիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոսկու հանքի շահագործման պատճառով տարածքի աղետալի էկոլոգիական վիճակից վրդովված խաղաղ բնակիչները դուրս եկան բողոքի ցույցի և պահանջեցին դադարեցնել դրա գործունեությունը: Այնուհետև իշխանությունները ամենադաժան կերպով արձագանքեցին գյուղացիների պիկետին՝ սկսելով մահակներով ծեծել կանանց, ծերերին ու երեխաներին, կիրառել արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ձերբակալություններ անել։ Սոյուդլուում կենտրոնացվել էին ոչ միայն Գյանջայի և հարակից շրջանների ոստիկանական ուժերը, այլև Բաքվից ժամանած Ադրբեջանի ՆԳՆ արագ արձագանքման գունդը։ Գյուղ տանող ճանապարհները փակվել էին կողմնակի անձանց համար, ժամանած լրագրողներին բերման են ենթարկել, առգրավել են նրանց տեխնիկան և պիկետի ոչնչացումը փաստագրող տեսագրությունները։ Իրարահաջորդ ձերբակալությունների շղթա էր իրականացվում նաև Բաքվում, որտեղ բլոգերները, իրավապաշտպանները, ընդդիմադիր քաղաքական գործիչները և անկախ բնապահպանները, ովքեր պաշտպանում էին գյուղացիներին, դաժանորեն տեղափոխվում էին ոստիկանական բաժանմունքներ և բանտեր, անխնա կերպով ծեծի էին ենթարկվում, խոշտանգվում և մեղադրվում հայրենիքի դավաճանության մեջ(6):

Այս կոշտ միջոցները պատասխանն էին գյուղացիների խաղաղ պիկետին, որոնք իշխանություններին կոչ էին անում դադարեցնել Սոյուդլուի հանքի աշխատանքը, քանի որ գյուղում և հարակից բնակավայրերում դրա շահագործումից հետո կտրուկ աճել էին քաղցկեղի և այլ հիվանդությունների ցուցանիշները, ընդ որում՝ ոչ միայն մեծահասակների, այլև՝ երեխաների շրջանում: Մշակման մնացորդները, որոնք պարունակում են ցիանիդի և այլ տոքսիկ նյութերի բարձր կոնցենտրացիաներ, թունավորել էին ամբողջ տարածքը՝ պատճառ դառնալով պտղատու այգիների, մեղուների և ընտանի կենդանիների ոչնչացմանը: Թունավոր թափոնները լեռնային առվակներով հոսում, թափվում էին Կուր գետ, ինչը հղի էր հարյուրավոր կիլոմետրերով ձգվող երկրի ամենամեծ քաղցրահամ ջրային զարկերակի հունով մահացու միացությունների տարածմամբ:

Գյուղի բնակիչների բողոքի դրդապատճառը Սոյուդլուի հանքավայրի տակ երկրորդ պոչամբարի կառուցման աշխատանքների մեկնարկն էր, քանի որ առաջինն այլևս չէր տեղավորում վերամշակվող աղբը։ Չնայած ադրբեջանական իշխանությունների՝ վերոնշյալ իրադարձությունները գաղտնի պահելու և երկրում ու արտերկրում տեղեկատվության արտահոսքը կանխելու փորձերին, որոշ նյութեր, այնուամենայնիվ, հասանելի էին դարձել լրատվամիջոցներին և սոցցանցերին։ Համացանցում սկսեցին տարածվել ծեր կանանց նկատմամբ բռնությունների, գյուղացիների ձերբակալությունների, բնապահպան ակտիվիստների և իրավապաշտպանների ծեծի մասին կադրեր՝ մեծ արձագանք առաջացնելով ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: 2023 թ. ամռանից արևմտյան անկախ լրատվամիջոցները լրագրողական հետաքննություններ սկսեցին Սոյուդլուի իրադարձությունների վերաբերյալ՝ քանդելով Ադրբեջանի ոսկու արդյունահանման ոլորտում կոռուպցիոն կապերի բարդ կծիկը, որի թելերը՝ անցնելով Բաքվով, տանում էին դեպի ամերիկյան և բրիտանական «ոսկեբեր» կարտելները, որոնց ազդեցությունն ու կապերն աշխարհում Ի. Ալիևին թույլ են տալիս ահաբեկել սեփական քաղաքացիներին՝ չվախենալով սեփական երկրում նրանց իրավունքների ու ազատությունների ճնշման, հանրապետությունում անտեսված բնապահպանական իրավիճակի համար պատասխանատվություն կրելուց, ինչը դառնում է բազմաթիվ հիվանդությունների և մահերի պատճառ՝ պայմանավորված իշխանությունների կողմից հանքարդյունաբերությունը անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ցանկության բացակայությամբ(7):

Այս հետաքննությունների համատեքստում ամենամեծ հետաքրքրություն են ներկայացնում այն անձինք, ովքեր, ըստ բաց աղբյուրների, ոսկի արդյունահանող օպերատոր-ընկերության սեփականատերեր են հանդիսանում Սոյուդլուի հանքավայրում և ոչ միայն։ Այս հանքավայրը R.V. Investment Group Services-ին փոխանցելու բանակցությունները սկսվել են Հեյդար Ալիևի կողմից դեռևս 1997 թ., իսկ 2007 թ. օպերատորն արդեն սկսել է տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Ընկերության հիմնական բաժնետերը, որը գրանցված է ԱՄՆ-ում (Դելավեր), ծնունդով իրանցի, ծագումով՝ ազարի, իրանական շահի նախկին խորհրդական Ռզա Վեզարին է, որը ԱՄՆ տեղափոխվելուց հետո դարձել է տնօրենների ղեկավարը Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատի, որի պատվավոր անդամներն են եղել ժամանակին ամերիկյան քաղաքականության օդիոզ դեմքեր, որոնք են՝ Ջեյմս Բեյքերը, Զբիգնև Բժեզինսկին և Հենրի Քիսինջերը։ Այնուհետև Ռզա Վեզարին R.V. Investment Group Services-ի ղեկավարումը փոխանցել է Լոնդոնում գրանցված մեկ այլ՝ Anglo Asian Mining ընկերությանը, որի վերահսկիչ բաժնետոմսերի սեփականատերն այժմ ԱՄՆ-ի հայտնի քաղաքական կլանի ներկայացուցիչ Մայքլ Սունունուն է, որի հայրը՝ Ջոն Սունունուն, ժամանակին եղել է նախագահ Բուշի աշխատակազմի, իսկ հետո՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը:

Աղբյուրների համաձայն, հենց այս անձինք են՝ Վեզարին և Սունունուն, ովքեր այժմ հանդիսանում են ոչ միայն Սոյուդլուի հանքավայրի, այլև գլխավոր կառավարիչներն են Ադրբեջանի ոսկու արդյունահանման ամբողջ հատվածի, որն իր հսկողության տակ է առել Anglo Asian Mining-ը։ Տեղեկություններ կան, որ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ընկերությունն արդեն Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է վարել հետախուզական աշխատանքներ սկսելու և Զանգելանի ու Քելբաջարի «ազատագրված» ոսկու հանքավայրերի արագ շահագործման ուղղությամբ։ Հայտնի է դարձել նաև, որ դեռևս 2020 թ. հոկտեմբերին Ռզա Վեզարին ինտենսիվ էլեկտրոնային նամակագրություն է ունեցել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ՝ «ազատագրված»
հանքերի շահագործման թույլտվության վերաբերյալ ադրբեջանցիների հետ պայմանավորվածությունների արդյունքների մասին։ Հավանաբար, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին հետաքրքրում էր, թե արդյո՞ք Բաքուն պատրաստ է ԼՂՀ-ն գրավելուց անմիջապես հետո կատարել ոսկու արդյունահանման մենաշնորհը բրիտանացիներին հանձնելու մասին 25 տարի առաջվա պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Հետագայում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն գաղտնազերծեց այս նամակագրության բոլոր տեղեկությունները` պատճառաբանելով, որ չի ուզում վնասել Մինսկի խմբի աշխատանքային օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին(8):

Այսպիսով, ըստ բազմաթիվ աղբյուրների, Ի. Ալիևը Ադրբեջանի ոսկու արդյունահանման հսկողությունն ամբողջությամբ փոխանցել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ազդեցիկ քաղաքական-ֆինանսական խմբերը ներկայացնող անձանց (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական տանը)՝ իրականացնելով իր՝ օրինականության հետ խնդիրներ ունեցող ավտորիտար երկրի ոսկու հանքերի փաստացի օտարումը՝ համաշխարհային քաղաքական ամենաբարձր մակարդակներում իր վարչակարգի շահերը լոբբինգի ենթարկելու և անբարեխիղճ ներքին քաղաքականությունը կոծկելու դիմաց։

Կոռուպցիոն փոխգործակցության սխեման բավականին պարզ է՝ Ադրբեջանի ոսկու հանքերի շահառուներն ապահովում են Ի. Ալիևի վարչակարգի երկարակեցությունը, ինչի դիմաց վերջինս պարտավորվում է երաշխավորել շահառուներին հեշտ «ոսկե» փողեր՝ շրջանցելով պետական հարկման պահանջներն ու հանքարդյունաբերության կանաչապատման հետ կապված ծախսերը։ Այս կոռուպցիոն սխեմայի արդյունքում տուժում է պետությունը, գողանում են դրա ազգային հարստությունները, ոչնչացվում է բնությունը, իսկ բնակչության առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Վերոհիշյալի  համատեքստում հատկապես ցինիկ է հնչում հարևան Հայաստանի հանքավայրերը քարտեզագրելու և հետաքննություն սկսելու մտադրության մասին Ադրբեջանի կառավարության հայտարարությունը, որը նպատակ է հետապնդում պարզաբանելու գետերի և օդի աղտոտվածությամբ պայմանավորված բնապահպանական վնասի այն ծավալները, որն, իբր, Հայաստանը պատճառում է Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին:

Այս առումով տեղին է հիշել Արցախի շրջափակումը՝ նախաձեռնված ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից 2022 թ. ձմռանը։ Այդ ժամանակ նրանք պնդում էին, որ Լեռնային Ղարաբաղի Կաշենի հանքավայրն անդառնալի վնաս է հասցնում Ադրբեջանի էկոլոգիային և պահանջում էին ամբողջությամբ դադարեցնել դրա շահագործումը։ Կաշենի հանքավայրում արդյունահանումը ստիպված դադարեցվեց, սակայն այն բանից հետո, երբ 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքն անցավ Բաքվի լիակատար վերահսկողության տակ, Կաշենի հանքավայրը, ինչպես նաև Դրմբոնի ոսկի պարունակող երկրաբանական խառնահանքի ամբողջ համալիրը նորից շահագործման հանձնվեց։ Այս գործընթացը վերահսկվում է Ռզա Վեզարիի կողմից, որը խոստովանել է, որ 25 տարի առաջ անձամբ Հեյդար Ալիևի կողմից Դրմբոնի հանքերը խոստացվել էին իր R.V. Investment Group Services ընկերությանը, ինչը պատշաճ կերպով փաստաթղթավորվել էր բիզնես գործարքի տեսքով(9):

Այսպիսով, 2023 թ. ամռանը Սոյուդլուի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ադրբեջանական ոսկու արդյունահանման ոլորտում ռեալ իրավիճակը, ինչը գողության, կոռուպցիայի և պետության ​​շահերի ու տեղի բնակիչների անվտանգության բացահայտ անտեսման արդյունք էր։ Միևնույն ժամանակ, այդ երկրի ազգային հարստության հափշտակման համակարգը չէր կարող գործել առանց համագործակցելու Ալիևի ավտորիտար վարչակարգի և միջազգային քաղաքական-ֆինանսական խմբերի ու անհատների հետ, ովքեր Արևմուտքում լայն կապեր ունեն, բայց ոչ՝ անբասիր համբավ այն շրջանակներում, որոնք իսկապես պաշտպանում են շրջակա միջավայրի առաջընթացը աշխարհում և պայքարում Ադրբեջանի պես հումք արտահանող երկրների քաղաքական համակարգերի «մաքրության» համար:

Bloombergի դիտողությունը Բաքվում Կլիմայի համաշխարհային համաժողովն անցկացնելու ՄԱԿ-ի որոշման անհեթեթության մասին ակնհայտորեն խոսում է համաշխարհային էկոլոգիայի գլոբալ կառավարման համակարգում արժեքային ճգնաժամի մասին և վկայում «գալիք» բնապահպանական ապոկալիպսիսը կանխելու անիրագործելիության վերաբերյալ, քանի դեռ այդ ճգնաժամը չի հաղթահարվել հենց գլոբալ աշխարհակարգում ստեղծված իրողություններում, որտեղ բարիկադների հակառակ կողմերում ձևականորեն տեղակայված իրարամերժ համակարգերը՝ ազատականությունը և ավտոկրատիան, իրականում միահյուսված են մեծաթիվ շահերով և փոխաջակցությամբ:

(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրող ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։

(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 17.02.2024 թ.։

(1) Զագվոստկինա Կ., Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի հաջորդ խորհրդաժողովը կլինի Ադրբեջանում (ռուս.), 10.12.2023, Forbes. https://www.forbes.ru/society/502199-sleduusaa-konferencia-oon-po-klimatu-projdet-v-azerbajdzane (բեռնման օրը՝ 14.02.2024).

(2) NoNews: «Երկրների վարկանիշն՝ ըստ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի» (ռուս.), https://nonews.co/directory/ lists/countries/pollution-rating (дата обращения: 12.02.2024).

(3) Վայս Ա, Իլհամ Ալիևի ընտանիքի բաժինը հայտնաբերվել է նաեւ ոսկու հանքերում (ռուս.), (14.05.2012, Радио Азаттык, https://rus.azattyq.org/a/aliev_family_rudnik_property/24577466.html  (բեռնման օրը՝ 14.02.2024).

(4) Кавказский Узел: «Սոյուդլուում ցույցեր են. մարդիկ դեմ են հանքին», 20.07.2023, https://www.kavkaz-uzel.eu/articles/390548 (բեռնման օրը՝ 14.02.2024):

(5) Տես Forbidden stories: From Azerbaijan to smartphones: How tainted gold ends up in high-tech products, https://forbiddenstories.org/from-azerbaijan-to-smartphones-how-tainted-gold-ends-up-in-high-tech-products/ (բեռնման օրը՝ 12.02.2024), նաև՝ Forbidden stories: Torture in Azerbaijan: How European funds flow to Baku’s prisons, https://forbiddenstories.org/torture-in-azerbaijan-how-european-funds-flow-to-bakus-prisons/ (բեռնման օրը՝ 12.02.2024):

(6) Բունիաթյան Հ., Ադրբեջանը 25 տարի առաջ վաճառել է Դրմբոնի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը ԱՄՆ-ում գրանցված ընկերությանը: 16.12.2022, Радио Азатутюн, https://rus.azatutyun.am/a/ 32179980.html (բեռնման օրը՝ 14.02.2024):

(7) Նույն տեղում: