ՀՀ, Արցախ, Սփյուռք, Սահմանակից երկրներ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (ՀԽՍՀ ԵՎ ՀՀ) 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (ՀԽՍՀ ԵՎ ՀՀ)
1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՄ
Հ. Լ. Մելիք-Շահնազարյան

Սեղմագիր

Անկախության վերականգնման առաջին իսկ տարիներից Ադրբեջանի իշխանությունները ձևավորել են հայկական պետություններին ուղղված մի շարք պահանջներ, որոնց թվում հատուկ աչքի է ընկնում Հայաստանին ուղղված տարածքային պահանջատիրությունը։ Հիմնավորելու համար ՀՀ ներկայիս տարածքների «ադրբեջանապատկան լինելը»՝ պաշտոնական Բաքուն անցած տարիների ընթացքում ադրբեջանա-արցախյան հակամարտության պատճառով այստեղից հեռացած ադրբեջանցիների մասին հորինել է բազում ստեր և միֆեր, որոնք հետևողականորեն հրամցվում են թե՛ ներքին լսարանին, և թե՛ միջազգային հանրությանը։ Սույն աշխատությունը բացահայտում է ադրբեջանական քարոզչության՝ պատմությունը կեղծող թեզերը, բացահայտում Հայկական ԽՍՀ-ից և Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանցիների հեռանալու հետ կապված իրողությունները, շարժառիթներն ու պատճառները։

ЭМИГРАЦИЯ АЗЕРБАЙДЖАНЦЕВ ИЗ АРМЕНИИ (АРМССР И РА)
В КОНЦЕ 1980-ЫХ И НАЧАЛЕ 1990-ЫХ ГГ.
Мелик-Шахназарян Г.Л.

Аннотация

С первых же лет восстановления независимости власти Азербайджана выдвинули ряд требований по отношению к армянским государствам, среди которых выделяются направленные к Армении территориальные претензии. В целях обоснования идеи «принадлежности» нынешних территорий РА Азербайджану, официальный Баку целенаправленно представляет внутренней аудитории и международному сообществу несметное количество мифов и лживых тезисов об азербайджанцах, покинувших Армению в связи с азербайджано-арцахским конфликтом. Данная работа обличает тезисы азербайджанской пропаганды, которая занимается фальсификацией истории и раскрывает ситуацию с исходом азербайджанцев из Армянской ССР и Республики Армения, истинные мотивы и причины их отъезда.

EMIGRATON OF AZERBAIJANIS FROM ARMENIA (ARMSSR AND RA)
IN THE LATE 1980s AND EARLY 1990s
Melik-SHahnazaryan H. L.

Summary

From the initial period of the restoration of independence, the Azerbaijani authorities put forward a number of demands, concerning the Armenian states, among which the major emphasis on the territorial claims directed to Armenia was made. In order to substantiate the idea of “belonging” the current territories of the Republic of Armenia to Azerbaijan, official Baku purposefully presents to the domestic audience and the international community a myriad of myths and false theses about the Azerbaijanis who left Armenia due to the Azerbaijani-Artsakh conflict. This work exposes the theses of Azerbaijani propaganda, which falsifies history and reveals the situation with the exodus of Azerbaijanis from the Armenian SSR and the Republic of Armenia, the true motives and reasons for their departure.

Հրանտ Մելիք-Շահնազարյան(1)(2)

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (ՀԽՍՀ ԵՎ ՀՀ)
1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՄ

Նախաբան

2022 թ. օգոստոսի 3-ին Բաքվում տեղի է ունեցել 1989 թ.-ից գործող «Ադրբեջանի փախստականների միություն» հանրային միավորման ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում որոշվել է ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ հասարակական կազմակերպություն։ Նորաստեղծ կազմակերպությունը որպես իր գործունեության նպատակ է նշում «այն ադրբեջանցիների և նրանց սերնդների իրավունքների վերականգնումը, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ազգային պատկանելության պատճառով դեպորտացիայի են ենթարկվել Հայաստանից և նրանց՝ հարազատ տներ վերադառնալու հնարավորության ապահովումը»։ Տեղեկացնելով նոր կազմակերպության հիմնադրման մասին՝ Հարավային Կովկասի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը խոստովանել է, որ «Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ձևավորելը գործնական տեսք է ստանում։ Այս փուլում դա հասարակական նախաձեռնություն է։ Սակայն, հաշվի առնելով, թե որքան պատգամավորներ են անդամակցել այս կազմակերպությանը, «Արևմտյան Ադրբեջանի Համայնքի» տարբեր նախաձեռնությունները խորհրդարանում անցնելու են ավտոմատ կերպով»(3)։

Նորաստեղծ կազմակերպության նշված երկու նպատակներն էին՝ ՀՀ  նկատմամբ տարածքային պահանջատիրությունն ու ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ տարածքներում: Ըստ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ» Ազիզ Ալեքբերլիի, խոսքը 237 գյուղական բնակավայրի մասին է, որոնք բնակեցնելու համար արդեն հավաքվել են շուրջ 20 հազար ընտանիքների փաստաթղթեր(4): «Համայնքի» գործունեությունը վայելում է Ադրբեջանի քաղաքական իշխանությունների լիարժեք աջակցությունը։

Դեռևս 2022 թ. դեկտեմբերի 24-ին ԱդրՀ նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է հիշյալ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ և վերջիններիս փոխանցել 2010 թ.-ին «Ադրբեջանի փախստականների միության» համար կառուցված քառահարկ շենքը։ Իր այդ որոշումն Ալիևը հիմնավորել է այն հանգամանքով, որ «նախկինում այս շենքում գործող Ղարաբաղից տեղահանվածներն արդեն սկսել են վերադառնալ իրենց հողեր։ Վստահ եմ, կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները նույնպես կվերադառնան մեր պատմական հողեր՝ Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևը նաև հավելել է, որ այդ ուղղությամբ իրենք արդեն սկսել են աշխատանք տանել։ Նախ, ըստ նրա խոսքի, ադրբեջանական կողմը փորձում է իրազեկել համաշխարհային հանրությանը «այդ իրողության մասին»։ «Մենք ստիպված ենք եղել ռազմական գործողություն իրականացնել ադրբեջանա-հայկական սահմանին։ Այդ ռազմական գործողության արդյունքում մեր պատմական քաղաքներն արդեն գտնվում են վիզուալ տեսանելիության գոտում։ Այսօր մենք արդեն գտնվում ենք Բալա Գյոյչայի ափին։ Այսօր մենք առանց հեռադիտակ տեսնում ենք Գյոյչա լիճը», – հայտարարել է Ալիևը(5)։ Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությանը անուղղակիորեն ձայնակցում է նաև Անկարան: Այսպես, 2023 թ. փետրվարի 23-ին «համայնքի» նոր շենք է այցելել և Ազիզ Ալեքբերլիի հետ հանդիպել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն՝ այն այցելած առաջին դիվանագետը, որն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Թուրքիան պատրաստ է հետաքննել «Արևմտյան Ադրբեջանից արտաքսված» ադրբեջանցիների վերաբերյալ փաստերը(6): Հայաստանին ուղղված տարածքային պահանջատիրությունը հետզհետե վերածվում է Ադրբեջանի իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականության անքակտելի մասի։ Ադրբեջանական են հռչակվել ՀՀ բազում շրջաններ ու քաղաքներ՝ սկսած Վարդենիսից ու Կապանից, ավարտելով Ջերմուկով ու Երևանով։ Այս ամենը նշանակվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստ է բերվում մի նոր խնդիր, որը, կոնֆլիկտայնության իր ներուժով գրեթե չի զիջում Արցախի հիմնախնդրին՝ հարցականի տակ դնելով Արցախյան հիմնախնդրի այս կամ այն լուծումով Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» սկսելու մասին խոսույթը։

Արցախյան հակամարտության հետևանքով իրենց բնակության վայրերը լքած ադրբեջանցիներին իր հեռահար քաղաքական ծրագրերում օգտագործելու մտադրությունները ադրբեջանական կողմը գործի է դրել դեռևս 1988–1990 թթ.-ից: Այդ նպատակով պաշտոնական Բաքուն ամենատարբեր մակարդակներում շրջանառել և մշտապես ակտիվ է պահել փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրը՝ վերջիններիս դարձնելով ՀՀ դեմ իրականացվող քաղաքականության ու քարոզչական թեզերի զոհ։  Արդյունքում, հայկական երկու պետությունների և, ընդհանրապես, հայության դեմ իրականացվող հետևողական քաղաքականությունը թույլ է տվել Ադրբեջանին ժամանակի ընթացքում կոնկրետ խնդիրներ լուծել և հայկական կողմի դեմ պայքարում շահել միջազգային հանրության տարբեր շերտերի ոչ միայն ըմբռնումն, այլև՝ ուղիղ աջակցությունը։ Արդյունքում, 2020 թ. Ադրբեջանը կարողացավ հաղթանակ ապահովել Արցախի դեմ պատերազմում, իսկ հիմա փորձում է զարգացնել հաջողությունը և վերահսկողություն հաստատել Հայաստանի մի շարք տարածքների նկատմամբ։

Այս հարցում պաշտոնական Բաքուն մեծ կարևորություն է տալիս ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների գործոնին։ Այն օգնում է Ադրբեջանի իշխանություններին զուգահեռ մի քանի խնդիր լուծել.

ա) հիմնավորել ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական պահանջատիրությունը,

բ) ապահովել ՀՀ-ին ուղղված պահանջներից նվազագույնի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ԱդրՀ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև,

գ) շարունակել հակահայկականության հողի վրա ադրբեջանական հանրության միավորման գործընթացը,

դ) Ադրբեջանի ժողովրդի աչքին ներկայանալ՝ որպես ազգային խնդիրներ լուծելու ընդունակ իշխանություն,

ե) ՀՀ-ը միջազգային հանրության աչքին ներկայացնել՝ որպես հանցագործ երկիր։

Այդ է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունները, ընդհուպ մինչև նախագահի մակարդակով, նոր թափ են հաղորդում ադրբեջանցի փախստականների խնդրին։ Ընդ որում, նշված հարցը պաշտոնական Բաքուն շատ ավելի ամուր հիմքերի վրա է դնում, քան պարզապես փախստականների պրոբլեմներին լուծում տալը։ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը Հայաստանից ադրբեջանցիների «արտաքսման» երեք փուլերի գաղափարն է առաջ տանում՝ փորձելով այդկերպ հիմնավորել ՀՀ տարածքների՝ պատմականորեն ադրբեջանական լինելը։ Այս թեզի մշակումն ու առաջմղումն Ադրբեջանի համար ոչ թե պատմական, այլ՝ քաղաքական նշանակություն ունի։ Նպատակը՝ Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելն է։

Սույն ուսումնասիրության մեջ կանդրադառնանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և ՀՀ անկախության սկզբնական շրջանում Հայաստանից մեկնած ադրբեջանցիների խնդիրներին։ Հետազոտության նպատակն է հասկանալ, թե ե՞րբ, ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում են ադրբեջանցիները հեռացել Հայաստանից, ինչպե՞ս է դասավորվել նրանց ճակատագիրը Ադրբեջանում, քաղաքական ի՞նչ խնդիրներ է լուծել պաշտոնական Բաքուն փախստականների միջոցով և այլն։

Հատկապես հիմա, երբ Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների «վերաբնակեցման» քաղաքական քարոզչությունը, թեմայի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է դառնում։ Այն անհրաժեշտ է պատմական եղելություններին ճիշտ գնահատականներ տալու և Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությանը դիմակայելու տեսակետից։ Հետազոտությունը օգտակար է ինչպես ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականությունը մշակող ու իրականացնող պետական մարմինների, այնպես էլ՝ խնդրով զբաղվող պատմաբանների, փորձագետների, հետազոտական ինստիտուտների, իրավապաշտպան կազմակերպությունների և, ընդհանրապես, ընթերցողների լայն շրջանի համար։

1. Ադրբեջանցիները Հայկական ԽՍՀ-ում

1.1 Հայկական ԽՍՀ-ի ադրբեջանցիները՝ վիճակագրություն

Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչպես նաև հայության պատմական բնակության բոլոր մնացած շրջանները հարյուրամյակներ շարունակ հանդիսացել է տարբեր պետությունների և առանձին ցեղերի  արշավանքների, դրանց պատճառով սկիզբ առած պատերազմների, կոտորածների ու գաղթերի թատերաբեմ: Նման գործընթացների հետևանքով տեղի է ունեցել տարածաշրջանում նոր, վաճկատուն ցեղերի և ցեղախմբերի ներգաղթը, որոնց թյուրքախոս հետնորդներն այսօր հայտնի են իբրև «ադրբեջանցիներ»:

Հայաստանի տարածքում թյուրքական տարրի հայտնվելու և ժողովրդագրական պատկերի փոփոխության գործընթացը սկիզբ է առել դեռևս XI դարից, երբ տարածաշրջանը ենթարկվել է Միջին Ասիայից եկած սելջուկ-թուրքերի արշավանքներին: Իրենց ազդեցությունը գրեթե ողջ Հայաստանի տարածքի վրա սփռելով, սելջուկները պատմական հայրենիքի զգալի մասից դուրս են մղել հայության պատկառելի մասը: Արդյուքնում բազմաթիվ քոչվոր ցեղեր հարյուրամյակներով ներգաղթել են Հայաստանի տարածք և բնակություն հաստատել արոտավայրերով հարուստ տարածքներում: Իրավիճակն էլ ավելի է բարդացել մոնղոլական նվաճումների օրոք, որը նույնպես ուղեկցվում էր տարբեր՝ հիմնականում թյուրքական ցեղերի ներգաղթով և հայ բնակչության կրճատումով(7):

1386–1399 թթ. ընթացքում երեք անգամ Հայաստան է արշավել միջինասիացի նվաճող Լենկթեմուրը, որը կոտորել և գերեվարել է երկրի բնակչության մեծ զանգվածներ։ Նրա օրոք՝ մասնավորապես, Երևանի և Գանձակի մերձակայքում բնակեցվել են թյուրքական ղաջար ցեղի ներկայացուցիչները(8): Հայաստանի թյուրքաբնակեցման գործընթացին նպաստել է  17-րդ դարի սկզբին իսլամադավան երկուգերտերությունների՝ Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև մղվող պատերազմը։ Ցանկանալով վերահաստատել  1555 թ.  Ամասիայի պայմանագրով նախատեսված թուրք-պարսկական սահմանագիծը՝ պարսից շահ Աբբաս I-ը, 1603 թ. կազմակերպել է հայ բնակչության մեծ բռնագաղթը՝ «Մեծ սուրգունը», որի հետևանքով պարսկական տիրապետության տակ գտնվող տարածքներից դեպի Իրանի խորքերն են տարհանվել  շուրջ 250 հազ. հայեր՝ փոխարենը այստեղ բնակեցնելով քոչվոր տարբեր ցեղերի ներկայացուցիչների: Արդյունքում, ըստ հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու, երբեմնի գեղեցիկ և բարեբեր Հայաստանը վերածել է անմարդաբնակ անապատի(9):

Պատմական և ժողովրդագրական այդ խառնաշփոթը, ցավոք, բազում շահարկումների, մանիպուլացիաների ու կեղծիքների լավ հնարավորություն է տվել ադրբեջանական պատմագրությանը, որը պետական պատվերի շրջանակում(10) տասնամյակներ շարունակ փորձել է հիմնավորել այն թեզը, իբր ադրբեջանցիները Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ են, իսկ ահա հայերը՝ եկվոր։ Սույն ուսումնասիրության մեջ չենք անդրադառնալու պատմական այդ կեղծարարությանը, քանի որ, նախ՝ այն դուրս է հետազոտվող թեմայի շրջանակներից և երկրորդ՝ մեր խնդիրն է հասկանալ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) վերջին տարիներին և ՀՀ անկախության առաջին շրջանում երկրի տարածքում բնակվող ադրբեջանցիներին վերաբերող խնդիրները։

Ըստ Խորհրդային Միության 1939 թ. մարդահամարի՝ ՀԽՍՀ տարածքում բնակվում էր 130.896 ադրբեջանցի, որը կազմում էր հանրապետության բնակչության 10.2%-ը(11)։ 20 տարի անց՝ 1959 թ. մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ տարածքում ադրբեջանցիների թիվը նվազել է՝ կազմելով 107.748 մարդ, որը հանրապետության բնակչության 6.1%-ն էր(12)։

Ադրբեջանական պետական քարոզչությունը պնդում է, որ 1939–1959 թթ. համախորհրդային մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում՝ 1948–1953 թթ., ՀԽՍՀ-ից տեղի է ունեցել ադրբեջանցիների «դեպորտացիա»։ Այդ պնդման համար ադրբեջանցի պատմաբաններն ու քաղաքական գործիչները հղում են կատարում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1947 թ. դեկտեմբեր 23-ի կարգադրության վրա, որի առաջին կետով հանձնարարվում է. «19481950 թթ. կամավորության սկզբունքով Հայկական ԽՍՀ-ից 100 հազար կոլխոզնիկների և այլ ադրբեջանական բնակչության տեղափոխել Ադրբեջանի ԽՍՀ Քուր-Արաքսյան հովիտ, որոնցից 10 հազար մարդ՝ 1948 թ.-ին, 40 հազար մարդ՝ 1949 թ.-ին և 50 հազար մարդ՝ 1950 թ.-ին»(13)։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների, վերոնշյալ և դրան հետևած կարգադրությունների հիման վրա «1948-1953 թթ. ավելի քան 150 հազար ադրբեջանցիներ մասսայաբար և բռնի կերպով աքսորվել են Հայկական ԽՍՀ-ում գտնվող իրենց հայրենի հողերից»(14)։

Համադրելով համախորհրդային մարդահամարի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի թվերը՝ կարելի է ենթադրել, իբր ընդամենը 9 տարիների ընթացքում՝ 1939–1948 թթ. միջակայքում ՀԽՍՀ տարածքում բնակվող ադրբեջանցիների աճը կազմել է մոտ 20 հազ. մարդ կամ 15.2%, ինչն անհավանական մեծ թիվ է: Այս ամենի լույսի ներքո, սակայն, շատ ավելի անհավանական են դառնում ԽՍՀՄ 1959 թ. մարդահամարի տվյալները, համաձայն որոնց Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 107.748 ադրբեջանցի(15)։ Այսինքն, եթե նույնիսկ տեսականորեն հավատանք Ադրբեջանի այն թեզին, իբրև 1948–1953 թթ. ՀԽՍՀ-ից արտաքսվել են ավելի քան 150.000 ադրբեջանցիներ, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է դրանից ընդամենը 6 տարի անց ադրբեջանցիների թիվը Հայաստանում կրկին գերազանցել 100 հազարը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը պարզապես ստում է՝ պնդելով, թե ԽՍՀՄ իշխանությունները 1948–1953 թթ. աքսորել են Հայաստանի ադրբեջանական բնակչությունը։

Այս թեզը հիմնավորելու համար ընթերցողի ուշադրությունը հրավիրենք մի քանի կարևոր փաստի վրա։ Նախ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հիշատակված կարգադրության մեջ խոսվում է ոչ թե դեպորտացիայի, այլ՝ կամավոր տեղափոխման մասին։ Այսինքն՝ Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ազատ էին իրենց ընտրության մեջ և հանգիստ կարող էին շարունակել բնակվել այնտեղ, որտեղ բնակվում էին։ Իհարկե, հայտնի փաստ է, որ դիտարկվող ժամանակաշրջանում «կամավոր» հասկացությունը հաճախ պարտադիր բնույթ էր կրում։ Բայց, կոնկրետ այս դեպքում, ԱԽՍՀ իշխանություններն օգտվել են այդ ձևակերպումից և բազում փոփոխություններ մտցրել այդ կարգադրության փաստացի կիրառման մեջ։

Երկրորդ, փաստաթղթում խոսքը 100.000 կոլխոզնիկների և այլ ադրբեջանական բնակչության մասին է, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ բոլոր 100 հազարն էլ  ադրբեջանցի լինեին։ Նրանց թվում կարող էին լինել նաև այլ ազգի ներկայացուցիչներ, օրինակ՝ քրդեր, ռուսներ և, նույնիսկ, հայեր։

Երրորդ, շատ կարևոր մի հանգամանք՝ ադրբեջանական աղբյուրներում պահպանվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարների՝ Գ. Հարությունյանի (Արութինով) և Մ. Բաղիրովի՝ Ի. Ստալինին ուղղված համատեղ նամակի տեքստի նախագիծը, որտեղ երկու գործիչները, ելնելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից, իրենք են խնդրում ՀԽՍՀ տարածքից ադրբեջանցիներին տեղափոխել Ադրբեջանի ԽՍՀ(16)։ Այս նամակի նախագծի ճշմարտացիությունն ադրբեջանցի պատմաբանների և քարոզիչների կողմից չի հերքվում։ Սակայն վերջիններս պնդում են, իբրև Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովին Մոսկվան է պարտադրել նման նամակ պատրաստել, որպեսզի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների տեղահանումը բռնի գործողության տեսք չունենա։

Չորրորդ կարևոր փաստը, որ վկայում է «1948–1953 թթ. ադրբեջանցիների դեպորտացիայի» մասին պաշտոնական Բաքվի քարոզչական թեզի մտացածին լինելը, այն է, որ դեռևս մինչ 1948 թ. որոշ ադրբեջանցիներ ինքնակամ էին տեղափոխվում ԱդրԽՍՀ՝ բնակություն հաստատելով այնտեղի հայկական գյուղերում և քաղաքներում։ Այս փաստը նույնպես հայտնի է ադրբեջանցի պատմաբաններին։ Այսպես, Իլհար Նիֆթալիևը Ադրբեջանի ԳԱԱ տեղեկագրում, անդրադառնալով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1947 թ. դեկտեմբերի 23-ի վերոնշյալ կարգադրությանը, գրում է. «Հետաքրքիր է, որ նշված կարգադրության հրապարակման պահին տեղափոխվողների առաջին ալիքն ինքնակամ սկսել էր հատել Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանները և բնակության վայրեր փնտրել Քուռ-Արաքսյան հովտից հեռու գտնվող շրջաններում։ Նման փաստեր են արձանագրվել 1947 թ. դեկտեմբերից սկսած Գետաբեկի, Ղազախի, Շամքորի, Գյանջայի, Գյոյգյոլի և այլ շրջաններում»(17)։

Եվ, վերջապես, հինգերորդ կարևոր փաստը։ Ադրբեջանի արխիվներում պահպանվել է Ադրբեջանական ԽՍՀ Գյուղատնտեսության նախարարության՝ ԱԽՍՀ Նախարարների խորհրդին և Ադրբեջանի Կոմկուսի Կենկտկոմին 1954 թ. հոկտեմբերի 16-ին ուղարկված տեղեկանքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «19481953 թթ. իրականացվել է Հայկական ԽՍՀ-ից Քուռ-Արաքսյան հովիտ 11.914 տնտեսությունների, կամ 53 հազար մարդկանց՝ կոլխոզնիկների և այլ բնակչության տեղափոխում»(18)։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն այդ տարիներին ամեն ինչ անում էին Հայաստանից դուրս եկող իրենց հայրենակիցներին Ադրբեջանի հայաբնակ շրջաններում բնակեցնելու համար և այդ նպատակով մի քանի անգամ դիմել են Խորհրդային իշխանություններին՝ խնդրելով հետաձգել տեղափոխման գրաֆիկներն ու թվաքանակները(19), ապա կարելի է ենթադրել, որ ԱԽՍՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկանքում նշված թիվն էլ է ուռճացված։ Նպատակը ցուցադրելն էր, թե ադրբեջանցիները կատարել են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշման պահանջները։

Վերոնշյալ փաստերը խոսում են այն մասին, որ 1948–1953 թթ. Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքներում տեղի ունեցած ժողովրդագրական տեղաշարժերն իրենց էությամբ ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից դուրս բերելու նախապես մշակված քաղաքականություն էր, և ո՛չ էլ առավելևս՝ դեպորտացիա։ Ճիշտ հակառակը՝ դատելով Հայկական ԽՍՀ-ից հեռացած ադրբեջանցիներին Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակեցնելու աշխարհագրությունից՝ կարելի է ենթադրել, որ 1948–1953 թթ. լուծվում էր ոչ թե Հայաստանում ադրբեջանցիների, այլ՝ Ադրբեջանում հայերի դիրքերը թուլացնելու խնդիր։ Հենց այդ ժամանակահատվածում են դրվել պատմական Ուտիք աշխարհի Գարդմանք նահանգի և հարակից տարածքների ժողովրդագրական պատկերի փոփոխման հիմքերը։ Ավելին՝ ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ժողովրդագրական այդ քաղաքականության արդյունքում Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները պահպանեն այստեղ զարգանալու և նոր վայրեր յուրացնելու իրենց կարողությունը։ Այդ քաղաքականության արդյունքում, այսպես կոչված, դեպորտացիայից հետո Հայաստանում ադրբեջանցիների թիվը կրկին սկսեց աճել։ Ըստ 1970 թ. համամիութենական մարդահամարի տվյալների, ՀԽՍՀ-ում նախորդ մարդահամարի համեմատ ադրբեջանցիների թիվն աճել էր մոտ 41 հազարով՝ կազմելով 148.189 մարդ(20)։

Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թվի նման աճը պայմանավորված էր ոչ թե բնական, այլ տեխնիկական հանգամանքներով։ Բանն այն  է, որ խորհրդային տարիների ողջ ընթացքում Ադրբեջանի իշխանություններն անընդհատ փորձում էին Հայկական ԽՍՀ-ից նոր տարածքներ կցել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ զուգահեռ ամեն ինչ անելով, որպեսզի հնարավորինս մեծ թվով ադրբեջանցիներ բնակեցվեն Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական կողմի այդ քաղաքականությունը, իհարկե, աննկատ չէր Հայկական ԽՍՀ ղեկավարների համար։ Այսպես, գրող Անահիտ Սահինյանը պատմում է, որ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը երբեմն հավաքել է մտավորականներին և զրուցել տարբեր թեմաների մասին: Այդպիսի հավաքներից մեկի ժամանակ Ա. Քոչինյանը խոսել է իր համար մտահոգիչ մի հարցի մասին. «Դուք գիտե՞ք, որ հանրապետության սահմանամերձ շրջանները լցվել են ադրբեջանցի վերաբնակներով»(21):

Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվն աճել է նաև հաջորդ տասնամյակի ընթացքում։ Ըստ համամիութենական մարդահամարի տվյալների, 1979 թ. այստեղ բնակվում էր արդեն 160.841 ադրբեջանցի, որը կազմում էր Հայաստանի ընդհանուր բնակչության 5.3%-ը(22)։ Համամիութենական վերջին մարդահամարն անց է կացվել 1989 թ.-ին։ Ըստ այդ տվյալների, ԽՍՀՄ փլուզման նախաշեմին Հայաստանում բնակվում էր 84.860 ադրբեջանցի(23)։ Սա արդեն, 1979 թ.-ի համեմատ, կիսով չափ պակաս թիվ է։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ արդեն սկսած 1987–1988 թթ.-ից, ադրբեջանցիները զանգվածաբար լքում էին Հայաստանը։ Պատճառն օր-օրի զարգացող և հասունացող հայ-ադրբեջանական հակամարտությունն էր, որն արդեն մարդկային զոհերի պատճառ էր դարձել։

Ադրբեջանի պաշտոնական քարոզչության այն պնդումը, համաձայն որի՝ 1988–1989 թթ. Հայաստանում իրականացված «հերթական դեպորտացիայի» արդյունքում Հայաստանից 250.000 ադրբեջանցի է հեռացվել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան մի կողմից նման մեծ թվեր է հնչեցնում, մյուս կողմից, սակայն, համախորհրդային մարդահամարի թվերը գրեթե չի վիճարկում, կամ, գոնե, դրա համար մեծ ջանքեր չի թափում։ Եթե որպես հիմք ընդունենք 1970–1979 թթ. ժամանակահատվածում Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թվի անհավանական մեծ աճը՝ մոտ 41 հազար մարդ, և կիրառենք աճի նման տեմպը 1979–1989 թթ. համար, ինչը բնականաբար շատ արհեստական է, այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ մինչ Հայաստանից հեռանալն ադրբեջանցիների թիվն այստեղ պետք է կազմեր առավելագույնը 180-190 հազար մարդ, բայց ոչ երբեք՝ ավելի քան 250 հազար, ինչպես նշված է ադրբեջանական աղբյուրներում։

Ավելին, ՀԽՍՀ-ից հեռացած ոչ բոլոր ադրբեջանցիներն էին իրականում ադրբեջանցի։ «Քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում շատ էին ադրբեջանական դպրոցները, մուսուլման քրդերը երբեմն նախընտրում էին հաճախել ադրբեջանական դպրոցներ, իսկ պարսկալեզու քրդերը ժամանակի ընթացքում դառնում էին թյուրքախոս ադրբեջանցիներ: 1988-ին Խորհրդային Հայաստանից հեռացած 160 հազար ադրբեջանցիների մեջ կային նաև քրդեր, որոնք տասնամյակների ընթացքում դարձել էին ադրբեջանախոս»(24):

1.2 Հայկական ԽՍՀ ադրբեջանական բնակչության
կազմն ու բնակության վայրերը

Ըստ Խորհրդային Միության համամիութենական մարդահամարի տվյալների, 1989 թ. Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը գյուղաբնակ էր։ Համաձայն այդ տվյալների, Հայաստանի քաղաքներում բնակվում էր ընդամենը 7.139 ադրբեջանցի, մինչդեռ գյուղերում՝ 7.721 ադրբեջանցի(25)։ Նույն տվյալների համաձայն, Հայկական ԽՍՀ-ում բնակվող 84.860 ադրբեջանցիներից 41.846-ը տղամարդ էր, 43.014 -ը՝ կին(26)։

Հատկանշական է, որ 1979 թ. մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ ադրբեջանցիները նույնպես հիմնականում գյուղաբնակ էին։ Հայաստանի քաղաքներում այդ ժամանակահատվածում բնակվում էր ընդամենը 16.819 ադրբեջանցի, իսկ գյուղերում՝ 144.022(27)։ Խորհրդային Միության նախորդ տարիների բոլոր մարդահամարներում ևս գրեթե նույն պատկերն էր՝ Հայկական ԽՍՀ ադրբեջանցիները մշտապես եղել են գյուղաբնակ։

Ադրբեջանցիների մեծամասնությունը բնակվում էր ՀԽՍՀ սահմանամերձ հատվածներում՝ Մասիսի, Կարմիրի, Վարդենիսի, Կապանի, Մեղրիի և այլ շրջաններում։ Սակայն ադրբեջանցիներ կային նաև Կիրովականի, Լենինականի, Աբովյանի և այլ շրջաններում։

2. Ադրբեջանցիների ելքը Հայաստանից

2.1 Հակամարտության սկիզբն ու ադրբեջանցիների հեռացումը Հայկական ԽՍՀ-ից

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: 1987 թ. ընթացքում ԼՂԻՄ-ի գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ(28): 1988 թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միացնել Հայկական ԽՍՀ-ին։ Նույն թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման Խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին դիմել խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»(29):

2017 թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նկարահանվել է «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ 1988 թ. Ստեփանակերտի բնակիչները նշում են, որ նույնիսկ չեն մտածել, որ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու իրենց պահանջը կարող էր ադրբեջանցիներին հայերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների առիթ տալ։ «Մեզ թվացել էր, թե եթե գնանք հրապարակ, բոլորս միասին «Միացում» ասենք, դիմենք Մոսկվային, մեր հարցերը լուծելու են։ Միամտորեն կանչում էինք «Միացում-միացում» ու հաշվում էինք, որ շուտով մեր հարցը կլուծվի։ Մանավանդ Սեսիայից հետո… (նկատի ունի ԽՄԿԿ XX համագումարը – Հ.Մ.-Շ.) Սեսիան կար, պեչատը չկար։ Չկար։ Ադրբեջանը թույլ չէր տալիս», – հարցազրույցում պատմել է Ստեփանակերտի բնակչուհի Ժաննա Քարամյանը(30)։

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո, տարբեր տվյալներով, 2-3 հազար հիմնականում երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ոչնչացնում էր ճանապարհին եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ(31), այնուամենայնիվ, պաշտոնական Բաքվի քարոզչությունն այդ մեղքը բարդեց հայերի վրա՝ երկու ցուցարարների սպանությունը փորձելով ներկայացնել որպես հայ-ադրբեջանական վերսկսված հակամարտության առաջին արյունալի միջադեպը:

Ընդհանրապես, պետք է նշել, որ Ադրբեջանի՝ վերջին երեք տասնամյակների պատմագրությունն ու քարոզչությունը միտված են հիմնական մեկ խնդրի լուծմանը՝ ցույց տալ միջազգային հանրությանը, թե որքան անմարդկային ու դաժան է հայ ժողովուրդը։ Ահա այս քաղաքականության սահմաններում է, որ հորինվել են Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիների դեպորտացիայի, նրանց հանդեպ իրականացված բռնաճնշումների և, նույնիսկ, կոտորածների մասին միֆերը։ Ընդ որում, Ադրբեջանն ամեն ինչ անում է ապացուցելու, իբր Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերն ու տեղահանումները եղել են Հայկական ԽՍՀ-ում նմանատիպ զարգացումների հետևանք։ Այդ է պատճառը, որ ադրբեջանցի պատմաբանները, լրագրողներն ու քաղաքական գործիչները շարունակ փնտրում են վաղեմությամբ հնարավորինս հետ գնացող այնպիսի միջադեպ, որը «ցույց կտա», որ էթնիկ հողի վրա հետապնդումների մեկնարկը տվել է հենց հայկական կողմը։ Աղդամի երկու ցուցարարների սպանության հետ կապված միջադեպը հենց այդ օրինակներից մեկն է։ Դրանով ադրբեջանական քարոզչությունը «հիմնավորում է», իբր արցախահայերի՝ Հայաստանին միանալու պահանջը ոչ թե քաղաքական էր, այլ՝ ռադիկալ ազգայնամոլական։ Մինչդեռ նրանք որևէ կերպ չեն անդրադառնում Աղդամի մոտ 3 հազար բնակիչների՝ Ասկերանում հայտնվելու և այնտեղի հայ բնակչության վրա հարձակվելու փաստի հանգամանքներին։

Ադրբեջանական պատմագրությունը պնդում է, թե 1988 թ. Հայկական ԽՍՀ 185 գյուղերից արտաքսվել է մոտ 230 հազար ադրբեջանցի։ «Կործանվել են նրանց (ադրբեջանցիներին – Հ.Մ.-Շ) պատկանող 31 հազար տուն և սեփական տնտեսություն, 165 կոլխոզ և սովխոզ, 214 հոգի սպանվել են, 1.154-ը՝ վիրավորվել։ Հարյուրավոր մարդիկ տանջամահ են արվել։ Կանայք և աղջիկները ստորացվել և ծաղրվել են։ Հայաստանից արտաքսվել են նաև 15 հազար քրդեր և մի քանի հազար ռուս։ Հայաստանը, կարելի է ասել, վերածվել է մոնոէթնիկ հանրապետության։ Այդ նպատակով նախօրոք ստեղծվել էին զինված ջոկատներ։ 1988 թվականի հունվարի 25-ին Ադրբեջան են եկել առաջին ադրբեջանցի փախստականները, որոնք փախել են Հայաստանի Մեղրիի և Կապանի շրջաններից։ Փախստականների հաջորդ խումբը, փրկվելով հետապնդումներից», Ադրբեջան է ժամանել փետրվարի 18-23-ին»(32)։

Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե որն էր նման ծավալուն մեջբերման անհրաժեշտությունը։ Նախ նշենք, որ Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակած մեջբերվող այս գրքում, ի տարբերություն այդ երկրի նախագահի պաշտոնական կայքից, նշված է Հայաստանից հեռացած ոչ թե «ավելի քան 250 հազար», այլ՝ «մոտ 230 հազար» ադրբեջանցիների մասին։ Մեջբերված հատվածի երկրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է Հայաստանում ադրբեջանցիների կորցրած գույքի և ունեցվածքի մասին տեղեկություններին։ Այս կապակցությամբ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսելով ավիրված տների կամ թալանված կոլխոզների մասին, ադրբեջանական պատմագրությունը հղում է կատարում բացառապես սեփական աղբյուրների վրա(33)։ Եվ երրորդ, գրելով այն մասին, թե առաջին ադրբեջանցիները ստիպված են եղել փախչել Հայաստանից դեռևս 1988 թ. հունվարի 25-ին, Ադրբեջանի պատմագրությունը փորձում է ապացուցել, իբր Սումգայիթի հայերի ջարդերը եղել են այսպես կոչված «կապանյան» կամ «Մեղրիի դեպքերի» հետևանք։

Իրականում, սակայն, ինչպես քիչ հետո կտեսնենք, Հայկական ԽՍՀ-ում 1988 թ. տեղի ունեցած իրադարձությունները բավականին չափազանցված, նույնիսկ՝ միֆականացված են ադրբեջանական քարոզչության կողմից։ Նպատակը նույնն է՝ փորձել արդարացնել հայերի ջարդերը Սումգայիթում, Բաքվում և ԱդրԽՍՀ այլ հատվածներում՝ միջազգային հանրությանը մատուցելով իրականության հետ որևէ կապ չունեցող պատմություն։

2.2 «Կապանյան դեպքերն» ու Ադրբեջանի քարոզչական հնարքները

Ադրբեջանի պետական քարոզչությունն ու պատմագրությունը շարունակ պնդում են, որ Հայկական ԽՍՀ Կապանի շրջանից առաջին ադրբեջանցիներն արտաքսվել են դեռևս 1987 թ. նոյեմբերին։ Որպես ապացույց նրանք կրկին հղում են կատարում բավականին կասկածելի աղբյուրների վրա։ Դրանցից մեկը բրիտանացի լրագրող, հետազոտող Թոմաս դե Վաալն է, որն իր հայտնի «Սև այգի» գրքում անդրադարձել է, այսպես կոչված, «Կապանյան իրադարձություններին»։ «1987 թ. նոյեմբերին Բաքվի երկաթգծային կայարան երկու բեռնատար վագոն է ժամանել, որի մեջ միջէթնիկ բախումների պատճառով Կապանից ստիպված փախչող ադրբեջանցիներ էին։ Այս միջադեպի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, մամուլը դա ընդհանրապես չի լուսաբանել, բայց կան այդ իրադարձությունների ականատեսներ։ Սվետա Փաշաևան՝ այրիացած բաքվեցի հայ է, պատմել է, թե ինչպես է նա տեսել Բաքու եկած փախստականներին և ուտելիք ու հագուստ տարել նրանց համար»(34)։ Հաջորդիվ Թոմաս դե Վաալը մեջբերում է Փաշաևայի սրտաճմլիկ պատմությունը, որը վերջինս պատմել է հենց իրեն՝ դե Վաալին։ Ընդ որում, բրիտանացի լրագրողը նշում է, որ Սվետա Փաշաևան իր զրուցակցի իրական անունը չէ. վերջինս ցանկացել է թաքցնել իր իրական տվյալները։ Կարծում ենք ակնհայտ է, որ նման վկայությունը որևէ վստահություն չի կարող ներշնչել և, հետևաբար, նաև պատմական ու գիտական արժեք ունենալ։

Երկրորդ «վկայությունն» այն մասին, իբր մինչ սումգայիթյան ջարդերը Կապանից ադրբեջանցի փախստականներ են հայտնվել Բաքվում, հեղինակել է ադրբեջանցի պատմաբան-ազգագրագետ Արիֆ Յունուսովը։ Վերջինս պատմում է, թե 1988 թ. մոտավորապես հունվարի 25-ին ինքն աշխատանքի էր գնում Գիտությունների ակադեմիա, երբ տեսավ Ադրբեջանի Գերագույն խորհրդի շենքի մոտ կայանած 4 կարմիր «Իկառուս» մակնիշի ավտոբուսներ։ Նկարագրելով  ավտոբուսների ուղևորներին՝ Յունուսովն ասում է. «Նրանք բոլորը սարսափելի վիճակում էին։ Հիմնականում այնտեղ կանայք էին, երեխաներ և ծերեր։ Երիտասարդներ քիչ կային։ Շատերին ուժեղ ծեծել էին։ Նրանք գոռում էին»(35)։

Կապանից ադրբեջանցիների հեռանալու պատճառներն ու ճիշտ ժամանակագրությունը կարևոր նշանակություն ունեն՝ 1988 թ. սկզբից ուժգնացող հայ-ադրբեջանական բախումների տրամաբանությունը ճիշտ հասկանալու համար։ Բանն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, ի զորու չլինելով հերքել Սումգայիթի հայերի ջարդերի փաստը, փորձում է դրա պատասխանատվությունը բարդել հենց հայկական կողմի վրա՝ նշելով, իբրև թե Կապանից տեղահանված ադրբեջանցիների մի մասը՝ մոտ 18.300 մարդ, եկել էր Սումգայիթ, ինչն էլ իր հերթին անկարգություններ է առաջացրել քաղաքում։ Իբր թե, տեսնելով իրենց հալածված հայրենակիցներին, որոշ շրջանակներ փորձել են պատասխան հարված հասցնել Սումգայիթի հայերին։

Այսպես, համաձայն ԱդրԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ Զիա Յուսիֆզադեի տեղեկանքի, «Փետրվարի 26–29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների նախաշեմին Հայաստանի 20 շրջաններից քաղաք էին եկել 18.330 մարդ (3.030 ընտանիք)։ Նրանց մեջ էին նաև ռուսների 4 ընտանիք։ Այսպիսով, Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների պահին Ադրբեջանում արդեն մի քանի հազար փախստական կար Հայկական ԽՍՀ-ից»(36)։ Մեկ այլ ադրբեջանցի՝ 1988–1991 թթ. Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աֆրանդ Դաշդամիրովն էլ պնդում է, թե «մինչ 1988 թ. փետրվարի 18-ը, վախի մթնոլորտի ուժգնացման և բռնի գործողությունների հետևանքով Հայաստանը լքել ստիպված ադրբեջանցիների թիվն անցել էր չորս հազարը»(37)։

Ադրբեջանցի պատմաբանների, քաղաքագետների և լրագրողների աշխատություններում բազում են իբր թե 1987 թ. նոյեմբեր–1988 թ. հունվար ամիսներին ՀԽՍՀ-ից Ադրբեջան հեռացած փախստականների «հուշերն» ու «վկայությունները»։ Դրանք մի հոդվածից մյուսն են տեղափոխվում, տպվում գրքերում, տարածվում համացանցում։ Սակայն նշված նյութերը նախ՝ բացառապես ադրբեջանական ծագում ունեն, և երկրորդը՝ սկսել են գրվել ու տարածվել նկարագրվող իրադարձություններից մոտ 10 տարի անց։ Իրական սկզբնաղբյուրներ չկան։

Կարևոր է անդրադառնալ նաև այն պատճառներին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, սադրել են «Կապանյան դեպքերը»։ Նախ, նրանք հղում են կատարում 1987 թ. հոկտեմբերին Չարդախլու գյուղի բնակիչների և տեղի իշխանությունների միջև ընդհարման վրա, որի կապակցությամբ հոկտեմբերի 18-ին Երևանում ոչ մարդաշատ բողոքի ցույց է տեղի ունեցել(38)։ Նշենք, որ չարդախլվեցիները փորձում էին խոչընդոտել ազգությամբ ադրբեջանցի սովխոզի նոր նախագահի նշանակելուն, սակայն Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն այդ հարցը լուծել են բռնի ուժով՝ միլիցիային հրահանգելով ծեծի ենթարկել գյուղացիներին։ Ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան «Կապանյան դեպքերը» փորձում է ներկայացնել՝ որպես Չարդախլուի վերոհիշյալ միջադեպի «հայկական պատասխան»։ Բացի այդ, ադրբեջանցիները հղում են կատարում(39) Մ. Գորբաչովի տնտեսական հարցերով խորհրդական Աբել Աղանբեկյանի խոսքերի վրա, որն, իբր, Փարիզի «Intercontinental» հյուրանոցում հայերի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե «Խորհրդային իշխանությունների հետ ամեն բան արդեն համաձայնեցված է և շուտով ԼՂԻՄ-ը միացվելու է ՀԽՍՀ-ին»։ Աղանբեկյանի այս խոսքերը մեջբերված են «Humanite» թերթի 1987 թ. նոյեմբերի 18-ի համարում, ինչը, իբրև թե, մեծ արձագանք է գտել Ադրբեջանում(40)։ Ադրբեջանական պատմագրությունը պնդում է, թե հայերի շրջանում այնքան մեծ էր ոգևորությունն ու համոզմունքն առ այն, որ Արցախի հարցը լուծվելու է հօգուտ Հայաստանի, որ նրանք որոշել են օգտագործել հարմար պահը և Հայաստանը մաքրել ադրբեջանցիներից։ Իբրև թե հենց այդ ոգևորությունն է բերել Կապանի և Մեղրիի շրջանում «տեղի ունեցած դեպքերին»։ Բոլոր այս փաստարկներն ադրբեջանական կողմին պետք էին մեկ բանի համար՝ որևէ կերպ «հիմնավորել» ադրբեջանցիների հանդեպ հայերի «ցեղասպան» վարքագիծը։ Իսկ սա նշանակում է, որ ավելի քան 30 տարի Ադրբեջանում, ինչպես նաև՝ աշխարհի մի շարք մայրաքաղաքներում ադրբեջանական ֆինանսավորմամբ լույս տեսնող գրքերը, հոդվածները, մեկնաբանություններն ու քննարկումներն ունեն բացառապես քարոզչական նշանակություն։ Ցավոք, պատմական զարգացումների իրական ընթացքը Ադրբեջանի քարոզիչներին չի հետաքրքրել։ Երկրորդ ցավալի փաստն այն է, որ հայկական պատմագրությունն էլ, իր հերթին, բավականին թերացել է 1987–1990 թթ. զարգացումների անաչառ ուսումնասիրության գործում, պատշաճ կերպով չի հակազդել ադրբեջանցի գիտնականների ստեղծած միֆերին, հիմնավոր փաստարկներով չի մերկացրել թշնամու քարոզչության թեզիսները։ Եվ դա այն պարագայում, երբ Խորհրդային Հայաստանի իշխանությունները դեռևս 1988 թ. արդեն հասկացել էին, որ ադրբեջանցիների կողմից տարածվող կեղծիքներին պետք է հիմնավոր պատասխաններ տալ։

1988 թ. հունիսի 19–25-ը ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի նախաձեռնությամբ Ադրբեջանի մի խումբ պատասխանատու գործիչներ այցելել են Հայաստան։ Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ, Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի առաջին տեղակալ Մ. Ս. Մամեդովը։ Այդ պատվիրակությունը Հայաստան էր հրավիրվել մեկ նպատակով՝ որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին և համոզվի, որ ՀԽՍՀ-ում ադրբեջանցիների նկատմամբ ոչ մի բռնություն չի գործադրվում։ Չնայած դրան, սակայն, Հայաստան այցելած բարձրաստիճան ադրբեջանցիների պատվիրակությունը բավական ահասարսուռ զեկույց(41) է պատրաստել՝ պատմելով, թե ինչպես են «հայ ազգայնականները» Հայաստանի տարբեր շրջաններում կոտորում ադրբեջանցիներին, կարծես այդ ամենն իրենց աչքի առջև է տեղի ունեցել։ Մինչդեռ պարզ է, որ եթե նույնիսկ ՀԽՍՀ-ում որևէ խնդիր լիներ, ապա երկրի այն ժամանակվա կոմունիստական ղեկավարությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի Ադրբեջանի պատվիրակությունը չտեսներ դա։ Ադրբեջանցիների պատրաստած զեկույցը դարձավ այն փաստի հերթական ապացույցը, որ հակառակորդին ոչ թե ճշմարտությունն էր պետք, այլ ստի ու կեղծիքի վրա հիմնված հակահայկական քարոզչությունը։

2.3 Հայկական ԽՍՀ-ում զոհված ադրբեջանցիները

1989 թ. գարնանը Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստի ընթացքում հանրապետության Ներքին գործերի նախարարը հայտնել է Հայաստանում սպանված 23 ադրբեջանցիների մասին(42)։ Հետագայում ադրբեջանական քարոզչամեքենան ուռճացրել է  այդ թիվը և աշխարհին հայտնել Խորհրդային Հայաստանում իբր թե սպանված տասնյակ, իսկ հետո՝ հարյուրավոր ադրբեջանցիների մասին։

Այսպես, ժամանակին Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, իսկ այժմ քաղաքական վտարանդի, քարոզիչ-պատմաբան Արիֆ Յունուսովը, որի մայրն, ի դեպ, ազգությամբ հայ է, 1991 թ. «Экспресс-хроника» իրավապաշտպան շաբաթաթերթում հրապարակած  իր հոդվածում  ներկայացրել է իբր Հայաստանում սպանված, ազգությամբ ադրբեջանցի 215 քաղաքացիների ցուցակը(43)։ 1990 թ. փետրվարի 26-ին՝ սումգայիթյան ոճրագործության հերթական տարելիցի նախօրեին տպագրված և հայերի ջարդերից ուշադրությունը շեղելու նպատակ ունեցող հոդվածում առաջարկություն է արվել հայկական կողմին «պարզաբանումներ և ուղղումներ մտցնել հավաքագրված նյութում»(44)։ Թեև հենց նյութի հեղինակը չէր հավակնում բերված տվյալների լիակատար հավաստիությանը, այնուամենայնիվ, այն դարձավ Բաքվի քարոզչության և առանձին օտարերկրյա հեղինակների (օրինակ` Թոմ դե Վաալի) հետազոտությունների ելակետային դրույթներից մեկը:

Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Հուսիկ Հարությունյանի հանձնարարությամբ այդ ժամանակ ուսումնասիրվել են Ա. Յունուսովի հրապարակած ցուցակի բոլոր մարդկանց վերաբերող տեղեկությունները: Նույն թվականի ապրիլի 16-ին Հ. Հարությունյանը նույն հանդեսին տրված իր հարցազրույցում պարզաբանել է ադրբեջանական վարկածում բերված տվյալներն ու զոհերի ցուցակը: Ըստ այդմ.

– Նշված ցուցակից 74 հոգի երբևէ գրանցված չեն եղել ՀԽՍՀ ՆԳ շրջանային վարչությունների անձնագրային բաժանմունքների և ՔԿԱԳԳ-ների կողմից, ինչպես նաև ՀԽՍՀ գյուղական խորհուրդների հաշվառման մատյաններում։

– Ցուցակում նշված 17 անձ, ըստ հավաստի տվյալների, մահացել կամ զոհվել են ԱդրԽՍՀ տարածքում:

– 16 անձ թեև նախկինում ապրել են Հայաստանում, սակայն մահը հավաստող որևէ տվյալ/փաստաթուղթ չկար:

– 62 անձ 1988 թվականին առանց որևէ խնդիրների մեկնել են Հայաստանից և նրանցից մեծամասնության բնակության նոր հասցեները հայտնի էին հայկական կողմին:

– 20 մարդ իրոք մահացել էր ՀԽՍՀ տարածքում, սակայն ոչ բռնի մահվան պատճառով, իսկ դրանցից 3-ը մահացել էր դեռ 1988 թվականից առաջ:

– Ցուցակում մեկ մարդ նշված է եղել երկու անգամ:

Ինչպես այս առիթով նշել է Հ. Հարությունյանը. «Մենք փաստաթղթերով ապացուցել ենք, որ կազմված ցուցակն ուռճացված է մոտ տասն անգամ։ Մի՞թե այդ ցուցակի կազմողները չեն մտածել, որ ողջերին մեռածների շարքին դասելով իրենք սրբապղծություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»(45)։ Հատկանշական է, որ հայկական կողմի պատասխանը հրապարակվել է նույն պարբերականում, որի էջերից տարածվել էր ադրբեջանական կեղծիքը։ Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավարի պատասխանում ներկայացված փաստերը հետագայում որևէ մեկի՝ նույնիսկ ադրբեջանցիների կողմից, չեն վիճարկվել։

Անհրաժեշտ է նաև նշել, որ այն ամենը, ինչը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել իբրև ադրբեջանցիների ջարդ Հայաստանում, իրականում ոչ այլ ինչ էին, քան միջէթնիկական բախումներ, ինչը նշանակում է, որ զոհեր են եղել նաև հայկական կողմից։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ազգամիջյան հողի վրա տեղի ունեցած օրինախախտումների արդյունքում 3 տարվա ընթացքում զոհվել է 26 ադրբեջանցի, այդ թվում՝ 1988 թ. նոյեմբերի 27-ից մինչև  դեկտեմբերի 3-ը՝ 23 հոգի, 1989 թ-ին՝ մեկ հոգի և 1990 թ.-ի հունվարին՝ 2 հոգի(46): Հայաստանաբնակ հիշյալ ադրբեջանցիներից 20-ը զոհվել են ՀԽՍՀ հյուսիս-արևելյան շրջաններում, որտեղ նույն ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից սպանվել է 17 հայ(47)։ Տրամաբանական է, որ 20-ը 17-ի հարաբերակցությամբ ջարդեր չեն կարող լինել։ Իրավիճակը տրամագծորեն այլ էր Ադրբեջանում հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերի պարագայում՝ թե զոհերի քանակով և թե 1988 թվականի փետրվարից մինչև առնվազն 1990 թ. հունվարի վերջերը տևած սպանության և բռնությունների ինտենսիվությամբ: Խնդրի ուսումնասիրմամբ զբաղված օտար աղբյորները ժամանակից արձանագրել են, որ Հայաստանում չի արձանագրվել ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և կտտանքների և ոչ մի դեպք՝ երևույթներ, որոնք բազմիցս գրանցվել են Ադրբեջանում տեղի ունեցած հակահայկական ջարդերի ընթացքում: Ըստ նրանց՝ «… Հայաստանում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք բռնության ինքնաբուխ և կարճատև բռնկման, Ադրբեջանում՝ համակարգված գործընթացի հետ»(48)։Հայկական կողմի բերված թվերի վավերականության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների սպանության փաստերով ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունում ընդամենը 26 քրեական գործ է հարուցվել(49)։

2.4 Հայաստանը վերջինը լքած ադրբեջանցիները

Հայաստանի տարածքը վերջինը լքած ադրբեջանցիները, ըստ Բաքվի քարոզիչների,  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Նյուվադի (ներկայումս՝ Նռնաձոր – Հ.Մ.-Շ.) գյուղի բնակիչներն էին։ Նրանք Նյուվադիից հեռացել են 1991 թ. օգոստոսի 8-ին և սկզբնական շրջանում տեղակայվել Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր արևելք գտնվող լեռներից մեկի քամոտ լանջերի վրա հիմնված վրանային ճամբարում։

Ըստ ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների վկայությունների, Նյուվադիի բնակիչների նկատմամբ հայկական կողմից որևէ ճնշում կամ բռնություն չի կիրառվել։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները նույնիսկ փորձել են համոզել նյուվադեցիներին Հայաստանումմնալ՝ տղամարդկանց աշխատանք առաջարկելով ՆԳՆ ստորաբաժանումներում(50):

Նյուվադիում բնակվում էր մոտ 80 ընտանիք։ Ըստ որոշ պատմական տվյալների, իրականում նրանք ոչ թե ադրբեջանցիներ էին, այլ թաթեր՝ իրանալեզու շիա ժողովուրդ։ Այսպես, «Кавказский Календарь»-ի տվյալներով 1894 թ. այդ գյուղում բնակվել է 1.083 թաթ(51)։ Քանի որ Սովետական Հայաստանում իրանալեզու դպրոցներ չկային, թաթերը, ինչպես նաև քրդերը, հաճախում էին ադրբեջանական դպրոցներ։ Նրանցից շատերը հետագայում ասիմիլացվել և ադրբեջանցի են դարձել։ Այդ է պատճառը, որ այսօր արդեն հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե իրականում ի՞նչ ծագում են ունեցել Նյուվադիի բնակիչները։ Ամեն դեպքում փաստն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը 1991 թ. օգոստոսի 8-ը համարում է Հայաստանից վերջին ադրբեջանցիների արտաքսելու օր։

2.5. Հայաստանը լքած ադրբեջանցիների գույքային խնդիրները  

Ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրը լայնորեն կիրառվել է Բաքվի կողմից Ղարաբաղյան հակամարտության բնույթն ու պատճառները աղճատելու, սեփական հանցանքները թաքցնելու և զոհի կարգավիճակում հանդես գալու նպատակով: Հիշյալ խնդիրների համատեքստում հետևողական աշխատանքի շնորհիվ աղավաղվել և կեղծվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային պարամետրեր, ինչպիսիք են այդ փախստականների իրական քանակը, դրանց ի հայտ գալու հանգամանքները, կարգավիճակը և այլն:

Ըստ հայկական աղբյուրների, ՀԽՍՀ-ից ադրբեջանցի փախստականների թիվը կազմում է մոտ 167.900 մարդ։ Թեև թվերը մոտ են ադրբեջանական որոշ հեղինակավոր աղբյուրների՝ սկզբնական շրջանում հնչեցված թվերին, այնուամենայնիվ, Ադրբեջանի Պետական ​​վիճակագրական կոմիտեն շրջանառության մեջ դրեց 186.000 թիվը, որին ավելի ուշ արդեն փոխարինելու եկավ 230.000-250.000-ը(52): Այսպես. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակված Ադրբեջանի պատմության յոթհատորյակը, մասնավորապես, պնդում է, որ «1988 թվականին Հայկական ԽՍՀ տարածքից՝ 185 գյուղից և այլ բնակավայրերից վտարվել է մոտ 230 հազար ադրբեջանցի։ Ավերվել են 31.000 տներ և մասնավոր տնտեսություններ, 165 կոլտնտեսություններ և սովխոզներ, զոհվել է 214 մարդ, վիրավորվել՝ 1154-ը։ Հարյուրավոր մարդիկ մահացել են խոշտանգումներից»(53)։ Ըստ Ադրբեջանում գործող Միգրացիոն ռեսուրսային կենտրոնի Տեղեկատվական ծրագրի ղեկավար Ազեր Ալլահվերանովի՝ Հայաստանից «3-4 տարվա ընթացքում» Ադրբեջան տեղափոխված փախստականների թիվը հասել էր 224.000 հոգու(54):

Տեսականորեն, Ադրբեջանում փախստականների նման քանակը կարող էր գոյանալ այն դեպքում, երբ Բաքուն Հայաստանից ներգաղթած մարդկանց թվին գումարեր նաև Ուզբեկական ԽՍՀ-ից Ադրբեջան տեղափոխված շուրջ 50 հազ. մեսխեթցի թուրքերին: Մինչդեռ, ինչպես հայտնի է վերջիններիս հայտնվելը Ադրբեջանում Արցախյան հակամարտության հետ որևէ կապ չունի(55):

Ըստ հայ մասնագետների՝ փախստականների մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱդրԽՍՀ-ից 1988-1990 թթ. բռնագաղթված հայ փախստականների և 1989-1990 թթ. ՀԽՍՀ-ից հեռացած ադրբեջանցիների կարգավիճակների անհամաչափությունը ըստ հիմնական միջազգային-իրավական չափանիշների։ Ըստ այդ չափանիշների, որոնցից են արտաքսման բռնարարքը, սեփականության ամբողջական կամ գրեթե  լիակատար կորուստը, մարդկանց կյանքին սպառնացած իրական վտանգը, զանգվածային սպանության փաստերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում և այլն, ապա կարելի է արձանագրել հայ փախստականների կարգավիճակի ամբողջական, իսկ ՀԽՍՀ-ն լքած ադրբեջանցիների համար՝ փախստականների կարգավիճակի թերի բնույթը(56): Մասնագետների վկայությամբ՝ ադրբեջանցիների արտագաղթը Հայաստանից հիմնականում պայմանավորված է եղել բարոյական բնույթի պատճառներով, չի ուղեկցվել փախստականների նկատմամբ բռնությամբ, չեն արձանագրվել ընդհարումների հետևանքով սեփականության ամբողջական կամ գրեթե լիակատար կորստի դեպքեր:

Ավելին, ՀԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների զգալի մասը (ավելի քան 80 հազար մարդ) 1988-1989 թթ. իր համար զգալիորեն ավելի շահավետ պայմաններով իր տները կամ բնակարանները փոխանակել է ԱդրԽՍՀ-ից հայ փախստականների հետ, որոնց մեծ մասն արդեն ստիպված էր լքել Ադրբեջանը, բայց որոնք դեռ պահպանում էին այնտեղ իրենց պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ պաշտոնական Բաքուն փախստականների շարքին է դասում նաև այն ադրբեջանցիներին, ովքեր 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զրկվելով իրենց անշարժ գույքից՝ լքել են ՀԽՍՀ հյուսիսային շրջանները: Մարդկանց այս կատեգորիան՝ շուրջ 80 հազար հոգի, ընդհանրապես չի կարող հավակնել Հայաստանից փախստականի կարգավիճակին այն պարզ պատճառով, որ նրանք, ինչպես նաև ՀԽՍՀ հյուսիսային շրջանների երկրաշարժից տուժած հարյուր հազարավոր այլ բնակիչներ, աղետի գոտու վերածված իրենց բնակավայրերը լքել են բացառապես սոցիալ-տնտեսական պատճառներով՝ միաժամանակ ստանալով զգալի նյութական փոխհատուցում ՀԽՍՀ կառավարությունից՝ որպես բնական աղետի զոհ(57): Ըստ որոշ աղբյուրների, 1989 թ.-ին ՀԽՍՀ իշխանությունների կողմից 14,5 հազար ադրբեջանցի ընտանիքների միանվագ եղանակով վճարվել է 110 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամական փոխհատուցում՝ Հայաստանում թողած իրենց տների և գույքի համար(58): Թեև ՀԽՍՀ ղեկավարությունը ամեն ինչ արել էր, որպեսզի հեռացող ադրբեջանցիները կարողանան իրենց հետ տանել իրենց ունեցվածքը, վերջիններս, այնուամենայնիվ, կենտրոնական իշխանություններին հեղեղել են Հայաստանում կամ ճանապարհներին ենթադրյալ կողոպուտների մասին նամակներով: Հիշյալ բողոքները հիմնականում չեն հաստատվել ԽՍՀՄ դատախազության և ԽՍՀՄ ՆԳՆ քննչական խմբերի ստուգումներով, միաժամանակ արձանագրվել է նաև, որ գնացածներից ոմանք նման հայտարարություններ են գրել հարկադրաբար: Չնայած հայկական կողմի ձեռնարկած բոլոր քայլերին, ադրբեջանական կողմի պատկերացմամբ ադրբեջանցիները Հայաստանում թողել են գույք, որի արժեքը կազմում է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար(59):

Այսպիսով, ընդհանուր առմամբ ՀԽՍՀ-ից հեռացել է շուրջ 160.000(60) ադրբեջանցի (մոտ 29.500 ընտանիք), որոնցից փոխհատուցում են ստացել երկրաշարժի գոտու 14.500 ընտանիք, 22.428 ընտանիք փոխանակել կամ վաճառել է իրենց բնակարանները, ավելի քան 7.428 ընտանիք միաժամանակ վաճառել կամ փոխանակել է իր տունը և ստացել փոխհատուցում։ Արդյունքում. ՀԽՍՀ-ից հեռացած ադրբեջանցիներից և ոչ ոք ՄԱԿ-ի կոնվենցիայով չի կարող համարվել փախստական, իսկ երկրում մեկ միլիոն փախստականների առկայության մասին Բաքվի հայտարարությունը կեղծիք է և քարոզչական հնարք(61):

ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի գնահատականներով ադրբեջանական իշխանությունները դեռևս 90-ականների սկզբներին կարող էին լուծել ադրբեջանցի փախստականների կարգավիճակ ունեցող անձանց բնակարանային խնդիրները, քանի որ այդ երկիր է տեղափոխվել ընդամենը 86 հազ. ընտանիք, մինչդեռ Ադրբեջանում հայերի դեմ ձեռնարկած էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանում ազատվել են 92 հազ. բնակարան: Սակայն, Եգանյանի խոսքերով, ողջ այդ բնակարանային ֆոնդը բաժին է հասել ադրբեջանցի չինովնիկներին, քանի որ գտնվում էր ադրբեջանական խոշոր քաղաքների լավագույն թաղամասերում(62):

3. Հայաստանից մեկնած ադրբեջանցիների ճակատագիրը

3.1 Փախստականները՝ որպես Ադրբեջանի քաղաքականության գործիք

Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, 2009 թ. դրությամբ մոտ մեկ միլիոն մարդ այդ երկրում ուներ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակ, որոնցից 186 հազարը նրանք էին, ովքեր ժամանակին լքել են Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը(63)։

Փախստականների և ներքին տեղահանվածների հետ աշխատանքներն Ադրբեջանում կարգավորվում են 1998 թ. ընդունված «Քաղաքացիության մասին» և 1999 թ. ընդունված «Փախստականների և ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին», ինչպես նաև՝ «Ներքին տեղահանվածների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության մասին» օրենքների դրույթներով։

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքից 1988–1990 թթ. շատ ավելի մեծ քանակությամբ հայերն են տեղահանվել, քան Հայաստանից հեռացած ադրբեջանցիներն էին և չնայած Ադրբեջանի տնտեսական մեծ հնարավորություններին, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն մոտ 20 տարի չի լուծել փախստականի կարգավիճակ ունեցող իր հայրենակիցների բնակության խնդիրները։ Վերջիններս ստիպված են եղել երկու տասնամյակ բնակվել վրանային ճամբարներում՝ ըստ էության զոհելով իրենց առողջությունն ու բարեկեցությունը Ադրբեջանի քարոզչական նպատակներին։

Վերջին վրանային ճամբարը Ադրբեջանում փակվել է 2007 թ. դեկտեմբերի 29-ին(64)։ Մինչ այդ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահի աշխատակազմի ղեկավարությամբ, կազմակերպում էին օտարերկրյա լրագրողների այցեր դեպի այդ ճամբարներ և թշվառ մարդկանց ֆոնի վրա հակահայկական քարոզի իրականացում։

Հայաստանից Ադրբեջան մեկնած ադրբեջանցիներին հաճախ անվանում են «երազներ»։ Այս բառը վիրավորական չէ և կազմված է «Երևան՝ Հայաստան» ու «ազերբայջանլըլարը» բառերի միակցումից։ Այն նշանակում է «Հայաստանի ադրբեջանցիներ»։ Դեռևս սկսած 90-ականների սկզբից «երազները», որոնք բավական լավ ներքին կազմակերպվածություն ունեն, մեծ ազդեցություն են ձեռք բերել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացներում։ Այսպես, 1993 թ.-ին նրանք օգնել են Հեյդար Ալիևին իշխանության գալ Ադրբեջանում։ «Երազները», որոնց շատերը «կլան» են անվանում, մշտապես իրենց դիրքերն են ունեցել Ադրբեջանի իշխանության ամենաբարձր օղակներում։ Չնայած այդ հանգամանքին, նրանց բացարձակ մեծամասնությունը նույնքան թշվառ է, որքան Ադրբեջանի բնակչության մնացած հատվածը։

3.2 Հակահայկական քարոզչության ոլորաններում

2005 թ. ապրիլին Ադրբեջանի 6 քաղաքացիներ, որոնք մինչ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը բնակվում էին ԱդրԽՍՀ Լաչինի շրջանում, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ իրենք զրկված են եղել Լաչինի շրջանում գտնվող իրենց բնակավայրեր վերադառնալու և իրենց գույքը վերադարձնելու հնարավորությունից։ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» իրավական անվանումն ստացած գործը երկար տարիներ եղել և հիմա էլ շարունակում է մնալ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ ուղղված պետական քարոզչության հիմնական ուղղություններից մեկը։ Այդ գործի միջոցով պաշտոնական Բաքուն փորձել է հիմնավորել իրենց համար կարևոր նշանակություն ունեցող մի քանի թեզ։ Այսպես, ինչպես տեղական մամուլին տրված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովը, «Չիրագովի» գործով իրենք կարողացել են հասնել նրան, որ ադրբեջանցիների իրավունքները խախտվել են «Ադրբեջանի սուվերեն տարածքում, սակայն դրա համար Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատվություն կրում»(65)։ Երկրորդ արձանագրությունը, որն ադրբեջանական կողմը դուրս է բերել ՄԻԵԴ վճռից, այն է, իբր Դատարանն իր որոշման մեջ փաստում է, որ Արցախի բոլոր տարածքներն օկուպացվել են Հայաստանի կողմից(66)։

2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Մեծ Պալատի կազմով, Հայաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ դեմ հայց ներկայացրած Ադրբեջանի քաղաքացիներին։ Նույն օրը նույն մարմինը մեկ այլ վճիռ է կայացրել, որով Ադրբեջանին է պարտավորեցրել փոխհատուցում վճարել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրած Շահումյանի շրջանի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանին(67)։

Երկու նույնաբովանդակ այս որոշումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, ակնհայտ է, փորձել է հավասարակշռություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և առավելություն չտալ դիմող կողմերից որևէ մեկին։ Սակայն դրական վճռի նախադեպը թույլ է տվել ադրբեջանական կողմին համոզվելու, որ նման ճանապարհով հետագայում Հայաստանին որոշ բաներ պարտավորեցնելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի քաղաքականության հակահայկական թեզերը միջազգային ատյաններում ամրապնդելու հնարավորություն կա։ Ներկայումս պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ ուղղված նոր հայցեր է պատրաստում՝ փորձելով ՀՀ-ից ռեպարացիաներ ստանալ, օրինակ, «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էներգառեսուրսների ապօրինի շահագործման համար»(68)։

Ադրբեջանի անկախության այս ողջ ժամանակահատվածում հայատյացությունը եղել և շարունակում է մնալ այդ պետության ներքին և արտաքին քաղաքական բոլոր զարգացումների շարժիչ ուժը։ Հայատյացությունն է ձևավորել և կազմաքանդել Ադրբեջանի բոլոր իշխանությունները։ Հայատյացությունն է հնարավոր դարձրել վերնախավերի կողմից երկրի ռեսուրսների կողոպուտը։ Հայատյացությունն է թույլ տվել ստորացնել և այդ վիճակում պահել Ադրբեջանի ժողովրդին։ Հայատյացությունն է եղել արտաքին աշխարհի հետ շփվելու պաշտոնական Բաքվի հիմնական լեզուն։ Եվ, վերջապես, հայատյացությունն է դարձել այդ պետության գոյության իմաստը։

Ադրբեջանի իշխանությունները, իրենց հերթին, ամեն ինչ արել և շարունակում են անել, որպեսզի այդ հայատյացությունը մշտական սնունդ ունենա։ Այդ է պատճառը, որ հայերի ու Հայաստանի վերաբերյալ կեղծիքների արտադրությունը արդյունաբերական ծավալների է հասել։ Յուրաքանչյուր տարի Ադրբեջանը հսկայական բյուջեներ է հատկացնում հակահայկական հետազոտությունների, գրքերի, մեդիանյութերի և տեղեկատվական այլ հոսքերի ստեղծման համար։ Նրանք կաշառում են օտարազգի հետազոտողների, լրագրողների ու քաղաքական գործիչների։ Եվ, նույնիսկ, սեփական բնակչությանն Ադրբեջանի իշխանությունները վերածում են իրենց հակահայկական գործունեության գերու։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից հեռացած ադրբեջանցիները նոր կարևորություն են ստացել պաշտոնական Բաքվի համար։ Ներկայում նրանք օգտագործվում են Ադրբեջանի կողմից ՀՀ հանդեպ տարածքային պահանջներ ձևակերպելու և դրանք միջազգային հարթակներում ներկայացնելու համար։ Նոր թափ է հաղորդվել նաև պատմական կեղծարարությանը։ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի տարածքների ադրբեջանապատկան լինելու մասին, իսկ քարոզիչներն ու պատմության զեղծարարները՝ փորձում հիմնավորել Հայաստանի դեմ ուղղված իրենց երկրի ագրեսիվ քաղաքականության պաշտոնական գիծը։ Այս խնդիրը լուծելու համար նրանք շարունակ նոր վկայություններ են հորինում, ինչ-ինչ փաստաթղթեր «հայտնաբերում», իրենց քարոզչական թեզերը տարածում այլազգի հեղինակների և օտար երկրներում տպագրվող գրականության միջոցով, իսկ ամենակարևորը՝ այս ամենն անում են մեծ ինտենսիվությամբ ու քանակներով։ Այստեղ գործում է գեբելսյան քարոզչության այն սկզբունքը, երբ բազմիցս կրկնված սուտն ի վերջո սկսում է ընկալվել որպես ճշմարտություն։

Այս առումով, իհարկե, մեծ գործ ունի անելու հայկական պատմագրությունն ու քաղաքական միտքը։ Ցավոք, վերջին տարիներին Ադրբեջանի դեմ մղվող տեղեկատվական-քարոզչական պայքարը զգալիորեն զիջել է իր դիրքերը Հայաստանում։ Հայկական պետությունը, ի տարբերություն Ադրբեջանից, ոչ միայն չի խրախուսում հայ հետազոտողների նման աշխատանքը, այլև, ըստ էության, խոչընդոտում է դրան։ Ավելին, ՀՀ իշխանությունների բազում հայտարարություններ թշնամուն առիթ են տալիս պնդելու, որ իրենք ճիշտ էին իրենց գնահատականներում, ինչն էլ հնարավոր է դարձնում հակահայկական քարոզչությունը շարունակել՝ արդեն հղում կատարելով ՀՀ ղեկավարների խոսքերի վրա։ Սա անթույլատրելի իրողություն է, որն օր առաջ պետք է փոխվի։ Հայ քաղաքական գործիչները, պատմաբաններն ու հետազոտողները պետք է հասկանան, որ թշնամու՝ անպատասխան թողնված ամեն թեզ հետագայում Հայաստանին ուղղված զենք է դառնում և իրական վնասներ հասցնում հայկական երկու պետություններին։

Մինչդեռ, ինչպես մենք հերթական անգամ ցույց տվեցինք սույն հետազոտության մեջ, ադրբեջանական քարոզչական թեզերը ամբողջությամբ հիմնազուրկ են և հեշտ հերքվող։ Պարզապես այդ աշխատանքը պետք է տանել։ Ընդ որում, մի քանի հարթություններում՝ գիտական, քարոզչական և, իհարկե, քաղաքական։ Միայն այդ պարագայում կարելի կլինի հուսալ, որ Հայաստանը կարող է դիմագրավել արտաքին մարտահրավերներին և նորից վերականգնել վերահսկողությունը թե՛ պատմական հայկական հողերի, և թե՛ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ադրբեջանցի փախստականներ» խոսույթը, ի թիվս «ադրբեջանցիների ցեղասպանություն» և համանման այլ խոսույթների, Բաքվի «հայկական քաղաքականության» ռազմավարական հենասյուներից մեկն է, որը գալիս է սպասարկելու Ադրբեջանի՝ ՀՀ տարածքի նկատմամբ ունեցած երկարաժամկետ  նկրտումները: Այն բխում է ադրբեջանական կողմի իր՝ իբրև հայերի ադրբեջանատյացության, ընդհանրապես, և Ղարաբաղյան հիմնախնդրի, մասնավորապես, «զոհի» կերպարը ձևավորելու մարտավարությունից:

Ըստ Ադրբեջանի՝ ՀԽՍՀ և ապա՝ ՀՀ տարածքը լքած ադրբեջանցիները փախստականներ են, և նրանց հեռանալը Հայաստանից եղել է պարտադրված,  ուղեկցվել ունեզրկման, բռնությունների և զանգվածային սպանությունների դրսևորումներով՝ բաց թողնելով այդ անձանց բոլոր տեսակի, այդ թվում՝ «իրենց պատմական հայրենիք» վերադառնալու և նյութական փոխհատուցում ստանալու հարցերը: Ավելին, ըստ ադրբեջանական կողմի նպատակաուղղված քարոզչության, ժամանակագրական առումով հենց ՀԽՍՀ տարածքում «ադրբեջանցիների նկատմամբ ձեռնարկված բռնություններն» են պատճառ հանդիսացել Սումգայիթում և այլուր տեղի ունեցած հայկական ջարդերի համար: Դիտարկելով նման «փաստերն» իբրև հայության և հայոց պետականության՝ Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ նպատակաուղղված միասնական քաղաքականության համատեքստում, Բաքուն փորձում է քաղաքական-տեղեկատվական և միջազգային-իրավական հող նախապատրաստել ադրբեջանցիների «հայրենազրկման» դեմ հայցի համար՝ իբրև պատմական ադրբեջանական տարածքներ ներկայացնելով ներկայիս ՀՀ ողջ տարածքը:

Ըստ էության, հաղթած լինելով ադրբեջանա-արցախյան պատերազմի առաջին փուլում, հայ քաղաքական և գիտական միտքն անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձրել Ադրբեջանի կողմից հայության և հայկական երկու պետությունների դեմ իրականացվող պատմական, քաղաքական և քարոզչական համակարգային քաղաքականությանը՝ հավանաբար ենթադրելով, որ հայտնի ճշմարտությունները լրացուցիչ ապացույցների կարիք չունեն։

Անցած երեսուն տարիների ընթացքում վարվող պետական քաղաքականության արդյունքում հայկական գիտական-հետազոտական միտքը, ավելի շատ կենտրոնացել է Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված բռնաճնշումների, այլ ոչ թե՝ Ադրբեջանում պետական մակարդակով հյուսվող ստերը հերքելու վրա։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները միջազգային հանրության աչքին ստեղծել են երկու զուգահեռ իրականություններ, որոնք մրցակցում են միմյանց հետ ոչ թե սեփական տեսակետը հիմնավորելու, այլ տարածելու և հանրահռչակելու տիրույթում ավելի շատ աղմուկ հանելու պոտենցիալով։ Եվ այդ առումով Բաքուն, ունենալով տնտեսական մեծ հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսներ, ամեն ինչ արել է, որպեսզի ադրբեջանական սուտն ավելի մեծ հնչեղություն ունենա, քան՝ հայկական ճշմարտությունը։

Տասնամյակների ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան, հաճախ հակասելով ինքն իրեն, այնուամենայնիվ, կարողացել է շրջանցել 1988–1991 թթ.-ին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հետ կապված իրողությունները և «սեփականաշնորհելով» փախստականների թեման՝ միջազգային մեդիադաշտում ամրագրելով «1 մլն ադրբեջանցի փախստականների» խոսույթը և հետզհետե վերածել այն տարածաշրջանային քաղաքականության լուրջ գործոնի։ Ոլորտի «սեփականաշնորված» լինելու մասին է վկայում. թերևս, նաև այն հանգամանքը, որ այսօր ևս, 44-օրյա աղետալի պատերազմից հետո, տարածաշրջանային իրողությունների համատեքսում, ի թիվս այլ հարցերի, գրեթե չի շոշափվում իրենց տներից և գույքից զրկված հայ փախստականների և ՀՀ և ԼՂՀ տարածքում ներքին տեղահանված դարձած տասնյակ հազարավոր մարդկանց խնդիրը: Այդ աշխատանքի շնորհիվ պաշտոնական Բաքուն կարողացել է հասնել նրան, որպեսզի պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրության կողմից իրեն ուղղված քննադատող, առավել ևս՝ գործողությունները սահմանափակող որևէ քայլ չարվի։ Ադրբեջանին նույնիսկ ներվեց Մերձավոր Արևելքից մեր տարածաշրջան ահաբեկիչներ բերելու(69) փաստը:

Նման պայմաններում է, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր պատրաստում են Հայաստանի Հանրապետությանը ներկայացվելիք տարածքային պահանջների, փախստականների վերադարձի և փոխհատուցման պահանջների փաթեթը։

Դրա հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև հայությանը միջազգային հանրության աչքում վարկաբեկելու, հանցագործ ազգ կերտելու ադրբեջանական կողմի ջանքերը հիմնված են արագ բացահայտվող և հեշտ հերքվող կեղծիքների և աղճատված փաստերի վրա։

Ներկայումս՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, Ադրբեջանի ղեկավարությունն իր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու իրական հնարավորություն է տեսել։ Այդ իսկ պատճառով, տասնամյակներ շարունակ պատրաստված նյութերը, պատրաստված փաստաթղթերը և տեղեկանքները, դիմում-գրություններն ու նամակները, ինչպես նաև՝ դրանց հիման վրա կատարված «հետազոտությունները» և մշակումները նոր կարևորություն են ստացել Բաքվի համար և այսօր տարբեր միջազգային հարթակներում համակարգված եղանակով օգտագործվում և օգտագործվելու են՝ որպես իրենց պահանջներն ամրագրող «փաստագրական հիմնավորումներ»։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայք (https://azertag.az/):
  2. Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի արխիվ (AR MMA), f. 2941, s. 1, i. 274, v. 54։ «Бакинский рабочий» թերթ, 21 մարտ, 1988 թ.; “Azerbaycan” թերթ, 5 հունվարի, 1990 թ.։
  3. Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք (https://president.az/
  4. Ադրբեջանի պատմություն 7 հատորներով, հատոր 7, Բաքու, 2003 (Azərbaycan tarixi. Yeddi cilddə. VII cild, Bakı, Elm, 2003)։
  5. Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայք (https://www.nkr.am/
  6. Հակոբյան Թ., Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին, https://www.civilnet.am/news/198389/ադրբեջանցիները-թաթարները-հայաս-տանում-վերջին-150-տարիներին/:
  7. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայք (https://www.echr.am/):
  8. Ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության պաշտոնական կայք (https://tass.ru/):
  9. Սահինյան Ա., Նվիրյալ զավակը երկրի և ժողովրդի, Անտոն Քոչինյան, Անավարտ հուշեր, Երևան, 2008:
  10. Սարոյան Կ., Իսլամիստ վարձկաններն Արցախում. որտե՞ղ են նրանք մեկ տարի անց, 09.10.2021 թ., https://voskanapat.info/47462/:
  11. «Պաշարվածները»՝ փաստավավերագրական ֆիլմ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ՀԿՏԿ ՊՈԱԿ, Եր., 2017, https://youtu.be/oTmVoP8Jl6E։
  12. Аллахверанов А. (руководитель Информационной программы Миграционного ресурсного центра, Баку, Азербайджан), Mиграционная ситуация в Aзербайджане, http://www.ca-c.org/journal/rus-02-2002/23.allprimru.shtml
  13. Андреасян А., Фальшивые списки «азербайджанских жертв в Армении» были разоблачены ещё в 1991 году. Факты и аналитика, https://russia-artsakh.ru/node/15199.
  14. Арутюнян У., «Погромы в Армении: суждения, домыслы и факты», «Экспресс-хроника», № 16, 16.04.1991 г.
  15. Архив Министерства Национальной Безопасности Азербайджанской Республики (АМНБ АР) 10/192, л. 22–24.
  16. «Бакинский рабочий», газета, 21 марта, 1988 г.
  17. Т. де Ваал, Черный сад: Армения и Азербайджан между миром и войной, Москва, 2014 г.,
  18. В Азербайджане ликвидирован последний палаточный городок Галагайын, https://azertag.az/ru/xeber/V_AZERBAIDZHANE_LIKVIDIROVAN_POSLEDNII_PALATOCHNYI GORODOK GALAGAIYN-677524
  19. Василевский А., «Туча в горах», журнал «Аврора», №10, 1988 г.
  20. Велимамедов М., 28 лет назад пало последнее азербайджанское село в Армении – кровавая история, http://armiya.az/ru/news/149121/
  21. Воеводский К., Перестройка в карабахском зеркале (Опыт сравнительного анализа), журнал «Pro Armenia» N1, Санкт-Петербург, 1993 г.
  22. Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562 оп. 336 дд. 6174-6178. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_79.php?reg=13
  23. Гасымлы М.Дж., Агрессия Армении против Азербайджана. Дипломатические усилия по решению армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта (1987-2009). От Майендорфа до Астаны: Принципиальные аспекты армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта, Москва, 2010 г.
  24. Григорян М., Чардахлу: Первый исход. 25 лет спустя, https://www.golosarmenii.am/article/17019/chardaxlu-pervyj-isxod–25-let-spustya
  25. Государственный Архив Азербайджанской Республики, ф. 411.
  26. Дашдамиров А.. Карабахский конфликт в контексте перестройки. // Вестник аналитики, №3 (21), 2005 г.
  27. Даврижеци Аракел. Книга историй. https://www.vostlit.info/Texts/rus2/Davrizecitext1.phtml
  28. Депортация азербайджанцев из Армянской ССР (1948-1953 гг.). Сборник документов, Баку, 2013 г.
  29. Депортация азербайджанцев из Армянской ССР (1948–1953 гг.), Нифталиев Ильгар, Известия НАН Азербайджана. Серия общественных наук, N1, стр. 175, 2015 г.
  30. Еганян Гагик: Мы должны представить международному сообществу – кто палач, а кто – жертва, Новости Армении – NEWS.am, https://news.am/rus/news/ 12254.html
  31. Европейский суд по правам человека вынес решение по делу «Чирагов и другие против Армении», 22.06.2015 г., https://azertag.az/ru/xeber/Evropeiskii_sud _po_pravam_cheloveka_ vynes_reshenie_po_delu_CHiragov_i_drugie_protiv_Armenii-866106?__cf_chl_tk= FneJUfvBjEaRC.TF E7_zsrTc8suwaFWxHYmcBZD09iQ-1689113504-0-gaNycGzNC5A
  32. Кавказский календарь на 1894 год. – Тифлис: Типография И. Мартиросианца, 1893 г.
  33. Кровная память, официальный сайт президента Республики Азербайджан, https://president.az/ru/pages/view/azerbaijan/memories
  34. Кузнецова Н.А.Иран в первой половине XIX века / Ганковский Ю.В.. – М.: Наука. Главная редакция восточной литературы,  – С. 9.  265 с. https://book.ivran.ru/book?id=530.
  35. Микаелян Г., Беженцы от Карабахского конфликта – азербайджанцы из Армении и армяне из Азербайджана (ч. 2), https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/ posts/34392/
  36. Минасян С., Михаил Агаджанян, Гуманитарное измерение Карабахского конфликта, 2005-07-19, Noravank Foundation, http://www.noravank.am/?l=2&d =19&f=134
  37. Нифталиев И., Депортация азербайджанцев из Армянской ССР (1948-1953 гг.), Известия НАН Азербайджана. Серия общественных наук, N1, 2015 г.
  38. Нифталиев И., Как это было: Депортация азербайджанцев из Армении в 1988 г., https://azerhistory.com/?p=29734
  39. Орлов О.П., Трудная дорогая: Баку-Нювади-Ереван, 02.12.1991 г., https://memohrc.org/ru/news_old/trudnaya-dorogaya-baku-nyuvadi-erevan
  40. Председатель КГБ Азербайджанской ССР З.М. Юсифзаде. –ЦК КП Азербайджана. 7 марта 1988 года. Секретно. – Архив Министерства Национальной Безопасности Азербайджанской Республики (АМНБ АР) 10/192, л. 22–
  41. Проект «Западный Азербайджан», Армения итюркско-суннитская дуга вокруг Ирана, 7 марта 2023 https://eadaily.com/ru/news/2023/03/07/proekt-zapadnyy-azerbaydzhan-armeniya-i-tyurksko-sun nitskaya-duga-vokrug-irana (08.23), տես նաև Посол: Азербайджан, Турция и Армения должны обсуждать вопросы между собой, https://bit.ly/4493UuC (13.08.23):
  42. Рабочий архив Госкомстата России. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку, http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89. php?reg=13 (բեռնման օրը` 18.06.2023).
  43. Российский государственный архив экономики (быв. ЦГАНХ СССР), ф. 1562.
  44. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед. хр. 6174–6238 (Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку), http://www.ru/weekly/ssp/sng_nac_79.php?reg=13
  45. События вокруг НКАО в кривом зеркале фальсификаторов /Сборник материалов/, Баку, 1989 г.
  46. «Советский Карабах» газета, 21 февраля, 1988 г.
  47. Страна уже около 10 лет продолжает страдать от конфликта с Арменией, повлекшего за собой появление беженцев, http://www.ilham-aliyev.com/s11_karabakh/ karabah_ 08_ r.html (Հ. Մ.-Շ.-ի արխիվ, կայքն այլևս գոյություն չունի):
  48. Этнополитические процессы, Этнический состав Азербайджана, http://www.am/GlavTem/11EtnopolProc.htm (Հ.Մ.-Շ.-ի արխիվ, կայքն այլևս գոյություն չունի):
  49. А. Юнусов, Погромы в Армении в 1988–1989 годах, газета «Экспресс-хроника», №9, 26.02.1991 г.
  50. 1News.az ադրբեջանական լրատվական գործակալության կայք (http://1news.az):
  51. Azerbaijan: Analysis of Gaps in the Protection of Internally Displaced Persons (IDPs). UNHCR. October 2009, http://www.unhcr.org/4bd7edbd9.html
  52. EADaily ռուսաստանյան լրատվական գործակալության կայք (http://eadaily.com)
  53. «Azerbaycan» թերթ, 5 հունվարի, 1990 թ.։
  54. Canard M., Cahen Cl., Deny J. Arminiya //Encyclopaedia of Islam. Leiden: BRILL, 1986.  Т. I.
  55. Situation of refugees and displaced persons in Armenia, Azerbaijan and Georgia, Report, Committee on Migration, Refugees and Demography, Rapporteur: Mrs Ruth-Gaby Vermot-Mangold, Switzerland, Socialist Group, https://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewHTML.asp?FileID=9761&lang=EN

(1) Քաղաքագետ։ 2005 թ.-ից աշխատել է Հայաստանում գործող տարբեր վերլուծական կենտրոններում՝ որպես տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ։ 2010-2018 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես ավագ փորձագետ։ 2015 թ.-ից ղեկավարում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը։ Երեք մենագրությունների, մոտ երկու տասնյակ գիտական և բազում հետազոտական-վերլուծական հոդվածների հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 17.07.2023 թ.:

(3) В Баку учреждена «Община Западного Азербайджана», 04.08.2022 г., https://1news.az/news/20220804060759529-V-Baku-uchrezhdena-Obshcina-Zapadnogo-Azerbaidzhana (բեռնման օրը` 15.06.2023).

(4) Проект «Западный Азербайджан», Армения и тюркско-суннитская дуга вокруг Ирана, 7 марта 2023, https://eadaily.com/ru/news/2023/03/07/proekt-zapadnyy-azerbaydzhan-armeniya-i-tyurksko-sunnitskaya-duga-vokrug-irana (բեռնման օրը` 13.08.23).

(5) Алиев взял курс на превращение Армении в Западный Азербайджан, 28.12.2022г., https://eadaily.com/ru/news/2022/12/28/aliev-vzyal-kurs-na-prevrashchenie-armenii-v-zapadnyy-azerbaydzhan (բեռնման օրը` 15.06.2023):

(6) Проект «Западный Азербайджан», Армения и тюркско-суннитская дуга вокруг Ирана, 7 марта 2023 https://eadaily.com/ru/news/2023/03/07/proekt-zapadnyy-azerbaydzhan-armeniya-i-tyurksko-sun nitskaya-duga-vokrug-irana (13.08.23), տես նաև Посол: Азербайджан, Турция и Армения должны обсуждать вопросы между собой, https://bit.ly/4493UuC (բեռնման օրը` 13.08.23):

(7) Canard M., Cahen Cl., Deny J. Arminiya //Encyclopaedia of Islam.   Leiden: BRILL, 1986.  Т. I.С. 639.

(8) Кузнецова Н.А. Иран в первой половине XIX века / Ганковский Ю.В.. – М.: Наука. Главная редакция восточной литературы,1983. – С. 9.  265 с.  Архивировано  11 февраля 2022 года, https://book.ivran.ru/book?id=530.

(9)  Аракел Даврижеци. Книга историй.  Архивировано 29 сентября 2007 года. https://www.vostlit.info/Texts/rus2/Davrizeci/text1.phtml (բեռնման օրը՝ 19.08.23).

(10) Кровная память, официальный сайт президента Республики Азербайджан, https://president.az/ru/pages/view/azerbaijan/memories (բեռնման օրը` 16.06.2023):

(11) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф․ 1562, оп․ 336, ед. хр. 966-1001 (Разработочная таблица ф. 15А. Национальный состав населения по СССР, республикам, областям, районам), http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_39.php?reg=6 (բեռնման օրը` 18.06.2023).

(12) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф․ 1562, оп․ 336, ед. хр. 1566а-1566д (Таблица 3,4 Распределение населения по национальности и родному языку). http://www.demoscope.ru/ weekly/ssp/sng_nac_59.php?reg=9 (բեռնման օրը` 18.06.2023).

(13) Постановление N:4083 Совета министров СССР О переселении колхозников и другого азербайджанского населения из Армянской ССР в Кура-Араксинскую низменность Азербайджанской ССР  от 23 декабря 1947 года. Москва, Кремль.

(14) Кровная память, официальный сайт президента Республики Азербайджан, https://president.az/ ru/pages/view/azerbaijan/memories (բեռնման օրը` 16.06.2023).

(15) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф․ 1562, оп․ 336, ед. хр. 1566а-1566д (Таблица 3,4 Распределение населения по национальности и родному языку), http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_59.php?reg=9 (բեռնման օրը` 18.06.2023).

(16) Депортация азербайджанцев из Армянской ССР (1948–1953 гг.). Сборник документов. Док. N4, сс. 79–80, Баку, 2013 г.

(17) Депортация азербайджанцев из Армянской ССР (1948–1953 гг.), Нифталиев Ильгар, Известия НАН Азербайджана. Серия общественных наук, N1, стр. 175, 2015 г.

(18) Государственный Архив Азербайджанской Республики, ф. 411, оп. 36, д. 203, л. 167.

(19) Государственный Архив Азербайджанской Республики, ф. 411, оп. 9, д. 734, л. 267.

(20) РГАЭ РФ, ф. 1562, оп. 336, ед. хр. 3998–4185 (Таблица 7с. Распределение населения по национальности, родному и второму языку), http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac 70.php?reg=13 (բեռնման օրը` 18.06.2023):

(21) Սահինյան Ա., Նվիրյալ զավակը երկրի և ժողովրդի, Անտոն Քոչինյան, Անավարտ հուշեր, Եր., 2008, էջ 539:

(22) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед. хр. 6174–6238 (Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку), http://www.demoscope.ru/ weekly/ ssp/sng_nac_79.php?reg=13 (բեռնման օրը` 18.06.2023).

(23) Рабочий архив Госкомстата России. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку, http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=13 (բեռնման օրը` 18.06.2023).

(24) Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին, Թ. Հակոբյան, https://www.civilnet.am/news/198389/ադրբեջանցիները-թաթարները-հայաստանում-վերջին-150-տարիներին/ (բեռնման օրը` 25.06.2023):

(25) Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562. оп. 69. дд. 195–203, http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_89.php? reg=13.

(26) Նույն տեղում։

(27) Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562 оп. 336 дд. 6174-6178. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_79.php?reg=13 (բեռնման օրը` 18.06.2023).

(28) Արցախի Հանրապետության ԱԳՆ, Ազգային-ազատագրական շարժում. 1988 թ., https://www.nkr.am/hy/karabakh-national-liberation-movement (բեռնման օրը` 28.06.2023):

(29) «Советский Карабах» թերթ, 21 փետրվար, 1988 թ.:

(30) «Պաշարվածները»՝ փաստավավերագրական ֆիլմ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ՀԿՏԿ ՊՈԱԿ, Եր., 2017, https://youtu.be/oTmVoP8Jl6E (բեռնման օրը` 28.06.2023):

(31) Александр Василевский, «Туча в горах», «Аврора» № 10, 1988 (https://nashasreda.ru/aleksandr-vasilevskij-tucha-v-gorax/) (բեռնման օրը` 28.06.2023).

(32) Ադրբեջանի պատմություն 7 հատորներով, հատոր 7, էջ 194-195, Բաքու, 2003 (Azərbaycan tarixi. Yeddi cilddə. VII cild, Bakı, Elm, 2003)։

(33) Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի արխիվ (AR MMA), f. 2941, s. 1, i. 274, v. 54; «Бакинский рабочий» թերթ, 21 մարտ, 1988 թ.;  “Azerbaycan” թերթ, 5 հունվարի, 1990 թ.։

(34) Томас де Ваал, Черный сад: Армения и Азербайджан между миром и войной, Москва, 2014 г., с. 36.

(35) Նույն տեղում։

(36) Председатель КГБ Азербайджанской ССР З.М. Юсифзаде. –ЦК КП Азербайджана. 7 марта 1988 года. Секретно. – Архив Министерства Национальной Безопасности Азербайджанской Республики (АМНБ АР) 10/192, л. 22–24.

(37) Афранд Дашдамиров. Карабахский конфликт в контексте перестройки. // Вестник аналитики, №3 (21), 2005, сc. 190–212.

(38) Չարդախլուի իրադարձությունների մասին ավելի մանրամասն տե՛ս М. Григорян, Чардахлу: Первый исход. 25 лет спустя, https://www.golosarmenii.am/article/17019/ chardaxlu-pervyj-isxod–25-let-spustya (բեռնման օրը` 29.06.2023):

(39) М. Дж. Гасымлы, Агрессия Армении против Азербайджана. Дипломатические усилия по решению армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта (1987–2009). От Майендорфа до Астаны: Принципиальные аспекты армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта, Москва, 2010, сc. 189–190.

(40) События вокруг НКАО в кривом зеркале фальсификаторов / Сборник материалов. Баку, 1989. с. 7.

(41) И. Нифталиев, Как это было: Депортация азербайджанцев из Армении в 1988 г., https://azerhistory.com/?p=29734 (բեռնման օրը` 29.06.2023):

(42) К. Воеводский, Перестройка в карабахском зеркале (Опыт сравнительного анализа), журнал «Pro Armenia» N 1, 1993 г., https://nashasreda.ru/konstantin-voevodskij-perestrojka-v-karabaxskom-zerkale-chast-2/ (բեռնման օրը` 29.06.2023):

(43) А. Юнусов, Погромы в Армении в 1988–1989 годах, газета «Экспресс-хроника», № 9, 26.02.1991 г.

(44) Նույն տեղում:

(45) «Погромы в Армении: суждения, домыслы и факты», «Экспресс-хроника», №16, 16.04.1991 г.

(46) Константин Воеводский, «ПЕРЕСТРОЙКА В КАРАБАХСКОМ ЗЕРКАЛЕ», 2. Исход азербайджанцев из Армении: миф и реальность (Опыт сравнительного анализа), (фрагмент материала с продолжением в нескольких номерах), ЖУРНАЛ «PROARMENIA», N 1, Санкт-Петербург, 1993.

(47) А. Андреасян, Фальшивые списки «азербайджанских жертв в Армении» были разоблачены ещё в 1991 году. Факты и аналитика, https://russia-artsakh.ru/node/15199 (բեռնման օրը` 29.06.2023).

(48) Նույն տեղում

(49) Տես М. Велимамедов, 28 лет назад пало последнее азербайджанское село в Армении – кровавая история, http://armiya.az/ru/news/149121/ (բեռնման օրը` 29.06.2023).

(50) О.П. Орлов, Трудная дорогая: Баку-Нювади-Ереван, 02.12.1991 г., https://memohrc.org/ru/news_old/trudnaya-dorogaya-baku-nyuvadi-erevan (բեռնման օրը` 30.06.2023)

(51) Кавказский календарь на 1894 год. – Тифлис: Типография И. Мартиросианца, 1893, с. 255.

(52) Տես Грант Микаелян, Беженцы от Карабахского конфликта – азербайджанцы из Армении и армяне из Азербайджана (ч. 2), 12:09, 31 августа 2018, Источник: https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/posts/34392/11.08.23/ (19.08.23)

(53) История Азербайджана в 7-ми томах. Том VII, стр. 194-195, հղումը հասանելի է. https://e-derslik.edu.az/books/273/units/unit-1/page150.xhtml

(54) Азер Аллахверанов (руководитель Информационной программы Миграционного ресурсного центра, Баку, Азербайджан), Миграционная ситуация в Азербайджане, http://www.ca-c.org/journal/rus-02-2002/23.allprimru.shtml

(55) Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների և Ադրբեջան ներգաղթած մեսխեթցի թուրքերի մասին տես՝ Situation of refugees and displaced persons in Armenia, Azerbaijan and Georgia, Report, Committee on Migration, Refugees and Demography, Rapporteur: Mrs Ruth-Gaby Vermot-Mangold, Switzerland, Socialist Group, https://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewHTML.asp?FileID=9761&lang=EN

(56) Сергей Минасян, Михаил Агаджанян, Гуманитарное измерение Карабахского конфликта, 2005-07-19, Noravank Foundation, http://www.noravank.am/?l=2&d=19&f=134

(57) Сергей Минасян, Михаил Агаджанян, Гуманитарное измерение Карабахского конфликта, 2005-07-19, Noravank Foundation, http://www.noravank.am/?l=2&d=19&f=134

(58) Этнополитические процессы, Этнический состав Азербайджана, http://www.karabagh.am/GlavTem/11EtnopolProc.htm (Հ. Մ.-Շ.-ի արխիվից):

(59) Հիշյալ գումարն է հնչեցրել Բաքվում կազմակերպված և Հարավային Կովկասում փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսներից մեկում Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: Տես՝ Страна уже около 10 лет продолжает страдать от конфликта с Арменией, повлекшего за собой появление беженцев, http://www.ilham-aliyev.com/s11_karabakh/karabah_ 08_ r.html (Հ. Մ.-Շ.-ի արխիվ, կայքն այլևս գոյություն չունի):

(60) Տես, օրինակ՝ Грант Микаелян, Беженцы от Карабахского конфликта – азербайджанцы из Армении и армяне из Азербайджана (ч. 2), 12:09, 31 августа 2018 https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/posts/34392/ (բեռնման օրը` 20.08.23):

(61) Этнополитические процессы, Этнический состав Азербайджана, http://www.karabagh.am/GlavTem/11EtnopolProc.htm (Հ.Մ.-Շ.-ի արխիվ, կայքն այլևս գոյություն չունի):

(62) Гагик Еганян: Мы должны представить международному сообществу – кто палач, а кто – жертва, Новости Армении – NEWS.am, 17:27, 15.01.2010, https://news.am/rus/news/ 12254.html (բեռնման օրը` 19.08.23).

(63) Azerbaijan: Analysis of Gaps in the Protection of Internally Displaced Persons (IDPs). UNHCR. October 2009, http://www.unhcr.org/4bd7edbd9.html (բեռնման օրը` 30.06.2023).

(64) В Азербайджане ликвидирован последний палаточный городок Галагайын, 30.12.2007 г., https://azertag.az/ru/xeber/V_AZERBAIDZHANE_LIKVIDIROVAN_POSLEDNII_PALATOCHNYI GORODOK GALAGAIYN-677524 (բեռնման օրը` 30.06.2023).

(65) Европейский суд по правам человека вынес решение по делу «Чирагов и другие против Армении», 22.06.2015 г., https://azertag.az/ru/xeber/Evropeiskii_sud _po_pravam_cheloveka_ vynes_reshenie_po_delu_CHiragov_i_drugie_protiv_Armenii-866106?__cf_chl_tk= FneJUfvBjEaR C.TF E7_zsrTc8suwaFWxHYmcBZD09iQ-1689113504-0-gaNycGzNC5A (բեռնման օրը` 30.06.2023).

(66) Նույն տեղում։

(67) Հրապարակվել են «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայք, 12.12.2017 թ., https://www.echr.am/events/chiragov-and-others-v-armenia-gc.html (բեռնման օրը` 25.06.2023):

(68) Азербайджан потребовал репарации от Армении за эксплуатацию его энергоресурсов, 27.02.2023 г., https://tass.ru/ekonomika/17152189 (բեռնման օրը` 25.06.2023).

(69) Կ. Սարոյան, Իսլամիստ վարձկաններն Արցախում. որտե՞ղ են նրանք մեկ տարի անց, 09.10.2021 թ., https://voskanapat.info/47462/  (բեռնման օրը` 30.06.2023):