Ֆրանսիան կոշտ մրցակցություն է վարում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 14.04.2024 թ.

12.04.2024 թ. հայտնի դարձավ, որ Սերբիան պաշտոնապես հրաժարվել է իր բանակի համար գնել ռուսական MiG29 կործանիչներ՝ առաջնությունը տալով Dassault Aviation-ի կողմից արտադրված ֆրանսիական Rafale-ների։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն տեղի են ունեցել բանակցություններ՝ Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի, Ֆրանսիայի առաջնորդ Է. Մակրոնի և արտադրող ընկերության ղեկավարության միջև, որի արդյունքներով երկու ամսվա ընթացքում պայմանագիր կկնքվի։ Խոսքը 3 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 12 միավոր Rafale կործանիչների մասին է։

Միևնույն ժամանակ, Վուչիչը հիմա համառորեն համոզում է հանրությանը և լրատվամիջոցներին, որ այս ընտրությունը պայմանավորված է կործանիչների սպասարկման և վերանորոգման տեխնիկական խնդիրներով, և որ այստեղ պետք չէ որևէ քաղաքական երանգ փնտրել։ Սակայն փաստն այն է, որ Սերբիան այս քայլով ոչ միայն զրկեց ՌԴ-ին զգալի գումարներ աշխատելու հնարավորությունից, այլև սկիզբ դրեց իր երկրի բանակի անցմանը ՆԱՏՕ-ի սպառազինությանն ու չափանիշներին։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա հայտարարված պայմանագիրը ևս մեկ մեծ ձեռքբերում կլինի Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրի համար։ Տվյալ փուլում այս երկրի գրեթե ողջ ՌԱՀ-ը աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Դա պայմանավորված է հիմնականում երեք գործոններով, որոնք են՝ որակը, ուկրաինական ռազմաճակատի պահանջարկը և հայրենական արտադրանքի քաղաքական լոբբինգը: Եվ, հատկապես, վերջին կետը վճռորոշ դեր ունի ֆրանսիական արտադրանքի հաջող իրացման համար: Փարիզը բառացիորեն «իրարհաջորդ պայմանագրեր է կնքում»՝ խելամտորեն ճնշման բարդ սխեմաներ կիրառելով հաճախորդների և մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, եթե խոսքն այն գործարքների մասին է, որոնցից դուրս են մնում  Ֆրանսիայի նկատմամբ ոչ բարեկամական երկրները, Փարիզի օգուտները դառնում են կրկնակի։ Այսպիսով, վաղ գարնանը ֆրանսիական կառավարությունը եվրոպական կառույցներում հաջող քաղաքական քայլ արեց՝ իր համաձայնությունը տալով Կիևին Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքների համար ֆինանսական օգնության հերթական քառասուն մլրդ դոլարի փաթեթի հաստատմանը՝ այդ գումարով Թուրքիայից հրետանային արկեր գնելու Եվրախորհրդի արգելքի դիմաց։ Արդյունքում, Ուկրաինան ստիպված եղավ շարունակել զինամթերք գնել եվրոպական երկրներից և հիմնականում հենց նույն Ֆրանսիայից, չնայած, որ թուրքական գործարանները կարող էին լրացնել ուկրաինական ԶՈՒ-ի արկերի ներկայիս աղետալի պակասը, սակայն այժմ պարապուրդի են մատնված:

Այս լույսի ներքո հետաքրքիր է ևս մեկ լուր. 20.02.2024-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի ՊՆ-ին պատկանող Hindustan Shiryard Limited նավաշինական ընկերությունը խզել է օժանդակ նավերի նախագծման համար թուրքական ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը և թուրքական կողմին իսպառ բացառել Հնդկաստանի ՌԾՈՒ-ի նավատորմի 5 օժանդակ նավեր կառուցելու ծրագրից։

Հնդկական լրատվամիջոցներն այս որոշումը կապեցին քաղաքական գործոնների և, մասնավորապես, Հնդկաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Պակիստանի հետ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների խնդրի հետ։ Սակայն, եթե հաշվի առնենք մի շատ նշանակալից իրադարձություն, ապա պարզ կդառնա, թե ինչու է Նյու Դելին իրականում չեղյալ հայտարարել այս պայմանագիրը։ Ի վերջո, դրա կնքման պահին Թուրքիան և Պակիստանն արդեն դաշնակցային հարաբերությունների մեջ էին, ինչը նշանակում է, որ հնդկական մամուլի վարկածը չափազանց թույլ է հիմնավորված։ Բանն այն է, որ հունվարի 24-ին՝ հնդկա-թուրքական պայմանագրի խզումից գրեթե մեկ ամիս առաջ, Հնդկաստան էին ժամանել Է. Մակրոնի գլխավորած ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում էին Ֆրանսիայի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպաներ և ֆրանսիական պաշտպանական ընկերությունների ղեկավարներ: Բանակցությունների արդյունքում կողմերը մի շարք ծավալուն պայմանագրեր են կնքել՝ Նյու Դելիի կողմից ֆրանսիական զենքի արտադրանքի գնման և մի շարք բարձրտեխնոլոգիական սպառազինությունների համատեղ արտադրության համար։ Այս համատեքստում հիշատակվում էին տարբեր նշանակության սուզանավերի ու ռազմանավերի կառուցման մասին պայմանավորվածությունները։

Այս տվյալները նկատի ունենալով՝ դժվար չէ կռահել, թե հնդկական կողմը ում է վստահել իր ՌԾՈՒ-ի, ի դեպ, Հնդկաստանի Հանրապետության ԶՈՒ-ի՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումներով, միակ թույլ օղակի համալրումը։

Այդ կերպ, Ֆրանսիան վերջնականապես համաշխարհային շուկաներ զենք արտահանող երկրների շարքում ԱՄՆ-ից հետո վարկանիշային երկրորդ տեղն է գրավում։ Այն մի երկիր է, որի ամուր դիրքերը թույլ են տալիս նաև մրցակցային պայքարում քաղաքական և տնտեսական վնաս հասցնել իր աշխարհաքաղաքական մրցակիցներին։ Հնարավոր է, որ ֆրանսիական ՌԱՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում նկատված բեկումը մեծապես պայմանավորված է նաև Միացյալ Նահանգների «փոխհատուցող» աջակցությամբ, այն բանից հետո, երբ՝ AUKUS-ի (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի եռակողմ պաշտպանական դաշինք) ճնշման ներքո անցյալ տարվա գարնանը Կանբերան հրաժարվեց Ֆրանսիայի հետ Ավստրալիայի նավատորմի համար նորագույն տեսակի սուզանավերի կառուցման մեծ պայմանագիր կնքել: