Իրանա–հնդկական նախագիծը՝ մարտահրավերի առջև

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.04.2024 թ.

04.04.2024-ի երեկոյան Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքներում անհայտ անձինք ահաբեկչական հարձակումներ են իրականացրել ոստիկանների վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է Չաբահարի ոստիկանության բաժանմունքի երեք աշխատակից։ Ռասկում զինյալները փորձել են ներթափանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբ, սակայն, հանդիպելով իրավապահ ուժերի դիմադրությանը և թողնելով բազմաթիվ դիակներ, ստիպված փախել են։

Ավելի ուշ «Ջեյշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») սուննի բելուջների ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը՝ իր հիմնական նպատակը հայտարարելով Իրանի գլխավորած «շիա ռեժիմի» դեմ պայքարը։ Սա առաջին դեպքը չէ, երբ այդ տարածքում ահաբեկչություններ են տեղի ունենում։ Օրինակ, անցյալ տարվա դեկտեմբերին Ջեյշ ալ-Ադլը ստանձնեց պատասխանատվությունը կրկին Ռասկի շրջանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումների համար, որի հետևանքով սպանվել էին 12 իրանցի ոստիկան:

Վերջին հարձակումից հետո Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին շտապեց հայտարարել, որ Ջեյշ ալ-Ադլի հարձակման ետևում կանգնած է Իսրայելը։

Այս գնահատականին կարելի է երկակի մոտենալ. մի կողմից, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երկրի բոլոր խնդիրների համար իրանցիները «սիոնիստական ռեժիմին» մեղադրելու և ԻԻՀ-ի դեմ ցանկացած տեսակի թշնամական միջադեպերին դրա ներգրավվածությունը քարոզելու ավանդույթ են ձևավորել: Սակայն, մյուս կողմից, չի կարելի տեղի ունեցածի մեջ բացառել իսրայելական կամ արևմտյան հետքը, քանի որ հայտնի է, որ Իրանի համար խնդրահարույց շրջանները, որոնք աչքի են ընկնում իրենց անջատողական կամ իսլամիստական նկրտումներով, միշտ էլ առաջացրել են երկրի հակառակորդների հետաքրքրությունը։ Այս առումով արժե հիշել ս. թ. հունվարին տեղի ունեցած դեպքերը, երբ Բելուջիստանի նույն «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման ակտիվանալու պատճառով քիչ էր մնում պատերազմ սկսվեր Իրանի ու Պակիստանի միջև։ Այն ժամանակ Թեհրանն ու Իսլամաբադը կարողացան արագորեն հանդարտեցնել իրենց զգացմունքները և լիցքաթափել պայթյունավտանգ իրավիճակը։ Սակայն ակնհայտ է, որ բելուջիների օգնությամբ ինչ-որ մեկը կրկին ցանկանում է իրավիճակն աշխուժացնել իրանա-պարսկական սահմանին։

Խարդավանքին ավելանում է նաև այն փաստը, որ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ենթարկված Չաբահարը ներկայումս զգալի ներդրումներ ունեցող, արագ զարգացող նավահանգիստ է։ Չաբահարը և Ռասկը գտնվում են ծրագրված հնդկական-եվրոպական առևտրային ճանապարհի վրա, որն ապագայում պետք է մրցակցի չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» մեգանախագծի և, հիմնականում, այսպես կոչված, «Միջին միջանցքի» հետ, որն անցնելու է Պակիստանով, Միջին Ասիայով, Հարավային Կովկասով և հետագայում՝ դեպի Եվրոպա։ Հենց Նյու Դելին զգալի միջոցներ է հատկացրել Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների, նավթային տերմինալների, նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանների, լցանավերի նավատորմի կառուցման և զարգացման համար, որպեսզի օգնի Իրանին այս փոքրիկ քաղաքը համաշխարհային առևտրի փոխաբեռնումների գլխավոր կետերից մեկը դարձնելուն։ Հատկանշական է, որ նավահանգստի շահագործման համար հետաքրքրություն են հայտնել նույնիսկ աֆղանական թալիբները։

Ընդհանուր առմամբ, ձեռնարկված քայլերի շնորհիվ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգը դինամիկ զարգանում է, ինչը չի կարող չանդրադառնալ այստեղ ապրող իրանցի բելուջի ժողովրդի բարեկեցությանը։ Սակայն, տարօրինակ կերպով, «իրենց շահերը ներկայացնող» ահաբեկչական խմբավորումն է ձգտում ապակայունացնել հարստացող նահանգը:

Այս առումով կարելի է ենթադրել, որ որոշ արտաքին ուժեր՝ իրենց շահերից ելնելով, բելուջիստանցի զինյալների օգնությամբ փորձում են թեժացնել իրավիճակը Իրանի հարավում։ Դրանում ենթադրյալ կերպով կարող են շահագրգռված լինել և՛ Իսրայելն՝ իր արևմտյան դաշնակիցների հետ, և՛ չինական առևտրային ճանապարհի շահառու երկրները։ Առաջինի համար Չաբահար նավահանգիստը և դրա շուրջ գտնվող տնտեսական գոտին դիտվում են որպես տարածաշրջանում Թեհրանի դիրքերի անհանդուրժելի զարգացման և ամրապնդման հիմք: Երկրորդ խմբի համար նոր մեգանավահանգիստը անմիջական մրցակից է մոտակա (170 կմ) Պակիստանի Գվադար նավահանգստին, որն, իր հերթին, զարգացնում են չինացիները։ Բացի այդ, Չաբահարը կարող է զգալիորեն գրավել եվրոպական շատ բեռնափոխադրողների ուշադրությունը՝ թուլացնելով նրանց հետաքրքրությունը «Միջին չինական ճանապարհի» («Միջին միջանցք») նկատմամբ։

Ամեն դեպքում, Իսլամական Հանրապետությունը մտահոգվելու և իր նոր ծովային դարպասների պաշտպանությունը զգալիորեն ամրապնդելու խնդիր ունի։

Հ.Գ. Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, 09.04.2024 թ.-ին հայտնի դարձավ Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում՝ Սորան-Մոհերստան ճանապարհին, երկու ոստիկանական մեքենաների վրա հերթական ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով զոհվել էին Իրանի իրավապահ համակարգի մի քանի ծառայողներ: