Արևմուտք–Ռուսաստան առճակատման հիմնական և շեղող հարվածները

Փորձագետի մեկնաբանություն, 13.03.2024 թ.

Աստվածատուր Տեր-Թովմասյան

Ամփոփում

ՌԴ արտաքին քաղաքականությունը վերաբերում է «ուկրաինական հարցին»՝ որպես հավաքական Արևմուտքի հետ գլոբալ քաղաքակրթական և քաղաքական-գաղափարական առճակատման գլխավոր ճակատ։ Մինչդեռ ռազմաքաղաքական խնդիրներն ու մի շարք երկրների հետ հարաբերությունները բացառապես «ուկրաինական հիմնախնդրի» տեսանկյունով դիտարկելը հանգեցրել է անդառնալի վտանգավոր իրավիճակի մեկ այլ, Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ շահերի տեսանկյունից գուցե ավելի կարևոր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։

Մոսկվայի՝ ՆԱՏՕ-ի երկիր հանդիսացող Թուրքիային խաղաղեցնելու և դրա արբանյակ Ադրբեջանին հայկական Արցախով «կերակրելու» մարտավարությունը, որպեսզի կանխի դրանց անմիջական ներգրավվածությունը հակառուսաստանյան դաշինքում, աչքաթող արեց Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը հենց Արևմուտքի հակառուսաստանյան քաղաքականության համար, ինչպես նաև Անկարայի և հավաքական Արևմուտքի շահերի փաստացի համընկնումը՝ Միջինասիական տարածաշրջան իր միջնորդավորված մուտքի հարցում։

Ընդսմին Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականության ճարտարապետների սխալ հաշվարկներն ու բացթողումները կասկածի տակ դրեցին Հարավային Կովկասում իր ներկայության քաղաքական, իրավական և բարոյապատմական հիմքերը՝ Արևմուտքին հնարավորություն ընձեռելով բազմակողմանիորեն «գրկելու» և խեղդամահ անելու Ռուսաստանին նաև հարավից՝ Միջինասիական սահմանակից տարածաշրջանից, մեծապես ընդլայնելով ռուսաստանյան կողմի շփման գիծը պոտենցիալ թշնամական միջավայրով։

«Զոհաբերելով» իր տարածաշրջանային դաշնակցի կենսական շահերը՝ հանուն թուրք-ադրբեջանական երկյակի և գործնականում զրկվելով դրանք իր ուղեծրում պահպանելու այլ ռեսուրսներից՝ Մոսկվան հայտնվեց Թուրքիայի թշնամու ճամբար անցման/ներքաշման հավանականության առջև՝ ռազմաքաղաքական, քաղաքական-տնտեսական և ներքաղաքական հետևանքների մի ամբողջ համալիրով։

Աստվածատուր Տեր-Թովմասյան(1)

Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հիմնական և շեղող հարվածները

Ընդունված է համարել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատման նոր փուլի սկիզբը նշանավորվեց Պուտինի՝ 2007 թ. փետրվարին Մյունխենում հնչեցրած պատմական ելույթով: Հենց այդ ժամանակ էր, որ Ռուսաստանի նախագահը միջազգային մակարդակով առաջին անգամ հնչեցրեց թեզեր միաբևեռ աշխարհի մոդելի չհիմնավորված լինելու, դեպի արևելք ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնման անթույլատրելիության, ԱՄՆ-ի և Բրյուսելի գործողությունների սադրիչ լինելու, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու և այլ հարցերի մասին: Այնուհետև 2014 թ. հոկտեմբերին ոչ պակաս հայտնի իր «վալդայյան ելույթում» Պուտինը գործնականում հաստատեց, որ «Ռուսաստանյան տերությունը» չի պատրաստվում համակերպվել երկրորդական դերի հետ գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում։ Ռուսաստանյան ռազմաքաղաքական վերնախավը և ամբողջ հասարակությունը Պուտինի ուղերձներն ընկալեցին որպես երկար սպասված և պատշաճ արձագանք, որը նշանավորեց Ռուսաստանի համար «ծնկած վիճակից ոտքի կանգնելու» դարաշրջանի սկիզբը։

Այդ ժամանակ ռուսաստանյան հասարակության մեջ արևմտյան հովերի, ապրելակերպի և ազատական արժեքների ինֆանտիլ ֆետիշացման էյֆորիան արդեն անցել էր՝ հիմնականում երկրում համեմատաբար բարելավված սոցիալական վիճակով պայմանավորված, իսկ Ռուսաստանի հասարակության կողմից տարեցտարի դիտարկվող միջազգային նորմերի նկատմամբ Արևմուտքի աճող անտեսումը, ազատական աշխարհակարգի թելադրանքների տարածումը, կամայականությունը՝ ավելի ու ավելի էին առաջ բերում դրա դյուրագրգռությունը շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (Հարավսլավիա – 1999, Իրաք – 2003, և այլն) և  առաջացնելով անհանգստության զգացում ու արևմտյան ուղղակի ռազմական զավթողագործության սպասում հենց Ռուսաստանի դեմ՝ դրա վերջնական մասնատման և, ըստ էության, ոչնչացման նպատակով։

Պուտինի «ըմբոստությունն» Արևմուտքում ընկալվեց որպես պատմական ռևիզիոնիզմի նշան և ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու փորձ՝ որպես վերածնվող ռուսական կայսերապաշտության հայեցակարգային ձև և փիլիսոփայություն: Իրավիճակի հենց այսպիսի գնահատականն էր, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ներառեցին Ռուսաստանի հետ նոր առճակատման գաղափարական հարթակում՝ գործնականում հնարավոր դարձնելով Մոսկվայի դեմ ընդարձակ կոալիցիա կազմել ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրներից, այլ նաև, համեմատաբար ոչ վաղ անցյալում խորհրդային մետրոպոլիայից անջատված պետություններից։

Մինչդեռ միաբևեռ աշխարհի հիմքերի դեմ Պուտինի դեմարշի պատճառները չպետք է փնտրել զուտ վերը շարադրված տրամագծորեն իրար հակառակ հայեցակարգային գնահատականներից միայն մեկում։ Ամենայն հավանականությամբ, ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է թաքնված: Երբ Պուտինը ցուցադրաբար հայտարարեց Արևմուտքի հետ հարաբերություններում նոր հանգրվանի մասին, Ռուսաստանն արդեն կարողացել էր վերականգնվել հետխորհրդային ճգնաժամի հետևանքներից: Պատկերավոր ասած՝ բնակչությունը սննդով ապահովված էր, արևմտյան վարկառուների պարտքերը մարվել էին երկարաժամկետ գրաֆիկների արագացմամբ, նավթագազային արդյունաբերությունն աշխուժացել էր նոր տեխնոլոգիաներով և վաճառքի շուկաներով, բյուջեն ապահովել էր կայուն եկամուտներով, հյուսիսկովկասյան անջատողականությունը զսպվել էր, ռազմաարդյունաբերական համալիրը վերսկսել էր աշխատել և, վերջապես, կառուցվել էր իշխանության բավականին ամուր ուղղահայաց՝ վերացնելով պետական ապարատի այն թուլությունն ու խառնաշփոթը, որը Պուտինը ժառանգել էր Ելցինի ժամանակաշրջանից։ Այս ձեռքբերումները սկսեցին սնուցել վերնախավերի և հասարակության հայրենասիրական և մեծ ուժային զգացմունքները՝ վստահ լինելով, որ Ռուսաստանը պարտավոր է վերածննդի և համաշխարհային հեգեմոնների թիմ վերադարձի նոր հանգրվան ապրել։

Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ Մոսկվան, գոնե այն ժամանակ, հույսեր էր փայփայում ինչ-որ միություն վերականգնելու՝ ձևով և բովանդակությամբ կրկնօրինակելով մոռացության մեջ ընկած պրոլետարական կայսրությունը։ Ինչպես դեռ Վ. Պուտինն ասել էր իր ուղիղ եթերում 2010 թ. հանդիպումներից մեկի ժամանակ. ««Ով չի ափսոսում ԽՍՀՄ փլուզման համար, սիրտ չունի. Իսկ նա, ով ուզում է վերականգնել նախկին տեսքը՝ գլուխ չունի»: Եվ, այնուամենայնիվ, նման նկրտումների համար Ռուսաստանը օբյեկտիվորեն չուներ ոչ բավարար ուժ, ոչ ռեսուրսներ, և ոչ ամենակարևորը՝ գաղափարական հենք, հետևաբար, նաև՝ դրդապատճառ։

Բայց հետխորհրդային ծայրամասերում բարեկամական քաղաքական ռեժիմների պահպանումը, նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսական պրոտեկտորատը, Ռուսաստանի նկատմամբ այդ երկրների և հասարակությունների մշակութային ու գաղափարական հավատարմության երկարաձգումը Մոսկվայի կողմից դիտվել են որպես լիովին իրագործելի խնդիր։ Այդ որոշումը թելադրված էր միջանկյալ գոտի ստեղծելու և պահպանելու անհրաժեշտությամբ, որը կպարսպապատի ՌԴ անմիջական սահմանները ՆԱՏՕ-ի երկրներից արևմուտքում, և նոր գոյութենական սպառնալիքով՝ ի դեմս հարավում իսլամական ծայրահեղականության:

Արևմուտքը, ինչպես և սպասվում էր, ջղագրգիռ կերպով արձագանքեց Կրեմլի նման քայլերին, որոնց պատճառով ծայրամասային հետխորհրդային հանրապետությունների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան և այլն) տնտեսական կլանման և հասարակությունների արժեհամակարգի հոգևոր և մշակութային վերափոխման գործընթացը սկսեցին կանգ առնել: Միևնույն ժամանակ, ռուսաստանյան դեմարշը դժվարություններ ստեղծեց դեպի ռուսաստանյան սահմաններ ՆԱՏՕ-ի զորամիավորումների և զսպման համակարգերի կայուն առաջխաղացման համար։ Բուն ՌԴ-ում չափազանց դժվար էր հետագայում աջակցել հասարակության մտածելակերպը կոլեկտիվ Արևմուտքին հաճելի ուղղությամբ փոխակերպելու գործընթացին, որն անում էին ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ բիզնես շահերով կապված ազատական ընդդիմության, Ռուսաստանի ֆինանսատնտեսական էլիտայի և «անկախ» լրատվամիջոցների կոնգլոմերատը, որն իրականացնում է հասարակության քաղաքական-տեղեկատվական մշակումը՝ նպատակ ունենալով վերակողմնորոշել նրան դեպի Արևմուտք և նրա արժեքները։

Մյունխենում և Վալդայում իր հայտնի հայտարարություններից առաջ Պուտինը արդեն սկսել էր ռուսաստանյան միջավայրի քաղաքական «քաղհանի» գործընթացը «օտար տարրերից», որոնք ներսից քանդում էին պետական իշխանության կառուցած համակարգը. ապստամբ օլիգարխների հալածանք, լիբերալ ընդդիմության մասնատում, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքների ընդունում և այլն։

Ժամանակագրության առումով այս նախաձեռնությունների պատասխանը հետխորհրդային տարածքում մի շարքն «գունավոր հեղափոխություններն» էին (Վրաստան – «Վարդերի հեղափոխություն», 2003 թ., Ղրղզստան – «Կակաչների հեղափոխություն», 2005 թ.) և դրանց ալգորիթմներն ու փորձը ռուսաստանյան իրականության մեջ ներդրելու ջանքերը: Արդյունքում սկսվեց երկար և ձգձգված «հիբրիդային պատերազմ», որի էությունը սկզբունքորեն տարբերվում է «սառը պատերազմից», առաջին հերթին նրանով, որ կողմերը հրաժարվեցին լիակատար փոխադարձ մեկուսացումից և բացահայտեցին բազմաստիճան պայքարի ասպարեզ՝ հետխորհրդային ծայրամասային ժառանգությունը, նույն այդ միջանկյալ գոտին, որը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության համար, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի համար չափազանց անհրաժեշտ է ավանդական թշնամուն «խեղդել»՝ առանց նրա հետ ուղղակի բախման մեջ մտնելու։

Արևմուտքի գործելաոճը վերակենդանացրեց խոսակցությունները հակախորհրդային/ հակառուսաստանյան «Անակոնդայի ռազմավարության» մասին, որի հեղինակը 19-րդ դարում Կոնֆեդերատների դեմ ԱՄՆ-ի հյուսիսաբնակների քաղաքացիական պատերազմի մասնակից Գեներալ Ուինֆիլդ Սքոթն էր, փաստորեն, պատմության մեջ առաջին ռազմագետն, ով գտել է «հիբրիդային պատերազմի» բանաձևը։ Ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում լայնորեն տարածված դավադրության տեսության համաձայն, հենց այս ռազմավարությանը հետևեցին և շարունակում են հավատարիմ մնալ անգլո-սաքսոնները, որոնք որոշում են ՌԴ դեմ պայքարում արևմտյան բլոկի գործողությունները: Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը սանձազերծվեց գեներալ Սքոթի թեզերին համապատասխան, բայց հարմարեցնելով արդի ռուսաստանյան իրողություններին։ Տնտեսական խեղդամահություն, պատժամիջոցների մեխանիզմներ, սահմանների պարագծի երկայնքով անկայունության օջախների ձևավորում, ծայրամասում թշնամական ռեժիմների ստեղծում, հարևանների հետ վեճերի խթանում, հարակից տարածքներում թշնամական պրոքսի խմբերի ձևավորում, դժգոհության և ապստամբական մղումների առաջացում հենց Ռուսաստանի ներսում, պետական պաշտոնյաների նկատմամբ հիասթափության և ատելության հրահրում հասարակական բոլոր մակարդակներում… Սքոթի զինանոցն ամբողջ ուժով օգտագործվում էր ռազմական-ռազմավարական բնույթի գործողությունների հետ միասին՝ ՆԱՏՕ-ի ուժերի սողացող առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանը՝ դաշինքին նոր անդամներ ընդունելով, նոր բազաներ և զորախմբեր ստեղծելով, արդեն ՌԴ տարածքների նկատմամբ գլոբալ հետագծման և հսկողության համակարգերի տեղակայմամբ։

Ճնշման համալիր ռազմավարությունն իր պտուղները տվեց Պուտինի հայտնի ելույթներից շատ առաջ, երբ ԱՄՆ-ի գլխավորած Արևմտյան բլոկին հաջողվեց օղակի մեջ վերցնել Ռուսաստանը և իր ներկայությամբ լցնել նրա սահմաններում առկա «խորշերը»՝ Բալթյան երկրներ, Ռումինիա և Բուլղարիա, Ղրղզստան (Մանասի բազա), Աֆղանստան: Առճակատման հերթական փուլի համատեքստում Արևմտյան դաշինքը հնարավորություն ունեցավ ռազմաքաղաքական առումով ակտիվացնելու բոլոր այս նոր ձեռքբերված հարթակները։ Աստիճանաբար ստեղծվեց մի իրավիճակ, երբ Մոսկվան եզրահանգման եկավ միջանկյալ գոտում տեղի ունեցող գործընթացներին ուղղակի ռազմական միջամտության անհրաժեշտության մասին, քանի որ ո՛չ քաղաքական, ո՛չ տեխնոլոգիական առումով երկիրը հնարավորություն չտեսավ կասեցնելու իրեն «խեղդամահ անելու» գործընթացը։ Իրականում, իր նկատմամբ թշնամաբար տրամադրված դաշինքը նույնպես ձգտում էր նույն բանին, օգտագործելով «արջին որջից ծխով դուրս հանելու» իր մեթոդները և սադրելով նրան՝ ուժերն ու ռեսուրսները վատնելու աշխարհագրորեն ցրված և մերթ ընդ մերթ բռնկվող հակամարտություններում:

Ռուսաստանի բանակի առաջին «գրոհը», որը նոր փուլ նշանավորեց Արևմուտք–ՌԴ առճակատման մեջ, 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի արշավն էր, հայտնի՝ որպես «Ռուս-վրացական պատերազմ», որից հետո՝ 2015 թ. սեպտեմբերին, Մոսկվան դիմեց ռազմական միջամտության սիրիական հակամարտությունում: «Արաբական գարունը» Մոսկվան ընկալել էր՝ որպես Արևելքում ՆԱՏՕ-ի գլոբալ առաջխաղացման անբաժանելի մաս, և եթե, նույնիսկ, արաբական աշխարհի վերաձևափոխումն ուղղակիորեն չէր ազդի Ռուսաստանի անմիջական շահերի գոտու վրա, դրա հետևանքները, առնվազն, սպառնում էին ապակայունացնել իրավիճակը Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանում` դրա հարավային սահմաններին կրակի տարածման հեռանկարով` հաշվի առնելով իսլամական գործոնի ցրված լայն ներթափանցումը ՌԴ ժողովրդագրական հենքի մեջ:

ՌԴ ԶՈՒ-ի հաջողությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Մոսկվայի իմիջի ձեռքբերումը Մերձավոր Արևելքի ռազմավարական ուղղությամբ էյֆորիա առաջացրեցին, քանի որ սկզբում ենթադրվում էր, որ ՌԴ-ին հաջողվել է «հեռու արշավանքի» միջոցով ճեղքել «Անակոնդայի օղակը»՝ ելք ստանալով դեպի հարավ-արևմտյան աշխարհաքաղաքական ընդարձակ տարածություն և իր հարավային թևում զրկել ՆԱՏՕ-ին իր շահերն առաջ տանելու հնարավորությունից։ Հաղթանակի զգացմանը խթանեց նաև ռուսաստանյան դիվանագիտության «հաջողությունը», որին հասել էր 2015 թ. նոյեմբերյան հայտնի իրադարձություններից հետո՝ թուրքական կործանիչի կողմից սիրիական օդային տարածքում ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի խոցումը, օդաչու Օլեգ Պեշկովի գնդակահարումը և դրան հետևած ռուս-թուրքական առճակատումը, Անկարայի հետ հարաբերությունների հանկարծակի ջերմացումը։

Հենց այդ ժամանակ Սերգեյ Լավրովի գլխավորած գերատեսչությունը կոտրեց ռուս զինվորականների մենաշնորհը «սիրիական հարցում» և Կրեմլի օրակարգ դրեց այն թեզը, որ հնարավոր է և անհրաժեշտ բանակցել Թուրքիայի հետ։ ՌԴ ԱԳՆ հայեցակարգի համաձայն՝ միայն Թուրքիայի լոյալությունը Ռուսաստանին կամրապնդի ՌԴ հաջողությունը Սիրիայում և կապահովի ՆԱՏՕ-ի մուտքի սահմանափակումը Սև ծովով դեպի Ուկրաինա, որտեղ իրադարձություններն արդեն արագորեն զարգանում էին Մոսկվայի համար ծայրաստիճան անբարենպաստ կերպով։ Հայեցակարգն ընդունվեց Կրեմլի կողմից, և նույնիսկ 2015 թ. դեկտեմբերին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի առեղծվածային սպանությունը չհանգեցրեց Ռուսաստանի ղեկավարության կողմից Անկարայի հետ մերձեցման «Լավրովի ռազմավարության» վերանայմանը։

Այդ ժամանակ ռուսաստանյան քաղաքական վերնախավը լրջորեն դիտարկում էր ԱՄՆ-ի ազդեցության ուղեծրից և, նույնիսկ, ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորությունը, քանի որ 2016-ի հուլիսին Էրդողանի դեմ նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին թուրքական իշխանություններին տվյալների կանխամտածված փոխանցումը համարում էր շահեկան «ակտիվ»՝ «հակաարևմտյան» թուրքական ղեկավարության հետ էլ ավելի սերտ մերձեցման համար: Գաղափարախոսական առումով «Լավրովի ռազմավարությունը» սնվում էր Դուգին-Պրոխանովյան «եվրասիականության» պատմական և փիլիսոփայական հայեցակարգի ոգով, որն ընդունվել էր Կրեմլի կողմից՝ որպես հիմնարար տեսակետ, և կոչված էր արդարացնելու սլավոնա-թուրքական միության բնական անհրաժեշտությունը ընդդեմ «անգլոսաքսոնների գերիշխանության»:

Էրդողանի՝ Մոսկվային հավատարմության ցուցաբերման խաղը և Արևմուտքի դեմ էքսցենտրիկ հարձակումները միայն ամրապնդեցին ՌԴ քաղաքական և դիվանագիտական վերնախավի հույսերը, որ Անկարայի հանդեպ նրանց վստահությունն արդարացված է և համոզեց նրանց բացել Հարավային Կովկասի դուռը Թուրքիայի համար: Այդ ժամանակ Մոսկվան արդեն կանխատեսել էր ուկրաինական հարցում իր անխուսափելի ուղղակի միջամտության նշանները, և նրա համաձայնությունը՝ թույլ տալ Թուրքիային մասնակցել Հարավային Կովկասի գործերին, ոչ միայն զիջման նշան էր, այլև՝ Մոսկվայի համար անհրաժեշտ միջոց: Այն նախատեսված էր մի կողմից՝ չեզոքացնելու Կովկասում արևմտյան ազդեցության անմիջական ներթափանցման հնարավորությունը (թուրքերը նախընտրելի էին համարվում անգլո-սաքսոններից), իսկ մյուս կողմից՝ հատուցելու Անկարային և «սնուցելու» նրա չեզոքությունը գալիք ուկրաինական հակամարտությունում: 2016 թ. սկզբին սկսված «Լավրովի նախաձեռնությունը»՝ Լեռնային Ղարաբաղի 5, ապա՝ նաև 2 «գրավյալ» շրջանները Ադրբեջանին փոխանցելու մասին, հավանաբար, բխում էր հենց Անկարայի հետ այս պայմանավորվածություններից և ենթադրում էր Թուրքիայի՝ Հարավկովկասյան հավակնությունների բավարարում հայկական շահերի հաշվին և, ի հեճուկս, տարածաշրջանում առկա ստատուս քվոյին:

Հնարավոր է, Լավրովն այն ժամանակ կարծում էր, որ դա բավարար կլինի Հարավային Կովկասում ՌԴ դիրքերը պահպանելու և, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ռազմավարական ծրագրերից թուրք-ադրբեջանական տանդեմի երաշխավորված դուրսհանման համար, ըստ որոնց, ինչպես նախկինում և ցայսօր համարում են Մոսկվայում, ենթադրելի էր «նոր պատերազմի սանձազերծում» և Ռուսաստանի դեմ «հարավային ճակատի» բացում։ Եվ հետո միայն, երբ տեղի ունեցան «Լավրովյան նախաձեռնության» հետ Երևանի անհամաձայնությունը, ԼՂՀ-ի վրա 2016 թ. ապրիլյան գրոհի հաջող հետմղումը, ինչպես նաև Ուկրաինայի ձգձգվող ճգնաժամը, Սմոլենսկայա հրապարակից Անկարային տրված խոստումների ֆիքսված «պարտքը» վերածվեց անսահմանափակ «վարկի», ինչին Թուրքիան դիմում էր իր հայեցողությամբ և անընդհատ աճող ախորժակով։

«Հայաստանի՝ հարավում նոր պատերազմ հրահրելու ցանկության» և ադրբեջանա-թուրքական կոալիցիայի հետ ՌԴ առճակատումների անթույլատրելիության մասին ռուսաստանյան բավականին տարածված խոսույթը արձանագրեց շատ կարևոր իրողություններ, որոնք ակնհայտորեն թերագնահատված էին մոսկովյան շրջանակների կողմից, բայց հետագայում իրենց զգացնել տվեցին հայկական միջավայրում. Ադրբեջանի և դրա դաշնակից Թուրքիայի պատրաստակամությունը լարվածության խորացմանը հանուն ադրբեջանական շահերի և հանուն իր դաշնակցի՝ ՌԴ-ի նման քայլերի գնալու անպատրաստակամությունը:

Մոսկվան, ըստ էության, աչք էր փակում Հարավային Կովկասում Թուրքիայի կամայականությունների վրա` չցանկանալով ընդունել դիվանագիտական ձախողումը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչը շատ շուտով հանգեցրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի (2020, 2021, 2022, 2023 թթ.) ընդդեմ ԼՂՀ-ի և Հայաստանի: Կրեմլը նախընտրեց Թուրքիային արված զիջումները ներքին քննարկումների դաշտում հիմնավորել իր համար քիչ կարևոր հայկական շահերի հաշվին Անկարայի հավատարմությունը պահպանելու և, դրանով իսկ, ուկրաինական շրջադարձներից վերջինիս հեռու պահելու անհրաժեշտությամբ: Ի վերջո, հենց այդտեղ էր, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը տեսավ հավաքական Արևմուտքի դեմ պայքարի հիմնական և վճռորոշ ճակատը։

Այնուամենայնիվ, արդյո՞ք դա իրականում այդպես է:

Ընդունված է համարել, որ Ուկրաինայի քաղաքական-քաղաքակրթական անջատումը Ռուսաստանից հնարավոր դարձավ արևմտյան ուղեղային կենտրոնների և հատուկ ծառայությունների կողմից այդ երկրում վերնախավերը փոխելու և հասարակության գաղափարական հիմքերը վերափոխելու փայլուն իրականացված համալիր գործողության շնորհիվ: Մինչդեռ ընդհանուր ուշադրությունից հաճախ դուրս է մնում ռուսաստանյան դիվանագիտության անհամաչափ պասիվության գործոնը, ինչը դարձել է Ուկրաինայի իրադարձությունների նկատմամբ Մոսկվայի վերահսկողությունը կորցնելու հիմնական պատճառներից մեկը։ 2013-ին, «Մայդանի» արշալույսին, ռուսաստանյան քաղաքական շրջաններում լայնորեն քննարկվեց Կիևում ՌԴ այն ժամանակվա արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Զուրաբովի «ապաշնորհ աշխատանքի» թեման: Դա թույլ էր տվել Ռուսաստանի հետ բարեկամական հեռանկարների ամենամեծ ռեսուրս ունեցող երկիրը վերածել «Հակառուսաստան» նախագծի: Այդ ռեսուրսն այնքան նշանակալից էր, որ Ուկրաինայի փաստացի «մայդանացման» առաջին փորձն ավարտվեց անհաջողությամբ և 2010 թ. հաջորդ ընտրություններում նախագահ Վիկտոր Յուշչենկոյի պարտությամբ։ Այն ժամանակ Մոսկվան նույնիսկ աննշան ջանքեր չգործադրեց, իսկ Մոսկվային հավատարիմ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակը հնարավոր դարձավ Ուկրաինայի ռուսալեզու ընտրազանգվածի՝ երկրի սողացող «եվրոպականացման» միտումներից հեռու մնալու իներցիոն ցանկության շնորհիվ։ Սակայն Ուկրաինայի ապառուսականացման երկրորդ, այս անգամ արդեն ագրեսիվ փորձը պսակվեց մեծ հաջողությամբ, քանի որ երկրի «հակաարևմտյան» ռեսուրսը նպատակահարմար կերպով չօգտագործվեց։ Հետագայում Ռուսաստանում «լավրով-զուրաբովյան ձախողման» մասին խոսակցություններն արագորեն մարեցին, իսկ «Ուկրաինայի կորստի» պատճառների շուրջ քննարկումներում առաջին պլան բերվեցին Արևմուտքի կողմից «եղբայրական երկրի» ներքին գործերին «հանդուգն և անառարկելի միջամտության» մասին խոսույթները։ 2013 թ. վերջից մինչև 2022 թ. փետրվարը Սմոլենսկայա հրապարակի՝ Ուկրաինային վերաբերող աշխատանքն, ըստ էության, ուղղված չի եղել ռուսաստանյան քաղաքականության «ներուկրաինական ուղղության» պատճառների ուսումնասիրմանն ու սխալները շտկելուն, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր կամակորության և անզիջողականության դրսևորում, ինչպես նաև խթանում էր հարաբերությունների ամբողջական խզումը ինչպես Կիևի, այնպես էլ նրա նոր արևմտյան հովանավորների հետ։ Սմոլենսկայա հրապարակը չկարողացավ կամ ունակ չգտնվեց, միգուցե, նաև չձգտեց կանխելու ուկրաինական պատերազմը՝ համարելով, որ թնդանոթներն ի զորու են հարցը լուծել 3-4 օրում, որից հետո ՌԴ դիվանագիտական կորպուսին կպահանջվի ընդամենն իրականացնել Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացիայի» գործողության քողարկման շատ ավելի հարմարավետ արշավ։

Ուկրաինան, ըստ էության, դարձավ թակարդ, որում հայտնվեց ՌԴ-ն՝ իր արտաքին քաղաքականության գերատեսչության դրդմամբ և Արտաքին հետախուզության ծառայության սխալ հաշվարկների ֆոնին։ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի Հատուկ ռազմական գործողության առաջին օրերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պատերազմի առաջին րոպեներին ռմբակոծություններ և հրթիռային հարվածներ իրականացվել են ոչ թե ուկրաինական ԶՈՒ-ի անձնակազմով զորանոցների վրա, այլ՝ հրամանատարական կետերի վրա, որպեսզի կաթվածահար անեն ուկրաինական ուժերը՝ առանց նրանց կենդանի ուժի զգալի կորուստների։ Ոչ ստանդարտ քայլ էր նաև ռուսների դեսանտ իջեցնելը Կիևի արվարձաններում՝ հիմնական ուժերից կտրված, փաստացի՝ հակառակորդի թիկունքում։ Ռուսաստանյան կողմի այս քայլերը կարելի է բացատրել Կիևում ռուսամետ իշխանություն բերելու նպատակով ռազմական հեղաշրջում նախապատրաստելու տարբերակով, ինչը, տեսականորեն, թույլ կտար խուսափել ավելորդ զոհերից։ Բայց դրանք բարդ, բազմակողմանի, «գետնի վրա» իրավիճակի հստակ պատկերացում, մեծ ռեսուրսներ և հատուկ ծառայությունների «ոչ պաշտոնական» հսկայական աշխատանք պահանջող գործողություններ են: Կրեմլը հենց «ուկրաինական խնդրի» արագ և առանց առճակատման լուծման նկատառումով փորձում էր հնարավորինս խուսափել Ուկրաինայի ԶՈՒ-ի և խաղաղ բնակչության շրջանում կորուստներից։

Բայց, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու մարտական գործողությունների փիլիսոփայության փոփոխումը, ամեն ինչ սխալ ընթացավ: Մոսկվան չէր հաշվարկել իր ուժերը և արդյունքում չկարողացավ խուսափել սեփական գաղափարական կանխադրույթների՝ սլավոնակենտրոնության և ուղղափառ համերաշխության հասկացությունների խախտման գոյութենական վտանգից՝ դրանք, ըստ էության, դնելով «եվրասիականության» զոհասեղանին։ «Ուկրաինական ձախողման» արդյունքը արևմտյան աշխարհառազմավարության հայրերից մեկի՝ Հենրի Քիսինջերի հայտնի ձևակերպման իրականություն դառնալն էր, ըստ որի՝ «Ռուսաստանն Ուկրաինայի հետ ունի մեկ քաշային կարգ, իսկ առանց դրա՝ բոլորովին այլ»: Այսօր «պատերազմ մինչև վերջին ուկրաինացին» ռուսաստանյան խոսույթը կարող է լրացվել Արևմուտքի կողմից՝ «պատերազմ մինչև նախավերջին ռուսը» արտահայտությամբ։ Հարյուր հազարավոր անդառնալի կորուստներ երկու կողմից, միլիոնավոր փախստականներ, ավերված քաղաքներ և գյուղեր մի քանի հարյուր հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա և, ամենակարևորը, փոխադարձ ատելություն, թշնամանքը մոռանալու և միմյանց ներելու անկարողություն. սա է ուկրաինական պատերազմի ժառանգությունը, որի բեռից երկու արյունակից ազգերի համար շատ դժվար կլինի ազատվել ապագայում։ Ուկրաինական կոտորածը ՌԴ-ի համար ծուղակ դարձավ հենց այն պատճառով, որ նա իր ամբողջ ուշադրությունը սևեռել էր իր վրա, կենտրոնացրել բոլոր ռեսուրսները, բոլորին համախմբել իր շուրջը, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ համեմատաբար չեզոք արևմտյան երկրներին, կրկին վերակենդանացնելով Եվրոպայի վախերը «ռուսական ներխուժման սպառնալիքից», և վերջապես, ցանկացած արդյունքի դեպքում էլ Քիսինջերի սահմանումը դառնում է իրականություն:

Միևնույն ժամանակ, «երկրորդ ճակատի» հարցը դեռ բաց է մնում։

Դժվար թե հիմա որևէ մեկը կասկածում է, որ Արևմուտքը հենց Ուկրաինային էր պատրաստում որպես ՌԴ-ի հետ բախման հիմնական հարթակ, որպես դրա ժողովրդագրությանը, տնտեսությանը, ռազմական հզորությանը, Պուտինի իմիջին և, ընդհանուր առմամբ, պետականությանը հիբրիդային հարված հասցնելու ռազմահենադաշտ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, բավարար հիմքեր կան պնդելու, որ Ուկրաինան ուշադրությունը շեղելու թիրախ է, և որ կա Արևմուտքի կողմից մանրամասն մշակված պատերազմի ևս մեկ հնարավոր հարթակ, որը ստեղծվել է նաև ռուսաստանյան դիվանագիտության ձեռքով։ Մինչ Կրեմլը պլաններ էր մշակում ուկրաինական ճգնաժամի ռազմական լուծման համար, իսկ Սմոլենսկայա հրապարակը արևմտյան ուղղության վրա կառուցում էր դիվանագիտական մարտերի ճակատը, Հարավային Կովկասը՝ որպես հնարավոր ռազմահենադաշտ մանրակրկիտ ուսումնասիրման մեջ էր, Կասպից ծովի այս ափին սեպի պես խրվելով ՌԴ-ի «փափուկ փորատակը», իսկ մյուս ափին՝ դուրս գալով դեպի Միջինասիական աշխարհաքաղաքական տարածքներ։

Այսօր ռուսաստանյան մերձիշխանական, և ոչ միայն, վերլուծական շրջանները դաշնակից Հայաստանում 2018 թ. «Թավշյա հեղափոխությունը» համարում են Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Ջ. Սորոսի հիմնադրամի ստվերի տակ գտնվող արևմտյան ուժերի և նմանատիպ այլ կառույցների գործունեության արդյունք, թեև հենց ինքը՝ Ի. Ալիևը, ժամանակին շատ թափանցիկ ակնարկել էր տեղի ունեցածում Ադրբեջանի նշանակալի դերի մասին։ Այս առումով մի քանի հիմնավոր հարցեր են ծագում: Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում հեղաշրջում նախապատրաստող արևմտյան ծառայությունների երկար տարիների «քայքայիչ աշխատանքը» աննկատ մնաց ռուս հատուկ ծառայությունների համար, ովքեր, օրինակ, դրանից 2 տարի առաջ Թուրքիայի պարագայում կարողացան անհապաղ տեղեկացնել ղեկավարությանը՝ բանակի կողմից իշխանությունը զավթելու մոտալուտ փորձի մասին։ Հայաստանում ոմանք հակված են այլ «անոմալիաների» հետ մեկտեղ այս հանգամանքը ևս դիտել, որպես Կրեմլին Ն. Փաշինյանի «հաշվետվողականության» վկայություն։ Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ ռուսաստանյան կողմը, այնուամենայնիվ, զգուշացրել է Սերժ Սարգսյանին ապագա իրադարձությունների մասին, բայց նա չի հավատացել, ապա նրա հայտնի «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» արտահայտությունը պետք է մի փոքր այլ ձևակերպում ունենար։

Եվ, այնուամենայնիվ, ռուսաստանյան կողմը միանգամայն հանդուրժողաբար ընդունեց Հայաստանում իշխանափոխության փաստը՝ գերադասելով ավելորդ համակրանք չցուցաբերել նախկին գործընկերներին թե՛ հեղափոխության փուլում, թե՛ իշխանափոխությանը հաջորդած առաջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ի տարբերություն ռուսաստանյան կողմի «մայդանականների» «գաղտնիքների» մասին զանգվածային մեդիա արտահոսքերով ուղեկցվող ուկրաինական «մայդանից», «Հայկական գունավոր հեղափոխությունը», ինչպես այժմ ընդունված է այն անվանել ռուսաստանյան շրջաններում, տեղի ունեցավ առանց որևէ էական մեղադրական ապացույցների կամ դրա ստվերային կողմի մասին «ֆեյքերի» և այլն։ Հայ գործիչների նկատմամբ ռուսաստանյան կողմի հատուկ վերաբերմունքի մասին, մինչև հարաբերությունների վերջին սառեցումը, կարող են վկայել մի քանի հայտնի դրվագներ։ Նախ՝ Վ. Պուտինի հրապարակային աջակցությունը Ն. Փաշինյանին վերջինիս համար դժվարին ժամանակահատվածում՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո. մասնավորապես, նրա խոսքերը, որ ոմանք Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, մինչդեռ նա, իրապես «ուժեղ մարդ է» և այլն։ Երկրորդ պահը կապված է Ադրբեջանի կողմից ձերբակալված ղարաբաղյան վերնախավի, ավելի ճիշտ՝ Ռուբեն Վարդանյանի ճակատագրի հետ, ով Հայաստանում որոշակի փուլում համարվում էր Փաշինյանի դեմ քաղաքական ուժերը համախմբելու ներուժ ունեցող գործիչ։ Խոսքը ոչ միայն ձերբակալության փաստի մասին է, այլև՝ Պուտինի մեկնաբանության, որը ձերբակալված արցախցիների ճակատագրի մասին հնչեցված հարցին պատասխանել է, որ «Հայաստանի իշխանություններն իրենք չեն ցանկացել ընդունել նրանց»: Տպավորություն ստեղծվեց, որ այս հարցում ռուսաստանյան կողմը սերտ երկխոսության մեջ է ՀՀ իշխանությունների հետ և նպաստում է իրադարձությունների՝ Փաշինյանին ձեռնտու սցենարին:

Հայաստանի «հեղափոխական» իշխանությունների հետ Կրեմլի երկարամյա «պտույտապարից» հետո ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի արմատական փոփոխության և արևմտյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ ռուսաստանյան շրջանների ափսոսանքը հնչում է փոքր-ինչ ուշացած: Ըստ երևույթին, ի տարբերություն «ուկրաինական սցենարի», ռուսաստանյան դիվանագիտությունը ինչ-որ պահից «հայկական խնդրում» փորձել է ճկունություն ցուցաբերել և դիմել «փափուկ ուժի», սակայն համապատասխան փորձի բացակայությունը, «իսկ ո՞ւր են գնալու» և նման այլ կարծրատիպերը թողել են իրենց ազդեցությունը: Արհեստավարժների և երեկվա ակտիվիստների խաղերի արդյունքում Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում դրվեց կասկածի տակ։ Մանավանդ, թուրք զինվորականների՝ Ադրբեջան մուտքի հիմնավորապես թույլտվությունից, ԼՂ ամբողջական հայաթափման թողտվությունից և տարածաշրջանում Ռուսաստանին իրապես հարյուր տոկոսանոց հավատարմությունը պահպանած միակ սուբյեկտի՝ դե ֆակտո կայացած Արցախի պետականության ոչնչացումից հետո: «Դա դժվարին, բայց կամավոր ընտրություն էր», – արցախահայության գաղթի մասին ռուս քաղաքական գործչի խոսքերը այդքան էլ անկեղծ չեն և շրջանցում են կարևոր «մի մանրուք»՝ արցախցիների 10-ամսյա շրջափակումը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) աչքի առջև, ում նրանք այդքան հավատում էին։

Արցախի հայկական պետականության լուծարմամբ, որը 4 դար առաջ առաջինն էր քաղաքական հիմք դրել և նպաստել Ռուսաստանյան կայսրության ներթափանցմանը Հարավային Կովկաս, Մոսկվան կորցրեց իր ռազմական ներկայության օրինական հիմքը «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»՝ այսուհետ դառնալով «անկոչ հյուր», միաժամանակ, կասկածի տակ դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ապագայի համար իր պատմական պատասխանատվությունը։ Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որպես վերջին զիջում Բաքու-Անկարա երկյակին, դժվար թե անվերջ երկարաձգի ՌԴ–Արևմուտք հակամարտությունում Թուրքիային հավատարմությունն ու չեզոքությունը։ Դրա մասին են վկայում ինչպես Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի վերջերս արած զիջումները, այնպես էլ՝ բոլշևիկ-քեմալական բարեկամության շատ ավելի պատկերավոր դասագրքային պատմությունը։

Ադրբեջանում ՌԴ դեսպանի` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ-ի «հակաահաբեկչական գործողության» մասին ձևակերպումը դարձել է Ղարաբաղյան հիմնախնդրում ռուսաստանյան քաղաքականության վերջակետը։ Եվ ոչինչ, որ այն հակասում է Ղարաբաղյան հիմնախնդրի ողջ նախկին հարացույցին, որը հնչեցրել են թե՛ ՌԴ առաջին դեմքը, թե՛ արտաքին գործերի նախարարը, ով այժմ անընդհատ խոսում է ՌԴ, ԱդրՀ և ՀՀ ղեկավարների միջև ինչ-որ եռակողմ պայմանավորվածությունների մասին և, որոնք ենթակա են իրականացման՝ չնայած բանակցությունների հիմնական առարկայի՝ Լեռնային Ղարաբաղի կորստին։ Նման պայմաններում հնարավոր չի ակնկալել տարածաշրջանում ռուսաստանյան ազդեցության՝ սովորույթի ուժով երկարաձգման վրա։ Բաքվում ՌԴ դեսպան Եվդոկիմովի ձևակերպումը հենց ցույց է տալիս, թե որքան կորած է ռուսաստանյան դիվանագիտությունը, եթե նա ստիպված է եռանդուն կերպով կրկնելու Բաքվի քարոզչական կաղապարները՝ կասկածի տակ դնելով այն ժամանակվա համաշխարհային տերությունների հովանու ներքո ընթացող 30-ամյա բանակցային գործընթացը։

Արդյունքում տեղի է ունենում տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակազմավորում և հավաքական Արևմուտքի ռազմավարական ծրագրերում դրա աշխարհաքաղաքական նշանակության մեծացում։ Հենց այս ճանապարհով է Թուրքիան՝ ՌԴ համաձայնությամբ, հիմնովին ամրապնդվում տարածաշրջանում՝ աստիճանաբար կլանելով Ադրբեջանին՝ որպես գործոն։ Որքան էլ ռուսաստանյան դիվանագիտությունը ակնարկում է, որ Անկարան «չափավորված» է ներթափանցում տարածաշրջան, Մոսկվայի համար ընդունելի եղանակով և պարզապես լրացնում է «թափուր խորշերը», իրականում այս գործընթացն ավելի ու ավելի է նմանվում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելուն, երբեմն նույնիսկ Թուրքիայի կողմից բիրտ ուժի անուղղակի կիրառմամբ:

Հենց Ռուսաստանի գիտությամբ էր, որ նատօական Թուրքիան հիմնավորվեց Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ դիտորդական առաքելության շրջանակներում՝ իբր թե ԼՂ-ում տիրող իրավիճակի մշտադիտարկման նպատակով։ Արդյո՞ք ՌԴ-ն, մեղադրելով ԱդրՀ-ի հետ ՀՀ սահմանին պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդներին, կարող է երաշխավորել, որ թուրքական զորախումբն իր համատեղ առաքելության մեջ իրականում չի հետևել հենց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմին և անհրաժեշտ տեղեկատվությունը չի տրամադրել ՆԱՏՕ-ին՝ իր հետախուզության նյութերի փոխանակման պարտավորությունների շրջանակներում: Եվ ընդհանրապես, արցախյան և ադրբեջանական կողմերի միջև զինադադարի խախտման վերաբերյալ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքների ֆոնին որևէ մեկը տեսե՞լ է հնչեցված մեղադրանքների որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում՝ համատեղ ad hoc այս կառույցից։ Ռուս քաղաքական գործիչների և փորձագետների արդարացումները, թե «սա ՆԱՏՕ-ն չէ, այլ՝ Թուրքիան», չեն դիմանում քննադատությանը, քանի որ Անկարան Դաշինքի առանցքային և հավատարիմ անդամն է, իսկ վերջինս՝ տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների անմիջական շահառուն։ Անկարայի շահերը ՆԱՏՕ-ի գլոբալ շահերից «անջատելու» հույսերը միամտություն են, և դրա վկայությունն է, օրինակ, Թուրքիայի համաձայնությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ԹՀ և ԱՄՆ-ի միջև պաշտպանական լայնածավալ ռազմական պայմանագրերի վերակենդանացումը, թուրքական զենքի աճող մատակարարումը Ուկրաինային, Անկարայի լիակատար հրաժարումը ռուսաստանյան ածխաջրածինների վերաարտահանումից, ռուսաստանյան բանկերի դեմ պատժամիջոցների դեմարշին միանալը և այլն: Սա իրականում, իսկ խոսքերով ԹՀ-ն, օրինակ, կարող է լինել Գազայում Իսրայելի քաղաքականության անհաշտ քննադատը և, միևնույն ժամանակ, ակտիվորեն Թել-Ավիվին մատակարարել ամեն ինչ, այդ թվում՝ զինամթերք:

Բայց սա Անկարայի հետ Արևմուտքի փոխգործակցության ամենակարևոր կողմը չէ: Կովկաս և ավելի հեռու՝ Միջինասիական թյուրքական հանրապետություններ ներթափանցելու և պանթյուրքական միասնության քաղաքական և գաղափարական կանխադրույթների հիման վրա նրանց հետ հատուկ հարաբերությունների լայն շրջանակ հաստատելու թուրքական քաղաքականությունը լուծում է բազմամակարդակ մի քանի ռազմավարական խնդիրներ Արևմուտքի համար, որոնք իրենց նշանակությամբ առնվազն չեն զիջում ուկրաինական ուղղությանը։

Եվ այսպես, քայլերն՝ ըստ հերթականության.

  • Թուրքիայի դուրս գալը «ռուսաստանյան ազդեցությունից»:

Եթե ՌԴ-ն փորձում է Անկարային «գայթակղել», այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», ապա Մոսկվայի հակառակորդները կարող են իրենց թույլ տալ խոստանալ Միջին Ասիան և հենց Ռուսաստանի թյուրքալեզու շրջանները՝ ոչնչացնելու ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության մնացած ձևաչափերը, սառեցնելու հարաբերությունները և Անկարան ներառելու ՌԴ-ի դեմ ռազմաքաղաքական ծրագրերի մեջ։ Օդեսայի և Նիկոլաևի վրա ռուսաստանյան բանակի հարձակման մասին խոսակցությունների ֆոնին թուրքական սևծովյան նավատորմի տեղակայումը չեզոք ջրերում ռուսաստանյան ափերի պարագծի երկայնքով և նեղուցների բացումը արևմտյան երկրներ համար կարող է, նվազագույնը, անորոշ ժամանակով հետաձգել Օդեսան գրավելու պլանները։

  • ՌԴ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելը՝ Հյուսիսային Կովկասի արտաքին և ներքին պարագծով դրա հարավային սահմանների հետագա անխուսափելի ապակայունացմամբ:

Պատմությունից հայտնի է, որ արևմտյան որոշ երկրներ արմատական իսլամիզմի միջոցով լեռնեցիներով բնակեցված կովկասյան շրջաններն ապակայունացնելու լուրջ փորձ ունեն։ Իսկ թե որքան «անվերահսկելի» են իսլամիստական տրամադրությունները, կարելի է դատել այն փաստով, որ Գազայում մահմեդականների իրավունքների կոպտագույն խախտումները չհանգեցրին «իսլամի պաշտպանների» կամավորական շարժման այնպիսի աճի, ինչպիսին եղավ ՌԴ տարածքում՝ վերջին կովկասյան պատերազմների ժամանակ։

  • ՌԴ-ի և Իրանի միջև ցամաքային հաղորդակցության դադարեցումը, Ադրբեջանի վերածումը հյուսիսից Իրանի վրա կախված ռազմական և նյութատեխնիկական ամրակետի:

Այս տրամաբանությամբ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է գործել նաև միջազգային (ոչ ռուսաստանյան) հովանու ներքո։ Մեղրին և սահմանային երկաթուղին ու մայրուղին ադրբեջանական սցենարով «բախշելու» փորձերը միայն արագացնում են Ռուսաստանի «ոչ պետքական լինելը», այն Ռուսաստանի, որը ջանում է վերահսկողության տակ առնել ձևավորվող միասնական պանթուրքիստական քաղաքական-տնտեսական տարածքը մատակարարող մայրուղիները։ Մյուս կողմից, Իրանի հյուսիսում ուժեղ, Արևմուտքին բարեկամ պետության առկայությունը ռազմավարական նշանակություն ունի Մեծ Մերձավոր Արևելքի մեգատարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում։

  • Ադրբեջանաթուրքական հաղորդակցության նախագծերի դիվերսիֆիկացում և ռուսաստանյան կողմի «ուղիղ տեսանելիության» տակ գտնվող երթուղիներից կախվածության նվազեցում:

Խոսքը Ադրբեջանից եկող նավթագազային հիմնական ուղիների վրացական հատվածի մասին է, որն անցնում է Հարավային Օսիայի սահմանների մոտով։ Լրացուցիչ երթուղիների գործարկումը վերջ կդնի «վրացական մենաշնորհին»՝ դրանից բխող բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներով ինչպես Թբիլիսիի, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի համար։

  • Ադրբեջանի վերածումը Կասպից ծովի արևմտյան ափին ռազմական, քաղաքական և նյութատեխնիկական բազայի` դրա արևելյան ափին հետագա ծրագրերի ակտիվացման համար:

Ադրբեջանի դուրս գալը ռուսաստանյան ազդեցության ուղեծրից կերկարացնի ՌԴ սահմանագիծը ոչ բարեկամ երկրների հետ, ինչը կնշանակի դրա անվտանգության համար լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, քաղաքական և ենթակառուցվածքային առումներով Ադրբեջանը կարող է հարթակ դառնալ համաթյուրքական զինված և ռազմածովային ուժերի ձևավորման համար՝ առանց այդ գործընթացում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անհարկի անմիջական ներգրավման, իսկ ստեղծվող դաշինքը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի կամակատարը (պրոքսի):

  • Կասպից ծովի արևելյան ափին և Միջին Ասիայի հանրապետություններում համաթյուրքական ռազմաքաղաքական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը։

Ռազմածովային ուժերի ստեղծումը և Կասպից ծովը «Թյուրքական լճի» վերածելը առնվազն կվտանգի ՌԴ Իրան ծովային ուղիները։

  • Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը՝ տարածաշրջանում ռուսաստանյան քաղաքական և տնտեսական ներկայության ճնշմամբ։

Այսպես. Ղազախստանի հետ հարաբերությունների սառեցումը ՌԴ՝ «ոչ բարեկամ երկրների» հետ ցամաքային սահմանագիծը կերկարացնի ևս 7 հազար կմ-ով։ Միևնույն ժամանակ, ՌԴ-ի հեռանալը Կենտրոնական Ասիայից ընդհանուր առմամբ կհանգեցնի Աֆղանստանից և այլ վայրերից թմրանյութերի և ծայրահեղականների անդրսահմանային մաքսանենգության աճին և կնպաստի ՌԴ սահմանամերձ թյուրքալեզու շրջաններում և դրանցից դուրս լարվածության մեծացմանը:

  • Կենտրոնական Ասիայում չինական ազդեցության կրճատումը:

Արևմուտքի համար այս ուղղության կարևորությունը պայմանավորված է նաև տարածաշրջանում Չինաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության աճը կրճատելու հնարավորությամբ՝ տեղական ազգայնական գաղափարախոսությունների կիրառման և համաթյուրքական քաղաքական ինքնության ձևավորման միջոցով:

Վերոնշյալ քայլերի իրականացումը կարող է հնարավոր և խոստումնալից դառնալ տարածաշրջանում հայկական գործոնի թերագնահատումից հետո, ինչը հանգեցրեց Ռուսաստանի կողմից իր անվտանգության հարավային սահմանների գործնականում «մերկացմանը» և հարավկովկասյան բուֆերային գոտու փոխանցմանը Անկարային։ Հայաստանն ու Արցախը ոչ լայն, բայց անհաղթահարելի պատնեշ էին այս ուղղության վրա, և միայն ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող էր անշրջելի փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում և դրանից դուրս։ Եթե դա էր Սմոլենսկայա հրապարակի առջև ծառացած նպատակը, ապա այն փայլուն կերպով կյանքի կոչվեց։ Հակառակ դեպքում, ադրբեջանա-թուրքական «կոկորդիլոսին»
նրա «բարեկամության» հույսով հայկական պետություններով «կերակրելը» արկածախնդրություն է, որի հիմքում կա՛մ մասնագիտական անհամապատասխանությունն է և Ռուսաստանի իշխանական շահերի թերընկալումը, կա՛մ առկա իրավիճակի հեղինակների համագործակցությունը իրենց իսկ երկրի թշնամիների հետ։

Կատարվածի գնահատականը պարզ կդառնա հետընտրական իրողությունների ընդհանուր տրամաբանության մեջ։ Առայժմ, հաստատապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկն արեց իրենից կախված ամեն բան՝ ստեղծելու առավելագույնս հարմար դիրքեր հակառակորդի համար, իսկ ՌԴ նախագահի Մյունխենի և Վալդայի խոստումները պատմության մեջ կմնան՝ որպես իր վաղեմի անհաշտելի ախոյանի հետ վճռական ճակատամարտում ռուսաստանյան տերության կողմից մեջքն ուղղելու հուսահատ փորձի չիրականացված կարգախոսներ։

Հ.Գ. Ամերիկացի գեներալ Սքոթն իր այլաբանական «Անակոնդայի պլան» աշխատության մեջ չի նշել բնության մեջ գոյություն ունեցող որոշ օձերի մի շատ կարևոր հատկանիշ: Եվ, այնուամենայնիվ, կարծում ենք, որ այդ հատկանիշը կարող է գործել խեղդամահ անելու համար մշակված «հիբրիդային պատերազմի» մեթոդաբանության մեջ։ Բանն այն է, որ հատուկ գունազարդման շնորհիվ որոշ օձեր ունեն գործնականում գլխից չտարբերվող պոչ, և մինչ զոհը հարձակման սպասումով քարացած նայում է օձի պոչին, հանկարծակի հարվածը վրա է հասնում հետևից կամ կողքից:

(1) Մշակութաբան, սոցիոլոգ։