Թուրքիան վերականգնում է հարաբերությունները Եգիպտոսի հետ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.02.2024 թ.

2024 թ. փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Եգիպտոս։

Երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին 2013 թ.՝ Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո, որը ղեկավարում էր «Մուսուլման եղբայրներ» միջազգային իսլամական կազմակերպության՝ Ռ. Էրդողանի մեծ հավանությունն ու աջակցությունը մշտապես վայելած եգիպտական ճյուղը։ Այնուհետև երկրները խզել էին բոլոր կապերը և հետ կանչել իրենց դեսպաններին, քանի որ ԹՀ-ի ղեկավարը Եգիպտոսի նոր ղեկավարությանը հեղաշրջման արդյունքում իշխանության գալու պատճառով հայտարարեց ոչ լեգիտիմ:

Սակայն 2021 թ. Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ 2022 թ. Քաթարում կայացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները կարճ ոչ պաշտոնական հանդիպում ունեցան, իսկ 2023 թ. Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին մեկնեց Թուրքիա՝ երկրաշարժից տուժած Ադանա քաղաք։

Էրդողանի ներկայիս այցը նախապատրաստվել էր հավուր պատշաճի, և այն փաստը, որ Թուրքիայի ղեկավարին Կահիրեի օդանավակայանում դիմավորեց անձամբ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, վկայում է Եգիպտոսի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորության մասին։

Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան ստիպված է եղել վերանայել կապերը Եգիպտոսի հետ, հիմնականում, երկրում տիրող ֆինանսատնտեսական անմխիթար վիճակի պատճառով։ Լճացման և լիրայի շարունակական արժեզրկման պայմաններում երկրի տնտեսությանը Եգիպտոսի 120 միլիոնանոց բնակչության արտահանման շուկայից զրկելը առնվազն խելամիտ չէր լինի։ Միգուցե, նաև Անկարան Կահիրեի հետ հնարավոր սերտ փոխգործակցության համար հող է նշմարում գլոբալ առևտրային ճանապարհ ստեղծելու համատեքստում՝ Հնդկական օվկիանոսից Կարմիր ծովով դեպի Միջերկրական ծով և այնուհետև՝ Սև ծով, այսպես կոչված, «Ստամբուլի ջրանցք»-ով, որի շինարարությունը ներկայումս բուռն ընթացքի մեջ է։ Գուցե Անկարան նաև ձգտում է ուսումնասիրել եգիպտացիների՝ Սուեզի ջրանցքի համապարփակ շահագործման փորձը՝ նավագնացության, տեխսպասարկման և մաքսատուրքային քաղաքականության դաշտում:

Այս բոլոր փաստերն ինքնին մեծ նշանակություն ունեն, ինչը, միաժամանակ, չի հակասում զուտ քաղաքական դրդապատճառներին, որոնք դրդեցին Էրդողանին կտրուկ շրջադարձ կատարել Եգիպտոսի հետ հարաբերություններում։ Բանն այն է, որ սա բնակչության թվով ամենամեծ արաբական երկիրն է, որը մեծ կշիռ ունի Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) և որի ռազմական հզորությունը համեմատելի է, օրինակ, Իրաքի, Սիրիայի և Հորդանանի զինված ուժերի հետ՝ միասին վերցված։

Ժամանակին Եգիպտոսի հետ հարաբերությունների խզումը ծանր հարված հասցրեց Մերձավոր Արևելքի և Մաղրիբի իսլամական համայնքի առաջնորդի դերը ստանձնելու Անկարայի հավակնոտ ծրագրերին և նպաստեց արաբական աշխարհի պառակտմանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններով պայմանավորված։ Անցյալում թուրքական մետրոպոլիայից ազատագրման բազմաթիվ պատերազմների հիշողության հետ կապված Եգիպտոսի մտավախությունները՝ Մուրսիի տապալման դեպքերից և Թուրքիայի արձագանքից հետո, կրկին կյանքի կոչվեցին և որոշիչ դարձան Կահիրեի քաղաքական օրակարգում՝ ստիպելով վերջինիս ընդլայնել համագործակցությունը Արաբական լիգայի մեկ այլ ծանրքաշային՝ Սաուդյան Արաբիայի հետ, որը չի տուժել էրդողանյան Թուրքիայի հավակնություններից: Կահիրեի մտավախությունները ամենևին էլ անհիմն չէին և ակներևաբար հաստատվեցին Լիբիայի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Ռ. Էրդողանը 2020 թ. հունվարի սկզբին Կահիրեի օգնությունը վայելող լիբիացի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի զորքերի դեմ ներխուժում իրականացրեց Եգիպտոսի հարևան այս երկիր՝ Ֆայեզ ալ-Սարաջի բանակին աջակցելու նպատակով: Էրդողանի այդպիսի կտրուկ քայլերի, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի և Իրաքի նկատմամբ Անկարայի գիշատչական գործողությունների արդյունքը եղավ այն, որ Արաբական պետությունների լիգայի քաղաքականությունը որոշող արաբական գլխավոր երկրները կարողացան խաթարել Արևմուտքից Արևելք շրջվելու թուրքական նոր ռազմավարությունը՝ նշանառելով Առաջավոր Ասիայում նեոօսմանյան ռևիզիոնիզմը։ Արաբական աշխարհի աչքերում թուրքական զավթողամոլությունը չվերականգնվեց, նույնիսկ Անկարայի ընդգծմամբ՝ Պաղեստինի հարցով պայմանավորված Թել-Ավիվի հետ հարաբերությունների «վատթարացումով»։

Հավանաբար, իր նախկին հսկայական ծրագրերի անհեռանկարայնության գիտակցումն էր, որ դրդեց Էրդողանին ավելի ճկուն քաղաքականություն վարել Կահիրեի նկատմամբ, հատկապես, Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո: Իսկապես, դրանց հետ կապված, Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրականում ձևավորվում է միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրողություն, առանց որի Անկարայի համար դժվար կլինի պահպանել նույնիսկ ներկայիս երերուն դիրքերը այս բարդագույն տարածաշրջանում։