Թուրքիան հետևում է Ադրբեջանին՝ լրտեսական սկանդալ սրելով

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.02.2024 թ.

2024 թ. փետրվարի 20-ին տեղեկություններ հայտնվեցին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բացահայտել է Թուրքիայում Ֆրանսիայի հետախուզական վարչության գործունեությունը։ MIT-ի գործողության շրջանակներում ձերբակալվել է 3 մարդ՝ իբր, Ֆրանսիայի օգտին շուրջ մեկ տարի լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «լրտեսներից» Ահմեդ Քաթին և ևս երկու անձ ձերբակալվել են MIT-ի և Ստամբուլի ոստիկանության կողմից՝ ֆրանսիական հետախուզության նախազգուշացումից հետո Թուրքիայի տարածքը լքելու փորձի ժամանակ։

Նշենք, որ նման բան Թուրքիայից սպասվում էր դեռ 2023 թ. դեկտեմբերի 4-ից հետո, երբ Ադրբեջանը միջազգային սկանդալ էր հարուցել՝ լրտեսության մեղադրանքով կալանավորելով Ֆրանսիայի քաղաքացի, գործարար Մարտին Ռայանին։ Միջազգային ասպարեզում Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցության փորձը հուշում է, որ այդ երկրները գրեթե միշտ երկուստեք համաժամանակացնում են քայլերը՝ իրենց համար դժվարություններ ստեղծող պետությունների կամ կազմակերպությունների վրա բազմամակարդակ ճնշում գործադրելու համար։ Տվյալ դեպքում դա Ֆրանսիան էր, որն, ըստ Բաքվի, հանուն սեփական «շահադիտական» նպատակների, մտադիր է խախտել անվտանգության հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Միևնույն ժամանակ, Անկարան Ֆրանսիայի հետ հարաբերություններում ունի իր սեփական խաղը, որը ներառում է շահերի ավելի լայն հորիզոն, քան՝ պարզապես, Հարավային Կովկասը, և, հետևաբար, «Թուրքիայում ֆրանսիական լրտեսական ցանցի» շուրջ վերջին զարգացումները չպետք է կապվեն միայն Ադրբեջանի հետ խաղակցելու մտադրությունների հետ։

Բանն այն է, որ Ստամբուլում «ֆրանսիացի լրտեսների» կալանավորումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ԵՄ Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեում Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի կողմից Թուրքիային անօդաչու սարքեր և հրետանային ռազմամթերքի՝ Ուկրաինային մատակարարման նոր պատվերներ վստահելու որոշման վրա դրված վետոյի մասին: Դրանով Անկարան ցավալի հարված ստացավ՝ զրկվելով իր պաշտպանական արդյունաբերությանը տրամադրվելիք պատկառելի գումարներից։ Վերջապես, ոչ պակաս կարևոր էր, որ դա հարված էր թուրքական գոռոզամտությանը:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ «ֆրանսիական լրտեսների» բացահայտումը, նույնիսկ, եթե նրանք իսկապես այդպիսին են, և եթե նրանց գործունեությունը որոշակի ժամանակ վերահսկվում էր MIT-ի կողմից, Անկարան օգտագործելու էր Ֆրանսիայի հետ քաղաքական առճակատման ամենահարմար պահին, որն, ըստ ամենայնի, օրեցօր ընդլայնվում և ձեռք է բերում նոր լարվածություն։