Բաքու–Օվդա չվերթների հերթական ակտիվացում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 03.03.2024 թ.

29.02.2024 թ. Բաքվից բեռնատար ինքնաթիռը հերթական անգամ թռիչք է կատարել Իսրայելի Օվդա օդանավակայանի ուղղությամբ։ Այդ մասին տվյալներն արձանագրել է Flightradar 24 հանրային վեբ ծառայությունը, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել օդանավերի դիրքին։ 4K-AZ100 գրանցումով Ил-76 բեռնատար ինքնաթիռը նախկինում էլ բազմիցս թռիչքներ է իրականացրել Իսրայելի երկակի նշանակության օդանավակայան (ռազմական և քաղաքացիական) Իսրայելի հարավում, որտեղ էլ գտնվում է զենքն ու զինամթերքը երկրից դուրս հանելու համար նախատեսված հիմնական պահեստային և բեռնման կետը։ Ըստ Flightradar 24-ի, սա ամենևին էլ նշված ադրբեջանական օդանավի՝ դեպի Օվդա կատարած փետրվարյան միակ թռիչքը չէ: Հարկ է հիշեցնել, որ թռիչքների նման ինտենսիվություն նկատվել է նաև մինչև 2020 թ. աշնանը տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմը, 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա ադրբեջանական բանակի հարձակման անմիջապես նախօրեին և Արցախի նկատմամբ 2023 թ սեպտեմբերյան ագրեսիայից առաջ։

Այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Իսրայելից, օրեր առաջ խոսել էր նաև ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը։ 26.02.2024 թ. «X»-ի իր էջում նա հրապարակել է Բաքու–Օվդա և հակառակ ուղղությամբ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռի հերթական թռիչքի տվյալները՝ կարծիք հայտնելով, որ. «Ադրբեջանը շարունակում է ավելացնել զենքի գնումները՝ նշելով, որ Հայաստանի կողմից ցանկացած ռազմական գնում կատարելը ցույց է տալիս, որ նա պատրաստվում է Ադրբեջանի վրա մոտալուտ հարձակման»: Սնելը նաև ավելացրել է, որ Իսրայելը շարունակում է միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն պահանջել ԱՄՆ-ից, մինչդեռ ինքն, իր զենքը կրկին միլիարդներով վաճառում է Բաքվին։

Այսպիսով, հաշվի առնելով ինտենսիվ թռիչքների մասին առկա տեղեկատվությունը, ինչպես նաև այն համադրելով Հայաստանի և Արցախի դեմ ոչ վաղ անցյալում իրականացված ռազմական ագրեսիայի գործողությունների նախաշեմին նմանատիպ բեռնափոխադրումների փորձի հետ, կարելի է ենթադրել, որ Բաքուն կրկին պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների: Այս առումով կարելի է խոսել հարձակողական և հետախուզական ԱԹՍ-ների ավիապարկի համալրման, կառավարվող ռումբերի և հրետանային արկերի պաշարների, ռադիոտեղորոշումային կայանների և Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված այլ ապառազինությունների քանակի ավելացման մասին, որոնց մոտավոր ցանկը մինչ օրս հայտնի է եղել բաց աղբյուրներից և ադրբեջանական բանակի հետ բախումների արդյունքում հայ զինվորականների հավաքագրած տվյալներից։.

Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Իսրայել–Ադրբեջան երթուղու ակտիվ օդային հաղորդակցությունը ներկայումս կապված է ԱդրՀ-ում բազմամակարդակ իսրայելական ՀՕՊ/ՀՀՊ BARAK MX System համակարգի տեղակայման գործընթացի հետ, որի համար գործարքը տեղի է ունեցել Շվեյցարիայում 2023 թ. նոյեմբերին։ Թերևս դրա շրջանակներում առանձին խմբաքանակներով Բաքու են առաքվում համակարգի բաղադրիչները, ինչպես նաև տեղափոխվում են իսրայելացի մասնագետներ և զինվորականներ, որոնց աշխատանքը Ադրբեջանում ամիսներ կտևի։