Ադրբեջանը հատուկ վերահսկողության ենթակա երկրների (SWL) ցանկում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 16.01.2024թ.

2024 թ. հունվարի 9-ին ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը կից հանձնաժողովը (USCIRF – US Commission on International Religious Freedom), առաջնորդվելով 1998 թ. ընդունված Կրոնի ազատության միջազգային ակտով՝ Սպիտակ տանն է առաջարկել հատուկ վերահսկողության ենթակա երկրների ցանկը, «որոնք առնչություն ունեն կրոնի ազատության լուրջ խախտումներին կամ հանդուրժել են նման խախտումները»(1):

Ցանկի մեջ ներառվել են Մյանման, ՉԺՀ-ն, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը:

Միաժամանակ USCIRF-ը հրապարակել է նաև, այսպես կոչված, «փոքր ցանկը», որում ներառված պետությունները կրոնական ազատությունների խախտման առումով գտնվում են «ռիսկային գոտում», ուստի, ըստ հաշվետության, ենթակա են հատուկ վերահսկողության: «Փոքր ցանկում» են Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը(2):

Համաձայն ԱՄՆ-ի՝ Կրոնի ազատության միջազգային ակտի, եթե ԱՄՆ-ի կառավարությունը, ի դեմս՝ USCIRF հանձնաժողովի, որևէ երկիր է ներառում  SWL ցանկում, ապա Կոնգրեսը պարտավոր է տվյալ պետության դեմ ձեռնարկել ոչ տնտեսական բնույթի միջոցներ: Իսկ եթե ներազդման այդ միջոցները սպառում են իրենց կամ անարդյունավետ են համարվում, ապա նոր միայն Կոնգրեսը դիմում է տնտեսական պատժամիջոցների:

USCIRF հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանի ներառումը SWL ցանկի մեջ, անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հայության և նրա հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ Բաքվի գործած ապօրինությունների հետ: Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների մասին, որոնք հանգեցրեցին 100.000 հայերի զանգվածային արտագաղթին: Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է նաև Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանների ոչնչացման և կորստի մեծ հավանականությունը(3):

Ինչպես և սպասելի էր, օրենսդրական այս նախաձեռնությունը առաջացրել է Ադրբեջանի խիստ բացասական ռեակցիան: Բաքվում հասկանում են, որ նախաձեռնությունը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, քան միջազգային կառույցների բացառապես դեկլարատիվ կոչերը:

Ժամանակին Բաքուն փաստացի անտեսել էր ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի բանաձևն, ըստ որի՝ «Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել ատելության և ռասսայական խտրականության բորբոքումը հայերի հանդեպ և ձեռք առնել բոլոր միջոցները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական արարքները պատժելու համար»(4): Սակայն տվյալ պարագայում, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշի դիմել պատժամիջոցների՝ ապա Բաքվին քաղաքական և տնտեսական բնույթի բավականին ցավալի անախորժություններ են սպասվում:

Տեղեկանք. «Տուգանվող երկրի» հանդեպ Կոնգրեսի կողմից ավանդաբար կիրառվող ոչ տնտեսական միջոցառումները ենթադրում են հետևյալ գործիքակազմը. դրա նախաձեռնությունների վիժեցում միջազգային հարթակներում, համագործակցային ծրագրերի վերանայում՝ ընդհուպ մինչև դրանցում մասնակցության բացառում, քննադատություն ԱՄՆ-ի իշխանամերձ տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, մի շարք պաշտոնյաների մուտքի սահմանափակում ԱՄՆ-ի տարածք և այլն: Կոնգրեսի կիրառած տնտեսական բնույթի ներգործությունը ենթադրում է զգալիորեն ավելի մեծ արդյունավետություն, անմիջականորեն անդրադառնալով պատժվող երկրի ֆինանսատնտեսական բարեկեցության վրա: Այս շարքում կարելի է նշել տնտեսական ուղղվածության համագործակցային ծրագրերի չեղարկումը, ԱՄՆ-ի ֆինանսական օգնության դադարեցումը, առևտրային շրջանառության կանոնների խստացումը, ներդրումային քաղաքականության վերանայումը, և, վերջապես, հասցեական ֆինանսաբանակային պատժամիջոցների գործադրումը ՛«տուգանվող երկրի» բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ադրբեջանի պարագայում, հաշվի առնելով նրա քաղաքական կազմակերպվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև, քաղաքական վերնախավի իշխելու և անձնական բարեկեցությունը ապահովելու ալգորիթմները, վերջում հիշատակած պատժամիջոցը իշխող ռեժիմի համար կարող է ամենացավալին, ուստի և՝ արդյունավետը լինել: Հայտնի է, որ Ալիևները և նրանց ռեժիմին ձուլված ադրբեջանական քաղաքական-ֆինասական իսթեբլիշմենտը ունեն մեծ ներդրումներ ԱՄՆ-ի և առհասարակ՝ Արևմուտքի երկրների բանկային ոլորտում և անշարժ գույքի շուկայում: Ալիևի վարչակարգի բազմամիլիարդանոց բանկային հաշիվների սառեցումը, ինչպես նաև այլ ակտիվների վրա որպես պատժամիջոց դրված կալանքը կարող է անուղղելի ֆինանսական և իմիջային վնաս հասցնել ադրբեջանական իշխանությանը և քաղաքական համակարգին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով այդ երկրում արդեն ձևավորված քաղաքական դասավորությունների համար:

Բաքվում գիտակցում են սեփական խոցելիությունը, ու թերևս կռահում Վաշինգտոնի իրական նպատակները՝ կապված Ադրբեջանին SWL ցանկում ներառելու հետ: Քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի տվյալ քայլը պայմանավորված է եղել Ղարաբաղի հայկական կրոնական-մշակութային ժառանգության, ինչպես նաև՝ «ադրբեջանահայերի» դավանանքի ազատության պահպանության հրամայականից, ինչպես նշված է USCIRF-ի զեկույցում:

Նույնը վերաբերում է հետապնդվող Ապշերոնի թերակղզու իրանամետ շիա (թաթերի) համայնքներին, ուդիների և վրացիների քրիստոնեական փոքր խմբերին, սուննի լեզգիներին ու ավարներին, ու, առհասարակ, պետական վերահսկողության մամլիչի տակ հայտնված կրոնի և դավանանքիողջ անցուդարձին Ադրբեջանում: Անհերքելի փաստ է, որ կրոնական ազատությունների ոտնահարումները և էթնիկ-խմբերի ներքին կյանքին միջամտելու սովորությունը միշտ էլ հատուկ են եղել Ադրբեջանին, սակայն Վաշինգտոնը հիմա է միայն ընթացք տալիս Բաքվի կրոնական բռնաճնշումների և հավատացյալների հանրույթի վրա սահմանած հակաժողովրդական վերահսկողության խնդիրների լուծմանը:

Մի շարք փորձագետներ հակված են կարծելու, որ Մոսկվայի օգտին արված ալիևյան ռևերանսների հետ ժամանակի մեջ համընկնող ամերիկյան այս նախաձեռնությունը կոչված է Ադրբեջանի վրա ազդեցության նոր լծակ «ուրվագծելուն»՝ ՆԱՏՕ-ի և ռուս-չինական բլոկի միջև հակամարտության նախաշեմին Հարավային Կովկասը արևմտյան ազդեցության գոտու մեջ պահելու համար(5):

Հաշվի առնելով ԱՄՆ-ի վերը նշված ռազմավարական նպատակները, ինչպես նաև՝ Ալիևի վարչակարգի անձնապես կախվածությունը Վաշինգտոնի տրամադրություններից, կարելի է ենթադրել, որ ամերիկյան կառավարության արմատական այս քայլը և Բաքվի բորբոքված համաչափ արձագանքը, այնուհանդերձ, չեն հանգեցնի խորը տարաձայնությունների և չեն անդրադառնա երկու պետությունների սերտ համագործակցության հիմնական ուղղությունների վրա: Ամենայն հավանականությամբ՝ Բաքուն(6) ճկունություն կցուցաբերի և զգուշավորությամբ կշտկի իր «ռուսաստանյան քաղաքականությունը», հույս տածելով, որ USCIRF-ի զեկույցը Ադրբեջանի մասով չի մտնի Կոնգրեսի օրակարգ, կամ էլ առավելագույնը՝ հիմք կդառնա միայն «ազդեցության ոչ տնտեսական միջոցներ» նախաձեռնելու համար:

(1) Կրոնական ազատությունների «Սև ցուցակը». ի՞նչ է այն և որ երկրներն են դրանում ներառված (ռուս.), (19.11.2021), https://www.golosameriki.com/a/countries-of-particular-concern-explained/6319687.html (բեռնման օրը՝ 08.01.2024):

(2) Նույն տեղում:

(3) ԱՄՆ-ն հետևելու է Ադրբեջանում կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակին (ռուս.), (05.01.2024) https://www.dw.com/ru/ssa-budut-sledit-za-svobodoj-veroispovedania-vazerbajdzane/a-67894466 (բեռնման օրը՝ 08.01.2024): Ավելի հանգամանորեն տես Keely Bakken, State Control of Religion in Azerbaijan, Country update: Azerbaijan, United States Commission on International Religious Freedom (December, 2023), https://www.uscirf.gov/sites/default/files/2023-12/2023 Azerbaijan Country Update.pdf  (բեռնման օրը՝ 06.01.2024).

(4) ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում է կայացրել ժամանակավոր միջոցներ կիրառել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետ (ռուս.), (07.12.2021) https://news.un.org/ru/story/2021/ 12/1415132 (բեռնման օրը՝ 08.01.2024).

(5) Նանա Խոշտարիա, ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, քանի որ ցանկանում է լինել ՀարավայինԿովկասում միակ «օպերատորը», “Москва-Баку” (09.01.2024) https://moscowbaku.ru/news/politics/ekspert_ssha_davyat_na_azerbaydzhan_potomu_chto_khotyat_byt_edinstvennym_operatorom_na_yuzhnom_kavka/(բեռնման օրը՝ 09.01.2024).

(6) Տես, օրինակ Պետքարտուղարության սկանդալային արարքը. ԱՄՆ-ն հանձնարարել է հայուհուն գնահատել ՛՛կրոնական ազատությունը՛՛ Ադրբեջանում (ռուս.). (05.01.2024), https://musavat.biz/ru/news/ skandalnaya-vyhodka-gosdepa-ssha-poruchili-ocenit-religioznuyu-svobodu-v-azerbajdzhane-armyanke_1034707.html (բեռնման օրը՝ 08.01.2024).