Էդուարդ Բ. Աթանեսյան
1. Հավատքի մասին
Հոգևոր տեսանկյունից՝ Քրիստոսի վարդապետությունն առաքյալների միջոցով ստացած և այն հետագայում որպես պետական կրոն առաջինը հռչակած հայության առաքելությունը անհատապես և ազգովի փրկությունն է(1):
Իր և մարդկության փաստագրված առաջին պատերազմում Հայկյան ժողովուրդը մերժեց մարդ արարածի՝ առանց Աստծո և նրան հակառակ ինքնահռչակ աստվածացումը, իսկ մ. թ. 301 թ., հրաժարվելով օտար ազդեցությունների ներքո ձեռակերտ կուռքերից, ընդունեց Քրիստոսին իբրև մարդեղացած Աստված, որի երկրային առաքելությամբ մարդու համար բացվեց աստվածանալու ուղին: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից Հայաստան բերված, իսկ 301 թ. Գրիգոր Լուսավորչի ջանքերով պետականորեն ընդունված այդ հավատքը վերջ դրեց հայության սնահավատություններին և վերահաստատեց Հայկյան ժողովրդի ուխտը Աստծո հետ: Այն հայության դարձի կրոնն է. ապաշխարելու և Տիրոջ հետ հաշտվելու, փրկության, հատուցման և, ամենակարևորը՝ աստվածանալու բանալին, որն անհնար է փոխարինել արտաքին և, առավել ևս՝ կեղծ բարեպաշտութամբ:
Ի հեճուկս շրջանառության մեջ դրվող խոսույթների՝ քրիստոնեությունը ուժեղների կրոն է. դա է փաստում Ընդհանրական և Հայոց եկեղեցու հայրերի կյանքի ուղին: Ցավալի է գիտակցել, որ հակառակը պնդողները կամ երբևէ չեն փորձել պայքարել սեփական մեղքերի և թուլությունների դեմ կամ էլ՝ տեղի տալով դրանց՝ հաշտվել են սեփական պարտության հետ:
Ինչպես անցյալում, այդպես էլ այսօր, քրիստոնեական հավատքը արդիական կարևորություն ունի հայության համար: Եկեղեցու վարդապետությունը քաջալերում և հույս է տալիս ծանր բարոյահոգեբանական վիճակում հայտնված, Հայրենիքի մի մասից զրկված, դաշնակիցների և մարդկային քաղաքակրթության հանդեպ իրենց վստահությունը կորցրած մեր հայրենակիցներին և հավատացնում նրանց, որ թե՛ բարի և թե՛ չար գործերի հատուցումն անխուսափելի է, և որ ոչինչ և ոչ ոք մոռացված չէ։ Ունենք, արդյո՞ք, այլ քաջալերող:
Անցած հազարամյակների ընթացքում քրիստոնեությունը դարձել է հայության ազգային ինքնությանը միահյուսված և դրա անբաժանելի մասը կազմող առանցքը, ազգային արժեհամակարգի հիմքը, իսկ ՀԱՍԵ-ն՝ ազգի հոգևոր ուղեցույցը՝ հավատքի, բարու և չարի, արդարության և ճշմարտության, բարեպաշտության և առաքինության վերաբերյալ հանրային պատկերացումները ձևավորող և պահպանող, մատաղ սերնդին փոխանցող ավանդական ատյանը: Նրանից հրաժարվողը մերժում է սեփական ինքնության կարևոր մի շերտ, հրաժարվում Հայոց Եկեղեցու զավակի կարգավիճակից և հոգևոր պաշտպանությունից:
Այսօր խոսելով առանձին հոգևորականներին վերագրվող արարքների մասին, իրականում է լայնածավալ տեղեկատվական-քարոզչական գրոհ է իրականացվում հենց ՀԱՍԵ-ի դեմ՝ ուղղված վերջինիս դերակատարության ու հեղինակության թուլացմանը, հայապահպանության գործում ունեցած ավանդի նվազեցմանը: Միջոցները տարբեր են: Դրանցից են, այսպես կոչված, «հին հավատքի» վերակենդանացման փորձերը: «Հին», «ազգային» և «ուժ խորհրդանշող» աստվածների և ինչ-ինչ «սակրալ գիտելիքների» մասին շրջանառության մեջ դրվող դիսկուրսը կենտրոնանում է նաև քրիստոնեության «ոչ-հայկական» արմատների և «հրեական» էության վրա, միաժամանակ շրջանցելով հին հավատալիքների սեմիտական, իրանական և հունական արմատներն ու սերտ առնչությունները: Չի խոսվում այդ հավատալիքների վարդապետության ու որոշ սովորույթների՝ հայության ավանդական արժեհամակարգին և սովորույթներին խորապես հակասելու փաստի մասին: Անդրադարձ չի կատարվում համանման հավատալիքներից կայսերական Հռոմի և, առավել ևս՝ հայության հետ շատ ավելի սերտ քաղաքակրթական կապեր ունեցած Իրանի հրաժարվելու ընթացքին և պատճառներին:
Համեմատաբար նոր՝ դեռևս ԽՍՀՄ համակարգված պետական քարոզչության կողմից քրիստոնեական ժառանգության չեզոքացման նպատակով գիտական, կրթական և մշակութային դաշտ ներմուծված «հեթանոսական» խմբագրված խոսույթները պահանջված են նաև մեր օրերում՝ ազգային-կրոնական ինստիտուտների կարևորությունը նվազեցնելու գլոբալ ուղեգծի շրջանակներում: Պատահական չէ, որ «կրոնական կարծրատիպերի» դեմ պայքարը թիրախավորում է բացառապես քրիստոնեությանը, շրջանցելով իսլամ, մովսիսականություն, բուդդայականություն և այլ ուսմունքներ դավանող հանրույթները: Դրա հետ մեկտեղ փաստենք, որ քրիստոնեությանը ակտիվորեն հակադրվող հեթանոսական հավատալիքները հայկական իրականության մեջ աչքի են ընկնում ազգապահպանական ցածր ներուժով, ունեն թույլ վարդապետական հենք, չեն փոխանցվում սերնդե-սերունդ դարերով, իսկ դրանց ներկայիս սակավաթիվ կրողները սերում են, հիմնականում, քրիստոնեություն դավանած հայկական ընտանիքներից: Արդյունքում, հին հավատալիքները մեր ազգի պատմամշակութային տիրույթից դուրս՝ հոգևոր դաշտ ներմուծողները, կամա թե ակամա, հարվածում են հայոց ազգային ինքնության հենասյուներից մեկին: Ցավոք, «հայանպաստ» դիրքերից խոսել ցանկացող այդ շրջանակների ուշադրությունից վրիպում է, որ ՀԱՍԵ-ի նկատմամբ բացահայտ թշնամական իրենց դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է հայության հետքերն իր իսկ պատմական հայրենիքում ակտիվորեն ջնջող երկրների քաղաքականությանը:
Իբրև Եկեղեցուն դեմ ուղղված կռվանների շարքում է հրամցվում նաև այն խոսույթը, որ Արշակունի Գրիգոր Պարթևը, իբր, նպատակ է ունեցել զավթել մեծ հողատարածքներ ու գյուղեր և Արշակունի արքաների օրոք դառնալ Հայաստանի «ամենախոշոր» կալվածատերը, դրանով իսկ թուլացնելով ազգային պետականությունը: Եթե մի կողմ դնենք ճգնավորի կյանքով ապրած Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ նյութեղեն հարստության ձգտելու մասին և անհեթեթ այլ խոսույթները և հայացք ձգենք պատմության վրա, ապա կտեսնենք, որ միջնադարյան Հայաստանի՝ ճիշտ ինչպես քրիստոնեական այլ երկրների, ավատատիրական կարգերը մշտապես բերել են կալվածքների տրոհմանը, ժառանգության համար մրցակցության ու պայքարի, իսկ օտար նվաճումների ժամանակ՝ նաև գույքի և հողի հափշտակմանը: Եվ այդպիսի պայմաններում Հայոց Եկեղեցուն է հաջողվել քիչ թե շատ պահպանել իր տարածքներն ու բնակավայրերը և առկա ներուժի շնորհիվ ապահովել իր հոտի կենսական իրավունքներն ու ազգային ինստիտուտների գոյության պայմանները: Անգամ այսօր ՀԱՍԵ-ին դատական կարգով փորձում է հետ բերել իր գույքային իրավունքները անգամ Թուրքիայում՝ երբեմն հասնելով լուրջ արդյունքների(2):
Մեզանում ընդունված է ընդգծել, որ մենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք՝ այդ փաստի մեջ կարևորելով բացառապես մեր որոշումը: Մինչդեռ տեղին կլիներ ենթադրել, որ նույն Տերը, ով որոշել էր, թե որ ազգի մեջ պետք է ծնվի իր Որդին, չէր կարող անտեսել, թե որ ազգը պիտի առաջինը հոգևոր վերածնունդ ապրի Աստծո մեջ: Քրիստոնեական հավատքի տեսակետից հայության յուրահատուկ կարևորության մասին է վկայում նաև այս հողում իրենց հոգևոր սխրանքը գործած համաքրիստոնեական այնպիսի սրբերի գործունեությունը, ինչպիսիք էին Հռիփսիմյան կույսերն ու Գրիգոր Պարթևը: Ժամանակի մրցակից երկու գերտերություններից՝ Հռոմեական կայսրությունից և Պարսից տերությունից ծագող երևելիները սրբացան հայոց հողում՝ իրենց առաքելությամբ նպաստելով հայ ժողովրդի ազգովի դարձին: Եթե փորձենք հասկանալ այդ առանձնահատուկ վերաբերմունքի պատճառը, ապա ակամայից կրկին պետք է վերադառնանք Հայկ Նահապետի գործոնին:
Իր դիրքավորումով ՀԱՍԵ-ն հոգևորի և ազգայինի միջև ձգված կամուրջ է: Ազգային եկեղեցու վարդապետությունից դուրս, արտաքնապես քրիստոնեական և ընդամենը մեկ դարից պակաս պատմություն ունեցող «եկեղեցիներում» ճշմարտություն որոնողները կամա թե ակամա մեղանչում են Տիրոջ բարեգթության դեմ՝ քանզի փաստացի պնդում են, որ Աստված «ճշմարիտ հավատքի» արժանացրել է միայն իրենց՝ մինչդեռ իրենց իսկ նախնիները, սերնդե-սերունդ լինելով Հայ Եկեղեցու զավակներ, դեգերել են «մոլորության խավարի» մեջ: Ձգտելով ազգային-պետական պատկանելությունից դուրս «նոր ինքնության»(3) ձևավորմանը, աղանդները կտրում են հետևորդներին ազգային-մշակութային միջավայրից, աղճատում ընտանեկան և հանրային կապերը, խոչընդոտում անհատի՝ պետության և Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտականությունների լիարժեք կատարումը: Ի տարբերություն ՀԱՍԵ-ի սպասավորների, որոնք անցած պատերազմների ընթացքում Հայրենիքի պաշտպանության խրամատներում էին, հիշյալ կառույցների առաջնորդները հեռու մնացին հայ ազգին և պետությանը բաժին հասած գոյաբանական պայքարից: Ինչևէ, կարծում ենք, որ աղանդավորության տարածման պատճառը շատ դեպքերում ոչ թե մարդկանց տրամադրվածությունն է ազգային եկեղեցու դեմ, այլ հոգևոր ծարավը հագեցնելու, նեղության և հիվանդության պայմաններում հուսադրող խոսք լսելու, հարցերի պատասխաններ ստանալու հասկանալի ցանկությունը: Իր հոգևոր առաքելությունը օրվա պահանջներին համապատասխանեցնելու համար երևույթը պետք է դառնա ՀԱՍԵ-ի խորը և բազմակողմանի ուսումնասիրության առարկա:
ՀԱՍԵ-ն հայության հոգևոր ուղեցույցն է՝ հավատքի, բարու և չարի, արդարության և ճշմարտության, բարեպաշտության և առաքինության վերաբերյալ հանրային պատկերացումները ձևավորող և պահպանող, մատաղ սերնդին փոխանցող ավանդական ատյանը, արդի՝ «պոստ-ճշմարտությանը» գնացող քաղաքակրթությանը բնորոշ արատավոր երևույթների(4)՝ ազգային միջավայր թափանցումը պատնեշող ամրապատը: Անգամ բազմաթիվ ոչ հավատացյալ մարդկանց աչքերում իր վարդապետությամբ և ավանդապահությամբ բարոյական հրամայականի պահապան լինելով, Եկեղեցին խոչընդոտում է խորթ և անընդունելի երևույթների արմատավորմանը հասարակական-քաղաքական տիրույթում, թույլ չտալով դրանց՝ պետաիրավական ամրագրմանը: Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը՝ այդ տիրույթում Եկեղեցին անփոխարինելի է:
ՀԱՍԵ-ն հայկականը Հայրենիքում և աշխարհում դարերով պահպանող հաստատություն է, ազգի հոգևոր իշխանությունը ձևավորող մարմին, որից իր առաքելությանն ու գործառույթներին համարժեք կեցվածք է ակնկալվում թե՛ ազգի և թե՛ պետության կյանքում: Այն տվել է ազգին գիր և հիմնադրել գրականությունը, դրել ազգային կրթական և գիտական համակարգերի հիմքերը, իր կենտրոնաձիգ առաքելությամբ ապահովել աշխարհագրորեն և քաղաքականապես (տարբեր հայ և այլազգի իշխանների և թագավորությունների միջև) մասնատված, աշխարհով մեկ սփռված, տարբեր բարբառներով խոսացող և օրակարգեր ունեցող հայության միասնական հոգևոր կյանքն ու լեզուն: Անգամ ազգային պետականության բացակայության պայմաններում այն ապահովել է ազգային առաջնորդություն և կրթել-դաստիարակել հոգևոր դաս, ծառայել իբրև «սոցիալական վերելակ»՝ անգամ հասարակ մարդկանց և ռամիկների շնորհաշատ որդիներին դարձնելով հավասար իշխանավոր այրերին: Հայոց Եկեղեցին է կանգնած եղել ազգային «սոցիալական ապահովության համակարգի» ակունքներում: Դա տեղի ունեցավ Ներսես Ա-ի կաթողիկոսի(5) օրոք, որի գումարած Հայոց Առաջին ազգային եկեղեցական ժողովը, ի թիվս այլ հարցերի, փաստորեն, հիմնադրվեց նաև այդ համակարգը: 353–354 թթ. ժողովը որոշեց երկրի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, ուրկանոցներ(6), հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ՝ մի բան, որին Եվրոպան հասավ 15 դար հետո միայն: Ժողովի որոշումներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։
ՀԱՍԵ-ի՝ իբրև համահայկական ամենափորձառու հաստատության պատասխանատվության շրջանակը դուրս է թե՛ ՀՀ, և թե՛, անգամ, սեփական հոտի սահմաններից: Այն պատասխանատվություն է կրում Հայկի բոլոր զավակներին՝ սեփական արմատներին դարձի բերելու համար: Ասում են, որ քրիստոնեական եկեղեցու զանգերի ղողանջները խորհրդանշում են Նոյ Նահապետի մուրճի՝ տապանը կառուցելիս արձակած հարվածների ձայնը, այն է՝ սպասվող արհավիրքից փրկվելու հրավերքը, որը սակայն, անտեսվեց մարդկանց կողմից: Աստվածաշունչն ունի այս իրավիճակին առնչվող մեկ այլ բանաձև ևս. կորած ոչխարի մասին առակը, երբ հովիվը լեռան վրա թողնելով իր 99 ոչխարին՝ գնում է որոնելու մոլորված գառանը(7): Ուստի չսահմանափակվելով եկեղեցի այցելողներով՝ ՀԱՍԵ-ն, մեր պատկերացմամբ, պետք է վերհիշի իր «երիտասարդության տարիներն» ու ինքը գնա մարդկանց մոտ: Սա առավել ևս վերաբերում է պատմության բերումով իրենց ինքնությունը կորցրած և/կամ այլ կրոններ դավանող ծագումով հայերին, որոնց պետք է հնարավորություն ընձեռնել ծանոթանալու սեփական հոգևոր-մշակութային և պատմական արմատներին՝ հայ ազգի հետ սեփական կապն ազատ ընտրությամբ որոշելու, օտար և, հնարավոր է՝ ոչ բարենպաստ պայմաններում պապերի կրոնը դավանելու համար: Եվ եթե յուրաքանչյուր օր պետք է ապրել այնպես, ինչպես վերջինը, ապա բարի հովիվն օր առաջ պետք է դուրս գա՝ իր հոտի մոլորյալ զավակներին որոնելու:
Այդ իսկ պատճառով, իբրև ազգային-կրոնական հիմնարար ինստիտուտ` ՀԱՍԵ-ն առավել քան որևէ այլ մարմին ենթակա է իր ձևի՝ բովանդակության (վարդապետության) հետ ներդաշնակեցմանը(8): ՀԱՍԵ-ն հայկականը Հայրենիքում և աշխարհում պահպանող հաստատություն է, ազգի հոգևոր իշխանությունը ձևավորող մարմին, որը պետք է այդ առաքելությանն ու գործառույթին(9) հարիր կեցվածք դրսևորի ազգի և պետության կյանքում: Հակազդեցության անբարենպաստ պայմաններում այսօր նա ևս կարիք ունի իր զավակների աջակցությանը ազգի հոգևոր անվտանգության պահապանի՝ մարտնչող Եկեղեցու գործառույթը լիարժեքորեն, ներառյալ՝ արդի տեխնիկական հնարավորությունների գործադրմամբ իրագործելու համար:
Բնականաբար, ՀԱՍԵ-ի ամենօրյա կյանքում առավել քան կարևոր է նաև հոգևորականի կերպարը: Ձևականից և աշխարհականացման երևույթներից ձերբազատումը հոգևոր դասի պարտականությունն է(10), և անհրաժեշտ քայլերը պետք է ի կատար ածի Եկեղեցին՝ ինքը: Հանդուրժելով այս կամ այն բացասական երևույթները, Եկեղեցին ոչ միայն սաստկացնում է իր դեմ տարվող քարոզչությունը, այլև իր խնդիրները դարձնում հանրության քննարկման առարկա, մինչդեռ վայել չէ զավակներին քննադատել իրենց ծնողներին: Անկախ ամենից, իր հավատքում հաստատուն հայ քրիստոնյայի համար որևէ հոգևորականի թերացումը կամ անկումն իր առաքելության մեջ մեծ հարված է, որը, սակայն, չի կարող ստվերել Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը: Այգեպանների անփութությունից այգին կարող է դառնալ անխնամ, բայց ոչ՝ անտեր: Քրիստոսն ինքը, խոսելով անբարեխիղճ քահանաների մասին, ասել է, որ «ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում»(11):
Որպես արժեքների պահապան և հոգևոր կյանքի շարունակականությունն ապահովող հիմնարար ազգային հաստատություն՝ ՀԱՍԵ-ն անցնելու ուղի ունի՝ վերստին դառնալու մարտնչող Եկեղեցի:
Ուստի մեր փափագն է ՀԱՍԵ-ն տեսնել իբրև.
ա) Իր ձևի մեջ ազգային և, միաժամանակ՝ կառչած Քրիստոսի վարդապետությունից(12): Սերտ հարաբերություններ պահպանող Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական, ինչպես նաև ավանդական և ավանդապահ այլ եկեղեցիների հետ՝ պահապանն ու կրողը անփոփոխ արժեքների՝ ի հեճուկս քրիստոնեական վարդապետության մեջ՝ այլ եկեղեցիների օրինակով «նորամուծությունների» և «բարեփոխումների» անհրաժեշտության մասին շրջանառվող խոսույթների:
բ) Զերծ աշխարհականացումից, մշտապես իր սպասավորների ինքնակատարելագորմանը ձգտող(13) և հոգևոր փարոսի իր առաքելությանը հավատարիմ՝ հետևողական անընդունելի երևույթներից ձերբազատման գործում(14):
գ) Ազգի հոգևոր իշխանության (առաջնորդության) ձևավորման գործի անաչառորեն իրականացնող՝ նոր սերունդներ դաստիարակելու օրինակ, ազգի և պետության կյանքում իր ուրույն տեղը ստանձնած՝ ծառայող առաջինին և անկախ երկրորդից:
դ) Երիտասարդության կրթման և դաստիարակման իր գործառույթի պատշաճ կատարող, նոր սերունդների ներկայացուցիչներից ազգային նոր վերնախավ կերտող օղակ:
Եվ ապա՝ իբրև մարտնչող Եկեղեցի
ե) Հոգևոր անվտանգության պահապան, ազգի և պետության պայքարն արդի աշխարհի ախտերի՝ «նոր նորմալության» (“new normality”) ազգային միջավայրում արմատավորվելու դեմ պայքարի համակարգող:
զ) Առկա մրցակցային պայմաններում իր ամենօրյա կապը մարդկանց հետ աշխուժացրած հաստատություն՝ դիմակայող հայության շրջանում հոգևորսությանն ու ազգային-պետական պատկանելությունից դուրս «նոր ինքնությունների» ձևավորմանը:
է) Հայահավաքության առաքելությունը ստանձնած ազգային ինստիտուտ, որը մշակում և իրականացնում է սեփական ինքնությունը վերագտնել ցանկացողների համար արմատների՝ լեզվի, մշակույթի և հոգևոր աշխարհի հետ ծանոթանալու ծրագրեր:
ը) Հայության շրջանում բարեգործական նպատակների համար միջոցներ գեներացնող և, հանրային կառույցների աջակցությամբ, դրանց արդար և թափանցիկ կիրառումը վերահսկող ատյան:
2. Հայրենիքի ընկալումների մասին
«Հայրենիք»-ը մարդու կյանքում այն եզակի երևույթներից է, որը սկիզբ է առնում դեռևս իր մանուկ հասակում իր իսկ փոքր հայրենիքից, իսկ հետո՝ աշխարհը ճանաչելուն զուգահեռ, իր ամբողջության մեջ առնում յուրաքանչյուրիս փոքր հայրենիքներն ու դրանց հետ ձևավորած մեր անձնական անբացատրելի կապը:
Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներից հատուկ կարևորություն է ունեցել քաղաքակրթության համար, ինչի մասին են վկայում մարդկության հնագույն պաշտամունքային և գրական-մշակութային աղբյուրներում տեղ գտած արձանագրումները: Սակրալ աշխարհագրության առումով Հայաստանը դրախտի շեմն է, իսկ հայոց պատմությունը՝ այս հողում ապրելու իրավունքի համար մշտական պայքար:
Հազարամյակների ընթացքում հայությունը բազմիցս կորցրել է իր պատմական տարածքներում սեփական պետականությունն ու անգամ ապրելու հնարավորությունը՝ ենթարկվելով ջարդերի և կեղեքումների: Ինչևէ, ոչ մի նվաճողի չի հաջողվել ոչնչացնել հայ ազգն ու նրա վերապրելու և արարելու կամքը, մինչդեռ նվաճողները ծովի ալիքների պես եկել և փրփուրի պես կորել են:
Հայրենիքը՝ լինելով տարածք և ունենալով սահմաններ, իր վրա կրելով աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և բնակլիմայական գործընթացների, իրողությունների և երևույթների հետևանքներ, միևնույն ժամանակ, ունի իր աներևույթ, հոգևոր չափումները և, այդ առումով, դուրս է տարածքա-ժամանակային շարունակականությունից (կոնտինիում)՝ անհատի և ազգի գիտակցության մեջ պահպանելով իր ամբողջական պատկերը:
Հայոց հայրենիքը նույնպես կապված է Հայկի հետ՝ հանդիսանալով նրան և իր շառավիղներին բաժին հասած եզերք: Սիրել այն, նշանակում է ճանաչել այն իր առանցքային դրսևորումներում և չափումներում, գիտակցել մեր պատասխանատվությունը դրա համար, հասկանալ մեր անելիքներն ու պարտականությունները:
2.1. Հայրենիքն՝ իբրև Շնորհ
Հայոց պատմական հայրենիքի կապը հայ ազգի հետ մինչև վերջերս երբևէ չի հերքվել պատմագրության և ոչ էլ, անգամ, նվաճողների կողմից:
Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ տարածքն ընկալվել է իբրև առաջնային և ամենակարևոր ռեսուրսը: Մեծ և բարենպաստ պայմաններ ունեցող տարածքը եղել է այն բնակեցնողների բարեկեցության գրավականն ու իշխանավորների հարստության երաշխիքը, միաժամանակ՝ նաև բազմաթիվ վտանգների աղբյուրը: Ազգերի և, անգամ, առանձին մարդկանց և գերդաստանների անցած ուղու մեջ ընդունված էր որոնել այս կամ այն տարածքի հետ իրենց կապն ու դրա նկատմամբ սեփականության սակրալ՝ աստվածատուր հիմքեր: Դրանով իսկ մարդիկ իրենց իրավունքներն ու կապն անգամ կորսված, այլոց կողմից գրավված տարածքների հետ նկարագրում են ոչ թէ ելնելով առկա, փոփոխական իրողություններից, այլ բխեցնում հավերժական ճշմարտություններից: Տարածքի նկատմամբ իրավունքների ամրագրման ամենահայտնի և փաստագրված օրինակն է Հին Կտակարանը, որում մանրամասն նշվում են, օրինակ, Եգիպտոսի գերությունից վերադարձած հրեական ցեղերի միջև Ավետյաց երկրի տարածքի բաժանման հստակ սահմանները: Նույնպես և հայությունն ընդունում է Արարատյան աշխարհն իբրև Հայկ նահապետի և նրա սերունդների համար Աստծո կողմից նախասահմանված եզերք:
Հայկ Նահապետից ի վեր, Հայկական լեռնաշխարհում ամեն ինչ կապված է հայ ազգի հետ, յուրաքանչյուր տեղանք, սար և գետ ունի իր անունը: Օտարների կողմից հետագայում տրված անունների համեմատությամբ դրանք, շատ դեպքերում, շեշտը դնում են ոչ թե բնական միջավայրի արտահայտած դրսևորումների վրա, օրինակ՝ մեծ սար, երկար գետ, խորը ձոր, բարձր հովիտ, սև ջուր և այլն, այլ հատուկ անուններ էին, որոնք չեն կրկնվում այլուր: Եվ այդ անուններից ոմանք, ըստ պատմահայր Խորենացու և այլ պատմիչների, ի հայտ են եկել հենց Հայկի շնորհիվ կամ նրա օրոք:
Հայերը ճանաչել են իրենց Հայրենիքը(15):
Ըստ V դ. պատմահայր Մովսես Խորենացու կողմից ստեղծված և VII դ. աշխարհագրագետ Անանիա Շիրակացու կողմից թարմացված «Աշխարհացույց» գործի՝ պատմական Մեծ Հայքը բաղկացած էր 15 նահանգից, որոնք իրենց հերթին բաժանվում էին 178 գավառի: «Աշխարհացույց»-ն իր շուրջ 15 քարտեզներով դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ա. Շիրակացու մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատությունների հետ միասին:
Նշված բոլոր այդ նահանգները, գավառներն ու տեղանուններ բազմաթիվ եղանակներով արտացոլվել և իրենց տեղն են գտել ոչ միայն պատմագրության և առանձին գերդաստանների պատմություններում, այլև ազգային մշակույթի, ազգագրության և գրականության մեջ, էպոսում, հերոասապատումներում: Այսինքն՝ Հայրենիքի մասին փաստագրված և ամրագրված պատկերացումները հնարավոր չէ ջնջել ազգի հիշողությունից անգամ սերունդների ընթացքում: Անգամ մեր հարևան թուրքերը չեն կաշկանդվում հիշատակել իրենց պատմական կապը այլ պետության տարածքում գտնվող իրենց հայրենիքի հետ՝ իրենց զավակներին ու ձեռնարկություններն անվանելով «Ալթայ», «Բայկալ» և այլն:
Պատմության բերումով հայոց Հայրենիքը տրվել է հայությանը մինչ վերջինիս կողմից պետականություն հիմնադրելը, իսկ ներկայումս դրա մեծ մասը ոչ միայն մնացել է ազգային պետականության սահմաններից դուրս, այլև փակ և անհասանելի է հայերի՝ անգամ այցելությունների համար՝ իր վրա կրելով մեր ազգի հետքերի հետևողական ոչնչացման քաղաքականության արդյունքները: Այնուամենայնիվ, այդ ամենն ի վիճակի չէ չեղարկել այդ տարածքների կարևորությունը մարդկանց անհատական և հավաքական ինքնության համար՝ առանց այդ ինքնությունն աղճատելու և տրոհելու:
Ստեղծված իրավիճակն ունի պատմաքաղաքական պատճառների մի ամբողջ թնջուկ, մինչդեռ հոգևոր դիտանկյունը հուշում է, որ հայ մարդը չի կարող ապրել առանց ամբողջական Հայրենիքին վերստին արժանանալու ձգտումի և հավատքի, հույսի առ այն, որ այն, ինչ Տերը բաժին է հանվել Հայկին և իր զարմիկներին, վաղ թե ուշ վերադարձնելու է իր տերերին: Չհավատալ դրան, կնշանակի կորցնել հավատը, հրաժարվել հույսից ու հանձնվել:
2.2. Հայրենիքն՝ իբրև Օրրան և Սրբավայր
«Հայաստանը սրբավայր է» արտահայտությունը լոկ խոսքեր չեն:
Ըստ Աստվածաշնչի Հայկական լեռնաշխարհը երկու անգամ առանցքային նշանակություն է ունեցել մարդկության համար: Նախ` այստեղ է տեղադրվել Էդեմական այգին՝ առաջին մարդկանց` Ադամի և Եվայի ծննդավայրը: Եվ ապա՝ Արարատի վրա է փրկվել Նոյ Նահապետն իր ընտանիքով, ապա իջնելով Արարատյան դաշտավայր՝ սկիզբ դրել նոր, հետջրհեղհեղյան մարդկության պատմությանը: Այսինքն՝ երկու դեպքում էլ հայոց հայրենիքը իրավամբ հանդիսանում է մարդկության (թե՛ հին և թե՛ նոր) բնօրրանը:
Դա այն եզերքն էր, որի վրա չէր տարածվում Բելի պիղծ իշխանությունը և որն էլ դարձավ արդարների հանգրվան: Այստեղ՝ Արարատի ստորոտում է աշխարհում առաջինը ի Քրիստոս ազգովի վերածնվել մի ամբողջ ազգ՝ հայությունը: Այստեղ է համբարձվելուց հետո առաջին անգամ իջել Միածինը՝ մատնանշելով կառուցվելիք հայոց Մայր տաճարի վայրը: Այստեղից են քաղաքակիրթ ազգերը բխեցրել իրենց արմատները: Այս ամենի արդյունքում է, որ Հայոց աշխարհը դիտարկվում է իբրև մարդկության՝ ապագա արհավիրքների ժամանակների փրկության կղզի:
Հայ ազգի համար այս հողի սրբությունը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ դրանում են ամփոփված հայ ազգի նախնիների ու երևելիների մասունքները, այստեղ ապրած և պայքարած բազմաթիվ սերունդների աճյունները:
2.3. Հայրենիքն՝ իբրև Միջավայր և Կարողություն
Իր հոգևոր ներուժով հանդերձ հայոց Հայրենիքն, այնուամենայնիվ, բացառապես թանգարան և պաշտամունքի վայր չէ: Այն ի սկզբանե Հայկին բաժին է հասել իբրև կենսամիջավայր՝ սեփական ազատ կամքով ապրելու և արարելու երկիր: Ուստի, հայրենիքը նաև ազգի տնտեսական, անվտանգային, իրավական, հոգևոր, մշակութային, հանրային և սոցիալական միջավայրն է՝ որը ենթակա է մարդկանց կյանքի համար էլ ավելի ապահով և հարմարավետ դարձվելուն՝ բարվոքությամբ, զարգացած ենթակառուցվածքներով, բնության անարատությամբ, ներքին և արտաքին անվտանգությամբ և այլն:
Հայրենիքում ապրող յուրաքանչուր մարդ թե՛ իբրև անհատ, քաղաքացի, զինվոր, և թե՛ որևէ ոլորտի մասնագետ, ի զորու է իր ուժերի ներածին չափով գործել ի օգուտ Հայրենիքի: Սահմանամերձ գյուղում ապրող, այգի և հող մշակող անհատի օրինակը վերքաղաքական, բնական, առաջնորդություն չպահանջող և պաթոսից զուրկ գործնական հայրենասիրության օրինակ և դրսևորում է: Նման մարդիկ կարող են չունենալ ամբիոններից իրենց շահերը բարձրաձայնող հայրենասեր առաջնորդներ, մինչդեռ առանց նման մարդկանց ամբիոններից խոսացող հայրենասերները դառնում են անիմաստ:
Մարդակերտ արժեքներից բացի Հայրենիքը նաև բնության՝ հողի, ջրի, ընդերքի և բնաշխարհի ներուժն է, որը պետք է պահել անարատ և օգտագործել խնայողաբար: Այս առումով, Հայրենիքը նաև ազգի դեմքն է: Այն մաքուր պահելն ու չաղտոտելը հայրենասիրական դաստիարակության հիմքերից է՝ հասու և հասկանալի անհատին մանուկ հասակից, սակայն, ցավոք, խորթ մերօրյա շատ մեծահասակների համար:
Մարդու ծննդավայրը, բացի իր վրա հոգևոր և զգայական ներազդեցությունից, բազմաթիվ թելերով կապված է նաև իր նյութեղեն՝ կենսաբանական էության հետ: Ծննդավայրի արևը, օդը, ջուրը, բերքն ու բարիքը համարվում են մարդու համար ամենաօգտակարը՝ մի միտք, որն արտացոլում է գտել տարբեր ազգերի ավանդապատումներում և հեքիաթներում: Երևի թե հենց այս գործոնների համադրությունն էլ հանդիսանում է այն պատճառներից մեկը, որ Արարիչը հենց այս՝ Արարատյան աշխարհի հողից ծնված մթերքով է սնել մարդկությանը՝ վերջինիս մանուկ օրերում: Իր բնաշխարհով և բնակլիմայական պայմաններով այն հայի և, առհասարակ, մարդ արարածի հարատևության համար ամենանպաստավոր տարածքն է: Այս հողի վրա բերք ու բարիք ստեղծելու առաքելությունը վիճակված է հայերին՝ որպես վաղնջական ժամանակներից այս հողի հետ իր արյամբ և քրտինքով հարազատացած ազգի:
Հողի, իբրև կարևոր ռեսուրսի նկատմամբ հայերի վերաբերմունքի օրինակ կարելի է բերել հույն պատմիչ Ստրաբոնի (63 մ.թ.ա–23 մ.թ.) վկայությունն այն մասին, որ Արտաշես Ա հայոց արքայի օրոք Հայաստանի տարածքում չկար չմշակված հող: Եվ դա այն դեպքում, երբ մեզանում երբևէ չի եղել դասական ստրկատիրական հասարակարգ, և հողը մշակման ծանր գործն իրականացնում էին այն բնակեցնողները:
Իր տնտեսական, սոցիալական և անվտանգային շահերից ելնելով մարդը մշտապես ներազդել է բնության վրա, փոփոխել այն, հարմարեցրել իր կարիքներին, շահագործել դրա պաշարները: Նաև գիտակցել, որ բնության շահագործումը չի կարող արվել անմտորեն՝ անդառնալի վնասներ հասցնելով շրջակա միջավայրին: Այս հարցում ևս մեր նախնիները հետաքրքիր փորձ ունեն: Օրինակ, դեռևս մ.թ. IV դարում հայոց Խոսրով Կոտակ արքայի օրոք Հայաստանում պետական մակարդակով իրականացվել են անտառապատման լայնածավալ աշխատանքներ, տնկվել և խնամվել ամբողջական անտառներ: Հայոց Եկեղեցու՝ Աշտիշատում կայացած առաջին ժողովի (373–374 թթ.) դրույթներից մեկը պահանջում էր խնայողաբար վերաբերվել ծառերի նկատմամբ: Բնության մասին, հատկապես՝ անտառների պահպանմանն ու վերականգնմանն է անդրադառնում Մխիթար Գոշը (մոտ 1120/1130–1213 թթ.) իր «Դատաստանագրքում» (1184 թ.): Նա զգուշացնում է անտառների անխնա օգտագործման վտանգների մասին և սահմանում որոշակի կարգավորումներ դրանց կառավարման համար։ Ըստ Գոշի՝ անտառները պետք է պաշտպանել նաև հանուն հասարակության ընդհանուր բարեկեցության(16)։
Հայրենի բնության պահպանումը բարդ, մեծ ջանքեր ու պետական միջամտություն պահանջող խնդիր է: Եվ այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ մշտապես ի զորու է իր ավանդը բերել այդ գործին: Նախ՝ մաքուր պահել շրջակա միջավայրը, չախտոտել հողն ու ջրերը կենցաղային աղբով, իսկ ցանկության դեպքում՝ միայնակ կամ համախոհների հետ մաքրել իր շրջակա միջավայրը: Աղբակույտերով «զարդարված» հայրենի բնության ֆոնի վրա ազգի անցյալի և ապագայի մասին բարձր մտքերը լոկ խոսքեր են:
2.4. Հայրենիքն՝ իբրև Հանգրվան և Ժառանգություն
Գնահատելով ազգայինն ու հայկականը, իրավունք չունենք թերաժևորել և չհարգել այլոց: Առավել ևս, երբ պատմության բերումով հայության մեծամասնությունը հանգրվանել է իր պատմական հայրենիքից դուրս, տարբեր կրոնական, ազգային, մշակութային և քաղաքակրթական, հիմնականում՝ բարյացակամ միջավայրերում: Հայերն ունեն այդ օտար միջավայրերում անհատական ինքնաիրացման փայլուն օրինակներ, երբ միաժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը: Ինչևէ, երկարաժամկետ կտրվածքում միայն ազգային միջավայրն է ի զորու եղել ապահովելու ազգային նկարագրի պահպանումն անգամ ամենահաջողակ անհատների և նրանց շառավիղների մոտ: Առանց դրա նոր սերունդները հեռացել են իրենց ինքնությունից և կտրվել արմատներից՝ անգամ քաջատեղյակ լինելով իրենց ծագման մասին:
Իբրև հայության հավաքական ինքնության բնօրրան Հայաստանը չի կարող դիտարկել իբրև բացառապես այստեղ ապրող և հայկական քաղաքացիություն ունեցող մարդկանց երկիր: Ազգի և պետության նպատակը պետք է լինի գրավիչ պայմաններ ապահովել և խրախուսել ծագումով հայերի վերադարձն իրենց արմատներին և հայրենի երկիր: Տարիների հետ ձևավորվել է բարի ավանդույթ, երբ հնարավորությունների առկայության պարագայում արտերկրում ապրող մեր հայրենակիցները ձգտում են վերադառնալ Հայաստան կամ, գոնե, ևս մեկ սեփական օջախ ստեղծում այստեղ, առաջին հերթին՝ (փոքր) Հայրենիքում: Դա կարևոր ձեռնարկում է ոչ միայն ներկայիս, այլև գալիք սերունդների համար: Այս առումով Հայրենիքն անհրաժեշտ է ընկալել նաև իբրև հաջորդ սերունդներին փոխանցվելիք արժեք՝ խնայողաբար վերաբերելով դրա բնական հարստությանն ու ներուժին:
Հայրենիքն իր տարածքային, հոգևոր և այլ չափումներից ու դրսևորումներից բացի սերտորեն կապված է կարևորագույն ևս մի բաղադրատարրի՝ պետության հետ:
3. Պետության մասին
Անհատի համար ավանդական ընտանեկան և հոգևոր իշխանության հետ միասին պետական իշխանությունը գալիս է ամբողջական դարձնելու իշխանության գործոնի տեղն ու դերը մարդու կյանքում:
Այսօր, XXI դարի սկզբում հայ ազգը սեփական անկախ պետություն ունեցող փոքրաթիվ ազգերից մեկն է, մեկը 195 անկախ պետություններից և մեկը աշխարհում խոսացվող, ըստ որոշ հետազոտողների, շուրջ 7000 լեզուներից(17): Այն մենահատուկ երևույթ է մարդկային քաղաքակրթության մեջ իր անցած ուղու, ստացված հարվածների և դրանցից հետո ոտքի կանգնելու և վերակենդանանալու ունակության առումով:
Մեզանում, և ոչ միայն, ընդունված է ասել, որ «Պետությունը բացարձակ արժեք է»: Եթե մի կողմ դնենք իրավագիտական և քաղաքագիտական բանաձևումները, ապա կարող ենք ասել, որ պետությունը միջոց է մարդկանց, մեր դեպքում՝ հայերի՝ սեփական Հայրենիքում ապահով ապրելու և արարելու համար: Ինչպես արդեն վերը նշել ենք՝ Հայրենիքն իր սրբությամբ և հոգևոր կարևորությամբ հանդերձ ևս ազգի հարատևման միջոց է՝ կենսամիջավայր: Հետևաբար՝ եթե և՛ Հայրենիքը, և՛ պետությունը ընդամենը միջոց են, ապա դրանք չենք կարող ավելի կարևոր լինել քան այն, ինչին նրանք կոչված են ծառայելու՝ մարդկանց, տվյալ դեպքում՝ հայ ազգին: Ավելին, պետության գործառույթներից մեկը՝ ազգի՝ իր Հայրենիքի հետ ունեցած կապի ապահովումն ու ամրապնդումն է: Ելնելով վերոհիշյալից փաստենք, որ հայության համար ոչ թե պետությունն ու պետականությունն է «բացարձակ արժեք», այլ՝ հենց «ազգային պետությունը»: Առանց իր ազգային բովանդակության որևէ ազգի պետություն դառնում է ընդամենը բնակության վայր՝ շատ դեպքերում հարմարավետության, կենցաղային և այլ հարցերում «պարտվելով» բազմաթիվ այլոց հետ մրցակցությունում:
Ըստ Աստվածաշնչի, պետությունն, իբրև մարդկանց իշխանական համակարգ, կոչված էր մարդուն հետ պահել «չար գործերից»՝ չտարանջատելով մեղքն ու հանցագործությունը: Միապետը դիտարկվում էր իբրև երկնային Տիրոջ տեղապահ և իր իրավունքներն ու իշխանությունը ածանցվում էր գերագույն իշխանությունից՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով մարդկանց նախապատրաստել հավերժությանը: Ժամանակակից աշխարհում պետության գործառույթը օրենքի և օրինականության ապահովումն է: Ցեղասպանություն վերապրած և ոչ բարենպաստ միջավայրում արտաքին անվտանգությունը կարևորող հայության պետականության դերը հայրենի հողում հայ մարդուն մեղքից, հանցանքից ու բնաջնջման վտանգից փրկելն ու պահպանելն է:
Պատմության բերումով տարբեր տերությունների գերիշխանության տակ եղած և աշխարհի բազմաթիվ պետություններում ապաստան գտած հայության համար սեփական պետականության առկայության պարագայում է, որ ազգը կարող է տիրոջ իրավունքով ապրել և արարել իր Հայրենիքում, պահպանել և զարգացնել իր հոգևոր-մշակութային ժառանգությունը և հավաքական ինքնությունը, երաշխավորել օրինականությունն ու արդարությունը, ապահովել ներդաշնակ համակեցությունն ու անվտանգությունը: Նման ուղի անցած ազգի անկախ պետականության գերխնդիրը պետք է լինի թույլ չտալ սեփական հայրենիքում պատմությունից ծանոթ սեփական և օտարների անարդարությունն ու խտրականությունը, կեղեքումն ու անօրինականությունները: Բնականաբար, հայոց պետականությունը կոչված է նույն փիլիսոփայության ներքո ամբողջությամբ երաշխավորել իր բոլոր, անկախ ազգային պատկանելությունից, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, սակայն՝ իր ազգային էությունը անշեղորեն պահպանելով:
Ինչպես ցույց է տալիս մարդկության՝ առնվազն անցյալ 100 տարվա պատմությունը՝ երկրի վրա իդեալական հասարակություն և պետություն կառուցելու մասին տեսությունները սին են և կործանարար, ուստի ազգային թեկուզ «ամենալավ» պետականությունը պետք է դիտարկել իբրև ինստիտուտների անընդհատ կատարելագործման գործընթաց, այլ ոչ թե կարծրացած վերջնական արդյունք:
«Երկաթե շերեփի» չանցնող դարաշրջանում ընդունված է ասել, որ ազգային պետությունը «պետք է լինի ուժեղ»: Մոտեցումը հասկանալի և ընդունելի է: Սակայն ճշմարիտ է նաև այն իրողությունը, որ իսկական արժեքներից զուրկ և միայն արտաքին հզորությանը տուրք տվող պետությունը ուշ թե շուտ դատապարտված է կործանման: Հզոր զինուժ և արդյունավետ պետական կառավարման համակարգ ունեցող երկիր էր Երրորդ ռայխը՝ նացիստական Գերմանիան, որը պատուհաս դարձավ ոչ միայն մարդկության, այլև հենց գերմանացի ազգի համար: Սակրալ պատմությունից հայտնի այդպիսի հզոր և հարուստ քաղաք-պետություններ էին, օրինակ, Սոդոմն ու Գոմորը, որոնք դարձել են պղծության խորհրդանիշ: Արտաքին փայլին և ուժին տուրք տվող, սակայն ներքուստ թույլ և անարդար տերությունների կործանմանը պատմության բերումով բազմիցս ականատես ենք եղել նաև մենք՝ հայերս:
Ենթադրվում է, անկախ իշխանության ղեկին կանգնած ուժերի հայացքներից, ազգային պետությունը պարտավոր է օգնել ազգին պահպանել և զարգացնել իր հոգևոր և մշակութային ժառանգությունը, դավանել սեփական արժեքներն ու ապահովել իր քաղաքացիների հոգու, մարմնի ու ձայնի (ընտրության) ազատությունը: Այսինքն՝ լինել ազատ դավանելու իր ավանդական և ազգային արժեքները, բացառել մարդկանց ստրկացման, թրաֆիկինգի և շահագործման բոլոր տեսակի հնարավորությունները և, վերջապես, ամբողջությամբ ապահովել քաղաքացիների՝ ազատ և արդար պայմաններում իրենց խղճի մտոք և պատասխանատվությամբ ընտրելու և ընտրվելու իրավունքը:
Բարոյական և իրավական սահմանափակումներն ու քաղաքական կյանքի չգրված օրենքները պետք է հաստատվեն և պահպանվեն նաև հանրային փոխհամաձայնության և հասարակական-քաղաքական շրջանակների պայմանավորվածություններով, քաղաքական ավանդույթներով: Հայոց պատմությունն ունի նման դրվագներ, երբ ազգային վերնախավը՝ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների գլխավորությամբ, հայտնվել է նման իրավիճակներում: Այսպես, 449 թ. Արտաշատի ժողովի պատասխանը պարսից Հազկերտ արքային ամրագրեց ցանկացած իշխանության՝ հայ ազգի համար լեգիտիմության «կարմիր գծերն» ու «ստորին նշաձողը»: Մասնավորապես, հայոց իշխանավորներն իբրև ազգի հարատևման գերագույն միջոց քրիստոնեական հավատքը նշելով՝ փաստորեն շեշտում էին, որ մեր ազգի հոգևոր ինքնիշխանությունն այլընտրանք չունի անկախ նրանից, թե ինչպիսի պետության կազմում է ապրում հայությունը՝ սեփական, թե՛, առավել ևս՝ այլոց:
Բնական է, որ 449 թ. կայացված որոշումն արտացոլում էր օրվա պատմաքաղաքական իրողությունները, և ներկայումս հայ հասարակության շրջանում ընկալումներն ու պատկերացումները կարող են այլ լինել: Ինչպիսին էլ դրանք լինեն այսօր, ազգային պետության իշխանությունը իրավունք չունի բռնանալու սեփական քաղաքացու աստվածատուր և սահմանադրական իրավունքների վրա, այլապես, ազատությունից և ճշմարտությունից զուրկ կարգերն անգամ հարազատ երկրում դառնում են նվաստացուցիչ, իսկ պետությունն ինքը հարատևելու միջոցից վերածվում է լուծի(18): Այդպիսին էր, օրինակ, վիճակն ազատասեր մարդկանց համար արդեն հիշատակված, «քաղաքակիրթ» և «զարգացած» նացիստական Գերմանիայում:
Ազգայինը հնարավոր չէ ստեղծել ազգային համարվող ձևերի մակերեսային վերարտադրությամբ: Իրական արժեքներից հեռացող և արտաքին ավանդականության վրա շեշտ դնող ազգը խրախուսում է ձևականությունը, ծնում հիասթափություն, որի արդյունքում, ի վերջո, մարդիկ հեռանում են իրենց հավաքական ինքնությունից: Ազգային պետությունը պետք է խուսափի ձևականից՝ իր հասարակական, քաղաքական, արտաքին քաղաքական և անվտանգային կառույցների, նպատակների և ծրագրերի մեջ արտացոլելով պետության իրական գործառույթները, այլ ոչ թե փոխարինի դրանք ձևերի, խորհրդանիշների, ատրիբուտների և անձերի ֆետիշացումով: Իհարկե, քաղաքացին պետք է հարգանքի և հպարտության զգացմունքով վերաբերվի սեփական պետության խորհրդանշաններին, սակայն առօրյա կյանքում հպարտության զգացմունքը չպետք է լինի այն միակ բանը, ինչը քաղաքացին պետք է ակնկալի իր երկրից: Ընդունենք նաև, որ լինում են պահեր, երբ Ջ. Ֆ. Քենեդու խոսքերը՝ «Մի հարցրեք, թե ի՞նչ կարող է անել ձեր երկիրը ձեզ համար, այլ հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր երկրի համար» տեղին են նաև մեր դեպքում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հանրային շահը սեփականից գերադասելով՝ անհատը օգնության ձեռք է մեկնում յուրային(ներ)ին՝ օգնելով թե՛ նրան(ց) և թե՛, դրանով՝ պետությանը:
Վստահ ենք, որ ազգային պետությունում պետք է անընդունելի լինի այն իրողությունը, երբ (պայմանավորված տրամադրվող գրանտային ռեսուրսներով) հանրային ուշադրությունն ավելի հաճախ սևեռվում է կենդանիների, այլ ոչ թե, օրինակ, աղբամաններից սնվող անապահով մեր համերկրացիների (համաքաղաքացիների) իրավունքների վրա: Սոցիալապես խոցելի խավերի (ՍԽԽ) կենսական խնդիրների լուծումն է այն ստորին նշաձողը, որից պետք է չափել հայոց պետականության զարգացման աստիճանը:
Խոսելով առանձին անհատների ֆետիշացման մասին, պետք է կրկնենք արդեն իսկ մի քանի անգամ հիշատակված բանաձևը՝ «Նա, ով ծառայում է, առավել չէ նրանից, ում ծառայում է»: Մեր օրերում, երբ իշխանության սակրալ հիմքերը բխեցվում են մարդկային հանրությունից և ոչ թե, ինչպես նախկինում, աստվածային կամքի տեղապահությունից, ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմով ընտրված իշխանությունը թեև ունի գործելու լայն մանդատ, սակայն սխալվելու նեղ «պատուհան», և ուստի «ոչ սակրալ» և ժամանակավոր լինելով, տեսականորեն, կարող է փոփոխվել ցանկացած պահի և ցանկացած հաճախականությամբ: Սա գալիս է ևս մեկ անգամ արձանագրելու, որ ընթացիկ, «տակտիկական անձակենտրոնությունը», անցողիկ լինելով, չի կարող հավակնել ազգային պետության հիմքում դրված տեսլականի և արժեքների վերախմբագրմանը: Ժամանակին աշխարհի 1/6-ում տեղակայված Լենինի արձանների դեռ շարունակվող անհետացումը դա ապացուցող օրինակներից մեկն է:
Հետաքրքիր է նաև արդի աշխարհի ժողովրդավարական համակարգի հիմքում դրված այն ընկալումը, թե «Ժողովուրդն իր ամբողջականության մեջ անսխալական է», որի արժեբանական բանաձևումը խտացված է «Ժողովրդի ձայնը՝ Աստծո ձայնն է»(19) լատինական ասացվածքում: Այս առումով ուշագրավ է VIII դարի հայտնի անգլո-սաքսոնական գիտնական, աստվածաբան և բանաստեղծ Ալքուինի(20)՝ ապագա կայսեր Կառլոս Մեծին 798 թ. թվագրվող նամակում հնչեցված միտքը՝ «Մենք չպետք է լսենք նրանց, ովքեր ասում են. «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է», քանի որ ամբոխի անկայունությունը միշտ սահմանակից է խելագարությանը»(21): Ժողովրդավարության իբրև պետական իշխանության ձևավորման համակարգի անկատարության համատեքստում ընդունված է մեջբերել Ու. Չերչիլի սիմպտոմատիկ հայտնի խոսքերը(22) և/կամ Ադոլֆ Հիտլերի՝ արդար և թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների միջոցով Գերմանիայի կանցլեր ընտրվելու փաստը: Ինչևէ, փաստենք, որ հռոմեական կուսակալի պալատի մոտ հավաքված և Հիսուս Նազովրեցու վերաբերյալ հանրության հնչեցված պահանջը՝ «Խաչիր նրան», գալիս է փաստելու, որ ժողովրդավարության ուղիղ ակտի միջոցով կայացրած որոշումը կարող է, մեղմ ասած, սխալ լինել:
Ի սկզբանե անհատի կապը Հայրենիքի և ազգի հետ ավելի ազատ և ազատական է, քան պետության հետ: Յուրահատուկ տեղ և նշանակություն տալով Հայրենիքին իր կյանքում, անհատը կարող է այն հեռվից՝ «արեգակի պես» սիրել, մինչդեռ պետության հետ հարաբերություններն, ի սկզբանե, ավելի առարկայական են, ենթադրում են օրենսդրորեն ամրագրված երկուստեք պարտականություններ և պարտավորություններ: Իհարկե, նման հարաբերություններն ունիվերսալ են և ենթադրվում են հայազգի անհատի ցանկացած պետության քաղաքացի լինելու պարագայում: Այսպես, օրինակ, ընթացող ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում երկու կողմերից էլ ներգրավված են այդ երկրների հայազգի քաղաքացիներ, ճիշտ նույն կերպ, ինչպես դա, օրինակ, տեղի է ունեցել Իրան-իրաքյան երկարատև պատերազմի ընթացքում(23): Սա որքան որ ցավալի է՝ ինչպես պատերազմն ինքնին, այնքան էլ օրինաչափ, քանզի յուրաքանչյուր դեպքում մարդիկ ղեկավարվում են իրենց քաղաքացիական պարտքի գիտակցումով: Դա «քաղաքացիական հայրենասիրության» դրսևորում է: Այստեղից է, իմիջիայլոց, բնականոն կերպով բխում հայության խորքային վերաբերմունքը տերությունների պատերազմների նկատմամբ, որոնց արդյունքում հայերը հայտնվում են հարվածի տակ՝ լինելով և «հաղթող» և «պարտվող» ճամբարներում: Այստեղից է բխում նաև աշխարհի հետ հարաբերություններում հայոց պետականության քաղաքականության առաջին շերտը՝ ՀՀ համար չեն կարող կարևոր չլինել այն երկրները, որոնցում հոծ հայկական համայնք կա:
Իրավիճակը փոքր-ինչ այլ շեշտադրումներ ունի սեփական՝ ազգային պետության պարագայում. վերջինիս բարեպաշտ քաղաքացի լինելը հայրենասիրության պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Ազգին և երկրին ծառայելու պարտականությունը հայրենասերի համար ոչ թե լոկ օրենքի պահանջ է, այլ բարոյական հրամայական: Անգամ հայրենի պետության հետ իրավունքների և պարտականությունների իրավական ամրագրումը քաղաքացիության տեսքով սահմանում է անհատի պատասխանատվության ընդամենը ստորին նշաձողը: Ավելին, հայրենասիրությունն իր դրսևորումներում չի սահմանափակվում օրենքով նախանշված համեստ սահմաններով՝ հասնելով ընդհուպ մինչև ինքնազոհողության: Եթե երկրին հարկ վճարողն է հերոս, ապա ո՞վ է օրհասական պահին այդ երկրին սեփական կյանքով վարձահատույց եղածը: Եվ եթե ամեն ինչ կանոնակարգվում է իրավական ակտերով, ապա կա, արդյո՞ք այնպիսինը, որն ի զորու է մարդուն պարտադրել դառնալու հերոս, եթե դա դուրս է այդ մարդու համոզմունքներից և արժեհամակարգից:
Հնարավոր չէ հայրենասեր և հայրենատեր սերունդներ դաստիարակել այն պարզունակ տրամաբանության վրա, որ իր պետության նկատմամբ անհատի պարտականությունները սահմանափակվում են, օրինակ, միայն հարկեր վճարելով և օրենքները չխախտելով, մինչդեռ մնացած ամեն ինչի համար պետությունը պարտավոր է նախատեսել վարձատրվող աշխատողներ: Անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում բազմաթիվ հարցեր՝ սոցիալական, մշակութային և գիտակրթական, լուծվում են հասարակական հիմունքներով առանձին անհատների և կազմակերպությունների ջանքերով:
Ազգային օրակարգ ունեցող հայոց պետականությունը չի կարող սահմանափակել իր հետաքրքրությունները և պատմական ու բարոյական պատասխանատվությունը բացառապես ՀՀ տարածքով: Բնականաբար, երկրի սահմանը երևակայական այն գիծը չէ, որից այնկողմ հայ ազգի մաս կազմող մարդկանց խնդիրներն ու իղձերը կորում են, իսկ հայրենի պետության մեջ ապրողները դառնում են անտարբեր և անհաղորդ նրանց խնդիրներին: Սա արհեստական օրակարգ է, որի բնական արդյունքներից մեկը պիտի դառնա ՀՀ և իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ այդ «դրսի հայության» հայելային անտարբերությունն ու անուշադրությունը: Անգամ հայերի շահերը այլոց հետ երկկողմանի հարաբերություններում և միջազգային ասպարեզում պաշտպանելու՝ պետության գործիքակազմի թուլությունը չի կարող պատճառ դառնալ այդ ոլորտի վերաբերյալ հանրային ուշադրությունն ու գործունեությունը սահմանափակելու և ճնշելու համար: Հայ ազգը՝ թույլ և ուժեղ կապերով, այնուամենայնիվ, միասնական օրգանիզմ է, որի որևէ մաս չի կարող հատվել մյուսների համար անցավ և աննկատ: Այսպես, անկախ օրվա իշխանությունների քաղաքական ուղեգծից, հանրությունը չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ Արցախի կորստի և արցախցիների վերադարձի հարցի նկատմամբ:
Ազգային պետականության տեսանկյունից Սփյուռքը ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերի ամբողջականությունն է անկախ նրանց բնակության վայրից, իսկ հայկական համայնք երևույթը` օտար պետությունում ազգային կյանքի կազմակերպման ձև՝ անկախ համայնք կազմող մարդկանց քաղաքացիությունից: Պատմական իրողությունների բերումով դրանք ազգային պետության սահմաններից դուրս գործող հայկական կղզյակներն են՝ ձևավորված հոգևոր, հասարակական և մշակութային կյանքով, բնակության երկրին և վայրին բնորոշ առանձնահատկություններով և օրակարգով: Եվ այդ առանձնահատկություններից մեկն այն է, որ Սփյուռքը, մեծամասամբ, Ցեղասպանության արդյունք է, և դա անհնարին է անտեսել կամ մոռանալ:
Օբյեկտիվորեն, Սփյուռքի հետ «ներհայկական» հարաբերություններում պետության խնդիրներն են՝ հայապահպանությունը, հայության շահերի ապահովումը, ներգաղթի և ՀՀ քաղաքացիության խրախուսումը: ՀՀ քաղաքացիության բացակայությունը իրավական խոչընդոտ է հայության՝ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու համար: Արդյունքում, Հայրենիքի հետ իրենց հարաբերություններում ձևավորվում է փաստացի պարտականությունների և իրավունքների անհավասարակշռություն (դիսբալանս), որը ենթակա է շտկման՝ ներգրավվածության առկա ձևաչափերի զարգացման և նորերի ստեղծման եղանակով: Անկախ ամենից, այլ խոչընդոտների բացակայության դեպքում, հայը պետք է ձգտի ապահովել Հայաստանի գործուն ներկայությունն իր և իր ընտանիքի կյանքում՝ Հայրենիքում ևս ունենալով սեփական օջախ:
Սփյուռքի հետ աշխատելու ազգային պետականության գործիքակազմը թե՛ մարդկային ներուժի, և թե՛ օրակարգի առումով պետք է արտացոլի Սփյուռքի խնդիրները, դրա իրական կշիռը և նշանակությունը ազգային կյանքում, Հայաստանի ազգային-պետական շահերի առաջմղման, ազգերի և պետությունների հետ հարաբերությունների հաստատման և զարգացման առումով: Հայկական համայնքների ազգային բովանդակության պահպանումը Սփյուռքի՝ իբրև ազգային գենոֆոնդի, մարդկային, հոգևոր և նյութական ներուժի պահպանման առհավատչյան է:
Ազգային օրակարգով առաջնորդվող պետությունը պետք է պատրաստ լինի հավաքագրել ազգի ներուժը և ստեղծել այն արդյունավետ կերպով տնօրինելու գործիքներ: Այն նախ պետք է իր հավակնությունները հնչեցնի ազգի քաղաքական կենտրոնի գործուն դերը ստանձնելու վերաբերյալ, ապա՝ նախաձեռնի համազգային խորհրդակցական ատյաններ և ձևաչափեր ձևավորելու գործընթացը:
Անկախ ամենից, Սփյուռքը պետք է իր արժանի տեղն ունենա հայոց պետականության կյանքում: Իսկ համայնքների հետ պետության հարաբերությունները պետք է կառուցվեն հավասարության և փոխօգնության սկզբունքի վրա՝ խրախուսելով համայնքների հաստատութենական ինքնակազմակերպումն ու համագործակցությունը իրար հետ:
(Շարունակելի)
(1) «Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի» (Մատթ. 10.22):
(2) Armenian Patriarchate of Jerusalem Wins Major Legal Battle in Turkey to Reclaim Vast, Confiscated Properties, The Armenian Report, 10.10.24, https://www.thearmenianreport.com/post/armenian-patriarchate-of-jerusalem-wins-major-legal-battle-in-turkey-to-reclaim-vast-confiscated-pr?form=MG0AV3 (բեռնման օրը՝ 16.10.2024). Армяне выиграли судебный процесс о возвращении обширных владений в Турции, Арут Сасунян, www.TheCaliforniaCourier.com, October 11, 2024, https://bit.ly/3Y9X3jE (բեռնման օրը՝ 16.10.2024).
(3) Խոսքը խմբային ինքնության մասին է, որը ձևավորվում է ոչ թե ազգային և, անգամ, ոչ կրոնական պատկանելության տրամաբանությամբ, այլ իբրև «լուսավորված», «ճշմարտության հասած» անհատների հանրություն, որը «վերազգային» է, իրականում՝ ապազգային:
(4) «Նոր նորմալության» – “new normality”:
(5) Գրիգոր Լուսավորչի ծոռը՝ Հուսիկ Ա Պարթևի որդին, ծնվել է 329 թ., Ամենայն Հայոց Կաթողիկոս` 353–373 թթ:
(6) Հատուկ խնամքով հիվանդանոցներ բորոտների համար, որոնց կցված վանքապատկան գյուղերը հիվանդներին ապահովում էին թարմ կաթնամթերքով ու սնունդով:
(7) «Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի» (Մատթ. 18.12-14):
(8) «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի» (Մատթ. 5.13):
(9) Անկախ այդ իրողության՝ իրավական արձանագրված լինել-չլինելու փաստից:
(10) «Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար» (Բ Տմթ. 2.20-21):
(11) Մատթ. 23.3:
(12) «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի» (Մատթ. 5.13):
(13) Դեռևս 373-374 թթ. կայացած Հայոց Եկեղեցու Աշտիշատի եկեղեցական ժողովը սահմանել է, որ եկեղեցու պաշտոնյաները պարտավոր են զինվել գիտությամբ և աստվածային իմաստնությամբ։
(14) «…Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի [անմաքուր] բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար» (Բ Տմթ. 2.20-21):
(15) Մեկ այլ հետաքրքիր դրվագ ևս՝ պատմական Հայաստանի տարածքի «կադաստրային ուսումնասիրվածության» մասին է վկայություն այն, որ Արտաշեսյան հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա. 230 – մ.թ.ա. 160 թթ.) երկրում իրականացվել է տարածքների ներքին սահմանազատում, տեղադրվել են ա. կ. «արքայական սահմանաքարեր»:
(16) Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (աշխատասիր․ Խ․ Թորոսյանի), Երևան, 1975:
(17) William R. Leben, Languages of the World | Oxford Research Encyclopedia of Linguistics, Published online: 26 February 2018, https://doi.org/10.1093/acrefore/9780199384655.013.349 (բեռնման օրը՝ 31.08.2024).
(18) «Չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի» (Հռվմ. 13.1), սակայն դրանցից ոչ բոլորն են Աստծո կամքը կատարում:
(19) Vox pоpuli, vox Dеi (լատ.):
(20) Լատ.՝ Alcuinus, նաև՝ Albinus; մոտ 735–804 թթ.:
(21) “Nec audiendi qui solent dicere, Vox populi, vox Dei, quum tumultuositas vulgi semper insaniae proxima sit”. Աղբյուրը. The Concise Oxford Dictionary of Quotations, third edition, Oxford University Press, 1993.
(22) «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է, չհաշված մնացած բոլորը»:
(23) 22.09.1980 – 20.08.1988 թթ.: