Տեսակետ

Հայոց ազգային գաղափարախոսական մեկնակետ. Հայկի ուղին և դեպի Հայկ ուղին

Փորձագետի տեսակետ, 18.11.2024 թ.

Էդուարդ Բ. Աթանեսյան

«Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»։
Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց»

Հայոց ազգային գաղափարախոսական մեկնակետ.
Հայկի ուղին և դեպի Հայկ ուղին
(Մաս II, նախորդը տես՝ I)

1. Հայկի ուղին

Ազգային ինքնությունը ծագման, լեզվի, հայրենիքի, հավատքի, կրթության և մշակույթի ընդհանրության ընդհանուր գիտակցումն ու արժևորումն է: Դա հավաքական ինքնության տեսակներից մեկն է, որը ձևավորվում է բազմաթիվ գործոնների հիման վրա և կարող է իրենից ներկայացնել թե՛ երկարաժամկետ էվոլյուցիոն գործընթաց և թե՛, երբեմն, պատմական կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած ինչ-որ իրադարձության արդյունք:

Հայության պարագայում նորօրյա ազգային ինքնության կարևոր մաս են կազմում նաև այնպիսի «տեսանելի» պատմաքաղաքական իրողություններ, ինչպիսիք են Ցեղասպանությունն  ու Արցախյան հիմնախնդիրը (կոտորած, հայրենազրկում, գաղթ, զրկանքներ): Լինելով նոր՝ որոնք չկային դեռ 120 տարի առաջ, դրանք եկան ամբողջականացնելու հայկական հավաքական ինքնությունը:

Պատմական և քաղաքական իրողությունների հետ մեկտեղ, ազգերի ինքնության մեջ յուրահատուկ կապող և մարմնավորող նշանակություն ունի ազգային «միֆը»՝ էպոս, առասպել կամ հերոսապատում, որը տալիս է տվյալ ազգի ձևավորման (նախա)պատմությունը՝ կերտելով դրա ակունքներում կանգնած անձ(եր)ի նկարագրությունը, գործերն ու սխրանքների պատմությունը, ուրվագծում հետագայում ազգին բնորոշ դարձած ավանդույթներն ու արժեհամակարգը:

Հայության ծագումը մենք՝ հայերս, բխեցնում ենք Հայկ Նահապետի մասին առասպելից, որը հազարամյակներով արտացոլել է հայ ազգի հավաքական արժեհամակարգային տեսլականը սեփական ինքնության ակունքների, իրողությունների և միջավայրի վերաբերյալ և, որպես այդպիսին, երբևէ պատմական–փաստագրական հիմնավորման կարիք չի ունեցել(1):

Ինչևէ, հայ ազգի ծագումը, այնուամենայնիվ, մարդկության պատմության մեջ այն եզակի դեպքերից է, որն ունի հստակ արձանագրված՝ տարով և օրով հայտնի(2) «զրոյական կետ», որը հայ պատմագրության շնորհիվ(3) տեղ ունի ոչ միայն մարդկության պատմության ժամանակագրական առանցքի վրա, այլև օրգանապես ներհյուսված է աստվածաշնչյան՝ համամարդկային իրադարձությունների շղթայի մեջ: Եվ այդ «զրոյական կետն» առնչվում է Հայկ Նահապետին և նրա պատմությանը:

Թվում է թե, «Հայկի և Բելի մասին» պատմությունը բավականաչափ հայտնի է նորօրյա հայ հասարակության շրջանում: Ինչևէ, խորքային առումով այն անհայտ և թերագնահատված է մնում մեր հասարակության համար և ավելի շատ ընդունվում է նմանատիպ պատումներին բնորոշ տեսանկյունով՝ հսկա Հայկը իր լայնալիճ նետից արձակված աղեղով գետնին է գամում զրահապատ մեկ այլ հսկայի՝ չար Բելին: Երկու հսկաների հակամարտության հանգուցակետ հանդիսացող մարտի դրվագի շեշտադրումը թերևս շոյում է մեր ազգային ինքնասիրությունը՝ ազգի ծագումը հաշվարկելով հենց այդ պահից և արձանագրելով, որ հայ ազգն, այսպիսով, ծնունդ է առել մարտի դաշտում:

Ինչևէ, Հայկը մարդկության էպիկական հերոսների շարքում երևի թե ամենաքիչ վերծանվածն է, ուստի բացառապես այդ կետի վրա կենտրոնանալով, մենք ստվերում ենք թողնում ոչ պակաս և, միգուցե՝ ավելի կարևոր խնդիրներ, որոնք ուղղակիորեն առնչվում են հայկյան ազգի հետագա ողջ պատմության ընթացքին:

Սկսենք Բելին տապալելու միջադեպին նախորդած իրադարձությունների ընդհանուր համատեքստից և նախապատմությունից, որն, ըստ պատմիչներ Խորենացու և Սեբեոսի սերտորեն, կապված է աստվածաշնչյան հայտնի դրվագի հետ:

Եվ այսպես, մարդկության բաժանումն ազգերի (լեզուների) տեղի է ունեցել Տիրոջ կամոք՝ մոլորված մարդկության հերթական չար ծրագրերը խափանելու համար: Լեզուների խառնվելուց հետո Բելը պատահաբար, բռնությամբ և սպանություններով դառնում է մարդկանց տիրակալ՝ արքա: Ինչպես վկայում է պատմահայրը՝ «Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո

Բաբելոնյան աշտարակի ավերակներ համարվող Բորսիպպայի տաճարի ավերակները։ Գտնվում է Իրաքի Բաբելոն մարզում, պատմական Բաբելոն քաղաքի ավերակներից 17 կմ հարավ–արևմուտք, Եփրատ գետի ափին։ Աղբյուր՝ https://en.wikipedia.org/wiki/Borsippa

չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ 300 հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով»։

Հենց այս շրջադարձային դրվագը՝ հաստատված ապօրինի իշխանությունը չընդունելու և ազատ ապրելու ձգտումը, որը վերաամրագրվել է նաև քրիստոնեական շրջանի հայ պատմագրության կողմից՝ հաստատվեց իբրև հայության ծագման արժեքաբանական հիմքերի սկիզբ: Ի դեպ, այստեղ ուշագրավ է նաև Բաբելոնից դուրս գալուց առաջ Արամանյակի ծնվելուն սպասելու դրվագը՝ անգամ այսօր հասկանալի մի որոշում, որը Հայկի կերպարը դարձնում է ջերմ և մարդկային՝ մի բան, որը, սովորաբար, բնորոշ չէ էպիկական պատումների իդեալականացված հերոսների կերպարներին:

Մինչ Նահապետն իր գերդաստանով հաստատվում է հյուսիսում և, «լեզու գտնելով» այստեղ մնացած սակավաթիվ մարդկանց հետ, դառնում տարածաշրջանի կալվածատերն ու առաջնորդը, Բելը հարավում՝ Բաբելոնում և շրջակայքում «տարբեր հրաշքներ» գործելով և բոլորին ուժով ենթարկեցնելով իր կամքին՝ իրեն հռչակում է նաև աստված և պահանջում, որպեսզի «իր պատկերը դնեն տներում» և երկրպագեն որպես աստծու: Իսկ Հայկի երկիրը շարունակում է ապրել ազատ՝ այսօր էլ հայությանը հայտնի և հասկանալի Հայկյան՝ նահապետական օրենքներով: Այսպիսով, ի հեճուկս որոշ մոդայիկ խոսույթների, նահապետականը ոչ թե անազատության, այլ ազատության հոմանիշն է:

Անցնում են տարիներ, մինչև Բելը որոշում է զորքով արշավել Հայկի երկիր, ենթարկել նրան իր կամքին և պարտադրել ընդունել իր անձի՝ իբրև աստծո, պաշտամունքը: Անցած երկար տասնամյակների մասին է փաստում հենց միայն այն իրողությունը, որ հարձակման մասին Նահապետին է տեղեկացնում Կադմոսը՝ Բաբելոնում ծնված Արամանյակի որդին, որը պապուց իբրև կալվածք էր ստացել երկրամասի հարավային՝ Միջագետքին սահմանակից տարածքները:

Հայկն իր հետ վերցրեց Արամանյակին և Կադմոսին, նրա որդուն և իր յոթ դստրերի «հզոր որդիներին» և գնաց Բելին ընդառաջ, սակայն իր զորքի փոքրաթիվ լինելու պատճառով սկզբում ստիպված եղավ նահանջել: Այստեղ, Սեբեոսի մատուցմամբ, կրկին առերեսվում ենք հետաքրքիր մի քանի դրվագի ևս՝ նախ պատմիչը հատուկ առանձնացնում է Նահապետի թոռների՝ դուստրերի որդիների «հզոր» լինելու իրողությունը՝ հաստատելով, որ դուստրերի որդիները ևս կարող են ժառանգել իրենց մայրական պապու շնորհները ՝ մի բան, որը գենետիկ հետազոտություններն ապացուցել են մեր օրերում: Եվ երկրորդը, Հայկի մարտավարական նահանջի մասին դրվագը նույնպես խորթ է հերոսների մասին էպիկ պատումների պաթոսին:

Ըստ հայոց պատմիչների՝ Բելի արշավանքի նպատակը Հայկին սպանելն էր, թեև իրադարձությունների ընթացքից պարզ է դառնում, որ Բաբելոնի տիրակալը Նահապետին առաջարկում է ենթարկվել իր կամքին, որի դիմաց պատրաստ էր Հայկին իր ժողովրդով ընդունել իր տերության ցանկացած վայրում: Նա Հայկին անգամ առաջարկեց դառնալ իր մերձավորը՝ մարզել արքունի երիտասարդ որսորդ նետաձիգներին: Ինչևէ, վերահաս վտանգի պարագայում Հայկը չհրաժարվեց իր որոշումից և մերժեց ապօրինի իշխանությանը ենթարկվելու և կեղծ աստծուն երկրպագելու առաջարկը՝ նախընտրելով պայքարն ու արժանանալով հաղթանակի: Հայկի մասին պատմության այս մասը նույնպես իր կարևոր դերակատարությունն ունեցավ հայոց ազգային արժեհամակարգում. Նահապետը տեղի չտվեց աշխարհի հզոր Բելի «պատվավոր» և գրավիչ առաջարկություններին և, ամենակարևորը՝ հրաժարվեց ճանաչել բռնապետին իբրև աստված, քանզի ճանաչում էր ճշմարիտ Աստծուն:

Եվ այսպես. հայ ազգը ծնվել է ազատության և ճշմարտության համար պայքարում, երբ Հայկը մերժեց ընդունել բաբելոնյան բռնապետությունն ու կեղծ հավատքը և, չգայթակղվելով առաջարկվող փառքով ու բարիքներով՝ ընտանիքի, արյունակիցների և իրեն միացած համախոհների (հետ) դարձավ իր (և մարդկության) արմատներին՝ Արարատյան աշխարհ՝ դեպի մարդկության փրկության օրրանը:

Լեզուների խառնումը բերեց նրան, որ մարդիկ այլևս ընդունակ չէին իրար հասկանալու և շարունակելու Բաբելոնյան աշտարակի համատեղ կառուցումը: Մաս չկազմելով Բելի պիղծ ծրագրին՝ Հայկը պահպանել էր Նոյից ժառանգած իր մարդկային կերպարը, ուրիշներին ոչ թե ուժով ենթարկեցնելու, այլ հասկանալու, նրանց սիրուն և հարգանքին արժանանալու ունակությունը: Հենց Հայկ Նահապետից է հայ ազգը ժառանգել հեռու և մոտ ազգերի քաղաքակրթական-մշակութային կոդը խորությամբ ընկալելու, այդ ազգերի և աշխարհի համար այն տարբեր ոլորտներում վերարտադրելու, հարստացնելու և կատարելագործելու եզակի ունակությունը՝ որը մերօրյա հայ որոշ մտավորականների կարծիքով կարելի է անվանել հայության «թարգմանչական առաքելություն»:

Եվ այսպես՝ Հայկն այն «բանալին» էր, որի միջոցով Բելն ուզում էր ստանալ ողջ մարդկությանը կառավարելու հնարավորությունն ու կրկին կյանքի կոչել աշտարակաշինության՝ երկինք հասնելու և իրական Աստծուն «հավասարվելու» իր ծրագրերը, որոնք այդպես էլ չէր կարողացել իրականացնել մի քանի տասնամյակների ընթացքում:

Հայկաբերդ՝ (նաև՝ Սարդուրիխինիլի, Սարդուրիհուրդա, թուրք. անվանումը Չավուշթեփե, քրդ. անվանումը՝ Ասպեսին, ամրոց-բնակատեղի պատմական Հայաստանի Հայոց ձոր գավառի Աստվածաշեն գյուղի հյուսիսարևելյան եզրին գտնվող բլրաշարի արևմտյան հրվանդանաձև ծայրին, ներկայիս Թուրքիայի Վանի նահանգի Գյուրպընար շրջանի Չավուշթեփե գյուղում։

Դա էր խորքային այն նպատակը, որը Բաբելոնի տիրակալին բերեց Արարատյան երկիր: Եվ այստեղ, մարդկության բնօրրանում, Հայկը, գերադասելով մահը հոգու և մարմնի ստրկությանը՝ իր ժողովրդի հետ մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին Վանա լճի արևելյան ափին, Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում, Խոշաբ գետի հովտում, մարտի ելավ մեծաթիվ զորքով ներխուժած Բելի դեմ և կործանեց նրան:

Տապալելով իրեն աստված հռչակած աշխարհի առաջին բռնապետ արքային և իր ծրագրերը, Հայկն ամբողջական դարձրեց իր առաքելությունն ու նախանշեց կյանքի ուղին իր գալիք սերունդների համար՝

  • ազատասիրություն և հրաժարում պիղծ բռնապետությանը ենթարկվելուց,
  • հրաժարում Բաբելոնից, դրա բարիքներից և շնորհներից,
  • հավատարմություն ճշմարտությանը՝ հավատքն առ ճշմարիտ Աստված,
  • վերադարձ սեփական արմատներին (հայրերի/հայրենի եզերք),
  • սեփական արժեքների համար կենաց–մահու մարտի ելնելու պատրաստակամություն:

Այստեղ էր, ըստ երևույթին, թաքնված հայության հետագա դարերի առաքելության գաղտնիքը: Դա այն «զրոյական կետն» էր, հայ ազգի «մերանը» մի փուլում, երբ հետագայում հայ անունը ստացած հանրույթը դեռևս չուներ ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ, ո՛չ էլ ազգային կյանքի որևէ այլ ինստիտուտ: Ուստի հայկական ինքնության անկյունաքարը Նահապետի ազատ կամքով կայացված որոշումն էր, որը նրան հեռացրեց չարից թե՛ մարմնով և թե՛ ոգով:

Հայկի կերպարով տրվեց հետագա բոլոր հայ անհատների հերոսանալու բանաձևը, և եթե վերծանելու լինենք նրանց ուղին, ապա կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին հերոսացել է այդ արժեքներից առնվազն մեկի համար պայքարում:

Հայկը դարձավ առաջին հայը ոչ թէ ի ծնե՝ իր հայր Թորգոմից(4), այլ իր ընտրած ուղիով, որն էլ սկիզբ դրեց հայ ազգին: Հետևաբար, Նահապետից հազարամյակներ անց իր շառավիղների համար անհատական ինքնությունը չի կարող բխեցվել լոկ իրենց ծնողների (էթնիկ) ծագումից, քանզի հայոց ազգակերտման հիմքում ի սկզբանե ուղին է: Հայկի հետևից գնացողը հայ է և՛ մարմնով, և՛ հոգով, որովհետև ընդունել է առաքելության հրավերը: Այն չընդունողը թեև մոտ է նյութեղեն արմատին, բայց խորթ հոգևոր պտուղներին, ինչպես չծլարձակած ցորենի հատիկը կամ տաղանդը հողի մեջ թաղած սպասավորը:

Առաքելության հրավերը գործել է նաև ծնունդով ոչ հայերի դեպքում, օրինակ՝  Արշակունիները, Գրիգոր Լուսավորչի տոհմը, Հռիփսիմյան կույսերն ու բազմաթիվ ուրիշներ, ովքեր հայ չէին ծնունդով՝ իրենց առաքելությամբ միահյուսվել են հայության հետ, դառնալով մեր ինքնության պահապանն ու անբաժանելի մասը: Հայկական ինքնության հոգեղեն դուռը այսօր ևս բաց է բոլոր նրանց համար, ով ընտրել է Հայկի ուղին՝ հրաժարվելով նորօրյա բաբելոնների պղծություններից, կուռքերից և անազատությունից:

Այսպիսով, եթե առաջնորդվենք Նահապետի օրինակով՝ հայ լինելը նախ ուղու ընտրություն է և ոգու հաղթանակ: Հետաքրքիր է, բայց հենց Հայկի կերպարով է ամբողջական դառնում հայոց պատմությունը, որը մեր օրերում ընդունված է կիսել երկու՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանների, այն էլ՝ իրար հակադրելով: Հայկին իբրև հայ ազգի սկիզբ ընդունեց և հետագա սերունդներին փոխանցեց նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Հայկից և նրա զավակներից՝ անուն առ անուն, բխեցնելով հայության հետագա պատմական ուղին և աշխարհագրական միջավայրը:

ժամանակին Նահապետն իր զինակիցներով մերժեց բռնակալ արքայի «ինքնաաստվածացման» կեղծ ուղին, և միայն մարդեղացած Քրիստոսով իր սերունդը ազգովի ճանաչեց մարդու աստվածանալու հնարավորությունն ու ուղին: Քրիստոնեական Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը մարմնավորեց հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համակեցության ու փոխլրացման հնարավորությունը: Միգուցե Հայկի հոգևոր սխրանքով է պայմանավորված պատմական այն իրողությունը, որ հենց նրա սերունդներին տրվեց պետականորեն ընդունել Նահապետի ուղին ամբողջականացնող ևս մեկ, և դեպի Աստված տանող միակ ճանապարհը(5)՝ Քրիստոսին:

2. Դեպի Հայկ ուղին

Եթե կարճ պատասխանելու լինեինք այն հարցին, թե ո՞րն է հայի ուղին այս կյանքում, ապա միանգամից կնշեինք, որ այն, ինչն իրեն հայ է պահել անցած 1700 տարիների ընթացքում քաղաքակրթությունների, ազգերի և կրոնների սահմանագիծ հանդիսացող մեր տարածաշրջանում՝ հայ-քրիստոնյա լինելը: Առանց ինքնության այս բաղադրատարրի հայության մնացած բեկորները կորել են՝ մաս կազմելով այլ ազգերի:

Մի գուցե վերոհիշյալ պնդումը անվերապահորեն կընդունվեր դեռևս դարուկես առաջ, սակայն մեր ժամանակները չեն հանդուրժում դոգմատիկ արտահայտություններ և բանաձևեր՝ պահանջելով գիտական կամ, գոնե, տրամաբանական հիմնավորում՝ շատ դեպքերում պատմության «զրոյական կետը» տեսանելի անցյալում տեղադրելով և անցյալի էմպիրիկ փորձն անտեսելով:

Ինչևէ, ազգային գաղափարաբանական մեր ընկալումներում ելնում են նրանից, որ արարչաստեղծ մարդն ի սկզբանե օժտված է եղել ամբողջական և կատարյալ մարդկային էությամբ: Սակայն, տրվելով գայթակղությանը` իր իսկ կամքով խախտել է Տիրոջ միակ պատվիրանը և մեղք գործել: Մեղքի հետևանքով տրոհվել է մարդու ամբողջականությունը՝ իր բովանդակությունը (ներաշխարհը) անջատվել իր արտաքին դրսևորումներից՝ ձև(եր)ից:

Որպես հետևանք, մեր՝ ամբողջականությունը կորցրած մարդկանց միտքը, խոսքն ու գործը սկսեցին և շարունակում են հակասել իրար: Մենք թույլ ենք տվել, որ սուտը և կեղծիքը թափանցեն մեր առօրյան և դառնան մեր կյանքի ուղեկիցը: Դա բնորոշ է մարդկային «նոր» բնությանը, բոլոր մարդկանց և ազգերին, այդ թվում, բնականաբար, նաև մեզ՝ հայերիս: Այս առումով որևէ ազգից չենք տարբերվում ոչ «լավ» և ոչ էլ «վատ» առումներով՝ մեր մեջ կրելով թե՛ սրբության բարձունքներին հասնելու հրավերք, և թե՛ անկման մշտական հակվածություն:

Մարդու հոգևոր անկումը (դեգրադացիա) շարունակվում է առ այսօր. ագրեսիվ տեղեկատվական և գաղափարախոսական միջավայրում էլ ավելի է աղճատվում անհատի բովանդակություն-ներաշխարհը (արժեքներ, զգացմունքներ ու ընկալումներ, սկզբունքներ, ներքին կոդեքս), փոխվում են անհատի ինքնադրսևորման ձևերը (վարք, արարքներ, միջանձնային և ընտանեկան հարաբերություններ, կարգավիճակ, դիրք և այլն), խորանում մարդու ներքին և արտաքին աշխարհների միջև աններդաշնակությունն ու հակասությունները: Աղճատված է նաև մարդու կապը մարդկանց և բնության հետ, իր ծայրահեղ դրսևորումներում՝ ոմանց մոտ հասնելով սեփական բնությունն ու կերպը (սեռը) չընդունելու և դրա դեմ պայքարելու դրսևորումների: Մարդը հեռանում է իր կարգավիճակներից, փոխարինում դրանք դերերով, ձգտում անբովանդակ ձևերի և դիմակների, անտեսում բովանդակայինը:

Արտաքինի և ներքինի՝ ձևի և բովանդակության խեղաթյուրումն ու աններդաշնակությունը ակնառու է մերօրյա մարդու կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, միջանձնային հարաբերություններում, աշխատավայրում, հանրային և պետական հաստատություններում և անգամ՝ մարդու ստեղծած մշակութային գործերում և արտադրած ապրանքներում:

Հենց այդ անհամապատասխանության՝ հայ ազգի և պետականության համար ողբերգական հետևանքների մասին է դեռևս V դարում ցավով բարձրաձայնում  պատմահայր Մովսես Խորենացին «Պատմություն Հայոց» գործն ավարտող «Ողբ» գլխում(6):

Մեր օրերում առաջադեմ համարվող «տրանսհումանիզմ» բարոյա֊էթիկական և փիլիսոփայական ուսմունքը(7) ևս ընդունում է մարդու անկատար լինելու իրողությունը: Սակայն, իբրև խնդիրների լուծման միջոց այն դիտարկում է տեխնիկական առաջընթացի հնարավորություններով անհատի ֆիզիկական ունակությունների և կարողությունների մեծացումը:

Մինչդեռ, մեր կարծիքով, խնդիրների լուծումները պետք է որոնել այնտեղ, որտեղ և նրանք ծագել են՝ մարդու ներաշխարհում:

2.1 Անհատ

Ըստ Եկեղեցու՝ ինչպես Ադամը կամովի հեռացավ Արարչից, նույն կերպ էլ յուրաքանչյուր ադամորդի իր ազատ կամքով պիտի ապաշխարի և Քրիստոսի օգնությամբ վերագտնի իր աստվածակերպությունն ու աստվածանմանությունը՝ այն, ինչի համար, ի վերջո, մարդն արարվել էր:

«Աշխարհիկ» տիրույթում «հայից՝ Հայկ» ուղին սկիզբ է առնում սեփական «ես»-ից և պահանջում է կամք: Դա ինքնակատարելագործման ուղի է, սեփական ձևի և բովանդակության՝ անհատական մակարդակում ներդաշնակեցման գործընթաց: Առօրյա կյանքում այն ենթադրում է, որ յուրաքանչյուրս պետք է ձգտենք վերարժևորել և վերագտնել մեր տեղն ու դերն այս կյանքում՝ իրապես ստանձնելով մեր՝ որպես մարդ, զավակ, ծնող, ընկեր, բարեկամ, քաղաքացի, զինվոր, սպասավոր, աշխատակից և այլ կարգավիճակներից բխող գործառույթներն ու պարտականությունները: Անհատական մակարդակով սկիզբ առնող այս գործընթացը զուտ մի անձի ինքնակատարելագործման խնդիր չէ՝ օրենքի դեմ գործող օրինապահը, երկրի անվտանգությունը խաթարող զինվորականը, հիվանդների կյանքը վտանգող բժիշկը և իր դիրքից դուրս գործող մարդը սպառնալիք է նաև ազգային անվտանգությանը:

Եվ այսպես, վերոհիշյալ ուղին ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ անկյունաքարերով.

2.1.1 Ձգտումն ազատության 

Ազատությունը մեզ տրված մեծագույն շնորհն է, մեր գոյության նախապայմանը: Առանց ազատության չկա ազատ կամք, հետևաբար՝ ընտրություն և, ամենակարևորը, սեր: Միայն ազատ մարդը կարող է սիրել, արարել և պայքարել: Այս ազատության համար, ըստ ավանդության, պայքարի ելավ Հայկ Նահապետը: Այս ազատությունը ամենաթողություն չէ, իսկ կատարյալ ազատությունը՝ ազատությունն է մեղքից:

Մարդուն ֆիզիկապես ազատազրկելը հնուց ի վեր դիտարկվել է իբրև պատիժ և, հաշվի առնելով մարդկային պատմությունը՝ շատ դեպքերում, անգամ լինելով օրինական, այն միշտ չէ, որ եղել է արդար: Ուստի՝ Աստծո կողմից ազատ ստեղծած մարդուն ազատությունից զրկողները պետք է պատշաճ հիմքեր ունենան: Ինչևէ, անգամ ֆիզիկական ազատությունից զրկված անհատը կարող է պահպանել իր մտքի ազատությունն ու հավատարմությունն իր արժեքներին: Այդ առումով ֆիզիկական ազատության բացակայությունը դեռևս «կատարյալ» անազատություն չէ: Այստեղ առկա է նաև կարևոր նրբություն, որը հստակորեն տարանջատում է «ազատություն» եզրութի այլ ընկալումները իրավականից: Պետության օրենքի տեսանկյունից մարդն ազատ է՝ իրավունք ունի անել այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով, մինչդեռ պետության նորմերը կարող են փոփոխվել և, անգամ, երբեմն, հատել բարոյական և հոգևոր օրենքների սահմանները: Մարդկության պատմությունը լի է նման օրինակներով: Բայց անազատություն կարող է լինել այն վիճակը, երբ մարդը՝ փաստացի չլինելով ազատազրկված, անդամակցելով որևէ աղանդի կամ խմբավորման՝ իր իսկ կամքով ինքն իրեն զրկում է որոշում կայացնելու և ուղի ընտրելու իրավունքից:

Իր ազատությունը արժևորողը չի կարող չհարգել ուրիշների ազատությունը՝ գիտակցելով, որ անհատի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ այլ անհատի ազատությունը: Մարդկային, փոփոխությունների և ընտրովի գործադրվող օրենքներից դուրս անհատի կյանքը կանոնակարգվում է նաև արժեհամակարգով և բարոյականության օրենքներով, որոնք ավելի հարատև են և պահպանողական: Այս առումով, բարեպաշտ անհատի ազատությունը չի կարող հատել նաև չգրված օրենքներն ու օբյեկտիվ իրողությունները, որոնք ևս ազատության «կարմիր գծեր» են: Ժամանակակից աշխարհում ազատության դեմ ոտնձգությունները, պահպանելով հին եղանակները, զուգակցվում են նաև նորերով:

Մեր օրերում այն ամենն, ինչ թմրեցնում է անհատի ուղեղը, դարձնում իր մարդկային թույլ բնության գերի (հարբեցողություն, թմրամոլություն, խաղամոլություն և այլն), կաշկանդում է մարդու կամքը, պարտադրում ընտրություն (ագրեսիվ առևտրային, մշակութային և քաղաքական գովազդ, «Օվերտոնի պատուհաններ» և այլն) հեռացնում է նրան իր արժեքներից, անհատին անազատ է դարձնում նաև ազատության մեջ: Ժամանակակից անազատության տեսակներից է նաև կախվածությունը բջջային հեռախոսից ու համանման սարքերից և տարատեսակ՝ կյանքը «հեշտացնող» հավելվածներից, արհեստական բանականությունից, որոնք զգալի տեղ զբաղեցնելով անհատի կյանքում՝ զրկում են նրան ինքնուրույն որոշումներ կայացնելու, դժվարություններ հաղթահարելու և պայքարելու պատրաստակամությունից: Այսօր արդեն մենք ականատես ենք լինում իրավիճակների, երբ հիշյալ հավելվածներից օգտվելու սահմանափակումները դարձել են պատժամիջոց՝ ընտանիքից սկսած մինչև ամբողջ պետություններ:

Ազատություն ստացած մարդ արարածին ամեն ինչ կարելի է, սակայն ամեն ինչ չէ, որ օգտակար է(8): Ըստ Աստվածաշնչի՝ Տերը մարդուն օժտել է ազատ կամքով: Մարդու ազատության մասին է խոսվում դրա առաջին իսկ տողերից, օրինակ՝ կենդանիներին և բույսերին իր ազատ կամքով անվանակոչելու իրավունքը: Եվ անգամ արգելված պտղի դրվագում խոսքը մարդու համար այն ճաշակելն արգելված, այլ ոչ թե անհնարին լինելու մասին էր: Սեփական կամքով մեղքերից հրաժարվելը մարդուն կրկին մոտեցնում է Տիրոջը:

2.1.2 Առաջնորդում սիրով

Մեր օրերում ընդունված է ասել, որ «սերը պակասել է»: Ասում են նաև, որ «սերը ստիպողաբար չի լինում»: Ինչ էլ ասեն, պետք է սովորենք մեր կյանքը կառուցել սիրո բանաձևով՝ իրար մեջ որոնելով այն, ինչ միավորում և ուժեղացնում է մեզ, այլ ոչ թե այն, ինչ բաժանում և իրար դեմ հանում: Եթե ընդունում ենք, որ մարդը ստեղծվել է Տիրոջ նմանությամբ, ապա միայն իրար մեջ Աստծո (և/կամ Հայկ Նահապետի) պատկերը տեսնելով կկարողանանք սկսել սիրել ու հարգել միմյանց և դուրս գալ մեր հասարակությունը պարուրած գերմրցակցային շրջապտույտից:

Պետք է սովորենք սիրել դիմացինին այնպես, ինչպես ինքներս մեզ ենք սիրում՝ անկեղծորեն և ներողամտորեն: Իր անձը չսիրողն ընդունակ չէ սիրել նաև ուրիշին: Մարդը պարտավոր է հարգել և սիրել նաև սեփական մարմինն, իբրև Տիրոջ կողմից տրված հոգու տաճար, մարդկության հարատևության միջոց, որը ենթակա է ուշադրության և խնամքի: Չէ՞ որ մարդկային մարմնով ծնվեց և մարմնով վերափոխվեց և համբարձվեց Քրիստոսը: Դա ենթադրում է ուշադրություն առողջության հանդեպ, չափավորություն ամեն ինչում և հրաժարում հոգուն և մարմնին վնասող արատավոր սովորություններից: Մյուս կողմից, սակայն սերը բացառապես սեփական անձով սահմանափակող անհատն իր «ես»-ը վերածում է կուռքի, պահանջում ուրիշներից ընդունել իր անձի յուրահատկությունն ու առանձնահատկությունը: Եվ այդ «ես» կուռքի «զոհասեղանին» են ընծայվում բազմաթիվ վայելքներ, հաճույքներ և անիմաստ ավելորդություններ:

Մերձավորին սեփական անձի պես սիրողը մոտ է կատարելությանը, և հենց այդպիսի սեր է պատգամում Տերը(9): Այդ սերը սկսում է ինքդ քեզ և ապա ուրիշին ճանաչելուց, տարրական ուշադրությունից, հասկանալու փորձից, ապրումակցումից, հարգանքից և համակեցության կանոնները պահպանելուց: Խոսքը, բնականաբար, խոզերի առջև մարգարիտներ շաղ տալու մասին չէ(10):

Կատարյալ (քրիստոնեական)  սերն, իր հերթին, ուրիշ(ներ)ին սեփական անձից առավել սիրելն է և հանուն նրա(նց) սեփական անձը զոհաբերելու պատրաստակամությունը(11): Հայրենասիրությունը հենց այդ կատարյալ սիրո դրսևորումն է: Այստեղից է բխում մեր վերաբերմունքը Վասն Հայրենյաց նահատակվածներին, որոնց սխրանքը Հայրենիքի առջև նաև մարտիրոսություն է:

2.1.3 Մտքի, խոսքի և գործի մեկտեղում

Մեր օրերում տիրող հիասթափության և փոխադարձ անվստահության պատճառներից մեկն այն է, որ հաճախ տեսնում ենք, թե ինչքան տարբեր է այն ամենն, ինչ ասվում է, այն ամենից, ինչ արվում է: Արդյո՞ք միշտ ենք ուրիշների հետ շփվելիս երեսին ասում այն, ինչ ասում ենք նաև նրանց հետևից և արդյո՞ք մեր մտքերում ևս նույնքան բարի և դրական ենք, ինչքան որ պերճախոս ենք մեր խոսքերում:

Մարդու և հասարակության կյանքի յուրաքանչյուր ծալք թափանցող այդ երկակիությունն ու ձևի և բովանդակության անհամապատասխանությունը թունավորում է մարդկային հարաբերություններն ու հանրային կյանքը, «կնճիռներ» ստեղծում մարդ–հասարակություն–պետություն հարաբերություններում, սուտն ու երեսպաշտությունը դարձնում շփման մշակույթի անբաժանելի մաս, անդրադառնում կառավարման մշակույթի և հասարակական-քաղաքական մթնոլորտի վրա: Ինչևէ, այստեղ ևս գործընթացը պետք է սկսել անհատի մակարդակի վրա: Եվ, քանի որ յուրաքանչյուր անհատ իր շուրջը վերակերտում է այն, ինչ տիրում է իր ներսում՝ սրտում և ուղեղում, ապա մեր կյանքում այդ «փնթիությանը» տեղ չտալու համար պետք է մաքուր պահենք ոչ միայն մեզ շրջապատող միջավայրը, այլև մեր միտքը, խոսքը և գործը:

ա) Միտքը ազատ մարդու կատարյալ ազատության տիրույթն է, նրա գիտակից կյանքի շարժիչը և, հետևաբար` չարի առաջնային թիրախը: Անհատի մտքի հորիզոնները բացող դրական գործոնը կրթությունն է, իսկ բացասական սողանցքները փակողը՝ դաստիարակությունն ու հավատքը: Տեղեկատվական և արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաների տարածման մեր դարում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է անհատի միտքը զերծ պահել անմաքուր և վնասակար ազդեցություններից, առավել ևս՝ մատաղ սերնդի ներաշխարհը:

բ) Խոսքն ավանդական աշխարհընկալման մեջ ընկալվել է իբրև արարչագործության հիմքը, արժևորվել և մաքուր պահվել: Այն առօրյա կյանքում թերագնահատված երկսայր զենք է(12), որն, ինչպես ցանկացած զենք, վնասում է իրեն սխալ օգտագործողին: Որպես հաղորդակցման միջոց այն կարող է օգնել և քաջալերել, բայց և վնասել ու վիրավորել: Այս առումով բանավոր (վերբալ) բաղադրատարրն առկա է առօրյա կյանքում տեղի ունեցող և դժբախտ հետևանքների բերող գրեթե բոլոր միջադեպերում: Թեև մեզանում տարածված հայհոյանքներն իրականում հայկական ծագում չունեն, պետք է արձանագրենք, որ արդեն տարածված երևույթ է, երբ մաքուրն ու անմաքուրը միևնույն անոթում չպահող մարդը միևնույն շուրթերով և՛ աղոթում է, և՛ հայհոյում: Իբրև «խոսքի ազատության»(13) ուղեկից դիտարկվող հայհոյանքը մտել է հեռուստա- և ռադիոեթեր, դարձել հումորային ծրագրերի անբաժան մասը, թափանցել սոցիալական ցանցեր՝ դառնալով «կարծիք արտահայտելու» ընդունելի եղանակ, զգետնելով խոսքի մշակույթն ու ավելացնելով ատելությունն ու թշնամանքը մեր հասարակության մեջ:

գ) Գործն (արարքը) ի սկզբանե արարելու, նորը ստեղծելու, աներևույթ միտքը (բովանդակությանը) ֆիզիկական աշխարհում նյութականացնելու՝ ձև տալու բացառիկ ունակություն է, որը արժևորելով և մաքրության մեջ պահելով մարդը նմանվում է տիեզերքի արարչին: Գործի մեծությունը, հանրային կարևորությունը և հնչեղությունը չէ, որ առաջնային է այստեղ, այլ այն, թե անհատն ինչպես է կյանքի կոչում անձամբ իրեն բաժին ընկած գործը: Բնական է, որ մարդն իր բնատուր կարողությամբ հիմնականում կարող է և պետք է տարանջատի բարի և չար, արդար և անարդար գործերը: Սակայն կարևոր է նաև, թե որքան հետևողական ենք մեր գործերում, որքանով են մեր գործերը (արարքները) համապատասխանում մեր իսկ խոսքերով գծված նշաձողին, իսկ, օրինակ, արտադրված ապրանքի որակը՝ հայտարարագրվածին:

Կարծում ենք՝ «հայավարի», այսինքն՝ անփույթ, փնթի, անորակ և այլ բացասական իմաստներ կրող «ներհայկական» այս եզրույթը մեզանում ծանոթ է շատերին: Ցավոք, այն կարող է համընդհանուր բնութագրիչ ծառայել՝ վատ փաթեթավորված ապրանքից մինչև ոչ պատշաճորեն իրականացված պետական ծրագիր: Այս տիրույթի խնդիրներից է նաև փաստացի անբանությունը՝ հրաժարումը գործելուց, առանց ջանքեր գործադրելու ամեն ինչ միանգամից ստանալու ցանկությունը: Եվ այս ամենը, ցավոք, շրջանառվում է մի ազգի մեջ, ում կառուցած ջրանցքները, կամուրջներն ու պաշտամունքի վայրերը շահագործվում են հազարամյակներով, որի հոգևոր-փիլիսոփայական երկերը չեն կորցրել իրենց այժմեականությունը, որը դարերով հավաքել է սեփական և այլոց մեծերի մագաղաթները, և որի գորգերի և պատկերների գույները չեն խամրում դարերով: Հավելենք, որ «հայավարի»-ի հակապատկերը «հայեցին» է՝ կրկին «ներհայկական» մի եզրույթ, որը, թեև կարող է չունենալ ընդունված բացատրություն, սակայն նույնպես հասկանալի է թե՛ հայ անհատի, և թե՛ հանրության համար:

Այսպիսով՝ մեր մտքերի, խոսքերի և գործերի անհամապատասխանությունը «լոճում» է մեր անձն ու կերպը, բաժանում այն երեք՝ իրարից անկախ գոյություն ունեցող աշխարհների, որոնցից երկուսում մենք, սովորաբար, մեզ համարում ենք «անզուգական», մինչդեռ երրորդում «զանգ կախող» չունենք»: Այստեղ ևս ընդհանուրի վերափոխման բանալին առանձին անհատի կամքն ու ձեռնարկումն է, և ուստի, երբ անհատապես բարի և մաքուր լինենք մեր մտքերում, ազնիվ մեր խոսքի և արդար գործի մեջ՝ կմոտենանք առաքինությանը՝ սեփական օրինակով ուղի ցույց տալով ուրիշներին:

2.1.4 Կամքի դրսևորում

Դեպի մեր «ես»-ի վերագտնում տանող ուղին բարդ է և մեծ ջանքեր  պահանջող: Եվ այդ ուղու ամենասկզբում մարդու «դաշնակիցը», շատ դեպքերում, միայն իր կամքն է: Այն դրսևորվում է այնտեղ, որտեղ կա պայքար և դժվարություն, դրան խորթ է կարճատև պոռթկումներին բնորոշ անհարկի պաթոսը, այն չերևացող է և հետևողական:

Կամքը նման է պարուրաձև զսպանակի. սեղմված վիճակում այն խորհրդանշում է արտաքին դժվարություններին դիմակայելու ունակություն, իսկ բացազատվելով արտահայտում է «սեփական խաղի» կանոնները պարտադրելու կարողությունը: Միջանկյալ դիրքում «կամքի զսպանակը» խորհրդանշում է թե՛ դիմադրելու, և թե՛ հակահարված տալու պատրաստականություն: Կարող ենք դիտարկել կամքի երեք չափում.

ա) Աստվածատուր ազատություն՝ ընտրելու, սիրելու և արարելու ազատություն, անհրաժեշտի և ցանկալիի միջև ճիշտ ընտրություն կատարելու ունակություն, սեփական մեղքերի և թուլությունների զսպաշապիկ:

բ) Ներքին և արտաքին դժվարություններին դիմակայելու ունակություն՝ հոգևորից և հավաքականից (ազգայինից) սնվող ուժ, իսկ դրանց տկարանալու դեպքում՝ չընկրկելու երաշխիք, մաքառելու և պայքարելու նախապայման:

գ) Իր գերադրական աստիճանում կամքը դառնում է օրենք թե՛ անհատի, և թե՛ հանրության համար: Օրենքի աստիճան հասցված կամքի հիմքում հաղթանակի ձգտողների միասնականությունն է՝ հանուն ճշմարիտ արժեքների:

2.1.5 Նշաձողերի սահմանում

Մեր ընտրած ուղու վրա ամենամեծ խոչընդոտներից է հիասթափությունը: Այն, սովորաբար, ի հայտ է գալիս խնդիրները թերագնահատելու և սեփական ուժերը գերագնահատելու, ավելորդ և անհիմն սպասելիքների արդյունքում: Խանդավառության արդյունքում ի հայտ եկած պոռթկումները միտքը, խոսքն ու գործը մեկտեղել ցանկացող անհատին կարող են մղել կտրուկ քայլերի՝ առանց սեփական ուժերի և հնարավորությունների ճիշտ հաշվարկի՝ դրանով իսկ հող նախապատրաստելով ներդրված ջանքերի և ստացված արդյունքների թվացյալ «անհամապատասխանությանը»: Նման իրավիճակներից խուսափելու համար ցանկացած ձեռնարկում սկսելիս կամ դրան անդամագրվելիս պետք է սթափ գնահատենք մեր ներուժն ու կարողությունները, ինչպես նաև հստակ սահմանենք մեր նպատակների ու շահի սահմանները: Հայրենասիրությունն ու հանրօգուտ ցանկացած ձեռնարկում արվում է կամավորության սկզբունքներով, ուստի անհատը պետք է կարողանա գտնել սեփական և հանրային շահի ճիշտ (ընդունելի) հարաբերակցությունը և, գոնե, պահպանել այն: Հակառակ պարագայում նա կարող է կորցնել մեկը, առանց հաջողելու մյուսում և հարվածի տակ դնել ուրիշներին:

2.2 Ընտանիք

Ընտանիքը յուրահատուկ և անփոխարինելի նշանակություն ունի մարդու կյանքում: Այս միտքը ոչ թե հասարակության բջջի կարևորության մասին տարածված խոսույթի վերարտադրություն է, այլ այդ ինստիտուտի՝ անհատի և ազգի կյանքում գործնական ու անփոխարինելի անհրաժեշտության արձանագրում: Ի հեճուկս արդի աշխարհում «նոր» և «առաջադիմական» տարբեր տեսությունների շրջանառությանը, այն չի կարող ձևավորվել այլ կերպ, քան իբրև տղամարդու և կնոջ(14) ամուսնության՝ փոխադարձ սիրո, հարգանքի և պատասխանատվության հիման վրա ազատ կամքով ձևավորված միության:

Այդպիսին է եղել, ըստ պատմահոր, Հայկ Նահապետի ընտանիքը, հանուն որի նա իր համար թշնամական Բաբելոնում սպասել է որդու ծնվելուն, որպեսզի իր հղի կնոջը չենթարկի երկար և բարդ ճանապարհի փորձություններին: Այսպես կոչված «Սբ. Վալենտինի տոնը» նշող հայությունն իր գրված պատմության մեջ ունեցել է Արա Գեղեցիկի կերպարը, որը հայության համար կարող էր դառնալ սիրո և ընտանեկան հավատարմության  խորհրդանիշ:

Անդրադառնալով ընտանիքի հանրային կարևորությանը՝ պետք է նկատի ունենանք, որ ոչ ոք և ոչինչ ի վիճակի չէ լիարժեքորեն փոխարինել ընտանիքին և, ընդհանրապես, ընտանիքի նկատմամբ ցանկացած՝ պետական, տեղեկատվական, մշակութային, սոցիալական և այլ, քաղաքականություն պետք է կառուցել առկա ընտանիքին օգնելու, այլ ոչ թե ինչ-որ կերպ փոխարինելու տրամաբանության վրա: Ընտանիքի՝ իբրև անհատի ձևավորման, դաստիարակության և կրթման մի քանի ելակետային տարվա կարևորությունն անտեսող հասարակությունը ստիպված է լինելու տասնամյակներով առնչվել այդ բացթողման հետևանքների հետ՝ կորցնելով շնորհալի սերունդներ և ավելացնելով հիվանդանոցների, կալանավայրերի և օրինապահների քանակը:

Ընտանիքի՝ իբրև սիրո և հարգանքի միջավայրի կերպարը անհրաժեշտ է ամրագրել  տեղեկատվական դաշտում և մշակութային կյանքում, հաղորդակցել ԶԼՄ-ների, կինոնկարների, ուսումնական ծրագրերի, դասագրքերի, սոցիալական գովազդի և այլի միջոցով: Սոցիալական և առողջական անբարենպաստ հանգամանքների բացակայության պարագայում բազմազավակ ու պարկեշտ ընտանիքը պետք է հանրության կողմից ընդունվի իբրև հաջողության և բարեպաշտության նշան, հանրային հարգանքի առհավատչյա:

Ինչևէ, ձևով և բովանդակությամբ իր առաքելությանը համապատասխանող ընտանիքը առողջ հասարակության և ամուր պետության հիմնասյուն է, իսկ օտարության մեջ՝ ազգայինը պահպանող միջավայր:

Եվ այսպես, ո՞րն է ընտանիքի առաքելությունը մարդու և ազգի կյանքում.

2.1.1 Մարդկության հարատևության ապահովում, որով և սրբագործվում է ընտանիքը:

Ընտանիքի միջոցով է անհատը դառնում արարչագործության համամասնակից՝ ծնունդ տալով նոր մարդկանց, ապահովում իր գենի շարունակականությունը, կյանքի կոչելով Տիրոջ պատգամը մարդուն(15), դրանով իսկ ապահովում իր տեսակի (ազգի) հարատևությունը: Այս առումով ընտանիքի կարևորության մասին խոսույթը անհատի մեջ մանկուց ձևավորում է մշտական պատասխանատվության գիտակցում և հանուն ընտանիքի գործելու պատրաստակամություն: Հավելենք, որ միայն լրակազմ դասական՝ հայր և մայր ունեցող ընտանիքը կարող է հանդիսանալ դեմոգրաֆիկական աճ ապահովող օղակ: Բազմազավակության հնարավորությունը մեծանում է, եթե ընտանիքում կան նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ տատիկ և պապիկ: Ոչ ամբողջական ընտանիքները՝ միայն մայր կամ հայր ունեցող, հասկանալի պատճառներով, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բնույթի, գրեթե անկարող են ապահովել դեմոգրաֆիկական աճ և երեխաների լիարժեք մանկություն: Իսկ այսպես կոչված «Child-free» և «միասեռական ընտանիքները», բնականաբար, երեխա չեն ունենում, իսկ վերջիններիս կողմից դաստիարակված երեխաները, ամենայն հավանականությամբ, նույնպես գնալու են իրենց «որդեգրած» ընտանիքների հետքերով:

2.2.2 Ընտանիքը ավանդական միջավայրում անհատականության ձևավորման առաջնային օղակն է, որն առավել արդյունավետ է լրակազմ՝ ավանդական (ավագ սերունդը ներառող) և բազմազավակ ընտանիքների դեպքում: Ընտանիքում է անհատը սովորում սիրել, հարգել մեծերին, ընտելանալ (նաև՝ սերունդների) ներդաշնակ համակեցությանը, լինել հոգատար և պատասխանատու: Այս առումով ընտանիքն իբրև մատաղ սերնդի դաստիարակության միջավայր տարբերվում է մարդու հանրային-սոցիալական համակեցության և համագործակցության այլ ձևաչափերից մրցակցության, հետևաբար՝ ինքնահաստատման, սեփական տեղը գտնելու և այլն, անհրաժեշտության բացակայությամբ: Ընտանիքում ձևավորված և ավանդույթի ուժով գործող հիերարխիկ հարաբերությունները չեն ենթադրում ներքին «պայքար» հեղինակության և ազդեցության համար այլ կերպ, քան սիրո և պատասխանատվության աստիճանի բնականոն բարձրացումն է:

2.2.3. Ընտանիքի դերն անփոխարինելի է՝ իբրև անհատին հանրության մեջ ինտեգրող օղակ: Ընտանիքում է անհատը ձևավորում հաղորդակցվելու և հարաբերություններ կառուցելու ունակություններ, ծանոթանում արժեքներին և ձևավորում սեփական անհատականության արժեհամակարգային հիմքերը, ստանձնում իր սոցիալական առաջին դերակատարումը, ծանոթանում իշխանություն երևույթին՝ ընտանիքում հոր (պապու) դերի միջոցով, ձևավորում սովորելու և ուսանելու հմտություն, սկսում ինքնակրթվելու ուղին: Այս առումով ընտանիքի յուրահատկությունն այն է, որ այստեղ անհատի ուսման գործընթացը կառուցվում է չվիճարկվող սիրո վրա, ինչը հեշտացնում է ուսումնառությունն ու ճիշտ ընկալում ձևավորում քննադատության և սեփական սխալների նկատմամբ: Այստեղ է ձևավորվում անհատի պատկերացումն իր՝ ի ծնե ստացված և չվիճարկվող կարգավիճակի՝ որպես զավակ, քույր/եղբայր, թոռնիկ և այլն, իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:

Հասարակության մեջ ընտանիքն այն յուրահատուկ կամուրջն է, որը բարեկամական կապեր է ձևավորում նաև մինչ այդ արյունակցական կապեր և ընդհանուր շահեր չունեցած անհատների, ընտանիքների և գերդաստանների միջև, ուրվագծում ընդհանուր շահեր և ծրագրեր: Նախկինում ամուսնություններով՝ «ամուսնական դիվանագիտության» միջոցով կարգավորվում էին հարաբերությունները վերնախավերի և, անգամ, պետությունների միջև:

Ի սկզբանե հայկական միջավայրում ընտանիքից և ընտանեկան հարաբերություններից են պատճենվում այդ ձևաչափից դուրս մարդկանց հարաբերությունների և կարգավիճակների պատկերները (patterns)՝ «եղբայր»՝ ընկերոջ դեպքում, «եղբայրություն»՝ միաբանությունների և ընկերական միջավայրի դեպքում, «հայրիկ/մայրիկ» տարեց մարդկանց նկատմամբ, «հորաքույր/հորեղբայր»՝ ընկերների ծնողների պարագայում, «ընտանիք»՝ կայացած կոլեկտիվի մասին և այլն:

Այն ինչ անընդունելի և դատապարտելի է ընտանիքում, անընդունելի է նաև հասարակության, ազգի և պետության մեջ: Ընտանիքից արտահանվող արժեքներն ու բարքերն են ձևավորում ընդհանուր մթնոլորտը հասարակության մեջ:

2.3 Հասարակություն, Ազգ

Մենք դիտարկում ենք «հասարակությունն» իբրև «անհատ–ընտանիք» շղթայի հաջորդ օղակը, ընտանիքից և ընտանեկան միջավայրից դուրս մարդկանց, նրանց խմբերի և հարաբերությունների միջավայր, որտեղ շարունակվում է անհատի կայացումն ու սկիզբ առնում ինքնարտահայտման գործընթացը: Ի տարբերություն ընտանիքի՝ հասարակությունը միջավայր է, որտեղ անհատը պետք է գործի դնի իր՝ ընտանիքում ստացած համակեցության և սեփական տեղը գտնելու ունակությունները:

Հասարակության (հանրության)՝ իբրև գերմրցակցային միջավայրի ընկալումն է, որ մեզանում ձևավորում է վերաբերմունքը «հավաքական մենք»-ի և «ընդհանուրի» նկատմամբ: Մեծ տեղ տալով ինդիվիդուալիզմին և առաջնորդվելով անձնակենտրոն տեսլականներով մատաղ սերնդի դաստիարակության հարցում ՝ շատ դեպքերում նրանց մոտ երկրորդական պլան ենք մղում մեծ հանրությունների մեջ համակեցության, դրանից համագործակցության անցնելու հաղորդակցային հմտություններն ու ունակությունները: Պատճառներն, ըստ էության, գալիս են համակեցության մշակույթի պակասից՝ փոքր բնակավայրերում և հոծ համայնքներում ապրելու պատմական փորձից:

Դա է պատճառը, որ մեծանալով՝ փորձում ենք մեր շուրջը վերարտադրել ընտանիքից եկող «պատճեները»՝ հասկանալի և հարմարավետ (կոմֆորտային) մի շրջապատ՝ «իմ-շուրջը-պատ», որից դուրս ապրում ենք «վերապրելու» սոցիալ-դարվինիստական տեսությանը բնորոշ տրամաբանությամբ: Անհատին «հասանելիք» հասարակության բաժինը՝ «շրջապատ–հասարակությունը» տարածական է և գրեթե դուրս չի գալիս իր առօրյայի և գործունեության աշխարհագրական սահմաններից: Իր հիմքում ունենալով անհատի ընտանիքը՝ այն լայնանում է շերտ-առ-շերտ՝ ներառելով, ըստ կյանքի փուլերի, իր ընկերներին, բակն ու հարևանությունը, դպրոցը, բուհն ու աշխատանքային միջավայրը, ավարտվելով իր փոքր աշխարհի արտաքին պատով: Դրական լիցքերի՝ արյունակցական կապերի, ընդհանուր անցած ուղու, մարդկային շփումների և համակրանքի, ծանոթության և «օգտակար» և «գործնական» կապերի հիման վրա ձևավորված այդ համակարգը հակադրվում է այն «խորթ» աշխարհին, որն ընկած է դրանից դուրս և որը կարող է բնակեցված լինել թե՛ հայերով, և թե՛ օտարներով: «Արտաքին աշխարհից» մարդկանց և գաղափարների մուտքը կարող է տեղի ունենալ վստահելի անձանց «միջնորդությամբ», և այդ վստահելիների կարծիքը «օտարի» մասին՝ լինի նա ատաղձագործ, թե պատգամավորության թեկնածու, ուղղորդող, իսկ երբեմն նաև՝ որոշիչ:

Եվ այս փակ (կամ՝ կիսափակ) համակարգն, ըստ էության, կյանքի կազմակերպման «համայնքային ձևաչափն» է, որով շարունակում ենք ապրել ոչ միայն Սփյուռքում, այլև ՀՀ-ում՝ գյուղական համայնքների, փոքր քաղաքների, իսկ մեծ քաղաքներում՝ թաղամասերի ձևաչափով: Իր համեստ չափերով և պահպանողականությամբ այն խոչընդոտ է ժամանակակից տարբեր հովերի՝ անհատի կյանք թափանցելու դեմ:  Մինչդեռ ազգը, բնականաբար, ավելի ընդգրկուն հասկացություն է՝ ներառելով յուրաքանչյուրի «հասարակությունն» ընդամենն իբրև փոքր մի մասնիկ, այն դուրս և վեր է անհատի էմպիրիկ ճանաչողության շրջանակից: Եվ խոսքն ամենևին ազգի քաղաքական չափումների մասին չէ. դրա հիմքում ծագման, պատմության, լեզվի, հայրենիքի, հավատքի և ավանդույթների, կրթության և մշակույթի ընդհանրության կոլեկտիվ գիտակցումն ու արժևորումն է: Մեր արմատները Հայկ Նահապետից բխեցնելով՝ ավելացնենք նաև նրա առաքելությունը՝ Հայկի ուղին:

Մեր օրերում անհատի կապն իր ազգի հետ չի կարող հիմնվել «սպառողական հոգեբանության» վրա (այս պահին ազգն, ըստ էության, ինքնօգնության կարիք ունի), և ոչ էլ կարող է պարտադրվել՝ մնալով յուրաքանչյուր անհատի ազատ կամքի տիրույթում: Սրանով է նաև ազգային ինքնությունը տարբերվում քաղաքացիությունից, որը կանոնակարգվում է օրենքներով և տարբեր գործիքակազմերով: Պահանջել մարդուց, որ նա «լավ հայ» լինի, նույնն է, ինչ պարտադրել, որ նա «բարի քրիստոնյա» լինի՝ մի որոշում, որին չի բռնանում Տերն ինքը: Ուստի անհատի որոշման մեջ է բանաձևել իր առնչության ձևն ու բովանդակությունը մի հանրության հետ, որն անցել է դժվարին ուղի, այժմ էլ առերեսվում է բազմաթիվ վտանգների հետ և որին դեռ դժվարին օրեր են սպասում: Եվ, այդուհանդերձ, այդ ամենը մեր ինքնության մի մասն է, որից հնարավոր չէ հրաժարվել և, ինչպես ասված է՝ «Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի»(16): Իսկ նա, ով չի կիսում դժվարությունները, երևի թե բաժին չի հայցելու նաև վաղվա հաղթանակներում։

Ազգը (ազգային միջավայրը) առավել է քան զուտ հասարակությունը նաև իր՝ ինքնության հարատևման ձևաչափ լինելով: Արյունակցական առումով՝ տարբեր թելերով իրար միահյուսված ընտանիք-գերդաստանների ամբողջականություն լինելով՝ այն կոչված է ապահովելու իր զավակների հարատևման և արարման շարունակականությունը հարազատ միջավայրում, սակրալ ճշմարտությունների ներքո և առաքելության գիտակցությամբ՝ լինի դա սեփական պետության սահմաններում, թե դրանից դուրս` ազգային պետության առկայության և թե բացակայության պայմաններում:

Ազգայինն ունի զգայական ճանանաչողության մեծ և անհատական ինքնության հետ միահյուսված խորը շերտ. այն սկիզբ է առնում մանկությունից եկող հուշերից, լեզվից և ընտանիքից, հիշողության մեջ դաջված հարազատ մարդկանց կերպարներից, փոքր Հայրենիքի վառ արևից, կապույտ երկնքից և զմրուխտյա բնությունից, թոնրի լավաշի և պատարագի խնկի բույրից, ընկերներից, դպրոցից, առաջին սիրուց: Շարունակվում է հասունության տարիների փնտրտուքներով, անձնական կայացման ուղիով, նվաճումներով և կորուստներով, համեմվում ազգային հումորով, ամրագրվում ազգաճանաչումով և ստեղծված սեփական ընտանիքով, փոքր Հայրենիքը մեծ Հայրենիքի մեջ բացահայտելով, աշխարհն ու մարդկանց ճանաչելով: Տարիների հետ այն ամրապնդվում է գիտակցումով, որ Հայրենիքը սոսկ պարգև չէ, այլ նվաճում, սերունդների արյան և զրկանքների արգասիք և յուրաքանչյուր անհատի անձնական պատասխանատվության «մեծ շրջանակ»: Այն նշմարելի է դառնում նյութեղենի և հոգևորի, ժամանակի և տարածության, տեսանելիի և անտեսանելիի մեջ: Մի օր էլ պարզում ես, որ ազգայինը ոչ միայն անցյալն է կամ ներկան, այլև ապագան: Հասկանում ես, որ ազգայինն իր ողջ մեծությամբ հանդերձ ընդամենը տնկի է, որը դեռ պիտի աճի: Պիտի աճի իր հողի վրա, իր ողջ ներուժով, անվտանգ և անկաշկանդ:

Ազգայինը անհատի ինքնության մի մասն է, նրա «ես»-ի ենթագիտակցական շերտերից սկիզբ առնող ակունք, և շատ կարևոր է, որպեսզի այն չցամաքի քո իսկ ինքնության գիտակցականի տիրույթում:

Ազգի և ազգայինի կարևորումը անհատի կյանքում տուրք չէ ձևապաշտությանը և ոչ էլ նորօրյա կռապաշտություն, այն հնարավոր չէ ներմուծել անհատի և հասարակության կյանք ազգային համարվող ձևերի մակերեսային վերարտադրությամբ, քանզի ձևերի պատճենումը չի ծնում համապատասխան բովանդակություն:

Մեր ուղին` ազգային կյանքին վերաբերող հղկված ձևի և խորքային բովանդակության ներդաշնակեցումն է: Իրական, խորքային արժեքներից հեռացող, դրանք զարգացնելու փոխարեն արտաքին ավանդականությանը տուրք տվող հասարակությունը խրախուսում է ձևականությունը, ծնում հիասթափություն և, ի վերջո, դառնում համակեցության կեղծ և խորթ իդեալների հանգրվան, որտեղ սերն ու հարգանքը վերածվում են ամենաթողության և այլասերված հանդուրժողականության (տոլերանտության): Արդյունքում՝ ազգն, իբրև արժեքների շուրջ համախմբված անհատների ամբողջականություն, հեռանում է իր հավաքական ինքնությունից:

Դա առավել վտանգավոր է արդի աշխարհում, ուր ընթանում են հավաքական ինքնության վերանայմանն ուղղված գործընթացներ՝ ազգայինից դեպի գլոբալիստականը: Դրանց հեղինակները ենթադրում են, որ ազգերը պետք է «հաղթահարեն» իրենց տարբերություններն ու առանձնահատկությունները՝ հրաժարվելով «բաժանարար սահմաններից» և անցում կատարելով ինքնության հաջորդ աստիճան՝ մի կողմ թողնելով ազգայինն իբրև անցյալի վերապրուկ: Ըստ այդ տեսակետի՝ ազգայինի կարևորումը «անտեսում» է համամարդկայինը, «սահմանափակում» մարդկանց մտահորիզոնը՝ դրանով իսկ առաջ մղելով կեղծ եզրակացություն, թե ազգայինի պահպանումը հակասում է համամարդկայինին: Ըստ այդ տեսակետը կիսողների՝ նոր աշխարհում մարդկանց հավաքական ինքնությունը կարող է ձևավորվել, օրինակ, ընդհանուր նախասիրությունների շուրջ՝ բուսակերություն, բնապահպանություն, սպորտ և այլն:

Այս, ինչպես նաև ազգային ինքնության կորստի դրսևորումները, հասկանալի պատճառներով, ավելի ուժեղ են Հայրենիքից դուրս, որտեղ ազգային միջավայր են ապահովում Հայկական սփյուռքն ու համայնքները: Ազգայինի տեսանկյունից Սփյուռքը՝ ազգային պետության քաղաքացիություն չունեցող մարդկանց ամբողջությունն է անկախ այդ մարդկանց բնակության վայրից, իսկ հայկական համայնքը` սեփական պետությունից դուրս ազգային կյանքի ձևաչափ(17)՝ անկախ իր անդամների քաղաքացիությունից:

Հայաբովանդակ Սփյուռքը ՀՀ-ից դուրս ազգային գենոֆոնդի, ինքնության, լեզվի (բարբառների), ինքնատիպության և պատմական հիշողության պահպանման գրավականն է: Երկարաժամկետ առումով այն միջանկյալ կարգավիճակ է. առօրյա կյանքում ազգային առանցքի թուլացման պարագայում այն, բազմաթիվ ներկայացուցիչներ կորցնելով՝ այժմ կանգնած է ուծացման վտանգի առջև, ուստի հայկական համայնքների հետ աշխատանքում մարտավարությունը այդ շրջանակներում հայրենաճանաչության ապահովումն ու հայապահպանությունն է, իսկ ռազմավարությունը՝ երկքաղաքացիության ընդունումն ու հայրենադարձությունը:

Հայության համար այս ծանրագույն շրջանում պետք է առողջ հանդգնություն դրսևորենք նաև կյանքի և հանգամանքների բերումով ազգայինից հեռացված և հեռացածներին հետ բերելու ուղղությամբ: Ինչպես ասվել է՝ ազգի հետ սեփական հարաբերությունները բանաձևելու հարցը անհատին ազատ ընտրությանը թողնելով՝ հայ ազգն՝ ի դեմս իր ազգային և պետական ինստիտուտների, պետք է հնարավորություններ ստեղծի նրանց՝ սեփական արմատների և պատմության հետ ծանոթանալու, ազգային ինքնության հետ առերեսվելու համար: Դա առավել կարևոր է այն դեպքում, երբ ազգի ներկայացուցիչների մեծամասնությունը, ըստ որոշ հաշվարկների՝ շուրջ 1/3-ը, ապրում է ազգային, կրոնական և մշակութային միջավայրից դուրս: Խնդրի կարևորությունը հատուկ ուշադրություն է պահանջում հայ ազգից, եկեղեցուց և պետությունից:

Մեծ և կարևոր ծրագրերի հավակնելուց առաջ պետք է փորձենք առօրյայում առաջնորդվել նաև այն իրողության գիտակցումով, որ բոլորս ջարդեր և Ցեղասպանություն վերապրած, գերությունից և ստրկությունից իր զավակներին ոսկով հետ գնած, որբանոցներում մեծացած տասնյակ հազարավոր մանուկների ձեռամբ կերտված ազգի ներկայացուցիչներ ենք, տառապանքներով անցած սերունդների՝ իրենց զավակների հարատևության մասին երազանքների մարմնավորում: Նույն փիլիսոփայությունից է բխում նաև վերաբերմունքը մեր կործանումը որոնողների նկատմամբ. մարդատյացներն ու հայատյացները, բնականաբար, չեն կարող արժանանալ հարգալից վերաբերմունքի, քանզի նրանք արդեն իսկ սեփական կամքով հրաժարվել են իրենց մեջ Աստծո կերպից:

Հասկանալի ջերմությամբ համակվելով սեփական ազգի նկատմամբ՝ չենք կարող չհարգել այլոց: Ի սկզբանե, Աստծո կերպարն իր վրա կրող յուրաքանչյուր մարդու հանդեպ վերաբերմունքի բանաձևը քրիստոնեական սերն է ու հարգանքը: Նման վերաբերմունքը մեզ հարիր է նաև իբրև մի ազգի, որն իր դժվարին օրերին տեսել է տարբեր ազգերի և առանձին անձանց աջակցությունն ու հոգատարությունը, հյուրընկալվել տարբեր երկրներում և հնարավորություն ստացել կայանալու դրանց կյանքի տարբեր ոլորտներում: Ասվածից է բխում նաև մեր վերաբերմունքը մեր հասարակության մասը կազմող և հայության հետ բոլոր տեսակի դժվարություններով անցած ազգային փոքրամասնություններին: Նրանց բոլորի համար կեցության, ինքնաիրացման և ազգային ինքնության պահպանման պատշաճ պայմաններ ստեղծելով հանդերձ՝ Հայաստանը, ինչպես և անցյալում, պետք է հատուկ առաքելություն ստանձնի հատկապես սեփական պետականություն չունեցողների՝ եզդի և ասորի ժողովուրդների հանդեպ՝ տարածաշրջանում նրանց մշակույթի և ինքնության պահպանության ու զարգացման կղզի դառնալով:

Միայն կառչելով իր արժեքներին և համախմբվելով հայությունը կկարողանա ստանձնել իր կարևորագույն առաքելությունը սպասվող փորձություններում: Ինչպես մարդկությունն ազգերի բաժանումով փրկվեց առաջին Բաբելոնի ճիրաններից, այդպես էլ իր ազգային արժեքները պահպանելով պիտի փրկվի վերջինից(18) և հավատարիմ իր հավատամքին՝ պիտի մերժի մարդկության վերջին բռնակալին, ով գալու է իրեն Աստված հռչակելու:

(Շարունակելի)

(1) Հայկի անունն արտացոլված է մ.թ.ա. XVI–XIII դդ. խեթական աղբյուրներում՝ Հայկական բարձրավանդակում հիշատակվող Հայաս(ս)ա-Ազզի պետական կազմավորման անվան մեջ։ Հայասա բառում սա–ն հոգնակիակերտ վերջածանց է, իսկ ազզի/ազի բառը հայերենի բարբառներում այսօր էլ նշանակում է ազգ։ Հետևաբար՝ Հայասա–Ազզի՝ Հայերի ազգ, Հայկի ազգ։ Հ-Ա-ին վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. XIII դ. վերջին` ինչը համընկնում է խեթական պետության անկման շրջանի հետ։ Վերելք ապրող Ասորեստանը նույն շրջանում Հայասա–Ազիի տարածքը անվանում է Ուրարտու (Արարատ) կամ Նաիրի։

(2) Ըստ Ղևոնդ Ալիշանի հաշվարկների՝ խոսքը մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ի մասին է:

(3) Հայկի և Բելի պատերազմին անդրադարձել են Սեբեոսը՝ «Պատմություն», Թովմա Արծրունին՝ «Պատմություն Արծրունյաց տան», Հովհաննես Դրասխանակերտցին՝ «Հայոց պատմություն», Ուխտանեսը՝ «Հայոց պատմություն», Սամվել Անեցին՝ «Ժամանակագրություն», Վարդան Այգեկցին՝ «Աղվեսագիրք», Վարդան Արևելցին՝ «Տիեզերական պատմություն», Մխիթար Այրիվանեցին՝ «Հայոց պատմություն», Իսահակ Երեցը՝ «Ժամանակագրություն», Ներսես Պալիենցը՝ «Հայոց իշխանների ու թագավորների պատմություն», Դավիթ Բաղիշեցին՝ «Ժամանակագրություն», Անանուն Լիվոռնացին՝ «Ժամանակագրություն» գործերում, և այլոք: Պատերազմին անդրադարձել են նաև վրացական միջնադարյան պատմիչները, որոնք նշում են նաև, որ Հայկը՝ Գայոսը՝ Թորգոմի 7 որդիներից ավագը, ամենաուժեղն ու երևելին էր: Վրացիների նախահայր Քարտլոսը Թորգոմի 2-րդ որդին էր: Տես. «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտի Մրովելի («Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը», Լեոն Մելիքսեթ-Բեկ); «Վրաստանի պատմությունը», Դավիթ Բագրատունի:

(4) Որն, ըստ հայ և վրաց պատմիչների, նաև վրաց և կովկասյան ժողովուրդների առաջնորդների հայրն էր:

(5) «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Հովհ. 14.6-7):

(6) https://www.aniarc.am/2018/03/08/movses-khorenaci-voghby/

(7) Տես Nick Bostrom, A History of Transhumanist Thought, Faculty of Philosophy, Oxford University, Journal of Evolution and Technology. Vol. 14, April 2005, http://jetpress.org/volume14/freitas.html (ներբեռնման օրը՝ 21.09.2024).

(8) «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի» (Ղուկ. 9.25):

(9) «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս”. չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք» (Մրկ. 12.31

(10) «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն» (Մատթ. 7.6):

(11) «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

(12) «Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս» (Մատթ. 12.37):

(13) Վերջին շրջանում մեզանում տեղի ունեցած բացասական փոփոխությունների խորությունը  հասկանալու համար կարելի է համեմատել համացանցի օտարերկրյա և հայկական հատվածի բառամթերքը սոցիալական հարթակներում, ԶԼՄ-ների էջերում և այլուր: Պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե հիշենք, որ առնվազն մեկուկես հազարամյակի գրավոր խոսքի մշակույթ ունեցող ազգ ենք:

(14) «Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդ. 1.27

(15) «Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան…» (Ծննդ. 1.28):

(16) Մատթ. 24.13:

(17) Բնականաբար, ցանկացած ազգի հարատևման համար լավագույն աշխարհագրական միջավայրը հայրենի եզերքն է, իսկ ինքնակազմակերպման լավագույն ձևաչափը՝ սեփական, ազգային պետությունը:

(18) Հովհ. 7.9-14