Սեղմագիր

Հոդվածը շարունակում է միջուկային զենքին նվիրված ուսումնասիրությունների շարքը։ Երկրորդ մասում դիտարկվում է Հայկական ԽՍՀ-ում 80-ականների վերջին տակտիկական միջուկային զենքի առկայության, մեզանում մինչ օրս չլուսաբանված հարցը։ Սահմանվում են «1994 թ. Մեծ սակարկություն» և ԽՍՀՄ միջուկային ժառանգության հետ կապված միութենական հանրապետությունների «փոխանակման ռազմավարություններ» հասկացությունները: Դիտարկվում է ՌԽՖՍՀ/ՌԴ «փոխանակման ռազմավարության» օրինակը։

ЯДЕРНОЕ ОРУЖИЕ И РЕГИОН.
ЧАСТЬ 2. «БОЛЬШОЙ ТОРГ 1994 Г.» И «ОБМЕННЫЕ СТРАТЕГИИ»
Марджанян А. А.

Аннотация

Статья продалжает тему ядерного оружия, его значения в деле формирования постсоветской архитектуры и влиянию на современные процессы. Впервые на армянском языке рассмотрены данные о наличии тактического ядерного оружия на территории Арм ССР в конце 80-х годов прошлого века. Вводятся понятия «Большой Торг 1994 г.» и «Обменные стратегии» – стратегии союзных республик по обмену ядерного наследства СССР. Рассмотрен пример «обменной стратегии» РСФСР/РФ.

NUCLEAR WEAPON AND THE REGION.
PART. 2. «Grand Bargain of 1994» and «Exchange Strategies»
Marjanian A. H.

Summary

The article continues the topic of nuclear weapons, their impact on formation of post-Soviet architecture. For the first time in Armenian, the issue of tactical nuclear weapons on the territory of the Armenian SSR in the late 1980s is considered. The concepts of «Grand Bargain of 1994» and «Exchange Strategies» – strategies of the Soviet Republics on exchange of their share of USSR’s nuclear heritage – are introduced. The «Exchange Strategy» of the RSFSR/RF is considered.

Արա Հ. Մարջանյան(1)(2)

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ
Մաս 2. «1994 թ. Մեծ սակարկությունը»
և «Փոխանակման ռազմավարությունները»

Հոդվածը շարունակում է տակտիկական միջուկային զենքին (ՏՄԶ) նվիրված մեր ուսումնասիրությունների շարքը։ Առաջին մասում [1] սահմանել էինք որոշ հիմնարար հասկացություններ, դիտարկել մեր տարածաշրջանում ԱՄՆ/ՆԱՏՕ և ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ-ի խնդիրը ու դրան առնչվող մանրամասներ։ Երկրորդ մասում, ավարտելով 3-րդ՝ «ԽՍՀՄ փլուզումը և Անդրկովկասում ՏՄԶ-ի ճակատագիրը» գլուխը, կդիտարկենք 80-ականների վերջին Հայկական ԽՍՀ տարածքում տակտիկական միջուկային զենքի առկայության, մեզանում մինչ օրս չլուսաբանված, հարցը։ Կսահմանենք «1994 թ. Մեծ սակարկություն» հասկացությունը, կնկարագրենք ԽՍՀՄ միջուկային ժառանգության «փոխանակման ռազմավարությունը»` ՌԴ օրինակով։

3.2. Հայաստանը և տակտիկական միջուկային զենքը

«Երկրորդ. ԱՄՆ-ը ճանաչում է նաև Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի անկախությունը։ Սրանք պետություններ են, որոնք հատուկ պարտավորություններ են ստանձնել մեր առջև (made specific commitments to us): Մենք շատ արագ դիվանագիտական հարաբերությունները կհաստատենք այս երկրների հետ: Մենք կաջակցենք ՄԱԿ-ին դրանց անդամակցմանը, նրանց՝ որոնք դեռ [ՄԱԿ] անդամ չեն»:

ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագ, 1991 թ. դեկտեմբերի 26, [2](3)

Այս խոսքերը վերցրել ենք ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Մ. Գորբաչովի հրաժարականի առիթով ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագի «ԽՍՀՄ վերջը» 1990 թ. դեկտեմբերի 26-ի երեկոյան ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձից, որն ամբողջությամբ տպագրվեց «The New York Times» թերթում [2]: Ս. Սարգսյանը ԱՄՆ–ՀՀ հարաբերություններին նվիրված իր հոդվածում [27], այս պարբերությունը վերագրում է «Սուրբ Ծննդյան տոնի առիթով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի Ամանորյա ուղերձին»: Դա, իհարկե, սխալ է, բայց դա դեռ ոչինչ: Ավելի վատ է, որ այս պարբերությունը նա բերում է հետևյալ կերպ. «ԱՄՆ-ն ճանաչում է Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անկախությունը։ Բոլոր այս պետությունները հստակ հանձնառություններ են ստանձնել: Մենք շատ արագ…»: Իսկ սա արդեն ոչ համարժեք, եթե չասենք՝ ապակողմնորոշող, թարգմանություն է:

Բանն այն է, որ Բուշ ավագի այս խոսքերը չափազանց կարևոր էին ոչ միայն նրա համար, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության մոտալուտ միջազգային ճանաչման խոստումն էին, այլ, առաջին հերթին, իրենց բովանդակությամբ ու ֆորմալ կառուցվածքով։

Իսկապես, նախ բնագրից [2] հետևում է, որ դրանք «հանձնառություններ» չէին, այլ «պարտավորություններ», այն էլ՝ «հատուկ պարտավորություններ»: Եվ հետո, նշված երկրները այս պարտավորությունները ստանձնել էին ոչ թե վերացական կերպով, այլ՝ «մեր առջև»: Ասել է թե՝ ԱՄՆ-ի նախագահի, ժողովրդի և ընդհանրական «Արևմուտքի» առջև: Այստեղ միանգամից հարցեր են առաջանում: Ի՞նչ «հատուկ պարտավորությունների» մասին է խոսքը։ Ո՞վ, ե՞րբ և ի՞նչու է դրանք ստանձնել: Սա երկրների ի՞նչ տարօրինակ խումբ է՝ «Ուկրաինա, Հայաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան», թվարկման հենց այս հաջորդականությամբ, և այլն: Բոլոր այս հարցերը ոչ միայն մնացին անպատասխան [27]-ում և նմանատիպ տասնյակ այլ հոդվածներում: Անցած տասնամյակներում դրանք նույնիսկ չէին էլ բարձրացվել, չէին գիտակցվել որպես հարցեր, որոնք կարոտ են պատասխանի: Ինչը և գոյացրել է անորոշության ապակողմնորոշող այն քողը, որն այդքան բնորոշ է մեր վերլուծական ու քաղաքական խոսույթին [1]:

Ստորև կփորձենք ուրվագծել այդ հարցերի պատասխանները, բայց մինչ այդ նշենք ևս մի հանգամանք․ ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի այս ուղերձում, իրականում կա երեք հստակ պարբերություն, բարեբախտաբար թվագրված հենց Բուշ ավագի կողմից: Երկրորդ պարբերության մասին արդեն խոսեցինք(4): Առաջինը բերվում է ստորև և վերաբերում է Ռուսաստանին, դրան կանդրադառնանք քիչ անց: Իսկ Բուշ ավագի ուղերձի երրորդ պարբերությունը կբերենք հոդվածի՝ Ադրբեջանին նվիրված մասում:

Պատասխանների փնտրտուքը սկսենք հիմնարար կարևորության մեկ այլ հարցից. Քանի՞ միավոր ՏՄԶ-ի լիցք էր տեղակայված նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մինչ 1988 թ.-ը, այսինքն, մինչև ԽՍՀՄ մոտալուտ փլուզումը ազդարարող «անցողիկ պրոցեսների» մեկնարկը։

Մասնագիտական գրականության մանրակրկիտ զննությունը ցույց է տալիս, որ այս հարցում մեծամասամբ վկայակոչվում է 1999 թ. Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա) հրատարակված «Тактическое ядерное оружие в Европе» աշխատությունը [3]։ Ըստ դրա, ուշ 80-ականներին նախկին ԽՍՀՄ 18 հազար միավոր բոլոր տիպերի ՏՄԶ-ի լիցքերի բաշխվածությունն ըստ միութենական հանրապետությունների հետևյալն էր՝ ՌԽՖՍՀ(5) տարածքում պահեստավորված, տեղակայված և/կամ ծավալված էր 12320 միավոր ՏՄԶ-ի լիցք, Ուկրաինայում՝ 2345 միավոր, Բելառուսում՝ 1180, Ղազախստանում՝ 330, Լիտվայում՝ 325, Վրաստանում՝ 320, Էստոնիայում՝ 270, Հայաստանում՝ 200, Լատվիայում՝ 185, Թուրքմենստանում՝ 125, Ուզբեկստանում՝ 105, Մոլդովայում՝ 90, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ղրղզստանում՝ 75-ական միավոր ՏՄԶ-ի լիցք, [3, էջ 8]։ Սրանք ուշագրավ տվյալներ են ինքնին, իսկ Հայաստանի մասով՝ անակնկալ և/կամ հիմնովին մոռացված։ Մոռացված այն աստիճան, որ այժմ դրանց հիշատակումը անգամ «սենսացիոն» երանգ է ստանում։ Կարծում ենք, այստեղ անհրաժեշտ են որոշ պարզաբանումներ։

Նախ, [3] աշխատության հեղինակները այս գնահատականները վերագրում են երկու այլ աղբյուրի՝ Վ. Բելոուսի 1996 թ. հրապարակմանը [4] և BITS(6) 1998 թ. հաշվետվությանը [5]։ Սակայն, դժվար չէ համոզվել, որ նմանատիպ գնահատականներ, կամ դրա հետ կապված որևէ դատողություն [5]-ում բացակայում են։ Հակառակը, բերված գնահատականները ուղղակիորեն նշված են Վ. Բելոուսի 1996 թ. հոդվածում [4], հետևաբար՝ դրանք սկզբնաղբյուր են [3]-ի համար։ Իր հերթին, Վ. Բելոուսը դրանք վերագրում է իբր «80-ականների վերջին հրապարակված ամերիկյան «Newsweek» ամսագրին», որի համարը և հրապարակման ամսաթիվը այդպես էլ «մոռանում» է նշել։ Նկատի առնելով այսօրինակ լուրջ հարցի առնչությամբ այսպիսի լուրջ հեղինակի այսպիսի անորոշ հղումը, կարելի է ենթադրել, որ ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ՀՏՄՀ ԱՀԻ(7) առաջատար գիտաշխատող, ԽՍՀՄ ՊՆ 12-րդ Գլխավոր վարչության(8) նախկին աշխատակից, պահեստազորի գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Բելոուսը պարզապես իր վրայից «գցում է» այս աստիճան զգայուն տվյալների հրապարակման պատասխանատվությունը(9):

Այնուհետև, ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ-ի լիցքերի ընդհանուր թվի գնահատմանը նվիրված է ծավալուն մասնագիտական գրականություն, որտեղ կարելի է գտնել որքան որ բազմաթիվ, նույնքան էլ իրարից տարբերվող գնահատականներ(10): Էականորեն ավելի քիչ են այն աշխատությունները, որտեղ դիտարկվում է ըստ միութենական հանրապետությունների դրանց բաշխվածությունը։ Տարբեր մայրցամաքներում կատարված այս մոտ մեկ տասնյակ հեղինակավոր աշխատությունների ճնշող մեծամասնության համար Վ. Բելոուսի 1996 թ. [4] հրապարակումը միակ սկզբնաղբյուրն է։ Այսպիսի իրողությունը, ինչպես նաև շրջանառության մեջ դրված այլ՝ վերոհիշյալ հեղինակի նյութից [4] տարբերվող, տվյալների բացակայությունը վկայում է, որ Վ. Բելոուսի 1996 թ. գնահատականները ընդունված են փորձագիտական ամենալայն կոնսենսուսով։ Հասկանալի է, որ սա վերաբերում է նաև ուշ 80-ականներին Հայկական ԽՍՀ-ում 200 միավոր ՏՄԶ-ի լիցքերի առկայությանը:

Վերջապես, հաշվի առնելով ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ-ի զինանոցի լիցքերի տեսակների և կազմի մասին տեղեկությունները (տե՛ս, օրինակ, [7, էջ 17]), նկատի ունենալով ՀԽՍՀ տարածքում տեղակայված 7-րդ գվարդիական բանակի կառուցվածքը և մի շարք այլ հանգամանքներ, կարելի է եզրակացնել, որ.

  • 80-ականների վերջին Հայկական ԽՍՀ տարածքում պահեստավորված, տեղակայված կամ ծավալված էր 200 միավոր ՏՄԶ-ի ատոմային և ջերմամիջուկային լիցք, որոնք գտնվում էին ԽՍՀՄ ՊՆ 12-րդ ԳՎ վերահսկողության տակ;
  • դրանք իրենցից ներկայացնում էին. ազատ անկման ավիացիոն ռումբեր, օդ-մակերևույթ հրթիռների, մակերևույթ-մակերևույթ տակտիկական և օպերատիվ-տակտիկական բալիստիկ հրթիռների, ինչպես նաև՝ ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի զենիթային և հակահրթիռների մարտագլխիկներ, 152 մմ և ավելի տրամաչափի միջուկային հրետանային արկեր և, հավանաբար, միջուկային ականներ (տես [1]):

Սա շոշափելի զինանոց էր, անգամ այսօրվա չափանիշներով։ Իր հզորությամբ այն միանգամայն համադրելի է մերօրյա Իսրայելի կամ Պակիստանի միջուկային զինանոցների հետ (տես շարքի հաջորդ մասերում)։ Իսկ 20-րդ դարի 80-ականներին այն 15 միավորով ավելին էր, քան Լատվիայի, մոտ 2 անգամ ավելին, քան Թուրքմենստանի, Ուզբեկստանի կամ Մոլդովայի, և համարյա 3 անգամ ավելին, քան Ադրբեջանի, Տաջիկստանի կամ Ղրղզստանի միջուկային զինանոցները:

4. Մեծ սակարկություն

4.1. «Հատուկ պարտավորություններ»

ԽՍՀՄ փլուզման նախօրեին միութենական հանրապետություններում գտնվող ռազմավարական և տակտիկական միջուկային զենքերի ու դրանց լիցքերի տեղափոխումը ՌԽՖՍՀ/ՌԴ ազգային տարածք, ԽՍՀՄ փլուզման ամենակարևոր ուժային բաղադրիչն էր, որոշակի իմաստով՝ այս փլուզման խորհրդանիշը, 1988–1996 թթ.-ին Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային ողջ տարածքում ծավալվող գործընթացների ռազմաքաղաքական հենքը։ Այն, թե ինչպես տեղի ունեցավ այս տեղափոխումը, տարհանումը՝ եթե կուզեք, ինչ միջադեպեր և խոչընդոտներ առաջացան դրա իրականացման ընթացքում, ինչ պայմանավորվածություններ և գործարքներ կնքվեցին դրա հետ կապված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, ԱՄՆ-ի, «Արևմուտքի» և այլ ուժային կենտրոնների միջև, մեծապես, եթե չասենք՝ որոշիչ կերպով, ձևավորեցին նորանկախ պետությունների կայացումը, դրանց պատմական և (աշխարհա)քաղաքական հետագիծը հետ-խորհրդային տարածքում։ Հենց միջուկային զենքի ՌԴ տարածք տարհանման հետ կապված պարտավորությունները առաջին հերթին նկատի ուներ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագը, խոսելով «մեր առջև ստանձնված հատուկ պարտավորությունների» մասին իր 1991 թ. դեկտեմբեր 26-ի «ԽՍՀՄ վերջը» ուղերձում:

Հարցը, թե ո՞վ և ե՞րբ էր ստանձնել այս «հատուկ պարտավորությունները», մասնավորապես՝ Հայաստանից, կքննարկենք հետո, իսկ այժմ նշենք, որ միջուկային զենքով այս «հատուկ պարտավորությունների» բովանդակությունը չի սպառվում։ Այստեղ առկա էին ևս երկու կարևոր բաղադրիչ։ Առաջինը նավթն էր։

Այսօր, նայելով հետ դեպի 1990–1991 թթ., ԽՍՀՄ փլուզման տեկտոնական նշանակության երևույթի ֆոնին դժվար է նշմարել այդ նույն ժամանակ զուգահեռաբար ընթացող այլ կարևոր զարգացումներ։ Մինչդեռ դրանք կային ու շոշափելի նշանակություն ունեին գլոբալ, և էական՝ մեր տարածաշրջանի մակարդակներում։ Նկատի ունենք Իրաքի ներխուժումը Քուվեյթ (1990 թ․ օգոստոսի 2) և «Ծոցի առաջին պատերազմը» (1991 թ. հունվար – փետրվար)։ Նախօրեին ստեղծված իրավիճակը լավագույնս նկարագրում է Դ․ Երգինը իր հիմնարար աշխատությունում․ «1990 թ․ սկզբին աշխարհը էյֆորիայի մեջ էր։ Իսկապես, 1989-ը իսկական «հրաշքների տարի» էր․ Ավարտվեց «Սառը պատերազմը», քանդվեց դրա խորհրդանիշը՝ Բեռլինի պատը, վերջ տրվեց Արևելք–Արևմուտք դիմակայությանը, դադարեցին գոյություն ունենալ Արևելյան Եվրոպայի կոմունիստական ռեժիմները: Խորհրդային Միությունը խորը վերափոխման մեջ էր, ընթանում էին քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։ Միևնույն ժամանակ պայթյունային վերելք էր ապրում երկար ժամանակ ճնշված ազգայնականությունը։ ․․․Նավթը առատ էր, էժան ու հասանելի։ Թվում էր, թե երկարաժամկետ հեռանկարում նավթի մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի լինի։ 1990 թ. գարնանը ԱՄՆ-ի Սենատի լսումներում հայտարարվեց, որ առաջիկա տարիներին նավթի մատակարարման խոշոր խափանումների հավանականությունը ցածր է: Իսկ որոշ վերլուծաբաններ հայտարարեցին, որ հաջորդ տասնամյակում նավթային ճգնաժամն անհնար է [10, Գլ. 37]»։

Եվ ահա 1990 թ․ օգոստոսի 2-ին հարյուր հազարանոց իրաքյան բանակը ներխուժեց Քուվեյթ, սպառնալով վերահսկողության տակ առնել նավթի արդյունահանվող պաշարների ավելի քան 20%-ը: 1990 թ․ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև (իրականում՝ վերջնագիր) ընդունեց, որով Իրաքին 15 օր տրամադրվեց մինչև 1991 թ. հունվարի 15-ը՝ Քուվեյթից զորքերը դուրս բերելու համար։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ․ Բեյքերը 1991 թ․ հունվարի 9-ին Ժնևում հանդիպեց Իրաքի ԱԳՆ Թ․ Ազիզի հետ՝ պատերազմը կանխելու վերջին առաջարկով(11)։

1991 թ․ հունվարի 17-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերը առաջին հարվածը հասցրին Իրաքին, սկսվեց Ծոցի առաջին պատերազմը։ Համաշխարհային շուկան հանկարծակի կորցրեց մոտ 4 մլն բարել նավթ օրական։ Աշխարհը բախվեց նավթային և էներգետիկ նոր, 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո թվով 6-րդ ճգնաժամին(12)։ Հիշեցնելով 1970-ականների էներգետիկ ճգնաժամերը այն, սակայն, հանդիսանում էր նոր՝ «գլոբալացման» փուլի էներգետիկ ճգնաժամ (մանրամասների համար տե՛ս [11, Գլ. 3])(13)։

Այսպիսով, 1991 թ.-ից ԱՄՆ-ի և «Արևմուտքի» համար նավթը (արդյունահանում, տեղափոխում) վերադարձավ աշխարհաքաղաքականություն ու մեծ ռազմավարություն (grand strategy)։ Արևմուտքը դժկամությամբ գիտակցեց, որ 1991 թ. սկզբի դրությամբ մոլորակի հում նավթի հետախուզված պաշարների 2/3-ը գտնվում էր Մերձավոր Արևելքում։ Մյուս կողմից, հետխորհրդային նորանկախ որոշ պետությունների (ՌԴ, Ղազախստան, Ադրբեջան) առավել ճկուն ու հեռատես վերնախավերը նավթը (պաշարներ, արդյունահանում, տեղափոխում) ընկալեցին թե՛ որպես ռազմավարական նշանակության գործոն՝ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում, թե՛ սեփական իշխանության ու քաղաքական ազդեցության ամրապնդման միջոց և թե՛ որպես «կենտրոնի» վերահսկողությունից դուրս արագ հարստացման ու ինքնուրույն քաղաքական վարքի դրսևորման հնարավորություն։ Սա իրավացի էր նաև «կենտրոնը» ներառող ՌԽՖՍՀ/ՌԴ-ի համար(14)։

Առաջիկա տասնամյակում Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող նավթի պաշարները ու դեպի Արևմուտք դրա հուսալի տեղափոխման ուղիները անխուսափելիորեն դառնալու էին, և դարձան, Արևմուտքի կիրառական աշխարհաքաղաքականության մաս։ Փլուզվող ԽՍՀՄ ֆոնին առաջին պլան եկան Ղազախստանի, Ադրբեջանի և, ընդհանրապես, Կասպիցի ավազանի ու Կենտրոնական Ասիայի ածխաջրածնային պաշարների, դրանց արդյունահանման կազմակերպման և դեպի Արևմուտք դրանց տեղափոխման ուղիների ապահովման հարցերը։ Այս առումով նորանկախ հանրապետություններից ԱՄՆ-ն և Արևմուտքը նույնպես պահանջեցին և ստացան «հատուկ պարտավորություններ»։

Առաջին հերթին, դա վերաբերում էր ԱՄՆ-ի, Արևմուտքի, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ «Սև ծով – Հարավային Կովկաս(15) – Կասպից ծով – Կենտրոնական Ասիա» կոնգլոմերատ տարածաշրջանի ձևավորման 1989–1997 թթ. ծրագրին: ԱՄՆ-ը ԿՀԳ OTI և SEIB բաժինների(16) ուշ 90-ականների գաղտնազերծված հաշվետվություններում այն կրում էր «Tier» խորագիրը(17): Այս ծրագրի աշխարհատնտեսական նպատակն էր Արևմտյան ներդրումների միջոցով.

  • օժանդակել «Կենտրոնի» ու Ռուսաստանի վերահսկողությունից դուրս Ադրբեջանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետությունների նավթի և գազի պաշարների արդյունահանմանը,
  • ապահովել դեպի Արևմուտք նավթի ու գազի տեղափոխման ուղիները, որոնք կգտնվեին ՌԴ տարածքից ու ազդեցությունից դուրս:

Այս ծրագրի իրականացումը տևեց մոտ 2 տասնամյակ՝ 90-ականներից մինչև 2000-ականներ՝ մեծապես ազդելով Հարավային Կովկասում ու «Լեռնային Ղարաբաղի շուրջ» ծավալվող զարգացումների վրա: Այսօր «Tier» ծրագրի հիմնադրույթները հստակ նշմարելի են նաև ԱՄՆ-ի «Ռենդ» (Rand) կորպորացիայի 2019 թ․ «Ճկել Ռուսաստանը» ռազմավարությունում [14, 15] և ՌԴ շուրջ ներկայումս ընթացող գործընթացներում։

Մինչև Բուշ ավագի ուղերձի «Հատուկ պարտավորություններ» արտահայտության 3-րդ բաղադրիչին անդրադառնալը կատարենք ևս երկու դիտարկում։ Առաջինը վերաբերվում է նավթի (կամ ավելի լայն՝ էներգետիկային) և միջուկային զենքի, երկրորդը՝ սահմանների անձեռնմխելիության և միջուկային զենքի միահյուսվածությանը:

Դեռ 2003 թ. մեր «Էներգետիկա և Աշխարհաքաղաքականություն» աշխատությունում [11, Գլ. 3] առիթ էինք ունեցել ձևակերպել արդի աշխարհաքաղաքականության երկու հիմնարար «աքսիոմներ»։ Առաջինը վերաբերում էր միջուկային զենքին, երկրորդը՝ նավթին, գազին և, ընդհանրապես, էներգետիկային։ Սահմանումները և մանրամասները կարելի գտնել հիշյալ աշխատությունում, իսկ այստեղ նշենք, որ 20 տարի առաջ մեր այս դիտարկումները ընդունվեցին որոշակի թերահավատությամբ։ Մինչդեռ միջուկային զենքի և նավթի այս յուրօրինակ միահյուսվածությունը նշմարելի էր արդեն Բուշ ավագի 1991 թ․ դեկտեմբերի 26-ի ուղերձում. Դե իսկ սկսած 2014-ից, այն արդեն ակնհայտորեն տեսանելի է մեր շուրջ ծավալվող ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսներում՝ տեղային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում։

4.2. Միջուկային զենքը և սահմանների ճանաչումը

Այսպիսի միահյուսվածությունը բնորոշ է նաև միջուկային զենքին և ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած նորանկախ հանրապետությունների պետական սահմանների վավերության ու փոխադարձ ճանաչման հարցին։ Լավագույն օրինակը 1991 թ․ դեկտեմբերի 21-ի «Ալմա-Աթայի հռչակագիրն»(18) է [16]՝ այսքան քննարկվող սույն տողերը գրելու ծանր ու ողբերգական օրերին։ Այն ընդունվել էր նախագահ Ն․ Նազարբաևի նախաձեռնությամբ, Ալմա-Աթայում նրա կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ և պսակում էր «Բելովեժյան համաձայնագրով»(19) (1991 թ․ դեկտեմբերի 8) հռչակված ԽՍՀՄ լուծարումը և ԱՊՀ-ի հիմնումը(20)։

Այսօր ամենևին ավելորդ չէ հիշեցնել, որ Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակային մասը առաջին հերթին վերաբերում էր «ռազմավարական նշանակության միջուկային ուժերի (военно-стратегические силы)(21) միասնական հրամանատարության պահպանմանը և միջուկային զենքի վրա միասնական հսկողության հաստատմանը»(22), այլ ոչ թե՝ «կողմերի տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների ճանաչմանն ու անձեռնմխելիության հարգմանը», ինչպես կարող է թվալ 2023 թ. սեպտեմբերյան այս ծանր օրերի բանավեճերից [17, 18]:

Սահմանների մասին խոսվում էր միայն Ալմա-Աթայի հռչակագրի ներածական մասում, որպես ընդհանուր ֆոն: Բոլոր դեպքերում հռչակագիրը չէր ենթադրում ու չէր էլ կարող ենթադրել սահմանների ճանաչման և դրանց անձեռնմխելիության հարգման ո՛չ կոնկրետ մեխանիզմների հիմնում, ո՛չ բուն ճանաչման գործընթաց, ո՛չ էլ՝ կիրառական նշանակության որևէ այլ բան։ Դրանք պարզապես ներածական դրույթներ էին՝ նախաբան, Ալմա-Աթայի հռչակագրի բուն բովանդակության համար, այն է՝ միջուկային ուժերի միասնական հրամանատարության պահպանում և միջուկային զենքի վրա միասնական հսկողության հաստատում:

Ի դեպ, Ալմա-Աթայի հռչակագրի ներածականում ընդգծվում է նաև «ինքնորոշման անօտարելի իրավունքը»(23), որի մասին այսօր նույնպես, կարծես թե, մոռանում են։

Ընդգծենք, որ բացի սլավոնական երեք հանրապետություններից, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել էին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները(24): Ադրբեջանը և Վրաստանը հռչակագրին պաշտոնապես միացան միայն 1993 թ․-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի և պառլամենտի նախագահ և Վրաստանի ղեկավար Է. Շևարդնաձեի կողմից, համապատասխանաբար՝ Բաքվում (1993 թ. սեպտեմբերի 24-ին) և Թբիլիսիում (1993 թ. դեկտեմբերի 9-ին) ստորագրված նամակների տեսքով:

Սա կարևոր ու հիշարժան նրբություն է, ցավոք մոռացված ու չմեկնաբանված։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Ա. Մութալիբովը 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում էր, և Ադրբեջանի անունից ստորագրել էր ոչ միայն Ալմա-Աթայի հռչակագիրը [16], 1991 թ. դեկտեմբերի 21-ի ԱՊՀ հիմնման մասին նիստի և ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների խորհրդակցության արձանագրությունները: Նա նաև ականատեսն էր (Նկ. 1) «Միջուկային զենքի հանդեպ համատեղ միջոցառումների մասին»(25) համաձայնագրի ՌԴ, Ղազախստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների կողմից ստորագրմանը [19], որի մասին կխոսենք քիչ անց:

Նկար 1. Ձախից՝ Ն․ Նազարբաևը և Ա․Մութալիբովը ստորագրում են
Ալմա-Աթայի հռչակագրի փաստաթղթերի փաթեթը, 1991 թ․ դեկտեմբերի 21։

Վերադառնանք, սակայն, ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի «ԽՍՀՄ վերջը» 1991 թ. դեկտեմբերի 26-ի ուղերձին և դրանում մատնանշված «մեր առջև ստանձնված հատուկ պարտավորություններին»:

Այո, միջուկային զենքը, մասնավորապես՝ ՏՄԶ-ն, և նավթը, մասնավորապես՝ ՌԴ-ն շրջանցող դեպի Արևմուտք դրա տեղափոխման ուղիները, այս «հատուկ պարտավորությունների» կարևորագույն երկու բաղադրիչներն էին, դրանց «ուղն ու ծուծը»: Բայց այստեղ կար նաև երրորդ բաղադրիչ:

Բանն այն է, որ «խաչակիր» հանրապետական նախագահ Ռ․ Ռեյգանի կուսակից, ԱՄՆ-ի ԿՀԳ նախկին ղեկավար (1976–1977 թթ.) և ԱՄՆ-ի 41-րդ նախագահ (1989–1993 թթ.) Բուշ ավագի համար գաղափարախոսությունը և սկզբունքները դեռ որոշակի արժեք ունեին: Ժողովրդավարությունը, ազատ ընտրությունների անցկացումը, բազմակուսակցականությունը և մարդու իրավունքները կազմում էին այս «հատուկ պարտավորությունների» երրորդ, այսպես ասած՝ «փափուկ ուժի» բաղադրիչը: Բայց, այս ամենը ստորադաս էր փլուզվող ԽՍՀՄ իրողություններում միջուկային զենքի նկատմամբ կենտրոնացված վերահսկման կորստի մղձավանջային վախի և ԱՄՆ ավանդական «գրանդ ստրատեգիայի» դրույթների տրամաբանության ու ԱՄՆ-ի ԿՀԳ «Tier» ծրագրի պահանջների նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում «փափուկ ուժի» այս բաղադրիչը հեշտությամբ կարող էր զիջվել, և զիջվեց 1993 թ.-ից ԱՄՆ-ում և աշխարհում հաստատված ռեալպոլիտիկի ժամանակներում։

Ավարտելով Բուշ ավագի ուղերձի «հատուկ պարտավորություններ» արտահայտության քննարկումն՝ ընդգծենք. մենք չենք պնդում, որ դրանք «ստանձնվել» էին հենց 1991 թ․ դեկտեմբերի 26-ին, արդեն իսկ մշակված մանրամասներով ու դրանց ողջ ծավալով։ Սակայն պնդում ենք այս «հատուկ պարտավորությունների» հենց այսպիսի բովանդակությունը, հիմնական բաղադրիչների հենց այսպիսի «եռամիասնական» կառուցվածքը։ Իրականում, դրանց մանրամասների հստակեցումը, վերջնական ձևակերպումներն ու «ստանձնումը» երկարատև ու խճողված գործընթաց էր: Այն տևեց գրեթե մեկ տասնամյակ՝ 1990-1997 թթ․ ու պահանջեց բարդ, երկկողմ ու բազմակողմ սակարկություններ, քննարկումներ, բանավոր խոստումներ ու գրավոր պայմանավորվածություններ։

4.3. Ի՞նչ է «1994 թ. Մեծ սակարկությունը»

Իր հուշերում Ղազախստանում 2001-2004 թթ. ԱՄՆ-ի դեսպան Լ. Նապերը (Larry C. Napper) «Մեծ սակարկություն» (Grand Bargain) էր անվանել Ղազախստանից ՌԽՖՍՀ/ՌԴ ազգային տարածք ռազմավարական միջուկային զենքի տարհանման 1990–1997 թթ.-ին տեղի ունեցող գործընթացը, դրա հետ կապված երկկողմ ու բազմակողմ սակարկությունների բազմաշերտ համակարգը, որը «պսակվեց» Բուդապեշտյան հուշագրերի ստորագրումով (տե՛ս հոդվածի հաջորդ մասում):

Լ. Նապերի խոսքերով, «Խնդիրը նրանում էր, որ անհրաժեշտ էր ապահովել Ղազախստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը այնպես, որ դրանք չպահանջեն ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի վավերացումը, ո՛չ էլ՝ պարտավորեցնեն ԱՄՆ-ին ռազմական ուժ կիրառել։ … Այո՛, սա իսկական «Մեծ սակարկություն» էր», եզրափակում է դեսպան Նապերը ([20], էջ 16-17):

Կարծում ենք, որ Լ. Նապերի այս դիպուկ սահմանումը, այնուամենայնիվ, ընդլայնման կարիք ունի։ Նախ, նա գտնվում էր Ղաախստանում և ի պաշտոնե զբաղված էր միայն Ղազախստանին առնչվող գործընթացներով: Այնինչ, ռազմավարական միջուկային զենքի տարհանման նմանատիպ և, նույնիսկ, ավելի բարդ ու խճողված, գործընթացներ էին ընթանում նաև Ուկրաինայում և Բելառուսում: Ուստի այս գործընթացները անպայման պետք է ներառվեն «Մեծ սակարկություն» հասկացության մեջ:

Այնուհետև, միութենական հանրապետություններից ռազմավարական նանակության միջուկային զենքի տարհանումը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև Ռազմավարական միջուկային զենքի կրճատման «START 1» պայմանագրի(26) կնքման և 1968 թ. Միջուկային զենքի չտարածման պայմանագրին(27) միութենական հանրապետությունների անդամակցման բարդ և ընդարձակ գործընթացների մասն էին կազմում: Ուստի, դրանք նույնպես պետք է ներառվեին «Մեծ սակարկության» մեջ:

Բացի այս, միութենական բոլոր հանրապետություններում ինչպես տեսանք վերը, տեղակայված էր տակտիկական նշանակության միջուկային զենք։ Դրա նկատմամբ վերահսկման կորուստը կարող էր տեղի ունենալ շատ ավելի հեշտ, քան ռազմավարականի պարագայում։ ՏՄԶ-ն կարող էր հայտնվել ահաբեկիչների և/կամ խռովարարների ձեռքում շատ ավելի դյուրին քան, օրինակ, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Իրականում, փլուզվող ԽՍՀՄ միջուկային զենքի վրա կենտրոնացված վերահսկման կորստի մղձավանջը ԱՄՆ-ում և Արևմուտքում պայմանավորված էր, առաջին հերթին, միութենական հանրապետություններում գտնվող ՏՄԶ-ով։

Ավելին, դա նաև «Կենտրոնի» մղձավանջն էր, հատկապես 80-ականների վերջից ծայր առած ազգայնական ու կենտրոնախույս ուժերի շեշտակի վերելքի պայմաններում։ Այնպես որ «Մեծ սակարկություն» հասկացության մեջ անհրաժեշտ է ներառել նաև միութենական հանրապետություններից ՏՄԶ-ի տարհանումը, դրա հետ կապված գործընթացներն ու պայմանավորվածությունները՝ սկսած «Նախագահների Միջուկային Նախաձեռնություններից» (PNIs), մինչև ՏՄԶ-ի շուրջ ձեռք բերված բանավոր, մինչ օրս՝ գաղտնի, պայմանավորվածությունները (ավելի մանրամասն տե՛ս [1]):

Հաջորդը, դեսպան Նապերի «Մեծ սակարկությունում» անհրաժեշտ է ներառել նաև Ղազախստանի և Ադրբեջանի նավթի ու գազի պաշարների արդյունահանման ու տեղափոխման հետ կապված ծրագրերն ու պայմանավորվածությունները։ Իսկապես, միջուկային զենքը, ինչ խոսք, ռազմավարական նշանակության գործոն է, սակայն և «վերջնական փաստարկ», որոշ իմաստով` միանգամյա օգտագործման միջոց։ Մինչդեռ նավթն ու գազը ամենօրյա օգտագործման միջոցներ են, անընդհատ գործող ռազմավարական ու տնտեսական նշանակության լածակներ, մանավանդ նավթա-էներգետիկ 6-րդ ճգնաժամի իրողություններում (տե՛ս վերը)։ Ուստի, այն անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեր հետխորհրդային կայուն ճարտարապետության ստեղծման ընթացքում, կազմելով «Մեծ սակարկության» կարևոր մաս։ Ոչ պակաս կարևոր, քան միջուկային զենքը։

Վերջապես, կարևոր նշանակություն ուներ նաև արևմտյան տեխնոլոգիաների փոխանցման խնդիրը Ադրբեջանին ու Կենտրոնական Ասիայի հանրապետություններ, առաջին հերթին՝ Ղազախստան։ Սկսած, նավթի ու գազի արդյունահանման, տեղափոխման ու մշակման ասպարեզներից, մինչև բանկային ու ֆինանսական համակարգ, կապ, հաշվողական տեխնիկա և արբանյակային տեխնոլոգիաներ։

Այսպիսով, «Մեծ սակարկության» տակ մենք կհասկանանք ռազմավարական ու տակտիկական միջուկային զենքին, նավթին ու գազին, ինչպես նաև՝ ներդրումների և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, ԱՄՆ-ի, Արևմուտքի և այլ ուժային կենտրոնների միջև 1989–1997 թթ. ընթացող բանակցությունների, գործարքների ու պայմանավորվածությունների բարդ համալիրը։ Այս սակարկությունների գագաթնակետը (բայց ոչ ավարտը) 1994 թվականն էր, երբ.

  • Տարվա սկզբին ԱՄՆ/ՆԱՏՕ և ՌԴ միջև համաձայնություն ձեռք բերվեց Թուրքիայում, «Ինջիրլիկ» բազայում տեղակայված B-61 ընտանիքի տակտիկական ջերմամիջուկային ռումբերի և դրանց կրիչների՝ F-16C/D երկակի օգտագործման կործանիչների (DCA, տես [1]) ֆիզիկական ու աշխարհագրական տարանջատման մասին։
  • Մարտի 30-ին հիմնվեց «Վասենարյան համաձայնագրի» կազմակերպությունը, «Սառը պատերազմի» դարաշրջանի հայտնի CОCОM-ի(28) ժառանգորդը։
  • Մայիսին կնքվեց Արցախում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությանը։
  • Սեպտեմբերին Բաքվում ստորագրվեց «դարի գործարքը», որը վիժեցրեց Կասպիցի միջազգային կարգավիճակը, «վավերացրեց» Կասպից ծովի նավթի խոշորագույն՝ «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» (ԱՉԳ) հանքավայրի բռնակցումը Ադրբեջանին։
  • Դեկտեմբերի 4-ին ստորագրվեցին Բուդապեշտյան հուշագրերը: Դրանց էությունն էր իրենց տարածքից ռազմավարական նշանակության միջուկային զենքի տարհանումն ու ՄԶՉՊ-ին ոչ-միջուկային տերությունների կարգավիճակով Ուկրաինայի, Ղազախստանի ու Բելառուսի անդամակցումը՝ ընդդեմ անվտանգության «երաշխիքների», արևմտյան ներդրումների և տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման։

Հենվելով դեսպան Նապերի դիպուկ սահմանման վրա, և հաշվի առնելով վերը թվարկված ընդլայնումները, «Մեծ սակարկություն» այս բարդ համալիրը այսուհետ պարզապես կանվանենք «1994 թ. Մեծ սակարկություն», չմոռանալով, որ իրական գործընթացները սկսվել էին շատ ավելի վաղ քան 1994 թ.-ը, և ավարտվել՝ 1994-ից տարիներ հետո:

5. «Փոխանակման ռազմավարություններ»

«1994 թ. Մեծ սակարկության» ընթացքում իրականացվեցին միութենական հանրապետությունների, այսպես կոչված, «փոխանակման ռազմավարությունները»։ Այն է՝ ԽՍՀՄ-ից ժառանգված միջուկային զենքի ու համապատասխան ենթակառուցվածքի փոխանակումը անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքների, նավթի և գազի արդյունահանման, դեպի Արևմուտք դրանց տեղափոխման համար անհրաժեշտ Արևմտյան ներդրումների ու տեխնոլոգիաների։

Միութենական հանրապետությունների «փոխանակման ռազմավարությունների» տիպաբանությունը հասկանալու համար նպատակահարմար է սկսել ԽՍՀՄ ռազմավարական նշանակության միջուկային ուժերի՝ կրիչների և լիցքերի, տարածքային բաշխվածությունից, Աղ. 1։

Աղյուսակ 1.

Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում(29) և Բելառուսում տեղակայված/ծավալված ռազմավարական միջուկային ուժերը,
1991 թ. վերջի դրությամբ

ՄՄԲՀ – միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, ՍԲՀ – սուզանավերի բալիստիկ հրթիռներ, ԾԲ – ծանր ռմբակոծիչներ: Աղբյուրը՝ [22]:

Ինչպես տեսնում ենք, այն առկա էր ՌԽՖՍՀ, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի տարածքներում, և 1991 թ. վերջի դրությամբ կազմում էր գումարային 2217 կրիչ և 9806 լիցք(30): Ընդ որում, ՌԽՖՍՀ-ում էր գտնվում դրանց ճնշող մեծամասնությունը՝ ռազմավարական կրիչների 80% և լիցքերի 70%-ը։ Ուկրաինայում էր գտնվում կրիչների 10%-ը և լիցքերի 16%-ը, Ղազախստանում՝ համապատասխանաբար՝ 6%-ը և 12%-ը, Բելառուսում՝ 4%-ը և 1%-ը։ Բացի ռազմավարական նշանակության միջուկային այս ուժերից, 80-ականների վերջին միութենական բոլոր հանրապետություններում էր գտնվում տակտիկական նշանակության միջուկային զենք (տե՛ս վերը):

Միջուկային ուժերի ահա այսպիսի տարածքային բաշխվածությունը նախանշեց ԽՍՀՄ նախկին հանրապետությունների երկու հիմնական խմբերի գոյացումը, յուրաքանչյուրը «փոխանակման ռազմավարությունների» իրենց ուրույն բովանդակությամբ ու քաղաքական հետագծով։ Առաջին խումբը և՛ ռազմավարական, և՛ տակտիկական նշանակության միջուկային զենքով երկրներն էին` Աղյուսակ 1-ի չորս երկրները: Երկրորդը՝ միութենական այն հանրապետություններն էին, որտեղ կար միայն ՏՄԶ։ Դիտարկումը սկսենք առաջին խմբից և այս խմբի առաջին համարից՝ Ռուսաստանից:

5.1. Ինչո՞ւ է ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ

«Առաջինը. ԱՄՆ-ն ճանաչում և ողջունում է ազատ, անկախ և ժողովրդավար Ռուսաստանի գոյացումը, որը ղեկավարում է քաջարի նախագահ Բ. Ելցինը: Մենք կաջակցենք Ռուսաստանին ՄԱԿ-ի ԱԽ-ում ԽՍՀՄ աթոռը զբաղեցնելու հարցում»:

ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշ ավագ, 1991 թ․ դեկտեմբերի 26, [2]:

«Այսօր, ավելի քան երբևէ, այժմեական են Պողոս Առաքյալի խոսքերը․ «Նրանք մեզ մահացած էին համարում, բայց տեսեք՝ մենք ողջ ենք»: Ազատության ոգին այսօր ծաղկում է Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում և Բալթյան երկրներում… Ամերիկացիները երբեք չեն աջակցի նրանց, ովքեր ձգտում են անկախության, որպեսզի հեռավոր բռնակալությունը փոխարինեն տեղականով: Մենք չենք օգնի նրանց, ովքեր ինքնասպան ազգայնականություն են քարոզում, հիմնված ազգամիջյան ատելության վրա»:

ԱՄՆնախագահ Ջ․ Բուշ ավագ: Ելույթ Ուկրաինական ԽՍՀ
Գերագույն խորհրդում, 1991 թ․ օգոստոսի 1, [8](31)

ԽՍՀՄ փլուզման իրողություններում ռուսաստանյան վերնախավի հիմնական խնդիրը կիրառական քաղաքականության տեսանկյունից տարածքային ամբողջականության և ղեկավարելիության պահպանումն էր, իսկ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում՝ ԽՍՀՄ քաղաքակրթական, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական ժառանգման երաշխավորումը։ «1994 թ. Մեծ սակարկությունը» Ռուսաստանի պարագայում առաջին հերթին նշանակում էր իր համար ամրագրել ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամ-երկրի կարգավիճակը, որպես ԽՍՀՄ ժառանգորդ։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր լիարժեք վերահսկողության տակ առնել ոչ միայն ԽՍՀՄ ռազմավարական նշանակության միջուկային ուժերը (Միջուկային տրիադը) և համապատասխան ենթակառուցվածքները, այլև, միգուցե և, առաջին հերթին, միութենական հանրապետություններում տեղակայված ՏՄԶ-ն։

Այս հարցում 1989–1991 թթ. ռուսաստանյան վերնախավն ուներ ԱՄՆ-ի և Արևմուտքի ամենալայն աջակցությունը։ Խոսուն է ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի 1991 թ. դեկտեմբերի 26-ի ուղերձի՝ Ռուսաստանին նվիրված պարբերությունը, որը և բերում ենք սույն ենթագլխի բնաբանում։ Ինչպես տեսնում ենք, 1991 թ. վերջին ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ էր ու աներկբա. «Մենք կաջակցենք Ռուսաստանին («և քաջարի նախագահ Բ. Ելցինին») ՄԱԿ-ի ԱԽ-ում ԽՍՀՄ աթոռը զբաղեցնելու հարցում»: ԱՄՆ-ի և Արևմուտքի այսպիսի հստակ դիրքորոշումը բխում էր ԽՍՀՄ միջուկային զենքի վրա կենտրոնացված վերահսկողության կորստի վախով, նորանկախ հանրապետական էլիտաների, «պայթյունային վերելք ապրող» ազգայնական ուժերի, իսլամիստ ահաբեկիչների, «Գլոբալ Հարավի» երկրների (Իրան, Իրաք, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա) և այլոց ձեռքերում խորհրդային ՏՄԶ-ի հայտնվելու սարսափով(32):

Վախն այնքան ուժեղ էր, որ ԱՄՆ-ն և «Արևմուտքը» վայրկյան անգամ չհապաղեցին մոռանալ իրենց երեկվա սիրելիին՝ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, նրա «perestroyka»-ն ու «glastnost»-ը, ԽՍՀՄ-ը պահպանելու նրա ջանքերը, և կանգնել Բ. Ելցինի կողքին: Այս առումով հատկանշական է Ուկրաինայի Գերագույն խորհրդում ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի 1991 թ. օգոստոսի 1-ի ելույթը, որից մի հատված նույնպես բերում ենք այս ենթագլխի բնաբանում(33): Դրանում Բուշ ավագը ԱՄՆ-ի (և «Արևմուտքի») լիակատար օժանդակությունը հայտնեց Մ. Գորբաչովին և ԽՍՀՄ պահպանման նրա ջանքերին, տողատակում խիստ նախազգուշացնելով միութենական հանրապետությունների, առաջին հերթին՝ Ուկրաինայի, ազգայնական ու կենրոնախույս ուժերին` դեպի Ռուսաստան միջուկային զենքի տարհանումը խոչընդոտելու, դրան դիմադրելու կապակցությամբ: Պատմության իսկական հեգնանքը այն է, որ Կիևում նախագահ Բուշ ավագի այս հիշարժան ելույթից 17 օր անց Մոսկվայում սկսվեց «ГКЧП»-ի խռովությունը(34): Արդյունքում, մինչև տարեվերջ, ոչ միայն հրաժարական տվեց Մ. Գորբաչովը, այլև դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը ինքնին:

ՄԱԿ-ի ԱԽ-ում ԽՍՀՄ աթոռը զբաղեցնելու հարցում ռուսաստանյան վերնախավը ուներ նաև միութենական հանրապետությունների աջակցությունը: Այսպես, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման շրջանակներում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի 1991 թ. դեկտեմբերի 21-ի արդեն հիշատակված նիստին որոշվեց, որ. «1. ԱՊՀ անդամ-երկրները օժանդակում են Ռուսաստանին, որպեսզի վերջինս շարունակի ԽՍՀՄ անդամակցությունը ՄԱԿ-ում, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամի կարգավիճակը; 2. Բելառուսը, ՌԽՖՍՀ-ն և Ուկրաինան կսատարեն ԱՊՀ մնացած անդամ-երկրներին ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում անդամակցելու հարցում» [19]:

Իրավական ու ժամանակագրական տեսանկյուններից Ռուսաստանի «փոխանակման ռազմավարությունը» մեզ այստեղ հետաքրքրող համատեքստում ուներ հետևյալ տեսքը:

1991 թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրվեց ԽՍՀՄ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական միջուկային զենքի կրճատման «START 1» պայմանագիրը (տե՛ս Ծանուցում 26): ԽՍՀՄ-ը լուծարվեց կես տարի անց՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ին սլավոնական միութենական հանրապետությունների Բելովեժյան համաձայնագրով:

13 օր անց, 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստորագրվեց «Միջուկային զենքի առնչությամբ համատեղ գործողությունների մասին» համաձայնագիրը: Ըստ դրա.

Հոդված 1-ի՝ «Միացյալ ռազմավարական ուժերի միջուկային զենքը ապահովում է ԱՊՀ անդամ բոլոր երկրների կոլեկտիվ անվտանգությունը»,

Հոդված 3-ի՝ «Սույն համաձայնագրի կողմերը միջուկային հարցերով քաղաքականությունը մշակում են համատեղ»,

Հոդված 4-ի՝ «Մինչ Բելառուսի և Ուկրաինայի տարածքներում միջուկային զենքի լիկվիդացիան, դրա կիրառման անհրաժեշտության մասին որոշումը ընդունվում է ՌԽՖՍՀ նախագահի որոշմամբ համաձայնեցված սույն Համաձայնագրի կողմեր հանդիսացող երկրների ղեկավարների հետ, և հիմնված նրանց հետ մշակված ընթացակարգերի վրա»,(35)

Հոդված 5-ի՝ «Բելառուսը և Ուկրաինան պարտավորվում են միանալ 1968 թ. Միջուկային զենքի չտարածման պայմանագրին՝ ոչ-միջուկային տերությունների կարգավիճակով, և համապատասխան համաձայնագրեր կնքել ԱԷՄԳ-ի(36) հետ»,

Հոդված 6-ի՝ «Մինչև 1992 թ. հուլիսի 1-ը Բելառուսը, Ուկրաինան և Ղազախստանը կապահովեն տակտիկական միջուկային զենքի տարհանումը ՌԽՖՍՀ կենտրոնական բազաներ՝ համատեղ վերահսկման պայմաններում դրանց ապամոնտաժման համար» [19]:

Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թ. դեկտեմբերի 21-ին կայացավ նաև ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների խորհրդակցությունը:
Ըստ այս խորհրդակցության արձանագրության՝ «ելնելով միասնական հրամանատարության ներքո միասնական ռազմա-ռազմավարական տարածքի պահպանման և միջուկային զենքի միասնական վերահսկողության մասին ԱՊՀ հիմնման մասին համաձայնագրի, և Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներից, կողմերը համաձայնության են եկել մինչ Զինված ուժերի բարեփոխումները, ԱՊՀ Զինված ուժերի հրամանատարությունը վստահել մարշալ Ե. Շապոշնիկովին» [19]:

Մասնագիտական կայքերից կարելի է տեղեկանալ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված 1991 թ. դեկտեմբերի 24-ով թվագրված իր նամակում ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինը տեղեկացնում էր, որ «Ռուսաստանը կշարունակի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ՄԱԿ-ի այլ մարմիններում ԽՍՀՄ գործունեությունը, ԱՊՀ անդամ 11 երկրների աջակցությամբ»:(37) Ժամանակագրական ու իրավական տեսանկյունից Բ. Ելցինը կարող էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այսպիսի բովանդակությամբ նամակ ուղարկել, հիմնվելով 2 օր առաջ՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի ու վերը բերված միջուկային զենքին առնչվող Համաձայնագրի վրա: Սակայն, Բ. Ելցինի 1991 թ. դեկտեմբերի 24-ով թվագրված նամակը հասանելի աղբյուրներում բացակայում է:(38)

1991 թ. դեկտեմբերի 25-ին, Մ. Գորբաչովը իր հրաժարականի արարողությունից (հեռուստաուղերձի տեսագրումից) հետո մարշալ Ե. Շապոշնիկովի միջնորդությամբ «միջուկային ճամպրուկը» փոխանցեց ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին [25, էջ 11]: Չնայած դրան, «ո՞ւմ մոտ է սովետների միջուկային ճամպրուկը» հարցը դեռ առնվազն մեկ տարի մնաց Արևմտյան մամուլի, տարատեսակ քննարկումների և ելույթների կիզակետում:

1991 թ. դեկտեմբերի 30-ին Մինսկում ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարները ստորագրեցին մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթեր, այդ թվում և «Ռազմավարական ուժերի մասին hամաձայնագիրը»: Ըստ դրա հոդված IV-ի՝ «միջուկային զենքի կիրառման անհրաժեշտության մասին որոշումը ընդունվում է ՌԴ նախագահի կողմից, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի նախագահների համաձայնեցմամբ և ԱՊՀ այլ անդամ-երկրների ղեկավարների հետ խորհրդակցությամբ: Մինչ միջուկային զենքի վերջնական ոչնչացումը Ուկրաինայում գտնվող միջուկային զենքը կգտնվի ԱՊՀ ռազմավարական ուժերի միասնական հրամանատարության տակ, մինչև 1994 թ. վերջը դրանք չօգտագործելու և ապամոնտաժելու նպատակով, ներառյալ ՏՄԶ-ն՝ մինչև 1992 թ. հուլիսի 1-ը»(39):

1992 թ. հունվարի 13-ի իր նոտայով ՌԴ ԱԳՆ-ն դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին տեղեկացրեց, որ «ՌԴ-ն շարունակում է իրականացնել ԽՍՀՄ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերից բխող իր իրավունքները ու կատարել իր պարտականությունները, իսկ ՌԴ կառավարությունը ԽՍՀՄ կառավարության փոխարեն կկատարի համապատասխան միջազգային պայմանագրերի պահնորդի գործառույթը»(40):

1992 թ. մարտի 16-ին Բ. Ելցինի հրամանագրով կազմավորվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, և Ելցինը դարձավ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: 1992 թ. մայիսի 19-ին այս պաշտոնում նշանակվեց Պ. Գրաչովը, ինչն էլ ավելի սրեց նորանշանակ նախարարի և ԱՊՀ Միացյալ զինված ուժերի հրամանատար Ե. Շապոշնիկովի մրցակցությունը: «1992 թ. աշնանը Բ. Ելցինի «միջուկային ճամպրուկը»(41) փոխանցվեց Պ. Գրաչովին, իսկ 1993 թ. գարնանը երկրորդ «միջուկային ճամպրուկը» վերցվեց Ե. Շապոշնիկովի ձեռքից: Այսպիսով միջուկային ռազմավարական տրիադի վրա իրական վերահսկումը շարունակեց մնալ բացառապես Մոսկվայի ձեռքերում, առանց Մինսկի, Կիևի և Ալմա-Աթայի որևէ մասնակցության» [26, էջ 27]:

1992 թ. մայիսի 23-ին Լիսաբոնում կայացավ «START 1» պայմանագրի լրացում հանդիսացող արձանագրության («Լիսաբոնյան արձանագրություն») ստորագրումը՝ ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: ՌԴ-ն վավերացրեց «START 1»-ը (СНВ-1) և Լիսաբոնյան արձանագրությունը 1992 թ. նոյեմբերի 4-ին: Այն ուժի մեջ մտավ 1994 թ. դեկտեմբերի 5-ին, Բուդապեշտյան հուշագրի ստորագրման հետ, երբ «START 1»-ին միացան նաև Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը՝ որպես ոչ միջուկային անդամ-երկրներ:

Վերջապես, «1992 թ. հուլիսի 6-ին ԱՊՀ 9 պետություններ (Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան) հաստատեցին, որ աջակցում են Ռուսաստանի մասնակցությանը ՄԶՉՊ-ին՝ որպես միջուկային զենք ունեցող երկիր և հայտարարեցին, որ պատրաստ են միանալ ՄԶՉՊ-ին որպես ոչ միջուկային անդամ-երկրներ» [25, c. 11]: Վերին աստիճան հատկանշական է երկրների այս ցանկում Ադրբեջանի և Վրաստանի բացակայությունը (տե՛ս հոդվածի հաջորդ մասում):

Այսպիսով, 1992 թ. ամռանը Ռուսաստանի Դաշնությունը դարձավ ԽՍՀՄ լիիրավ «միջուկային»իրավահաջորդը, երաշխավորելով ՄԱԿ-ի ԱԽ-ում իր մշտական անդամակցության ուժային բաղադրիչը, կատարելով ԱՄՆ-ի ու Արևմուտքի հանդեպ ստանձնած իր «հատուկ պարտավորությունների» ամենաէական մասը՝ ապահովել միջուկային ուժերի նկատմամբ կենտրոնացված վերահսկողություն:

Իրենց հերթին, ԱՄՆ-ը և «Արևմուտքը» աջակցեցին ՌԴ-ին դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԽՍՀՄ իրավահաջորդ՝ ամրագրված վետոյի իրավունքով, լռելյայն ընդունելով Երկրորդ համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական արդյունքները, որոշակիորեն աչք փակելով ծավալվող իրողությունների վրա: Այսպիսին էր «1994 թ. Մեծ սակարկության» հիմնական բովանդակությունը ՌԴ համար մեզ հետաքրքրող համատեքստում: Իր «փոխանակման ռազմավարության» շրջանակներում Ռուսաստանին հաջողվեց հասնել յուր ռազմավարական նպատակներին.

Լիարժեք վերահսկողության տակ առնել ԽՍՀՄ ռազմավարական ու տակտիկական միջուկային ուժերը,

Ստանձնել ՄԱԿ-ի ԱԽ-ում Խորհրդային Միության մշտական անդամի տեղը՝ վետոյի իրավունքով,

Պահպանել իր տարածքային ամբողջականությունը(42),

Սեփական տարածքում վերստեղծել ՌԴ-ից դուրս մնացած ԽՍՀՄ ռազմավարական ուժերի ենթակառուցվածքի տարրերը (միջուկային հարվածի վաղ նախազգուշացման համակարգ, տիեզերական տարածքի դիտարկման և զննման համակարգ և այլն)(43),

Երաշխավորել նավթագազային ոլորտի զարգացումը և եկամուտների ներհոսքը երկիր գալիք երեք տասնամյակների ընթացքում(44):

(Շարունակելի)

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը. Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ։ «Ա.Ռ.Վ.Ա.Կ.» վերլուծական կենտրոն։ 21 հունիս, 2023 թ.։ https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը/ (բեռնման օրը՝ 24.08.2023)։
  2. END OF THE SOVIET UNION: Text of President Bush’s Address to Nation on Gorbachev’s Resignation. 26, 1991. https://www.nytimes.com/1991/12/26/world/end-soviet-union-text-bush-s-address-nation-gorbachev-s-resignation.html (բեռնման օրը՝ 31.08.2023).
  3. Шевцов А.И., Ижак А.И., Гавриш А.В., Чумаков А.Н., Тактическое ядерное оружие в Европе: перспективы обеспечения стабильности․ Национальный институт стратегических исследований․Днепропетровский филиал․, Днепропетровск, 1999, 69 с.
  4. Белоус В., Тактическое оружие в новых геополитических условиях. Ядерный контроль. 1996. № 14, с. 2-7. Վերահրապարակված է 2000 թ-ին՝ http://eurasian-defence.ru/?q=node/23371 (բեռնման օրը՝ 23.08.2023).
  5. Butcher M., Nassauer O., Young S., Nuclear Futures: Western European Options for Nuclear Risk Reduction. BASIC/BITS Research Report 98.6. December 1998. https://basicint.org/wp-content/uploads/2018/06/PUB011298.pdf (բեռնման օրը՝ 08.2023).
  6. Arbman G., Thornton Ch., Russia’s Tactical Nuclear Weapons. Part I: Background and Policy Issues. Swedish Defence Research Agency. FOI-R-1057-SE, Stockholm. Nov 2003. https://www.foi.se/rest-api/report/FOI-R–1057–SE (բեռնման օրը՝ 23.08.2023).
  7. Arbman, G, Thornton, Ch., Russia’s Tactical Nuclear Weapons. Part II: Technical Issues and Policy Recommendations. Swedish Defence Research Agency․ FOI-R-1588-SE, Stockholm․ Feb 2005. https://www.foi.se/rest-api/report/FOI-R–1588–SE (բեռնման օրը՝ 23.08.2023).
  8. Remarks to the Supreme Soviet of the Republic of the Ukrainein Kiev, Soviet Union. 1991-08-01. George Bush Presidential Library & Museum. https://bush41library.tamu.edu/archives/public-papers/3267 (բեռնման օրը՝ 24.08.2023)
  9. Safire W., Putin’s «Chicken Kiev». The New York Times. Dec. 6, 2004․ https://www.nytimes.com/2004/12/06/opinion/putins-chicken-kiev.html (բեռնման օրը՝ 24.08.2023)
  10. Ергин Д., Добыча: Всемирная история борьбы за нефть, деньги и власть. Пер. с англ. М., «Альпина Паблишер», 2018. 944 с.
  11. Մարջանյան Ա. Հ., Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն։ «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ Դար», 1 (1), էջ 13֊55. https://cyberleninka.ru/article/n/ehnergetik%D0%B0-i-geopolitik%D0%B0-66 (բեռնման օրը՝ 11.09.2023)
  12. Пелевин В., Македонская критика французской мысли. Сб. «Диалектика Переходного Периода из Ниоткуда в Никуда. ДПП (NN)», «Эксмо», М. 2003.
  13. Марджанян А. А., Наше будущее глазами NIC․ «21-й ВЕК», № 3 (11), 2009․ 58с. https://cyberleninka.ru/article/n/nashe-buduschee-glazami-nic/viewer (բեռնման օրը՝ 24.08.2023).
  14. Extending Russia: Competing from Advantageous Ground. RAND Corporation, 2019. https://www.rand.org/content/dam/rand/pubs/research_reports/RR3000/RR3063/RAND_RR3063.pdf (բեռնման օրը՝ 12.04.2020)
  15. Overextending and Unbalancing Russia։ ASSESSING THE IMPACT OF COST-IMPOSING OPTIONS. RAND Brief, RIEF. 2019. https://www.rand.org/content/dam/rand/pubs/research_briefs/RB10000/RB10014/RAND_RB10014.pdf (բեռնման օրը՝ 12.04.2020).
  16. АЛМА-АТИНСКАЯ ДЕКЛАРАЦИЯ. Единый реестр правовых актов и других документов Содружества Независимых Государств․ http://cis.minsk.by/reestrv2/doc/4#text (բեռնման օրը՝ 14.09.2023).
  17. «Лавров уличил во лжи Армению из-зазаявлений, что Россия “отдала” Карабах Азербайджану»․ ИТАР ТАСС, 10 сентября, 2023. https://tass.ru/politika/18698637 (բեռնման օրը՝ 14.09.2023).
  18. «Ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր դաշնակիցները լուռ էին. Նիկոլ Փաշինյան»։ 13.09.2023․ https://news.am/arm/news/ 780540.html (բեռնման օրը՝ 14.09.2023)։
  19. Постановление ВС РФ от 12.12.1991 N 2014-1 “О ратификации Соглашения о создании Содружества Независимых Государств” (вместе с Соглашением от 08.12.1991 “О создании Содружества Независимых Государств”, Протоколом от 21.12.1991, “Соглашением о координационных институтах Содружества Независимых Государств”, “Протоколом совещания глав независимых государств”, решением Совета глав государств Содружества Независимых Государств от 21.12.1991, “Соглашением о совместных мерах в отношении ядерного оружия”, Алма-Атинской декларации). https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_30726/ (բեռնման օրը՝ 15.09.2023).
  20. Sholk D., The Denuclearization of Kazakhstan (1991–1995). INAF 912. April 30, 2013.
  21. Марджанян А.А., Дроны и Регион. Центр Орбели. 2020-06-02. https://orbeli.am/ru/post/460/2020-06-02/%D0%94%D1%80%D0%BE%D0%BD%D1%8B+%D0%B8+%D0%A0%D0%B5%D0%B3%D0%z8% D0%BE%D0%BD (բեռնման օրը՝ 11.09. 20 23).
  22. Бирюков Н.С., Рожденные атомной эрой: В 2 т. М.: Наука, 2007.
  23. Potter W. C., The Politics of Nuclear Renunciation: The Cases of Belarus, Kazakhstan and Ukraine. The Henry L. Stimson Center, Occasional Paper No. 22. April, 1995.
  24. Александрия О.М., ПРОБЛЕМА ЯДЕРНОГО НАСЛЕДСТВА СССР: К 20-летию подписания Лиссабонского протокола․ Вестн. Моск. ун-та. Сер. 25. Международные отношения и мировая политика. № 2012. https://cyberleninka.ru/article/n/problema-yadernogo-nasledstva-sssr-k-20-letiyu-podpisaniya-lissabonskogo-protokola (բեռնման օրը՝ 17.09.2023)
  25. Российское ядерное правопреемство: 30 лет спустя. Глав. Ред. В.А. Орлов. Индекс Безопасности, №13 (39). ПИР-Пресс. М., 2022. 48с.
  26. Орлов В.А., Тимербаев Р.М., Хлопков А.В., Проблемы ядерного нераспространения в российско-американских отношениях: История, возможности и перспективы дальнейшего взаимодействия. ПИР Центр. М., 2001. 329с.
  27. Սարգսյան Ս., Հայ-ամերիկյան հարաբերությունների ձևավորումը գաղտնազերծված փաստաթղթերում: Հայկական Քաղաքագիտական Հանդես. (2), 2018. Էջ 33-64. https://arjps.org/arjps-2-2018/ (բեռնման օրը՝ 31.08.2023):

(1) ՀՀ-ում ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), տ.գ.թ., ա.գ.ա.:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 25.09.2023 թ.:

(3) Այստեղ և ստորև թարգմանությունները մերն են – Ա.Մ.

(4) Ի դեպ, [27]-ում բերվում է միայն այս՝ 2-րդ, պարբերությունը, իսկ մնացածները դիտարկված չեն։ Դրա համար հեղինակը Բուշ ավագի ուղերձի այս պարբերությունից ստիպված հանել է «Երկրորդը» ու «նաև» բառերը, աղավաղելով այս կարևորագույն ուղերձին կառուցվածքը ու կորցնելով դրա իմաստը։

(5) Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (РСФСР)։

(6) British American Security Information Council and the Berlin Information-center for Transatlantic Security (BITS).

(7) Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտ (ИМЭМО РАН им. Е. М. Примакова)։

(8) ԽՍՀՄ ՊՆ 12-րդ Գլխավոր վարչություն (12-ое ГУ МО СССР) – Այն միջուկային զենքի և լիցքերի պահեստավորման, պահպանման ու ծավալման միակ պատասխանատուն էր [1]։

(9) Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի ՏՄԶ-ի մասին խոսելիս, դոկտոր Հ. Քրիստենսենը օգտագործում է «հավանաբար» զգուշավոր, իրավական հետևանքներ չառաջացնող, արտահայտությունը, [1, Ծանուցում 17]:

(10) 7.5 հազարից մինչև 31 հազար միավոր։ Այս գնահատականների ամենևին ոչ սպառիչ թվարկումը տե՛ս, օրինակ, [6, I-2.0․ Baseline Numerical Estimates, էջ 14-17]:

(11) Ռազմավարական վերլուծության և դիվանագիտական հոգեբանության արդի դասընթացներում 1991 թ. հունվարի 9-ի Ժնևյան հանդիպումը բերում են որպես դասական սխալի օրինակ, երբ զրուցակիցներից մեկը (Թ. Ազիզ), հիմնվելով սեփական մշակութային կոդի, վարքային ու հոգեբանական կանոնների վրա, սխալ մեկնաբանեց մյուսի (Ջ. Բեյքեր) պահվածքը, խոսքերը և վճռականությունը: Հետևանքները ճակատագրական էին և արյունոտ:

(12) Ուսանելի կլիներ այս 6 էներգետիկ ճգնաժամերի համեմատական վերլուծությունը Հայաստանի 6 էներգետիկ ճգնաժամերի հետ։

(13) Հանգամանք, որն միանգամայն վրիպել է [10] ֆունդամենտալ աշխատության հեղինակի ուշադրությունից, եթե չհաշվենք այս աշխատության անորոշ ու ապակողմնորոշող 38-րդ գլուխը։

(14) Դրա փայլուն օրինակն է ԽՍՀՄ նավթագազային արդյունաբերության նախկին (1990-1992 թթ.) փոխնախարար Վ. Ալեքպերովի՝ արդեն ՌԴ-ում գործող «Лукойл» խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը։ Վ. Պելևինի հանճարեղ վիպակի բառերով՝ Ալեքպերովը, «մեծ հաջողությամբ փոխարինեց իր կուսակցական ռենտան՝ նավթայինով» [12]։

(15) Այս եզրույթը շրջանառության մեջ մտավ հենց այդ ժամանակ, փոխարինելով «Անդրկովկաս»-ը:

(16) ԿՀԳ Անդրազգային հարցերի գրասենյակ (Central Intteligence Agency, Office of Transnational Issues – CIA OTI), Բարձրագույն գործադիր [իշխանության համար] հետախուզական ամփոփագիր – Senior Executive Intelligence Brief (SEIB).

(17) ԱՄՆ-ի ԿՀԳ «Tier» շարքի ուսումնասիրությունների մասին ավելի մանրամասն տե՛ս [13, էջ 14-21]:

(18) ԱՊՀ նպատակների և սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմա-Աթայի հռչակագիր՝ (Алматинская) Декларация о целях и принципах СНГ и его основах.

(19) ԽՍՀՄ լուծարման և «սլավոնական» ԱՊՀ հիմնման մասին համաձայնագիր (Соглашение о создании Содружества Независимых Государств):

(20) 2011 թ. իր հարցազրույցներից մեկում Ն. Նազարբաևը հեգնանքով հիշում էր, որ «…մեր սլավոն եղբայրները այնքան էին շտապում լուծարել ԽՍՀՄ-ը ու զրկել Գորբաչովին իր պաշտոնից, որ մոռացան Խորհրդային Միության մյուս, ոչ սլավոն, հանրապետությունների մասին։ Ստիպված եղանք հիշեցնել [մեր մասին]»։ Նազարբաևը ակնարկում էր «Բելովեժյան համաձայնագիրը» ստորագրած ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Բ. Ելցինին ու Լ. Կրավչուկին և Բելառուսի գերագույն խորհրդի նախագահ Ս. Շուշկևիչին։

(21) Ասել է թե՝ ռազմավարական նշանակության միջուկային ուժերին (ՌՄՈւ, СЯС)։

(22) «В целях обеспечения международной стратегической стабильности и безопасности будет сохранено объединенное командование военно-стратегическими силами и единый контроль над ядерным оружием», [16, констатационная часть]։

(23) «стремясь построить демократические правовые государства, отношения между которыми будут развиваться на основе взаимного признания и уважения государственного суверенитета и суверенного равенства, неотъемлемого права на самоопределение, ․․․признавая и уважая территориальную целостность друг друга и нерушимость существующих границ» [16, преамбула]։

(24) Բալթյան երկրները, հասկանալի է, չեն ստորագրել ոչ Բելովեժյան համաձայնագրերը, ոչ էլ Ալմա-Աթայի հռչակագիրը։ Թուրքմենստանը ԱՊՀ ասոցացված անդամ է։

(25) Соглашение о совместных мерах в отношении ядерного оружия. 21 декабря 1991 г.

(26) Ռազմավարական միջուկային զենքի կրճատման պայմանագիր («START 1» – Strategic Arms Reduction Treaty, ДСНВ). Կնքվել է 1991 թ. հուլիսի 31-ին, ուժի մեջ է մտել 1994 թ. դեկտեմբերի 4-ին, ուժը կորցրել է 2009 թ. դեկտեմբերի 5-ին, տեղը զիջելով 2011 թ. հունվարի 26-ին ուժի մեջ մտած START II ԱՄՆ/ՌԴ երկկողմ պայմանագրին։

(27) ՄԶՉՊ, ДНЯО, NPT, մանրամասների համար տես [1]:

(28) Coordinating Committee on Multilateral Export Controls, (КОКОМ). Գործում էր 1949-ից մինչև 1994 թ., տե՛ս [21]: Մի փոքր շեղվենք թեմայից հետևյալ դիտարկմամբ. դժվար է լոկ պատահականություն համարել Ստրուգացկի եղբայրների Մաքսիմ Կամեռերին նվիրված եռագրության «КОМКОН»-ի ֆոնետիկ (ու բովանդակային) նմանությունը КОКОМ-ին: Ի վերջո, ավագ Ստրուգացկին ռազմական թարգմանիչ էր և, ըստ որոշ տեղեկությունների, ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) սպա: Հիշեցնենք, որ Ստրուգացկի եղբայրների «Միջօրեի Աշխարհում», «КОМКОН»-ը ոչ միայն «Комиссия по контакту с иными цивилизациями»-ին էր, այլ նաև, «Комиссия по контролю за научными исследованиями»: Սա ասում ենք ընդգծելու համար երկու փաստ: Նախ, «Միջօրեի Աշխարհը» շարունակում է մնալ մերօրյա ՌԴ-ի միջին սերնդի համար երևի թե ամենաազդեցիկ տեսլականը: Այնուհետև, «Միջօրեի Աշխարհը» ներկայիս ՌԴ-Ուկրաինա հակամարտության երկու հակադիր կողմերում գործող ամենանշանավոր գաղափարախոսական գործիչների՝ Ա. Արեստովիչի և Ս. Պերեսլեգինի տեսական հենքն է:

(29) Աղ. 1-ում Ղազախստանում բերված է ընդհանուրը՝ 1220 լիցք, ըստ [23]-ի՝ 1410 միավոր։

(30) Այս գնահատականներին նվիրված է հարուստ մասնագիտական գրականություն, որի քննությունը միանգամայն դուրս է սույն հոդվածի շրջանակներից։ Մեր նպատակների համար բերված տվյալները միանգամայն բավարար են։ Նշենք միայն, որ ԱՄՆ-ԽՍՀՄ ռազմավարական միջուկային զենքի կրճատման «START 1» պայմանագրի 1992 թ. Լիսաբոնյան արձանագրության 20-ամյակին նվիրված հրապարակումը` հղում տալով [22]-ի վրա, դրանք բերում է անփույթ և սխալներով [24, էջ 146]։ Աղ. 1-ում, այս սխալները ուղղված են։

(31) Ու. Սաֆիրի դիպուկ որակմամբ, սա ԱՄՆ-ի նախագահ Բուշ ավագի հայտնի «Կուռկուռի ձագի կիևյան ճառը»-ն է («Chicken Kiev speech» [9]), տե՛ս ստորև։

(32) Գալիք տասնամյակների ընթացքում այս թեմաները կդառնան հարյուրավոր վերլուծական աշխատությունների մանտրան, ու տասնյակ հոլիվուդյան բլոքբաստըրների սիրելի սյուժեն:

(33) George Bush’s Remarks at the Supreme Soviet Building. «Chicken Kiev Speech» (August 1, 1991). https://www.youtube.com/watch?v=hgEB1GB8qAM, 10:20-15:45 և 16:31-17:00 րոպեներ,  (բեռնման օրը՝ 21.09.2023):

(34) Государственный комитет по чрезвычайному положению, ГКЧП․ Խռովությունը տևեց 1991 թ. օգոստոսի 18-ից 21-ը, որից հետո ГКЧП-ի անդամները ձերբակալվեցին: 1994 թ. փետրվարին նրանք համաներումով ազատ արձակվեցին («1994 թ. Մեծ սակարկության»տրամաբանության շրջանակներում):

(35) Հատկանշական է Հոդված 4-ի կողմերի ցանկում Ղազախստանի բացակայությունը:

(36) МАГАТЭ, IAEA. Հատկանշական է Հոդված 5-ի կողմերի ցանկում Ղազախստանի բացակայությունը (տես հոդվածի հաջորդ մասում՝ Ղազախստանի «փոխանակման ռազմավարությանը» նվիրված հատվածում):

(37) Տես, օրինակ. https://www.cisg.info/nota-mid-rf-1992.php (բեռնման օրը՝ 21.09.2023):

(38) Համապատասխան հարցումը բերում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված Բ. Ելցինի մի այլ նամակ, թվագրված 1991 թ. օգոստոսի 24-ով, ГКЧП-ի խռովարարների ձերբակալությունների գագաթնակետի օրով: Տես՝ https://www.cisg.info/dok/brief-rf2un.pdf  (բեռնման օրը՝ 21.09.2023):

(39) https://normativ.kontur.ru/document?moduleId=1&documentId=30819 (բեռնման օրը՝ 21.09.20 23):

(40) МИД РФ, «Дипломатический вестник», № 2–3 от 31 января – 15 февраля 1992, стр. 34.

(41) Այդ ժամանակ «միջուկային ճամպրուկը»` միջուկային ռազմավարական ուժերի ավտոմատացված ղեկավարման «Կազբեկ» համակարգի «Չեգետ» մոբիլ տերմինալն էր: Տես, օրինակ, Система «Казбек»: почему в СССР «ядерных чемоданчиков» было несколько. 26 ноября 2021. https://news.rambler.ru/weapon/47653489-sistema-kazbek-pochemu-v-sssr-yadernyh-chemodan chikov-bylo-neskolko/  (բեռնման օրը՝ 21.09.2023):

(42) Դրա համար դեռ պետք էր սկսել, ու ավարտել, Չեչենական երկու պատերազմ:

(43) Система предупреждения о ракетном нападении (СПРН), Система контроля космического пространства (СККП). Այս հսկայածավալ, սակայն ոչ այնքան տեսանելի գործընթացը տևեց մոտ երկու տասնամյակ ու ավարտվեց միայն 2010-ականների վերջին:

(44) Մինչև 2021 թ. դեկտեմբեր՝ Արևմուտքին ներկայացված իր վերջնագիրը և 2022 թ. փետրվար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկը։

Սկսեք մուտքագրել՝ Ձեր փնտրած գրառումները տեսնելու համար: